Հայաստան

Ռուսական դպրոցները՝ ՀՀ-ում․ Հայաստանի օրակարգի բացակայությունը

Ռուսական դպրոցները՝ ՀՀ-ում․ Հայաստանի օրակարգի բացակայությունը

Վերջին շրջանում ակտիվացել է Հայաստանում ռուսերենով կրթությանն եւ ռուսական դպրոցների թեման։ Ինֆոքոմն ուսումնասիրել է թեման՝ փորձելով հասկանալ, թե ինչպիսին են մինչ այժմ եղել Ռուսաստանում եւ Հայաստանում համապատասխանաբար հայկական եւ ռուսական համայնքների, ինչպես նաեւ կացության կարգավիճակներով բնակվող Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիների՝ մայրենի լեզվով կրթության կազմակերպման կամ մայրենի լեզվի ուսուցման հնարավորությունները, արդյոք հայկական կողմը բարձրաձայնո՞ւմ է Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ հայկական համայնքի՝ հայերենով կրթության կազմակերպման հնարավորությունների մեծացման հարցը։   Շաբաթներ առաջ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր ռուս մեծանուն մարդկանց պատվին անվանակոչված երեւանյան դպրոցների տնօրենների հետ։ Հայաստանում ռուսական տան ֆեյսբուքյան էջում զետեղված գրառումից տեղեկանում ենք, որ Կոպիրկինն ասել է՝ քննարկվում են Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ հարցեր, եւ որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ռուսերենով կրությանն աջակցելու հետ կապված հարցերով։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում Կոպիրկինի հայտարարության վերաբերյալ ասել էր, որ աշխատանքային խմբի ձեւավորումը նախատեսված է համատեղ ծրագրի կոնցեպտի քննարկման նպատակով, եւ ճշտող հարցին՝ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց կա՞, պատասխանել էր, որ այսօր օրակարգում դրված խնդիրը համատեղ ծրագիր ունենալու մասին է․ «Դեռ քննարկման փուլում է, թե մենք ինչ կոնցեպտի մասին ենք խոսում։ Մեր պատկերացմամբ՝ դա պետք է լինի կամ հայ-չինական դպրոցի տարբերակով համատեղ նախաձեռնություն, որը մենք առաջարկել ենք ռուսական կողմին, կամ մենք կարող ենք հավելյալ քննարկել այն հնարավորությունը․․․ Դուք գիտեք, որ վերջին շրջանում մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են գտնվում ՀՀ-ում, եւ եթե կարիքը կա նրանց կրթության հավելյալ ապահովման, ապա, բնականաբար, այդ հարցը պատրաստ ենք քննարկել»,- նշել էր նախարարը մարտի 16-ին։ Մոտ տասը օր անց՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում Անդրեասյանը թեմայի վերաբերյալ եւս մեկ անգամ նույնական մեկնաբանություններով հանդես եկավ՝ նշելով, որ հիմա մեր օրենսդրության շրջանակում ընթանում են քննարկումներ, արդյունքները կներկայացնեն։  Վերջին տարիներին ռուս պաշտոնյաներից միայն Կոպիրկինը չէ, որ խոսել է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին․ դեռ 2021թ․ էր այս հարցը հանրային քննարկման առարկա, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական մեթոդաբանության հիման վրա Տաջիկստանում ստեղծվում է ռուսական 5 դպրոց, եւ որ վերջին ժամանակներում ՀՀ նոր ղեկավարությունը հետաքրքրված է Հայաստանում հենց այդպիսի ծրագրի իրականացմամբ։ Լավրովի այդ հայտարարությունից հետո ԿԳՄՍ այդ ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանն ասել էր, որ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց չկա։ Հայաստանում ռուսական դպրոցների եւ ռուսերենի կարգավիճակի մասին խոսակցությունները այսքանով չեն սահմանափակվում։ Դրանք պարբերաբար բերվում են օրակարգ, ինչը ենթադրել է տալիս թեմայի՝ ՌԴ պետական օրակարգի մաս լինելու մասին։ 2017թ․-ին ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդունել էր պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող Արա Բաբլոյանին, որն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր։ Այդ շրջանում ՌԴ-ում ընդունվել էր օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը, որը, ինչպես արձանագրել էր Բաբլոյանը հանդիպման ժամանակ, մեծ դժվարություններ էր առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել էր վերանայել այդ մոտեցումը, իսկ Վոլոդինն առաջարկել էր ՀՀ-ում ռուսերենն օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել էին բացառություններ․ Վոլոդինը մեկնաբանել էր, թե օրենքի ընդունումը պայմանավորված է եղել բացառապես երթեւեկության անվտանգությամբ, քանի որ, ըստ նրա, ՌԴ-ում աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետեւանքով չեն տիրապետում ՌԴ երթեւեկության կանոններին, ինչպես նաեւ չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերում աշխատող ռուսական ծրագրերից: Բաբլոյանն այս առաջարկին հակադարձել էր՝ նշելով, որ ՀՀ օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա, նա նկատել էր, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը:   Հայ-ռուսական համատեղ աշխատանքների կազմակերպման նպատակով աշխատանքային խումբ է ձեւավորվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից Infocom-ը տեղեկացավ, որ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2022թ․ դեկտեմբերի 23-ի 21-րդ նիստի արձանագրության 11.2 կետի 5-րդ ենթակետը՝ ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգը քննարկելու եւ հայ-ռուսական համատեղ համապատասխան աշխատանքների կազմակերպման նպատակով այս տարվա հունվարի 17-ին նախարարի՝ N 47-Ա/2 հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաջին քննարկումը ռուսական կողմի հետ տեսակապի միջոցով կայացել է մարտի 15-ին: Առաջին քննարկման օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգի վերաբերյալ հարցեր։ Նախարարությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք աշխատանքային խմբի օրակարգային հարցերից է նաեւ ՌԴ-ում հայերենով կրթությանն առավել ուշադրություն դարձնելու հարցը, սակայն պատասխանում դրա մասին որեւէ նշում չկա։ Իսկ աշխատանքային խմբի առաջիկա հանդիպման օրը դեռեւս հստակեցված չէ։ Ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը (իմա՝ ԿԳՄՍՆ) եւ ներկայացնում ՀՀ կառավարության հաստատմանը: Հանրակրթության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները:  Ռուսերենով ուսուցումը՝ Հայաստանի Հանրապետությունում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզուն պարտադիր դասավանդվում է սկսած 2-րդ դասարանից: ՀՀ 63 դպրոցում իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում, որից 33-ը՝ Երեւան քաղաքում, 30-ը՝ մարզերում:  ՀՀ ԿԳՄՍՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հաղորդել են, որ ՀՀ-ում շուրջ 45 դպրոցում կա ռուսերեն դասարան ունենալու հնարավորություն, սակայն այս պահի դրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ կան 39 դպրոցներում։ 2023թ․ մարտի տվյալներով՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորում է 6745 աշակերտ (ներառված են նաեւ ՀՀ ենթակայության տակ գտնվող այն դպրոցների աշակերտները, որտեղ կրթությունը կազմակերպվում է ամբողջությամբ ռուսերենով)։ Երեւանի «Ռոսիա» հասարակական կազմակերպության «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցում է կրթությունն ամբողջությամբ ռուսերենով կազմակերպվում, դպրոցը պետական չէ։  Կրթությունն ամբողջությամբ ռուսերենով է կազմակերպվում նաեւ Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցում, չնայած այն պետական դպրոց է՝ մարզային ենթակայության ներքո։ Միայն թե այս պարագայում Ֆիոլետովոյի դպրոցում սովորում են միայն ազգությամբ ռուս աշակերտներ (Ֆիոլետովո համայնքն 99,9% ռուս բնակչությունից է կազմված), ուստի այստեղ այժմ գործում են միայն ռուսական դասարաններ։ Բացի դրանից՝ ՀՀ-ում կա առնվազն երեք ռուսական դպրոց, որոնք ՀՀ ենթակայության ներքո չեն․ երկուսը (Գյումրիում եւ Քանաքեռում) գործում են ՌԴ ՊՆ ենթակայության տակ եւ սպասարկում են ՀՀ-ում տեղակայված ռուսաստանցի զինվորականների ընտանիքներին, մյուս դպրոցն Արտաշատում է, տեղի ռուսական սահմանապահ զորամասին է կցված։ 2011թ․ մարդահամարի տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչությունից 11911-ը ռուսներ են։ Նշենք նաեւ, որ 2022-ի ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 19418 ՌԴ քաղաքացի (նշյալ անձանց մեջ կարող են լինել ազգությամբ հայեր)։   Հայերենով ուսուցումը՝ Ռուսաստանի Դաշնությունում Ռուսաստանի Դաշնությունում չկա որեւէ դպրոց, որտեղ կրթությունն ամբողջությամբ կազմակերպվում է հայերենով։  ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից Infocom-ը հարցմամբ տեղեկացել է, որ ՌԴ-ում հայկական ուսուցմամբ դպրոցների, կրթական կենտրոնների ընդհանուր թիվը 167 է: Այս թիվը ներառում է ոչ միայն հանրակրթական դպրոցները, որտեղ կան հայկական դասարաններ, այլ նաեւ համայնքային կառույցներին, եկեղեցուն կից հայկական կիրակնօրյա դպրոցները, հայերենի ուսուցմամբ խմբակներն ու ֆակուլտատիվ դասընթացները։  Իսկ հայկական դասարաններ կան ՌԴ հանրակրթական միայն 49 դպրոցներում։ ՌԴ-ում հայության թվաքանակի վերաբերյալ առկա են ՌԴ պետական վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալներ, համաձայն որոնց՝ 2021 թ. անցկացված մարդահամարի տվյալներով այստեղ արձանագրվել է 946.172 հայ: Միաժամանակ, ինչպես հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ՌԴ բարձրագույն պետական իշխանության ներկայացուցիչները, համայնքային կառույցները, հետազոտողները նշում են, որ ՌԴ-ում բնակվող հայության թիվը կազմում է ավելի քան 2.5 մլն:   ՀՀ քաղաքացիները՝ Ռուսաստանում, եւ ՌԴ քաղաքացիները՝ Հայաստանում Հայաստանում ռուսերենով կրթությանն առավել շատ ուշադրության արժանացնելու հիմնական մեկնաբանությունն այն է, որ վերջին շրջանում մեծացել է ռուսների ներհոսքը Հայաստան։ Այդ մասին մեկնաբանություն հրապարակվել էր նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում դեռ 2022թ․-ին՝ այդ ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանի՝ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց չունենալու մասին վերը հիշատակված հայտարությունից հետո։ Նմանատիպ մեկնաբանություն արել է նաեւ ներկայիս նախարարը՝ վերջին ասուլիսի ժամանակ։ Ելնելով այս մեկնաբանություններից՝ փորձել ենք հասկանալ, թե որքանով է անհրաժեշտ ռուսերենով կրթության ծավալների մեծացումը Հայաստանում եւ հայերենով կրթության ծավալների մեծացումը Ռուսաստանում։ Դիտարկել ենք, թե ՀՀ քանի քաղաքացի է ապրում Ռուսաստանի Դաշնությունում (մշտական եւ ժամանակավոր կացության իրավունքով), եւ որքան ՌԴ քաղաքացի՝ Հայաստանի Հանրապետությունում (մշտական, ժամանակավոր եւ հատուկ կացության իրավունքով)։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկանում ենք, որ 2022 թ. հունվար-դեկտեմբերին ՌԴ-ում մշտական կացության կարգավիճակով (BHЖ) բնակվել է 40.766 ՀՀ քաղաքացի, իսկ ժամանակավոր կացության իրավունք (PBП) ունեցել է 13.414 ՀՀ քաղաքացի: Միեւնույն ժամանակ, ինչպես հարցմամբ տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից, 2022 թ․-ի տարեվերջի դրությամբ ՀՀ-ում վավեր կացության կարգավիճակ ունեցել է ՌԴ 8654 քաղաքացի: Այսպիսով, վերը ներկայացված տվյալներն իրար կողքի դիտարկելիս այսպիսի պատկեր է ստացվում․ նախորդ տարեվերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կացության որեւէ կարգավիճակով բնակվում է 8654 ՌԴ քաղաքացի, 2011թ․ մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչությունից ազգությամբ ռուս է 11 911-ը։ Միաժամանակ, ՀՀ-ում գործում է կրթությունն ամբողջությամբ ռուսերենով կազմակերպող չորս ոչ պետական դպրոց, մեկ պետական դպրոցում էլ (Ֆիոլետովոյում) կրթությունը կազմակերպվում է ռուսերենով, քանի որ բոլոր աշակերտներն ազգությամբ ռուս են։ Բացի դրանից՝ պետական ենթակայության շուրջ 39 դպրոցներում առկա են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ։ Իսկ ահա Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ 2022թ. դրությամբ կացության կարգավիճակներով բնակվել է ընդհանուր առմամբ 54 180 ՀՀ քաղաքացի, եւ որտեղ 2021թ. անցկացված մարդահամարի տվյալներով արձանագրվել է 946 172 հայ, չկա ամբողջությամբ հայերենով կրթություն կազմակերպող որեւէ դպրոց։ ՌԴ հանրակրթական դպրոցներից միայն 49-ում կան հայկական դասարաններ։  Վերը ներկայացվածը ցույց է տալիս, որ եթե Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգ, ապա համաչափ կլիներ, եթե հայկական կողմը ձեւավորված աշխատանքային խմբի օրակարգ բերեր նաեւ ՌԴ-ում հայերենով ուսուցմամբ դպրոցների հարցը։ Հայարփի Բաղդասարյան
17:04 - 03 ապրիլի, 2023
GRECO-ն առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կատարողականում
 |aravot.am|

GRECO-ն առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կատարողականում |aravot.am|

aravot.am: Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների եվրոպական խումբն (GRECO) այսօր հրապարակել է զեկույց Հայաստանի մասին, որում գնահատվում է երկրի առաջընթացը խորհրդարանի, դատավորների և դատախազների վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման Գնահատման չորրորդ փուլի զեկույցում արված առաջարկությունների իրականացման հարցում: Ըստ զեկույցի՝ Հայաստանի կողմից որոշ քայլեր են ձեռնարկվել չկատարված առաջարկություններն իրականացնելու համար։ 2015թ. տրված 18 հանձնարարականներից 9-ը իրականացվել են բավարար չափով կամ դրանց նկատմամբ բավարար մոտեցում է ցուցաբերվել: Մյուս 9 առաջարկությունները մասամբ են իրականացվել: Առաջարկություններից մեկը, որն այժմ համարվում է բավարար կերպով իրականացված, համեմատած 2021 թ. համապատասխանության վերջին զեկույցի հետ, վերաբերում է բոլոր դատախազների համար էթիկայի ու վարքագծի և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ պարտադիր դասընթացին, ինչպես նաև դատախազության շրջանակներում գաղտնի խորհրդատվության տրամադրմանը: GRECO-ն նաև եզրակացրել է, որ խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների նկատմամբ կիրառվող ունեցվածքի հայտարարագրման կանոնների արդյունավետ վերահսկման և կիրարկման վերաբերյալ հանձնարարականի վերաբերյալ բավարար կերպով արձագանք է եղել: GRECO-ն նշում է, որ Հայաստանի կողմից առաջարկություններին համապատասխանության ներկայիս մակարդակն այլևս «ընդհանուր առմամբ անբավարար» չէ, ինչպես որ 2019 թ. եզրակացության մեջ էր: GRECO-ն հայաստանյան պատվիրակության ղեկավարին խնդրում է ամենաուշը մինչև 2024թ. մարտի 31-ը ներկայացնել հաշվետվություն չստացված առաջարկությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։
15:29 - 03 ապրիլի, 2023
Հայաստանում ռուսական ռազմաբազայի օդաչուները ուսումնամարտական թռիչքներ կիրականացնեն
 |armenpress.am|

Հայաստանում ռուսական ռազմաբազայի օդաչուները ուսումնամարտական թռիչքներ կիրականացնեն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի անձնակազմերն ​​ուսումնամարտական թռիչքներ կիրականացնեն, որոնց ընթացքում մի շարք առաջադրանքներ կկատարեն ձմեռային ուսումնական շրջանի ստուգման շրջանակներում։ Այս մասին հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները կմշակեն օդային մարտերի մղումը, օդանավակայանի տարածքի պաշտպանությունը և օդային թիրախների որսը, բարձրլեռնային շրջաններում կկատարեն բարդ և բարձր պիլոտաժի տարրեր (մարտական ​​շրջադարձեր, հորիզոնական «տակառներ», վիրաժներ, թեքության մեծ անկյուններով պիկային վերընթացներ և այլն) տարբեր բարձրությունների վրա, այդ թվում՝ գերցածր: Միջոցառումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի առաջադրանքների կատարման ընթացքում անձնակազմերի աշխատանքի ստուգմանը և համակարգմանը։ «Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը կխոցեն ցամաքային թիրախներ, որոնք նմանակում են պայմանական թշնամու կենդանի ուժին ու տեխնիկային, կվերաբազավորվեն պահեստային օդանավակայանում, ինչպես նաև կմշակեն փոխգործակցությունը ՀՌՕ-ի ռազմաբազայի ստորաբաժանումների հետ «Ալագյազ» և «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարաններում։ Բացի այդ, զինծառայողները կիրականացնեն պայմանականորեն վիրավորված զինծառայողների որոնողական աշխատանքներն ու տարհանումը, ինչպես նաև կկատարելագործեն իրենց հմտությունները որոնողափրկարարական աշխատանքներում», - նշված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։ Գերատեսչությունը հավելել է, որ բանակի և օպերատիվ-մարտավարական ավիացիայի բոլոր ​​ուսումնամարտական թռիչքները կիրականացվեն ցերեկային և գիշերային ժամերին՝ զույգերով, փոքր խմբերով և էսկադրիլիաների կազմում։ Ստուգման շրջանակներում նաև կգնահատվի ինժեներատեխնիկական ստորաբաժանման աշխատանքը:
14:03 - 03 ապրիլի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով․ Ռուբինյան
 |azatutyun.am|

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով․ Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով անցած շաբաթավերջին Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի ունեցած իրադարձություններին։ Ռուբինյանը հիշեցրեց՝ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհն էր գործում, մինչև Կոռնիձորի մոտով անցնող նոր ճանապարհը պատրաստ կլիներ։ Ապրիլի 1-ից այլընտրանքային ճանապարհը դադարեց գործել և գործարկվեց նոր ճանապարհը, և քանի որ, ինչպես ԱԺ փոխնախագահն ասաց, այլընտրանքային ճանապարհը մինչ այս ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո էր, սահմանի Տեղ-Կոռնիձոր հատվածում ո՛չ Հայաստանի Հանրապետության կողմից, ո՛չ մյուս կողմից դիրքեր չկային և այդտեղ, բնականաբար, դիրքերի անհրաժեշտություն առաջացավ։ ԱԺ փոխնախագահը շարունակեց՝ կար պայմանավորվածություն, որ դրա մի հատվածում երկու կողմերից սահմանապահներ պետք է լինեն, սակայն ի հայտ եկան տարընթերցումներ, որի արդյունքում Ադրբեջանի ներկայացուցիչները հինգ կետում 300-ից 500 մետր ավելի առաջ են տեղակայվել։ Վկայակոչելով ԱԱԾ հաղորդագրությունը՝ Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի համապատասխան կառույցի ներկայացուցիչներն այդ հատվածում հանդիպել են, որի արդյունքում վիճակն էականորեն բարելավվել է՝ դիրքային կամ տեղակայման առումով։ Ըստ Ռուբինյանի՝ աշխատանքները շարունակվելու են։ Բաքուն մարտի 30-ին հայտարարեց, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ, հիմնական ու օժանդակ ճանապարհներ և Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև ընկած տարածքը։ Փաշինյանը, սակայն, նույն օրը, կառավարության նիստի ժամանակ, վստահեցրեց, հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան-Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել։ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի ուշ հայտնեց, որ Հայաստան-Արցախ նոր՝ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել։ 
13:39 - 03 ապրիլի, 2023
Հայաստանի դեսպանը Թունիսի խորհրդարանի նախագահին է ներկայացրել ԼՂ հումանիտար իրավիճակը

Հայաստանի դեսպանը Թունիսի խորհրդարանի նախագահին է ներկայացրել ԼՂ հումանիտար իրավիճակը

Աշխատանքային այցով Թունիսում գտնվող Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը մարտի 31-ին հանդիպում է ունեցել Ժողովրդական ժողովի նախագահ Իբրահիմ Բուդերբալայի հետ։ Հանդիպման սկզբում դեսպան Փոլադյանը շնորհավորել է Թունիսի խորհրդարանի նորընտիր նախագահին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ միաժամանակ փոխանցելով ՀՀ ԱԺ նախագահի՝ թունիսցի պաշտոնակցին հասցեագրված շնորհավորական ուղերձը։ Ժողովրդական ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմի շնորհավորանքների համար, կարևորել է Թունիսի և Հայաստանի միջև խորհրդարանական շփումների ակտիվացումը՝ ընդգծելով այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, ողջունելով Հայաստանի հետաքրքրվածությունը Հյուսիսային Աֆրիկայի երկրների՝ մասնավորապես Թունիսի հետ բազմաոլորտ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման հարցում, իր հիացմունքն է արտահայտել Հայաստանի և արաբական երկրների միջև ձևավորված բարեկամական և գործակցային հարաբերությունների կապակցությամբ։ Իր հերթին դեսպան Փոլադյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս երկու երկրների խորհրդարանների միջև կապերի զարգացմանը և  հայտնել, հատկապես, զբոսաշրջության, մշակույթի և առողջապահության ոլորտներում առաջխաղացում գրանցելու նպատակով համատեղ աշխատանքը շարունակելու ՀՀ պատրաստակամության մասին։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորման հարցը, կարևորվել է փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը։ Դեսպան Փոլադյանն իր զրուցակցին է ներկայացրել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ տեսլականը։ Այս կապակցությամբ խորհրդարանի նախագահն ընդգծել է բանակցությունների և երկխոսության միջոցով հիմնախնդրի կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով խորհրդարանականների դերը աշխարհում խաղաղության ջանքերին աջակցելու գործում։ 
11:41 - 03 ապրիլի, 2023
Լեհ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լեհ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Լեհ պատգամավորներին ուղեկցել է Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը։ Այս մասին հայտնում են  ՀՀ Ազգային ժողովից։ Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք այցելել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները: Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելը հայտարարել է, որ Լեհաստանի Հանրապետությունը դատապարտում է այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ։ Նա նշել է, որ դա պետք է դաս լինի բոլորի համար։
14:31 - 02 ապրիլի, 2023
Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրում է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան |armenpress.am|

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրում է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան |armenpress.am|

armenpress.am: ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) խնդրում է Հայաստանին 2023 թ.-ի ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան: Սյս մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ «Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և ստուգման անբավարար արդյունքները, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր, Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ 2023 թ.-ի ապրիլի 5-ից երկրի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով», - մեջբերում է ТАСС-ը զեկույցից։ Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, 2023 թ.-ի մարտի 31-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության անասնաբուժական ծառայությունների միջև տեղի են ունեցել բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են 2023 թ.-ի մարտի 20-ից 24-ը Հայաստանի կաթնամթերք վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները: Հանդիպման ընթացքում բարձրացվել է Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից ռուս սպառողների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության հարցը։ Ռոսսելխոզնադզորը հավելել է, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ՝ հաշվի առնելով հայկական կողմի կողմից հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքները։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, «Ռոսսելխոզնադզորում» հայտնել էին, որ նկատվում է Հայաստանից Ռուսաստանի շուկա կաթնամթերքի մատակարումների աճ։ Գերատեսչությունը հայտնել էր, որ հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումք, որոնց նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։ Ի պատասխան այս հայտարարության՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել է, որ սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ ՍԱՏՄ-ն նշել էր, որ կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում են՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների։
18:08 - 31 մարտի, 2023
ՀԱՊԿ-ը կրկնում է՝ պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման |azatutyun.am|

ՀԱՊԿ-ը կրկնում է՝ պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման |azatutyun.am|

azatutyun.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտապես պատրաստակամ է առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։ «Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես պատրաստ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հայ - ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից և այլ տեսակի օգնության ցուցաբերելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ պաշտոնյան՝ չհստակեցնելով, թե ինչ տեսակի օգնության մասին է խոսքը։ Շուվալովը միայն նշել է, որ օգնության միջոցառումներն արդեն ներառված են կառույցի Հավաքական անվտանգության խորհրդի՝ ընթացքի մեջ գտնվող որոշման նախագծում:
13:12 - 31 մարտի, 2023
Ադրբեջանական գազն արդյոք ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ պատժամիջոցներ չկան Ալիևի ռեժիմի դեմ. Լորան Վոքիե
 |armenpress.am|

Ադրբեջանական գազն արդյոք ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ պատժամիջոցներ չկան Ալիևի ռեժիմի դեմ. Լորան Վոքիե |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն միջազգային հանրության արձագանքը համապատասխան չի համարում ադրբեջանական վայրագություններին, նա Ադրբեջանի, Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցների անհարժեշտություն  է տեսնում: Լորան Վոքիեն նման դիրքորոշում հայտնեց Երևանում Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ ասուլիսում՝ «Արմենպրես»-ի՝ միջազգային հանրության կողմից հնարավոր պատժամիջոցների  վերաբերյալ հարցին ի պատասխան: «Այն, ինչ տեղի է ունենում, նորմալ չէ: Եվ միջազգային հանրության արձագանքը չի համապատասխանում այստեղ տեղի ունեցածին: Մի հասարակ հարց տամ. որոշվեց, որ ռուսական գազ այլևս չի գնվի՝ Ուկրաինայի որոշ տարածքների օկուպացիայից հետո, արդյոք ադրբեջանական գազն ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ հետևանք չեղավ տեղի ունեցածին, ինչո՞ւ չկան պատժամիջոցներ Ալիևի ռեժիմի դեմ: Այդ հարցերը ես ձեզ հետ միասին կիսում եմ, և դրանք ինձ վրդովվեցնում են նույն չափ»,-ասաց Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը: Ըստ նրա՝ դրան լուծում տալու համար պետք է լինեն մարդիկ՝ հայտնի անձնավորություններ, որոնք հանձնառություն կվերցնեն և հայերի կողքին կլինեն ու կբացատրեն շատերին, քանի որ կան մարդիկ, որոնք պարզապես չեն հասկանում տիրող իրավիճակը: Լորան Վոքիեն նկատեց՝ Ադրբեջանը լուրջ պրոպագանդիստական աշխատանք է կատարում: Նա ու իր պատվիրակության 40 անդամները Հայաստան այցի շրջանակում եղել են Սյունիքում: «Մենք հատուկ ցանկացանք, որ բազմաքանակ պատվիրակություն լինի: Իմ պատվիրակության բոլոր անդամները կկարողանան ասել՝ ես եղել եմ տեղում, ես տեսել եմ՝ ինչ է կատարվում, ես հասկանում եմ, թե ինչ է կատարվում: Այն վայրերում, որտեղ մենք եղել ենք,  հենց հաջորդ օրը ադրբեջանական ուժերը եկել ու գրավել են՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից»,-նշեց նա: Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը նաև իր հիացմունքն արտահայտեց արցախցիների նկատմամբ: «Ես մոլորակի վրա որևէ այլ անկյուն չեմ ճանաչում, որտեղ 120 հազար մարդ կատարելապես շրջափակված է, միտքս չի գալիս աշխարհում որևէ այլ անկյուն, որտեղ այս կարգի բարբարոսություն է տեղի ունենում»,-եզրափակեց նա:      
13:00 - 31 մարտի, 2023
«Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր»․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին

«Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր»․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը վտանգավոր է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակի, մասնավորապես Կոռնիձոր-Տեղ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական տեղակայումների վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: «Նախ ԱԱԾ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը 5 կետերում եկել և դիրքավորվել է սահմանագծի հայկական հատվածում` 100-300 մետր խորքում: Երկրորդ, ԱԱԾ-ն նշում է, թե «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»: Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր: Անլրջության ինչպիսի մակարդակ, թե բա` Ադրբեջանը չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին... Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարվում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ունի: Երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցները փաստորեն Ադրբեջանի բանավոր խոստումներով են առաջնորդվել, որի հետևանքով ՀՀ-ն հերթական անգամ տարածքային կորուստներ է ունենում, իսկ Ադրբեջանը դիրքավորվում իր համար նախընտրելի ու բարենպաստ հատվածներում: ԱԱԾ-ն նաև նշել է, թե «հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ», իսկ այս սկզբունքի պտուղները 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը տեսել է` ՀՀ-ի դեմ հարձակումներ, տարածքային ու մարդկային հսկայական կորուստներ: Քաղաքական որոշումների կամ դրանց բացակայության պայմաններում ՀՀ-ն տարածքային ու դիրքային կորուստներ է ունեցել, ինչը ՆՈՐՄԱԼ երկրների պարագայում իրավական համապատասխան գործընթացների կբերեր, բարձրագույն պաշտոններում գտնվողներն էլ կթռչեին իրենց պաշտոններից»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ, համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: 
11:39 - 31 մարտի, 2023
Իրանցի գեներալը մեղադրել է Ադրբեջանին. Բաքուն մեղադրանքները զրպարտություն է որակել |azatutyun.am|

Իրանցի գեներալը մեղադրել է Ադրբեջանին. Բաքուն մեղադրանքները զրպարտություն է որակել |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում և դիմակայելու է դրան, իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին՝ դիմելով Բաքվին՝ հայտարարել է իսլամական հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին։ Նա նշել է, որ Կովկասում առկա զգայուն հարցերից մեկն այդ երկրի սահմաններին սիոնիստական ռեժիմի տարրերի, մյուսը՝ սիրիացի ահաբեկիչների առկայությունն է, որոնք տարածաշրջան են տեղափոխվել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Ի պատասխան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զրպարտություն է որակել իրանական բանակի հրամանատարի հայտարարությունը՝ պնդելով, թե «Ադրբեջանի տարածքում օտար տարրեր չկան», և Բաքվի հասցեին Թեհրանի բոլոր մեղադրանքները «անհիմն և անընդունելի են»։ Իրանցի գեներալը նաև շեշտել է, որ Թեհրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին։ Բաքվից կրկին մեղադրանքներ են տեղացել, թե իրանական կողմը մշտապես աջակցել է Հայաստանին, այդ թվում՝ պատերազմից առաջ։ «Եվ այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիան և Իրանը Հայաստանի հիմնական դաշնակիցներն են աշխարհում»,- ընդգծել են նախարարությունից։
09:40 - 31 մարտի, 2023
Եղել են քարտեզների տարընթերցումներ, 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել. ՀՀ ԱԱԾ

Եղել են քարտեզների տարընթերցումներ, 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել. ՀՀ ԱԱԾ

Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն: 2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով եւ իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից: Համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախօրեին ձեռբերված պայմանավորվածությունների երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում: Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացրել ինժեներական աշխատանքներ: Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ: Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետեւ դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության:
20:05 - 30 մարտի, 2023
Այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակի շփումների ժամանակ. Զախարովան` ՀՀ ՍԴ-ի` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման մասին |tert.am|

Այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակի շփումների ժամանակ. Զախարովան` ՀՀ ՍԴ-ի` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման մասին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ: «Մոսկվան Երևանի հետ բարձր մակարդակի շփումներում քննարկում է Միջազգային քրեական դատարանի կանոնագրքի հնարավոր վավերացման հարցը։ Ես հարկ չեմ համարում հրապարակել այդ շփումների մանրամասները: Մենք ենթադրում ենք, որ այդ հարցը կկարգավորվի դաշնակցային և փոխընդունելի ձևով»,- նշել է Զախարովան։ Հիշեցնենք, որ ըստ ՍԴ որոշման Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։Հիշեցնենք, որ 2022-ի տարեվերջին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կանոնադրության ճանաչման հարցին անդրադարձն, ըստ Կառավարության, պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով։ Կանոնադրությունը ստորագրվել է 1998 թվականին, սակայն ՀՀ-ն առ այսօր չէր վավերացրել, քանի որ Սահմանադրական դատարանը 2004 թվականին համաձայնագրի պարտավորությունները հակասող էր ճանաչել ՀՀ այդ պահին գործող սահմանադրության մի քանի դրույթին։ 
18:46 - 30 մարտի, 2023