Ֆիննական Fennovoima ընկերությունը խզել է պայմանագիրը «Ռոսատոմի» հետ, «Ռոսատոմը» հիասթափված է
16:18 - 02 մայիսի, 2022

Ֆիննական Fennovoima ընկերությունը խզել է պայմանագիրը «Ռոսատոմի» հետ, «Ռոսատոմը» հիասթափված է

Ֆիննական Fennovoima ընկերությունն այսօր հայտնել է, որ խզել է պայմանագիրը «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի հետ, որի համաձայն՝ պետք է կառուցվեր «Հանհիկիվի-1» ատոմակայանը։ Ընկերությունը հայտնել է, որ այդ քայլին է դիմել RAOS Project-ի կողմից զգալի ուշացումների և «նախագիծն իրականացնելու նրա անընդունակության» պատճառով։ Ֆիննական ընկերությունը նշել է, որ իրավիճակը վատթացրել է պատերազմն Ուկրաինայում, որը սկսվել է այս տարվա փետրվարի 24-ին։

«Ռոսատոմը» հայտարարել է, որ հիասթափված է Fennovoima-ի որոշումից։ Նա կարծում է, որ այդ որոշման համար հիմքեր չեն եղել, կորպորացիան խոստացել է նաև «պաշտպանել իր իրավունքներն»՝ օրենսդրության համաձայն, գրում է «Կոմերսանտը»։

«Ռոսատոմն» ու ֆիննական Fennovoima-ն «Հանհիկիվի-1»-ի շինարարության պայմանագիր էին ստորագրել 2013 թ-ի վերջին։ Ռուսական պետական կորպորացիային է պատկանում նախագծի 34%-ը, մյուս 66%-ը ֆինն բաժնետերերինն է։ Նախագծի արժեքը գնահատվում է €7-7,5 մլրդ։

«Ռոսատոմի» հայտարարությունում ասվում է, որ Fennovoima-ի ղեկավարության գործողություններն «անկեղծ հիասթափություն» են առաջացրել։ «Ռոսատոմը» նշում է, որ պայմանագրի խզման մասին որոշումն ընդունվել է «առանց նախագծի բաժնետերերի մակարդակով մանրամասն քննարկումների», որոնցից ամենախոշորը (34%) RAOS Voima-ն է («Ռոսատոմի» դուստր ընկերությունը)։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել