ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Բարձրագույն ատյանի վարչական պալատի ստեղծմամբ հնարավոր է լինելու թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը. Քրիստինե Մկոյան
 |1lurer.am|

Բարձրագույն ատյանի վարչական պալատի ստեղծմամբ հնարավոր է լինելու թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը. Քրիստինե Մկոյան |1lurer.am|

1lurer.am: Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Քրիստինե Մկոյանը կողմ չէ այն գնահատականներին, թե Հայաստանում դատարանների հանդեպ վստահության պակաս կա:  «Մենք անընդհատ խոսում ենք դատարանների հանդեպ վստահության մասին, սակայն եթե նայում ենք հակադարձ համեմատության մեջ, դատարանների ծանրաբեռնվածությունը հակառակի մասին է խոսում: Կարծում եմ, որ արտադատարանական կարգով վեճերի լուծումը երևի թե իր վերջնական նպատակին չի հասնում, և վեճերի լուծման ողջ հոսքն ուղղվում է դեպի դատարաններ: Դա վկայում է վստահելիության մասին»,- ասաց նա:   Բարձրագույն ատյանի վարչական պալատի ստեղծմամբ, նրա համոզմամբ, անհերքելի է Վճռաբեկ դատարանի ներկայիս գործող քաղաքացիական և վարչական պալատի ծանրաբեռնվածության թոթափումը:    «Այդ պալատի ստեղծմամբ մենք հնարավորություն ենք ունենալու նաև թոթափել ծանրաբեռնվածությունը առաջին ատյանի դատարանում և Վերաքննիչ դատարանում»,- ասաց Մկոյանը:    Մկոյանը Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր է:   
14:33 - 27 հունիսի, 2022
Դատավորներն առաջադրվել են այն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռեւս հանդես է գալիս ղեկավար դիրքերից. «Հայաստան» դաշինք

Դատավորներն առաջադրվել են այն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռեւս հանդես է գալիս ղեկավար դիրքերից. «Հայաստան» դաշինք

Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռեւս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացվել, քրեական հետապնդման դեռեւս չի ենթարկվել: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը։ «Ազգային ժողովում այսօր արտահերթ կարգով քննարկում են Բարձրագույն դատական խորհրդի  առաջադրած` Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցը: Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռեւս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացվել, քրեական հետապնդման դեռեւս չի ենթարկվել: Դատարաններում միատեսակ պրակտիկա ապահովելու առաքելություն ստանձնելու թեկնածուների առաջադրումը Բարձրագույն դատական խորհրդի նման կազմի, դեռեւս նման անդամ-նախագահի պաշտոնակատարի կողմից փաստում է արդեն իսկ նման կարեւոր իրավական գործընթացի հեղինակազրկումը: Հաշվի առնելով, որ հայտնի ձայնագրության հրապարակումից, դրա՝ իրավապահ համակարգի եւ նույն ԲԴԽ-ի վերաբերյալ անդառնալի հեղինակազրկող գնահատողական դատողությունների հաստատումից հետո մինչ օրս Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնավարում է եւ ներկայացնում այն կառույցը, որն առաջադրել է դատավորների թեկնածուների եւ, անկախ նրանից՝ ով է ընտրվելու, նույնիսկ իրական արդարադատություն իրականացրած թեկնածուների` Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների դեպքում կիրառելի է լինելու «թունավոր ծառի պտուղների» իրավական կանոնը: ԱԺ «Հայաստան» խմբակցություն 27.06.2022թ.»,- նշվում է հայտարարության մեջ։
13:25 - 27 հունիսի, 2022
ԱԺ-ում արտահերթ նիստ է գումարվել․ օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցն է

ԱԺ-ում արտահերթ նիստ է գումարվել․ օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցն է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել, որի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցն է։ Բարձրագույն դատական խորհուրդը վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Լիանա Այվազյանի,  6-րդ գումարման Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունները։ Թեև, ըստ օրակարգի, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին ԱԺ-ում պետք է ներկայացներ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, սակայն նրա փոխարեն թեկնածուներին ներկայացնում է ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։ Ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչու Գագիկ Ջհանգիրյանը չի ներկայացնում թեկնածուների,  Դավիթ Խաչատուրյանը տեղեկացրեց, որ Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվում, Ջհանգիրյանի պարտականությունները ժամանակավորապես Դավիթ Խաչատուրյանն է իրականացնելու։
11:52 - 27 հունիսի, 2022
2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով մեկ-երկու անձ չէ պատասխանատվության ենթարկվում․ Ջհանգիրյանի սխալ պնդումները՝ Հ1-ի եթերում

2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով մեկ-երկու անձ չէ պատասխանատվության ենթարկվում․ Ջհանգիրյանի սխալ պնդումները՝ Հ1-ի եթերում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով իր եւ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը, իրականությանը չհամապատասխանող մի քանի պնդում է արել։ Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնենք, 2021 թ․ փետրվար ամսվա այդ ձայնագրությունը հրապարակեց օրեր առաջ՝ հունիսի 20-ին՝ հայտարարելով, որ դա ապացույցն է այն բանի, որ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը եւ քրեական հետապնդումը քաղաքական որոշման հետևանք են։ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել էր այս տարվա մայիս ամսին ԲԴԽ 3 անդամների՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի եւ Դավիթ Խաչատուրյանի նախաձեռնությամբ էական կարգապահական խախտման առիթով (որի շրջանակում հունիսի 23-ին ԲԴԽ նրան ենթարկեց կարգապահական պատասխանատվության՝ դադարեցնելով նրա լիազորությունները), իսկ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար նրան մեղադրանք էր առաջադրվել դեռ նախորդ տարի՝ 2021 թ․ ապրիլ ամսին Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե)։ 2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով բազմաթիվ անձինք են ենթարկվում պատասխանատվության Երեկվա հարցազրույցում ներկայացնելով իր պարզաբանումները՝ Գագիկ Ջհանգիրյանն ասել է․ «Ես ուզում եմ մենք հիշենք, թե ինչ պայմաններում եմ ես ընտրվել ԲԴԽ անդամ։ Դա նոյեմբերյան իրադարձություններից հետո էր՝ հունվարի վերջ։ Դուք հիշում եք Կառավարության շենքի գրավումը, մասսայական անկարգությունները, կառավարական կեցավայրի ջարդուփշուրը, ԱԺ նախագահի նկատմամբ հաշվեհարդարը․․․ Երբ այդ բոլոր մեղադրյաներին տանում էին դատարաններ՝ համապատասխան խափանման միջոց ընտրելու, կարծես բոլոր մեղադրյալները ազատվեցին, որեւէ մեկի նկատմամբ կալանք չընտրվեց, շատերի մեղադրանքների հիմնավոր կասկածները հերքվեցին, եւ պատահական չէ, որ մինչ այսօր էլ այդ մասսայական անկարգությունների գործերով ընդամենը մեկ-երկու կամ երեք մարդ է արդեն ենթարկվում կամ ընթացքում է նրանց քրեական պատասխանատվության խնդիրը, որովհետեւ ամբողջը խափանվեց․․․» Ջհանգիրյանը նկատի ունի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020 թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությանը հաջորդած անկարգությունների դեպքերը, սակայն նրա այն պնդումները, թե այդ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով որեւէ մեկի նկատմամբ կալանավորում խափանման միջոց չի ընտրվել կամ որ այսօր էլ «մեկ-երկու կամ երեք» մարդ է ենթարկվում պատասխանատվության, իրականությանը չեն համապատասխանում։  Այսպես․ մայիս ամսին մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետաքրքրվելով հարուցված քրեական գործի ընթացքից։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից այդ ժամանակ հայտնել էին, որ քրեական գործով 53 անձի նկատմամբ որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 44-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Դրանցից 23-ը բավարարվել էր, այդ թվում 3-ը՝ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ, իսկ 33 անձի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:  Ավելի թարմ տվյալների համար դիմեցինք նաեւ ՀՀ դատախազությանը։ Մեր հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն այսօր հայտնեց, որ նախաքննության փուլում գտնվող տվյալ քրեական գործով ներկայումս 25 անձ, որոնցից մեկը՝ կալանավորված, ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ․ «2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, ԱԺ շենքում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննությունը շարունակվում է, քննություն է կատարվում նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով»,- ասաց նա։ Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ կան հիշյալ դեպքերին վերաբերող նախաքննությունն ավարտված եւ դատարան ուղարկված մի շարք քրեական գործեր, որոնցով կայացվել են նաեւ մեղադրական դատավճիռներ։ Մասնավորապես, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ մայր քրեական գործից անջատվել եւ մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել  29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ: Գոռ Աբրահամյանի խոսքով՝ 29 անձից 9-ի վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ։ Մասնավորապես, 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով եւ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է:  Մեկ այլ գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին, եւ ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, քան նախատեսված է այդ հոդվածով, այսինքն՝ ազատազրկում 2 տարի ժամկետով: Նշված դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք:   Կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) 1 անձ դատապարտվել է տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով:  Անջատված գործերից մեկով էլ համաձայնեցման վարույթի շրջանակներում 3 անձ (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է 2 տարի փորձաշրջան: Մեկ այլ գործով էլ դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման եւ 500.000 ՀՀ դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման: Ավետիք Չալաբյանի գործով ձայնագրությունը դատարանի որոշմամբ կատարված ձայնագրություն չէ Հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանը համեմատություն է արել՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ նաեւ հասարակական գործիչ, «5165 շարժման» անդամ Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ գաղտնի ձայնագրություն հրապարակվեց, ինչից հետո քրեական գործ հարուցվեց, եւ Չալաբյանը կալանավորվեց (նրան մեղադրանք էր առաջադրվել ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով երկու եւ ավելի անձանց նյութապես շահագրգռելու համար)․ «Ինքն էլ կարող է ասել՝ ես կուտ էի տալիս (նման արտահայտություն երեկ Ջհանգիրյանն է արել,-հեղ․), որ հասկանայի՝ ինչ է կատարվում, Ձերը շատ ավելի բազմավեկտոր է, բայց Դուք կալանավորված չեք, մենք խոսում ենք արդարադատության մասին»,- դիմելով Ջհանգիրյանին՝ ասել է Ղազարյանը։ Ի պատասխան՝ Ջհանգիրյանը նշել է․ «Ես ենթադրում եմ, որ Չալաբյանի ձայնագրությունը օրենքով նախատեսված կարգով, այսինքն՝ դատարանի որոշմամբ, նախապես սանկցիայով կատարված ձայնագրություն է, դա ապացույց է, իսկ սա, կներեք, քեֆի սեղանի շուրջ կատարված խոսակցությունների գաղտնալսում է»։ Ջհանգիրյանի այս ենթադրությունը եւս սխալ է, քանի որ ակնհայտ է, որ Չալաբյանի մասնակցությամբ ձայնագրությունը կատարվել է ոչ թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, այլ մասնավոր անձի կողմից։ Այն ի սկզբանե հրապարակվել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված medianews.site կայքում, եւ անգամ նախաքննական մարմինն էր իր հաղորդագրության մեջ նշել, որ դեպքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել լրատվական կայքերից մեկում։ Ավելին, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկումը եւ ներքին դիտումը (որը, ի թիվս այլնի, ենթադրում է նաեւ տեխնիկական միջոցների կիրառմամբ ձայնագրում) կարող են իրականացվել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, եւ եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է: Արարքը, որի մեջ Չալաբյանին կասկածում, այժմ մեղադրում են, նախատեսված է Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածով, որը նախատեսում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում, իսկ նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը, համարվում են միջին ծանրության հանցագործություններ։ Այսինքն՝ Չալաբյանին մեղսագրվող արարքի շրջանակում նշված ՕՀՄ-ները չէին էլ կարող իրականացվել։ Դատավորի էթիկայի կանոնները միայն ի պաշտոնե գործելու համար չեն նախատեսված Անդրադառնալով Պետրոս Ղազարյանի այն հարցին՝ արդյո՞ք իր վարքագծով Ջհանգիրյանը չի խախտել դատավորի համար նախատեսված էթիկայի կանոնները, նա պատասխանել է․ «Ես ընդունում եմ, որ մարդկային էթիկայի կանոն եմ խախտել, բայց դատավորի, որի կարգավիճակը իմ վրա տարածվում է, ոչ մի էթիկայի խախտում չկա, որովհետեւ ես հանրային դաշտում չեմ խոսել, ես խոսել եմ նեղ, ընկերական, տղամարդկանց շրջապատում․․․ Էթիկայի կանոնների խախտումը հրապարակային, հանրային դաշտում կատարած խախտում պիտի լինի․․․ Հո ես իմ ընտանիքում, իմ ընկերների հետ զրույցների ժամանակ պարտադրվա՞ծ չեմ էթիկայի կանոնները պահպանել․․․ Դա գործնական հանդիպում չէր, դա նույն խորհրդակցական մարմնի երեք անդամի ինտիմ զրույց էր»։ Իրականում խախտում կա թե ոչ՝ իրավասու սուբյեկտների որոշելիքն է, բայց նշենք, որ դատավորի վարքագծի եւ էթիկայի կանոններ նախատեսված են ոչ միայն ի պաշտոնե գործելու համար։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, ինչպես նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի՝ «Դատավորի էթիկայի կանոնները սահմանելու մասին» 2018 թ․ որոշմամբ այդ կանոնները տարանջատված են երկու տեսակի՝ էթիկայի կանոնները ի պաշտոնե գործելիս եւ ոչ դատական գործառույթների իրականացման ընթացքում, որոնց թվում են, օրինակ, ընտանեկան, հասարակական եւ այլ հարաբերությունների ազդեցությունը իր՝ որպես դատավորի առաքելության վրա թույլ չտալը, կոչմանն անհարիր կապերից խուսափելը եւ այլն։    Միլենա Խաչիկյան
22:45 - 24 հունիսի, 2022
Գ. Ջհանգիրյանն իր հայտարարությամբ կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը

Գ. Ջհանգիրյանն իր հայտարարությամբ կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի օրերս տարածված ձայնագրության առնչությամբ: Հայտարարությունը ստորև. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, 23.06.2022թ․ Հանրային հեռուստատեսության եթերում պատասխանելով լրագրող Պետրոս Ղազարյանի հարցին, անդրադարձավ Ավետիք Չալաբյանին գաղտնալսելու հանգամանքին՝ նշելով, որ ենթադրում է, թե դա եղել է դատարանի որոշման հիման վրա։ Գագիկ Ջհանգիրյանի «ենթադրությունների» վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Նախ` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գաղտնալսումը որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում կարող էր իրականացվել բացառապես այն դեպքում, երբ Ավետիք Չալաբյանը կասկածվեր ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, իսկ Ավետիք Չալաբյանին մեղսագրվել է միջին ծանրության հանցագործություն։ Երկրորդ` անհասկանալի է, թե արդյոք պարոն Ջհանգիրյանի ենթադրությունը ներառում է նաև, որ, օրինակ, դատարանը թույլատրել է ոչ միայն գաղտնալսել Չալաբյանին և մյուս զրուցակիցներին, այլ նաև՝ գաղտնալսման ձայնագրությունը մոնտաժելն ու ինչ-որ լրատվական միջոցի տրամադրելը։ Հիշեցնենք, որ քննարկվող ձայնագրությունը, որն ակնհայտորեն մոնտաժված է, տեղադրվել էր  medianews.am լրատվական կայքում։ Երրորդ` գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք թույլ են տալիս լիարժեքորեն ժխտել գաղտնալսումը դատարանի որոշման հիման վրա իրականացված լինելու ենթադրությունը, սակայն նախաքննական գաղտնիքի շրջանակներից դուրս չգալու պահանջը չխախտելու նպատակով այս փուլում այդ հանգամանքներին չենք անդրադառնա։ Այդուհանդերձ, իհարկե, չենք բացառում, որ քննարկվող գաղտնալսումն ու ձայնագրությունն  իրականացվել է իրավապահ մարմինների կողմից, սակայն միանշանակ բացառում ենք, որ այդ գաղտնալսումն ու ձայնագրությունն իրականացվել է օրինական ճանապարհով։ Միաժամանակ հայտարարում ենք, որ մեր գնահատմամբ պարոն Ջհանգիրյանը խախտել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորին ներկայացվող վարքագծի կանոն՝ այն է, հրապարակայնորեն կարծիք է հայտնել մի գործով, որով ինքը հանդես չի գալիս ո՛չ որպես կողմ, ո՛չ էլ` կողմի ներկայացուցիչ։ Ըստ այդմ՝ իր հայտարարությամբ ևս մեկ անգամ կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը և հիմք է տալիս ենթադրելու, որ թե՛  վարույթն իրականացնող մարմնի և թե՛ առայժմ այս փուլում մինչդատական և դատական վերահսկողության գործերով դատավորների նկատմամբ առկա է հստակ վարչահրամայական ճնշում»։
13:38 - 24 հունիսի, 2022
Ժողովրդի լեզվով ասած՝ կուտ եմ տվել. Ջհանգիրյանը՝ Վարդազարյանի հետ զրույցի  մասին |news.am|

Ժողովրդի լեզվով ասած՝ կուտ եմ տվել. Ջհանգիրյանը՝ Վարդազարյանի հետ զրույցի մասին |news.am|

news.am: Եթե ամբողջական ձայնագրությունը ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացնի, ապա դա նրա համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Ձայնագրության մեջ լսվում է նաև Ջհանգիրյանի կողմից արտահայտած հայհոյանքներ, որոնց առնչությամբ նա ներողություն խնդրեց. «Ես ուզում էի հայցել մեր մայրերի, քույրերի, կանանց, աղջիկների ներողամտությունը, որ հակառակ իմ կամքի, այլ լսարանում, փակ միջավայրում, տղամարդկանց շրջապատում որոշ անվայելուչ արտահայտությունների համար. իմ վրիպման արդյունքում հանրայնացվեցին, ես զղջում եմ։ Այդ արտահայտություններն իրենց, իրենց լսարանի համար չէին նախատեսված։ Դա տղամարդկային նեղ շրջանակում ընթացող քննարկման արդյունքում, մտերմիկ զրույցի տիրույթում արտաբերած բառեր էին»։ Հարցին՝ արդյո՞ք Վարդազարյանի հետ հանդիպումը տևել է 15 րոպե, Ջհանգիրյանը պատասխանեց, որ հանդիպումը տևել է մոտ 2 ժամից ավելի. «Ես վստահ եմ՝ առաջին իսկ վայրկյանից այդ ձայնագրությունը կա, ուղղակի այդ 14 րոպեն ծաղկաքաղ է արված։ Եթե դա սեղանի զրույց է, որտեղ նստած են երեք տղամարդ, և տևում է 2.5 ժամ, բնականաբար միայն մեկը չի խոսում, խոսում են բոլորը։ Թե չէ այստեղ դուրս է գալիս, որ ես մոնոլոգ եմ ասում, և այդ տպավորիչ բառերն էլ իրար հետևից ասում եմ»։ Ջհանգիրյանն ասաց, որ Վարդազարյանը հրաժարվել է այդ ձայնագրության ամբողջական տարբերակը տրամադրել ԲԴԽ անդամներին. «Երբ ես մտաբերում եմ այն թեմաները, որոնք այնտեղ քննարկվել են… այնտեղ բավականին հետաքրքիր թեմաներ կան, որոնք բացարձակ ձեռնտու չեն պարոն Վարդազարյանին՝ հանրայնացվելու տեսանկյունից։ Ես չեմ ուզում նախապես որևէ մեղադրանք հնչեցնել, որովհետև կարծում եմ՝ այդ ծաղկաքաղ արված ձայնագրությունն ուղարկված է համապատասխան քննչական մարմնին՝ ուսումնասիրելու համար։ Կարծում եմ՝ հետագայում առիթ կլինի այդ հարցերին անդրադառնալու»։ Հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է հրաժարական ներկայացնել, Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես իմ կյանքում երեք անգամ հրաժարական եմ տվել իմ զբաղեցրած պաշտոններից. մեկը 1997 թվականին Արդարադատության նախարարի առաջին տեղակալն եմ եղել, կամավոր հրաժարական եմ ներկայացրել, մյուսը 2000 թվականին եղել եմ Զինվորական դատախազը, դատախազական հսկողություն եմ իրականացրել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը քննող քննչական խմբի նկատմամբ և հրաժարական եմ ներկայացրել երկրորդ նախագահին, որը չի ընդունվել, և երրորդը՝ 2008 թվականին իմ աշխատասենյակից ուղղակի եկել եմ հրապարա, միացել եմ համաժողովրդական շարժմանը, հասկանալով, որ հաջորդ իսկ օրը պետք է ազատվեի զբաղեցրածս պաշտոնից։ Երբեք որևէ քաղաքական ուժի, դաշինքի պարտադրանքի արդյունքում երբեք հրաժարական չեմ տվել»։ Հարցին՝ արդյո՞ք իր կողմից արված որոշ հայտարարություններ չեն ստվերում դատական համակարգում արվող բարեփոխումները, Ջհանգիրյան արձագանքեց. «Ուզում եմ՝ հիշենք, թե ինչ պայմաններում եմ ես ընտրվել ԲԴԽ անդամ, դա նոյեմբերյան իրադարձություններից հետո էր, հիշում եք Կառավարության շենքի գրավումը, մասսայական անկարգությունները, կառավարական կեցավայրի ջարդուփշուրը, ԱԺ նախագահի նկատմամբ հաշվեհարդարը և այդ բոլոր մեղադրյալներին երբ տանում էին համապատասխան խափանման միջոց ընտրելու համար դատարաններ, հիշում եք նաև Ռուբեն Վարդազարյանը կոչ արեց՝ եկել է ժամանակը, որ դուք ապացուցեք և այլն։ Կարծես թե բոլոր մեղադրյալներն ազատվեցին, որևէ մեկի նկատմամբ կալանք չընտրվեց։ Ավելին, շատերի մեղադրանքների հիմնավոր կասկածները հերքվեցին։ Պատահական չէ, որ այդ գործերով ընդամենը երկու կամ երեք մարդ է ենթարկվում քրեական պատասխանատվության»։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք այդ գործընթացը կազմակերպել է Ռուբեն Վարդազարյանը Ջհանգիրյանն ասաց. «Ես այդպիսի բան չասեցի, ես նկարագրում եմ իրավիճակը, երբ ես համաձայնություն եմ տվել, եկել եմ և ԱԺ-ն ինձ ընտրել է ԲԴԽ անդամ։ Հիշում եք այդ ժամանակ հասարակական-քաղաքական գործիչների գնահատականները դատական իշխանության մասին։ Այսինքն՝ ակնհայտ էր, որ մեր ամբողջ դատական համակարգը խրված էր քաղաքական գործընթացների մեջ։ Դա կատարվում էր ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ընթացքում, նա երբեք դրան դեմ չի արտահայտվել»։ Ջհանգիրյանը պնդեց՝ ինքն էր իր առաջ խնդիր դրել, որ Ռուբեն Վարդազարյանը կամավոր հրաժարական ներկայացնի. «Պարոն Վարդազարյանն արդեն դատական համակարգը մտցրել էր բացահայտ հակադրման մեջ գործադիր և օրենսդիր իշխանության հետ։ Ես գնացել եմ բանակցությունների»։ Հարցին՝ ո՞վ էր իրեն լիազորել՝ գնալ Վարդազարյանի հետ բանակցությունների, Ջհանգիրյանն ասաց. «Ես, ինձ ո՞վ կարող էր լիազորել։ Ես եմ գնացել բանակցությունների պարոն Վարդազարյանի հետ։ Քանի որ մեր հարաբերություններն արդեն լարված էին, թեև ինքը եղել է իմ ուսանողը, բայց նույնիսկ մինչև իմ ընտրվելը, ինքն արդեն ասում էր, որ ես իրավունք չունեմ և այլն։ Ես բազմաթիվ հանցագործների հետ եմ զրուցել, համոզել եմ ընդունել իրենց մեղքը, դու կիրառում ես հոգեբանական հնարքներ, օրինակ՝ դա ի՞նչ պաշտոն է, որ դու տենց կառչած ես դրանից, խելոք մարդը պիտի հասկանա, չէ՞, եթե այդպես է՝ ես ինչո՞ւ եմ այդ պաշտոնին նստել. այսինքն՝ որպեսզի նա հեշտության տրվի այդ հորդորին, դիմում գրի, ազատվի, ես նրա աչքում նսեմացնում եմ իր զբաղեցրած պաշտոնը»։ Անդրադառնալով ձայնագրության մեջ Ջհանգիրյանի այն խոսքին, թե «վզիս դրված է», և այն դիտարկումներին՝ այդպիսով պարզ է դառնում, որ գործադիրի թելադրանքներն է կատարում ինքը, Ջհանգիրյանն արձագանքեց. ««Վզիս դրածը», կոպիտ ասած, «իմ ճիտին պարտքն է», այսինքն՝ ես ինքս ստանձնել եմ կամավոր բարեփոխման ընթացքի կատարումը տեսական հիմքերի շարադրումը, դա ես ստանձնել եմ 1990 թվականից։ Որ ասում եմ՝ «վզիս դրած» է, ես նկատի ունեմ, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե մեկն ինձ պարտադրել է»։ Անդրադառնալով քրեական գործեր կարճելու մասին իր հայտարարությանը՝ Ջհանգիրյանն ասաց. «Դրանք հոգեբանական հնարքներ են։ Կուտ եմ տվել՝ ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են»։ Հիշեցնենք, որ Վարդազարյանը հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ձայնագրություն է հրապարակել իր, Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ նախորդ տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ 
23:45 - 23 հունիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցվեցին էական կարգապահական խախտման հիմքով
 |tert.am|

Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցվեցին էական կարգապահական խախտման հիմքով |tert.am|

tert.am: Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ։ Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը․«Քննության առնելով Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը կազմող Հանձնախմբի կողմից ներկայացված միջնորդությունն ու կից ներկայացված փաստաթղթերը, և ղեկավարվելով Սահմանադրությամբ ու սահմանադրական օրենքներով, ԲԴԽ–ն որոշել է Հանձնախմբի միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բավարարել, ԲԴԽ– անդամ, նախագահ, Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»։ Որոշումը ստորագրել են ԲԴԽ անդամներ Գագիկ  Ջհանգիրյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը, Մեսրոպ Մակյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Ստեփան Միքայելյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը և  Վիգեն Քոչարյանը։ Հատուկ կարծիքներ ունեն Մեսրոպ Մակյանն ու Չիչոյանը, դեմ է Անի Մխիթարյանը և ունի հատուկ կարծիք։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները մինչև այժմ կասեցված էին։
14:26 - 23 հունիսի, 2022
ԲԴԽ-ն Ջհանգիրյանի փոփոխության հարց դեռ չի քննարկում
 |azatutyun.am|

ԲԴԽ-ն Ջհանգիրյանի փոփոխության հարց դեռ չի քննարկում |azatutyun.am|

azatutyun.am: Աղմկահարույց ձայնագրության հրապարակումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի փոփոխության հարց չի քննարկում։ Համենայն դեպս մինչ այս պահը կարգապահական վարույթ հարուցելու որևէ նախաձեռնություն չկա, «Ազատությանը» փոխանցեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ հավելելով, որ խորհրդում այսօր քննարկել են ձայանգրությունը ու ստացել պարզաբանումներ։ «Տվյալ պահի դրությամբ որոշակի կասկածներ, այսպես ասած, փարատվել են մեր մոտ։ Այո՛, մենք հանդիպման մասին անցած տարի իմացել ենք, որ նման հանդիպում է եղել, խորհրդի նիստում այդ հարցը բարձրաձայնվել է, թե ինչ բովանդակություն է եղել և ինչ են քննարկել, մենք չենք իմացել», - ասաց Բեքմեզյանը։ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցում հնարավոր է կարգապահական վարույթ սկսելու միջոցով, ինչի համար անհրաժեշտ է ԲԴԽ 10 անդամից առնվազն երեքի ստորագրությունը։ Այս պահին, սակայն, ինչպես ԲԴԽ անդամ Բեքմեզյանը փոխանցեց, նման հարց չի քննարկվում։ «Նման հարց չի քննարկվել։ Պարոն Ջհանգիրյանը մեզ տվել է պարզաբանումներ, բացատրություններ, որոնք էս պահին այն, ինչ-որ մենք ունենք, մեզ բավարար է։ Ամբողջական պատկերցում կազմելու համար, մեզ պետք է ամբողջական ձայնագրությունը», - ասաց Բեքմեզյանը։
16:10 - 21 հունիսի, 2022
Նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել. «Հայաստան» դաշինք

Նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակած ձայնագրության մասին հայտարարություն է տարածել, որում ասվում է․  «Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից եւ ոչ մեկը։ Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, ՍԴ կազմի նկատմամբ ապօրինի միջամտության համեմատականներ, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։ Այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են միջազգային հանրության կողմից իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով։ Սույնով «Հայաստան» դաշինքն արձանագրում է․ 1. խորհրդարանական վերջին ընտրությունների լեգիտիմիության բացակայությունը, որը մեր կողմից քանիցս հիմնավորվել էր, այլեւս հաստատվում է նաև դատական համակարգի հստակ կանխակալ տրամադրվածության, միջամտության անհերքելի փաստով,2. նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել,3. ակնհայտ է, որ Հայաստանում առկա է մեկ մարդու բռնապետություն, որով պայմանավորված է իրավապահ համակարգի համակարգային կախվածությունն ու քաղաքականացումը։ Ստեղծված իրավիճակից միակ ելքը օրվա իշխանությունների անհապաղ հեռացումն է»։
16:57 - 20 հունիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե․ Դատախազություն

Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե․ Դատախազություն

Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ, հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա:Հանձնարարվել է նաև ապահովել ստւգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն։ Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազելի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել:
14:42 - 20 հունիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանը իր և Գագիկ Ջհանգիրյանի առանձնազրույցի ձայնագրություն հրապարակեց

Ռուբեն Վարդազարյանը իր և Գագիկ Ջհանգիրյանի առանձնազրույցի ձայնագրություն հրապարակեց

Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ Վարդազարյանի խոսքով 2021 թ.-ի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Վարդազարյանը նշեց, որ խոսքն այն մասին է, որ իրեն առաջարկվել է հրաժարական տալ. «Ով ինձ փոխանցել է առաջարկությունը, իր անունը չեմ տա, բայց ինձ փոխանցվել է վարչապետի անունից: Ես ասել եմ՝ մինչև մարտի 1-ը ինձ ժամանակ է պետք, որովհետև գործուղում ունեմ Մոսկվա, ամսի մեկին ես կհանդիպեմ վարչապետին, ու եթե հրաժարականի պահանջ կա, այդ մարդը պետք է ինձ ասի, ոչ թե փոխանցի երրորդ, չորրորդ անձանց միջոցով»:  Ինչպես ասուլիսի ընթացում նշեց Վարդազարյանը, այդ հանդիպումը չի կայացել: Ռուբեն Վարդազարյանի մեկնաբանմամբ ձայնագրությունում Ջհանգիրյանը ասում է իրեն հրաժարական ներկայացնել մինչև մարտի մեկը, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի, իսկ դրանից հետո ինքը՝ Ջհանգիրյանը, որևէ այլ բան, քան քրեական հետապնդում չի երաշխավորում. «Իսկ մինչև ամսի մեկը հրաժարական տալու դեպքում, լսեցիք, որ երաշխավորում է՝ ոչ մի հետապնդում չի լինելու: Հարցին, թե ես օրեր առաջ ինչը մերժեցի, որ իմ ֆեյսբուքյան էջում տեղադրեցի, հետևյալն էր. առաջարկ էի ստացել Ջհանգիրյանի անունից հետևյալի վերաբերյալ, որ մինչև ժամը 12-ը եթե ես հրաժարական տամ, ապա կվերադառնամ, կդառնամ դատավոր, կաշխատեմ որպես ԲԴԽ անդամ՝ Ջհանգիրյանի նախագահության դեպքում, և որևէ կարգապահական վարույթ չի լինի: Այսինքն՝ ստացվում է՝ հրաժարականի դեպքում չկա կարգապահական խախտում, իսկ հրաժարական չտալու դեպքում կա»: Նրա խոսքով՝ «ակնհայտ երևաց և՛ քաղաքական դրդապատճառը՝ ինչու է դա կատարվում, երևաց՝ ոնց է դա կատարվում, ինչ են առաջարկել»: Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացրեց իրավական հատվածը: Նա նշեց. «Փաստորեն քննարկվում է անձի՝ աշխատանքից, առնվազն ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, քննարկվում է, որ դա պայմանավորված է, օրինակ, ԲԴԽ նախագահի հայտարարություններով, ձայնագրության տերմինալոգիայով ասած, դիրքավորմամբ: Այսինքն՝ ոչ թե դա խախտում է, խնդիր է, [այլ] ուղղակի դուր չի գալիս, որ գործադիր ու օրենսդիր իշխանություններին պատասխան է հնչում դատական համակարգից: Տեսնում ենք՝ ինչ-որ մարդիկ ինչ-որ գործընթացներում տարբեր շարժառիթներ ունեն... Այս բոլորը ակնհայտորեն ցույց են տալիս, որ և՛ քրեական հետապնդումը՝ այն քրգործը, որը այսօր գնում է, և որի շրջանակներում բողոքարկումներ են տեղի ունենում, և՛ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը ունեն մեկ նպատակ՝ հեռացնել ԲԴԽ նախագահին, որ այդ տեղն ազատվի, ու հնարավոր լինի այլ անձի նշանակել»: Վարդազարյանը նշեց, որ գուցե հարց առաջանա, թե ինչու են իրեն ցանկանում հեռացնել, ինչով է ինքը խանգարում Բարձրագույն դատական խորհրդում: Նրա խոսքով միակ խնդիրը հետևյալն է. «Ես կտրականապես դեմ եմ, որ դատարանները կատարեն քաղաքական պատվերներ, և միշտ բուֆերի դեր եմ կատարել դատավորների և այն անձանց՝ կլինեն իշխանությունից, թե ընդդիմությունից, թե հասարակական կառույցից, միջև: Իմ խորին համոզմամբ միակ դրական ելքը, որ կարող է ունենալ դատական համակարգը, ապաքաղաքական լինելն է: Ես ամեն ինչ արել եմ, որ դատարանը հնարավորինս արագ և որակով ապաքաղաքականանա: Այս պատճառով ես ձեռք չեմ տալիս իշխանությանը»: ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահը հայտնեց, որ իր և Ջհանգիրյանի հանդիպումը կազմակերպել է ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը՝ լարվածությունը շտկելու համար. «Իսկ ես քանի որ գիտեի, որ շփվելու եմ մի մարդու հետ, որ կարմիր գիծ չունի, խնդրեցի իմ ընկերներին, տվեցին սարք, որով այս ձայնագրությունը տեղի ունեցավ»:  Նա նշեց, որ ինքը ճիշտ է արել, որ ձայնագրել է խոսակցությունը, որովհետև եթե այլ կերպ պատմեր, իրեն չէին հավատա կամ ապացույցներ կուզեին. «Ինձ մեղադրանք է առաջադրել այն ժամանակ դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը ձայնագրել է իմ հեռախոսային խոսակցությունը, և, դա տրամադրելով իշխանություններին, դարձել է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նույն իրավիճակն է»: Վարդազարյանը նշեց, որ ինքը վստահ է, որ այս ձայնագրությունն էլ ոչինչ չի փոխելու, ու իր լիազորությունները դադարեցնելու են: Հիշեցնենք՝ Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Գործն այժմ դատարանում է։ Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ասուլիսի ժամանակ մեկնաբանեց ձայնագրությունն ու ասաց, որ հրապարաված զրույցում ոչ թե քննարկվում է Վարդազարյանի՝ հրաժարական տալու կամ չտալու հարցը, այլ այն, որ հրաժարական տալու հարցը արդեն իսկ որոշված է, դրա մասին հայտնել են Վարդազարյանին, բայց որ որոշակի ժամկետից հետո Ջհանգիրյանը այլևս ոչինչ չի կարող անել քրգործ չհարուցելու համար:
13:52 - 20 հունիսի, 2022
ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը․ Արամ Օրբելյան 
 |tert.am|

ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը․ Արամ Օրբելյան |tert.am|

tert.am: ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը  և վարույթը կարող է վերսկսվել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ «ՀՀ դատական որևէ ատյանում Ես երբևէ չեմ նկատել, որ կողմերից մեկի բացակայության պայմաններում նիստը շարունակվի՝ առանց կողմի, եթե վերջինս միջնորդել է հետաձգել է նիստը։ Մի քանի դատական նիստի նշանակման պարագայում ներկայանում են ավելի վաղ նշանակված դատական նիստին։ Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ ՍԴ-ում հունիսի 21-ին պետք է ընթանա ՄԻՊ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականության հարցի քննությունը, որը,կառաջացնի կազուս։ Փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ անդամի լիազորությունների կասեցում, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործըթնացը պետք է ունենա միայն մեկ նպատակ՝ բարելավել դատական համակարգի գործունեությունը, երբ ունենում են այլ նպատակներ, ապա դրանք դառնում են ինքնին ապօրինի։  Նշենք, որ ԲԴԽ-ն օրերս քննել է Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը՝ առանց Վարդազարյանի և նրա ներկայացուցչի մասնակցության, թեև փաստաբանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը, քանի որ ինքը Կապանում այլ գործերով դատական նիստերի էր։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:27 - 20 հունիսի, 2022
Կալանավորումների պատկերը ՀՀ-ում՝ վերջին 14 տարում․ ընդհանուր առմամբ, առկա է նվազման միտում

Կալանավորումների պատկերը ՀՀ-ում՝ վերջին 14 տարում․ ընդհանուր առմամբ, առկա է նվազման միտում

Կալանավորումը, որպես մարդու ազատությանն առավելագույնս միջամտող ամենախիստ խափանման միջոց, պարբերաբար քննարկման առարկա է դառնում այն համատեքստում՝ արդյո՞ք դատարաններն իսկապես ըստ անհրաժեշտության են կիրառում այն, թե՞ որոշ դեպքերում առաջնորդվում են քաղաքական նպատակահարմարությամբ։ Այս տարեսկզբին Ազգային ժողովում հրավիրված հանդիպումներից մեկի ընթացքում եւս դրա վերաբերյալ հայտարարություններ հնչեցին։ Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսումնասիրել է վիճակագրական տվյալները, եւ պատկերը ծայրաստիճան  անհանգստացնող է եղել, քանի որ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարվել է։ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը նշեց, որ այնուհանդերձ, թե՛ վերջին մեկ-երկու, թե՛ շատ ավելի երկար տարիների կտրվածքով կալանավորումների թվի նվազման միտումը հստակ է։ Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը եւս նշեց, որ կալանավորումների թիվը, ըստ Դատախազության տվյալների, նվազում է: Infocom-ը ուսումնասիրեց վերջին տարիներին դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդությունների  եւ կալանավորման որոշումների թվային պատկերը՝ ամիսներ շարունակ պետական կառույցներին հարցումներ ուղղելով եւ դրա հավաքման հետ կապված որոշակի խնդիրներ վեր հանելով։  Թեեւ մեր հարցումների արդյունքում հնարավոր չեղավ ամբողջությամբ բացահայտել այդ խնդիրների պատճառները, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ամբողջական պատկերի մեջ էական փոփոխության չեն հանգեցնում, ինչպես նաեւ այն, որ Դատական դեպարտամենտի վիճակագրություններն ավելի ամբողջական են՝ մենք ուսումնասիրեցինք Դեպարտամենտի՝ 2007-2021 թթ վիճակագրությունները (բացառությամբ 2008 թ․-ի) հասկանալու համար՝ ընդհանուր առմամբ, կալանավորման միջնորդությունների եւ որոշումների թվի ինչ միտում է առկա։ Ըստ վիճակագրական տվյալների՝ վերջին 14 տարվա ընթացքում կալանավորման ամենամեծ թվով միջնորդությունները՝ 3752 հատ, ներկայացվել են 2009 թ․-ին, ամենաքիչ թվովները՝ 1233 հատ՝ 2013 թ․-ին։ Կալանավորման որոշումներ Հայաստանում ամենաշատը կայացվել են 2010 թ․-ին․ դրանց թիվը կազմել է 3434։ Կալանավորման որոշումների ամենացածր ցուցանիշը 1156-ն է․ այն արձանագրվել է 2013 թ․-ին։ Ինչ վերաբերում է մերժումներին, միջնորդություններն ամենաքիչը՝ 69 անգամ, մերժվել են 2007 թ․-ին, իսկ ամենաշատը՝ 2020 թ․-ին․ մերժումների թիվը այդ տարի եղել է 345։  Վիճակագրական ամբողջական պատկերը՝ ստորեւ․ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե 2007 թ․-ից սկսած յուրաքանչյուր տարի կալանավորման քանի միջնորդություն է ներկայացվել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ։     Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդություններից քանիսն են բավարարվել, քանիսը՝ մերժվել։    Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդություններից քանի տոկոսն է բավարարվել, քանիսը՝ մերժվել։   Թեմային առնչվող վիճակագրություն առկա է ե՛ւ Դատական դեպարտամենտում, ե՛ւ Գլխավոր դատախազությունում Մեր վեր հանած խնդիրներից առաջինը վիճակագրական տվյալների անհամապատասխանությունն է։ Բանն այն է, որ վիճակագրության վարման պարտականություն ունի ե՛ւ Դատական դեպարտամենտը, ե՛ւ Գլխավոր դատախազությունը։ Մասնավորապես, Դատական դեպարտամենտը վիճակագրությունը վարում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով եւ Կառավարության  2018 թվականի դեկտեմբերի 27-ի 1542-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Ըստ այդմ, Դեպարտամենտը այն վարում է էլեկտրոնային ձեւով՝ դատարանների աշխատակազմերից կիսամյակային եւ տարեկան հաշվետվություններ ստանալու միջոցով։ Հավաքված վիճակագրական տվյալները Դեպարտամենտը հրապարակում է դատական իշխանության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում։ Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազությանը, վերջինս հավաքում է ՀՀ հետաքննության եւ նախաքննության մարմինների կողմից ներկայացվող ամսական, կիսամյակային եւ տարեկան հաշվետվությունները, որոնք վարվում են ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի 204-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Հավաքված վիճակագրական տվյալները, ի թիվս այլնի, ներառվում են նաեւ Գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացվող տարեկան հաղորդումների մեջ։ Այսինքն՝ Դեպարտամենտում հավաքվող վիճակագրական տվյալների սկզբնական աղբյուրը ՀՀ-ում գործող դատարանների աշխատակազմերն են, իսկ Դատախազությունում հավաքվող տվյալներինը՝ հետաքննության եւ նախաքննության մարմինները։ Պետական երկու կառույցներում հավաքվող վիճակագրությունները, սակայն, առնվազն երեք տարիների կտրվածքով տարբեր են։ Դատական դեպարտամենտի մեթոդաբանական առանձնահատկությունները Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված են դատարանների գործունեության տարեկան հաշվետվություններ՝ սկսած 2007 թվականից։ Խնդիրներից մյուսն էլ այն է, որ դրանցում բացակայում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի քննության վերաբերյալ 2008 թվականի հաշվետվությունը։  Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք գրավոր հարցմամբ դիմեցինք Բարձրագույն դատական խորհրդին՝ խնդրելով հայտնել, թե որն է այդ հաշվետվության բացակայության պատճառը, այն երբեւէ չի՞ հավաքագրվել թե՞ բացակայում է տեխնիկական պատճառներով։ Տեխնիկական պատճառներով կայքից բացակայելու, սակայն ինֆորմացիոն կրիչներում պահպանված լինելու դեպքում էլ խնդրեցինք տրամադրել այդ հաշվետվությունը։ Դատական դեպարտամենտի վերլուծության եւ մշտադիտարկման վարչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին հետեւյալը․ «Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր չի եղել պարզել մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի քննության վերաբերյալ 2008 թ․ հաշվետվությունների առկայությունը, հետեւաբար Ձեր կողմից ակնկալվող տեղեկությունը տրամադրել հնարավոր չէ»։ Մեթոդաբանական առանձնահատկություններին վերաբերող մեր հարցումներին ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տեղեկացրին, որ Դեպարտամենտը հաշվառում է հետախուզման մեջ գտնվող անձանց կալանավորելու միջնորդություններն ու համապատասխան որոշումները, սակայն չի հաշվառում կալանավորման վերահաստատման միջնորդություններն ու որոշումները։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվում է, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար դարձյալ միջնորդություն է ներկայացվում դատարան, որի հիման վրա դատարանը նոր որոշում է կայացնում՝ այն բավարարելու կամ մերժելու մասին։ Ըստ Դեպարտամենտի՝ մասնակի բավարարված միջնորդությունները եւս ներառված են բավարարված միջնորդությունների թվում։ Մասնակի բավարարումը նշանակում է, որ անձի նկատմամբ կալանավորում խափանման միջոցն ընտրվում է 1 ամսով, այնինչ, ըստ օրենքի, կալանավորման նախնական ժամկետը 2 ամիսն է։ Լրացուցիչ հարցմամբ ԲԴԽ-ից նաեւ հետաքրքրվեցինք, թե նախկինում, երբ գրավը համարվում էր կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, եւ դատարանները, անձանց կալանավորելու որոշում կայացնելով, միաժամանակ որոշում էին կայացնում գրավ կիրառելու մասին, ինչպե՞ս էին հաշվառում այդ միջնորդությունները եւ համապատասխան որոշումները։ Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1480 որոշման ուժով գրավը դադարեց լինել միայն այլընտրանքային՝ դառնալով ինքնուրույն խափանման միջոց։ Ի պատասխան հարցման՝ Դեպարտամենտից հայտնեցին, որ նախքան ՍԴ որոշումը կալանավորման միջնորդությունը եւ գրավի միջնորդությունը հաշվառվում էին առանձին-առանձին, ըստ այդմ, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կայացվող որոշումները եւս հաշվառվում էին առանձին-առանձին։ Այսինքն՝ դատարանների կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության բավարարման դեպքում, երբ միաժամանակ թույլատրելի էր ճանաչվում գրավի կիրառումը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, դրանք հաշվառվում էին որպես առանձին բավարարված միջնորդություններ: Նույն կերպ երբ, օրինակ, դատարանները բավարարում էին կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը՝ միաժամանակ մերժելով գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը, դրանք նույնպես հաշվառվում էին որպես առանձին միջնորդություններ եւ առանձին որոշումներ։ Դատախազության մեթոդաբանական առանձնահատկությունները Ուսումնասիրելով Գլխավոր դատախազի տարեկան հաղորդումները՝ պարզ է դառնում, որ դրանցից որոշների մեջ առկա է ծանուցում այն մասին, որ վիճակագրական տվյալները չեն ներառում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները։ Խոսքը վերաբերում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ գրավոր հարցմամբ դիմեցինք Դատախազությանը՝ հետաքրքրվելով, թե ինչ պատճառով Դատախազության վիճակագրության մեջ չեն ներառվում այս հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները, եւ ո՞ր թվականից սկսած (քանի որ ոչ բոլոր հաղորդումներում է առկա այդ ծանուցումը)։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկացրին, որ ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերող տվյալները ներառվում են ՀՀ դատախազության կողմից վարվող վիճակագրության մեջ, սակայն ԱԺ ներկայացվող տարեկան հաղորդումների մեջ չեն ներառվում՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված անձանց ներառման դեպքում հնարավոր չի լինի ստանալ կալանավորում խափանման միջոցի կիրառման իրական պատկերը, քանի որ այդ հոդվածով մեղադրյալ ներգրավված եւ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառված անձանց տեսակարար կշիռը զգալիորեն գերազանցում է ՔՕ-ի մնացած հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թվին:  Դրանից բացի, Դատախազությունից հայտնեցին, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով անձը ներգրավվում է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում, որից հետո նաեւ դատարաններն են բավարարում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները: Այսինքն՝ թեեւ կայացվում են այդ անձանց կալանավորելու որոշումներ, սակայն դա պրակտիկայում իրագործելու հնարավորություն չի լինում, քանի որ նրանք գտնվում են հետախուզման մեջ։ Հարկ է նշել, որ այս հանգամանքը կարող է վերաբերելի լինել ՔՕ ցանկացած այլ հոդվածի (իհարկե, տոկոսային այլ հարաբերակցությամբ), քանի որ կալանավորելու որոշումներ կարող են կայացված լինել ՔՕ ցանկացած այլ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված եւ հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ։  «Նման պայմաններում նշված անձանց ներառումը առաջին ատյանի դատարան ներկայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների թվի եւ դրանց քննարկման արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումների թվի մեջ հնարավորություն չի տա իրական պատկերացում կազմելու ներկայացված միջնորդությունների բավարարման տոկոսային հարաբերակցության, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ»,- հայտնեցին Դատախազությունից՝ հավելելով, որ այդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց տվյալները երբևէ չեն ներառվել ՀՀ դատախազության տարեկան հաղորդումների մեջ։ Խնդրել էինք պարզաբանել նաեւ, թե ոչ ամբողջական վիճակագրության հիման վրա կալանավորման միջնորդությունների քանակի տարեկան աճի կամ նվազման վերաբերյալ ինչպես է Դատախազությունը հաղորդման մեջ եզրահանգումներ անում։ Ի պատասխան հարցին՝ դարձյալ նշեցին, որ նախորդիվ բերված պատճառաբանությունները հիմք ընդունելով՝ հնարավոր չի լինի իրական պատկերացում կազմել ներկայացված միջնորդությունների թվի աճի, դրանց բավարարման տոկոսային հարաբերակցության մասին, եթե դրանում ներառվեն նաև ՔՕ 327-րդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց տվյալները: Լրացուցիչ հարցմամբ Դատախազությունից խնդրեցինք հայտնել, թե  2007-2020 թթ ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի քանի քրեական գործ է հարուցվել, կալանավորման քանի միջնորդություն է ներկայացվել 327-րդ հոդվածով եւ մնացած հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց նկատմամբ, եւ դրանցից քանիսն են բավարարվել, քանիսը՝ մերժվել։ Հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկացրին, որ կոնկրետ հարուցված քրեական գործերի եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների վերաբերյալ համահավաք տվյալները (բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով) առկա են 2017թ. եւ դրանից հետո հրապարակված հաղորդումներում: Իսկ կոնկրետ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնոդրությունների հետ կապված վիճակագրության համադրությամբ համահավաք տվյալները ՀՀ գլխավոր դատախազությունում առկա են՝ սկսած 2019 թվականից․ «Դա պայմանավորված է ամենամյա հաղորդումները համադրելի եւ համեմատելի ընդհանուր տվյալների հիման վրա կազմելու, այդ նաատակով անհրաժեշտ վիճակագրական տվյալները ըստ ոլորտների հավաքագրելու եւ մշակելու՝ ՀՀ դատախազությունում կատարված մեթոդաբանական բարեփոխմամբ»,- ասված էր պատասխանում։ Ըստ այդմ, Դատախազությունը տրամադրեց 2019, 2020, 2021 թթ հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ՝ առանձին 327-րդ հոդվածով եւ մնացած հոդվածներով կալանավորման միջնորդությունների եւ դրանց արդյունքում կայացված որոշումների վիճակագրական տվյալները։  Դատախազությունից եւս հայտնեցին, որ իրենք հաշվառում են հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների կալանավորման միջնորդություններն եւ համապատասխան որոշումները, սակայն կալանավորման վերահաստատման միջնորդություննեը, ըստ այդմ՝ դրանցով կայավող որոշումները չեն հաշվառում։ Թվային աղյուսակը լրացնելու՝ Կառավարության սահմանած կարգից պարզ է դառնում, որ կալանավորումը գրավով փոխարինելու դեպքերը Դատախազությունում եւս հաշվառվել են առանձին-առանձին։ Քանի որ աղյուսակում մասնակի բավարարման առանձին տող չկա, ենթադրվում է, որ այդպիսի բավարարումները եւս ներառվել են ընդհանուր բավարարումների մեջ։ Այնուհանդերձ, Դատախազության տրամադրած՝ 327-րդ հոդվածի եւ մնացած հոդվածների վերաբերյալ վիճակագրական տվյալների հանրագումարը դարձյալ հավասարազոր չէ Դատական դեպարտամենտի տվյալներին։  Օրինակ, ըստ Դատախազության՝ 2019 թվականին ներկայացվել է կալանավորման 1860 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 1981, 2020 թ․-ին՝  համապատասխանաբար 1890 եւ 1976, իսկ 2021 թ․-ին՝ համապատասխանաբար 1905 եւ 1996։ 2019 թվականին, ըստ Դատախազության, բավարարվել է, կալանավորման 1704 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 1803, 2020 թ․-ին՝ համապատասխանաբար 1601 եւ 1621, իսկ 2021 թ․-ին՝ համապատասխանաբար 1614 եւ 1659։ 2019 թվականին, ըստ Դատախազության, մերժվել է կալանավորման 156 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 176։ 2020 թ․-ին մերժվել է համապատասխանաբար 289 եւ 345 միջնորդություն, իսկ 2021 թ-ին՝ 294 եւ 324։ Ըստ Դատախազության՝ թվային այս տարբերությունը կարող է պայմանավորված լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը մեր զրույցում ասաց, որ ինչպես ցանկացած պետական մարմնում, այնպես էլ Դատախազությունում վարվում է վիճակագրություն՝ Դատախազության համար ընդունելի մեթոդաբանությամբ, որը կարող է տարբերվել պետական այլ մարմնի կողմից կիրառվող մեթոդաբանությունից։ Սա, ըստ նրա, տարբերության օբյեկտիվ կողմն է։ Դրանից բացի, ըստ Ամիրյանի, պետք է հաշվի առնել, որ վիճակագրությունը, ցավոք, այս պահին վարվում է ձեռքով, ինչը, բնականաբար, մեծացնում է մարդկային գործոնի դերը եւ ավելացնում է սխալվելու ռիսկը․ «Իհարկե, այնպես չէ, որ տվյալ աշխատակիցը դիտավորյալ սխալներ է ներառում, բայց դա դիտարկում ենք սուբյեկտիվ գործոն, եւ այդ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների, այսինքն՝ մեթոդաբանության եւ մարդկային գործոնի համակցության պարագայում ինչպես կալանքի, այնպես էլ այլ հարցերում հնարավոր են պետական տարբեր մարմիններ ունենան տարբեր վիճակագրական տվյալներ»։ Կարեն Ամիրյանի խոսքով՝ այս խնդրի հիմնական լուծումը միասնական էլեկտրոնային վիճակագրական տվյալների բազա ստեղծելն է, որպեսզի ապահովվի եւ մեթոդաբանության միասնականությունը, եւ հարյուր տոկոսով բացառվի մարդկային գործոնը․ «Այս երկու խնդիրների լուծման արդյունքում մենք, միանշանակ, կունենանք մեկ միասնական թիվ՝ անկախ նրանից՝ խնդիրը կվերաբերի կալանքի՞ն թե՞ ցանկացած այլ տեղեկության, որին տիրապետում է առնվազն երկու պետական մարմին»։ Մեր հարցին, թե այդ նպատակով Դատախազությունը գործնականում ինչ քայլեր է ձեռնարկում, Կարեն Ամիրյանը պատասխանեց, որ նախեւառաջ բարձրացնում է հարցը միջազգային գործընկերների  հետ հանդիպումների ժամանակ, որոնց գործառույթը այս կամ այն չափով վերաբերում է տվյալ ոլորտին․ «Դրանից բացի, մենք ունենք մեկ միասնական, այսպես կոչված, էլեկտրոնային արդարադատության ներդրման ծրագիր, որի շրջանակներում գուցե նաեւ այս հարցին լիարժեք անդրադարձ կատարվի, այսինքն՝ ե՛ւ պետության միջամտությամբ, այդ թվում՝ ֆինանսական եւ մարդկային, ե՛ւ միջազգային գործընկերների»։ Նշենք, որ Կառավարության 2021-2026 թթ ծրագրի համաձայն՝ Կառավարությունը, ի թիվս այլնի, նախատեսում է մշակել եւ իրականացնել  միասնական տվյալների քաղաքականություն, որի ներքո արդիականացվելու են վարչական տեղեկատվական համակարգերն ու պաշտոնական վիճակագրության կարողությունները:  Իսկ «Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» Կառավարության որոշման համաձայն՝ էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդնումը, ի թիվս այլնի, միտված է փոխգործելիության հարթակի շրջանակներում արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը եւ տվյալների շտեմարանները միավորելուն եւ վիճակագրական տվյալների հավաքագրումը ապահովելուն։ Դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը եւս մեր զրույցում նշեց, որ էլեկտրոնային քրեական գործեր ներդնելու նպատակներից մեկն այն է, որ ստեղծվի միասնական վիճակագրություն, եւ քաղաքացին երբ ցանկանա, կարողանա այդ պահի դրությամբ տվյալները ստանալ․ «Այս պահին աշխատանք է տարվում միասնական էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ, նախատեսում ենք նաեւ միասնական վիճակագրության ներդրում, եւ քննչական մարմինների հետ քնննարկումներ ենք ունենում, որպեսզի հստակեցնենք վիճակագրական ձեւերը, միասնական բազան ստեղծվի, եւ դատախազական ու քննչական տվյալները ներառվեն դրանում»։ Մարուխյանի խոսքով՝ վերջերս ԵՄ ծրագրերի համակարգողի հետ հանդիպման ժամանակ էլ են այս հարցը բարձրացրել՝ խնդրելով, որ ԵՄ վիճակագրության փորձագետը եւս ներգրավվի աշխատանքներում, եւ ստացել են համաձայնություն․ «Կարծում եմ՝ 2023 թ․ հունվարից սկսած մինչդատական քրեական վարույթի շրջանակում դա կունենանք, մյուս տարվա ցուցանիշները արդեն էլեկտրոնային կլինեն, ինչ վերաբերում է դատարաններին, դա, կարծում եմ, կկարողանանք վերջնական լուծել այն փուլից, երբ արդեն դատարաններ էլ քրեական գործերը էլեկտրոնային կուղարկվեն, վիճակագրությունը ամբողջական կդառնա, եւ այլեւս խնդիր չենք ունենա»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ դատարանների հետ տարվող աշխատանքներն էլ կփորձեն մյուս տարվա ընթացքում կազմակերպել։ Այսպիսով, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ընդհանուր առմամբ, վերջին 14 տարվա կտրվածքով նվազել է թե՛ դատարաններ ներկայացվող կալանավորման միջնորդությունների, թե՛ դատարանների կողմից կայացվող կալանավորման որոշումների թիվը։ Տոկոսային հարաբերակցության մեջ, սակայն, բավարարված միջնորդությունների թիվը մշտապես գերազանցել եւ այսօր էլ շարունակում է գերազանցել մերժվածներին, իսկ բավարարումների՝ նախորդ տարի արձանագրված ցուցանիշը՝ 83․1 տոկոսը, որի շուրջ քննարկում էր ընթանում ԱԺ-ում, համեմատության մեջ ամենացածրերից է։ Բոլոր դեպքերում, կալանավորումների քանակի աճի կամ նվազման վերաբերյալ եզրահանգումներ անելիս հարկավոր է հաշվի առնելով պետական երկու կառույցների մեթոդաբանական առանձնահատկությունները եւ հստակեցնել, թե որ կառույցի տվյալներն են հիմք ընդունվում։ Վիճակագրությունների վարման գործընթացում թերությունները շտկելու եւ անհամապատասխանություններից խուսափելու համար էլ հարկ է ներդնել մեկ միասնական էլեկտրոնային վիճակագրական բազա, որի ուղղությամբ, ինչպես նշվեց, աշխատանքերն ընթացքի մեջ են։   *Ինֆոգրաֆիկայում ներառված չեն առանց քննության թողնված միջնորդությունները, որոնք ամբողջի շատ չնչին մասն են կազմում։   Միլենա Խաչիկյան
17:22 - 04 հունիսի, 2022
Հետաքրքիր է, եթե հիմա գնանք ԲԴԽ, ի՞նչ պիտի պատասխանի Ջհանգիրյանը. Կարին Տոնոյան |news.am|

Հետաքրքիր է, եթե հիմա գնանք ԲԴԽ, ի՞նչ պիտի պատասխանի Ջհանգիրյանը. Կարին Տոնոյան |news.am|

news.am: Պետք է հիմա գնանք Բարձրագույն դատական խորհուրդ, որովհետեւ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր՝ գնացեք, եթե ձեր պահանջը չկատարվի, ապա նորից կգաք Բարձրագույն դատական խորհուրդ։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին՝ դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։ Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր ռդնփակ ռեժիմով քննվող վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը հետաձգել է։ Նիստը տեւել է 30 րոպե։ «Որտե՞ղ է երաշխավորված, որ մենք ամսի 1-ին գանք, նորից 30 րոպե չի տեւելու, նորից նույն ձեւով չեն լսելու ու նորից հեռանալու։ Կարծում եմ՝ մենք պետք է հիմա գնանք ԲԴԽ, որովհետեւ պարոն Ջհանգիրյանն ասաց՝ գնացեք, եթե ձեր պահանջը չի կատարվի, ապա նորից կգաք ԲԴԽ։ Հետաքրքիր է, եթե հիմա գնանք ԲԴԽ, ի՞նչ պիտի պատասխանի, առավել եւս, որ մենք ունենք արդեն երկրորդ բողոքը այն մասին, որ այդ դատերն այլեւս 30 րոպե չպետք է լինեն։ Այդ ո՞նց է, որ մեր Գալոյանի հարցով մինչեւ գիշեր դատ էին անում, իսկ այս գործով որ այսքան տուժող ու զոհ կա։ Սա նիկոլիզմյան դրսեւորում է։ Այսինքն՝ 30 րոպե լսեմ, գնամ, չպատասխանեմ»,- նշեց Կարին Տոնոյանը։
14:57 - 30 մայիսի, 2022
«Սասնա ծռեր» խմբավորման քրգործով կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. ԲԴԽ

«Սասնա ծռեր» խմբավորման քրգործով կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. ԲԴԽ

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ հայտնում ենք, որ 2021 թվականի փետրվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննված թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով կայացվել է դատավճիռ, որը  26.05.2022 թվականին  մտել է օրինական ուժի մեջ: Հետևաբար՝ 27.05.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հանձնվել է ՀՀ ոստիկանությանը և համապատասխան քրեակատարողական հիմնարկներին դատավճռի պահանջները կատարելու համար, որի հիմքով դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու նպատակով»: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ բերման են ենթարկվել Սասնա Ծռերի մի շարք անդամներ։ 
12:49 - 28 մայիսի, 2022