Գագիկ Ջհանգիրյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նախկին պաշտոնակատար։ 

Ծնվել է 1955 թվականին, Արարատ քաղաքում։

1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1979-1982 թվականներին սովորել է Մոսկվայի Համամիութենական դատախազության ինստիտուտում։

1982 թվականին պաշտպանել է գիտական թեզը «Ժամանցի ոլորտի հանցավորության դեմ պայքարի քրեաբանական պրոբլեմները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1970-1973 թվականներին «Բարձրշինտրեստ» 6-րդ շինմոնտաժային վարչությունում աշխատել է որպես գիշերապահ:

1977-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի իրավունքի բաժնում  կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ապա՝ ավագ գիտաշխատող:

1989 թվականից դասավանդել է Երևանի պետական  համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

1990-1995 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ:

1995-1997 թվականներին աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:

1997-2006 թվականներին եղել է ՀՀ զինվորական դատախազ:

2006-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։

2012-2017 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր:

2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում հարուցվի․ Արամ Վարդևանյան

Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում հարուցվի․ Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Իրավական տեսանկյունից կան մի քանի անհերքելի ելակետեր ԲԴԽ-Ջհանգիրյան ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ունենալով մի շարք սուբյեկտիվ դիտարկումներ, սահմանափակվենք օբյեկտիվով. 1) Քրեական հետապնդում պետք է հարուցվի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, 2) Գագիկ Ջհանգիրյանը չի կարող մասնակցել Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի քննությանը, այդ թվում որոշում ընդունելու մասով: Հաշվի առնելով առաջին հանգամանքը, Ջհանգիրյանի լիազորությունները անխուսափելիորեն պետք է կասեցվեն և դա տարածվելու է բոլոր վարույթների վրա: 3) Դատական համակարգի հատկապես ԲԴԽ հեղինակությանը ու 2021 ընտրությունների լեգիտիմությանը հասցվել է անդառնալի վնաս»:
20:06 - 21 հունիսի, 2022
ԲԴԽ-ն Ջհանգիրյանի փոփոխության հարց դեռ չի քննարկում
 |azatutyun.am|

ԲԴԽ-ն Ջհանգիրյանի փոփոխության հարց դեռ չի քննարկում |azatutyun.am|

azatutyun.am: Աղմկահարույց ձայնագրության հրապարակումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի փոփոխության հարց չի քննարկում։ Համենայն դեպս մինչ այս պահը կարգապահական վարույթ հարուցելու որևէ նախաձեռնություն չկա, «Ազատությանը» փոխանցեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ հավելելով, որ խորհրդում այսօր քննարկել են ձայանգրությունը ու ստացել պարզաբանումներ։ «Տվյալ պահի դրությամբ որոշակի կասկածներ, այսպես ասած, փարատվել են մեր մոտ։ Այո՛, մենք հանդիպման մասին անցած տարի իմացել ենք, որ նման հանդիպում է եղել, խորհրդի նիստում այդ հարցը բարձրաձայնվել է, թե ինչ բովանդակություն է եղել և ինչ են քննարկել, մենք չենք իմացել», - ասաց Բեքմեզյանը։ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցում հնարավոր է կարգապահական վարույթ սկսելու միջոցով, ինչի համար անհրաժեշտ է ԲԴԽ 10 անդամից առնվազն երեքի ստորագրությունը։ Այս պահին, սակայն, ինչպես ԲԴԽ անդամ Բեքմեզյանը փոխանցեց, նման հարց չի քննարկվում։ «Նման հարց չի քննարկվել։ Պարոն Ջհանգիրյանը մեզ տվել է պարզաբանումներ, բացատրություններ, որոնք էս պահին այն, ինչ-որ մենք ունենք, մեզ բավարար է։ Ամբողջական պատկերցում կազմելու համար, մեզ պետք է ամբողջական ձայնագրությունը», - ասաց Բեքմեզյանը։
16:10 - 21 հունիսի, 2022
«Հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել դատախազություն՝ Ջհանգիրյանի ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ». Իոաննիսյան

«Հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել դատախազություն՝ Ջհանգիրյանի ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ». Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   ««Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ:   Մասնավորապես, այսօր հրապարակված ձայնագրությունում պարզ լսվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը պատմում է, որ խառնվել է որոշ քրեական գործերի ընթացքին («սաղ փակել եմ»), խոչընդոտել է որոշ քրեական գործերի հարուցմանը և անգամ որոշ անձանց ինդուլգենցիա է խոստանում՝ «քանի դեռ ողջ է»:   Ընդ որում, ԲԴԽ-ն այսօր, ըստ էության, հաստատել է, որ ձայնագրությունը կեղծված չէ, դրանում իրապես ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի ձայնն է: Ջհանգիրյանի խոսքերում առկա է Քրեական օրենսգրքի 311.2 և 332 հոդվածներով արգելված արարքների ինքնախոստովանություն, և մենք հետամուտ ենք լինելու գործի պատշաճ քննությանը:   Հ.Գ. Առանձին քննարկման առարկա է այն, որ ԲԴԽ ղեկավարն ասում է, որ Վանեցյանի կամ Ղազինյանի իշխանության գալու դեպքում նա կանցնի իրենց կողմը: Այսինքն, Ջհանգիրյանի պատկերացմամբ դատական իշխանությունը պետք է լինի ինչ որ մեկի կողմո՞ւմ»:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
19:55 - 20 հունիսի, 2022
Նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել. «Հայաստան» դաշինք

Նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակած ձայնագրության մասին հայտարարություն է տարածել, որում ասվում է․  «Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից եւ ոչ մեկը։ Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, ՍԴ կազմի նկատմամբ ապօրինի միջամտության համեմատականներ, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։ Այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են միջազգային հանրության կողմից իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով։ Սույնով «Հայաստան» դաշինքն արձանագրում է․ 1. խորհրդարանական վերջին ընտրությունների լեգիտիմիության բացակայությունը, որը մեր կողմից քանիցս հիմնավորվել էր, այլեւս հաստատվում է նաև դատական համակարգի հստակ կանխակալ տրամադրվածության, միջամտության անհերքելի փաստով,2. նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել,3. ակնհայտ է, որ Հայաստանում առկա է մեկ մարդու բռնապետություն, որով պայմանավորված է իրավապահ համակարգի համակարգային կախվածությունն ու քաղաքականացումը։ Ստեղծված իրավիճակից միակ ելքը օրվա իշխանությունների անհապաղ հեռացումն է»։
16:57 - 20 հունիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե․ Դատախազություն

Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե․ Դատախազություն

Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ, հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա:Հանձնարարվել է նաև ապահովել ստւգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն։ Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազելի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել:
14:42 - 20 հունիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանը իր և Գագիկ Ջհանգիրյանի առանձնազրույցի ձայնագրություն հրապարակեց

Ռուբեն Վարդազարյանը իր և Գագիկ Ջհանգիրյանի առանձնազրույցի ձայնագրություն հրապարակեց

Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ Վարդազարյանի խոսքով 2021 թ.-ի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Վարդազարյանը նշեց, որ խոսքն այն մասին է, որ իրեն առաջարկվել է հրաժարական տալ. «Ով ինձ փոխանցել է առաջարկությունը, իր անունը չեմ տա, բայց ինձ փոխանցվել է վարչապետի անունից: Ես ասել եմ՝ մինչև մարտի 1-ը ինձ ժամանակ է պետք, որովհետև գործուղում ունեմ Մոսկվա, ամսի մեկին ես կհանդիպեմ վարչապետին, ու եթե հրաժարականի պահանջ կա, այդ մարդը պետք է ինձ ասի, ոչ թե փոխանցի երրորդ, չորրորդ անձանց միջոցով»:  Ինչպես ասուլիսի ընթացում նշեց Վարդազարյանը, այդ հանդիպումը չի կայացել: Ռուբեն Վարդազարյանի մեկնաբանմամբ ձայնագրությունում Ջհանգիրյանը ասում է իրեն հրաժարական ներկայացնել մինչև մարտի մեկը, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի, իսկ դրանից հետո ինքը՝ Ջհանգիրյանը, որևէ այլ բան, քան քրեական հետապնդում չի երաշխավորում. «Իսկ մինչև ամսի մեկը հրաժարական տալու դեպքում, լսեցիք, որ երաշխավորում է՝ ոչ մի հետապնդում չի լինելու: Հարցին, թե ես օրեր առաջ ինչը մերժեցի, որ իմ ֆեյսբուքյան էջում տեղադրեցի, հետևյալն էր. առաջարկ էի ստացել Ջհանգիրյանի անունից հետևյալի վերաբերյալ, որ մինչև ժամը 12-ը եթե ես հրաժարական տամ, ապա կվերադառնամ, կդառնամ դատավոր, կաշխատեմ որպես ԲԴԽ անդամ՝ Ջհանգիրյանի նախագահության դեպքում, և որևէ կարգապահական վարույթ չի լինի: Այսինքն՝ ստացվում է՝ հրաժարականի դեպքում չկա կարգապահական խախտում, իսկ հրաժարական չտալու դեպքում կա»: Նրա խոսքով՝ «ակնհայտ երևաց և՛ քաղաքական դրդապատճառը՝ ինչու է դա կատարվում, երևաց՝ ոնց է դա կատարվում, ինչ են առաջարկել»: Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացրեց իրավական հատվածը: Նա նշեց. «Փաստորեն քննարկվում է անձի՝ աշխատանքից, առնվազն ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, քննարկվում է, որ դա պայմանավորված է, օրինակ, ԲԴԽ նախագահի հայտարարություններով, ձայնագրության տերմինալոգիայով ասած, դիրքավորմամբ: Այսինքն՝ ոչ թե դա խախտում է, խնդիր է, [այլ] ուղղակի դուր չի գալիս, որ գործադիր ու օրենսդիր իշխանություններին պատասխան է հնչում դատական համակարգից: Տեսնում ենք՝ ինչ-որ մարդիկ ինչ-որ գործընթացներում տարբեր շարժառիթներ ունեն... Այս բոլորը ակնհայտորեն ցույց են տալիս, որ և՛ քրեական հետապնդումը՝ այն քրգործը, որը այսօր գնում է, և որի շրջանակներում բողոքարկումներ են տեղի ունենում, և՛ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը ունեն մեկ նպատակ՝ հեռացնել ԲԴԽ նախագահին, որ այդ տեղն ազատվի, ու հնարավոր լինի այլ անձի նշանակել»: Վարդազարյանը նշեց, որ գուցե հարց առաջանա, թե ինչու են իրեն ցանկանում հեռացնել, ինչով է ինքը խանգարում Բարձրագույն դատական խորհրդում: Նրա խոսքով միակ խնդիրը հետևյալն է. «Ես կտրականապես դեմ եմ, որ դատարանները կատարեն քաղաքական պատվերներ, և միշտ բուֆերի դեր եմ կատարել դատավորների և այն անձանց՝ կլինեն իշխանությունից, թե ընդդիմությունից, թե հասարակական կառույցից, միջև: Իմ խորին համոզմամբ միակ դրական ելքը, որ կարող է ունենալ դատական համակարգը, ապաքաղաքական լինելն է: Ես ամեն ինչ արել եմ, որ դատարանը հնարավորինս արագ և որակով ապաքաղաքականանա: Այս պատճառով ես ձեռք չեմ տալիս իշխանությանը»: ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահը հայտնեց, որ իր և Ջհանգիրյանի հանդիպումը կազմակերպել է ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը՝ լարվածությունը շտկելու համար. «Իսկ ես քանի որ գիտեի, որ շփվելու եմ մի մարդու հետ, որ կարմիր գիծ չունի, խնդրեցի իմ ընկերներին, տվեցին սարք, որով այս ձայնագրությունը տեղի ունեցավ»:  Նա նշեց, որ ինքը ճիշտ է արել, որ ձայնագրել է խոսակցությունը, որովհետև եթե այլ կերպ պատմեր, իրեն չէին հավատա կամ ապացույցներ կուզեին. «Ինձ մեղադրանք է առաջադրել այն ժամանակ դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը ձայնագրել է իմ հեռախոսային խոսակցությունը, և, դա տրամադրելով իշխանություններին, դարձել է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նույն իրավիճակն է»: Վարդազարյանը նշեց, որ ինքը վստահ է, որ այս ձայնագրությունն էլ ոչինչ չի փոխելու, ու իր լիազորությունները դադարեցնելու են: Հիշեցնենք՝ Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Գործն այժմ դատարանում է։ Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ասուլիսի ժամանակ մեկնաբանեց ձայնագրությունն ու ասաց, որ հրապարաված զրույցում ոչ թե քննարկվում է Վարդազարյանի՝ հրաժարական տալու կամ չտալու հարցը, այլ այն, որ հրաժարական տալու հարցը արդեն իսկ որոշված է, դրա մասին հայտնել են Վարդազարյանին, բայց որ որոշակի ժամկետից հետո Ջհանգիրյանը այլևս ոչինչ չի կարող անել քրգործ չհարուցելու համար:
13:52 - 20 հունիսի, 2022
Եթե վարչապետը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ եք այսպես համառորեն հրաժարվում գործ հարուցել կամ նրան կանչել հարցաքննման․ Կարին Տոնոյան

Եթե վարչապետը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ եք այսպես համառորեն հրաժարվում գործ հարուցել կամ նրան կանչել հարցաքննման․ Կարին Տոնոյան

«5165» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԲԴԽ նախագահ պարոն Ջհանգիրյանին, ՀՀ Վերաքննիչ դատարանի նախագահ պարոն Սահակյանին. երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու հատկանիշով քրեական գործ հարուցելու մասին հաղորդմանը 1-ին ատյանի դատարանի կողմից պատշաճ ընթացք չտալու մասին բողոքարկման հերթական նիստն էր.... հերթական անգամ ծնողներով ձայնազուրկի կարգավիճակում (որերորդ անգամ մեժվում ենք շահագրգիռ անձի կարգավիճակ ստանալ) նստած էինք դահլիճում, որի օդը ամեն րոպե մի ծնողի թե՛ հոգեբանորեն, թե՛ ուղղակի շնչահեղձ էր անում և հարկադրված դեղ խմելու կարիք էր առաջանում, բայց ջուր տալու երկրորդ խնդրանքից հետո(մեզ արգելում են ջրի շիշ ներս տանել) դատարանի միանգամյա բաժակները սպառվեցին, և կամ պիտի իրենց բաժակներով ջուր խմեինք, կամ դիմանայինք....... Հիմա հարց- Պարոնա՛յք պաշտոնյաներ, միթե դուք չգիտեք, որ այս ծնողները գտնվում են սահմանային հոգեվիճակում և ամեն րոպե հնարավոր են հոգեբանական և առողջական վատթարացման միջադեպեր, ինչու սրահում չկա հոգեբան, չկա բժիշկ, ավելին՝ միջանցքում հնարավոր չէ՞ ջրի սպասարկման սարք տեղադրել՝ միանգամյա բաժակներով, որ ամեն րոպե ստիպված չլինենք ոստիկաններից ջուր խնդրելու.....  Պարոն Ջհանգիրյան, մենք դեռ սպասում ենք պարզաբանման, թե ում մեղքով, ինչու ծնողների և Ձեր 2-րդ հանդիպման տեսագրությունը, ըստ ձեր լրատվականի, «պատահմամբ» չնկարահանվեց կամ «ջնջվեց»:  Բա, ո՞ւր մնաց «մեր» իշխանությունների ծնողների նկատմամբ «չափազանց հոգատար վերաբերմունքը», թե դա օգտագործվում է միայն «մեծն տիրուհուն» գովազդելու համար..... Բա, ամեն անգամ մեզ հետ հանդիպելիս բազմանգամյա խոնարումներն ու ցավակցությունները ե՞րբ են «միսուարյուն» ստանալու, թե՞ դուք միայն բառային իշխանություն եք......  Ինչևէ, այսօրվանից մեր բազմաչարչար դատարանը մինչև ամսվա վերջ արձակուրդում կլինի..... բայց, կարծում եմ գոնե ընկալելի է, որ ծնողներիս պայքարը արձակուրդ չունի, և հույս ունենք մեր հաճախակի այցելություններով կօգնենք ձեզ արձակուրդից հետո հավուր պատշաճի ընկալել և ընդունել այն մարդկանց, որոնց զավակների կյանքի շնորհիվ ապրում եք, ձեր ապահով աշխատավայրերում հարյուրավոր ոստիկաններով պաշտպանված (ումից՝ չգիտենք) աշխատում և արձակուրդ գնում .....      Մի պճեղ սիրտ ու սրտացավություն ենք ուզում, մի պճեղ արդարություն ու մի պճեղ պատկառանք այն ցավի հանդեպ, որ մեզ ձեր դուռն է բերում...... Ի վերջո մենք ընդամենը արդարադատություն ենք ուզում, ուզում ենք պարզել՝ ովքեր սպանեցին մեր զավակներին, ովքեր են մեղավորները և, եթե վարչապետը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ եք այսպես համառորեն հրաժարվում գործ հարուցել կամ նրան կանչել հարցաքննման..... Միևնույն է, ձեզ հետ, թե առանց ձեզ մենք հասնելու ենք մեղավորների արդար պատժին, երկնքում դրան են սպասում մեր զավակները, և ձեզ խորհուրդ կտամ այդ պահանջի իրագործման «պատիվն» ու հազարաշուրթ օրհնանքները չթողնել ուրիշներին....  Վերջում հիշեցնեմ՝ դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է, իշխանությունների տարանջատման սկզբունքի համաձայն դատական ատյանը անկախ է օրենսդիրից և գործադիրից, և վերջինիս գործունեության համար բացառիկ հիմք կարող է լինել միայն օրենքն ու օրենսդրական կարգավորումը»։
13:19 - 04 հունիսի, 2022
Գագիկ Ջհանգիրյանը կշարունակի պաշտոնավարել. ՍԴ-ի որոշումը հրապարակվեց

 |factor.am|

Գագիկ Ջհանգիրյանը կշարունակի պաշտոնավարել. ՍԴ-ի որոշումը հրապարակվեց |factor.am|

factor.am: Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանի ժամանակավոր պաշտոնավարումը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում։ Այս մասին տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ Բարձր դատարանում վիճարկվում էր «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածը, ըստ որի սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները, որի 9-րդ մասում ասվում է․ «Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում»: Իսկ 86-րդ հոդվածով սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը։ Հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով։ 20-րդ գլխով էլ սահմանված են դատավորի լիազորությունները դադարեցնելու և դադարելու դեպքերը։ Հիշեցնենք՝ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու համար։ Պատգամավորի դիտարկմամբ՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամների վրա տարածվում են դատավոր անդամներին ներկայացվող պահանջները, որոնց շարքում է նաև տարիքային ցենզը, միևնույն ժամանակ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մեկ այլ՝ 86-րդ հոդվածով, որով սահմանվում է ԲԴԽ անդամների լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը, ըստ էության, նախատեսվում է նաև մի փոքր ավելի ընդհանուր ձևակերպում, բայց ուղղակիորեն չի նախատեսում հենց տարիքային ցենզը՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամի վերաբերյալ։ Այսինքն՝ թեև տարիքային ցենզի հանգամանքը բառացի գրված չէ, բայց, ըստ Վարդևանյանի, դա անուղղակի ենթադրվում է։ Պատգամավորի դիտարկմամբ՝ դրույթն ուսումնասիրելու դեպքում, կարծես թե, բավականին հստակ է, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամը ևս չպետք է գերազանցի 65 տարեկան տարիքային շեմը, բայց քանի որ բառացիորեն գրված չէ, այն տարընկալումների, տարաբնույթ մեկնաբանությունների առարկա է դարձել հենց նույն Գագիկ Ջհանգիրյանի ընտրության դեպքում։
18:34 - 06 մայիսի, 2022
Գագիկ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում |pastinfo.am|

Գագիկ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որն այժմ ԲԴԽ նախագահի պաշտոնում է, հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ շուրջ 22 տարի առաջ սպանված զինծառայողի գործով։ Այս մասին հայտնեց զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։ Սպանված զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ԱԱԾ քննիչին՝ պահանջելով հարցաքննել 2001թ. գործը կասեցնելու ապօրինի որոշման օրինականությունը ստուգած զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Քննիչը մերժել էր միջնորդությունը, սակայն տուժող կողմը բողոքարկել էր որոշումը, ինչի արդյունքում այն վերացվել է դատախազի կողմից։ Հայարփի Սարգսյանը տեղեկացրեց, որ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ մարտի 31֊ին։ «Հարցաքննվել է, ըստ էության, ներկայացված միջնորդությանս հիման վրա, որը քննիչը մերժել էր, իսկ դատախազը գտել էր, որ այն հիմնավոր է և բավարարել բողոքս։ Ներկայումս չեմ հրապարակի նշված ցուցմունքը, այդ մասին մանրամասն կներկայացնեմ քննիչի և դատախազի որոշումները ստանալուց հետո։ Սպասում եմ հատկապես գործը վերահսկող դատախազի դիրքորոշմանը, քանի որ ակնհայտ է, որ գործով մեղավոր անձինք չեն պատժվել, իսկ եղած ապացույցներով մեղադրանքներ ներկայացվել են 2008թ. միայն գործով վարույթը 2001թ. կասեցնելուց յոթ տարի անց», - նշեց Սարգսյանը։ Զինծառայող Արման Հակոբյանի սպանությունը տեղի է ունեցել 2000թ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 03.45-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի 5-րդ գումարտակի հսկիչ-անցագրային կետում ժամապահ Արման Վարդանի Հակոբյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկինում գործող քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով՝ սպանության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում հանցանք կատարած անձանց չհայտնաբերելու պատճառաբանությամբ 2001թ քննիչի կողմից որոշում է կայացվել՝ գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ 2008թ նոյեմբերի 11-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է և արդեն այդ վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հակոբյանի համածառայակցին, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։ Տուժողի իրավահաջորդը դեռևս տարիներ առաջ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանին հասցեագրված դիմումով բարձրաձայնել է իր վարկածը, համաձայն որի՝ որդու սպանությունը կատարվել է զորամասում կորած զենքի վերաբերյալ Ա. Հակոբյանի կողմից սպաներին տեղյակ պահելու պատճառով։ Շարունակությունը՝ pastinfo.am-ում
17:26 - 02 ապրիլի, 2022
Պարոն Ջհանգիրյանն ինքն է անձամբ ասել՝ ցանկալի է՝ ես հրաժարական տամ, ինքն աշխատի ԲԴԽ նախագահ. Ռ. Վարդազարյան |hetq.am|

Պարոն Ջհանգիրյանն ինքն է անձամբ ասել՝ ցանկալի է՝ ես հրաժարական տամ, ինքն աշխատի ԲԴԽ նախագահ. Ռ. Վարդազարյան |hetq.am|

hetq.am: Բարձրագույն դատական խորհրդի` լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր` փետրվարի 11-ին խորհրդարանում հրավիրված քննարկմանը հայտարարեց, թե այն պահից սկսած, երբ իշխանությունները հասկացան, որ ինքը չի կատարելու պատվեր, չի քաղաքականացվելու, ինքը դարձավ «ոչ հարմար մարդ»: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հրավիրել էր քննարկում` դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի փաստացի վերացման և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու թեմայով: Նշենք, որ Վարդազարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են՝ ՀՔԾ-ում նրա վերաբերյալ քննվող քրեական գործով պայմանավորված: Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Եվ չնայած ԲԴԽ անդամի թեկնածության քննարկմանը Գագիկ Ջհանգիրյանը վստահեցնում էր, որ չի գնում ԲԴԽ նախագահի պաշտոնը գրավելու, սակայն հենց նա էլ ստանձնեց ԲԴԽ նախագահի թափուր պաշտոնը` ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով: Վարդազարյանն այսօր հայտնեց` Ջհանգիրյանը ժամանակին ակնարկել է, որ ցանկություն ունի զբաղեցնել իր պաշտոնը: «Այո՛, նման ազդակներ ստացել եմ, պարոն Ջհանգիրյանն ինքն է անձամբ ասել` ցանկալի է՝ ես հրաժարական տամ, ինքն աշխատի ԲԴԽ նախագահ»,- այսպես արձագանքեց Ռուբեն Վարդազարյանը Արամ Վարդևանյանի այն հարցին, թե արդյոք ազդակներ եղել են առ այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ցանկանում է զբաղեցնել ԲԴԽ նախագահի պաշտոնը: Վարդազարյանը հիշեցրեց` Ջհանգիրյանի թեկնածության քննարկման ժամանակ իր դիրքորոշումը հայտնել է առ այն, որ 65 տարին լրացած անձը իրավունք չունի դառնալ ԲԴԽ անդամ, քանի որ վերջինիս ներկայացվում են այն պահանջները, որոնք ներկայացվում են դատավորներին: «Այն ժամանակ ես հիմնավորումները ներկայացրել եմ, այնուամենայնիվ, խորհրդարանն ընտրեց Գագիկ Ջհանգիրյանին որպես ԲԴԽ անդամ, դրանից հետո որևէ կերպ չեմ անդրադարձել այդ հարցին»,- ասաց Վարդազարյանը: Բանախոսը կոչ արեց դատարանների շրջափակումը, դատավորներին կարգապահական վարույթների, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկելը և նման այլ երևույթները դիտարկել մեկ դաշտում: Ըստ նրա` այդ ամենը մի նպատակ ունի` ուղղված է դատական իշխանությունը հնազանդ, կառավարելի վիճակում պահելուն: Ավելին՝ hetq.am-ում
17:35 - 11 փետրվարի, 2022
Գործադիրը ո՞ւմ միջոցով պետք է ճնշի, կարող է ճնշել միայն ԲԴԽ-ի միջոցով, եթե ահազանգ կա, որ որևէ դատավորի ահաբեկել են, դատավորները պարտավոր են դիմել ԲԴԽ.Գագիկ Ջհանգիրյան |tert.am|

Գործադիրը ո՞ւմ միջոցով պետք է ճնշի, կարող է ճնշել միայն ԲԴԽ-ի միջոցով, եթե ահազանգ կա, որ որևէ դատավորի ահաբեկել են, դատավորները պարտավոր են դիմել ԲԴԽ.Գագիկ Ջհանգիրյան |tert.am|

tert.am: ԲԴԽ է ներկայացվել գլխավոր դատախազի միջնորդությունը և դրան կից բավական փաստեր, որոնք խորհրդին հիմք են տվել բավարարել գլխավոր դատախազի երկու միջնորդությունները. առաջինը` հարուցել քրեական հետապնդում դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ, թույլ տալ, որպեսզի նախաքնական մարմինը քրեական հետապնդում իրականցնի նրա նկատմամբ, այնուհետև հնարավորություն տալ, եթե կալանքի հիմքերը բավարարեն, դիմել դատարան և դատարանը նրա նկատմամբ ընտրի կալանքը որպես խափանման միջոց։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը։ «ԲԴԽ-ն չի խոչընդոտել, որպեսզի Դատախազության ներկայացրած մեղադրանքի վարկածը հետագա քննության առարկա դառնա, որովհետև հիմքեր ենք տեսել և որոնք լիուլի բավարար են թվացել։ Խորհուրդը այդ որոշումը կայացրել է միաձայն։ ԲԴԽ անդամ դատավորները որևէ դատապարտելի, հակաօրինական բան չեն արել, նրանք թույլ են տվել, որ օրենքի առաջ դատավոր քաղաքացին հավասար լինի»,- ասաց Ջհանգիրյանը։ Անդրադառնալով այն հարցին` ինչպես է ստացվում, որ Բորիս Բախշիյանին կալանավորում են Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելուց անմիջապես հետո, Ջհանգիրյանը նշեց. «Ժամանակագրական հաջորդականությունը երբեք չի նշանակում պատճառահետևանքային կապ, գուցե և պատահականություն է եղել, ես չեմ կարող ասել, ԲԴԽ-ն որևէ վարույթ չի նախաձեռնում, նույնիսկ կարգապահական վարույթների հարուցումը մեր լիազորություններից դուրս է։ Մենք հարցեր տվել ենք գլխավոր դատախազի տեղակալին, դատավորին, բոլոր խնդիրները շատ մանրամասն քննարկել ենք։ Դատախազությունը չի կարող դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցել առանց ԲԴԽ համաձայնության։ Աշոտ Մինասյանին ես ճանաչում եմ 90-ականներից, երբ Սիսիանի ջոկատի անդամ էր, այն ժամանակ նրա անվան կողքին Երկաթ անունը չկար, ասում էին Սիսիանի Աշոտ։ Հիմա նրան կալանավորել են, բաց են թողել ես, ես չեմ կարող որևէ կարծիք հայտնել այդ դատական ակտերի կապակցությամբ, վաղն էլ կարող է այդ կալանավորող կամ բաց թողնող դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթ մուտք լինի ԲԴԽ, հո մենք վերադաս դատարան չենք, մենք դատավորների դատարան ենք, եթե նրանց կարգապահական պատասխանատվության համապատասխան միջնորդությամբ մեզ դիմում է Արդարադատության նախարարը, կամ դատավորների էթիկայի հանձնաժողովը և այլն, այդ պարագաներում ենք մենք գործում։ Մենք սովորական դատական ատյան չենք, որ ես գնահատական տամ ստորադաս դատական ատյանների որոշումներին` հիմնավոր են, թե հիմնավոր չեն, կամ օրինական են, թե ոչ»։ Հարցին` տեսնում է արդյոք ինքը գործադիր իշխանության կողմից համակարգային ճնշում դատական իշխանության նկատմամբ, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես տեսնում եմ, որ գործադիրը ամեն ինչ անում է, որ դատավորների ծանրաբեռվածությունը թեթևանա, գործադիրը ո՞ւմ միջոցով պետք է ճնշի, գործադիրը կարող է ճնշել միայն ԲԴԽ-ի միջոցով։ Եթե ահազանգ կա, որ որևէ դատավորի վախեցրել են կամ ահաբեկել, դատավորները պարտավոր են անմիջապես դիմել ԲԴԽ, ես չեմ պատկերացնում, թե ուրիշ ինչպես պետք է ճնշի գործադիրը իշխանությունը»։
10:00 - 09 փետրվարի, 2022
Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց վեթինգի գործընթացի արագացմանն ուղղված առաջարկ |armenpress.am|

Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց վեթինգի գործընթացի արագացմանն ուղղված առաջարկ |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրությունը հնարավորություն է տալիս դատական իշխանությունում վեթինգի գործընթացը ավելի արագացնել, գնդակը օրենսդիր մարմնի դաշտում է: «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկման ժամանակ այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը: «Իրավապահ մարմինների մաքրման, զտման կամ, ինչպես հիմա է ընդունված ասել, վեթինգի խնդիրը չի ծագել 2018 թվականի իշխանափոխությունից հետո, դա շատ ավելի առաջ էր ծագել: Դեռևս 2011 թվականին դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ էի մշակել և առաջին անգամ այդ խնդիրը այդտեղ եմ բարձրաձայնել, որ անհրաժեշտ է մեր դատական համակարգը մաքրել, զտել, ինչպես նաև իրավապահ այլ կառույցները` նախաքննական, դատախազական, օպերատիվ հետախուզական:  2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո հարյուրավոր անմեղ մարդիկ հայտնվեցին կալանավայրերում, հազարավորներն ենթարկվեցին վարչական, ոստիկանական, հարկային, մաքսային և այլ տեռորի»,- ասաց Ջհանգիրյանը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նկատեց, որ 2015 թվականի փոփոխված սահմանադրությունը, իր տասնյակ և հարյուրավոր խոչերով, խութերով հանդերձ, մի շատ կարևոր դրույթ է պարունակում, մասնավորապես ՀՀ սահմանադրության 164 հոդվածի 6-րդ մասի վերջին նախադասությունը (Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ): «Դա հնարավորություն է տալիս Դատական օրենսգրքով սահմանել գործող դատավորների համար անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: Սա այն սահմանադրական լծակն է, որը հնարավորություն է տալիս զտման գործընթացն ավելի արագացնել: Գնդակը ոչ միայն գործադիր մարմնի դաշտում է, այլ նաև  օրենսդիր մարմնի դաշտում: Ցավոք, անցած երեք տարիների ընթացքում այս դրույթի հնարավորությունը չի օգտագործվել: Հուսամ, որ հիմա իշխանությունները ոչ միայն քաղաքական կամք կդրսևորեն, այլ նաև հստակ քայլեր կձեռնարկեն, որպեսզի դատական օրենսգիրքը լրամշակվի: Դա մեզ հնարավորություն կտա իրավիճակին համահունչ արձանագրել զտման, մաքրման և վեթինգի գործընթացը»,- եզրափակեց Ջհանգիրյանը:
13:32 - 02 նոյեմբերի, 2021
Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն դատաիրավական ոլորտում

Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն դատաիրավական ոլորտում

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը սեպտեմբերի 28-ին ստորագրել են համագործակցության հուշագիր: Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի օրենսդրության շրջանակներում իրականացնել փոխշահավետ համագործակցություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ իրենց հաստատությունների կատարելագործման և զարգացման նպատակով։ Հուշագրի ստորագրման կարևոր նպատակն է բարձրացնել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, նպաաստել արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը: Հուշագրի շրջանակներում նախատեսվում է համատեղ ծրագրի մշակում, որը կնպաստի Հայաստանում դատավորների և դատավորների թեկնածուների  կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դատական վարչարարության, դատավորների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության բարելավմանը:
12:48 - 28 սեպտեմբերի, 2021