Հայաստան

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է անում աջակցել Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծմանը

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է անում աջակցել Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծմանը

Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հնչող հայտարարություններին՝ նշելով՝ «մերժում են 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ ռադիկալ շրջանակների հաճոյանալու նպատակով արված միակողմանի հայտարարարությունները»։ Մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ ռադիկալ շրջանակների հաճոյանալու նպատակով արված միակողմանի հայտարարարությունները։ Պատմական փաստերը խեղաթյուրող այս հայտարարությունները հակասում են նաև միջազգային իրավունքին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ ընդգծել է, որ 1915 թվականի իրադարձությունները օրինական քննարկման առարկա են։   Պատմության վերաբերյալ այս կանխակալ և կողմնակալ հայտարարությունները ոչ միայն վնասում են երկու համայնքների միջև հաշտեցման ջանքերին, այլ նաև քաջալերում են արմատական ​​խմբերին, որոնք հակված են ատելության հողի վրա հանցագործություններ կատարելու: Բոլոր կողմերին կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին, ինչպես նաեւ Հայաստանի հետ սկսած կարգավորման գործընթացին»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։  Նշենք, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմաբանների ընդհանուր հանձնաժողովի ստեղծումը թուրքական կողմից տարածված վաղուցվա առաջարկ է։
17:32 - 24 ապրիլի, 2024
Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ․ Amnesty International-ը՝ Հայաստանի մասին |azatutyun.am|

Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ․ Amnesty International-ը՝ Հայաստանի մասին |azatutyun.am|

azatutyun.am: «2023 թվականի ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փողոցային ակցիաների ժամանակ իրավապահների կողմից ուժի անօրինական կիրառման դեպքեր են արձանագրվել», - հայտարարում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հրապարակված տարեկան զեկույցում։ Որպես օրինակ զեկույցի հեղինակները մատնանշում են նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ծավալված իրադարձությունները։ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, որ դիտարկում էր բողոքի գործողությունը, նշել է, որ ոստիկանությունը ցուցարարների հանդեպ «անհամաչափ ուժ է կիրառել առանց խտրականության, այդ թվում՝ ծեծի կիրառելով և արցունքաբեր գազով նռնակների արձակելով անմիջականորեն ամբոխի ուղղությամբ՝ առանց նախազգուշացման», - նշված է զեկույցում։ «Պահպանվում են մտահոգությունները կապված այն լրագրողների անվտանգության հետ, որոնք շարունակում էին ճնշումների, վիրավորանքների և բռնության ենթարկվել կառավարության աջակիցների կողմից», - հայտարարում է Amnesty international-ը։ «Առնվազն երկու լրագրողներ հայտարարել են, որ հուլիսի 25-ին կայացած վարչապետի ասուլիսի ընթացքում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նրան ուղղած իրենց հարցերից հետո, համացանցում ենթարկվել են ակտիվ ճնշումների և սպառնալիքների, այդ թվում՝ որոշ պաշտոնյաների կողմից», - նշված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։
15:50 - 24 ապրիլի, 2024
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

armenpress.am: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, հետևաբար որքան շատ պետություններ ճանաչեն այն և դատապարտեն, այնքան Թուրքիան այս հարցում կմնա մեկուսացված և ինչ-որ պահի ստիպված կլինի ինքը ևս ընդունել պատմական ճշմարտությունը։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։ -Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը։ -Մեր օրերում Հայոց ցեղասպանությունը ճանաչում է 34 պետություն։ Վերջին տարիներին Եվրամիության մի քանի երկրներ, ինչպիսիք են Պորտուգալիան և Իտալիան, դա արել են, և Միացյալ Նահանգները նույնպես՝ 2021 թվականին: Թեև դա ուշանում է, բայց ես դրական եմ համարում, որ ավելի ու ավելի շատ պետություններ են ճանաչում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այս տարիներին մենք տեսանք, թե ինչպես են շարունակվել հայերի նկատմամբ հալածանքները։ Կարևոր է հիշել և ճանաչել, որպեսզի դա չկրկնվի: -Չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան 109 տարի անց շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։ Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը: Բացի կոչերից ու հորդորներից, այլ գործողությունների անհրաժեշտություն տեսնու՞մ եք։ -Փաստորեն, Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլև ճնշում ու սպառնալիքներ է գործադրում պետությունների դեմ, որպեսզի նրանք ևս չճանաչեն այն։ Թուրքիան լավ կանի ընդունի իր պատմությունը, ինչպես դա արել են մյուս պետությունները: Ես համարում եմ, որ Գերմանիան օրինակ է, թե ինչպես կարելի է ընդունել պատմական փաստը։ Թուրքիայի համար փաստերի ճանաչումը կարող է օգնել բարելավել հարաբերությունները տարածաշրջանում, և այս պետությունը դարձնել ավելի լավ պետություն։ -Ձեր կարծիքով, ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան վերջնականապես կբախվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական ճշմարտությանը։ -Իմ կարծիքով`Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, ուստի որքան շատ պետություններ ճանաչեն այն, այնքան Թուրքիան այս հարցում կմնա մեկուսացված և ինչ-որ պահի ստիպված կլինի ընդունել ճշմարտությունը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:29 - 24 ապրիլի, 2024
21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.   «Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև:   1915 թվականից սկսած՝ երիտթուրքական կառավարության իրականացրած մարդկության դեմ հանցագործության հետևանքով շուրջ 1,5 միլիոն հայ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, սպանվեցին միայն իրենց ազգային պատկանելության՝ հայ լինելու հիմքով: Միլիոնավոր հայեր զրկվեցին իրենց սեփականությունից և պատմամշակութային ու հոգևոր նյութական արժեքներից:   Հայության դեմ իրականացված այս ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։ Ցավալիորեն, չնայած գործադրվող ջանքերին, ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։   Արդեն 21-րդ դարում՝ 2020-2023 թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. 150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։   Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների բազմաթիվ այլ օրինակները՝ Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ջանքերի համադրման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով»:
10:45 - 24 ապրիլի, 2024
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. Թասմաղամբետով
 |tert.am|

Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. Թասմաղամբետով |tert.am|

tert.am: Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։ «Հայաստանը, իրոք, սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, և կազմակերպության օրակարգում աշխատանքները շարունակվում են», - նշել է գլխավոր քարտուղարը։Եթե Հայաստանի ղեկավարությունը որոշի դուրս գալ կազմակերպությունից, դա կլինի Հայաստանի ինքնիշխան իրավունքը, ընդգծել է նա։«Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում, թե լքել կազմակերպությունը, նույնպես կլինի այս անկախ պետության ինքնիշխան որոշումը: Այլ հարց է, թե ինչպես է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած ազգային անվտանգության սպառնալիքներն ու ռիսկերը: Քարտուղարության վերլուծաբանները նշում են, որ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց այս դեպքում գործի կդրվեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունն այժմ բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել», - նշել է գլխավոր քարտուղարը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:31 - 24 ապրիլի, 2024
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր |armenpress.am|

Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատը համոզմունք է հայտնել, որ  Թուրքիայում իշխանափոխություն տեղի ունենալու դեպքում է միայն հնարավոր, որ  վերջինս փոխի և վերանայի իր քաղաքականությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, քանի որ ներկա իշխանություններն անընդունակ են այդ հարցում որևէ առաջընթաց գրանցել։ Այս մասին պատգամավորն ասաց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ -Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը։ -Գործընթացը շատ դանդաղ է ընթանում, բավականաչափ լայն չէ և շատ հանդարտ: Քաղաքակիրթ աշխարհի համար խայտառակություն է, որ միահամուռ կերպով չի բարձրաձայնում ու դատապարտում ցեղասպանության անմարդկայնությունը, որովհետև միայն այս միասնական ձայնը կարող է հանգեցնել նրան, որ մեղքը ճանաչվի, և նման ցեղասպանությունը չկրկնվի: -Չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան 109 տարի անց շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։ Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը: Բացի կոչերից ու հորդորներից, այլ գործողությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։ -Ես համարում եմ, որ թուրքական քաղաքականությունը ներկայիս ղեկավարության օրոք խիստ անընդունակ է ցեղասպանության ճանաչման հարցում որևէ բանի հասնելու։ Թուրքիայի տնտեսության՝ առանց այն էլ աղետալի իրավիճակում տնտեսական ճնշումը միայն հակաարդյունավետ կլինի: Էրդողանը միայն կավելացնի ազգայնականությունը՝ որպես իշխանության պահպանման գործիք։ Հետևաբար, աշխարհը պետք է տեղեկացնի ոչ թե թուրքական քաղաքականությանը, այլ թուրքական հասարակությանը: Մեր օրերում դրա համար բավականաչափ ալիքներ կան։ Այնպես, ինչպես դաշնակիցներն արեցին Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այնպես էլ մենք պետք է խոսենք Թուրքիայի ժողովրդի հետ։ Բոլոր գերմանացիները գիտեն, որ Նացիստական Գերմանիան ոճրագործություն է իրականացրել։ Դա ցավալի է, բայց դա մեզ Եվրոպայում և առաջին հերթին հենց գերմանացիներին բերեց մեծ խաղաղություն և բարգավաճում: -Ձեր կարծիքով, ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան վերջնականապես կբախվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական ճշմարտությանը։ -Անկասկած, միայն իշխանափոխությունն Անկարայում կփոխի որոշ բաներ։ Եվ, ինչպես նշվեց, միայն լայն շարժումը Թուրքիայում, որն այլևս չի ցանկանում ապրել մերժված մեղքով, կհանգեցնի նրան, որ կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:55 - 24 ապրիլի, 2024
Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումը

Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումը

Ապրիլի 23-ին Բրյուսելի Սբ․ Մարիամ Մագդաղենացի առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի 109-րդ տարելիցին։ Պատարագին Բելգիայի հայերի կոմիտեի հրավերով մասնակցեցին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դե Մաղդը։ Պատարագից հետո ներկաները քայլերթ կատարեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որտեղ Բրյուսելի Ազատ համալսարանի «Նաիրյան» երիտասարդական միության կողմից կազմակերպվել էր մոմավառության արարողություն։ Արարողության ժամանակ խոսքով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Զատիկ Ավեդիքյանը, դեսպան Տիգրան Բալայանը և արտգործնախարար Հաջա Լահբիբը։ Իր խոսքում դեսպան Բալայանը բարձր գնահատեց արտգործնախարարի ներկայությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը, որ վկայում է Բելգիայի Թագավորության՝ համամարդկային արժեքներին նվիրվածության մասին։ Տիգրան Բալայանն ասաց․ «Պատմության այդ ողբերգական էջը, ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլև համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլևս երբեք» պատգամը։ Ցավոք, հարյուր տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունները շարունակվում են նաև մեր օրերում․ միայն ամիսներ առաջ միջազգային հանրության աչքի առաջ հազարամյակներ Լեռնային Ղարաբաղում ապրած հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման՝ ստիպողաբար հեռացվելով իր պատմական հայրենիքից»։ Նախարար Լահբիբը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշեց, որ եկել է ներկայացնելու մի երկիր, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եկել է՝ իր հետ բերելով նաև խաղաղության կոչ, որպեսզի «‎այլևս երբեք» կարգախոսը գործուն քայլերով վերածվի իմաստալից խոստման, որպեսզի համայն մարդկությունն ապագայում խուսափի նման ձախողումներից։ Արարողությունից հետ տեղի ունեցավ ծաղկեպսակի խոնարհման արարողություն։
08:56 - 24 ապրիլի, 2024
ՌԴ ԱԳՆ-ում «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով կոլեգիայի նիստ է անցկացվել
 |1lurer.am|

ՌԴ ԱԳՆ-ում «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով կոլեգիայի նիստ է անցկացվել |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախարարության կոլեգիայի նիստ է անցկացրել «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով: «Ընդգծվել է, որ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու նպատակով հավաքական Արևմուտքն Ուկրաինայից հետո ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, ներառյալ՝ Հարավային Կովկասը, խաթարել դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, որոնք կապում են Ռուսաստանը տարածաշրջանի երկրների հետ, ոչնչացնել հավաքական անվտանգության և տնտեսական գործընկերության գործող մեխանիզմները»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ռուսաստանի համար միշտ առաջնահերթություն է եղել և շարունակում է լինել Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովումը: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան շարունակելու է զարգացնել փոխշահավետ համագործակցությունը տարածաշրջանի բոլոր պետությունների հետ: «Անհրաժեշտ է համարվել շարունակել քայլերը՝ հասնելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացմանը, ներառյալ՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը»,- ասված է նիստի ավարտին տարածված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դիտարկվել են «տարածաշրջանի կապվածության և ինքնաբավության ամրապնդման հարցերը՝ ի շահ նրա առջև ծառացած խնդիրների լուծման»՝ առանց արտաքին միջամտության։ Ընդգծվել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նշանակությունը. նախանշվել են գործնական քայլեր այդ ուղղությամբ։
21:19 - 23 ապրիլի, 2024
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին և Fastex-ի բիզնես զարգացման տնօրեն Արմանդ Փինարբասիին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին կարևորել է Սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությունն ու Հայաստանի և Սփյուռքի միջև քաղաքական, տնտեսական մշակութային և կրթական ոլորտներում սերտ կապերն ամրապնդող և խթանող նախաձեռնությունները, ինչպես նաև միասնական օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը: Նշվում է, որ Դանիել Քյուրքչյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել ֆրանսահայ համայնքի ներքին կյանքի անցուդարձի ու զարգացումների, ինչպես նաև առկա խնդիրների և դրանց հաղթահարման հնարավորությունների շուրջ: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային ընդհանուր իրադրության և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ:Տեղեկացվում է, որ զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է Ֆրանսահայերի խորհրդի և այլ ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեության կարևորությունը, որը միտված է Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև համահունչ է երկու պետությունների միջև համագործակցության հիմնարար սկզբունքներին:
19:22 - 23 ապրիլի, 2024
Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների բարձր մակարդակն ու փոխգործակցության հետևողական զարգացման կարևորությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում իր ուրույն տեղն ունեն նաև միջխորհրդարանական կապերն ու փոխգործակցությունը տարբեր միջազգային հարթակներում: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերին: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացին, մասնավորապես, 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը սկսելու պայմանավորվածությանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:
18:39 - 23 ապրիլի, 2024
Ըստ Ալիևի՝ մինչև նոյեմբեր իրատեսական է խաղաղության համաձայնագրի կնքումը |factor.am|

Ըստ Ալիևի՝ մինչև նոյեմբեր իրատեսական է խաղաղության համաձայնագրի կնքումը |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միանգամայն իրատեսական է համարել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը մինչև կլիմայական փոփոխությունների COP29 համաժողովը, որը նախատեսվում է նոյեմբերին Բաքվում։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության հասնելը մինչև COP29-ը, համենայն դեպս, հիմնարար սկզբունքների շուրջ, բավականին իրատեսական է թվում»,- հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի ADA համալսարանում կայացած համաժողովում: Նա նշել է, թե որպես տարբերակ՝ դիտարկվում է նաև հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունը։ «Իսկ հետագայում կարելի է անցնել ծախսել դրույթների դետալացմանը։ Մինչ այդ՝ համաձայնագրի նախագիծը կարող է նույնիսկ պատրաստ լինել։ Կարծում եմ, որ դրա համար երկու կողմերն էլ պետք է պարզապես սրտանց աշխատեն»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։ Անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնելու՝ Բաքվի պահանջին, Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ հարցը բարձրացրել են 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ «Այլ է էքսկլավների հարցը, այն ավելի բարդ է։ Դրանք գտնվում են այլ երկրով շրջաապատված տարածքում, այդ պատճառով էլ դրանց հետ կապված հարցերը պետք է լուծվեն դելիմիտացիայի գործընթացի ժամանակ»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։
17:57 - 23 ապրիլի, 2024
Հիմա առավել քան երբևէ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության հաստատմանը․ Ալիև
 |hetq.am|

Հիմա առավել քան երբևէ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության հաստատմանը․ Ալիև |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այս պահին Բաքուն առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղության հաստատմանը: Նման հայտարարություն, ըստ APA գործակալության, նա արել է ադրբեջանական ADA համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ Ալիևն ընդգծել է, որ երկու կողմերն այժմ հասկանում են, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը։ «Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը: Մենք պարզապես պետք է վերջնական տեսքի բերենք մանրամասները: Բայց, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,- հայտարարել է Ալիևը։ Ապրիլի 23-ից Երևանն ու Բաքուն փաստացի սկսել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ դա կարևոր է նաև անվտանգության ռիսկերը նվազեցնելու համար: Նա հավելել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է վերականգնել այն սահմանները, որոնք եղել են Խորհրդային միության փլուզման պահին: Սահմանազատման գործընթացը սակայն Հայաստանում հանրային դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Տավուշի մարզի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ փակելով միջպետական ու միջհամայնքային ճանապարհները։ Նրանք պնդում են, որ հայկական կողմը սահմանազատման գործընթացում միակողմանի զիջումների է գնում։ 
16:49 - 23 ապրիլի, 2024