hetq.am: Բարձրագույն դատական խորհրդի` լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր` փետրվարի 11-ին խորհրդարանում հրավիրված քննարկմանը հայտարարեց, թե այն պահից սկսած, երբ իշխանությունները հասկացան, որ ինքը չի կատարելու պատվեր, չի քաղաքականացվելու, ինքը դարձավ «ոչ հարմար մարդ»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հրավիրել էր քննարկում` դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի փաստացի վերացման և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու թեմայով:
Նշենք, որ Վարդազարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են՝ ՀՔԾ-ում նրա վերաբերյալ քննվող քրեական գործով պայմանավորված: Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Եվ չնայած ԲԴԽ անդամի թեկնածության քննարկմանը Գագիկ Ջհանգիրյանը վստահեցնում էր, որ չի գնում ԲԴԽ նախագահի պաշտոնը գրավելու, սակայն հենց նա էլ ստանձնեց ԲԴԽ նախագահի թափուր պաշտոնը` ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:
Վարդազարյանն այսօր հայտնեց` Ջհանգիրյանը ժամանակին ակնարկել է, որ ցանկություն ունի զբաղեցնել իր պաշտոնը:
«Այո՛, նման ազդակներ ստացել եմ, պարոն Ջհանգիրյանն ինքն է անձամբ ասել` ցանկալի է՝ ես հրաժարական տամ, ինքն աշխատի ԲԴԽ նախագահ»,- այսպես արձագանքեց Ռուբեն Վարդազարյանը Արամ Վարդևանյանի այն հարցին, թե արդյոք ազդակներ եղել են առ այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ցանկանում է զբաղեցնել ԲԴԽ նախագահի պաշտոնը:
Վարդազարյանը հիշեցրեց` Ջհանգիրյանի թեկնածության քննարկման ժամանակ իր դիրքորոշումը հայտնել է առ այն, որ 65 տարին լրացած անձը իրավունք չունի դառնալ ԲԴԽ անդամ, քանի որ վերջինիս ներկայացվում են այն պահանջները, որոնք ներկայացվում են դատավորներին:
«Այն ժամանակ ես հիմնավորումները ներկայացրել եմ, այնուամենայնիվ, խորհրդարանն ընտրեց Գագիկ Ջհանգիրյանին որպես ԲԴԽ անդամ, դրանից հետո որևէ կերպ չեմ անդրադարձել այդ հարցին»,- ասաց Վարդազարյանը:
Բանախոսը կոչ արեց դատարանների շրջափակումը, դատավորներին կարգապահական վարույթների, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկելը և նման այլ երևույթները դիտարկել մեկ դաշտում: Ըստ նրա` այդ ամենը մի նպատակ ունի` ուղղված է դատական իշխանությունը հնազանդ, կառավարելի վիճակում պահելուն:
Ավելին՝ hetq.am-ում
comment.count (0)