Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները շարունակում են անշեղորեն զարգանալ. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները շարունակում են անշեղորեն զարգանալ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները, հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, պատմական և մշակութային սերտ առնչությունների վրա, շարունակում են անշեղորեն զարգանալ: Ջերմությամբ եմ հիշում Սոֆիայում կայացած մեր հանդիպումը, որի ընթացքում կառուցողական երկխոսություն ունեցանք միջպետական կապերի հեռանկարների վերաբերյալ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների փոխգործակցության ներուժի հետագա խթանմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:
13:58 - 03 մարտի, 2023
Երևանի քաղաքապետը ՀՀ նախագահին մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների վերաբերյալ

Երևանի քաղաքապետը ՀՀ նախագահին մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների վերաբերյալ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին է ներկայացրել Երևանի քաղաքային տրանսպորտում և այլ ենթակառուցվածքներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը: Զրույցի ընթացքում Հրաչյա Սարգսյանը մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային և նախահաշվային աշխատանքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել ընթացիկ տարում քաղաքային ենթակառուցվածքներում նախատեսվող բարեփոխումների ծրագրերին և միջոցառումներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող տարբեր ծրագրերին և բարեփոխումներին: 
14:30 - 02 մարտի, 2023
Աշխարհի շատ ժողովուրդների համար մեր հարաբերությունները կարող են օրինակելի լինել. ՀՀ նախագահը՝ Վրաստանի դեսպանի հետ հանդիպմանը

Աշխարհի շատ ժողովուրդների համար մեր հարաբերությունները կարող են օրինակելի լինել. ՀՀ նախագահը՝ Վրաստանի դեսպանի հետ հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը ողջունելով նորանշանակ դեսպանին՝ շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:«Ուրախ ենք Ձեր նշանակման կապակցությամբ: Հայ-վրացական հարաբերությունները միշտ առանձնահատուկ են եղել ինձ համար: Գտնում եմ, որ մեր երկու երկրների յուրաքանչյուր պաշտոնյայի համար մեր ժողովուրդների միջև ձևավորված դարավոր բարեկամությունը շարունակելը և զարգացնելը մեծ պարտավորություն է:Ի պատիվ մեր երկու երկրների այսօրվա կառավարությունների՝ կարող ենք ասել, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ավելի զարգացնենք, խորացնենք մեր տնտեսական, քաղաքական, մշակութային հարաբերություններն ու կապերը:Կարծում եմ՝ աշխարհի շատ ժողովուրդների համար մեր հարաբերությունները կարող են օրինակելի լինել: Քիչ երկրներ կան, որ այսպիսի դարավոր կապեր ունեն, կողք-կողքի են ապրել, պատմության ընթացքում միմյանց հետ չեն պատերազմել, խնդիրներ չեն ունեցել:Համոզված եմ, որ Դուք ևս այդ ավանդույթների, սովորույթների շարունակողը կլինեք: Մենք միասին ամեն ինչ կանենք՝ մի նոր աստիճանի բարձրացնելու մեր հարաբերությունները»,- ասել է ՀՀ նախագահը:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նորանշանակ դեսպանը նշել է.  «Պարոն նախագահ, շնորհակալություն բարեմաղթանքների և այսպիսի ջերմ ընդունելության համար: Իհարկե, մեր հարաբերությունները, իրոք, եզակի են, որովհետև իրապես դժվար է գտնել այդպիսի ժողովուրդներ, որ դարեր շարունակ այսպես կողք-կողքի ապրել են: Այս ամենն, իհարկե, պետք է փոխանցենք մեր հաջորդ սերունդներին, համամիտ եմ, որ պետք է նոր շունչ հաղորդենք մեր հարաբերություններին:Իհարկե, ես ամեն ինչ կանեմ, որ իմ առաքելության ընթացքում փորձեմ զարգացնել որոշակի ուղղություններ, նպաստել երիտասարդների միջև երկխոսությունն ակտիվացմանը, մշակույթի,տնտեսական ոլորտում ավելի սերտ հարաբերությունների ձևավորմանը»: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական բազմաշերտ համագործակցության ոլորտների վերաբերյալ օրակարգային հարցեր, Հայաստանի և Վրաստանի գործարար շրջանակների միջև փոխգործակցության խթանման ուղղությունները:Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանց լուծման հեռանկարներին: Երկուստեք շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
16:53 - 28 փետրվարի, 2023
Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց, ցավոք, արցախահայությունը կրկին կանգնած է իր տանը, իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում. Խաչատուրյան

Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց, ցավոք, արցախահայությունը կրկին կանգնած է իր տանը, իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում. Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է տարածել 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ,Այսօր մենք ոգեկոչում ենք 1988 թվականին Սումգայիթ քաղաքում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակը: 35 տարի առաջ տեղի ունեցած այս արյունալի իրադարձություններն ակնհայտ դարձրեցին ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որի նպատակը սեփական տանն ապրող և արարող հայերի բռնի տեղահանումն ու ունեզրկումն էր:Հենց Սումգայիթի ողբերգության անպատժելիության հետևանքով կարճ ժամանակ անց նմանօրինակ բարբարոսություններ սանձազերծվեցին Բաքվում, Գանձակում և այլուր և ըստ էության, ադրբեջանական իշխանությունները փորձեցին էթնիկ զտման իրենց քաղաքականությունն իրականացնել նաև Լեռնային Ղարաբաղում՝ հարուցելով մեր հայրենակիցների արդարացի բողոքն ու դիմադրությունը:Արցախի մեր հայրենակիցները ոտքի կանգնեցին իրենց հազարամյա հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու անքակտելի իրավունքների համար և այդ պայքարը շարունակվում է մինչ օրս։ Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց, ցավոք, արցախահայությունը կրկին կանգնած է իր տանը, իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում։Սիրելի հայրենակիցներ,Աշխարհասփյուռ հայություն,Դարեր շարունակ մեր ժողովուրդը ճաշակել է և հաղթանակի բերկրանքը, և կորուստների դառնությունը, բայց մեր ժողովուրդը երբեք չի ձգտել պատերազմի, այլ փորձել է խաղաղ ապրել ու արարել իր տանը, հայրենիքում, իր ավյունով ու ստեղծագործ ջանքով՝ լավագույնս գիտակցելով և պատերազմի, և խաղաղության գինը, գիտակցելով նաև, որ պատերազմների արհավիրքում հաղթողներ չեն լինում։Այսօր մենք խոնարհվելով սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակի առաջ, առավել քան երբևէ, պետք է միասնական ջանքով ի ցույց դնենք մեր անկոտրում կամքը՝ պաշտպանել իրենց հնամենի հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու Արցախի մեր հայրենակիցների անբեկանելի իրավունքները, պիտի մեկտեղենք մեր միասնական ներուժն ու կորովը՝ հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր սերունդների անվտանգ ու խաղաղ ապագայի։Խաղաղություն մեր ժողովրդին, ամուր կամք ու բարօրություն Արցախի մեր հայրենակիցներին»։ 
10:12 - 27 փետրվարի, 2023
ՀՀ նախագահն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը քննարկել են Եվրամիության շրջանակներում փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերն ու ծրագրերը

ՀՀ նախագահն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը քննարկել են Եվրամիության շրջանակներում փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերն ու ծրագրերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ողջունելով նախարարին և պատվիրակության անդամներին Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մեր երկու երկրների հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա և դինամիկ զարգացում են ապրում, որի արդյունքում Եվրոպական միությունում ունենք բարեկամական երկիր, որն այս դժվարին պայմաններում մեզ հետ է, գնահատում է մեր երկրի վարած քաղաքականությունը, մեր երկրի որդեգրած արժեքները, որոնք հիմնված են ժողովրդավարական սկզբունքների վրա, որտեղ գերակայում է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: Մենք այլ կերպ չենք պատկերացնում մեր ապագան: 30 տարի առաջ, երբ անկախ Հայաստան հռչակվեց, Խորհրդային Միության փլուզումից հետո, մենք միաժամանակ այդ ուղղությունը վերցրեցինք և որոշակի շեղումներից հետո, հիմա հստակ արդեն այդ ճանապարհով ենք շարժվում: Համոզված եմ, որ մեր համագործակցությունն այդ առումով ի նպաստ կլինի նաև Հայաստանում այդ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ժան Ասելբորնը շեշտել է, որ շատ ուրախ է Հայաստան այցելության առիթով: «Ես Հայաստանում եղել էի 2018 թվականին և այս այցի ընթացքում վարչապետի, Արտաքին գործերի նախարարի և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում կարող եմ ասել, որ նկատելի են այն փոփոխությունները, որոնք կատարվել են այս տարիների ընթացքում»: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերն ու ծրագրերը:Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներն, Լաչինի մարդասիրական միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտությանն ու առկա հիմնախնդիրները խաղաղ, բանակցային ուղիով լուծելու կարևորությանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հարցում: Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարեկամական կապերի ամրապնդման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով:
15:52 - 23 փետրվարի, 2023
ՀՀ նախագահը Քուվեյթի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ԼՂ հիմնահարցը զուրկ է միջկրոնական անհանդուրժողականության տարրերից

ՀՀ նախագահը Քուվեյթի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ԼՂ հիմնահարցը զուրկ է միջկրոնական անհանդուրժողականության տարրերից

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 22-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզին: Ինչպես տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանն իր ջերմագին շնորհավորանքներն է հղել դեսպանին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման երկտոնի առթիվ։  «Ուրախ եմ Ձեր ազգային տոներին ընդառաջ ընդունել Ձեզ և շնորհավորել, ինչպես նաև ի դեմս Ձեզ իմ շնորհավորանքները փոխանցել Քուվեյթի բարեկամ ժողովրդին: Միաժամանակ, այս հնարավորությունն օգտագործելով, խնդրում եմ իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին: Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մենք բարեկամ ժողովուրդներ ենք և առանձնահատուկ հարաբերություններ ունենք, ինչը պայմանավորված է նաև ձեր երկրում հայկական համայնքի ներկայությամբ, որի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունենք: Պատրաստ ենք մեր բարեկամությունը շարունակել և ամրապնդել, ինչպես նաև նոր հնարավորություններ ստեղծել»: Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքի խոսքերի ու բարեմաղթանքների համար, նախագահ Խաչատուրյանին է փոխանցել Քուվեյթի Պետության էմիրի ողջույնները: «Ես նույնպես կցանկանայի անդրադառնալ Քուվեյթում հայկական համայնքին և նշել, որ հայերն աշխատավոր, հարգանք և վստահություն վայելող մարդիկ են: Հայկական համայնքը բարձր համբավ ունի և այն քիչ համայնքներից է, որ փոքր խնդիրներ ունի Քուվեյթում: Մենք պատրաստ ենք ջանքեր ներդնել՝ տարբեր ոլորտներում մեր երկրների հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է Հայաստանում Քուվեյթի դեսպանը: Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է նաև միջազգային տարբեր հարթակներում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցին կրոնական երանգ հաղորդելու փորձերին և նշել, որ ԼՂ հիմնահարցը զուրկ է միջկրոնական անհանդուրժողականության տարրերից և տեղավորվում է սեփական հողում ազատ ապրելու և արարելու մարդկային հիմնարար իրավունքի տրամաբանության մեջ: Նախագահը հիշեցրել է նաև, որ հայերը դարեր շարունակ կողք-կողքի ապրել են արաբ եղբայրների և մահմեդական այլ ժողովուրդների հետ: Երկուստեք ընդգծվել է խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ներդրումներին և տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցերի: Կարևորվել է համագործակցության առավել խորացումը մշակույթի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
18:24 - 22 փետրվարի, 2023
«Խորին շնորհակալություն». Վահագն Խաչատուրյանը ողջունել է ԵՄ երկարաժամկետ առաքելության տեղակայումը Հայաստանում
 |news.am|

«Խորին շնորհակալություն». Վահագն Խաչատուրյանը ողջունել է ԵՄ երկարաժամկետ առաքելության տեղակայումը Հայաստանում |news.am|

news.am: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է ԵՄ երկարաժամկետ առաքելության ժամանումը Հայաստան: Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ջերմ բարի գալուստ ԵՄ 100 հոգանոց առաքելությանը եւ նրա տեղակայմանը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով: Խորին շնորհակալություն ԵՄ-ին և անդամ երկրներին Հայաստանի հետ ամուր համերաշխություն դրսևորելու համար։ Մոնիտորինգային առաքելության տեղակայումը պետք է դեր խաղա դեէսկալացիայի և տարածաշրջանում կայունության և, ի վերջո, խաղաղության հաստատելու հարցում»: Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։  Առաքելությունը իր աշխատանքը սկսել է այսօր։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ 
17:25 - 20 փետրվարի, 2023
Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր և իր ուրույն տեղն ունեցող գործընկեր է. Վահագն Խաչատուրյան

Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր և իր ուրույն տեղն ունեցող գործընկեր է. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել դիվանագիտական ծառայության ընթացքում դեսպանի ներդրած ջանքերը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության առավել մեծ ներուժ ունեցող ծրագրերն ու նախաձեռնությունները: Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր և իր ուրույն տեղն ունեցող գործընկեր է, որի հետ փոխգործակցությունը խորացման մեծ պոտենցիալ ունի բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում:Դեսպան Դեվալն իր շնորհակալությունն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ դիվանագիտական առաքելությունն ավարտում է իր սրտում ունենալով Հայաստանի և Հայաստանի ժողովրդի հանդեպ ունեցած ջերմ զգացմունքներ:Հնդկաստանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահին բարձր գնահատականի համար և շեշտել, որ իր բոլոր ջանքերը ներդրել է հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համար:Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է առաջիկայում էլ քայլեր ձեռնարկել քաղաքական բարձր մակարդակի երկխոսության զարգացման և բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման ուղղությամբ: Այս կապակցությամբ անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ թռիչքների ներդրման հարցին:
16:54 - 16 փետրվարի, 2023
Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ գործընկերային հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ գործընկերային հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.  «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի ժողովրդին Լիտվայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ գործընկերային հարաբերությունները և պատրաստակամ է զարգացնելու և ամրապնդելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հայ-լիտվական հարաբերություններում առկա է բարձր մակարդակ, որը հիմնված է մեր ժողովուրդների բարեկամական ամուր կապերի վրա։Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի առավել խորացնել և ընդլայնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը։Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
11:01 - 16 փետրվարի, 2023
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հազարամյա պատմություն ունեցող հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական կապերը, որոնք անշեղորեն շարունակում են զարգանալ։ Լիահույս եմ, որ առկա սերտ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ երկուստեք գործադրվող հետևողական ջանքերի շնորհիվ մոտ ապագայում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ՝ նպաստելով մեր երկրների միջև փոխվստահության վրա հիմնված բազմաբևեռ հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը»,- ասված է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին: «Դարերի խորքից եկող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական բարիդրացիական կապերն առանձնահատուկ կարևորություն ունեն մեր պետության և ժողովրդի համար։ Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կայուն զարգացման ուղիով ընթացող հարաբերություններն այսուհետ ավելի մեծ բարձունքներ կնվաճեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային կայունության»,- ասված է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։
13:52 - 11 փետրվարի, 2023
Այս բարդ ժամանակներում պետք է մենք պատրաստ լինենք անակնկալների. ՀՀ նախագահը՝ վարչապետի հետ հանդիպմանը

Այս բարդ ժամանակներում պետք է մենք պատրաստ լինենք անակնկալների. ՀՀ նախագահը՝ վարչապետի հետ հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է.  «Պարոն վարչապետ, շնորհակալություն: Նախորդ հանդիպումից հետո մենք խնդիրներ ենք լուծել: Այս բարդ ժամանակներում երևի պետք է մենք պատրաստ լինենք անակնկալների, ցավոք սրտի: Այդ առումով շատ կարևոր է, որ Կառավարությունը շարունակում է իր նախատեսած ծրագրերի իրականացումը: Ուզում եմ ասել, որ հետևելով Կառավարության աշխատանքին, դա շատ կարևոր հանգամանք եմ համարում: Այսինքն՝ Կառավարությունն իր 2021-2026թթ ծրագրերի շարունակականությունն է ապահովում: Մեկ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել: Դուք անընդհատ ասում եք ինստիտուցիոնալ փոփոխությունների և պետական ինստիտուտների մասին: Երևի մեր պետության մեջ ամենամեծ բացթողումն այս 30 տարիների ընթացքում դա է եղել, որ մենք այդպես էլ չենք կարողացել կամ չենք ուզել դա անել տարբեր շարժառիթներից ելնելով, հակառակը՝ նույնիսկ առանձին դեպքերում՝ ավելի լավ էր, որ այդ բարեփոխումները, որոնք ուղղված էին պետական ինստիտուտների կայացմանը՝ չանեին: Այն աշխատանքները, որոնք կատարվում են 2018 թվականից հետո, որոնք միտված են նոր պետական ինստիտուտների ձևավորմանը, դրանք շատ դեպքերում դժվարությամբ են առաջ գնում, որովհետև նախկինում այդ արմատացած վատ ավանդույթները դժվար է փոխել:Նախորդ մեր հանդիպմանը մենք խոսում էինք սահմանադրականության, դատական համակարգի մասին, կարծում եմ, որ Դուք շատ ավելի լավ եք պատկերացնում և գնահատում վիճակը և ամենաշահագրգիռը Դուք եք և կառավարությունը: Եվ ես համոզված եմ, որ այդտեղ մենք հաջողություն կունենանք: Մեկ դիտարկում ևս: Ուզում եմ անձամբ Ձեզնից շնորհակալություն հայտնել երկրաշարժի հետ կապված Ձեր մոտեցման համար, նաև կառավարությանը: Նկատի ունեմ մեր հարևան երկիր Թուրքիային և՛ ցավակցություն հայտնելու, և՛ օգնության պատրաստակամություն հայտնելու համար: Նաև մեր բարեկամ Սիրիայի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար: Իրականում երկու երկրներում էլ դա գնահատվել է, Սիրիայում առանձնահատուկ գնահատանքի է արժանացել:Կարծում եմ, որ մենք այլ կերպ չէինք կարող վարվել, որովհետև Սպիտակի երկրաշարժի վերքերը դեռևս թարմ են մեր հիշողություններում, և բացի դա դժբախտություն էր տեղի ունեցել մեր հարևան երկրում, մենք այլ կերպ չէինք կարող վարվել: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև այդ որոշումների համար»: Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է.  «Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, և շնորհակալ եմ ընդունելության համար: Իհարկե, մենք բազմիցս քննարկել ենք ամենատարբեր հարցեր և մեր մոտեցումը շարունակում է մնալ այն, որ ընդհանրապես մեր առաջ ծառացող մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ոչ միայն սիմետրիկ, այլև ասիմետրիկ: Ասիմետրիկ ասելով նկատի ունեմ հետևյալը, որ ընդհանրապես, ցավոք, այսօր այնքան շատ են պրոբլեմները, որ մեզ անընդհատ կարող են մտցնել այս պահի, այս րոպեի, այսօրվա խնդիրները լուծելու ռեժիմի մեջ, ինչն անհրաժեշտ է: Բայց մյուս կողմից՝ շատ կարևոր է երկարաժամկետ ռազմավարական պլանավորման և ռազմավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելը՝ սկսած կրթական ոլորտից շարունակած առանց բացառության բոլոր ոլորտների: Մեր հիմնական նպատակն այն է, որ պետությունը, պետական համակարգը շարունակի արդյունավետ աշխատել անկախ անձերից: Բոլոր դեպքերում մարդու նշանակությունը և դերը շատ մեծ է, բայց այնուամենայնիվ այդ համակարգը մարդուն, պաշտոնյային անընդհատ մղի, դրդի, նաև որոշակիորեն պարտադրի կառուցողական աշխատանք: Այս առումով, պիտի առանձնահատուկ շնորհակալություն հայտնեմ Ձեզ՝ կառավարության գործունեությանն աջակցելու համար, որովհետև այս բարեփոխումների օրակարգն, ըստ էության, հնարավոր չէ իրականացնել առանց Հանրապետության նախագահի աջակցության: Մենք այդ աջակցությունը տեսնում ենք, զգում ենք և դա չափազանց կարևոր է: Դուք նշեցիք Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին: Այո, կարծում եմ և շնորհակալ եմ, որ այդպես եք վերաբերվում կայացրած որոշումներին, որովհետև, այո, իսկապես շատ մեծ աղետ է տեղի ունեցել և լինել անտարբեր այդ ամենի նկատմամբ՝ ուղղակի որևէ կերպ հասկանալի չէր կարող և չի կարող լինել: Մանավանդ այն համատեքստում, որ ես այդ մասին նաև Ամանորյա ուղերձում նշեցի, որ եթե ուզում ենք մեր պետության հարատևությունն ապահովել՝ պետք է աշխատենք մեր հարաբերությունների որակը փոխել շատ ուղղություններով, բայց առաջին հերթին մեր տարածաշրջանում, որովհետև անկախ ամեն ինչից մենք այստեղ ենք, և մեզ շրջապատող երկրները, մեր հարևան երկրներն էլ են այստեղ: Մենք առաջին հերթին պիտի աշխատանք տանենք այդ հարաբերությունների որակը փոփոխելու ուղղությամբ, իհարկե, հասկանալով՝ մենք այդքան միամիտ չենք, որ մտածենք, որ դա միայն մեզնից է կախված: Իհարկե, մեզնից չէ կախված և մենք ոչ մի հանգամանք չենք մոռանում: Խնդիրն այն է, թե մենք ինչ ուղղությամբ ենք ուզում դասավորել կամ գործադրել մեր ջանքերը: Շատ կարևոր է իսկապես, որ այս բոլոր հարցերը մենք հաճախ ենք քննարկում: Կարծում եմ՝ շատերը գիտեն, որ մենք ոչ միայն պաշտոնական ֆորմատներով ենք հանդիպում, այլև ոչ պաշտոնական: Կա ըմբռնում, ներդաշնակություն և Հանրապետության նախագահի կողմից աջակցությունն իսկապես շատ կարևոր է, շնորհակալ եմ դրա համար»:
18:31 - 10 փետրվարի, 2023
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի երդման արարողությունը: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, նորանշանակ նախարարներն, ընթերցելով երդման տեքստը, նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:  
17:17 - 10 փետրվարի, 2023