Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

Ծառուկյանի միջնորդությամբ ներդրումային առաջարկի փաստաթուղթ քաղաքապետին չի ներկայացվել․Հակոբ Կարապետյան |armtimes.com|

Ծառուկյանի միջնորդությամբ ներդրումային առաջարկի փաստաթուղթ քաղաքապետին չի ներկայացվել․Հակոբ Կարապետյան |armtimes.com|

armtimes.com։ Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպած մեծահարուստները ներդրումային որեւէ առաջարկ փաստաթղթային տարբերակով չեն ներկայացրել: Այս մասին ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ պարզաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի այսօրվա հայտարարությունը, ըստ որի՝ Աբու Դաբիի թագաժառանգը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում, նրանք անձամբ հանդիպել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: Նպատակ են ունեցել Երեւանում կարիքավոր անձանց անվճար սպասարկող հիվանդանոց կառուցել, ինչպես նաեւ՝ երկու հյուրանոց: Նյութն ամբողջությամբ՝ armtimes.com։
12:05 - 03 դեկտեմբերի, 2019
ԱԺ-ն չի որոշողը՝ Հրայր Թովմասյանը մնա, թե հեռանա, նախագծի հիմնավորումները թույլ են, ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը. Գագիկ Ծառուկյան |tert.am|

ԱԺ-ն չի որոշողը՝ Հրայր Թովմասյանը մնա, թե հեռանա, նախագծի հիմնավորումները թույլ են, ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը. Գագիկ Ծառուկյան |tert.am|

tert.am։ Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարց չենք քննարկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե այդ հարցի շուրջ վարչապետի հետ քննարկում են ունեցել: «Մենք պարոն Փաշինյանի հետ հաճախակի ենք հանդիպում, բայց հիմնական ներդրումների հետ կապված հարցեր ենք քննարկում, քաղաքական հարցերով երբեք ու երբեք չենք հանդիպել և տվյալ թեման էլ չենք քննարկել, միայն ներդրումների և տնտեսության զարգացման թեմաներ ենք քննարկել»,-մանրամասնեց նա:Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին, որի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ խմբակցության ներսում քննարկել են այդ նախագիծը, հիմնավորումները շատ թույլ են, որոշել են չմասնակցել քվեարկությանը: «Բացի դա, ուզում եմ ասել բոլորին, որ ԱԺ որոշումը չի, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, որոշողը ՍԴ-ն է: Հիմնական դրույթները շատ թերի են, թույլ են, կա ժամկետների խախտում»,-նշեց նա:Հարցին, թե «Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործում իրեն ուղղված սլաքներ չի տեսնում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են:«Իրավապահ մարմիններում է, քննում են, երբ որ կավարտեն, իրենք իրենց դիրքորոշումը կասեն, բոլորի համար պարզ կլինի: Առուստամյանը քաղաքացի է, ամեն ինչ պարզ կլինի, ոչ մի բան չեմ տեսնում, կա հարց, կա խնդիր, կա քննություն, կավարտվի, բոլորի համար էլ պարզ կլինի»,-ընդգծեց նա:
07:40 - 02 հոկտեմբերի, 2019
Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրությունը |hetq.am|

Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրությունը |hetq.am|

hetq.am: Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից է ու այս պահին, թերեւս, ամենահարուստ պաշտոնյան: Նա ԱԺ պատգամավորներից ամենամեծ կարողությունն ունի: Սկսելով Աբովյանի շրջանից՝ ժամանակի ընթացքում նա իր բիզնեսը ծավալել է ոչ միայն Հայաստանի ամբողջ տարածքում, այլեւ դրա սահմաններից դուրս՝ նախկին խորհրդային ու եվրոպական երկրներում: Գործարար պաշտոնյան, սակայն, տեղում չի կանգնում. այս հոդվածի պատրաստման ժամանակ էլ նա նոր ընկերություններ է հիմնել: Ծառուկյանը պաշտոնապես ուղղակի մասնակցություն ունի շուրջ 50 ձեռնարկություններում, որոնք ներկայացնում են տնտեսության ամենատարբեր ճյուղեր, բայց սա նրա ամբողջ կարողությունը չէ, որովհետեւ ընկերությունների մի մասը ղեկավարվում են միջնորդավորված՝ այլ անձանց միջոցով:  Ծառուկյան Գագիկ Կոլյայի. պաշտոնական կենսագրությունԾնվել է 1956 թ. նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում:1975-1977 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1989 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ֆիզկուլտուրայի եւ սպորտի ուսուցիչ է, ըմբշամարտի մարզիչ: Աշխատանքային գործունեությունը 1989-1990 թթ. եղել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ջերմոցային տնտեսության գլխավոր ճարտարագետ, 1990-1992 թթ.՝ «Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն: 1992-ից ծավալել է ագարակատիրական եւ ձեռնարկատիրական գործունեություն. ստեղծել է անասնապահական համալիր եւ կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն Առինջ գյուղում։ 1998 թ. հիմնադրել է «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը, որը ներառում է նրա կողմից ստեղծված բազմաթիվ ընկերություններ: 2004-ից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահն է:Մարզական կարիերան Պաշտոնական կենսագրության մեջ նշված է (այս մասին պատմվում է նաեւ գործարարին նվիրված ֆիլմում), որ եղել է բազկամարտի 1996-ի աշխարհի (առաջնությունն անցկացվել է ԱՄՆ-ում) ու 1998-ի Եվրոպայի (Լիտվա) չեմպիոն: Մարզական վիճակագրական արխիվներում էլ նշվում է, որ 1996-ին բազկամարտի աշխարհի առաջնությանը («World Armwrestling Federation»-ի հովանու ներքո, ԱՄՆ) 3-րդ տեղն է զբաղեցրել +110 կգ քաշային կարգում։ 1998-ին հաջողությունը կրկնել է՝ աշխարհի առաջնությանը («World Armsport Federation»-ի հովանու ներքո, Եգիպտոս) նորից զբաղեցնելով 3-րդ տեղը +100 կգ կարգում: Քաղաքական գործունեությունը Եղել է երրորդ (2003-2007 թթ.), չորրորդ (2007-2012 թթ.), հինգերորդ (2012-2017 թթ.), վեցերորդ (2017-2018 թթ.) գումարումների Ազգային ժողովի պատգամավոր: Վերստին ընտրվել է 2018-ի ընտրություններում՝ դառնալով 7-րդ գումարման պատգամավոր: 2004 թ. հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի նախագահն է եղել մինչեւ 2015 թ. մարտ ամիսը, երբ հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին: 2017-ի հունվարին հայտնեց կրկին քաղաքականություն վերադառնալու մասին, իսկ մեկ ամիս անց նորից ընտրվեց ԲՀԿ նախագահ: 2011-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամ, ազատվել է 2015-ի սկզբին: Բարեգործությունը 2003 թ. պետական գրանցում է ստացել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից են եկեղեցաշինությունը, կրթական հաստատությունների օգնությունն ու երիտասարդական նախաձեռնությունների խրախուսումը, սոցիալապես անապահով խավերի աջակցությունը, համահայկական նշանակության ծրագրերի հովանավորությունը, համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը, գիտության, արվեստի, մշակույթի ու սպորտի ճանաչված մարդկանց մեծարումը, ֆիզկուլտուրայի եւ սպորտի բնագավառների համակողմանի աջակցությունը: Հիմնադրամի գործունեության հաշվետվություններն ըստ տարիների՝ 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018 (Ծառուկյանի բարեգործության մասին է պատմում նրան նվիրված այս ֆիլմը): Շքանշաններ ու մեդալներ Ծառուկյանը ստացել է բազմաթիվ շքանշաններ ու մեդալներ, որոնց թվում են ստորեւ ներկայացվածները: 2002 թ. Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից եկեղեցաշեն գործունեության համար շնորհվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան։2003 թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։ 2008 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։2015 թ. Սերժ Սարգսյանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: 2016 թ. Սերժ Սարգսյանի կողմից ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, Հայաստանի մարզական ոլորտին ցուցաբերած նշանակալի աջակցության համար արժանացել է Պատվո շքանշանի: 2016 թ. ԱՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից ԱՀ 25-ամյակի կապակցությամբ, ԱՀ-ին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Ընտանիքը Ամուսնացած է Ջավահիր Ծառուկյանի (Ջավահիր Ռաֆիկի Առաքելյան) հետ, ունի վեց երեխա՝ Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ, Նվեր եւ Հովհաննես Ծառուկյանները: Ռոզա Ծառուկյանն ամուսնացած է Կարապետ Գուլոյանի հետ, ով եղել է Աբովյանի քաղաքապետ ու Կոտայքի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է: Գայանե Ծառուկյանն ամուսնացած է Դավիթ Մանուկյանի հետ, ով ԱԺ պատգամավոր է, նախկին նախարար ու դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է: Էմմա Ծառուկյանն ամուսնացած է Արգամ Աբրահամյանի հետ, ով եղել է ԱԺ պատգամավոր ու Արտաշատի քաղաքապետ, ՀՀ նախկին վարչապետ ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին է: Անահիտ Ծառուկյանն ամուսնացած է Ալբերտ Սուքիասյանի հետ, ով գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին է: Նվեր Ծառուկյանը նշանված է: Հովհաննես, Գագիկ, Ջավահիր, Ռոզա, Կոլյա, Գայանե, Նվեր, Անահիտ Ծառուկյանները Ծառուկյանի ունեցվածքն՝ ըստ հայտարարագրերի ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին Գ. Ծառուկյանը ներկայացրել է 2011-2018 թթ. գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրեր, որոնց համաձայն՝ նա հսկայական թանկարժեք գույք, եկամուտներ, դրամական միջոցներ, արժեթղթեր ու ներդրումներ ունի: Գործարար պատգամավորի՝ դրամով արտահայտված միջոցները կտրուկ աճել են 2013-2014 թթ., իսկ դոլարով եւ եվրոյով արտահայտված գումարներն ամենաշատը եղել են 2018-ին: Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա Ծառուկյանը բարձր դրամային մուտքեր է ունեցել 2011, 2013 եւ 2017 թթ., դոլարով՝ 2017-ին, եվրոյով՝ 2011 եւ 2017 թթ.: 2018-ի դեկտեմբերի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուց առաջ ԲՀԿ ղեկավարը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուի գույքի եւ եկամուտների հայտարարագիր: Ըստ դրա՝ անցյալ տարվա նոյեմբերի 19-ի դրությամբ նա ունեցել է 678.509.000 դրամ, 161.321.000 դոլար, 29.073.000 եվրո: Էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2018 թ. տարեկան հայտարարագրում էլ տեսնում ենք, որ տարեվերջին գործարար պատգամավորի դրամային միջոցները (543.845.000) նվազել են, իսկ դոլարներն (168.531.000) ու եվրոները (30.641.000)՝ աճել: Բացի դրանից՝ գործարարն ունի 13 միավոր անշարժ գույք: Այսպես՝ հարազատ Առինջում նա 3 շենք-շինություն (ընդհանուր՝ 6665 քմ) եւ 5 հողամաս ունի (ընդհանուր՝ 30 հա), Սեւան քաղաքում՝ 2 շենք-շինություն (ընդհանուր՝ 1205 քմ), Ծաղկաձորում՝ 1 հողամաս (4 հա): Սրանք բոլորն էլ համատեղ սեփականություն են: Պատգամավորը նաեւ վարձակալած 2 հողամաս ունի Սեւան քաղաքում (ընդհանուր՝ 2 հա): Ծառուկյանի հիմնադրած ու սեփականություն հանդիսացող ընկերություններն իրենց հերթին եւս մեծածավալ անշարժ գույք ունեն: Գ. Ծառուկյանը նաեւ ավտոմեքենաների տպավորիչ պարկ ունի՝ կազմված 13 «նժույգից»: Դրանց մակնիշներն ու արտադրման տարեթվերը՝ նկարում: Ընդ որում՝ բոլորն էլ համատեղ սեփականություն են: Գագիկ Ծառուկյանը նաեւ 8 մլն դրամից ավելի արժեք ունեցող գույքի սեփականատեր է: Նա ունի այդպիսի մեծածավալ գույք. 15 միավոր ննջարանի կահույք (ընդհանուր արժեքը՝ 1.998.130 եվրո), 10 միավոր նախասրահի կահույք (1.711.000 եվրո), 5 միավոր ճաշասենյակի կահույք (915.620 եվրո), խոհանոցի կահույք (110.000 եվրո), կահույք (118.485 եվրո), մետաքսե վարագույր (251.799 եվրո), 20 հատ ջահ (1.587.300 եվրո), ադամանդե քարերով ձեռքի ժամացույց (300.000 դոլար), ոսկե շղթայով եւ ադամանդե քարերով 2 հատ ժամացացույց (1 մլն դոլար), ադամանդե քարերով 3 հատ ոսկե մատանի (4,7 մլն դոլար), 3 հատ ձեռքի ոսկե ժամացույց (0,5 մլն դոլար), ոսկե շղթա (100.000 դոլար): Գործարար պատգամավորի հետ միասին հայտարարագրեր են ներկայացրել նաեւ կինն ու համատեղ բնակվող 3 զավակները՝ Անահիտը, Նվերը, Հովհաննեսը: Նրանց հայտարարագրերում հետաքրքիր են թանկարժեք գույքի, դրամական միջոցների ու եկամուտների տվյալները: Ծառուկյանն անմիջական մասնակցություն ունի հայաստանյան ու արտասահմանյան շուրջ 50 գործող ընկերություններում (տես ստորեւ՝ պատկերում): Սրանց պետք է գումարենք նաեւ այն ձեռնարկությունները, որոնց սեփականատերերն են «Մուլտի Գրուպը» կամ Ծառուկյանի մերձավորներն ու հարազատները, հաշվի առնենք նաեւ, որ ընկերությունների մի մասի գործունեությունն էլ ժամանակավոր դադարեցված է: Հաշվի առնելով Ծառուկյանի անձնական, ինչպես նաեւ նրա տեղական ու արտասահմանյան ընկերությունների կարողությունները, այդ թվում՝ գույքի ծավալը, քննարկելով շուկայի մասնագետների ու տնտեսագետների հետ՝ եկել ենք այն եզրակացության, որ Գագիկ Ծառուկյանի կարողությունը գերազանցում է 1 մլրդ դոլարը: Իսկ մինչ ընկերություններին անդրադառնալը տեսնենք, թե ինչից ու ինչպես է նա սկսել իր ճանապարհը: Բիզնեսի սկիզբը Իր մասին պատմող ֆիլմում Գ. Ծառուկյանն ասում է, որ հայրն էլեկտրիկ է եղել, մայրը՝ հաշվապահ: Վերջինս՝ Ռոզա Ծառուկյանը, պատմում է, որ բիզնես-գործունեությունը ծավալել են 1984-ի նոյեմբերից, երբ շամպինյոն սունկ են սկսել աճեցնել եւ, ի տարբերություն շատերի, հաջողության են հասել: Ըստ Գ. Ծառուկյանի՝ 1 քմ-ից 25-30 կգ սունկ էին հավաքում: Ռ. Ծառուկյանը հավելում է, որ սնկից հետո օղու արտադրություն են դրել: Ծառուկյանի ընկեր, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը պատմում է, որ օղին ոչ միայն ներմուծվում ու վաճառվում էր, այլեւ արտադրվում տեղում ու արտահանվում: Ըստ Առուստամյանի՝ առաջին բիզնեսներից էր նաեւ զուգագուլպաների առք-վաճառքն ու արտադրությունը: Գործարարի մայրը հիշում է նաեւ, որ անասնապահական ֆերմա ձեւավորելու նպատակով Մարտունու շրջանի Մադինա գյուղից 300 գլուխ ոչխար էին բերել, ընդ որում՝ ամեն 100 ոչխարից ստացվում էր 125 գառ: «Անընդհատ շարունակում էի՝ գումարը չկուտակելով, անմիջապես նորից գործի մեջ դնելով: Ամբողջ ԽՍՀՄ-ում մատակարարման մեծ ցանց ունեինք: Ռուսաստանի շուկան անծայրածիր էր, ինչ արտադրեիր, վաճառվում էր»,- ասում է Գ. Ծառուկյանը: Մայրը շարունակում է, որ նշվածից հետո սկսել են մեղվաբուծությամբ զբաղվել, ինչի շնորհիվ էլ որդին, վաճառելով 50 մեղվաընտանիք, 1987-ին գնել է իր առաջին «ԳԱԶ-24» մեքենան: Գործարարն ասում է, որ 1990-1991 թթ. ինքն արդեն միլիոնատեր էր եւ օրը 1-3 մլն կարող էր աշխատել: Հետաքրքիր է, սակայն, որ պաշտոնական կենսագրության մեջ ասվում է, թե նա ֆերմերությամբ ու ձեռնարկատիրությամբ սկսել է զբաղվել միայն 1992-ից: Ծառուկյանի պաշտոնական կենսագրության մեջ նշվում է նաեւ, որ 1989-ին է ավարտել ֆիզկուլտինստիտուտը, այսինքն՝ 33 տարեկանում: Մամուլում հրապարակումներ են եղել, որ նա 1980-ականներին աշխատել է խորհրդային միլիցիայի համակարգում, ըստ մեր տեղեկությունների՝ եղել է ԽՍՀՄ ՆԳՆ ոչ գերատեսչական պահպանության (ОВО) ստորաբաժանման աշխատակից: «Հետքի» անանուն աղբյուրն էլ հայտնել է, որ Ծառուկյանը ուժային համակարգում եղել է նաեւ 1990-ականների առաջին կեսին (ծառայել է ներքին զորքերում), երբ ՆԳ նախարարը Վանո Սիրադեղյանն էր: «Գագիկ Ծառուկյանը սկզբում սունկ էր աճեցնում իրենց հողամասում, հետո Երեւան-Աբովյան մայրուղու վրա գազ էր վաճառում։ Հետո Վանո Սիրադեղյանը տվեց գազալցակայան աշխատեցնի, էդ գազալցակայանից մի քիչ վերեւ օբյեկտ բացեց՝ խորտկարան, այսպես ասած։ Էս ընթացքում արդեն ձեռնամարտի մրցումների էր մասնակցում, նույնիսկ էն ժամանակ խոսում էին, որ որպես մրցանակ հարյուր հազար դոլար են տվել, էն թվերին դա մեծ փող էր։ Հետո Առինջում կաթնամթերքի արտադրություն սկսեց ու էդպես ծավալվեց»,- պատմում է մեր աղբյուրը։ Առաջին ընկերությունները. ֆերմերային բիզնես ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի էլեկտրոնային համակարգի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ առաջին ընկերությունը «Գ. Կ. Ծառուկյան» ՍՊԸ-ն է, որը պետական գրանցում է ստացել 1995-ի դեկտեմբերին: Նախկինում սա եղել է ընտանեկան ձեռնարկություն (ԸՁ), հիմնադիրներն էին Գագիկ եւ Ռոզա Ծառուկյանները: Առինջ գյուղում գրանցված ընկերությունը զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ, 2002-ին արժանացել է կառավարության մրցանակի: Այդ տարի ՍՊԸ-ն դարձել է Գ. Ծառուկյանի միանձնյա սեփականությունը, իսկ 2003-ի մարտին փոխանցվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին: Նույն տարվա օգոստոսին ընկերությունը, որի տնօրենն էր Ռ. Ծառուկյանը, միաձուլվել է նորաստեղծ «Մուլտի Ագրո» ՍՊԸ-ին եւ դադարեցրել գործունեությունը: 2003-ի օգոստոսին Առինջում հիմնադրված «Մուլտի Ագրո» ՍՊԸ-ն, համաձայն պետռեգիստրի, «Գ. Կ. Ծառուկյան» ՍՊԸ-ի, ««Նեկտար» մեղվաբուծական» ՓԲԸ-ի (1994 թ.) եւ «Գիտահետազոտական մեղվաբուծական փորձակայան» ԲԲԸ-ի (2002 թ.) իրավահաջորդն է: Ընկերության կայքում էլ նշվել է, որ ստեղծվել է՝ միավորվելով «Ծառուկյան ԳԱԿ» ՍՊԸ-ի (1989 թ.), նախկին «Նեկտար» գիտաարտադրական միավորման եւ Առինջի մեղվաբուծական գիտահետազոտական փորձակայանի հետ: «Ծառուկյան ԳԱԿ»-ի մասին ռեգիստրում տվյալներ չկան, բայց այն, թերեւս, նույն «Գ. Կ. Ծառուկյան» ՍՊԸ-ն է։ 2005-ին «Մուլտի Ագրոն» վերանվանվել է ««Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոն» ՍՊԸ: Դրա 70 %-ը պատկանում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին, 30-ը՝ Ռոզա Ծառուկյանին։ Գործարարի մայրն ընկերության գլխավոր տնօրենն է հիմնադրման օրվանից։ Չնայած ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգում նշված է, որ «Մուլտի Ագրո» ԳԱԿ-ը զբաղվում է բենզալցակայաններում ավտոմեքենաների բենզինի եւ դիզվառելիքի մանրածախ առեւտրով, ընկերության կայքում ասվում է, որ դրա ուղղությունն անասնապահությունն է, իբրեւ գործունեության սկիզբ էլ նշվում է «Ծառուկյան ԳԱԿ»-ի հիմնադրման տարեթիվը՝ 1989-ը: Ըստ կայքի՝ «Մուլտի Ագրոն» ունի մանր ու խոշոր եղջերավորների տոհմային տնտեսություն, անգլիական ու արաբական խառնածին ձիերի երամակ, մեղվաընտանիքներ, ջերմոցներ: «Մուլտի Ագրոյի» կանոնադրական կապիտալն ի սկզբանե եղել է մոտ 89 մլն դրամ, ապա դարձել ավելի քան 127 մլն դրամ: Ընկերությունն արժանացել է կառավարության 2008 թ. մրցանակին: Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանի ֆերմերային բիզնեսը, որից նա սկսել է իր ուղին, ներկայում միավորված է «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի մեջ: «Մուլտի Գրուպ» կոնցեռնը Սա Գ. Ծառուկյանի գլխավոր ընկերությունն է, որի միջոցով գործարար պաշտոնյան ղեկավարում է իր բիզնեսի մի մասը: ««Մուլտի Գրուպ» կոնցեռն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998-ի փետրվարին 7 ընկերությունների կողմից, որոնց կանդրադանանք ստորեւ: ՍՊԸ-ն մինչեւ 2002 թ. գրանցված էր Առինջում, ապա տեղափոխվել է Երեւանի Թումանյան 21 հասցե, գործունեության տեսակ է նշված ծառայությունների մատուցումը: Գլխավոր տնօրենն ի սկզբանե Սեդրակ Առուստամյանն է, ով Ծառուկյանի «աջ ձեռքն» է: Բացի այս կոնցեռնի գլխավոր տնօրեն լինելուց՝ Առուստամյանը ներկայանում է որպես Ծառուկյանի մասնակցությամբ բոլոր առեւտրային կազմակերպություններում նրա բաժնեմասերի եւ բաժնետոմսերի հավատարմագրային կառավարիչ եւ լիազորված անձ: Թումանյան 21-ում են գտնվում խմիչքի «Նոյ» եւ հագուստի «Paul & Shark» խանութները, որոնք պատկանում են Գ. Ծառուկյանին «Մուլտի Գրուպի» կանոնադրական կապիտալը 1998-ին եղել է 50 հազ. դրամ, ապա գնալով աճել է ու 2018-ի մայիսից դարձել 9,2 մլրդ: Ըստ կոնցեռնի կայքի՝ դրա կողմից կառավարվող ընկերությունների աշխատակիցների թիվն անցնում է 25 հազարից: Գործարարի մասին պատմող ֆիլմում էլ նշվում է, որ կոնցեռնը ներառում է ավելի քան 40 ընկերություն Հայաստանում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Բելառուսում, Լատվիայում, սակայն նշենք, որ Ծառուկյանն ընկերություններ ունի նաեւ Ուկրաինայում ու Կիպրոսում: Ներկայում «Մուլտի Գրուպի» 65,8 %-ը պատկանում է Գ. Ծառուկյանին, իսկ մնացած 34,2-ը՝ նույնպես առինջեցի Սամվել Ստյոպայի Ծառուկյանին, ում անունը հանդիպում ենք գործարարի այլ ընկերություններում եւս: Նաեւ այս հանգամանքն է հուշում, որ նրանք բարեկամներ են: Ս. Առուստամյանը մեր հարցմանն ի պատասխան հաստատել է, որ Սամվել Ծառուկյանը գործարար պատգամավորի հորեղբոր որդին է: Ս. Ծառուկյանը «Մուլտի Գրուպի» փայատեր է դարձել անցյալ տարվա մայիսից, մինչ այդ՝ 2002-2018 թթ., կոնցեռնի սեփականատերը Գ. Ծառուկյանն էր, 2002-2007 թթ. նրան ընկերակցել է ԱՄՆ Օրեգոն նահանգում գրանցված «Fortex Investments Group» ընկերությունը, որն այժմ չի գործում, սակայն պատկանել է Ծառուկյանին: Այն, որ հենց վերջինս է եղել ամերիկյան ընկերության սեփականատերը, հաստատել է նաեւ Ս. Առուստամյանը: 1998-2002 թթ. «Մուլտի Գրուպի» սեփականատերերն են եղել հետեւյալ 7 ՍՊԸ-ները՝ «ՄԵԿ», «Անի», «Էրեբունի-2», «Սիս-96», «ՄԵԿ Ինտերսերվիս», «Տեխնալյումին», «Ֆիրմա Նյու»: «Ֆիրմա Նյու» Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996-ի մարտին Առինջում Գ. Ծառուկյանի ու երեւանցի Մեսրոպ Մովսիսյանի կողմից: Գործունեության տեսակը սեփական կամ վարձակալած անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելն ու այլ գործառնություններ կատարելն է: Նախկինում ընկերությունը ներկայացնում էր «Ֆիրմա Նյու» մաքսային պահեստը, որտեղ մաքսային հսկողության տակ պահպանվում էին ՀՀ ներմուծված եւ դեռեւս որեւէ մաքսային ռեժիմով բաց չթողնված ապրանքներն ու տրանսպորտային միջոցները: 2000-ին Ծառուկյանի գործընկերը փոխվել է. Մովսիսյանի փոխարեն փայատեր է դարձել նույնպես երեւանցի Արմեն Մխիթարյանը: 2003-ին Ծառուկյանը դուրս է եկել ՍՊԸ-ից՝ իր բաժնեմասը փոխանցելով «Մուլտի Գրուպին»: Գործարարն իր անմիջական մասնակցությունը վերականգնել է միայն 2015-ին, երբ ընկերությունը լքել է Մխիթարյանը: 2018-ի հունիսին նրան միացել է հորեղբոր որդին՝ Սամվել Ծառուկյանը: Այժմ «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի 64,45 %-ը պատկանում է Գ. Ծառուկյանին, 35,54-ը՝ Ս. Ծառուկյանին, շատ փոքր (0,003 %) մաս էլ՝ «Մուլտի Գրուպին»: 2015-ից տնօրենը երեւանցի Սամվել Հակոբյանն է: Ընկերության կանոնադրական կապիտալը տարիների ընթացքում աճել է՝ 250 հազար դրամից հասնելով շուրջ 9,4 մլրդ-ի: Այսօր «Ֆիրմա Նյու» ընկերությունը ներկայացնում է ոչ թե մաքսային պահեստ, այլ «Առինջ Մոլ» առեւտրի կենտրոնը: «Մուլտի Գրուպի» կայքը հայտնում է, որ 2015-ի ապրիլին բացված այս կենտրոնը ժամանակի ընթացքում ընդլայնվել է, ավելացել են նոր տաղավարներ: Ներկայում գործում են 1000-ից ավելի տաղավար, օֆիսային տարածքներ, սննդի կետեր, պահեստներ, ավտոկայանատեղիներ, բուժկետ: Այստեղ վաճառվում է հագուստ, շինանյութ, տնտեսական ապրանքներ: Ըստ «Մուլտի Գրուպի»՝ նպատակ կա «Առինջ Մոլում» կառուցել նաեւ պտուղ-բանջարեղենի եւ ոսկու շուկա: Վերջինս արդեն կառուցվել է. դրան կանդրադառնանք առանձին: «Տեխնալյումին» Հիմնադրվել է 1998-ի հունվարին Աբովյան քաղաքում (Զորավար Անդրանիկի 4)՝ Գ. Ծառուկյանի ու երեւանցի Թաթուլ Մխիթարյանի կողմից, ով նրա մտերիմներից է: Զբաղվում է ալյումինե դռների եւ պատուհանների արտադրությամբ: Գործունեության ճյուղերից է նաեւ մետաղե ֆասադների եւ ավտոկայանատեղիների ինքնակառավարվող դռների արտադրությունը։ 2003-ին Ծառուկյանն իր բաժնեմասը փոխանցել է «Մուլտի Գրուպին», սակայն 2015-ին կրկին դարձել է «Տեխնալյումինի» սեփականատեր՝ փոխարինելով Թ. Մխիթարյանին: Ներկայում 50-50 համամասնությամբ ՍՊԸ-ի փայատերերն են «Մուլտի Գրուպ» կոնցեռնը եւ Գ. Ծառուկյանը: Տնօրենը Երեւանի բնակիչ Սամվել Գալստյանն է: Ընկերության կանոնադրական կապիտալը սկզբում եղել է 25 հազար դրամ, հետո կրկնապատկվել է: Քանի որ «Մուլտի Գրուպի» սկզբնական հիմնադիր մյուս 5 ընկերությունները կահույքի վաճառքի ոլորտից են, դրանք կառանձնացնենք մեկ խմբի մեջ: Մյուս բիզնեսները նույնպես կխմբավորենք ըստ ոլորտների:Կահույք «ՄԵԿ» Ըստ պետռեգիստրի՝ այս ընկերությունը հիմնադրվել է 1994-ի դեկտեմբերին որպես «Մ.Ե.Կ.» ՍՊԸ, չնայած Ծառուկյանի կահույքի բիզնեսը ներկայացնող mekfurniture.net կայքը հայտնում է, որ հիմնադրվել է 1986-ին եւ արդեն 1993-ից սկսել է զբաղվել արտադրությամբ, իսկ 1994-ից՝ կահույքի ներմուծմամբ ու վաճառքով: Կայքի տվյալներով՝ իրենք առաջինն էին, որ արտերկրից կահույք են ներկրել, իսկ հիմա աշխատում են իտալական, իսպանական, անգլիական, գերմանական, ռումինական, բուլղարական եւ մալայզական ավելի քան 240 ընկերությունների հետ՝ Հայաստանում հանդես գալով որպես հայտնի ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ: Ընկերությունը հիմնադրել են երեւանցիներ Թաթուլ եւ Արայիկ Մխիթարյանները: 2000-ին վերջինս դուրս է եկել ՍՊԸ-ից, նրա տեղը զբաղեցրել են Հասմիկ (Արայիկի կինը) եւ Արմեն Մխիթարյանները: Միաժամանակ փոխվել է անունը՝ «ՄԵԿ»: 2016-ին Թաթուլ եւ Հասմիկ Մխիթարյանների փոխարեն մասնակից է դարձել Նարինե Մխիթարյանը: Արդյունքում 50-50 համասնությամբ ՍՊԸ-ի փայատեր են դարձել Արմեն Սիմոնի Մխիթարյանն (Գ. Ծառուկյանի «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի նախկին համասեփականատեր) ու Նարինե Հրաչիկի Մխիթարյանը, ովքեր ամուսիններ են, գրանցված են Երեւանում: Արմենը «Տեխնալյումինի» նախկին համահիմնադիր Թաթուլ Մխիթարյանի հարազատ եղբայրն է: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 50 հազար դրամ է, գրանցված է Երեւանի Սեւակի 114 հասցեում, որտեղ գործում է «Ինտերսերվիս ՄԵԿ» ցանցի սրահներից մեկը: Հենց այս ցանցն է միավորում Գ. Ծառուկյանի կահույքի բիզնեսը: Ինչպես տեղեկանում ենք հարկ վճարողների փնտրման համակարգից, «ՄԵԿ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է: Բացի դրանից, ըստ համակարգի, ընկերության գործունեության տեսակ է գրանցված ոչ մասնագիտացված խանութներում սննդամթերքի, խմիչքների եւ ծխախոտի գերակշռությամբ մանրածախ առեւտուրը:«Անի» Սա կահույքի վաճառքով զբաղվող ու Ծառուկյանին առնչվող երկրորդ ընկերությունն է ըստ հիմնադրման տարեթվի: Պետռեգիստրի տվյալներով՝ ստեղծվել է 1995-ի դեկտեմբերին որպես ««Անի» վարձակալական» ՍՊԸ (անվանափոխվել է 1996-ին): Այս առումով պատահական չէ, որ գործունեության տեսակը սեփական կամ վարձակալած անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելն ու այլ գործառնություններ կատարելն է: Գրանցված է Երեւանի Սեբաստիայի 6 հասցեում, որտեղ այժմ գործում է «Natuzzi» կահույքի սրահը: Սա իտալական հայտնի ապրանքանիշ է, որի ներկայացուցիչը Հայաստանում «Ինտերսերվիս ՄԵԿ» ցանցն է: ՍՊԸ-ն հիմնադրել են երեւանցիներ Գագիկ Թովմասյանը, Շողեր Սահակյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Արտաշես Վարդանյանը, որոնցից առաջին երկուսը դուրս են եկել 1997-ին, իսկ Մկրտչյանի տեղը 2002-ին զբաղեցրել է Գ. Ծառուկյանը: Գործարարը, սակայն, արդեն 2003-ին իր բաժնեմասը գրանցել է «Մուլտի Գրուպի» անունով: Կոնցեռնը եւ Ա. Վարդանյանը ՍՊԸ-ի սեփականատեր են եղել մինչեւ 2015 թ., երբ նրանց փոխարինել են Արմեն եւ Թաթուլ Մխիթարյանները, որոնք, ինչպես ասվեց, եղբայրներ են: 2016-ին եղբայրներն իրենց 100 % սեփականությունը փոխանցել են երեւանցի Հասմիկ Վերդինանդի Մխիթարյանին, ով, կրկնենք, վերը նշված Արայիկ Մխիթարյանի կինն է (ըստ էության, Արայիկն էլ Թաթուլի ու Արմենի եղբայրն է): Հ. Մխիթարյանը նաեւ «Անի» ՍՊԸ-ի տնօրենն է: «Անիի» կանոնադրական կապիտալը 1995-ին եղել է ավելի քան 142 մլն դրամ, ապա նվազել է մինչեւ 65 մլն, սակայն հետո կրկին աճել է ու այժմ 129 մլն դրամ է:«Էրեբունի-2» Հիմնադրվել է 1996-ի սեպտեմբերին: Մասնակիցները եղել են երեւանցիներ Հակոբ Հակոբյանը, Գուրգեն Սահակյանն ու առինջեցի Հովիկ Առաքելյանը: Ամենաշուտը՝ 1999-ին, ՍՊԸ-ից դուրս է եկել Հակոբյանը, իսկ 2002-ին Առաքելյանին փոխարինել է Գագիկ Ծառուկյանը, սակայն արդեն 2003-ին գործարարն իր փայը փոխանցել «Մուլտի Գրուպին»: 2012-ին էլ Սահակյանի տեղը զբաղեցրել է արդեն հիշատակված Արմեն Մխիթարյանը: 2015-ին նրան միացել է եղբայրը՝ Թաթուլը, ով փոխարինել է «Մուլտի Գրուպին», իսկ 2016-ի նույն օրը, ինչպես «Անի» ՍՊԸ-ի, այնպես էլ «Էրեբունի-2»-ի իրենց փայը եղբայրներն ամբողջությամբ զիջել են Հասմիկ Մխիթարյանին: Բայց ի տարբերություն «Անի» ընկերության՝ «Էրեբունի-2»-ում իր 100 % բաժնեմասը Հ. Մխիթարյանը 2018-ին փոխանցել է որդուն՝ Էդգարին, ով դարձել է նաեւ ընկերության տնօրենը (Երեւանի բնակիչ է): Այս ՍՊԸ-ի գործունեության տեսակը, ինչպես «Անիի» պարագայում, սեփական կամ վարձակալած անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելն ու այլ գործառնություններ կատարելն է: «Էրեբունի-2»-ը գրանցված է Երեւանում՝ Էրեբունու 30 հասցեում, որտեղ նախկինում գործում էր «Ինտերսերվիս ՄԵԿ» ցանցի սրահներից մեկը: Ընկերության կանոնադրական կապիտալը 1996-ին եղել է մոտ 29 մլն դրամ, 2003-ին աճել է մինչեւ 36 մլն, ապա նվազել ու դարձել 24 մլն: «Մուլտի Սիս» Պետռեգիստրի համաձայն՝ հիմնադրվել է 1996-ի հոկտեմբերին ու մինչեւ 2000 թ. կոչվել «Սիս-96»: Սա «Հայկահույք» մեծամանրածախ պետական ձեռնարկության «Ապրանքներ տան համար թիվ 1» դուստր ձեռնարկության իրավահաջորդն է: Գրանցված է Երեւանի Շիրակի 1ա հասցեում, որտեղ գործում է Ծառուկյանի ու բելառուսների հիմնած «Ար-Բե» հայ-բելառուսական առեւտրի տունը: Պետռեգիստրում որպես «Սիս-96»-ի հիմնադիրներ նշված են երեւանցիներ Մնացական Գեւորգյանը, Մինաս Ղազանչյանը, Էդիկ Մադաթյանը, Անահիտ Սաֆարյանը, Արամ Քոչարյանն ու Արթուր Խաչատրյանը, ինչպես նաեւ 9 հիմնադիրներ, որոնք հենց այդպես էլ ներկայացված են: Բացի Ա. Խաչատրյանից՝ բոլորը դուրս են եկել ընկերությունից 1997-ին: Նրանց փոխարինել է Ռոբերտ Մկրտչյանը, ով «Անի» ՍՊԸ-ի հիմնադիրներից էր: 2000-ին ՍՊԸ-ն լքել է Ա. Խաչատրյանը, ինչից հետո ընկերությունը վերանվանվել է «Մուլտի Սիս»: 2002-ին դրանից դուրս է եկել նաեւ Ռ. Մկրտչյանը, 100 % բաժնեմասն անցել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին: 2007-2010-ին ընկերության փայատեր է եղել նաեւ Թաթուլ Մխիթարյանը, ում փոխարինել է Գ. Ծառուկյանը: Այժմ գործարարն ու նրա կոնցեռնը «Մուլտի Սիսի» 50-ական %-ի փայատերեր են: Տնօրենը Առինջում հաշվառված Մկրտիչ Գասպարյանն է: Ընկերության կանոնադրական կապիտալը 235 մլն դրամ է, գործունեության տեսակը նույնն է, ինչ «Անի» եւ «Էրեբունի-2» ՍՊԸ-ների դեպքում: «Ջավահիր Առաքելյան» Սա «Մուլտի Գրուպի» սկզբնական հիմնադիրներից չէ, բայց նույնպես կահույքի ոլորտից է: Աբովյանի թիվ 1/1 տնտհաշվարկային խանութի սեփականաշնորհման արդյունքում 1997-ի հունիսին գրանցվել է «Հովիկ Առաքելյան» ԱՁ-ն: Հիմնադիրը՝ առինջեցի Հովիկ Գեւուշի Առաքելյանը, թերեւս, Ծառուկյանի կնոջ՝ Ջավահիր Ռաֆիկի Առաքելյանի (Ծառուկյանի) ազգականն է: Հատկանշական է, որ 1999-ի տարեվերջին «Հովիկ Առաքելյան» ԱՁ-ն դարձել է «Ջավահիր Առաքելյան» ՍՊԸ: Ամիսներ անց՝ 2000-ի մայիսին, սեփականատերն իր ամբողջ փայը հանձնել է հենց Ջ. Առաքելյանին, ով էլ 2002-ի դեկտեմբերին այն փոխանցել է Գ. Ծառուկյանին: 2003-ի մարտին միակ փայատեր է դարձել «Մուլտի Գրուպը»: Ըստ ՍՊԸ-ի կանոնադրության՝ գործունեության հիմնական տեսակներն են կահույքի, պարենային ապրանքների առեւտուրը, միջնորդական ոչ բորսային գործունեությունը: Կանոնադրական կապիտալը 159 մլն դրամ է, տնօրենը Ջ. Ծառուկյանն է: Ընկերությունը գրանցված է Աբովյանի Զորավար Անդրանիկի 4-ում: «ՄԵԿ Ինտերսերվիս» Այս ՍՊԸ-ն 1998-ի հունվարին ստեղծել են Գ. Ծառուկյանը եւ վերոնշյալ «Հովիկ Առաքելյան» ԱՁ-ն: «ՄԵԿ Ինտերսերվիս» ընկերությունը գրանցված էր Աբովյանի նույն հասցեում՝ Զորավար Անդրանիկի 4-ում: Այստեղ նույնպես կահույքի վաճառքի խանութ-սրահ է, որը նախկինում կոչվում էր «Ինտերսերվիս Արմենիա», իսկ այժմ՝ «Ինտերսերվիս ՄԵԿ»: Հավելենք, որ 2003-ին «ՄԵԿ Ինտերսերվիս» ՍՊԸ-ն լուծարվել է, այդ ժամանակ 50 հազար դրամ կապիտալով ընկերության փայատերերն էին Գ. Ծառուկյանն ու Ալբերտ Աբրահամյանը: «Ինտերսերվիս ՄԵԿ» Սա նույնպես «Մուլտի Գրուպի» հիմնադիրներից չէ, սակայն այն ընկերությունն է, որի անվան տակ միավորված է Ծառուկյանի կահույքի բիզնեսը: 2010-ի մայիսին հիմնադրել են վերը նշված Արմեն Մխիթարյանն ու «Մուլտի Սիսի» տնօրեն Մկրտիչ Գասպարյանը: Վերջինս, որը մինչ օրս ընկերության տնօրենն է, 2015-ին դուրս է եկել փայատերերի կազմից, նրան փոխարինել են Թաթուլ եւ Հասմիկ Մխիթարյանները: Այդուհանդերձ, 2016-ին նրանք էլ լքել են ՍՊԸ-ն, ինչի արդյունքում Ա. Մխիթարյանը դարձել է 100 %-ի սեփականատեր: Ընկերության կապիտալը 50 հազար դրամ է, գրանցված է Առինջում, հարկ վճարողների փնտրման համակարգի համաձայն՝ զբաղվում է մասնագիտացված խանութներում կահույքի մանրածախ առեւտրով: 2018-ին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ՍՊԸ-ն եղել է 784-րդ տեղում. տարվա կտրվածքով վճարել է ընդհանուր մոտ 183 մլն դրամ հարկ: Այսպիսով՝ եթե հաշվի չառնենք լուծարված «ՄԵԿ Ինտերսերվիս» ՍՊԸ-ն, ապա մնացած 6 ընկերություններից («ՄԵԿ», «Անի», «Էրեբունի-2», «Մուլտի Սիս», «Ջավահիր Առաքելյան», «Ինտերսերվիս ՄԵԿ») 4-ը գտնվում են Մխիթարյանների վերահսկողության ներքո. սեփականատերերի ցանկում են ամուսիններ Արմեն եւ Նարինե Մխիթարյանները, Հասմիկ Մխիթարյանը, նրա որդի Էդգար Մխիթարյանը, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանն ու «Մուլտի Գրուպ» կոնցեռնը: Խմիչքների արտադրություն եւ վաճառք 1990-ականների կեսերին Ծառուկյանը մտել է ալկոհոլային խմիչքների շուկա: Այս ոլորտում նա նախ ձեռք է բերել Աբովյանի գարեջրի գործարանը: ««Կոտայք» գարեջրի գործարան» Աբովյանի գարեջրի գործարանը հիմնադրվել է 1970-ականներին: Հայկական սովետական հանրագիտարանը նշում է, որ 1976 թվականին Աբովյանի շրջանում շահագործման է հանձնվել 7,2 մլն դեկալիտր հզորությամբ գարեջրի նոր գործարան: Հետագայում «Կոտայք» անվանակոչված գործարանի պաշտոնական կայքում, որը ներկայում անհասանելի է, հիմնադրման տարեթիվ է նշվել 1974 թ.: Ըստ այդմ՝ գործարանը հիմնվել է Չեխոսլովակայից հրավիրված մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով գարեջրով ապահովել ամբողջ կովկասյան տարածաշրջանը: Այն կառուցվել է չեխական սարքավորումներով եւ տեխնոլոգիայով՝ օգտագործելով տեղական եւ ներմուծված հումքը: «Մուլտի Գրուպի» կայքն էլ հայտնում է, որ գործարանը շահագործման է հանձնվել 1978-ին՝ զբաղեցնելով 6,5 հա տարածք (այլ աղբյուրում նշվում է, որ այդ տարի պարզապես գործարանն սկսել է աշխատել ամբողջ թափով): Անկախությունից հետո գործարանը մասնավորեցվել է: 1995-ի մայիսին Աբովյան քաղաքում գրանցվել է «Աբովյանի գարեջրի գործարան» ԲԲԸ-ն (հետագայում լուծարվել է), որն, ըստ «Մուլտի Գրուպի» կայքի, գլխավորում էր Ծառուկյանը: Վերջինս 1996-ին որոշել է այս բիզնեսում ներգրավել գարեջրագործության մեջ փորձ ունեցող արտասահմանցի գործընկերների: Այդպիսին էր ֆրանսիական հայտնի «Castel Group»-ը, որը մասնագիտացած է ալկոհոլային խմիչքների ու, մասնավորապես, գարեջրի արտադրության ոլորտում: Ծառուկյանի մտերիմ Սեդրակ Առուստամյանը նրա մասին պատմող ֆիլմում հիշում է, որ գործարարը վաճառել է իր 30 %-ը, իսկ գործարանն այդ ժամանակ ապահովում էր գարեջրի տեղական շուկայի արտադրանքի ավելի քան 70 %-ը, նաեւ արտահանում էր Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա: Ֆրանսիացի ներդրողների գալով հիմնադրվել է նոր ընկերություն: Այսպես՝ 1997-ի հունիսին Երեւանի Չելյուսկինցիների 62 հասցեում (ներկայում սա Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքն է) գրանցվել է «ՍԻԼ-ԲԺԻ-Հայաստան» հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն (ՀՁ) ՍՊԸ-ն, որի սեփականատերերն էին գործարար, 1999-2009 թթ. ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ու ֆրանսիական «BGI» ընկերությունը («Castel Group»-ի մաս է): Մի փոքր շեղվելով՝ նշենք, որ 1997-ի հուլիսին Խ. Սուքիասյանն ու Գ. Ծառուկյանը, որոնք ընկերներ են, 50-50 համամասնությամբ նույն հասցեում՝ Չելյուսկինցիների 62-ում, հիմնել են «Արմ-Արտ» ՍՊԸ-ն: 100 հազ. դրամ կանոնադրական կապիտալով ընկերությունը լուծարվել է 2012-ի օգոստոսին: Ինչ վերաբերում է գարեջրի գործարանին, ապա ֆրանսիացիներն այստեղ ներդրել են ավելի քան 15 մլն դոլար: 1999-ին Խ. Սուքիասյանը դուրս է եկել «ՍԻԼ-ԲԺԻ-Հայաստան» ՍՊԸ-ից՝ միակ սեփականատեր թողնելով «BGI»-ին: Միաժամանակ փոխվել է ընկերության անունը՝ դառնալով «Մուլտի-ԲԺԻ», որի հասցեն Երեւանից տեղափոխվել է Աբովյան քաղաք (Աբովյան 10), որտեղ գործարանն է: 2002-ին ՍՊԸ-ին է միաձուլվել նույն հասցեում գրանցված «ՋիՔեյԲի» ԲԲԸ-ն: 2003-ին «Մուլտի-ԲԺԻ» ՍՊԸ-ն վերանվանվել է ««Կոտայք» գարեջրի գործարան»: Նույն տարվա վերջին ֆրանսիական «BGI»-ի փոխարեն գործարանի միանձնյա սեփականատեր է դարձել Ջիբրալթարում գրանցված «B.I.H.(E) - Brasseries Internationales Holding (Eastern) Limited»-ը, որը նույնպես «Castel Group»-ի ընկերություններից է: 2008-ին «Կոտայքի» 1 %-ի սեփականատեր է դարձել ֆրանսիացի Ժան Պոլ Լաֆրանկին (Jean-Paul Lafranchi), ով «B.I.H.(E)»-ի ղեկավարն էր: Մինչ այդ՝ դեռ 2004-ին, հայտնի էր դարձել, որ «Castel»-ը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից 20 մլն դոլար վարկ է վերցնելու՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում ու Ռուսաստանում ներդրումներ կատարելու համար: Եվ պատահական չէ, որ ՎԶԵԲ-ը 2010-2011 թթ. «Կոտայքի» սեփականատերերից մեկն էր (մասնաբաժին՝ վարկի դիմաց): 2011-ի մայիսին ջիբրալթարյան ընկերությունն ու ֆրանսիացի Լաֆրանկին իրենց ամբողջ բաժնեմասը փոխանցել են Գագիկ Ծառուկյանին, որն էլ մինչ օրս ««Կոտայք» գարեջրի գործարան» ՍՊԸ-ի միակ փայատերն է: Եթե 1997-ին ընկերության կանոնադրական կապիտալը 9000 դրամ էր, ապա այսօր շուրջ 1,1 մլրդ է: Գլխավոր տնօրենը երեւանցի Գաբրիել Զաքարյանն է: 2018-ին 1000 խոշոր հարկատուների մեջ ՍՊԸ-ն եղել է 833-րդը՝ վճարած լինելով 171 մլն դրամ հարկ: Գործարանն արժանացել է տարբեր մրցանակների, այդ թվում՝ արտերկրում ստացել է «Պլատինե աստղ», «Ադամանդե աստղ», ըմպելիքների որակի պրեմիում դասի պարգեւ: Գարեջրից բացի՝ 2013-ից «Կոտայքն» արտադրում է նաեւ զովացուցիչ ըմպելիքներ: «Մուլտի-Բարդ» Այս ՍՊԸ-ն 1999-ի դեկտեմբերին Առինջում հիմնադրել են Գ. Ծառուկյանն (50 %) ու փարիզցի Անտուան Բարդոնը (Antoine Bardon, 50 %): 2003-ի ապրիլին Ծառուկյանն իր բաժնեմասը փոխանցել է «Մուլտի Գրուպին»: Կանոնադրական կապիտալը եղել է 500 հազ. դրամ: Ֆրանսիացի Ա. Բարդոնը, ով այժմ ֆրանս-վրացական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահն է, նախկինում հիմնել է, մասնավորապես, «A. Bardon Consulting Ltd» ընկերությունը, որը մասնագիտացած է եղել զարգացող երկրներում ներդրումներ անելու մեջ: Բիզնեսի կառավարիչ, իրավաբան եւ ֆինանսիստ Բարդոնի ընկերությունը ծառայություններ է մատուցել ԱՊՀ երկրներում, մասնավորապես՝ Կովկասում ներդրումներ կատարողներին: «A. Bardon Consulting»-ը եղել է «Castel Group»-ի ներդրումների կառավարիչը: «Castel»-ը, ինչպես վերը նշվեց, 1997-2011 թթ. Կոտայքի գարեջրի գործարանի հիմնական սեփականատերն էր: 2012-ի օգոստոսին «Մուլտի-Բարդ» ՍՊԸ-ն լուծարվել է: «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» Այս կոմբինատի պատմությունը շատ ավելի հին է, քան գարեջրի գործարանինը: Գինու արդյունաբերական արտադրությունը Հայաստանում սկսվել է 1877-ին վաճառական Ներսես Թաիրյանի (Թաիրով) կողմից, որը նաեւ առաջինն էր, ով 1887-ին Անդրկովկասում սկսել է կոնյակի սպիրտ արտադրել ֆրանսիական տեխնոլոգիայով: 19-րդ դարի վերջին եւ 20-րդի սկզբին Երեւանի բերդի տարածքի մի մասում կառուցվել է Թաիրյանի գինու-կոնյակի գործարանը: Հայկական սովետական հանրագիտարանի տեղեկացմամբ՝ երկաթուղային ճանապարհի բացակայության եւ սպառման սահմանափակ հնարավորության պատճառով Թաիրյանը նախ գրավադրել է գործարանը, ապա 1899-ին վաճառել «Ն. Շուստով եւ որդիներ» մոսկովյան ընկերությանը: 1900-ին Փարիզի ցուցահանդեսում Շուստովների արտադրած կոնյակն արժանացել է Գրան-պրիի, եւ նրանց թույլատրվել է արտադրանքի վրա կիրառել ոչ թե «բրենդի», այլ հենց «կոնյակ» տերմինը: 1920-ին դաշնակցական կառավարությունը պետականացրել է Շուստովների գործարանը, որը շուտով կոչվել է «Արարատ»: 1921-ին՝ արդեն կոմունիստների օրոք, «Արարատին» է միացվել գինու եւ կոնյակի պետականացված եւս 5 գործարան: 1922-ին էլ ստեղծվել է «Արարատ» տրեստը, որին են հանձնվել Հայաստանում գինի, կոնյակ, օղի արտադրող բոլոր գործարանները: 1949-ին գինու գործարանից առանձնացել է Երեւանի կոնյակի գործարանը, որն սկսել է արտադրանք տալ 1953-ից: 1964-ին «Արարատ» տրեստը վերանվանվել է ՀԽՍՀ սննդի արդյունաբերության մինիստրության գինու եւ կոնյակի արդյունաբերության գլխավոր վարչություն, որը 1974-ի դրությամբ միավորում էր գինու 25, կոնյակի 3, շամպայնի ու գինեթթվի 1-ական գործարան եւ խաղողագործական 4 սովետական տնտեսություն: Կոմբինատը՝ Իսակովի պողոտայից Ըստ կոմբինատի պաշտոնական կայքի՝ Հայաստանի անկախացումից հետո այն գտնվում էր լքված վիճակում: 1994-ի հուլիսին գրանցվել է «ՀՀ պարենի եւ մթերումների նախարարության Երեւանի գինու կոմբինատ» պետական ձեռնարկությունը, որը շուտով դադարեցրել է գործունեությունը: Դրա իրավահաջորդ է դարձել 1996-ի մայիսին հիմնադրված «Երեւանի գինու կոմբինատ» ԲԲԸ-ն, որը նույն տարվա աշնանը վերանվանվել է «Երեւանի «Արարատ» գինու կոմբինատ»: 1999-2011 թթ. ընկերությունը կոչվել է «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ», իսկ 2011-ից՝ «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ: 2002-ին ընկերության բաժնետեր է դարձել Գագի Գագիկ Ծառուկ
12:16 - 12 սեպտեմբերի, 2019
Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանը չի վճարում բեռնափոխադրումների գումարները. մի քանի ընկերություններ սնանկացման եզրին են |hetq.am|

Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանը չի վճարում բեռնափոխադրումների գումարները. մի քանի ընկերություններ սնանկացման եզրին են |hetq.am|

hetq.am։ Խաչատուր Թորոսյանը զբաղվում է բեռնափոխադրումներով, որն իրականացնում է «Եղիա Թորոսյան» ԱՁ-ի միջոցով: Տարվա սկզբին պայմանագիր է կնքել «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի հետ, որպեսզի իրենց ավտոմեքենաներով ՍՊԸ-ն «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի ոգելից խմիչքները տեղափոխի Ռուսաստանի Դաշնություն: Խաչատուր Թորոսյանի խոսքով` «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրել է 4 բեռնատար ավտոմեքենա, սակայն պարտավորությունները չկատարելու պատճառով «Եղիա Թորոսյան» ԱՁ-ին ՍՊԸ-ն պարտք է 16 մլն 427 հազար դրամ: «Բազմիցս դիմել եմ «Դաֆ Ալկո Տրանս»-ի տնօրենին, ինքն էլ ասում ա, որ գործարանը բեռնափոխադրման գումարը չի փոխանցել, որ ես ձեզ տամ: Ու հիմա չգիտեմ, թե ինչ պետք է արվի»,-ասում է Խաչատուր Թորոսյանը: «Ֆրեշ Տրանս» ընկերության տնօրեն Արթուր Միրզոյանը ևս պարտատեր է: Նա զանգել էր «Հետքի» խմբագրություն նույն բողոքով: Ասում է, որ ավտոմեքենաները «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ին վարձակալության տալիս մեքենաների անվադողերը նույնիսկ պարտքով են գնել՝ հույս ունենալով, որ վճարման դեպքում պարտքերը կմարեն: Այժմ էլ վարորդներն են պահանջում իրենց աշխատավարձը, սակայն չեն կարողանում վճարել: Արթուր Միրզոյանի խոսքով՝ բեռնափոխադրում իրականացնելու պայմանագիր են կնքել «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի հետ: 4-5 բեռնատարով ալկոհոլ են արտահանել Ռուսաստանի Դաշնություն: «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն «Ֆրեշ Տրանս»-ին պարտք է 4 մլն 166 հազար դրամ: «Դիմում ենք «Դաֆ Ալկո Տրանս»-ին, իրանք էլ ասում են «Նոյ» գործարանը մեր փողերը չի տվել, որ մենք էլ տանք: Մենք էլ մնացել ենք երկու քարի արանքում՝ ոչ կարող ենք ընկերությանը պարտադրենք, որովհետև ասում ա՝ փող չունեմ, որ տամ, ոչ էլ կարող ենք վարորդներին ասել՝ աշխատավարձ մի ուզեք»,-ասում է Արթուր Միրզոյանը: Մի քանի ընկերությունների տնօրեններ էլ, որոնց պարտք է «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն, ասացին, որ եթե կարճ ժամանակահատվածում հարցը չլուծվի, բեռնատարներով բողոքի ակցիա են իրականացնելու կառավարության շենքի դիմաց: Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Գրիգորյանին: Վերջինս ասաց, որ չի հրաժարվում իր պարտավորությունների կատարումից, սակայն այժմ ֆինանսական ծանր վիճակում է: Հայկ Գրիգորյանը պատմեց, որ զբաղվում են բեռնափոխադրումով: Երկար տարիներ աշխատել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի հետ: Ռուսաստանի Դաշնություն է փոխադրել գործարանի արտադրանքը և այնտեղից Հայաստան բերել դատարկ շշերը: Շաբաթվա կտրվածքով կատարել են մինչև 30 բեռնափոխադրում: «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն պատկանում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: «Իմ մեքենաները չէին բավականացնում: 25 ընկերություններից վարձակալել եմ մեքենաներ, իրենց մեքենաներով էլ եմ աշխատել: Հիմա ինձ գործարանն այդ գումարը չի վճարում, ես էլ չեմ կարողանում իմ պարտավորությունները կատարել: Հիմա համ ես եմ սնանկության գնում, համ էլ մի քանի ընկերություններ, որոնցից ավտոմեքենաներ եմ վարձակալել»,-ասում է Հայկ Գևորգյանը՝ հավելելով, որ 25 ընկերություններին ունեցած իր պարտքը կազմում է մոտ 84 մլն դրամ: Հայկ Գրիգորյանը պարզաբանեց, որ իր հետ փոխկապակցված երկու ընկերություններին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի ունեցած պարտքը կազմում է մոտ 124 մլն դրամ, որից 121 մլն դրամը՝ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ին, մոտ 3 մլն դրամ էլ` «Մակաս» ՍՊԸ-ին: Գրիգորյանը նշեց, որ ունի նաև ռուսական ընկերություն՝ «Շարկ Ալկո Տրանս», որին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը պարտք է մոտ 390 հազար ռուսական ռուբլի: «Իմ փաստաբանը դիմել է ընկերությանը՝ խնդրելով 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարել վճարումները, սակայն ոչ մի պատճառաբանություն չի ներկայացվել, թե ինչու չեն վճարում գումարները: Մենք նորմալ մեր պարտականությունը կատարել ենք, իրենք էլ բոլոր հաշիվ-ապրանքագրերը ստորագրել են, ոչ մի խնդիր չի առաջացել, ուղղակի չեն վճարում ու վերջ»,-ասում է Հայկ Գրիգորյանը: Պարտատեր 25 ընկերություններից որոշները ցանկություն ունեն գումարի բռնագանձման հայց ներկայացնել «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի դեմ: Այդ հարցով ընկերությունների տնօրեններն արդեն դիմել են «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ին, սակայն վերջինիս տնօրենը խնդրել է մի քիչ էլ համբերել: Փոխարենը «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի դեմ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումներ են ներկայացրել «Դաֆ Ալկո Տրանս» և «Մակաս» ՍՊԸ-ները: ««Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն արդեն սնանկության եզրին է, որովհետև չենք կարողանում մեր պարտականությունները կատարել պետության և նշածս 25 ընկերությունների նկատմամբ»,-ասում է Հայկ Գրիգորյանը: «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի և «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի միջև 2019թ. հունվարի 8-ին կնքվել է «Բեռի փոխադրման մասին» պայմանագիր, համաձայն որի` «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն որպես փոխադրող պարտավորվել է գործարանի կողմից իրեն վստահված բեռները հասցնել պատվիրված վայրերը և հանձնել բեռները ստացողին: Բեռի փոխադրման գինը սահմանվել է ըստ հաշիվ-ապրանքագրերի: Կողմերը սահմանել են վճարման կարգ, համաձայն որի` գործարանը բեռնափոխադրող ընկերությանը վճարում է 60% կանխավճար՝ մեքենան կապարակնքելուց անմիջապես հետո, իսկ գումարի մնացած 40%-ը` բեռը փոխադրման վայր հասցնելուց և մաքսային զննումից հետո:
10:12 - 26 հուլիսի, 2019
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Գագիկ Ծառուկյանի վիրավորանքների կապակցությամբ

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Գագիկ Ծառուկյանի վիրավորանքների կապակցությամբ

Երեկ՝ հունիսի 19-ին, խորհրդարանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին աչքի է ընկել լրագրողների նկատմամբ անվայելուչ վերաբերմունքով։ Այս մասին հայտարարություն են տարածել լրագրողական կազմակերպությունները։  Հայտարարության մեջ ասված է․  «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզաննա Ստեփանյանի՝ օրենքին ենթարկվելու մասին հարցին ի պատասխան նա զայրացել ու ագրեսիվ տոնով ասել է. «Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի»։ Այնուհետև իրեն հատուկ բառապաշարով Ծառուկյանը մեղադրել է լրագրողին և նրա գործընկերներին՝ ինչ-ինչ հանձնարարություններ կատարելու, «դատարկ-դատարկ խոսելու» մեջ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն չորրորդ դեպքն է, երբ նույն անձը անբարեկիրթ պահվածք է դրսևորում և վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների հասցեին։ Ընդ որում՝ դրանցից մեկի ընթացքում, երբ նրան դուր չէր եկել «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հարցը, ԲՀԿ առաջնորդը սպառնացել է, թե լրագրողը դեռ պետք է պատասխան տա։ Այս մեկը մյուսին հետևող միջադեպերը վկայում են, որ Գագիկ Ծառուկյանը, չնայած երկար տարիներ ԱԺ-ում ներկայացված կուսակցություն է ղեկավարում, այդուհանդերձ, այդպես էլ ձեռք չբերեց քաղաքական գործչին անհրաժեշտ հատկություններ՝ հանդուրժողականություն, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելու ունակություն, զսպվածություն։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրողների հանդեպ՝ խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի պահվածքի առնչությամբ և պահանջում ենք.- Գագիկ Ծառուկյանից՝ պաշտոնապես ներողություն խնդրել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզաննա Ստեփանյանից, «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանից և բոլոր այն լրագրողներից, ում վիրավորել է, և հավաստիացումներ, որ ապագայում նման պահվածքը չի կրկնվի։ - Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկման առարկա դարձնել Գագիկ Ծառուկյանի վարքագիծը խորհրդարանում հավատարմագրված լրագրողների նկատմամբ և գնահատական տալ դրան՝ պատգամավորական էթիկայի տեսանկյունից»։  
14:56 - 20 հունիսի, 2019
Ծանուցագիրը ստացել եմ, ի՞նչ պետք է անեի, պետք է դնե՞ի ռամկայի մեջ, կախեի պատին Այվազովսկու նկարի կողքի՞ն. Գագիկ Ծառուկյան |aysor.am|

Ծանուցագիրը ստացել եմ, ի՞նչ պետք է անեի, պետք է դնե՞ի ռամկայի մեջ, կախեի պատին Այվազովսկու նկարի կողքի՞ն. Գագիկ Ծառուկյան |aysor.am|

Ծանուցագիրը ստացել եմ, ի՞նչ պետք է անեի, պետք է դնե՞ի ռամկայի մեջ, կախեի պատին Այվազովսկու նկարի կողքի՞ն, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Ծանուցագիրը ստացել ենք, ուրիշ ի՞նչ հարցեր կան։ Առանց ծանուցագիր որ գնայի, չէի՞ն ընդունի», - ասաց նա։ Հիշեցնենք, Աբովյանում ՔՊ քաղաքապետի թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու դեպքի առթիվ Գագիկ Ծառուկյանի հայտարարության հետքերով Քննչական կոմիտեն ծանուցմամբ հարցաքննության էր հրավիրել ԲՀԿ ղեկավարին։ Ծառուկյանը, սակայն, պատռել էր ծանուցագիրը և չէր ներկայացել հարցաքննության։ Քննչական կոմիտեն երկրորդ անգամ է ծանուցումն ուղարկել Ազգային ժողով։ ԲՀԿ ղեկավարն ասաց, որ քննչական կոմիտեին պատասխանել է իր փաստաբանի միջոցով։ «Կարիքը չկա քննչական կոմիտե գնալու, ինչ որ պետք է, իմ փաստաբանի հետ թուղթը ստարագրած, ուղարկած է», - ասաց Ծառուկյանը։
08:03 - 18 հունիսի, 2019
Ծառուկյան. Խմբակցությունում ոչ ոք անհատական կարծիքի իրավունք չունի |panarmenian.net|

Ծառուկյան. Խմբակցությունում ոչ ոք անհատական կարծիքի իրավունք չունի |panarmenian.net|

panarmenian.net։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նիստ է հրավիրել՝ զգուշացնելու խմբակցության բոլոր պատգամավորներին, որ որևէ մեկն անհատական կարծիք հայտնելու իրավունք չունի։Ծառուկյանի այս զգուշացումը հետևել է խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրերս արած այն հայտարարությանը, թե Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի։«Խմբակցությունում պետք է հարցերը քննարկվեն, ընդհանուր որոշում լինի և նոր հայտարարություն արվի։ Ես դրա համար այսօր հրավիրել էի նիստ, որի ժամանակ բոլորին զգուշացված է եղել՝ որևիցե մեկն անհատական կարծիք ասելու իրավունք չունի։ Խմբակցություն է, խմբակցությունում պետք է քննարկվի և ընդհանուր որոշումը ոնց լինի, այդպիսի հայտարարություն արվի», - ասել է Ծառուկյանը։
12:26 - 03 հունիսի, 2019
Գագիկ Ծառուկյանը խոսել է ցեմենտի պետական տուրքի մասին |lragir.am|

Գագիկ Ծառուկյանը խոսել է ցեմենտի պետական տուրքի մասին |lragir.am|

lragir.am: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառտուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ցեմենտի պետական տուրքի հարցին։ «Ցեմենտի գործարանի համար մենք հայտարարել ենք՝ քանի որ դա ոլորտի խնդիր է, ոչ թե անձնական շահի, դրա համար մենք հայտարարել ենք, որ չենք խառնվելու։ Այսօր հիմնական հանձնաժողովը ոնց որոշում կայացրեց, մենք ընդունելու ենք։ Եվ համապատասխան ոնց իրենք ընտրություն կատարեն, այնպես էլ մենք ենք կատարելու, բայց իրենց պատասխանատվությամբ։ Ես միշտ իմ ժողովրդի կողքին լինելով, գնալով, ասելով, որ լիարժեք կարողանանք որպես էսօր քաղաքական կուսակցության ղեկավար լիարժեք օրինակ ծառայեմ, վնաս կրեմ լավ լինելու համար, բոլորը հակառակ են հասկանում։ Մարդիկ երեք օր անձրևի տակ լինելով՝ ցանկություն ա եղել հանդիպել Ծառուկյանի հետ։ Բոլորը ցանկացել են գալ, հասնել կառավարություն, ասել եմ՝ չի կարելի, մի հոգի թող գա» ,- ասաց Ծառուկյանը։Հարցին, թե աշխատակիցների կամ արտադրանքի կրճատումներ լինելո՞ւ են գործարանում, նա պատասխանեց, որ ինքը գործարանի սեփականատերն է, չի կարող այդ հարցին չի խառնվում։ «Դա դուք կարող եք հարցնել կառավարիչներին։ Որպես սեփականատեր՝ ես չեմ խառնվելու, հանձնել եմ կառավարման, կառավարումը կորոշի, թե ոնց է ձեռնտու հիմնական գործարանի շահերը պահելու համար»,- հավելեց նա։
08:25 - 31 մայիսի, 2019
Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել |shantnews.am|

Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել |shantnews.am|

shantnews.am: ՀՀ Ազգային ժողովում հերթական լիագումար նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը նշել է, որ խմբակցության օրակարգում չի եղել հարց, որպես ընդդիմություն, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին միանալու մասին, չեն քննարկել և չեն քննարկելու այդ հարցը: Իսկ այն դիտարկմանը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկինում կապում էին Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, Ծառուկյանը պատասխանել է հետևյալը. «Հիմա ում ինչի և ում հետ հարմար ա, կապում են: Հիմա ամեն մարդ իրավունք ունի քաղաքական գործունեությամբ զբաղվելու, օրը 2 հատ կուսակցություն է բացվում»:Իսկ Քոչարյանի կողմից նախկինում Ծառուկյանի բիզնեսին ուղղված աջակցությանը Գագիկ Ծառուկյանը արձագանքեց, որ իր բիզնեսի ծաղկմանը ոչ մեկ չի աջակցել, ոչ մեկի առաջ չունի պարտավորություն: Նաև ավելացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ ո´չ հանդիպել է, ո´չ զանգել: Իսկ 2-րդ նախագահի ազատ արձակման մասին ասելիք չունի՝ եթե օրենքով այդպես է, ուրեմն ճիշտը դա է:Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք խուսափում է, Ծառուկյանը արձագանքեց, որ չի խուսափում, փաստն է արձանագրում: ԱԺ պատգամավորը նշեց նաև, որ դատական համակարգում փոփոխություններին կողմ է:«Դա մենք 100 անգամ ասել ենք, անպայման պետք է փոփոխություն լինի ըստ օրենքի, ըստ Սահմանադրության, ըստ կանոնակարգի»:Ծառուկյանը նաև լրագրողների կոչ արեց անկապ հարցեր չտալ, չսրել իրավիճակն անհիմն հայտարարությամբ:«Լրագրողներն այսօր 4-5 հարց ունեն՝ Քոչարյան, արդարադատություն …»:Լրագրողները հակադարձեցին, ինչին ի պատասխան` Ծառուկյանը նշեց՝ նայեք մարդու արած գործերին:«Մենք պետք է այսօր տնտեսական հեղափոխություն անենք: Ժողովուրդը այսօր դրան է սպասում, արդեն 1 տարի է, ինչ սպասում է: Իսկ այսպիսի անկապ հայտարարությունները վանում են ներդրողներին: Ցանկացած ներդրող կայունություն է ուզում: Եթե մենք ուզում ենք տնտեսական հեղափոխություն, պետք է օրենք փոխենք, Սահմանադրություն փոխենք, նայենք աշխարհի օրինակին»:Գագիկ Ծառուկյանը նաև նշեց, որ եթե պետք լինի վեթինգի ենթարկվել, ինքը պատրաստ է: Բոլորը օրենքի առաջ հավասար են: «Անցումային արդարադատությանը մենք կողմնակից ենք, բայց ըստ կարգի, ըստ կանոնադրության»:
08:57 - 29 մայիսի, 2019
Բելառուսի դեսպանատան ոդիսականը. շռայլությո՞ւն, թե՞ փողերի լվացում |fip.am|

Բելառուսի դեսպանատան ոդիսականը. շռայլությո՞ւն, թե՞ փողերի լվացում |fip.am|

fip.am: «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Բելառուսի Հանրապետությունը Առինջում տեղակայված դեսպանության շենքը 2014-ին ձեռք է բերել Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված անձից՝ վճարելով շուկայական գնից մոտ չորս անգամ ավել։ 2014 թ.-ին դեսպանությունը Երևանի Նիկոլ Դումանի փողոցից տեղափոխվեց Կոտայքի մարզի Առինջ գյուղ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատան հետնամասում գտնվող շինություն։ Դեսպանատան շենքը և հողատարածքը Բելառուսի Հանրապետությունը 2014 թ.-ին գնել է Ծառուկյանի հետ փոխկապակցված անձից։Դեսպանատան շինության պատմությունըԿոտայքի մարզի Առինջ համայնքի Մ. Բաղրամյան փողոցի 9,9/1 հասցեում գտնվող տունը և հողատարածքը, որտեղ 2014 թ.-ին տեղափոխվել է Բելառուսի դեսպանատունը, երկար տարիներ պատկանել է 1960 թ. ծնված, նախկինում Առինջի բնակիչ, ներկայում Երևանի Կենտրոնում՝ Պուշկինի փողոցում հաշվառված Ժևիկ Սամվելի Մկրտչյան անունով անձին։ Ըստ Կադաստրի տվյալների, այդ հողատարածքում բոլոր ավարտված և կիսավարտ շինությունները կառուցվել են 2007-2008 թթ.-ին, երբ Ծառուկյանն իր քաղաքական և տնտեսական վերելքի վրա էր, և նրա՝ Առինջի բլրի վրա գտնվող «կալվածքն» արդեն երկու կողմից շրջափակել էր Ժևիկ Մկրտչյանի հողատարածքը։Ավելի քան կես հեկտար (5371 քմ) տարածք զբաղեցնող ներկայիս դեսպանատան տարածքը մինչև 2009 թ.-ն ամբողջովին պատկանել է Ժևիկ Մկրտչյանին։ 2010 թ.-ի դեկտեմբերին նա հողատարածքի մոտ երկու երրորդը (3747 քմ) վաճառել է Երևանի բնակիչ Հարություն Տիգրանի Թորոսյանին։ Գործարքը կատարվել է 110 մլն դրամով (մոտ 300 000 դոլար)։ Չորս տարի անց՝ 2014 թ.-ի մարտին, երբ ՀՀ կառավարությունում քննարկվել էր Բելառուսին դեսպանատան համար հողամաս ձեռք բերելու թույլատվություն տրամադրելու հարցը, Թորոսյանը, զարմանալիորեն, իր գնած հողատարածքը և շինությունն անհատույց հետ է վերադարձրել՝ նվիրաբերել է Ժևիկ Մկրտչյանին։ 2014 թ.-ի մարտին, ըստ այդմ, երկու հողատարածքները միավորվել են և Առինջի համայնքապետի կողմից ստացել միասնական հասցե՝ Բաղրամյան 9,9/1:2014 թ.-ի փետրվարի 27-ին Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը Բելառուսին դեսպանատան համար հողամաս ձեռք բերելու թույլատվություն էր տրամադրել, որի մեջ որպես գնման ենթակա հողամաս նշվում էր Ժևիկ Սամվելի Մկրտչյանին պատկանող՝ Բաղրամյան 9, 9/1 հասցեներում գտնվող տարածքը։ Ըստ բելառուսական TUT.BY լրատվական կայքի, դեսպանատան շենքի արտաքին հարդարանքը և ներքին ամբողջ կահավորումը կատարել է նախկին սեփականատերը՝ Ժևիկ Մկրտչյանը։ Սակայն այստեղ ուշագրավ է հողատարածքի ձեռք բերման արժեքը։ 2014 թ.-ի մայիսին այս հողատարածքի և շինությունների ամբողջ կադաստրային արժեքը գնահատվել է 39 մլն դրամ (մոտ 95 000 դոլար)։ Սակայն, ըստ Ժևիկ Մկրտչյանի և Բելառուսի Հանրապետության միջև 2014 թ. հուլիսի 24-ին կնքած պայմանագրի, Բելառուսն անշարժ գույքը ձեռք է բերել 2 մլն դոլարով (813 մլն դրամ), որը վերը նշված կադաստրային արժեքը գերազանցում է ավելի քան 20 անգամ։Մենք նաև կապ հաստատեցինք անկախ փորձագետի հետ, որը տունը և հողատարածքը գնահատեց առավելագույնը 450 000 դոլար։ Այսինքն՝ Բելառուսի կառավարությունը երկրի հարկատուների հաշվին մոտ չորս անգամ ավել գումար է ծախսել Հայաստանում դեսպանության ձեռք բերման համար։ Ո՞վ է Ժևիկ ՄկրտչյանըԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կից գտնվող հողամասի նախկին սեփականատեր Ժևիկ Մկրտչյանը փոխկապակցված անձ է ոչ միայն Ծառուկյանի հետ։ Նա 2010-2017 թթ.-ին եղել է ««Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տուն» ընկերության գլխավոր տնօրենը։ 2010 թ.-ին հիմնադրված այս ընկերության բաժնեմասերի 55%-ը պատկանում է Ծառուկյանի «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ին, իսկ մնացածը՝ չորս բելառուսական ընկերության, որոնք մտնում են բելառուսական պետական «Բելգոսպիշչեպրոմ» կոնցեռնի մեջ։Հաշվի առնելով Ժևիկ Մկրտչյանի՝ գործարքի կնքման ժամանակ ««Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տուն» կազմակերպության տնօրեն լինելու փաստը՝ ակնհայտ է, որ տեղի է ունեցել շահերի բախում։ Այսինքն՝ Բելառուսի կառավարությունը գույքի դիմաց գումար է վճարել իր հետ առնչություն ունեցող կոնցեռնի ներկայացուցչին՝ փողերի լվացման վերաբերյալ կասկածների տեղիք տալով։Ծառուկյանի և Լուկաշենկոյի կապերըՀայտնի է, որ Բելառուսի 25 տարվա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերն է։ 2013 թ.-ի մայիսին Հայաստան այցելության ժամանակ Ծառուկյանն անձամբ էր օդանավակայանում դիմավորել Լուկաշենկոյին և նրան հյուրընկալել իր տանը։ Լուկաշենկոն ներկա էր գտնվել նաև Աբովյան քաղաքում Ծառուկյանի միջոցներով կառուցված Սբ. Հովհաննես եկեղեցու բացմանը։ Բելառուսի առաջնորդը 2013 թ.-ի սեպտեմբերին Ծառուկյանին պարգևատրել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։ 2016 թ.-ի հոկտեմբերին Ծառուկյանը հարավաֆրիկյան ծագման չորս սպիտակ առյուծ էր նվիրել Լուկաշենկոյի 12-ամյա որդուն։2012 թ.-ին Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը և Բելառուսի նախագահի աշխատակազմին պատկանող «Բելառուստորգ» պետական ձեռնարկությունը Մինսկում համատեղ հիմնադրել էին «Արմյանսկիյ ստանդարտ» ՍՊԸ-ն՝ համապատասխանաբար 69% և 31% բաժնեմասերով։ Այն զբաղվում է հայկական կոնյակի շշալցմամբ։2016-ին և այս տարվա ապրիլին Գագիկ Ծառուկյանին նկատել էին Բելառուսի դեսպանատանը պատկանող «36 D009 AM» պետհամարանիշով ավտոմեքենայով շրջելիս։ԱմփոփումFip.am-ը հարցում ուղարկեց Բելառուսի դեսպանություն՝ պարզելու, թե ինչո՞ւ է որոշվել դեսպանությունը տեղափոխել Երևանից դուրս և ի՞նչ սկզբունքով է ընտրվել այդ տարածքը։ Սակայն պատասխան այդպես էլ չստացանք։ Fip.am-ն այցելեց դեսպանատուն՝ փորձելով բացատրություն ստանալ, սակայն դեսպանության ներկայացուցիչները մերժեցին ընդունել և մեկնաբանել վերոնշյալ հարցերը։Այսպիսով, մի շարք հարցեր մնում են անպատասխան։Ինչո՞ւ 2010-ին շուրջ 300 000 դոլարով ձեռք բերած կալվածքը Հարություն Թորոսյանը որոշեց անհատույց նվիրել նախկին սեփականատիրոջն անմիջապես ՀՀ կառավարության կողմից տրված թույլտվությունից հետո։Ի՞նչը դրդեց Բելառուսին ծախսել 2 մլն դոլար՝ շուկայական արժեքից քառակի անգամ ավելի, և տեղափոխել դեսպանատունը մայրաքաղաքից դուրս ու հաստատվել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կից տարածքում։ Այս հարցը կհետաքրքրի նաև Բելառուսի քաղաքացիներին, որոնց հարկերի հաշվին է գնվել այս դեսպանատունը։Հնարավո՞ր է արդյոք, որ այստեղ տեղի է ունեցել պետական փողերի լվացման դասական օրինակ, քանի որ Ժևիկ Մկրտչյանն ուղղակի առնչություն է ունեցել Բելառուսի կառավարության հետ։
08:35 - 28 մայիսի, 2019
Բրէքզիթի կողմնակից լորդերը վայելում են Ծառուկյանի հյուրընկալությունը. Opendemocracy.net |lragir.am|

Բրէքզիթի կողմնակից լորդերը վայելում են Ծառուկյանի հյուրընկալությունը. Opendemocracy.net |lragir.am|

lragir.am: Opendemocracy.net կայքը ծավալուն հոդված է հրապարակել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի և բրիտանացի քաղաքական գործիչների կապերի մասին: Հոդվածի հեղինակը կայքի խմբագիր Թոմաս Ռոուլին է: Հոդվածում գրված է, որ հայ օլիգարխը տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսել Մեծ Բրիտանիայի եվրոսկեպտիկ քաղաքական գործիչներին հյուրընկալելու համար: Գագիկ Ծառուկյանի հյուրերից են եղել Լորդերի պալատի անդամ լորդ Մոդը, նախկին պատգամավոր Ջեյմս Ուորթոնը, Եվրամիությունից դուրս գալու նախարարության ղեկավար Լորդ Քալանանը: Բոլոր գործիչները կողմ են հանդես գալիս, որ Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից: «Փաստը, որ հակաեվրոպական քաղաքական գործիչները կանոնավոր կերպով հյուրընկալվում են Հայաստանի ամենահարուստ մարդու մոտ, լուրջ հարցեր է առաջացնում նրանց գործողությունների և մոտիվացիայի վերաբերյալ», – ասել է լեյբորիստ պատգամավոր Բեն Բրեդշոուն:Կայքը, սակայն, գրում է, որ ապացույցներ չկան, որ բրիտանացի քաղաքական գործիչները լոբբինգ են արել Մեծ Բրիտանիայում Ծառուկյանի շահերն առաջ մղելու համար:
09:50 - 24 մայիսի, 2019
Մանդատ պահելու խնդիր չկա. սպասում ենք իրավապահներին պատասխանին. Գագիկ Ծառուկյան |news.am|

Մանդատ պահելու խնդիր չկա. սպասում ենք իրավապահներին պատասխանին. Գագիկ Ծառուկյան |news.am|

news.am։ «Մանդատ պահելու խնդիր չկա»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն` անդրադառնալով փաստին, որ իրեն մանդատից զրկելու վերաբերյալ «Քաղաքացի որոշում» կուսակցության կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված փաստաթղթերը փոխանցվել են ՀՔԾ: «Ես չգիտեմ՝ ինչ է ընթանում, պարոն վարչապետն ասաց, որ հարցը տված է իրավապահ մարմիններին, համապատասխան կնայեն, ըստ օրենքի, ըստ կետի կպատասխանեն: Այնպես որ օրենքի առաջ բոլորը հավասար են, ըստ օրենքի, ըստ կարգի, ոչ թե ցանկացած քնից արթնացողը անհիմն հայտարարություններ պետք է անի, այլ ըստ օրենքի կասեն, մենք սպասում ենք»,-ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ մանդատ պահելու խնդիր ինքը չունի. «Ինչ որոշում կլինի, կլինի ըստ օրենքի, ըստ Սահմանադրության»: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով «Քաղաքացու որոշում» կուսակցության հաղորդման հիման վրա ՀՔԾ–ում նյութեր են նախապատրաստվում:  
07:53 - 10 մայիսի, 2019