2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով մեկ-երկու անձ չէ պատասխանատվության ենթարկվում․ Ջհանգիրյանի սխալ պնդումները՝ Հ1-ի եթերում
22:45 - 24 հունիսի, 2022

2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով մեկ-երկու անձ չէ պատասխանատվության ենթարկվում․ Ջհանգիրյանի սխալ պնդումները՝ Հ1-ի եթերում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով իր եւ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը, իրականությանը չհամապատասխանող մի քանի պնդում է արել։

Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնենք, 2021 թ․ փետրվար ամսվա այդ ձայնագրությունը հրապարակեց օրեր առաջ՝ հունիսի 20-ին՝ հայտարարելով, որ դա ապացույցն է այն բանի, որ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը եւ քրեական հետապնդումը քաղաքական որոշման հետևանք են։ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել էր այս տարվա մայիս ամսին ԲԴԽ 3 անդամների՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի եւ Դավիթ Խաչատուրյանի նախաձեռնությամբ էական կարգապահական խախտման առիթով (որի շրջանակում հունիսի 23-ին ԲԴԽ նրան ենթարկեց կարգապահական պատասխանատվության՝ դադարեցնելով նրա լիազորությունները), իսկ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար նրան մեղադրանք էր առաջադրվել դեռ նախորդ տարի՝ 2021 թ․ ապրիլ ամսին Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե)։

2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով բազմաթիվ անձինք են ենթարկվում պատասխանատվության

Երեկվա հարցազրույցում ներկայացնելով իր պարզաբանումները՝ Գագիկ Ջհանգիրյանն ասել է․ «Ես ուզում եմ մենք հիշենք, թե ինչ պայմաններում եմ ես ընտրվել ԲԴԽ անդամ։ Դա նոյեմբերյան իրադարձություններից հետո էր՝ հունվարի վերջ։ Դուք հիշում եք Կառավարության շենքի գրավումը, մասսայական անկարգությունները, կառավարական կեցավայրի ջարդուփշուրը, ԱԺ նախագահի նկատմամբ հաշվեհարդարը․․․ Երբ այդ բոլոր մեղադրյաներին տանում էին դատարաններ՝ համապատասխան խափանման միջոց ընտրելու, կարծես բոլոր մեղադրյալները ազատվեցին, որեւէ մեկի նկատմամբ կալանք չընտրվեց, շատերի մեղադրանքների հիմնավոր կասկածները հերքվեցին, եւ պատահական չէ, որ մինչ այսօր էլ այդ մասսայական անկարգությունների գործերով ընդամենը մեկ-երկու կամ երեք մարդ է արդեն ենթարկվում կամ ընթացքում է նրանց քրեական պատասխանատվության խնդիրը, որովհետեւ ամբողջը խափանվեց․․․»

Ջհանգիրյանը նկատի ունի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020 թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությանը հաջորդած անկարգությունների դեպքերը, սակայն նրա այն պնդումները, թե այդ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով որեւէ մեկի նկատմամբ կալանավորում խափանման միջոց չի ընտրվել կամ որ այսօր էլ «մեկ-երկու կամ երեք» մարդ է ենթարկվում պատասխանատվության, իրականությանը չեն համապատասխանում։ 

Այսպես․ մայիս ամսին մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետաքրքրվելով հարուցված քրեական գործի ընթացքից։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից այդ ժամանակ հայտնել էին, որ քրեական գործով 53 անձի նկատմամբ որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 44-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Դրանցից 23-ը բավարարվել էր, այդ թվում 3-ը՝ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ, իսկ 33 անձի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: 

Ավելի թարմ տվյալների համար դիմեցինք նաեւ ՀՀ դատախազությանը։ Մեր հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն այսօր հայտնեց, որ նախաքննության փուլում գտնվող տվյալ քրեական գործով ներկայումս 25 անձ, որոնցից մեկը՝ կալանավորված, ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ․ «2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, ԱԺ շենքում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննությունը շարունակվում է, քննություն է կատարվում նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով»,- ասաց նա։

Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ կան հիշյալ դեպքերին վերաբերող նախաքննությունն ավարտված եւ դատարան ուղարկված մի շարք քրեական գործեր, որոնցով կայացվել են նաեւ մեղադրական դատավճիռներ։ Մասնավորապես, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ մայր քրեական գործից անջատվել եւ մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել  29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ: Գոռ Աբրահամյանի խոսքով՝ 29 անձից 9-ի վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ։

Մասնավորապես, 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով եւ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է: 

Մեկ այլ գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին, եւ ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, քան նախատեսված է այդ հոդվածով, այսինքն՝ ազատազրկում 2 տարի ժամկետով: Նշված դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք:  

Կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) 1 անձ դատապարտվել է տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով: 

Անջատված գործերից մեկով էլ համաձայնեցման վարույթի շրջանակներում 3 անձ (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Մեկ այլ գործով էլ դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման եւ 500.000 ՀՀ դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման:

Ավետիք Չալաբյանի գործով ձայնագրությունը դատարանի որոշմամբ կատարված ձայնագրություն չէ

Հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանը համեմատություն է արել՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ նաեւ հասարակական գործիչ, «5165 շարժման» անդամ Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ գաղտնի ձայնագրություն հրապարակվեց, ինչից հետո քրեական գործ հարուցվեց, եւ Չալաբյանը կալանավորվեց (նրան մեղադրանք էր առաջադրվել ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով երկու եւ ավելի անձանց նյութապես շահագրգռելու համար)․ «Ինքն էլ կարող է ասել՝ ես կուտ էի տալիս (նման արտահայտություն երեկ Ջհանգիրյանն է արել,-հեղ․), որ հասկանայի՝ ինչ է կատարվում, Ձերը շատ ավելի բազմավեկտոր է, բայց Դուք կալանավորված չեք, մենք խոսում ենք արդարադատության մասին»,- դիմելով Ջհանգիրյանին՝ ասել է Ղազարյանը։ Ի պատասխան՝ Ջհանգիրյանը նշել է․ «Ես ենթադրում եմ, որ Չալաբյանի ձայնագրությունը օրենքով նախատեսված կարգով, այսինքն՝ դատարանի որոշմամբ, նախապես սանկցիայով կատարված ձայնագրություն է, դա ապացույց է, իսկ սա, կներեք, քեֆի սեղանի շուրջ կատարված խոսակցությունների գաղտնալսում է»։

Ջհանգիրյանի այս ենթադրությունը եւս սխալ է, քանի որ ակնհայտ է, որ Չալաբյանի մասնակցությամբ ձայնագրությունը կատարվել է ոչ թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, այլ մասնավոր անձի կողմից։ Այն ի սկզբանե հրապարակվել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված medianews.site կայքում, եւ անգամ նախաքննական մարմինն էր իր հաղորդագրության մեջ նշել, որ դեպքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել լրատվական կայքերից մեկում։

Ավելին, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկումը եւ ներքին դիտումը (որը, ի թիվս այլնի, ենթադրում է նաեւ տեխնիկական միջոցների կիրառմամբ ձայնագրում) կարող են իրականացվել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, եւ եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է: Արարքը, որի մեջ Չալաբյանին կասկածում, այժմ մեղադրում են, նախատեսված է Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածով, որը նախատեսում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում, իսկ նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը, համարվում են միջին ծանրության հանցագործություններ։ Այսինքն՝ Չալաբյանին մեղսագրվող արարքի շրջանակում նշված ՕՀՄ-ները չէին էլ կարող իրականացվել։

Դատավորի էթիկայի կանոնները միայն ի պաշտոնե գործելու համար չեն նախատեսված

Անդրադառնալով Պետրոս Ղազարյանի այն հարցին՝ արդյո՞ք իր վարքագծով Ջհանգիրյանը չի խախտել դատավորի համար նախատեսված էթիկայի կանոնները, նա պատասխանել է․ «Ես ընդունում եմ, որ մարդկային էթիկայի կանոն եմ խախտել, բայց դատավորի, որի կարգավիճակը իմ վրա տարածվում է, ոչ մի էթիկայի խախտում չկա, որովհետեւ ես հանրային դաշտում չեմ խոսել, ես խոսել եմ նեղ, ընկերական, տղամարդկանց շրջապատում․․․ Էթիկայի կանոնների խախտումը հրապարակային, հանրային դաշտում կատարած խախտում պիտի լինի․․․ Հո ես իմ ընտանիքում, իմ ընկերների հետ զրույցների ժամանակ պարտադրվա՞ծ չեմ էթիկայի կանոնները պահպանել․․․ Դա գործնական հանդիպում չէր, դա նույն խորհրդակցական մարմնի երեք անդամի ինտիմ զրույց էր»։

Իրականում խախտում կա թե ոչ՝ իրավասու սուբյեկտների որոշելիքն է, բայց նշենք, որ դատավորի վարքագծի եւ էթիկայի կանոններ նախատեսված են ոչ միայն ի պաշտոնե գործելու համար։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, ինչպես նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի՝ «Դատավորի էթիկայի կանոնները սահմանելու մասին» 2018 թ․ որոշմամբ այդ կանոնները տարանջատված են երկու տեսակի՝ էթիկայի կանոնները ի պաշտոնե գործելիս եւ ոչ դատական գործառույթների իրականացման ընթացքում, որոնց թվում են, օրինակ, ընտանեկան, հասարակական եւ այլ հարաբերությունների ազդեցությունը իր՝ որպես դատավորի առաքելության վրա թույլ չտալը, կոչմանն անհարիր կապերից խուսափելը եւ այլն։ 

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել