Ընդդիմությունը ոչ թե ուզում էր ԱԺ-ում հայտարարության նախագիծ ստանալ, այլ միտինգ, ինչը չստացվեց․ Կոնջորյանը՝ ընդդիմադիրների՝ նիստը բոյկոտելու մասին
Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընթերցեց ԱԺ հայտարարության նախագիծը, որը նախատեսվում է ընդունել։
«2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը:
Հերթական անգամ, կոպտորեն ոտնահարելով Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Ադրբեջանը նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղին զրկել արտաքին աշխարհի հետ կապից:
Սադրանքի նախապատրաստման համար Ադրբեջանը տևական ժամանակ ստեղծում էր քարոզչական կեղծ պատրվակներ: Այս ծայրահեղ սադրիչ և պայթյունավտանգ գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից: Խափանվել են պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները: 120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում:
Ահագնացնելով սադրիչ եւ հակամարդկային գործողությունները՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակի փականը, որը տեղադրել էր 2022 թվականի մարտի 7-ին խողովակը պայթեցնելուց հետո: Ստեղծված իրավիճակում գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցնել են աշխատանքները:Ադրբեջանի վերոնշյալ գործողությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է սկսվում, կոպտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ԼՂ հայերի անվտանգություն հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո:
Այս ամենը հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ որդեգրել է ցեղասպանության քաղաքականություն: Ադրբեջանական ԶՈւ կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգը ավելի առարկայական են դարձնում:
Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը ուղղակիորեն ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնց համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահակողության գոտում:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ ենք անում հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ»։
Այնուհետև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը անդրադարձավ ընդդիմության կողմից նախագծի քննարկմանը չմասնակցելուն՝ նշելով, որ ընդդիմությունը ևս շրջանառության մեջ էր դրել հայտարարության նախագիծ, քաղաքական մեծամասնությունն էլ պատրաստակամություն էր հայտնել ընդդիմության հետ քննարկումներ ունենալ՝ միասնական տեքստ ստանալու համար․ «Ազգային ժողովի խորհրդի նիստի ժամանակ մենք՝ որպես իշխող խմբակցություն, ընդդիմությանն առաջարկել ենք, որպեսզի այս դժվարին պայմաններում ցուցաբերենք միասնականություն և կարողանանք միասնաբար ընդունել մեկ հայտարարություն, մեկ տեքստ, և միասնական ուղերձ հղենք միջազգային հանրությանը, որովհետև ԱԺ հայտարարության նախագիծը ոչ թե կենաց է, որտեղ մենք պիտի մրցենք՝ ով է այդ կենացի մեջ ավելր ճարտար, ով է ավելի խիզախ, ոչ թե պիտի էկրանի ասպետներ մեզ հռչակենք, այլ պիտի զբաղվենք գործով և պիտի կարողանանք այնպիսի միջազգային ուղերձներ հղել աշխարհին, որը սինխրոն կլինի ՀՀ իրականացրած պաշտոնական արտաքին քաղաքականությանը»։
Լուսանկարը՝ Ազգային ժողովի
14:50 - 14 դեկտեմբերի, 2022