Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև
|azatutyun.am|
azatutyun.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև։ Այս հնարավորությունը դատարաններին տվել է Սահմանադարական դատարանը։ Բայց եթե նույնիսկ Քոչարյանը մեղավոր ճանաչվի, նա չի ազատազրկվի՝ ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։
«Հերթական անգամ անօրինական ձևով դատավարությունը փորձ է արվելու սկսել: Էս դատավարությունը ինքը անօրինական է չէ՞ եղել, պարզվեց չէ՞, որ հակասահմանադրական հոդվածի հիման վրա Ռոբերտ Քոչարյանը տարիներով մեղադրվել է և տարիներ անց է կացրել կալանքի տակ: Հիմա էլ հերթական անօրինականությունն են անում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:
2008-ի արյունալի իրադարձությունների գործով երկրորդ նախագահն արդարացվեց երեք տարի առաջ առաջին ատյանի դատարանի կողմից, այս որոշումը սակայն, դեռ ուժի մեջ չի մտել։
Նախկին նախագահի արդարացման պատճառը ոչ թե այն էր, որ նա քննության արդյունքում անմեղ էր ճանաչվել, այլ՝ Սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահանադրական ճանաչվեց նրան վերագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։ Գլխավոր դատախազությունը դեռ այդ օրերին էր հայտարարել՝ օրենքն իրեն թույլ չի տալիս վերաորակել Քոչարյանի մեղադրանքը, և բողոքարկել էր արդարացման դատավճիռը Վերաքննիչ, ապա՝ Վճռաբեկ դատարան, խնդրել էր ստուգել՝ օրինակա՞ն է արդյոք 10 մարդու կյանք խլած իրադարձությունների գործով Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների արդարացման վճիռը, և իրավունք ունի՞ արդյոք վերաորակել մեղադրանքը։
Իր հերթին, Վճռաբեկ դատարանը երկու տարի քննեց ու եզրահանգեց, որ իսկապես օրենքը նման հնարավորություն չի տալիս և Սահմանադրության հետ խնդիր ունի, ու չորս ամիս առաջ դիմեց Սահմանադրական դատարան։
4-ամսյա քննությունից հետո բարձր դատարանը որոշեց, որ օրենքը, մի կողմից, Սահմանադրությանը չի հակասում, բայց, մյուս կողմից, նաև հնարավորություն տալիս է վերաորակել մեղադրանքը։
Մեղքը չընդունող երկրորդ նախագահի փաստաբանը պնդում է՝ Սահմանադրական դատարանը սխալ ճանապարհով է գնացել՝ դուրս է եկել իր լիազորություններից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:11 - 26 հուլիսի, 2024