ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

44-օրյա պատերազմից հետո 7000 շահառու ուսանող ստացել է մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում

44-օրյա պատերազմից հետո 7000 շահառու ուսանող ստացել է մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո` 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է ստացել շուրջ 7000 ուսանող, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ Նրանցից շուրջ 4000-ը մարտական գործողությունների մասնակից ուսանողներ են, մնացածը` պատերազմի մասնակիցների ուսանող զավակներ, կին կամ ամուսին: Ծրագիրը շարունակական է, և ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց՝ սկսվել է այն ուսանողների տվյալների հավաքագրումը, որոնք մարտական գործողությունների մասնակից են, զորացրվել են ամռանը և այժմ պետք է վերականգնեն իրենց ուսանողական իրավունքները:ԿԳՄՍ նախարարությունում հավաքագրված նախնական տվյալների համաձայն` մարտական գործողությունների մասնակից մոտ 1200 ուսանող, որոնք ժամանակին հրամանագրվել և բուհի հետ պայմանագիր են կնքել, սեպտեմբերից վերականգնել են ուսանողական իրավունքները  և կարող են դառնալ ուսման վարձի փոխհատուցման ծրագրի շահառու` մարտական գործողությունների մասնակցությունը հավաստող փաստաթղթերը ներկայացնելով համապատասխան բուհ: Նրանք էլ, որոնք բանակ զորակոչվելուց առաջ ընդունվել են բուհ կամ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, սակայն չեն հրամանագրվել (կցագրված ուսանողներ), ծրագրի շահառու դառնալու համար նախ պետք է հրամանագրվեն համապատասխան բուհի կամ ՄԿՈՒ հաստատության կողմից: ԿԳՄՍ նախարարության հավաքագրած նախնական տվյալներով՝ կցագրված, այսինքն՝ մինչև բանակ զորակոչվելն ընդունված, սակայն չհրամանագրված առաջին կուրսեցիների թիվը շուրջ 150 է: ԿԳՄՍ նախարարությունը վերջին օրերին ստանում է բազմաթիվ զանգեր, որ բուհերը հրամանագրելու համար առաջին կուրսերի բոլոր ուսանողներից, այդ թվում՝ նաև մարտական գործողությունների մասնակիցներից պահանջում են վճարել ուսման վարձը: ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը, պարզաբանելով խնդիրը, նշում է, որ հրամանագրվելու և ուսանողի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ուսման վարձի որոշակի մասը վճարել: «Բուհերը, հաշվի առնելով օրենքի պահանջը, բոլոր առաջին կուրսեցիներից կարող են ուսման վարձի վճարումներ պահանջել, ինչը և արվել է: Այն գումարը, որն այժմ նրանք կվճարեն, փոխհատուցման ծրագրի շահառու դառնալուց հետո կդիտվի որպես երկրորդ կիսամյակի վարձավճար»,- նշում է Լուսինե Գրիգորյանը: Ընդգծելով, որ վճարած գումարը հետագայում որպես հաջորդ կիսամյակի համար վճարված վարձ է դիտվելու, վարչության պետի տեղակալը վստահեցնում է, որ առաջին կուրսեցիները հրամանագրվելու համար կարող են վճարել մեկ ամսվա գումար (մեկ կիսամյակի վարձը բաժանած տվյալ կիսամյակի ամիսների վրա): Կա նաև հետվերադարձի մեխանիզմ` այն դեպքում, երբ ուսանողը հետագայում չի շարունակի ուսումնառությունը կամ կստանա անվճար կրթության իրավունք որևէ այլ հիմքով: Լուսինե Գրիգորյանի խոսքով` պետությունը մարտական գործողությունների մասնակից ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու պարտավորություն է ստանձնել, որն իրականացվելու է լիովին:  Ուսումնառության հետագա ընթացքում ևս մարտական գործողությունների մասնակիցների համար ուսման վարձի արտոնություններ են նախատեսված, ինչն ամրագրված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում 2021 թվականի ամռանը կատարված փոփոխությամբ: Կախված առաջադիմությունից` ըստ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) միավորի, նրանք կարող են ստանալ 50-70 տոկոս զեղչ: ՄՈԳ-ի միավորների բարձրացմանը զուգահեռ՝ զեղչի տոկոսները կավելանան: Համապատասխան կարգն այժմ հաստատման փուլում է, ընդունվելուց հետո այն տարածվելու է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Միաժամանակ հաշվի առնելով, որ 2020 թվականին բանակ զորակոչվածները դեռ չեն զորացրվել, մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցման ծրագիրը կշարունակվի նաև 2022 թվականին:
13:18 - 29 սեպտեմբերի, 2021
Իրազեկում՝ պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստացող քաղաքացիների համար

Իրազեկում՝ պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստացող քաղաքացիների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի հոկտեմբերի 31-ն է: ԿԳՄՍ նախարարությունից հայտնելով այս մասին, նշում են, որ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ: Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին և ստանալ դիմումը նախարարություն մուտքագրվելու վերաբերյալ ստացական:
10:29 - 29 սեպտեմբերի, 2021
Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը պաշտոնական այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում՝ մասնակցելու ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում ընդգրկված ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի հոբելյանական երեկոն սեպտեմբերի 29-ին տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի դահլիճում: Բացման և գնահատանքի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը, և այլ պաշտոնատար անձինք: Միջոցառման ընթացքում կցուցադրվի Անրի Վերնոյի մասին կենսագրական ֆիլմ, տեղի կունենա համերգ, որին զուգահեռ կցուցադրվեն Վերնոյի ֆիլմերի թվայնացված ազդագրերը: Համերգի ընթացքում կհնչեն Անրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունների կատարումները՝ Ժան-Կլոդ Պըտիի ղեկավարած ֆրանսիական «Pasdeloup» նվագախմբի կողմից, ինչպես նաև սոպրանո Լիաննա Ալեքսանյանը կկատարի «Դլե յաման» երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ: Միջոցառումը կարևորվում է Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի նշանավորման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին այս տարի Հայաստանի անդամակցության նպատակով ներկայացված թեկնածության համատեքստում: Այն նպատակ ունի Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում հարգանքի տուրք մատուցել ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի հիշատակին, ներկայացնելու Վերնոյի ստեղծագործական ժառանգությունը, արժևորելու նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում և բացահայտելու ազգային ինքնության առանձնահատկությունը:
14:40 - 28 սեպտեմբերի, 2021
Կառավարության խոստումի հետքերով․ հանրակրթական դպրոցներում բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ստեղծումն իրականացվելու է ԵՄ ֆինանսավորմամբ

Կառավարության խոստումի հետքերով․ հանրակրթական դպրոցներում բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ստեղծումն իրականացվելու է ԵՄ ֆինանսավորմամբ

2020-ի մարտին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հայտնել էր, որ Հայաստանի մարզերի և Երևանի բոլոր ավագ դպրոցները 2020-ին կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ:   Լաբորատորիաները ստեղծվելու էին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի իրականացրած ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի՝ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում խոստանում էր մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ։ Կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող այս կետը ներառվեց նաև նոր ձևավորված կառավարության հնգամյա ծրագրում։ Infocom-ը հարցում էր ուղարկել ԿԳՍՄՆ՝ հասկանալու համար, թե Հայաստանի հանրակրթական դպրոցներում այս պահին քանի լաբորատորիա կա, առաջիկա 5 տարիներին կառավարությունը տարեկան որքան լաբորատորիա է նախատեսում ստեղծել, և ինչքան գումար է հատկացվելու այդ նպատակի համար։ Այս պահի դրությամբ, համաձայն ԿԳՄՍՆ-ից մեզ փոխանցած տվյալների, ՀՀ 99 դպրոցներում գործում է բնագիտական առարկաների գծով (Ֆիզիկա, Քիմիա, Աշխարհագրություն և Կենսաբանություն) 303 լաբորատորիա: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ այս լաբորատորիաները ստեղծվել են «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2020 թվականին, հատկացվել է 1,107,045․8 հազար ՀՀ դրամ, որից վարկային միջոցներ՝ 885,636․6 հազար ՀՀ դրամ, համաֆինանսավորման միջոցներ՝ 221,409․2 հազար ՀՀ դրամ։ Այս վարկային ծրագրով, հիշեցնենք, ԿԳՄՍՆ-ն ավելի վաղ խոստանում էր մինչև 2020-ի ավարտը բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ ստեղծել մարզերի և Երևանի բոլոր ավագ դպրոցներում։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների՝ 2019-2020 ուսումնական տարում Հայաստանի 1400 հանրակրթական դպրոցներից 104-ն է եղել ավագ դպրոց։ «Կրթության բարելավում» ծրագրով, փաստորեն, այդ 104 ավագ դպրոցից 99-ում է 2020-ին բացվել բնագիտական գծով լաբորատորիա։ «2021 թ․ Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի և Երևան քաղաքի 8 ավագ դպրոցում ընթացքի մեջ է բնագիտական առարկաների գծով 32 լաբորատորիաների հիմնումը, այդ թվում՝ 8 Ֆիզիկայի, 8 Քիմիայի,  8 Կենսաբանության և 8 Աշխարհագրության։ 2021թ․ փաստացի ծախսը կկազմի շուրջ 123,000.0 հազար ՀՀ դրամ, որից վարկային միջոցներ՝ 98,400․0 հազար ՀՀ դրամ, իսկ համաֆինանսավորման միջոցներ՝ 24,600․0 հազար ՀՀ դրամ»,- հայտնել են մեզ ԿԳՄՍՆ-ից։ Բացի բնագիտական առարկաների լաբորատորիաներից՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում են նաև «Արմաթ» ծրագրով ստեղծված 545  ինժեներական լաբորատորիաներ։ Քարտեզ 1-ում կարող եք տեսնել, թե յուրաքանչյուր մարզում և Երևանում ինժեներական քանի լաբորատորիա կա։ Քարտեզ 1 «Արմաթ» ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից։ Կառավարությունը տրամարդում է այս լաբորատորիաների խմբավարների վարձատրության համար անհրաժեշտ միջոցները: Գծապատկեր 1-ում կարող եք տեսնել, թե 2014-ից սկսած՝ յուրաքանչյուր տարի պետական բյուջեից որքան գումար է հատկացվել «Արմաթ» ծրագիրն իրականացնող «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը։  Գծապատկեր 1 2019 թվականին տրամադրված միջոցները նախորդ տարիներից ավելի շատ են եղել, քանի որ 352,2 մլն դրամը եղել է խմբակավարների աշխատավարձը, ևս 834 մլն 250 հազար դրամ էլ հատկացվել 284 նոր լաբորատորիաների սարքավորումների ձեռքբերմանը: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրում նոր լաբորատորիաներ բացելու մասին խոստմանը, ԿԳՄՍՆ-ն հայտնել է, որ նոր լաբորատորիաները նախատեսվում է ստեղծել «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։ Համաշխարհային բանկի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում  մշակվել են ԲՏՃՄ առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, Մաթեմատիկա, Աշխարհագրություն) չափորոշիչները:  «Հանրակրթության պետական չափորոշչի առաջարկվող նախագծում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան ներառված է բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) բնագավառում։ Նոր չափորոշիչը  թույլ  կտա  շուրջ 1400 հանրակրթական ուսումնական հաստատություններում առարկան ուսումնասիրել ինչպես համակարգչի կամ թվային սարքի օգնությամբ, այնպես էլ առանց դրանց կիրառության։ Դպրոցները, ելնելով իրենց առանձնահատկությունից, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության մակարդակից, հնարավորություն կունենան ընտրել, թե ինչպես են դասավանդում առարկան։ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» ծրագրի հիմքում դրված են չորս հիմնական գիտակարգային գաղափարներ։ Դրանք են՝ Հաշվողականությունն (Computing) ու հասարակությունը․ Թվային գործիքներն ու համագործակցությունը․ Համակարգչային սարքեր և համակարգեր․ Հաշվարկային (Computational) և ալգորիթմիկ մտածողություն»,- հայտնել են նախարարությունից: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ 2021-2022 ուսումնական տարում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկվելու են առարկայական  փորձնական չափորոշիչները և ծրագրերը։ Վերը նշված փորձնական ծրագրի շրջանակում ներկայում ամփոփվում է Տավուշի մարզի 80 դպրոցների համար Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն և Աշխարհագրություն առարկաներից լաբորատոր սարքավորումների, պարագաների և նյութերի գնման գործընթացը, որի ֆինանսավորումը ամբողջությամբ դրամաշնորհային միջոցներից է։ «Համաձայն իրականացված շուկայի ուսումնասիրությունների և կատարված հաշվարկների՝ հանրակրթության նոր չափորոշիչներն արդյունավետ ներդնելու համար կպահանջվի շուրջ 721 դպրոցում ստեղծել բնագիտական և ՏՀՏ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Հաշվի առնելով ծախսարդյունավետության գործոնը՝ շուրջ 257 լաբորատորիաներ կստեղծվեն ցանցային դպրոցի սկզբունքով՝ գյուղական փոքրաքանակ դպրոցներում ստեղծելով առանձին առարկայական ուղղությամբ լաբորատորիաներ և միավորելով դրանք մեկ միջավայրում։ Օրինակ, Քիմիայի լաբորատորիան կտեղակայվի մի բնակավայրում, Ֆիզիկան՝ մյուս, Աշխարհագրությունը՝ մեկ այլ, և փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող բնակավայրերը կմիավորվեն մեկ կրթական միջավայրում՝ որակյալ կրթություն ապահովելու համար ոչ միայն ենթակառուցվածքների իմաստով, այլ նաև դասարանների արդյունավետ խմբավորման համար անհրաժեշտ սովորողների թվի տեսանկյունից»- ասված է նախարարության պատասխանում։ Ամփոփելով նշենք, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործող լաբորատորիաների առյուծի բաժինն ընկնում է «Արմաթ» ծրագրով  բացված ինժեներական լաբորատորիաներին, որոնց խմբավարների վարձատրության համար կառավարությունը 2014-ից միջոցներ է հատկացնում։ Ավագ դպրոցներում բնագիտական առարկաների լաբորատորիաների թիվը 303 է՝ ըստ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած տվյալների, չնայած պետք է հաշվի առնել, որ նախարարությունը ներկայացրել է միայն «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2020-ին բացված լաբորատորիաների տվյալները։ Ինչ վերաբերում է տարբեր տարիներին, այդ թվում՝ նախորդ կառավարությունների օրոք հանրակրթական բոլոր դպրոցներում հիմնված լաբորատորիաների և դրանց ստեղծման համար հատկացված միջոցների մասին տվյալներին, ԿԳՄՍՆ-ն այդ մասով մեր հարցերն անպատասխան է թողել, չնայած միևնույն հարցերն ուղղել ենք մի քանի անգամ։ Առաջիկա 5 տարիների ընթացքում ստեղծվելիք լաբորատորիաների վերաբերյալ տվյալները ևս հստակ չեն։ ԿԳՄՍՆ-ից միայն հայտնել են, որ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ներդրվող կրթական չափորոշիչները ներառում են  «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ներդրումը։ Այս առարկան ՀՀ-ում գործող 1400 հանրակրթական դպրոցներում կարող է դասավանդվել ինչպես համակարգչների կամ թվանշային սարքերի օգնությամբ, այնպես էլ առանց դրանց կիրառության, և դպրոցներն են ընտրելու՝ ինչպես դասավանդել առարկան։ Ներկայում փորձնական ծրագիրն ամփոփվում է Տավուշի մարզի 80 դպրոցներում։ Այնպես որ հստակ չենք կարող նշել, թե արդյոք կառավարության հնգամյա գործունեությունից հետո Հայաստանի հանրակրթական 1400 դպրոցներում կգործե՞ն  ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ։ Գլխավոր լուսանկարը՝ ԿԳՄՍՆ կայքից Աննա Սահակյան  
14:09 - 28 սեպտեմբերի, 2021
Փոփոխվել է օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը

Փոփոխվել է օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխվել է վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը․ վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի հոկտեմբերի 15-ը: ԿԳՄՍ նախարարությունում դիմորդների ընդունելությունն իրականացվում է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10.00-ից մինչև 17.00-ն, ընդմիջում՝ 13.00-ից մինչև 14.00-ն: Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են` դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից, բարձրագույն ուսումնական հաստատության, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատության կողմից, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով: Դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններ՝ սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.՝ +374 10-599-647) արտաքին կապերի բաժին (հեռ.՝ +374 10-599-646)
12:13 - 28 սեպտեմբերի, 2021
«Ուսուցչի օրվա» նախաշեմին Կառավարության որոշմամբ լավագույն մանկավարժները կպարգևատրվեն 500.000 դրամի չափով

«Ուսուցչի օրվա» նախաշեմին Կառավարության որոշմամբ լավագույն մանկավարժները կպարգևատրվեն 500.000 դրամի չափով

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել կատարել բյուջեի վերաբաշխում՝ «Ուսուցչի օրվա» առթիվ  հանրակրթական ուսումնական հաստատությունների լավագույն մանկավարժներին պարգևատրելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ Նախատեսվում է պարգևատրել 22 հաղթող մասնակցի՝ յուրաքանչյուրին 500.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և տուրքերը)։ 2020 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 58 մանկավարժի պարգևատրել է դյուրակիր համակարգիչներով։ Նախարարությունը նպատակահարմար է գտել 2021 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև: Դյուրակիր համակարգիչներով պարգևատրման փոխարինումը դրամական պարգևով պայմանավորված է մանկավարժներին իրենց աշխատանքի արդյունքում ձեռք բերած պարգևն առավել նպատակային և ըստ անհրաժեշտության տնօրինելու հնարավորություն ընձեռելու իրողությամբ։ Հավելենք, որ որոշումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, մասնավորապես այն նպատակաուղղված է մանկավարժների ինքնակրթմանն ու զարգացմանը, մասնագիտական առաջընթացին, արդի կրթական մարտահրավերներին դիմակայելու  հաջող փորձառությամբ կիսվելուն, ինչպես նաև նպաստում է մրցույթի միջոցով մանկավարժների միջև առողջ մրցակցության ձևավորմանը և համապատասխան աշխատանքի համար գնահատանքի արժանանալուն։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում ամրագրվել է՝ ներդնել ուսուցիչների մասնագիտական զարգացման տարբերակված քաղաքականություն՝ ըստ ուսուցիչների տարբեր խմբերի կարիքների՝ ուսուցչի աշխատանքային առաջխաղացման, մասնագիտական շարունակական զարգացման և վարձատրության փոխկապակցված  մեխանիզմ՝  բոլոր ուսուցիչներին հնարավորություն ընձեռելով ունենալ առնվազն աշխատավարձի 30-50 տոկոս  բարձրացում, ամբողջությամբ վերանայել մանկավարժական կրթության համակարգը՝ երիտասարդների շրջանում ուսուցչի մասնագիտությունը դարձնելով պահանջված, հեղինակավոր և արդիական։
15:25 - 24 սեպտեմբերի, 2021
Հայաստանը հավատարիմ է Ֆրանկոֆոնիայի առաջնային առաքելությանը. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Ֆրանկոֆոն համաժողովին

Հայաստանը հավատարիմ է Ֆրանկոֆոնիայի առաջնային առաքելությանը. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Ֆրանկոֆոն համաժողովին

Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը սեպտեմբերի 21-ից պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում՝ մասնակցելու Ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարների համաժողովին: Այն կտևի մինչև սեպտեմբերի 24-ը: Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև ֆրանկոֆոնիայի գիտական նստաջրջանի բացումը: Միջոցառման նպատակն է ներկայացնել AUF-ի (Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն) 2021-2025 թթ. նոր ռազմավարությունը, վերանայել կառավարման մարմինները, իրականացնել առաջին գիտական ֆրանկոֆոն հանդիպումները և նշել AUF-ի 60-ամյակը (1961-2021): Համաժողովին նախատեսված են կլոր սեղաններ, քննարկումներ բուհերի ռեկտորների համար, պաշտոնապես կհայտարարվեն Ֆրանկոֆոն կառավարման խորհրդի և նախագահի ընտրությունների արդյունքները: Համաժողովի առանցքում ֆրանսախոս գիտական ​​դիվանագիտության քաղաքականության մշակումն է: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր ելույթի խոսքում ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտում այս մակարդակի համագործակցությունը դիտարկվում է որպես տնտեսության բարձրացման ամենաարդյունավետ ուղի, որը հարթելու է երկրների միջև քաղաքական և տնտեսական հակասությունները և դրանք դուրս է բերելու փոխշահավետ համագործակցության նոր սահմանների: Փոխնախարարի հավաստմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է Ֆրանկոֆոնիայի առաջնային առաքելությանը և մշտապես պատրաստակամ է կրթության և գիտության բնագավառներում համագործակցության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։ «Նշեմ, որ Հայաստանը, հանդիսանալով նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) անդամ երկիր, ակտիվ համագործակցում է նաև ֆրանսերենի ուսուցիչների ազգային կամ տարածաշրջանային մակարդակով վերապատրաստման գործընթացին՝ ուղղված ֆրանսերենի ուսուցման և ֆրանսերենով ուսուցանվող ոչ լեզվաբանական առարկաների բարելավմանը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը։ Ֆրանկոֆոն համալսարանական գործակալությունը Հայաստանում բարձրագույն կրթության և ֆրանկոֆոն գիտական ​​հետազոտությունների զարգացման հիմնական դերակատարներից է: Այն աջակցում է մասնավորապես Հայաստանում Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության անդամ համալսարաններին՝ նպաստելով դրանց ծառայությունների որակի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացմանը: Ֆրանսերենով գիտահետազոտական աշխատանքները, ինչպես նաև միջազգային համագործակցությունը խրախուսելու և արժևորելու նպատակով 2016 թ․-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև:
20:01 - 22 սեպտեմբերի, 2021
Ես որևէ բերման ենթարկվածի չեմ տեսել. ԿԳՄՍ նախարարը՝ Եռաբլուրում զոհվածների ծնողներին բերման ենթարկելու լուրերի մասին

Ես որևէ բերման ենթարկվածի չեմ տեսել. ԿԳՄՍ նախարարը՝ Եռաբլուրում զոհվածների ծնողներին բերման ենթարկելու լուրերի մասին

Ես որևէ բերման ենթարկվածի չեմ տեսել: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ո՛չ զոհվածների ծնողներին, ո՛չ լրագրողներին թույլ չեն տվել Եռաբլուրի տարածքում ազատ տեղաշարժվել, եղել են բերման ենթարկվողներ, այդ թվում՝ զոհվածների ծնողներ: Հարցին՝ ինքը՝ որպես իշխանության ներկայացուցիչ, ի՞նչ է զզում, երբ կարող է ազատ տեղաշարժվել, սակայն այդ դեպքում մյուսների ազատ տեղաշարժն է ոտնահարվում, այդ թվում՝ զոհվածերի ծնողների, Դումանյանն արձագանքեց. «Ես շրջել եմ գերեզմաններով, ծաղիկներ եմ դրել շիրմաքարերին, այնտեղ կային բազմաթիվ սգացող մարդիկ, ես չեմ տեսել բերման ենթարկվածի կամ սահմանափակման ենթարկվածի»։  
11:08 - 21 սեպտեմբերի, 2021
Երեկ և այսօր կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների համար կազմակերպվել էին առարկայական գիտելիքի ստուգման օրեր․ Ժաննա Անդրեասյան

Երեկ և այսօր կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների համար կազմակերպվել էին առարկայական գիտելիքի ստուգման օրեր․ Ժաննա Անդրեասյան

Երեկ և այսօր կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների համար կազմակերպվել էին առարկայական գիտելիքի ստուգման օրեր։ Երեկ բնագիտական առարկաներն էին, այսօր՝ հայոց լեզուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Արդեն իսկ ակնհայտ է, թե ինչ փոփոխությունների կարիք ունենք, որպեսզի այս գործիքը համալրի ուսուցչական քաղաքականության շարքը։ Ավելին, գործընթացը նախաձեռնված էր որպես փորձնական՝ հենց այդ հարցերին պատասխաններ գտնելու համար։ Առաջիկայում արդյունքները կամփոփենք, կվերլուծենք, քննարկումներ կունենանք մասնակից ուսուցիչների հետ՝ դիտարկումները հաշվի առնելու և հաջորդ տարիների ընթացքը պլանավորելու համար։ Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ուսուցիչներին, որ մասնակցում են այս գործընթացին՝ որպես մեր գործընկերներ, օգնելով բարելավել գործիքը և գտնել դրա կիրառության ճիշտ ձևերը։ Նաև ուզում եմ նշել, որ այս ընթացքում հրաշալի ուսուցիչների եմ հանդիպել, որոնց տեսնելով մտածում եմ, որ մեր երեխաների համար բարեբախտություն է նման մարդկանց հետ շփվելը, նրանցից սովորելը։ Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ։ Այն որակը, որ կուզեի երբեք չտեսնել մեր դպրոցներում, նաև որպես ծնող և քաղաքացի։ Խոսքը, ընդ որում, այս պահին առարկայական գիտելիքի մասին չէ, այլ վարվելակերպի և վարքականոնի։ Շատ կարևոր է, որ ամենքս մեր տեղում անհանդուրժող լինենք այդ որակի վարվելակերպի հանդեպ»,- գրել է փոխնախարարը։
10:57 - 20 սեպտեմբերի, 2021
ԿԳՄՍ նախարարը հաջողված է համարում «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի առաջին մրցաշարը |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարը հաջողված է համարում «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի առաջին մրցաշարը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաջողված է համարում «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի առաջին մրցաշարը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին, Գեղարքունիքի մարզում։ Այդ մասին նախարարը հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում` շեշտելով, որ մրցաշարի գլխավոր նպատակը մասսայական սպորտի զարգացումը և առողջ ապրելակերպը խրախուսելն է, ինչը կարելի է կատարված համարել։ «Այն, ինչ այսօր արձանագրեցինք, գոհացուցիչ է, շատ դրական եմ գնահատում և հաջողված։ Կարևորը, որ վնասվածքներ չեղան, բոլոր մասնակիցները, որոնք ստարտ էին տվել, նաև ֆինիշին մոտեցան, միջադեպեր չեղան։ Գերագույն խնդիրը, նպատակը, որ դրվել էր հեծանվային այս մրցաշարը կազմակերպելիս, մասսայական սպորտի զարգացումն է, ինչը միտված է, իհարկե, առողջ ապրելակերպի խրախուսմանը և նաև միասնականության գաղափարին։ Կարծում եմ, որ շատ հաջողված է՝ որպես առաջին փորձ։ Ինչպես գիտեք` գաղափարը վարչապետինն է, ինչը այսօր իրականություն դարձավ», - ասաց ԿԳՄՍ նախարարը։ Շարունակությունը՝ armenpress.am-ում։ Լուսանկարը՝ «Արմենպրեսս»-ի
18:19 - 19 սեպտեմբերի, 2021
ԿԳՄՍ նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն պետք է գտնեն համագործակցության ամենաարդյունավետ միջոցներ. Վահրամ Դումանյան

ԿԳՄՍ նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն պետք է գտնեն համագործակցության ամենաարդյունավետ միջոցներ. Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն «Օլիմպավանում» հանդիպել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:   ԿԳՄՍ նախարարը և նախարարի տեղակալը Գ. Ծառուկյանի ուղեկցությամբ շրջել են մարզաբազայում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, խոսել ոլորտում առկա խնդիրներից, համագործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններից:   Մարզաբազայում գործում են ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվանդոյի, բռնցքամարտի, ծանրամարտի և խաղային մարզաձևերի մարզադահլիճներ: Տեղում մարզիկները ցուցադրել են իրենց մարզական կարողություններն ու կատարել որոշ հնարքներ:   ՀԱՕԿ նախագահի գնահատմամբ՝ Օլիմպավանի մարզիկներից լավագույն ցուցանիշները գրանցում են ծանրորդները՝ ընդհուպ մինչև աշխարհի չեմպիոններ դառնալով: Ի լրումն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Տաշքենդում կայանալիք խաղերում հայ ծանրորդները կունենան թիմային հաղթանակ:   Հանդիպմանը նաև քննարկվել են ոլորտում արդյունավետ համագործակցության հեռանկարները, սպորտի զարգացմանն ուղղված քայլերը, 2024 թ. կայանալիք Օլիմպիական խաղերում մարզական պատրաստվածությանն ուղղված հարցեր:   ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել «Օլիմպավան» մարզաբազայի պայմանները՝ դրանք համարելով միջազգային չափանիշներին համապատասխան:   «ԿԳՄՍ նախարարությունը և Օլիմպիական կոմիտեն պետք է գտնեն համագործակցության ամենաարդյունավետ միջոցները, որպեսզի յուրաքանչյուրս մեր մասով առավելագույն արդյունք ցույց տանք սպորտի զարգացման բնագավառում»,- ասել է նախարարը՝ ընդգծելով համատեղ ջանքերի կարևորությունը հատկապես 2024 թ. կայանալիք Օլիմպիական խաղերում ներկայանալու գործում:   Կողմերը քննարկել են նաև մարզադպրոցների քանակն ավելացնելու հեռանկարները՝ նշելով, որ մինչև տարեվերջ այդ ուղղությամբ շոշափելի արդյունք կունենան:
23:49 - 17 սեպտեմբերի, 2021
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Անդրեասյանը Շիրակի մարզում այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Անդրեասյանը Շիրակի մարզում այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ

ՀՀ Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Համաշխարհային բանկի «Կրթության  բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող Արթիկի ավագ դպրոց և Գյումրու ակադեմիական վարժարան: Ուսումնական հաստատություններում ընթացող շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի շրջանակում Արթիկի ավագ դպրոցը և Գյումրու ակադեմիական վարժարանը կապիտալ վերանորոգման են ենթարկվել, հիմնովին նորոգվել են մարզադահլիճները, դասասենյակները, միջանցքներն ու լաբորատոր սրահները, փոխվել է տանիքը, տեղադրվել են նոր դռներ և պատուհաններ, վերանորոգվել են սանհանգույցները, թարմացվել են կումոնալ համակարգերը, ուժեղացվել է նաև շենքերի սեյսմակայունությունը: Առաջիկայում նախատեսվում է դպրոցական հաստատությունները համալրել նոր գույքով և լաբորատոր սարքավորումներով: «Նախարարի տեղակալը ծանոթացել է կատարված աշխատանքներին, քննարկել նոր գույքի համալրման կազմակերպչական խնդիրները: Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել նաև դպրոցների ուսուցչական անձնակազմերի հետ, պատասխանել նրանց հարցերին: Ուսուցիչները նախարարի տեղակալին հարցեր են ուղղել կամավոր և պարտադիր ատեստավորման, համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման, մանկավարժների պատվաստումների, նոր կրթական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:   ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի հիմնանորոգվող դպրոցների ցանկում ընդգրկված է 13 դպրոց: Առաջին փուլում հիմնանորոգվել են 5 դպրոցներ: Երկրորդ փուլի աշխատանքներն ընթացել են Երևանի 3 և ՀՀ մարզերի 5 ավագ դպրոցներում՝ Սևանում, Գորիսում, Գյումրիում, Արթիկում և Վաղարշապատում: Ի սկզբանե նախատեսված 7 դպրոցի փոխարեն մրցույթների արդյունքում խնայված միջոցների հաշվին երկրորդ փուլով հնարավոր է եղել հիմնանորոգման ծրագրում ներառել 8 դպրոց: Աշխատանքներն այժմ շարունակվում են Գորիսի թիվ 1 և Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցներում: Մնացած հաստատություններում բուն շինարարական աշխատանքներն ավարտվել են կամ գտնվում են ավարտական փուլում: Նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանի՝ Շիրակի մարզ կատարած այցի վերջին կանգառը եղել է Գյումրու պետական տեխնիկական քոլեջը, որը երկաթուղային գործի մասնագետներ է պատրաստում և, որպես ՄԿՈՒ մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն, եզակի պրոֆիլային ուղղվածություն ունի: Նախարարի տեղակալը ծանոթացել է քոլեջի ուսումնական հնարավորություններին, քննարկել ուսումնական հաստատության զարգացման հնարավորությունները: Քոլեջի տնօրենը նախարարի տեղակալին տեղեկացրել է, որ իրենք համագործակցում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության  հետ, և նրանց աջակցությամբ առաջիկայում քոլեջում նախատեսվում է ուսումնական երկու սրահների բացում: Այցի ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Գյումրու թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարանի ուսումնական խոհանոցային սրահի բացմանը:
20:17 - 17 սեպտեմբերի, 2021
Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն. ԿԳՄՍՆ-ում հուշագիր է ստորագրվել

Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն. ԿԳՄՍՆ-ում հուշագիր է ստորագրվել

ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան համայնքի վարչական տարածքում գտնվող Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն, հուշարձանի տարածքում կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն: Աշխատանքները կիրականացվեն մեկենասության ծրագրով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ստորագրված հուշագրի համաձայն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և բարերար «Նորիկ 70» ՍՊԸ տնօրեն Հրայր Ավետիսյանը ստորագրել են հուշագիր, ըստ որի՝ ընկերությունը սեփական միջոցների հաշվին կիրականացնի հուշարձանների ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներ: «Մեր պատմական արժեքների պահպանությունը բացառապես պետական միջոցներով իրականացնել հնարավոր չէ: Մեր բնակավայրերում գտնվող արժեքներն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելու համար պետք է միավորել պետական, մասնավոր և հանրային ջանքերը: Չափազանց կարևոր է, որ պատմամշակութային արժեքների պահպանության գործում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը գնալով ավելի սերտանա: Հուշարձանների պահպանության խորհուրդն ավելի խորն է, քան առանձին վերցրած մի կոթողի ամրակայումը: Սա հանրության բարոյական առողջության բարելավմանը միտված գաղափար է, երբ մարդիկ, անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, միավորվում են հուշարձանների պահպանության գաղափարի շուրջ` գիտակցելով դրա պատմական կարևորությունը: Սա պետք է դառնա հանրային ուղերձ, և հասարակության մեջ պետք է նաև դրական վերաբերմունք ձևավորվի մեկենասության նկատմամբ` որպես ազգանվեր գործի»,- հուշագրի ստորագրման արարողության ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Կարծում եմ, որ մենք կատարում ենք ընդհանուր գործ մեր հայրենիքի և մեր սերունդների համար, որպեսզի ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագայում չմոռացվի, թե մեր ազգն ինչպիսի արժեքներ է ստեղծել»,- նշել է «Նորիկ 70» ՍՊԸ տնօրեն Հրայր Ավետիսյանը` շնորհակալություն հայտնելով նախարարությանն իրենց հետ արդյունավետ համագործակցության պատրաստակամության համար: Նշենք, որ համագործակցության հուշագրով հուշարձանների վերականգնման ընթացքում նախատեսվում են նաև հանրային լուսաբանման աշխատանքներ: ՀՀ Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանական համալիրը հայ միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաններից է, գտնվում է Քասախ գետի կիրճի աջակողմյան բլրի վրա։ Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիներից և գավթից: Անվանումն առաջացել է վանքում պահվող «Աստվածընկալ Սուրբ Խաչ»-ի անունից։
17:35 - 17 սեպտեմբերի, 2021
ԿԳՄՍ-ն և ՀԱՕԿ-ը կխորացնեն համագործակցությունը   |armenpress.am|

ԿԳՄՍ-ն և ՀԱՕԿ-ը կխորացնեն համագործակցությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կխորացնեն համագործակցությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում ունեցավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկման ընթացքում նախարարությունը և ՀԱՕԿ-ը որոշեցին ավելի ակտիվ համագործակցել սպորտի զարգացման մի շարք ոլորտներում, առաջիկայում կշեշտադրվի մարզադպրոցների առաջընթացը: «Օլիմպիական կոմիտեն և նախարարությունը պետք է գտնեն այն ձևաչափը, որով կշարունակեն համագործակցությունը: Պետք է սպորտն առավել զարգացնենք: Այդ հարցում ՀԱՕԿ-ը և Գագիկ Ծառուկյանը հայտնեցին իրենց պատրաստակամությունը»,-ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը նախորդեց Վահրամ Դումանյանի շրջայցը Օլիմպավանում, որտեղ ԿԳՄՍ նախարարը ծանոթացավ մարզիկների համար նախատեսված պայմաններին:
15:06 - 17 սեպտեմբերի, 2021
Օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր մարզիկների, նրանց մարզիչների ու բժիշկների պարգևատրման գումարները կավելանան

Օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր մարզիկների, նրանց մարզիչների ու բժիշկների պարգևատրման գումարները կավելանան

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել ավելացնել օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկների, նրանց մարզիչների ու բժիշկների տարեվերջյան պարգևատրման գումարները։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ «Այս նախագիծը կազմվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա, որը նա հնչեցրել է Տոկիոյի օլիմպիական խաղերից առաջ՝ հավաքական թիմի հետ հանդիպման ընթացքում։ Վստահ եմ, որ այս փոփոխությունը մեր մարզիկներին միանշանակ կոգևորի և կտանի դեպի հետագա նվաճումներ»,- նշել է նախարարը։ Ըստ այդմ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1282-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշմամբ սահմանվել են հետևյալ պարգևատրման գումարները։ Օլիմպիական խաղերում առաջին տեղ գրաված մարզիկներ Օլիմպիական խաղերում առաջին տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 20 մլն դրամ․ փոփոխության արդյունքում նրանք կստանան 25 մլն դրամ։ Առաջին տեղ գրաված մարզիկի դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը գործող որոշմամբ ստանում են 10 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 12 մլն 500 հազար դրամ։ Առաջին տեղ գրաված մարզիկի դեպքում հավաքական թիմի երկրորդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկը գործող որոշմամբ ստանում են 4 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 5 մլն դրամ: Օլիմպիական խաղերում երկրորդ տեղ գրաված մարզիկներ Օլիմպիական խաղերում երկրորդ տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 15 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 20 մլն դրամ։ Երկրորդ տեղ գրաված մարզիկի դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը գործող որոշմամբ ստանում են 7 մլն 500  հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 10 մլն դրամ։ Երկրորդ տեղը գրաված մարզիկի դեպքում հավաքական թիմի երկրորդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկը գործող որոշմամբ ստանում են 3 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 4 մլն դրամ: Օլիմպիական խաղերում երրորդ տեղ գրաված մարզիկներ Օլիմպիական խաղերում երրորդ տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 10 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 15 մլն դրամ։ Երրորդ տեղ գրաված մարզիկի դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը գործող որոշմամբ ստանում են 5 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 7 մլն 500 հազար դրամ։ Երրորդ տեղ գրաված մարզիկի դեպքում հավաքական թիմի երկրորդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկը գործող որոշմամբ ստանում են 2 մլն դրամ․ փոփոխության արդյունքում կստանան 3 մլն դրամ: Անվանական թոշակների, ցմահ ամսական պատվովճար ստացող օլիմպիական խաղերի չեմպիոնների  և մրցանակակիրների գումարների ավելացում   Բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների, մարզիչների և բժիշկների խրախուսման նպատակով Կառավարության հաստատմանն են ներկայացվել նաև չզեկուցվող երկու որոշման նախագծեր, որոնցում նույնպես նախատեսվում է անվանական թոշակների գումարների և շահառուների, ինչպես նաև ցմահ ամսական պատվովճար ստացող օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր  մարզիկների գումարների ավելացում: Այսպես՝ գործող կարգով օլիմպիական խաղերի չեմպիոն մարզիկը ստանում է 500 հազար դրամ անվանական թոշակ․ փոփոխության արդյունքում կստանա 1 մլն դրամ։ Բացի դրանից՝ շահառուների թվում ավելացել են անձնական մարզիչները և բժիշկները: Երկրորդ մրցանակակիր դարձած մարզիկը ստանում է 350 հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանա 700 հազար դրամ: Երրորդ մրցանակակիր դարձած մարզիկը ստանում է 300 հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանա 600 հազար դրամ: Ցմահ ամսական պատվովճար ստացող օլիմպիական խաղերի չեմպիոն մարզիկը գործող կարգով ստանում է 200 հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանա 300 հազար դրամ: Օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիրը ստանում է 140 հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանա 200 հազար դրամ: Օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր մարզիկը ստանում է 100 հազար դրամ․ փոփոխության արդյունքում կստանա 150 հազար դրամ: Հավելենք, որ որոշման ընդունումը կնպաստի բարձր նվաճումների հասած հավաքական թիմերի մարզիկների, նրանց մարզիչների և բժիշկների  սոցիալական վիճակի բարելավմանը: Այն կխթանի մարզաձևերի զարգացումը, մասսայականացումը, իսկ բարձր նվաճումների հասած բոլոր մարզիկները, մարզիչները և բժիշկները, ինչպես նաև հաշմանդամային սպորտում ներգրավված մարզիկները խրախուսանքի կարժանանան ՀՀ կառավարության կողմից և ըստ արժանվույն կգնահատվեն նրանց նվաճումները:  
17:04 - 16 սեպտեմբերի, 2021