armenpress.am: Երևանում մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը այսուհետ կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում:
Բացման պաշտոնական արարողության մեկնարկին` վավերագրական ֆիլմով ներկաներին ներկայացվեցին Հայաստանում սամբոյի զարգացման փուլերը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը` ողջունելով ներկաներին, բարի գալուստ մաղթեց հյուրերին և հույս հայտնեց, որ սամբոյի մրցաշարերը կլինեն խաղաղության տոներ ամբողջ աշխարհի համար:
«Սամբոն ընտանիք է, ընտանիքը` ուժ, ուժը` խաղաղությունը: Նախորդ տարիների մրցաշարերի գերազանց կազմակերպվածության շնորհիվ միջազգային ֆեդերացիան Հայաստանին տվեց աշխարհի գավաթի խաղարկությունը հյուրընկալելու իրավունքը»,-ասաց Հայրապետյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծեց, որ Հայաստանը աշխարհի սպորտային քարտեզի վրա իր ուրույն տեղն է գրավում:
«Թող հաղթեն ուժեղագույնները, հայտարարում եմ մրցաշարը բացված»,-ասաց Գիլոյանը:
Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 13 երկրի մոտ 300 մարզիկներ:
Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կեզրափակվի ապրիլի 5-ին:
comment.count (0)