Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով․ Ռուբինյան
 |azatutyun.am|
13:39 - 03 ապրիլի, 2023

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով․ Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով անցած շաբաթավերջին Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի ունեցած իրադարձություններին։

Ռուբինյանը հիշեցրեց՝ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհն էր գործում, մինչև Կոռնիձորի մոտով անցնող նոր ճանապարհը պատրաստ կլիներ։ Ապրիլի 1-ից այլընտրանքային ճանապարհը դադարեց գործել և գործարկվեց նոր ճանապարհը, և քանի որ, ինչպես ԱԺ փոխնախագահն ասաց, այլընտրանքային ճանապարհը մինչ այս ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո էր, սահմանի Տեղ-Կոռնիձոր հատվածում ո՛չ Հայաստանի Հանրապետության կողմից, ո՛չ մյուս կողմից դիրքեր չկային և այդտեղ, բնականաբար, դիրքերի անհրաժեշտություն առաջացավ։

ԱԺ փոխնախագահը շարունակեց՝ կար պայմանավորվածություն, որ դրա մի հատվածում երկու կողմերից սահմանապահներ պետք է լինեն, սակայն ի հայտ եկան տարընթերցումներ, որի արդյունքում Ադրբեջանի ներկայացուցիչները հինգ կետում 300-ից 500 մետր ավելի առաջ են տեղակայվել։

Վկայակոչելով ԱԱԾ հաղորդագրությունը՝ Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի համապատասխան կառույցի ներկայացուցիչներն այդ հատվածում հանդիպել են, որի արդյունքում վիճակն էականորեն բարելավվել է՝ դիրքային կամ տեղակայման առումով։ Ըստ Ռուբինյանի՝ աշխատանքները շարունակվելու են։

Բաքուն մարտի 30-ին հայտարարեց, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ, հիմնական ու օժանդակ ճանապարհներ և Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև ընկած տարածքը։ Փաշինյանը, սակայն, նույն օրը, կառավարության նիստի ժամանակ, վստահեցրեց, հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան-Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել։

Ազգային անվտանգության ծառայությունն ավելի ուշ հայտնեցոր Հայաստան-Արցախ նոր՝ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել