Հայաստան

Նեդ Փրայսը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացման անհրաժեշտությունը
 |armenpress.am|

Նեդ Փրայսը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացման անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը և ընթանան համապարփակ և տևական խաղաղության ուղով: Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին՝ հենց կողմերին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին ուղղված մեր ուղերձն այն է, որ հարկավոր է լարվածությունը թուլացնելու ուղի գտնել և նորից ընթանալ համապարփակ և կայուն խաղաղության ուղով: Մենք ներգրավված ենք եղել այդ ջանքերում, ներգրավված ենք եղել այդ ջանքերում երկկողմանիորեն, ներգրավվել ենք այդ ջանքերում բազմակողմանիորեն, և կշարունակենք անել հնարավոր ամեն բան ուղղակիորեն կողմերի հետ, ինչպես նաև՝ բազմակողմ կառույցների և խմբավորումների միջոցով, այդ գործն առաջ մղելու համար: Մենք հույս ունենք, որ մյուս երկրները կուղարկեն ճիշտ նույն ուղերձը», - ասել է Փրայսը։ Պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն ողջունում է Երևանի և Անկարայի միջև վերջին շփումները Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, Նեդ Փրայսը նշել է, որ Վաշինգտոնը ողջունում է աշխարհի բոլոր երկրներին, որոնք ավերիչ երկրաշարժերից հետո կանգնել են Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդների կողքին:
10:53 - 16 փետրվարի, 2023
Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոնն է. Սերդար Քըլըչ

Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոնն է. Սերդար Քըլըչ

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Հայաստանի պատվիրակությանն օդանավակայանում դիմավորելու ընթացքից լուսանկարներ է հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում և կից գրել․ «Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոնն է։ Երբեմն, ինչպես այժմ, այս ճակատագիրը ցավերով է ձևավորվում։ Տարածաշրջանային երկրների միջև ցուցաբերվող մարդասիրական համերաշխությունն այս ցավերի թեթևացման լավագույն դեղամիջոցն է։ Տարածաշրջանի բոլոր երկրների նման Հայաստանը ևս թուրք ժողովրդի կողքին եղավ»։ Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Անկարայում տեղի է ունենցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, ինչից հետո նախարարները հանդես են եկել հայտարարություններով:
15:58 - 15 փետրվարի, 2023
Հայաստանի ցուցաբերած զորակցությունը մենք չենք մոռանալու. Սերդար Քըլըչ
 |armenpress.am|

Հայաստանի ցուցաբերած զորակցությունը մենք չենք մոռանալու. Սերդար Քըլըչ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի տրամադրած աջակցությանը՝ նշելով, որ այս փուլում դա կարևոր զարգացում է: «Մեր աշխարհագրությունը, տարածքը, որտեղ գտնվում ենք, մեր ճակատագիրը որոշող կարևոր գործոններից մեկն է։ Երբեմն այդ ճակատագիրը, ցավոք սրտի, նաև այսպիսի աղետներով է ձևավորվում։ Ցավը, վիշտը թեթևացնելու համար կարևոր գործոն է տարածաշրջանային երկրների զորակցությունը։ Ինչպես տարածաշրջանի մյուս երկրները, Հայաստանի ժողովուրդը ևս այս ցավալի պահին Թուրքիայի ժողովրդի կողքին կանգնելու ջանք է գործադրել՝ որոնողափրկարարական ջոկատներ է ուղարկել, նաև մարդասիրական օգնություն բեռնատարներով, որոնցից վերջին երկուսը՝ երեկ երեկոյան։ Հայաստանի արտգործնախարարն էլ Հայաստանի ժողովրդի ցավակցությունը հայտնելու համար եկավ Անկարա և հանդիպեց մեր արտգործնախարարի հետ։ Իհարկե, սրանք այս փուլում կարևոր զարգացումներ են։ Հայաստանի ցուցաբերած այս զորակցությունն, իհարկե, չենք մոռանալու։ Սա շատ կարևոր իրադարձություն է։ Միաժամանակ, ցավերը կարողանում են մերձեցնել մարդկանց։ Կարևոր գործընթացներ ենք ապրում»,- պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ ասաց Քըլըչը։    
15:52 - 15 փետրվարի, 2023
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են նոր թափ հաղորդել երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու աշխատանքներին
 |armenpress.am|

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են նոր թափ հաղորդել երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու աշխատանքներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու աշխատանքներին: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: «Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն, մեր նախարարն էլ ելույթի ընթացքում նշեց, որ համաձայնություն են ձեռք բերել այս խնդրի շուրջ աշխատանքներին նոր թափ հաղորդել։ Երկու նախարարները համաձայնության են եկել, հնարավորինս ամեն ինչ կանենք, որ կարճ ժամանակահատվածում, արագ կերպով Մարգարայի կամուրջը կարողանանք գործարկել»,- ներկայացնելով Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներն՝ ասաց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը։ Նա նաև վստահություն հայտնեց, որ վերջին շրջանի քայլերն առաջիկայում հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ազդեցություն կունենան։
15:43 - 15 փետրվարի, 2023
Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է Հարավային կովկասում հարաբերությունների նորմալացման գործընթացին. Չավուշօղլու |armenpress.am|

Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է Հարավային կովկասում հարաբերությունների նորմալացման գործընթացին. Չավուշօղլու |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն այս դժվարին օրերին մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել և ցույց է տվել համերաշխություն և համագործակցություն: Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների համար կատարած հայտարարության ժամանակ ասաց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Այսօր Հանդիպել ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Երկրաշարժից հետո նա  այցելել է մեզ՝ ի նշան Թուրքիայի հետ համերաշխության: Երկրաշարժից անմիջապես հետո վարչապետ Փաշինյանը ցավակցական ուղերձ հղեց մեր նախագահին և հայտնեց, որ պատրաստ է աջակցություն տրամադրել: Վարչապետ Փաշինյանը նաև հեռախոսազրույց ունեցավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Դրանից հետո Հայաստանը մեր երկիր որոնողափրկարարական խումբ ուղարկեց, ովքեր փետրվարի 8-ից մինչ օրս Ադայամանում աշխատում են մեզ հետ: Նրանք փոքր աղջկա և երիտասարդ կնոջ են կարողացել ողջ դուրս բերել փլատակներից»,- նշեց Թուրքիայի ԱԳ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին այս դժվարին օրերին իրենց միայնակ չթողնելու համար: Չավուշօղլուն մանրամասնեց, որ Հայաստանը 100 տոննա մարդասիրական աջակցություն է ուղարկել աղետից տուժած Թուրքիա, ևս մեկ խմբաքանակ ճանապարհին է: «Դժբախտաբար, Հայաստանը ևս գտնվում է սեյսմիկ գոտում: Բոլորիս հիշողության մեջ մնում է 1988 թվականին Սպիտակի աղետալի երկրաշարժը, որի ժամանակ Թուրքիան ևս օգնություն էր ուղարկել Հայաստանին: Հայաստանը 1999 թվականին մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ևս մարդասիրական օգնություն էր ուղարկել: Այս դժվարին օրերին ևս մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել և ցույց է տվել համերաշխություն և համագործակցություն»,- նկատեց Թուրքիայի ԱԳ նախարարը: Մևլութ Չավուշօղլուն մամուլի ներկայացուցիչների համար հայտարարության ժամանակ անդրադարձավ նաև Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպմանը: Նա նշեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող աշխատանքներին: «Հարավային կովկասում շարունակվում է հարաբերությունների նորմալացման գործընթացը: Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է այս գործընթացին: Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև նորմալացման գործընթացները, կարծում եմ, նպաստելու են մեր տարածաշրջանում կայունության և բարօրության հաստատմանը: Մեր երեք երկրներն իրենց անկեղծ քայլերով կարող են հարատև կայունություն բերել կովկասյան տարածաշրջանում»,-եզրափակեց Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն Անկարայից ուղևորվեց Ադեյաման:
14:08 - 15 փետրվարի, 2023
Հայաստանը ցամաքային սահմանով կրկին մարդասիրական բեռ է ուղարկել Թուրքիա

Հայաստանը ցամաքային սահմանով կրկին մարդասիրական բեռ է ուղարկել Թուրքիա

Հայաստանը ցամաքային սահմանով մարդասիրական նոր բեռ է ուղարկել Թուրքիա: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ «Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ-թուրքական սահմանը»,- գրել է Հունանյանը։ Հայաստանը ցամաքային սահմանով ևս մեկ հումանիտար օգնություն էր ուղարկել Թուրքիա փետրվարի 11-ին: Փետրվարի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Թուրքիա, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Միրզոյանն Ադըյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների հետ: 
10:25 - 15 փետրվարի, 2023
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը կարևորել է դեսպան Դևալի կողմից հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Արդյունավետ գնահատելով տնտեսության, տեխնոլոգիաների, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մյուս ոլորտներում գործակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժի շարունակական իրացմամբ: Վարչապետը նաև ջերմությամբ հիշատակել է 2019թ. Նյու Յորքում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ ունեցած հանդիպումը: Հնդկաստանի դեսպանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ բարձր գնահատականի համար և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը երկու երկրների միջև համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի և երկկողմ օրակարգի շուրջ:
16:30 - 14 փետրվարի, 2023
Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում. Սիդորով
 |armeniasputnik.am|

Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում. Սիդորով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները, որոնք իսկզբանե նախատեսվում էր անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում։ Այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի ՊՆ–ն ՀԱՊԿ–ին տեղեկացրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումն աննպատակահարմար է։ «Եզրափակիչ փուլում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անքակտելի եղբայրություն» վարժանքներն անցկացնել Ղրղզստանի Հանրապետության տարածքում, որոնց ընթացքում կմշակվեն հետհակամարտային խնդիրների լուծման եղանակները, ճգնաժամային գոտում իրավիճակի կարգավորման հարցերը, ինչպես նաև խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կիրառմամբ խաղաղապահ զորավարժությունների անցկացումը», -մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սիդորովը։ Նա նաև նշել է, որ Բելառուսի տարածքում նախատեսվում է համատեղ և հատուկ զորավարժություններ անցկացնել, որոնք միավորելու են ՀԱՊԿ հավաքական ուժերի տարբեր զորքերի։
12:30 - 14 փետրվարի, 2023
«Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծմանը նոր խնդիրներ կստեղծի»․ Վոլոդին |azatutyun.am|

«Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծմանը նոր խնդիրներ կստեղծի»․ Վոլոդին |azatutyun.am|

azatutyun.am: «Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի», - այսօր Մոսկվայում, Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Այն գործիչները, որոնք հայտարարություններ են հնչեցնում եվրոպական կառույցների ուղղությամբ, հեշտությամբ կարող են կորցնել երկիրը», - հայտարարել է Վոլոդինը՝ կոչ անելով կատարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթները։ «Այն մարդիկ, որ ցանկանում են ԵՄ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներգրավել այս հարցում՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակից ելնելով, պետք է 10 անգամ մտածեն և ծանրութեթև անեն, թե ինչով կարող է ավարտվել այդ ամենը», - հայտարարել է Վոլոդինը։
17:29 - 13 փետրվարի, 2023
«Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը»․ Քըլըչը շնորհակալություն է հայտնել 100 տոննա հումանիտար օգնության համար

«Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը»․ Քըլըչը շնորհակալություն է հայտնել 100 տոննա հումանիտար օգնության համար

«Բացի 28 հոգանոց փրկարարական թիմից և տեխնիկական սարքավորումներից, երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովրդի կողմից 5 բեռնատարներ՝ լցված 100 տոննա պարենային, դեղորայքի, ջրի և շտապ օգնության այլ փաթեթներով, անցնելով Ալիջանի սահմանային դարպասով, մեկնել են Ադըյաման։ Շնորհակալություն Հայաստան»,- թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ նշելով Ռուբեն Ռուբինյանին։ Սերդար Քըլըչը հրապարել է նաև հումանիտար օգնությամբ լցված բեռնատարների լուսանկարներ և արձագանքել ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի գրառմանը՝ նշելով․ «Շնորհակալություն սիրելի Վահան Կոսնտանյան և Ռուբեն Ռուբինյան՝ ձեր ջանքերի համար, որ սա հնարավոր դարձրիք։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ օգնելու մեղմել երկրաշարժից տուժած շրջանում մեր ժողովրդի տառապանքները»։ Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։
13:44 - 11 փետրվարի, 2023
Ռուսական ագրեսիան եւ միակողմանիությունը խաթարել են Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ․ Վեդանտ Փաթել |news.am|

Ռուսական ագրեսիան եւ միակողմանիությունը խաթարել են Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ․ Վեդանտ Փաթել |news.am|

news.am: ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Փաթելը փետրվարի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է՝ Ռուսաստանը խաթարել է հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։  Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելը մնում է անփոփոխ առաջնահերթություն ոչ միայն այդ վարչակազմի, այլեւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի մասին, մասնավորապես, վկայում են այդ հարցերի շուրջ նրա անմիջական շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Եվ դա այն է, ինչի վրա մենք շարունակելու ենք կենտրոնանալ: Լրագրողը նշել է, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան քննադատել է Վաշինգտոնի և Բրյուսելի խաղաղարար ջանքերը Հարավային Կովկասում եւ հարց է ուղղել, թե արդյոք Վաշինգտոնը սատարում է ռուսական կողմից կազմակերպված հանդիպումները՝ հիշեցնելով, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրորը փորձում է կազմակերպել եւս մեկ հանդիպում. «Ինչ վերաբերում է Ռուսաստանին․․․Փաստն այն է, որ ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են մի շարք ուղղություններով տարվող ջանքերն ու Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»,-ասել է Փաթելը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես «հավատարիմ է մնում խաղաղությանն աջակցելու ցանկացած ուղղությամբ փոխգործակցությանը, լինի դա երկկողմ հիմքի վրա, լինի դա ԵՄ-ի ներսում մեխանիզմների միջոցով, լինի դա ԵԱՀԿ-ի միջոցով»։ «Հարավային Կովկասում խաղաղությանը աջակցելը մեզ համար մնում է անփոփոխ առաջնահերթություն»,-հավելել է նա։ 
11:55 - 11 փետրվարի, 2023
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են նաև Լաչինի միջանցքի հարցը

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են նաև Լաչինի միջանցքի հարցը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Լաչինի միջանցքի հարցը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայի ԱԳՆ-ից։ «Նախարարը և պետքարտուղարը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը՝ վերանայելով հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող ջանքերը և ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։ Ներկայիս շրջափակման հետևանքով ի հայտ եկած լրջագույն հումանիտար հետևանքներն անընդունելի են, և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հետ շփումների միջոցով, համատեղում են ջանքերը՝ վերջ տալու այս իրադրությանը»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 9 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 7 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 83 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Ադրբեջանը արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 6 անգամ՝ 1 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Արցախը շրջափակման մեջ է։
17:38 - 10 փետրվարի, 2023
ԵԽ նոր զեկույցը Ադրբեջանին կոչ է անում դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից, Հայաստանին էլ որակում տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար
 |armenpress.am|

ԵԽ նոր զեկույցը Ադրբեջանին կոչ է անում դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից, Հայաստանին էլ որակում տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստել է Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույց, որը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, ընդգծում է, որ խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի ՀՀ տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ և գովաբանում է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը, որոնց արդյունքում ՀՀ-ն դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար: Ինչպես տեղեկացնում են Եվրախորհրդարանի կայքից՝ նոր զեկույցում ԵԽ պատգամավորները խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտել է խաղաղության հասնելու համար նախկինում ձեռնարկված փորձերը և հանգեցրել ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմանը: Ընդգծելով, որ այս վերջին ագրեսիան ուղղակի կապ չունի ԼՂ-ի շուրջ երկարաժամկետ հակամարտության հետ՝ զեկույցը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից։ Զեկույցը նաև հորդորում է երկու երկրների կառավարություններին աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղության պայմանագրի շուրջ, իսկ ԵՄ-ին հորդորում է շարունակաբար ներգրավվել, միջնորդել ու արդյունավետ կերպով նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատում են նաև, որ արդյունավետ լինելու համար խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ: Զեկույցը ողջունում է 2021 թվականի մարտին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելն ու այն իրականացնելու Հայաստանի հանձնառությունը։ Եվրախորհրդարանի պատգամավորները նաև գովաբանում են Հայաստանին՝ վերջին տարիներին իրականացրած նշանակալի բարեփոխումների, ժողովրդավարացման գործընթացի համար, որոնց արդյունքում երկիրը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար: ԵԽ պատգամավորները կոչ են անում նաև Եվրամիությանն ու Հայաստանին սերտորեն աշխատել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ընթացիկ և ապագա բարեփոխումների իրականացման վրա՝ շեշտելով, որ այն ընդգրկում է համատեղ աշխատանքի լայն շրջանակ: Զեկույցում նշվում է նաև հանցավորության և կոռուպցիայի դեմ Հայաստանի պայքարի մասին, այն խրախուսում է կառավարությանը շարունակել բարեփոխումները՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և դատական անկախության համար՝ չնայած միջազգային բարդ համատեքստին և այն մարտահրավերներին, որոնց բախվել է Հայաստանը: Եվրախորհրդարանի պատգամավորները զեկույցով, ողջունելով լրատվամիջոցների ազատության առումով բարելավումները, շեշտում են, որ երկրի մեդիա միջավայրը դեռևս բևեռացված է, ԵԽ պատգամավորները մտահոգված են լրագրողների նկատմամբ ատելության խոսքի և ֆիզիկական բռնության դեպքերով։ ԵԽ պատգամավորները կոչ են անում ջանքեր գործադրել՝ երկրի մեդիա ոլորտի բազմազանության և մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ: Լիովին աջակցելով ապատեղեկատվության դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին՝ ԵԽ պատգամավորները նշել են, որ ոչ մի միջոց չպետք է հանգեցնի լրագրողների կամ խոսքի ազատության սահմանափակումների։ «ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին զեկույցը ևս մեկ անգամ վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ Եվրոպական խորհրդարանի հանձնառությունը և մի շարք կարևոր ոլորտներում Հայաստանի ու ԵՄ-ի համագործակցությանը։ Որպես այս ուղղությամբ կարևոր քայլ՝ մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը և Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում երաշխավորել գրեթե 2 ամիս արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը»,- քվեարկությունից հետո ասել է զեկուցող Անդրեյ Կովաչևը։ Նշվում է, որ զեկույցն ընդունվել է 55 կողմ, 5 ձեռնպահ ձայներով: Հանձնաժողովի քվեարկությունից հետո տեքստն ամբողջությամբ կներկայացվի Եվրախորհրդարանի հաստատմանը:
21:10 - 09 փետրվարի, 2023