Հայաստան

Զախարովան ՀԱՊԿ-ի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գնահատել է որպես իր վրա ուշադրություն հրավիրելու փորձ |news.am|

Զախարովան ՀԱՊԿ-ի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գնահատել է որպես իր վրա ուշադրություն հրավիրելու փորձ |news.am|

news.am: Որքան քաղաքական գործիչ կա, այնքան տարբեր մեկնաբանություններ եւ կարծիքներ ու հնարավորություններ կլինեն, ի դեպ, այդ վառ հայտարարությամբ իրենց վրա ուշադրությունը հրավիրելու համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե չնայած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցին Հայաստան, այնուամենայնիվ, կազմակերպությունը հեռանում է տարածաշրջանից։ «Վերջերս Հայաստանի բարձր մակարդակով պաշտոնական ներկայացուցչից՝ արտաքին գործերի նախարարից լսեցինք, թե պաշտոնական մակարդակով ինչ են իրենք մտածում ՀԱՊԿ-ի մասին։ Մարդն իրավասու է անելու նման հայտարարարություններ։ Եվ հաստատվեց, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղայակումը նախապատրաստվում է։ Ես իսկապես առաջին անգամ չէ, որ լսում եմ հարցն այն մասին, թե ինչ է նշանակում «ՀԱՊԿ-ն հեռանում է Հայաստանից» արտահայտութունը։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ այդ հարցերն ուղղել հայկական կողմին։ Բայց իմ կողմից հարց ավելացնել։ Ինչպես են նրանք, ովքեր այդ մասին ասում են, տեսնում ՀԱՊԿ-ի Հայաստան մտնելու գործընթացը, եթե նրանք արձանագրում են դուրս գալը», - նշել է նա։
16:02 - 23 մարտի, 2023
ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել միջազգային դատարանների որոշումները՝ կապված Լաչինի միջանցի ապաշրջափակման հետ
 |tert.am|

ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել միջազգային դատարանների որոշումները՝ կապված Լաչինի միջանցի ապաշրջափակման հետ |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը խիստ  անհանգստացած է Լաչինի միջանցքի շարունակական խոչընդոտման  պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամով: Այս մասին ասվում է հանձնաժողովի հայտարարությունում:«Այս միջանցքը կենսական ուղի է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ապրողների միջև, և Հանձնաժողովն ամբողջությամբ աջակցում է Խորհրդարանական վեհաժողովի Մշտադիտարկման հարցերով հանձնաժողովի համազեկուցողների կողմից արված հրապարակային հայտարարությանը...՝ կոչ անելով ձեռնարկել «անհապաղ գործողություններ» և «անհապաղ դադարեցնել անօրինականությունը և Լաչինի միջանցքի ապօրինի խոչընդոտումը»։Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումները, որոնցում ընդգծվում էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը, այն է` երաշխավորելու Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը», - ասվում է հայտարարությունում:
14:28 - 23 մարտի, 2023
Մարտական գործողություների վերսկսման հավանականությունը կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով․ Տիգրան Աբրահամյան |armenpress.am|

Մարտական գործողություների վերսկսման հավանականությունը կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով․ Տիգրան Աբրահամյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը նման է փակուղայինի, ինչն էլ մեծացնում է մարտական գործողությունների հավանականությունը: Ընդդիմադիր պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում: Աբրահամյանը նկատեց՝ իշխանության կողմից կա արձանագրում, որ էսկալացիայի հավանականությունը բավականին բարձր է, դրան զուգահեռ նաև բավականին շատ են շրջանառվող լուրերն այն մասին, որ առաջնագծում կան ակտիվացումներ, շարժեր, կուտակումներ: «Այն, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են, հատկապես ավելացել են Արցախի շփման գծի ուղղությամբ, ակնհայտ է: Ընդ որում, Արցախում այդ հրադադարի ռեժիմի խախտումներն արտահայտվում են քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակահերթերով: Այս փուլում գյուղատնտեսական աշխատանքներ են ընթանում, այս պայմաններում Ադրբեջանը, վտանգելով խաղաղ բնակիչների անվտանգությունը, փորձում է խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը՝ ըստ էության խնդիրներ ստեղծելով պարենային անվտանգության տեսանկյունից»,- ասաց Աբրահամյանը: Պատգամավորը հիշեցրեց նաև Հայաստանում նախորդ օրը Երասխի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի մասին, ադրբեջանցիների կողմից ռուս զինծառայողների ուղղությամբ նպատակաուղղված կրակոցի մասին: Նա կարևորեց, որ տեղաշարժերի, կուտակումների հանգամանքը շատ ավելի խորը ուսումնասիրության ենթարկվի, որ ավելի հասկանալի լինի, թե դրանք ինչպիսի վտանգավորություն են ներկայացնում Հայաստանի կամ Արցախի համար, և, թե ինչ նպատակներ են հետապնդում: «Միայն շարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում: Շարժերի ծավալից, ուղղություններից, շատ ավելի խորը վերլուծությունից է միայն հնարավոր հասկանալ, թե ինչ նպատակ է դա հետպանդում»,- ասաց Աբրահամյանը: Պատգամավորը նաև ընդգծեց՝ 44-օրյա պատերազմից հետ Հայաստանի և Արցախի ուղղությամբ տեղի ունեցած հարձակումները ցույց են տվել, որ այդ շարժերի համար երկար ժամանակ պետք չէ: Ըստ նրա՝ հաշվի առնելով առաջնագծի բավականին խտացված լինելը՝ բավականին կարճ ժամանակում զորքերի տեղաշարժի, համապատասխան խնդիրների առաջադրման և միանգամից իրավիճակը թեժացնելու հնարավորություն կա: «Այս պահին առաջնագծում մարտական գործողություների վերսկսման հավանականությունն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով, մասնավորապես ՀՀ իշխանության կողմից հայտարարած այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը հետ է կանգնել վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններից և առաջարկել է այնպիսի պայմաններ, որի դեպքում այլևս բանակցելու հնարավորություն չկա՝ այն տեսանկյունից, որ հատվում են Հայաստանի համար բոլոր կարմիր գծերը: Իմ կարծիքով՝ դրանք բավականին վաղ էին արդեն հատվել, բայց իրավիճակն է շատ նման փակուղայինի, ինչը բնականաբար այս դեպքում մեծացնում է հնարավոր մարտական գործողությունների հավանականությունը»,- ասաց Աբրահամյանը:
13:51 - 23 մարտի, 2023
Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել․ ԱՄՆ պետքարտուղար |azatutyun.am|

Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել․ ԱՄՆ պետքարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Երեկ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներին Բլինքենն ասել է․ - «Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»: «Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք [համաձայնագրի] տեքստի վրա»,- ասել է Բլինքենը։ «Մենք դա չենք պարտադրում Հայաստանին: Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել, թե արդյոք մենք կարող ենք օգնել նրանց՝ հասնել համաձայնության, որը գոնե հիմնականում վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությունը», - ասել է Բլինքենը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը «հասնեն խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանի սահմանազատանը և այլն»։ Միաժամանակ նա նշել է «Լաչինի միջանցքում իրական խնդիրները»։ «Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը, մենք աշխատում ենք դրա վրա»,- ասել է պետքարտուղարը։ «Առանց չափազանցության, ես կարծում եմ, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես կհամապատասխանի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի շահերին»,- հավելել է Բլինքենը։
09:34 - 23 մարտի, 2023
ՀՀ-ում մոնիթորինգային առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ Մոնիթորինգային խմբի բացահայտումները

 |factor.am|

ՀՀ-ում մոնիթորինգային առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ Մոնիթորինգային խմբի բացահայտումները |factor.am|

factor.am: ՀՀ-ում մոնիթորինգային առաքելության համազեկուցողներ Կիմմո Կիլյունեն (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգ (Շվեդիա) Գաղտնազերծված տեղեկատվական գրության մեջ կիսվել են փետրվարի 17-19-ը Հայաստան այցելության ժամանակ ԵԽԽՎ Մոնիթորինգային խմբի բացահայտումներով։ Նրանց այցի նպատակն էր՝ գնահատել իրավիճակն Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հայաստանում գտնվելու ընթացքում առաքելության անդամները եղել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում ու դրանց մերձակայքում, հանդիպել են տեղի պաշտոնյաների, ինչպես նաև Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով Գորիսում մնացած տեղի պաշտոնյաների ու Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ։ Նրանց դիտարկումների համաձայն՝ միջանցքով տեղաշարժը «խիստ խոչընդոտված է», ինչն անհնարին է դարձնում որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը։ Այս իրավիճակը շուտով կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի։ Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ զեկուցողները կոչ են արել Ադրբեջանին թույլ տալ իրավիճակի անկախ գնահատում։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ թույլատրել անկախ փաստահավաք այցը, նաև թույլատրել անկախ լրագրողներին ազատ գործունեություն ծավալել ամբողջ տարածքում»:
18:02 - 22 մարտի, 2023
Տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող կայունություն ու խաղաղություն ապահովել, նրանք այլ հեռանկարներ են հետապնդում. Իրանի ԱԳ նախարարի տեղակալ
 |tert.am|

Տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող կայունություն ու խաղաղություն ապահովել, նրանք այլ հեռանկարներ են հետապնդում. Իրանի ԱԳ նախարարի տեղակալ |tert.am|

tert.am: Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը․ այս քաղաքականության մեջ Իրանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստանը։ Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։   «Խորհրդակցությունների շրջանակում ես իմ հայ գործընկերոջ հրավերով Հայաստանում եմ, և երեկ և այսօր մենք արդյունավետ քննարկումներ ենք ունեցել իմ հայ գործընկերոջ, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում ընդգծվեց Իրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։ Եվ մեր հանդիպումների ընթացքում ընդգծել ենք, որ Իրանը միշտ վստահելի գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում»,- ասաց Իրանի ԱԳ նախարարի տեղակալը։ Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրներն են, որոնք խաղաղության և կայունության երաշխավորն են, և օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող այդ կայունությունն ու խաղաղությունն ապահովել, քանի որ նրանք այլ հեռանկարներ են հետապնդում։   Իրանի արտաքին գործերի նախարարին հարց ուղղվեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու, Հայաստանի սուվերեն տարածքի մի մասն օկուպացված պահելու, ինչպես նաև «Արևմտյան Ադրբեջան» և «Հարավային Ադրբեջան» կեղծ թեզերը շրջանառելու վերաբերյալ։ «Աստված դիվանագետներին ստեղծել է, որպեսզի խաղաղ երկխոսությունների միջոցով կարողանան հասնել կայունության հաստատմանը։ Ես ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ երկխոսության տարբերակը կընտրեն հարցերի լուծման համար։  Եվ Իրանը իր ողջ հնարավորությունը և պոտենցիալը կօգտագործի խաղաղ երկխոսությունների միջոցով հարցերին և խնդիրներին լուծում տալու համար»,- պատասխանեց Ալի Բաղերի Քանին։
15:16 - 22 մարտի, 2023
Ադրբեջանի ագրեսիվ վարքի վերաբերյալ Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ

Ադրբեջանի ագրեսիվ վարքի վերաբերյալ Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ

Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ տարածքային նկրտումների ու բռնության հրահրման քաղաքականությունն ապակայունացնում են իրադրությունը տարածաշրջանում: ՄԱԿ-ին նման բովանդակությամբ նամակ է հղել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Նամակը մարտի 21-ին հրապարակվել է՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ: «Ադրբեջանի թշնամական վարքը և զավթողական ծավալապաշտական հռետորաբանությունը հերթական անգամ ցույց են տալիս նրա մտադրությունը՝ շարունակելու առաջ գնալ ագրեսիայի ուղով և օգտագործել տարածքային նկրտումները՝ որպես նոր ռազմական գործողությունների պատրվակ», - նշվում է նամակում: Մհեր Մարգարյանը նաև շեշտում է, որ նախկին հանցագործությունների համար անպատժելիությունը պարարտ հող է նախապատրաստել հայատյացությունն Արդբեջանում պետական մակարդակով խրախուսելու համար: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև անդրադառնում է Ադրբեջանի տիրապետության տակ անցած հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, այդ թվում՝ Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքներում: Վկայակոչվում է հայկական եկեղեցիների և Հին Ջուղայի ավելի քան 5000 խաչքարերի բարբարոսական ոչնչացումը: «Ռասիզմի և հակահայկական ատելության տարածումը, էթնիկ և կրոնական հիմքերով բռնության շարունակական հրահրման հետ միասին՝ հատուկ շեշտը դնելով երիտասարդների և երեխաների վրա, լավ փաստագրվել են միջազգային կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներում… Մինչ օրս Ադրբեջանը որևէ միջոց չի ձեռնարկել հայերի դեմ ատելության հանցագործությունների համար պատասխանատուներին արդարադատության առջև կանգնեցնելու համար», - գրում է Մհեր Մարգարյանը: Եզրափակելով՝ նա նշում է, որ Ադրբեջանի նման վարքն է՛լ ավելի է ապակայունացնում իրադրությունը տարածաշրջանում և վնասարար ազդեցության թողնում խաղաղության և անվտանգության կայուն հիմքերի ստեղծման վրա:
12:35 - 22 մարտի, 2023
Սպիտակ տունը Հայաստանին և Ադրբեջանին լարվածության թուլացման կոչ է անում
 |hetq.am|

Սպիտակ տունը Հայաստանին և Ադրբեջանին լարվածության թուլացման կոչ է անում |hetq.am|

hetq.am: Սպիտակ տունը Հայաստանին և Ադրբեջանին լարվածության թուլացման կոչ է արել։ Այդ մասին ադրբեջանական Turan պարբերականի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։ Լրագրողի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կովկասում առկա իրավիճակի մասին, Քիրբին հայտարարել է. «Մենք բոլոր կողմերին լարվածության թուլացման կոչ ենք անում։ Մենք չենք ցանկանում որևէ բռնություն և ուզում ենք, որ բոլոր կողմերը ձեռնարկեն համապատասխան քայլեր՝ լարվածության թուլացման համար»։ Ադրբեջանական գործակալությունը նշում է, որ Քիրբին, ընդորում, չի մեկնաբանել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի առկայության նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքի մասին հարցին։  Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրությունների համաձայն՝ Բլինքենը երկու երկրների առաջնորդներին առաջարկել էր ամերիկյան կողմի աջակցությունը՝ խաղաղության բանակցություններին աջակցության հարցով։
12:05 - 22 մարտի, 2023
Էնթոնի Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում
 |armenpress.am|

Էնթոնի Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:  Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պատելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում այս հարցում:  «Ակնհայտորեն դա արվում է այս հարցում պետքարտուղար Բլինքենի հանձնառության միջոցով, երբ դեսպան Ռիքերն էր իր աշխատանքով առաջնորդում այս պորտֆոլիոն, իսկ այժմ էլ Լու Բոնոյի աշխատանքի միջոցով», - ասել է Պատելը:  Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը, Պատելը նշել է, որ դիվանագիտական շփումների մանրամասներ չի կարող ներկայացնել: «Սակայն, անշուշտ, մեր գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ (խմբ.՝ շփումների ժամանակ) մենք պարբերաբար բարձրացնում ենք մարդու իրավունքների հետ կապված հարցերը», - նշել է դիվանագետը:
11:32 - 22 մարտի, 2023
Պարույր Հովհաննիսյանը գերմանացի խորհրդարանականների հետ հանդիպմանը կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ առաքելության դերը

Պարույր Հովհաննիսյանը գերմանացի խորհրդարանականների հետ հանդիպմանը կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ առաքելության դերը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ։ ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան, կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական շփումները։ Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Պարույր Հովհաննիսյանը, գերմանացի խորհրդարանականներին ներկայացնելով տարածաշրջանում անվտանգային բարդ իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքները, կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, ինչպես նաև քաղաքացիական բնակչության ահաբեկումը հրամայական են դարձնում Լեռնային Ղարաբաղ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը:  
18:58 - 21 մարտի, 2023
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության սրացումների հետևանքով. ԿԽՄԿ-ն ամփոփել է 2022 թ․-ի առաքելության արդյունքները

309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության սրացումների հետևանքով. ԿԽՄԿ-ն ամփոփել է 2022 թ․-ի առաքելության արդյունքները

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը ներկայացրել է տեղեկագիր, որն ամփոփում է 2022 թ․-ին Հայաստանում իրականացված  մարդասիրական աշխատանքը։ Մանրամասները ներկայացնում ենք ստորև. 2022 թվականին լրացել է տարածաշրջանում ԿԽՄԿ ներկայության 30-ամյակը՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ 1992 թ.-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում՝ աջակցելով հակամարտությունից տուժած անձանց, նպաստելով միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) տարածմանն ու կիրարկմանը և հանդես գալով որպես չեզոք միջնորդ հակամարտության կողմերի միջև։   Երևանում ԿԽՄԿ պատվիրակության ու Իջևանում և Գորիսում ենթապատվիրակությունների միջոցով շարունակական աջակցություն ենք ցուցաբերում Ղարաբաղյան  հակամարտության 2020 թ.-ի աշնան, 2021 թ.-ի և 2022 թ.-ի սեպտեմբերի սրացումների հետևանքով տուժած անձանց։ Մեր ջանքերի և տարածաշրջանում մեր ներկայության շնորհիվ կարողացել ենք որպես չեզոք միջնորդ արձագանքել 2022 թ.-ի դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հետ կապված առաջնային հումանիտար կարիքներին։ Շարունակել ենք իրագործել սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդման ծրագրեր։ Սերտորեն համագործակցել ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ ու աջակցել նրանց գործունեությանը, ինչպես նաև միավորել ենք մեր ջանքերը՝ արձագանքելու հակամարտության սրացումներից տուժած քաղաքացիական բնակչության կարիքներին:   Շարունակել ենք աջակցել նաև հակամարտության սրացումների հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներին, գրանցել ենք որոնման հարյուրավոր հայտեր և գնահատել 2020 թ.-ի աշնան սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից շատերի կարիքները։ Բացի այդ, Հայաստանի պատկան մարմիններին տրամադրել ենք տեխնիկական և նյութական, այդ թվում՝ դատաբժշկական փորձագիտական աջակցություն՝ նպաստելու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողությանը և հակամարտության կամ արտակարգ այլ իրավիճակների հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզմանը։   Շարունակել ենք այցելել 2020 և 2021 թթ.-ի հակամարտության սրացումների առնչությամբ ազատազրկված այն անձանց, որոնց ազատազրկման փաստը հաստատվել է համապատասխան իշխանությունների կողմից։ Այցելությունների ընթացքում մշտադիտարկել ենք նրանց հանդեպ վերաբերմունքն ու ազատազրկման պայմանները, նպաստել ընտանիքների հետ կապի վերահաստատմանը։ Իշխանությունների համաձայնությամբ՝ ազատազրկված անձանց կապն ընտանիքների հետ պահպանվել է Կարմիր խաչի նամակների, հեռախոսազանգերի, բանավոր և տեսաձայնագրված հաղորդագրությունների միջոցով։ Դրանք շատ մեծ հուզական աջակցություն են ազատազրկվածների ու նրանց ընտանիքների համար, իսկ վերջիններիս դեպքում՝ հաճախ նաև միակ ապացույցը, որ իրենց հարազատը ողջ է։   Անհայտ կորած և ազատազրկված անձինք, աճյունների հետ վարվեցողություն   Ավելի քան 6000 զանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Երևանի մեր գրասենյակում: 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։ 63 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը։ 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։   Հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով 80 անհայտ կորած անձի ընտանիքի այցելություն է կատարվել՝ ընտանիքների կարիքների գնահատման շրջանակներում։ 6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում մեկնարկած «Սատարում» ծրագրի շրջանակներում։ 18 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել 90-ականների հակամարտության հետևանքով 141 անհայտ կորած անձանց ընտանիքների հետ՝ ԿԽՄԿ-ի գործունեության և տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ։   Ավելի քան 1550 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։ ԴՆԹ անջատման 19, ԴՆԹ քանակական որոշման մեկ և հետմահու ու կենսաբանական նմուշներից ԴՆԹ կրկնահանման երեք հավաքածու է տրամադրվել Երևանի դատաբժշկական գիտագործնական կենտրոնին Երևանի ԴՆԹ լաբորատորիային տրամադրվել է ԴՆԹ անջատումից առաջ ոսկրային նմուշների մշակման երկու սարքավորում՝ կրիոգեն և A11 տեսակի մանրացման սարքեր։ ԴԲԳԿ-ին տրամադրվել են պարագաներ (նշտարներ, շեղբեր, դիապարկեր, գոգնոցներ), գույք (բժշկական պարագաների երեք դարակ, դիահերձման չորս սեղան, փաստաթղթերի 10 դարակաշար), սարքավորումներ (դիահերձման պարագաների ութ հավաքածու, կենսաբանական նմուշառման 300 հավաքածու) և անհատական պաշտպանության 1000 միջոց՝ աճյունների հետ պատշաճ վարվեցողության համար։ 1 դիասառնարան ու ամբարձման հիդրավլիկ մեկ սայլակ է տրամադրվել և տեղադրվել Եղեգնաձորի դիահերձարանում։   1 Կամազ բեռնատար է վերազինվել 12 աճյունների սառնարանային տեղափոխման համար և նվիրաբերվել ՀՀ արտակարգ իրավիճակների ծառայությանը։ 2 խորհրդատվական այց է կատարվել ԿԽՄԿ գենետիկայի մասնագետների կողմից ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիա` ԴՆԹ թեստավորման և նմուշների համադրման գործընթացին փորձագիտական խորհրդատվութամբ և դասընթացներով աջակցելու նպատակով։   5 ԴԲԳԿ աշխատակից մասնակցել է ԴՆԹ թեստավորման վերաբերյալ դատաբժշկական 2-րդ առցանց գիտաժողովին, որը կազմակերպվել էր DNAforAfrica-ի և ԿԽՄԿ-ի կողմից։ 2 ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիայի գենետիկայի փորձագետ մասնակցել է ԴՆԹ-ի աջակցությամբ անհայտ կորած անձանց և աղետների զոհերի նույնականացմանը նվիրված ԿԽՄԿ առաջին միջազգային գիտատաժողովին Թբիլիսիում։   5 ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիայի գենետիկայի փորձագետ մասնակցել է Quantstudio5 ՊՇՌ հավաքածուի միջոցով իրական ժամանակում ԴՆԹ քանակական հայտնաբերման վերաբերյալ առցանց դասընթացի։ 1 կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանում բժշկաիրավական քննչական համակարգի ամրապնդման» թեմայով, կազմակերպվել է որոշումներ կայացնողների համար՝ աճյունների հետ վարվեցողության և նույնականացման ու անհայտ կորածների որոնման շեշտադրմամբ։ 1 ուսումնական այց Կիպրոս կազմակերպվել է պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար՝ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին ծանոթանալու նպատակով։   ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը ներկայացրել է նաև հոգեկան առողջության, տնտեսական, առողջապահական և այլ ոլորտներում ցուցաբերված աջակցության մանրամասները:
11:13 - 21 մարտի, 2023
Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, իսկ խաղաղ բանակցությունը հիմնված լինեն Հելսինկյան ակտի սկզբունքների վրա․ Նատալի Լուզո |armenpress.am|

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, իսկ խաղաղ բանակցությունը հիմնված լինեն Հելսինկյան ակտի սկզբունքների վրա․ Նատալի Լուզո |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը կեղծ բնապահպանական պատրվակներով փակել էր 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը։ Արդեն 100 օր է՝ Արցախը շրջափակված է, Լաչինի միջանցքով երթևեկությունը խիստ սահմանափակ․ միջանցքով անցնում են միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաները, որոնք փորձում են ինչ-որ առումով մեղմել հասունացող ճգնաժամը։ Ադրբեջանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, թե ինչպես են ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահների մեքենաներն անցնում միջանցքով՝ այդպիսով  փորձելով ներկայացնել, թե միջանցքը փակ չէ, սակայն այդ մանիպուլյացիան «չի աշխատում», ինչի վկայությունն են միջանցքն անհապաղ վերաբացելու միջազգային հանրության կոչերը և Արցախում հասունացող  հումանիտար աղետի մասին ահազանգերը։  Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոյի համար անհասկանալի է, որ միայն Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը և ՌԴ խաղաղապահներին է թույլատրվում օգտագործել Լաչինի միջանցքը, իսկ աշխարհը լուռ հետևում է այդ իրավիճակին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ընդգծում է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն ձևավորի և պահանջի, որպեսզի ՄԱԿ-ի մարդասիրական բոլոր գործակալությունները մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ։ «Եվրոպական խորհրդարանը երկու զեկույց է ընդունել, մեկը Հայաստանի, մյուսը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Ես համահեղինակել եմ Հայաստանի հետ հարաբերությունների մասին զեկույցը և փոփոխություններ եմ մտցրել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին զեկույցում, որպեսզի դրանք միմյանց չհակասեն։ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հստակ է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի»,- ասում է ԵԽ պատգամավորը։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:50 - 21 մարտի, 2023
Մարդու իրավունքների հետ կապված վիճակը Հայաստանում՝ ըստ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի |amerikayidzayn.com|

Մարդու իրավունքների հետ կապված վիճակը Հայաստանում՝ ըստ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցը, ուր ըստ պետքարտուղարի, ուսումնասիրել է 200 երկրներում առկա իրավիճակը, այդ թվում` Հայաստանում։ ԱՄՆ պետքարտուղարությունն մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցում առանձնացրել է Հայաստանի՝ այս ոլորտի առավել նշանակալի խնդիրները, որոնք ներառում են, ըստ արժանահավատ հաղորդումների, «անվտանգության ուժերի անդամների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալությունները կամ կալանավորումները, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրները, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտությունը, խոսքի ազատության սահմանափակումը, հանցագործությունները, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ՝ քաղաքացիական հասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաև երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դրսևորումները: Զեկույցում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը, մասնավորապես նաև անցած տարվա բախումների ընթացքում զինծառայողների անօրինական մահապատժի վերաբերյալ հաղորդումներին: Ըստ զեկույցի՝ «սեպտեմբերի կեսերին ադրբեջանական և հայկական ուժերի միջև ինտենսիվ մարտերից հետո արժանահավատ հաղորդումներ եղան անօրինական մահապատիժների մասին, որոնք ներառում էին ադրբեջանական կալանքի տակ գտնվող հայ զինվորների մահապատիժները»: Զեկույցը մատնանշում է Human Rights Watch-ը և Bellingcat լրագրողական հետաքննող խմբի հաղորդումները, որոնք պնդել են, որ տարածված տեսանյութում պատկերված են առնվազն յոթ հայ զինվորներ, որոնք անօրինական մահապատժի են ենթարկվել ադրբեջանական զինվորական համազգեստով զինծառայողների կողմից: Մատնանշվում է նաև մեկ այլ տեսանյութ, որը պատկերում է երեք հայ զինվորներին ռազմական դիրքի տարածքում ադրբեջանցի զինվորականների գերության ներքո: Հաղորդվում է, որ երեքի մարմիններն ավելի ուշ վերադարձվել են Հայաստանին և նրանց ինքնությունը հաստատվել է: Պետքարտուղարության զեկույցը գրում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են մտահոգություններ հայտնել հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահերի և իրավապահների կողմից այդ մահերի հետ կապված պատշաճ հետաքննություն չանցկացնելու վերաբերյալ։ Իրավապաշտպան ՀԿ-ների կարծիքով՝ կառավարության թափանցիկության բացակայությունը զինվորականների մահվան դեպքերի շուրջ, անկախ դրանց մարտական կամ ոչ մարտական բնույթից, հանգեցրել է հանրային անվստահությանն այս ոլորտում պաշտոնական տեղեկատվության նկատմամբ: Զեկույցը շեշտում է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարի, գնումների ու պետական աջակցության տրամադրման: Մեղադրանքներ են հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մասին։ Ըստ զեկույցի՝ Հայաստանում չեն արձանագրվել քաղաքական բանտարկյալների առկայության մասին արժանահավատ հաղորդումներ: Սակայն, առկա են հաղորդումներ, որ անվտանգության ուժերի ներկայացուցիչներն արգելանքի տակ գտնվող անձանց շարունակել են ենթարկել խոշտանգումների կամ թույլ են տվել այլ ոտնձգություններ: Դրանց թվում զեկույցն առանձնացնում է ոստիկանական բաժանմունքներում շարունակական խոշտանգումների մասին հաղորդումները, որոնք, ի տարբերություն բանտերի և ոստիկանության կալանավայրերի, ենթակա չեն հանրային մոնիտորինգի: Զեկույցն անդրադառնում է նաև Հայաստանում խտրականության խնդրին, մասնավորապես սեռի, սեռական կողմնորոշման, սահմանափակ առողջական կարողությունների հիման վրա: Զեկույցի գնահատականով՝ խտրականության դեմ օրենսդրությունը կատարյալ չէ և չի պաշտպանում խոցելի խմբերին՝ անդրադառնալով վերջիններիս կյանքի բոլոր ասպեկտների վրա, այդ թվում՝ աշխատանքի, բնակարանի, ընտանեկան հարաբերությունների, կրթության և առողջապահության հասանելիության վրա, իսկ սահմանափակ առողջական կարողոթյուն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը շարունակում է մնալ համատարած խնդիր։ Վերջիններս այլոց հետ հավասար չունեն կրթական, առողջապահական, հասարակական այլ մասնաշենքերից և տրանսպորտից օգտվելու հնարավորություն: Բացի այդ, ըստ զեկույցի, կանայք ի տարբերություն տղամարդկանց, հիմնականում չունեն նույն մասնագիտական հնարավորությունները կամ վարձատրությունը: Գործատուները հաճախ նրանց տեղափոխում են ավելի ցածր վարձատրությամբ աշխատանքի: Զեկույցը նշում է, որ աշխատանքային օրենսգիրքը բացահայտորեն չի պահանջում հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության ապահովում: Շարունակությունը՝ amerikayidzayn.com-ում
09:43 - 21 մարտի, 2023