Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Այսօր Արցախից բուժառու չի տեղափոխվել Հայաստան․ տարածվող տեսանյութերում, ամենայն հավանականությամբ, Հայաստանից վերադարձող մեքենաներն են

Այսօր Արցախից բուժառու չի տեղափոխվել Հայաստան․ տարածվող տեսանյութերում, ամենայն հավանականությամբ, Հայաստանից վերադարձող մեքենաներն են

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում այսօր տեսանյութ է տարածվում, որտեղ երևում են շտապ օգնության մեքենաներ, որոնք շարժվում են Կարմիր խաչի մեքենաների ուղեկցությամբ: «Լաչինի միջանցքով Կարմիր խաչի ուղեկցությամբ կրկին շտապօգնության մեքենա է անցել»,- տեսանյութին կից նշվում է ալիքներում։  Երեկ, հիշեցնենք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից մեկ բուժառու էր տեղափոխվել Հայաստան, և տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էին շտապ օգնության և ԿԽՄԿ-ի մեքենաները։ Հաշվի առնելով, որ նոր տեսանյութ է տարածվել, Infocom-ը դիմեց ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ հասկանալու, թե արդյո՞ք նոր բուժառու է Արցախից Երևան տեղափոխվել։ Հայաստանում ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ երեկվանից հետո նոր բուժառու Արցախից Հայաստան չի տեղափոխվել։  Եթե ուշադիր նայենք տարածվող տեսանյութերը, կտեսնենք, որ երկուսում էլ տեղանքը նույնն է, սակայն երեկվա տեսանյութում շտապ օգնության և ԿԽՄԿ-ի մեքենաները մի ուղղությամբ են շարժվում, այսօրվա տեսանյութում՝ հակառակ։  Սա սքրինշոթ է երեկվա տեսանյութից։  Իսկ այս սքրինշոթն այսօրվա տեսանյութից է։  Երկու նկարների համեմատությունից պարզ է դառնում, որ սա ճանապարհի միևնույն հատվածն է, և մեքենաներն ընթանում են հակառակ ուղղություններով։ Հաշվի առնելով, որ անցնող երեք ավտոմեքենաների պետհամարանիշերը նույնն են՝ կարող ենք ենթադրել, որ միջանցքով Հայաստանից վերադառնում են երեկ Հայաստան բուժառուի տեղափոխած մեքենաները։Աննա Սահակյան
13:16 - 20 դեկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքով միայն մեկ անգամ եւ մեկ բուժառու է տեղափոխվել ՀՀ․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ապատեղեկատվություն է տարածում

Լաչինի միջանցքով միայն մեկ անգամ եւ մեկ բուժառու է տեղափոխվել ՀՀ․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ապատեղեկատվություն է տարածում

Ադրբեջանական apa.az լրատվականը հրապարակել է Արցախի շրջափակման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի խոսքերը՝  նյութը վերնագրելով «ԱԳՆ․ Շրջափակման մասին հայտարարությունները կեղծ են, հայկական շտապօգնության մեքենաներն անարգել անցնում են Լաչինի ճանապարհով»։ Հաջիզադեի հայտարարությունն ու ադրբեջանական գործակալության դրած վերնագիրը խեղաթյուրում են իրականությունը։ Արդեն 8 օր է՝ ադրբեջանցիները, որոնք ներկայանում են «բնապահպաններ», փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 120 հազար մարդ բլոկադայի մեջ է Արցախում, նրանց հարազատները, որոնք ՀՀ էին եկել, չեն կարողանում վերադառնալ տուն։ Այս ութ օրերի ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ Արցախում հումանիտար խնդիրներ կան, առողջական ծանր խնդիրներ ունեցող մարդիկ չեն կարողանում համապատասխան բուժօգնություն ստանալ, պլանային վիրահատությունները դադարեցվել են։  Իսկ Հաջիզադեն հայտարարել է, թե «չնայած շրջափակման մասին ապատեղեկատվությանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներն ու հայկական շտապօգնության մեքենաներն անարգել անցնում են Լաչինի ճանապարհով»։ Այս հայտարարությամբ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը տպավորություն է ստեղծում, թե ԿԽՄԿ եւ հայկական ՇՕ մեքենաների՝ միջանցքով անցուդարձը շարունակական է։ Սակայն միայն այսօր է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հայկական ՇՕ մեքենան կարողացել է անցնել Լաչինի միջանցքով՝ Արցախից Հայաստան տեղափոխելով 1960թ․ ծնված, սրտային պաթոլոգիայով տղամարդու, որը հրատապ վիրահատության կարիք ուներ:  Հաջիզադեն հայտարարել է նաեւ, թե «նման դեպքերն օրվա ընթացքում կրկնվում են մի քանի անգամ», ինչը եւս ապատեղեկատվություն է։  ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին infocom.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ այս ընթացքում ԿԽՄԿ միջնորդությամբ մինչ այս պահը միայն մեկ անգամ է բուժառուի տեղափոխում իրականացվել, եւ տեղափոխվել է միայն մեկ պացիենտ։ Նշենք նաեւ, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն էլ հաղորդել է, որ հիվանդը ՀՀ է տեղափոխվել Արցախի շտապօգնության մեկ մեքենայով, որին ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները: Տարածվում լուսանկարում եւս, որն այս նյութի հետ տեղադրված է, հստակ երեւում է շտապօգնության միայն մեկ մեքենա։ Ավելին՝ Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից հաղորդել են, որ կենտրոնում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Իսկ Արցախի «Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա է գտնվում ռեանիմացիոն բաժանմունքում: Այստեղ էլ երեխաներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Նշվել է, որ բժիշկների կողմից կատարվում է հնարավորը՝ հիվանդների  վիճակը կայունացնելու համար, որ Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ։ Սա արդեն իսկ նշանակում է, որ բլոկադայի պատճառով երեխաներին ՀՀ տեղափոխել չի հաջողվել։  Ադրբեջանական լրատվականը գրել է, որ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ միջնորդությամբ հայկական ՇՕ մեքենաների անցնելու համար պայմաններ են ստեղծվել։ Նյութում ասված է, որ այսօր ԿԽՄԿ-ն դիմել է ադրբեջնական կողմին՝ կապված պացիենտին Ստեփանակերտից Երեւան տեղափոխելու հետ, ու դիմումին անհապաղ պատասխան է տրվել, տեղափոխումը հաջողությամբ կատարվել է։ Այն, որ հաղորդվում է, թե դիմում է ուղղվել ադրբեջանական կողմին ու ստացվել է արձագանք, ճանապարհն էլ բացվել է, եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Լաչինի միջանցքը փակած անձինք ուղիղ հրահանգավորվում են ադրբեջանական իշխանությունների կողմից։ Ի հավելումն՝  նշենք, որ մեր գործընկեր լրատվամիջոցները բացահայտել էին, որ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանները» փոխկապակցված են ադրբեջանական իշխանությունների հետ (azatutyun.am, civilnet.am, fip.am, infocom.am)։  Հայարփի Բաղդասարյան
17:10 - 19 դեկտեմբերի, 2022
Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացին 1960թ․ ծնված, սրտային պաթոլոգիայով տղամարդ է․ Արցախի ԱՆ

Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացին 1960թ․ ծնված, սրտային պաթոլոգիայով տղամարդ է․ Արցախի ԱՆ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: 1960 թվականին ծնված տղամարդը հրատապ վիրահատության կարիք ունի: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։  Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները: ՀՀ առողջապահության նախարարությունից նույնպես հայտնում են, որ Արցախից սրտային պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան: Պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից մեկ բուժառու է տեղափոխվել Հայաստան։
15:28 - 19 դեկտեմբերի, 2022
Մենք անմիջապես ընդգրկված չենք եղել. Զառա Ամատունին՝ Ադրբեջանին փոխանցած դիերի և քարտեզների մասին |168.am|

Մենք անմիջապես ընդգրկված չենք եղել. Զառա Ամատունին՝ Ադրբեջանին փոխանցած դիերի և քարտեզների մասին |168.am|

168.am: Այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հայկական կողմը դեկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկորներ և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։ «Այսպիսով, 2020 թ. նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկորներ և 5 քարտեզ»,- նշված էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։ 168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ հայկական կողմն այդ փոխանցումը Կարմիր խաչի միջոցո՞վ է իրականացրել, թե՞ առանց միջնորդի է գործընթացը տեղի ունեցել։ Զառա Ամատունու խոսքով՝ գործընթացն առանց Կարմիր խաչի մասնակցության է տեղի ունեցել։ «Կարող եմ ասել, որ կողմերն այս ուղղությամբ միմյանց հետ են աշխատել, մենք անմիջապես ընդգրկված չենք եղել կոնկրետ այս գործողության մեջ։ Այս պահին որևէ հաստատում չունենք մեր մասնակցության վերաբերյալ»,- նշեց Զառա Ամատունին։ Շարունակությունը՝ 168.am-ում
16:44 - 05 դեկտեմբերի, 2022
Պարտավոր ենք ապահովել Արցախում ապրող երեխաների  խաղաղ մանկությունը. Ռուբեն Վարդանյանն ընդունել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավարին

Պարտավոր ենք ապահովել Արցախում ապրող երեխաների խաղաղ մանկությունը. Ռուբեն Վարդանյանն ընդունել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի14-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝ Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլյա Ֆլյորիի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից։    Ռուբեն Վարդանյանն ընդգծել է Արցախում ԿԽՄԿ առաքելության կարևոր գործունեությունը հատկապես հետպատերազմյան շրջանում՝ ինչպես մարդասիրական աշխատանքների, այնպես էլ բնակչության աջակցության տարբեր ծրագրերի իրականացման առումով:   Նիկոլյա Ֆլյորին տեղեկություններ է ներկայացրել այս տարվա ընթացքում կատարված և ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև բնակչության խոցելի խմբերին ուղղված սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերի մասին:   Քննարկվել են հետագա համագործակցության, ծրագրերի իրականացման շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:   Ռուբեն Վարդանյանը պատվիրակության ուշադրությունն է հրավիրել նաև օրեր առաջ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում տեղի ունեցած միջադեպերի վրա, երբ ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ էին արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ:   Զրուցակիցներն առաջնային են համարել բնակչության բոլոր խմբերի անվտանգության ապահովումը: «Արցախում շուրջ 30 հազար երեխա է ապրում, մենք պարտավոր ենք ապահովել նրանց անվտանգությունն ու խաղաղ մանկությունը»,-ասել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
10:59 - 15 նոյեմբերի, 2022
ԵՄ առաքելության խմբերի ներկայության շնորհիվ Գեղարքունիքի սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում. մարզպետ

ԵՄ առաքելության խմբերի ներկայության շնորհիվ Գեղարքունիքի սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում. մարզպետ

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և նույն ենթապատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։   «Երախտագիտություն հայտնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ծրագրեր իրականացնելու համար, ներկայացրի ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած բնակավայրերում այս պահին տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները՝ նշելով, որ այս պահին մարզի հրետակոծությունից տուժած բնակավայրերում աշխատանքներ են իրականացնում նաև ԵՄ առաքելության դիտորդական և փաստահավաք խմբերը, որոնց ներկայության շնորհիվ սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում։   Անդրադարձ կատարվեց նաև Վարդենիսի որոշ բնակավայրերից տեղահանվածների վերադարձի, որոշ ընտանիքների բնակարանային խնդիրների, նրանց ժամանակավոր կացարաններով ապահովելու, ՀՀ Կառավարության և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ցուցաբերած աջակցության, անվտանգային խնդիրներից ելնելով նշված բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների ոչ լիարժեք իրականացման, հակառակորդի կողմից գյուղտեխնիկայի ոչնչացման և առևանգման, սահմանային բնակավայրերում տիրող այլ իրավիճակների, որոնց կարգավորումը անհրաժեշտ և հրատապ է։   Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի՝ Կարմիր խաչը նախատեսում է վերջին հրետակոծությունից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տուժած որոշ բնակավայրերի բնակիչների ցուցաբերել ֆինանսական աջակցություն և մեկ բնակավայրի որոշ տնտեսությունների հրետակոծության հետևանքով վնասված ջրատաքացուցիչները փոխարինել նորով։   Քննարկման փուլում է երկու բնակավայրի համար շարժական բուժկետի տրամադրման, դիահերձարաններին համապատասխան սարքավորումների և կահույքի տրամադրման, բնակավայրերի վնասված ջրագծերի վերականգնման նպատակով նախագծային աշխատանքների ֆինանսավորման, արտակարգ իրավիճակների մասնագետների վերապատրաստմանն ուղղված ծրագրերը։   Գեղարքունիքի մարզպետարանն էլ իր հերթին Կարմիր խաչին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, ինչը կնպաստի 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծված ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերում իրականացվող ծրագրերի հասցեական և նպատակային լինելուն»,- Ֆեյսբուքի էջում գրել է մարզպետը:  
15:32 - 09 նոյեմբերի, 2022
Հումանիտար բնույթի հարցերը չպետք քաղաքական շահարկումների առարկա դառնան. ՀՀ նախագահն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Հումանիտար բնույթի հարցերը չպետք քաղաքական շահարկումների առարկա դառնան. ՀՀ նախագահն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը:   «Մենք միշտ բարձր ենք գնահատել մեր համագործակցությունը: Հիմա առավել ևս բարձր ենք գնահատում, հաշվի առնելով, որ դուք ներկայացված եք և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում»,- ողջունելով հյուրերին ասել է նախագահ Խաչատուրյանը:   Նախագահը բարձր է գնահատել ԿԽՄԿ ջանքերն ուղղված Ադրբեջանում մինչ օրս պահվող անձանց և նրանց հարազատների միջև կապի հաստատմանը, ինչպես նաև նրանց ընդհանուր առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալուն:   Թիերի Ռիբոն շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ողջունել պետական մարմինների ներկայացուցիչների կողմից Կարմիր խաչի գործունեությանը ցուցաբերվող աջակցությունն ու պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմում և դրանից հետո տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքներով ադրբեջանական կողմում անազատության մեջ պահվող անձանց ու անհետ կորածների խնդրին: Երկուստեք ընդգծվել է, որ հումանիտար բնույթի հարցերը չպետք քաղաքական շահարկումների առարկա դառնան:
20:04 - 01 նոյեմբերի, 2022
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու»-ի պայթյունից տուժած տնտեսվարողներին և աշխատակիցներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու»-ի պայթյունից տուժած տնտեսվարողներին և աշխատակիցներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հոկտեմբերի 17-ին դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին և նրանց աշխատակիցներին:  Այս մասին տեղեկանում ենք ՀԿԽԸ-ի տարածած հաղորդագրությունից: ՀԿԽԸ-ի կողմից իրականացրած խոցելիության գնահատման արդյունքների հիման վրա, տուժած խոցելի 42 տնտեսվարողներ և նրանց ընտանիքի 211 անդամները, ինչպես նաև 38 գրանցված աշխատակիցներ և նրանց  ընտանիքի 186 անդամները ստացել են միանվագ դրամական աջակցություն ՝ 42 700 ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:   Ընդհանուր առմամբ 397 անձի տրամադրվել է 16 միլիոն 951 հազար 900  ՀՀ դրամ: Դրամական օգնությունը տրամադրվել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:
15:44 - 17 հոկտեմբերի, 2022
ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին |1lurer.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին: Տեսակցության վերաբերյալ տեղեկությունը «Լուրերին» հաստատել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են գերեվարված անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին, օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ: Նշենք, որ Հայաստանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բաքվին մինչև սեպտեմբերի 22-ը վերջնաժամկետ էր տվել՝ պարտավորեցնելով տվյալներ ներկայացնել իր հսկողության տակ հայտնված հայ զինծառայողների վերաբերյալ: Այդ առնչությամբ դեռևս տեղեկություններ չկան:
17:49 - 24 սեպտեմբերի, 2022
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կաջակցի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունից տուժած տնտեսվարողներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կաջակցի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունից տուժած տնտեսվարողներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) աջակցություն կտրամադրի «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին: Ինչպես տեղեկացրին Հայկական Կարմիր խաչի ընկերությունից, ՀԿԽԸ-ն իրականացնում է խոցելիության գնահատում, ըստ որի, տուժած խոցելի տնտեսվարողները կստանան միանվագ դրամական աջակցություն՝ 42, 7 հազար ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: «Դրամական օգնությունը կտրամադրվի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ: Հարցերի դեպքում տուժած տնտեսվարողները կարող են կապ հաստատել ՀԿԽԸ-ի հետ 060 625050 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Աղետներին արձագանքման, Առաջին օգնության և հոգեբանների թիմերը՝ ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի գլխավորությամբ, օգոստոսի 14-ին «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհից և դրան հաջորդած պայթյունից  անմիջապես հետո ժամանել են դեպքի վայր: «ՀԿԽԸ թիմը տեղում աջակցել է որոնողափրկարարական, քարամաքրման և դիերի դուրս բերման աշխատանքներին, ըստ անհրաժեշտության ցուցաբերել առաջին օգնություն և առաջին հոգեբանական օգնություն:  Որոնողափրկարարական, քարամաքրման և դիերի դուրս բերման աշխատանքներում ներգրավված են եղել ՀԿԽԸ Երևանի, Վայոց ձորի, Տավուշի և Արարատի մարզերի աղետներին արձագանման թիմերը, որոնք իրականացրել են հերթափոխ՝ աշխատանքների 24-ժամյա շարունակականությունն ապահովելու նպատակով: Ներգրավված թիմերի 43 անդամներն  ունեցել են համապատասխան պատրաստվածություն և գույք՝ ԱԻՆ Փրկարար ծառայությանը մասնագիտացված աջակցություն ցուցաբերելու համար:  Ընդհանուր առմամբ արձագանքման աշխատանքներում ներգրավված է եղել նաև ՀԿԽԸ 120-ից ավելի աշխատակից և կամավոր, այդ թվում՝ անձակազմի 24  անդամ, 20 առաջին օգնող, 6 հոգեբան և 30 աջակցող կամավոր: Արձագանքի ընթացքում Առաջին օգնություն է ցուցաբերվել ավելի քան 140 անձի, որոնք ունեցել են վերջույթների վնասվածքներ, ծխահարություն, հոգեբանական աջակցություն է տրամադրվել ավելի քան 150 անձի՝ տուժածների հարազատներին, ընկերներին, փրկարարներին, քաղաքացիներին և փրկարարական աշխատանքներին մասնակցող կամավորներին:  ՀԿԽԸ կամավորներն արագ արձագանքման ծառայությունների աշխատակիցներին և ոստիկաններին, տարածքում գտնվող քաղաքացիներին, տուժածների հարազատներին տրամադրել են ջուր (ավելի քան 1000 շիշ), չոր սնունդ (ավելի քան 500 անձի), սառը սուրճ (մոտ 600 բաժակ), փրկարարական ձեռնոցներ (100 զույգ), դիմակներ` հորդորելով կրել և պահպանել անվտանգության կանոնները (մոտ 5000 անձի):  Դրանից բացի տարբեր անհատներ և կազմակերպություններ  նվիրաբերել են ավելի քան 1500 շիշ ջուր, մոտ 500 բաժակ սառը սուրճ, չոր սնունդ, քաղցրավենիք և 100 զույգ փրկարարական ձեռնոց, որոնք նույնպես տեղում բաշխվել են ՀԿԽԸ կամավորների միջոցով:  Օգոստոսի 21-ին, մոտ 150 ժամ անընդմեջ աշխատանքից հետո, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԱԻՆ հրահանգով ավարտել է իր առաքելությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում»,- հայտնում են ՀԿԽԸ-ից: 
19:20 - 23 սեպտեմբերի, 2022
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքում է ներքին տեղահանված անձանց մարդասիրական կարիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքում է ներքին տեղահանված անձանց մարդասիրական կարիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակչությանը՝ սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների, առաջին օգնության պայուսակների տեսքով: Առաջնային արձագանքին զուգահեռ ՀԿԽԸ-ն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ միասին, իրականացնում է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ  գնահատում՝ համապատասխան արձագանքը շարունակելու համար։   ՀԿԽԸ-ն անընդհատ համալրում է թեժ գծերով դիմող քաղաքացիների տվյալների բազան՝ այն փոխանցելով նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Առաջնային կարիքի հաշվառման հարթակ:   ՀԿԽԸ հոգեբաններն առերես (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, Վարդենիսում, Մարտունիում), առցանց (Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Սոթք, Մեծ Մասրիկ) և թեժ գծի միջոցով (ՀՀ բոլոր մարզեր) հոգեբանական աջակցություն են տրամադրում վիրավոր և զոհված զինծառայողների հարազատներին և տեղահանված ընտանիքներին։ Հոգեբանական աջակցության համար Հայկական Կարմիր խաչի ընկերության մասնագետներին կարելի է դիմել հետևալ հեռախոսահամարներով՝ 8184, +374 60 627070։ Նշված արձագանքն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությամբ:
16:54 - 23 սեպտեմբերի, 2022