Գիտություն

Քարերն աստղերի՞ն էին նայում, թե՞ մեռյալներին հսկում․ Զորաց քարեր

Քարերն աստղերի՞ն էին նայում, թե՞ մեռյալներին հսկում․ Զորաց քարեր

2023-ի մայիսն էր։ Երևանի պետական հումանիտար քոլեջի շրջանավարտներով Սյունիքի մարզում էինք, շրջում էինք հնագիտական և բնական հուշարձաններով։ Օրն անձրևոտ էր ու մառախլապատ, ուստի ավելի ուշադիր պիտի շուրջբոլորդ նայեիր՝ հասկանալու համար, թե ում է նվիրված Աղիտուի հուշարձանը, կամ ինչի մասին է Որոտնավանքի որմնանկարը։ Երկու օրը շատ քիչ էր Սյունիքը բացահայտելու համար, ուստի ականջներս սրած փորձում էի լսել թե՛ դասախոսներիս, թե՛ ընկերներիս, թե՛ տեղացիներին։  Առաջին օրը ուշադրությունս գրավեց մի բանավեճ, որի բովանդակությունը սկզբում այնքան էլ հասկանալի չէր ինձ համար։ Զորաց քարերի տարածքում էինք, երբ հուշարձանների պատմության դասախոսս ու մեր խմբի ուղեկցորդը քննարկում էին այս հուշարձանի քարերի անցքերի նշանակությունը։ Ցուրտ էր, ու հետս եղած ողջ տաք հագուստը վրաս՝ իջա ավտոբուսից։ Մինչ բուն հուշարձանին հասնելը մի փոքր քայլել էր պետք։ Տեղ հասնելուն պես երևացին հսկա քարերի երկար շարքերը։ Ես ու ընկերներս անցանք գործի․ սկսեցինք քարերի անցքերից լուսանկարել շրջակայքը՝ փորձելով ամեն մի կլոր շրջանի մեջ տեղավորել դիմացի սարերն ու քարերը։ Մինչ ես զարմանում էի Զորաց քարեր հուշարձանի ծավալներով ու այնտեղ տիրող հանգստությամբ, վիճաբանության ձայները գնալով բարձրանում էին։ Զորաց քարերը - Տեսնո՞ւմ եք այս անցքերը։ Պատկերացրեք, որ մի բան կառուցելու համար պիտի մեծ քարեր տեղափոխեք մի կետից մյուսը։ Մեքենաներ չկան․ դուք եք ու ձեր կենդանիները։ Ի՞նչ կանեք,- հարցրեց դասախոսս կողքին կանգնած ուսանողներին՝ ցույց տալով հուշարձանի քարերի մշակված անցքերը։ Մինչ բոլորս կմոտենայինք նրան, ականջիս հասավ աստղադիտարան բառը․ մեր ուղեկցորդը պնդում էր, որ քարերի վրա անցքերը ոչ թե դրանք տեղափոխելու, այլ աստղերին նայելու համար են արվել։  Այդ օրն ինձ մոտ, փաստորեն, տպավորվեցին ոչ միայն Սյունիքի լեռներն ու քարերը, այլև այս հսկայական հուշարձանի շուրջ ծավալվող բանավեճը։ Ես սովորելու, ուսումնասիրելու, հարցնելու ու պատմելու շատ բաներ ունեի․ ի՞նչ կառույց է, ի վերջո, Զորաց քարերը՝ դամբարա՞ն, թե՞ աստղադիտարան։ Պատմությունս պատմում եմ հիմա՝ Սյունիք այցից գրեթե մեկուկես տարի անց։   Քարերի լռությունը Ցից-ցից քարեր, Դիք-դիք քարեր, Քարահունջ, Զորաց քարեր․․․ Սրանք են Սիսիանից հյուսիս գտնվող այս հուշարձանի անվանման հիմնական տարբերակները։ Սակայն պատմությունն առատաձեռն է միայն անունների առումով․ այս մեգալիթյան* կառույցի մասին շատ մանրամասներ հայտնի չեն։ 19-20-րդ դարերում են միայն սկսվել հուշարձանի ուսումնասիրությունները, բայց տվյալների պակասը մասնագետներին փաստի առաջ է կանգնեցրել… Ավելի ճիշտ՝ գրեթե ոչ մի փաստի։ Ուրարտական թագավորներ Սարդուրի Երկրորդի, Արգիշտի Երկրորդի և Ռուսա Երկրորդի  սեպագիր արձանագրություններում (հայտնաբերվել են Վանում, Թանահատի վանքի ավերակներում և Վանա լճում), որոնք պատմում են թագավորների արշավանքների մասին, հիշատակվում է նաև այս տարածաշրջանը, բայց ոչ հուշարձանը։ 2010 թվականին ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 50 հա։ Ներկայումս այն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է։    Զորաց քարերից աստղերի՞ն էին նայում Զորաց քարերի մասին պատմական տվյալների սակավությունը չի խանգարել, որ դրա կառուցվածքի, գտածոների ուսումնասիրության ու համեմատությունների միջոցով տարբեր հետազոտողներ առաջ քաշեն հուշարձանի նշանակության մասին իրենց վարկածները։ Փորձեք որոնողական համակարգերում փնտրել «Զորաց քարեր» կամ «Քարահունջ»․ աղբյուրների մի զգալի մասում դուք կկարդաք, որ կառույցը հնագույն աստղադիտարան է։  Հուշարձանի նշանակության երկու՝ դամբարանի և աստղադիտարանի վարկածների մասին 1984-ին խոսել է հնագետ, պատմաբան Օնիկ Խնկիկյանը «Հայաստանի բնություն» գիտամասսայական թերթի «Սիսիանի զորաքարերը» հոդվածում (էջ 33)՝ վերջնականապես չհերքելով կամ չհաստատելով վարկածներից և ոչ մեկը։ Հուշարձանի՝ աստղադիտարան լինելու մասին ենթադրություն առաջ է քաշել նաև աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը (Эльма Парсамян, “О возможном астрономическом назначении мегалитических колец Ангелакота”, 1985)՝ առաջին անգամ հուշարձանի հետ կապելով Քարահունջ անվանումը։ Հետագայում իր հարցազրույցներից մեկում Էլմա Պարսամյանը պատմում էր, թե ինչպես է, հիմնվելով բրիտանական Սթոունհենջի (Stonehenge) վրա, շրջանառել Քարահունջ անվանումը․ «Ինչ վերաբերում է անվանը, ապա այն հետաքրքիր պատմություն ունի: Սուրճի սեղանի շուրջ զրուցում էի փեսայիս հետ, ով Քարահունջ գյուղից էր: Սեղանին դրված էր նաև Քարահունջի օղի: Եվ ես պատմում էի  «Զորաց քարերի» մասին․ այն, թե ոնց եմ տեսնում, ինչ եմ տեսնում: Սթոունհենջ, Սթոունհենջ..․ Մեկ էլ երկուսս էլ՝ «սթոն»՝ Քարահունջ»: Ավելի ուշ ֆիզիկոս Պարիս Հերունին իր «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում (էջ 19) այս խնդրահարույց ենթադրությունը ներկայացրեց որպես փաստ՝ հուշարձանն անվանելով Քարահունջի աստղադիտարան։ Ըստ աստղադիտարանի վարկածի կողմնակիցների՝ քարերի անցքերն աստղերին նայելու համար են արվել Նույն հարցազրույցում Էլմա Պարսամյանը պատմում էր, որ ինքը չի ընդունում Պարիս Հերունու այն վարկածը, թե հուշարձանն ունի 7 500 տարվա պատմություն, փոխարենն ընդունում է հուշարձանի ուսումնասիրության հնագիտական մեթոդը։ Աստղադիտարանի վարկածի կողմնակիցների խմբին հետագայում միացան մաթեմատիկոսներ, Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներ։ Պ․ Հերունու ուսումնասիրությունների վրա հենվելով՝ նրանք ևս հուշարձանին աստղադիտարանի նշանակություն տվեցին։ Հուշարձանի կառուցվածքը մի խումբ հետազոտողներ նմանեցրին Կարապի (Անգղի) համաստեղությանը՝ խոսելով կառույցի 7500 և ավելի տարեկան լինելու մասին։ Ուսումնասիրողների մի մասն էլ հուշարձանի կառույցներից մեկը համարում է Արևի տաճար։   Մեռյալների ու ապրողների քաղաքը․ հնագիտական բացատրությունը 19-րդ դարի վերջում և 20-րդ դարում տարբեր մասնագետներ (Ե․ Լալայան, Ստ․ Լիսիցյան, Օ․ Խնկիկյան) ուսումնասիրել են Զորաց քարեր հուշարձանի տարածքը, իսկ 2014 թվականին կառավարության նախաձեռնությամբ սկսված պեղումները միավորել են հուշարձանագետների, հնագետների, աստղագետների, մարդաբանների (նրանցից են պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահագն Գուրզադյանը, հնագետ, մարդաբան Հասմիկ Սիմոնյանը)։ Պեղումների մասնակից գիտնականներն ասում են՝ հուշարձանը մեգալիթյան հնավայր է, որ բաղկացած է բնակավայրից և դամբարանադաշտից: Նրանց խոսքով վաղ շրջանի գրեթե բոլոր հուշարձաններն ունեն լուսատուների հանդեպ որոշակի ուղղվածություն՝ աստղերի ու արևի զորության մասին մարդկանց պատկերացումներից ելնելով, սակայն այս հուշարձանն այլ կիրառություն է ունեցել։ Ըստ աստղաֆիզիկոս Վահագն Գուրզադյանի՝ հնավայրը աստղադիտարան համարելու որևէ գիտական հիմնավորում չկա․ այն տարածաշրջանի համար եզակի է որպես մեգալիթյան հուշարձան, բայց աստղագիտական նպատակներով չի կառուցվել։ Պեղումներ Զորաց քարերում (նկարը՝ Աշոտ Փիլիպոսյանի արխիվից) Զորաց քարերում իրականացված պեղումների ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը և այլ մասնագետներ խոսում են հուշարձանի մոտ 3500-4000 տարեկան լինելու մասին՝ հիմնվելով հուշարձանից հայտնաբերված գտածոների ուսումնասիրության վրա (ամենահին գտածոները 4000 տարվա պատմություն ունեն)։ Նրանց մեկնաբանմամբ հուշարձանի տարածքի քարերի մշակված անցքերը դրանք պարաններով տեղափոխելու համար են և այլ նշանակություն չունեն։ Ըստ հնագետների՝ հուշարձանը սկզբում միայն դամբարան է եղել, ավելի ուշ այստեղ բնակավայր է կառուցվել։    Թերթի մի հոդվածը՝ պեղումների սկիզբ Հնագետ Աշոտ Փիլիոսյանին հանդիպում եմ իր աշխատասենյակում՝ լի գրքերով, փաստաթղթերով ու արևով։ Նրան պատմում եմ, թե ինչպես սկսեցի հետաքրքրվել այս թեմայով։ Զրուցակիցս էլ Զորաց քարերով հետաքրքրվելու իր պատմությունն ունի։ Ամեն բան սկսվեց, երբ տարիներ առաջ Աշոտ Փիլիպոսյանի աչքով ընկավ «Սովետական Հայաստան» թերթում հնագետ Սեդրակ Բարխուդարյանի՝ 1930-ականներին հեղինակած մի հոդված, որտեղ հուշարձանը ներկայացվում էր որպես հնագույն դամբարան։ Նկարը՝ Սեդրակ Բարխուդարյանի հոդվածից (Աշոտ Փիլիպոսյանի արխիվից) «Ես մտածեցի, որ դա  շատ հետաքրքիր կառույց է, որովհետև երբ այցելեցի ու տեսա դրա տեսքը, հասկացա, որ դա շատ մեծ դամբարան է»,- հիշում է գիտնականը։ Աշոտ Փիլիպոսյանն ինձ ցույց է տալիս Զորաց քարերի լուսանկարներն ու պատմում, որ հուշարձանից պեղած գտածոները խոսում են Հայաստանի՝ մերձավորարևելյան երկրների հետ ունեցած լուրջ կապերի մասին․ «Հնավայրից հայտնաբերված խեցեղենը, զարդերն ու այլ իրեր տարածաշրջանային տարանցիկ առևտրի ու միջցեղային հարաբերությունների փաստացի վկաներն են»։ Հուշարձանից հայտնաբերված գտածոներից (աղբյուրը) Հնագետն ապա խոսում է հսկայական քարերի՝ այդ տարածք բերելու անհրաժեշտության մասին․ նրա խոսքով քարերով սոցիալական բարձր խավի ներկայացուցիչների համար դամբարաններ են կառուցվել։  «Այդքան հսկայական քարերը համայնիկների** համար չէին»,- մանրամասնում է հնագետն ու հավելում, որ քարերը բերվել են հուշարձանից մոտ 700 մ հեռավորության վրա գտնվող քարհանքից։ Այս վարկածը նա հիմնավորում է այն փաստով, որ քարհանքի տարածքում ևս պեղումների ժամանակ դիտանցման ու հետազոտությունների արդյունքում  անցքավոր քարեր են հայտնաբերվել։  «Տեղափոխման համար են մշակել քարերը, որպեսզի անցքերը անհարթություններ չունենան, ու պարանները երկար դիմանան։ Հետո գերանների օգնությամբ քարերը նպատակակետին են հասցրել»,- ասում է նա։ Պեղումները Զորաց քարերում, վերևում՝ Աշոտ Փիլիպոսյանը (նկարը՝ վերջինիս արխիվից) Անցքավոր քարերը, որոնք հուշարձանի նշանակության վերաբերյալ երկու վարկածների բանավեճերի հիմնական «մեղավորներն» են, միակ զորաքարերը չեն։ Հուշարձանի տարածքում մեծ է նաև այն քարերի թիվը, որոնք առանց անցքերի են։ Հարցին, թե ինչպես են այդ քարերը տեղափոխել, եթե պարաններով քաշելու հնարավորություն չեն ունեցել, Աշոտ Փիլիպոսյանը պատասխանում է՝ դրանք հենց տեղի քարերն են, քարերի մի մասը պարաններով քարհանքից է բերվել, մյուս մասը՝ հենց մոտակա ժայռերից, որոնք շրջապատում են հուշարձանը։ Քարերի մասին հարցերիս վերջ չկա։ Զրուցակցիս հետ քննարկում եմ նաև դրանց տեսքը․ քարերը անցքերի մասում հիմնականում ավելի սուր են, ներքևի մասում՝ ավելի հաստ։  Որոշ քարեր անցքեր չունեն «Դամբարանի ծածկի համար նախատեսված քարերը պիտի վերևի մասում բարակ լինեին, ներքևի մասում՝ հաստ, որ դամբարանի մեջ չընկնեին, իսկ անցքերը արել են հիմնականում հենց այդ բարակ մասերում, որպեսզի պարանով կառավարելը հեշտ լինի։ Ուղղաձիգ տնկված քարերն, ամենայն հավանականությամբ, ամրաշինական ու պաշտպանական գործառույթ են կատարել։ Դրանց միջնատարածքում փոքր քարեր են շարվել, որպեսզի երբ վերջիններս վնասվեն, ավելի արագ ու հեշտ կարողանան պատը վերականգնել»,- պարզաբանում է հնագետը։   Ո՛չ Արևի տաճար, ո՛չ աստղադիտարան, ո՛չ էլ 7500 և ավելի տարվա պատմություն․ - Պարո՛ն Փիլիպոսյան, հուշարձանի նշանակության մեկ այլ տեսակետ կա, ըստ որի՝ այն աստղադիտարան է եղել։ Ի՞նչ տեղեկություններ ունեք այդ մասին,- հարցնում եմ զրուցակցիս։ - Այնտեղ աստղագիտական գործիքներ չենք գտել, քարերը շրջանաձև չեն շարված, որ կարողանային երկնակամարը դիտարկել։ Դրա փոխարեն մի շարք դամբարաններ կան տարածքում, քարերը շարված են հնավայրի առավել մատչելի ու անպաշտպան՝ արևելյան հատվածում և մ.թ.ա. 7-6-րդ դարերում պաշտպանական գործառույթ են իրականացրել,- պատասխանում է նա։ - Իսկ Արևի տաճա՞րը։ -Տաճարը վերգետնյա, բարձր պատերով, որոշակի ուղղվածությամբ, որոշակի պաշտամունքային սկզբունքներ ունեցող կառույց է։ Մինչդեռ խնդրո առարկա հուշարձանն ուշբրոնզեդարյան շինարարական ավանդույթների տարածված սկզբունքով կառուցված, արևելք-արևմուտք կողմնորոշմամբ դամբարանային համալիր է։  Աշոտ Փիլիպոսյանը պատմում է, որ 2014-2017 թթ․ պեղումների ընթացքում Զորաց քարերից 170-ից ավելի հնագիտական իրեր են գտել՝ 6 կմախք՝ տարբեր սեռերի ու տարիքների։ Ընդ որում՝ երեխայի կմախքը ամենաուշն է թվագրվում՝ մ․թ․ա․ 6-րդ դար: Հայտնաբերած կմախքների դիրքը ցույց է տալիս, որ գործ ունենք թաղումների հետ։ «Մենք հիմա չենք կարող ասել՝ կոնկրետ ովքեր են թաղված։ Բայց դամբարանի գտածոների օգնությամբ կարող ենք եզրակացնել նրանց՝ սոցիալական համեմատաբար բարձր խմբի պատկանելը»,- նշում է գիտնականը։ Աստղադիտարանի վարկածի կողմնակիցները պնդում են նաև, որ հուշարձանի կառուցվածքը համապատասխանում է Կարապի (Անգղի) համաստեղության կառուցվածքին։ Անդրադառնալով այս պնդմանը` Աշոտ Փիլիպոսյանը նշում է. «Հնագետներից մեկը, եթե չեմ սխալվում, այս հուշարձանից մոտ 2 կմ հյուսիս՝ փորձարարական կայանի մոտ, մի փոքր անոթ է պեղել, որի վրա թռչնանման ինչ-որ զարդանախշ կա, և դրա մերձակայքում չորս կիսագնդիկ  կա ամրացված, իսկ տակը կա չորս կետ։ Այս պատկերն են նմանեցնում Կարապի համաստեղությանը, բայց այն ինչ ասես կարող է լինել։ Ոչ մեկս հերքել կամ հաստատել չենք կարող»։ Հայտնաբերված անոթը (նկարը՝ Աշոտ Փիլիպոսյանի արխիվից) Մեռյալների մասին բավականին շատ խոսեցինք․․․ Իսկ բնակավայրում ապրողների մասին խոսելու շատ բան, պարզվում է, չկա։ Պեղումների ընթացքում հայտնաբերած տնտեսական հորերը, ուղղանկյուն կառույցներն ու թաքստոցները գիտնականների համար հիմք են դարձել ենթադրելու, որ Զորաց քարերը նաև բնակատեղի է եղել։ Աշոտ Փիլիպոսյանը դեռ չի ուսումնասիրել բնակտարածքը․ ասում է՝ դրա համար ֆինանսական ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ։  Գիտնականը նշում է, որ դամբարաններից մեկի պեղումները կիսատ է թողել։ Նայում է համակարգչի էկրանին, որտեղ  Զորաց քարերի նկարներն են, ու անկեղծանում․ «Սրտիս պարտք է մնացել, որ այդ դամբարանի ուսումնասիրությունը կիսատ եմ թողել․ անպայման շարունակելու եմ»։ Հաջորդ տարի գիտնականը նախատեսում է վերսկսել պեղումները, իսկ մինչ այդ արդեն որոշակի վարկածներ ունի դամբարանի մասին․ հույս ունի՝ իր պեղած  խմբային թաղումներով դամբարանների ցանկին մեկն էլ ավելացնել։  Զորաց քարերի դամբարաններից մեկը Հարցին, թե ինչու է ենթադրում թե դամբարանում կարող էին խմբային թաղումներ եղած լինել, նա պատասխանում է․ «Դամբարաններ կան, որտեղ կենտրոնական հանգուցյալին ուղեկցում է սպասավորների համախումբը: Վերջիններիս մարմինները դրված են բարձրաստիճան հանգուցյալի ոտքերի մոտ, դամբանախցի անկյուններում և այլուր: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք միաժամանակյա ակտով արված խմբային թաղումներ են, երբ ցեղի մահացած առաջնորդի, զորահրամանատարի կամ նահապետի հետ նույն դամբանախուցն են իջեցվել նրա անդրաշխարհի ուղեկից սպասավորները։ Եթե ընդունենք, որ մեր նախնիները հավատացել են անդրաշխարհային կյանքին, ապա երևի նաև ենթադրել են, որ իրենց այնտեղ մարդիկ են պետք»։ Հնագետը հույս ունի, որ Զորաց քարերի այդ դամբարանն էլ այդպիսին կլինի։ Սակայն սա դեռևս ենթադրություն է։ Զորաց քարերի պեղումների արդյունքները Աշոտ Փիլիպոսյանը շարադրել  է “Aegean World and South Caucasus: Cultural Relations in the Bronze Age” ժողովածուում առանձին հոդվածի ձևաչափով (Վրաստան, 2016)։   Անունների կռիվն ու լեզվաբանության ասելիքը Պատմագիտական աղբյուրներում հուշարձանի մասին տեղեկությունները սահմանափակ են: Թեև ժողովրդի մոտ հուշարձանը տարբեր անուններ ունի, կարիք կար հուշարձանին պաշտոնական անվանում տալու։ Կառավարութան 2004 թվականի որոշմամբ հուշարձանի կառույցներից մեկը (Աշոտ Փիլիպոսյանի խոսքով՝ կենտրոնական դամբարանը) «Քարահունջի աստղադիտարան» անունն էր ստացել, ավելի ուշ՝ 2017 թվականին, այդ անվան ուժը կորցնելու մասին որոշում ընդունվեց։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական էջում հուշարձանն անվանվում է «Զորաց քարեր»։ Լեյդենի համալսարանի գիտաշխատող, լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը հիշում է՝ թեև վաղուց էր լսել Քարահունջ-Զորաց քարեր հակամարտության մասին, նրա համար որոշիչ դարձավ այն պահը, երբ ատլասներից մեկում կարդաց հետևյալ ձևակերպումը․ ««Զորաց Քարեր» կամ «Քարահունջ»՝ հնագույն աստղադիտարան (Ք.Ա. VII հզրմ.), «Zorats Karer» or «Karahunj» (Stonehanj) – Ancient observatory (VII mln B.C.)»։  Անգլերեն «Stonehenge» բառի «Stonehanj» գրության ձևը տարօրինակ թվաց լեզվաբանին, ու նա որոշեց՝ պետք է ուսումնասիրել թեման ու գիտահանրամատչելի-հրապարակախոսական հոդված գրել այդ մասին։ Սթոունհենջ-Քարահունջ կապի մասին, ինչպես նշեցինք, առաջինը խոսեց Էլմա Պարսամյանը։ Հրաչ Մարտիրոսյանը նշում է՝ նա կատակով հուշարձանը կոչեց Քարահունջ, որն իրականում բոլորովին այլ վայրերի անվանում է։  «Ապա այդ անվանումն ամրացրեց Պարիս Հերունին՝ ներկայացնելով այն հիմնազուրկ մեկնությունը, թե Քարահունջ բառի երկրորդ բաղադրիչը հունչ արմատն է»,- ասում է լեզվաբանը։ Հրաչ Մարտիրոսյանը նշում է՝ տեղանունների մասով հատուկ զգուշավորություն է պետք ցուցաբերել, քանի որ դրանց զգալի մասի բնիմաստները համաժամանակյա կտրվածքով մեզ հայտնի չեն․ «Բայց Քարահունջի դեպքում բախտներս գոնե մի քիչ բերել է, քանի որ հանգիստ կարելի է վերլուծել»։  Հրաչ Մարտիրոսյանը պատմում է, որ դեռևս 5-րդ դարում Փավստոս Բուզանդը կիրառել է «ունջ» բառը՝ բերդի ունջ կամ բերդի տակ արտահայտությամբ։  «Գերմանացի լեզվաբան, հայագետ Հայնրիխ Հյուբշմանի տեղանունների բառարանում հստակ գրված է՝ «քարունջ» նշանակում է քարի տակ, ինչպես արփունջ՝ արևի տակ։ Ուրեմն՝ բերդահունջ՝ բերդի տակ»,- ասում է նա։  Լեզվաբանի խոսքով մի շարք գյուղեր անվանվել են Քարահունջ մասնավորապես այն պատճառով, որ քարերով ու ժայռերով են շրջապատված։ Քարունջից Քարահունջ անցումն էլ, ըստ նրա, այսպես է եղել․ «ա»-ն որպես հոդակապ միացել է բառին, «ա» և «ու» տառերը իրար հետևից արտասանելը դժվար է եղել, ուստի, ամենայն հավանականությամբ, ներմուծվել է «հ», հորանջ*** է տեղի սւնեցել, ինչպես հետևյալ օրինակներում՝ «գի-հ-ի», «էրկու-հ-ինջի****» և այլն։ Հրաչ Մարտիրոսյանը բացատրում է, որ «Զորաց քարեր»-ը հուշարձանի հին անվանումը չէ, այն  խորհրդային շրջանում թուրքերեն տարբերակի՝ «Ղոշուն Դաշ»-ի (Koşun taş)՝ մասնագիտական բառապաշար  ներմուծված թարգմանությունն է։   «Հուշարձանի անվանումը չի վկայվել մատենագրական հին աղբյուրներում։ Տեղեկություններ կան, որ հուշարձանը կոչվել է նաև Ցից քար, թեև սա նույնպես հին վկայություններ չունի։ Բայց սա բացարձակապես չի նշանակում, թե մենք դաշտ ենք բացում թուրքերեն տարբերակի համար։ Ղոշուն Դաշը ոչ մի օրգանական ու խորքային կապ չունի հնավայրի բնույթի ու բովանդակության հետ, օտար ու լուսանցքային անվանում է, ուստի Հայաստանում այն տեղ չունի։  Զորաց քարեր կամ Զորաքարեր անունը դեռ խորհրդային հանրագիտարանում և այլուր գործածված պաշտոնական անվանում է, ուստի հիմա հանգիստ կարելի է շարունակել այն գործածել։ Բայց Քարահունջ անունը պետք չէ գործածել, քանի որ այն սխալմամբ է տրվել հնավայրին և անքակտելիորեն զուգորդվում է հակագիտական պնդումների մի մեծ թնջուկի հետ»,- ասում է լեզվաբանը։ Խոսելով հուշարձանների լեզվաբանական ուսումնասիրության մասին՝ Հրաչ Մարտիրոսյանը նշում է․ «Հուշարձանների՝ պատմահամեմատական լեզվաբանության տեսանկյունից ուսումնասիրումը հնարավորություն է տալիս բացահայտել այս կամ այն երևույթի՝ ծեսի, ավանդության անվանումը, դրա բացատրությունը, եթե հայտնի է այն։ Ամեն երևույթ էլ անուն ունի․ կախված, թե որ ժամանակից է ու որտեղից՝ կարող ենք հայերենի համապատասխան շրջանի բառապաշարն ու կառուցվածը ուսումնասիրել, փնտրել դրա իմաստը»։ Նրա խոսքով տեղանունների ստուգաբանական ուսումնասիրման բարդ աշխատանքը պահանջում է հավելյալ զգուշավորություն և մասնագիտական խիստ մեթոդաբանություն․ «Ու ամենից առաջ, իհարկե, պետք է չմոռանալ հայկական տեղանունների՝ մեր ձեռքի տակ եղած միակ գիտական ստուգաբանական բառարանը՝ «Հին Հայոց տեղւոյ անունները» (1904/1907)։ Մենք պարզերես ենք պատմության առաջ և, ի տարբերություն մեր թշնամիների, պատմություն կցմցելու և մեր լեզուն, մշակույթն ու քաղաքակրթությունը հակագիտությամբ գունազարդելու և դրանով մեզ պատվազրկելու կարիք չունենք»։    *** Գիտնականների հետ զրույցներից հետո փորձում եմ հավաքածս տեղեկությունները դարակներում դասավորել ու հասկանալ՝ ի վերջո մենք բավարար չափով գիտելիքներ ունե՞նք Զորաց քարերի մասին։  Թեև շատ բաներ դեռ հստակ չեն, բայց դամբարան-բնակավայր վարկածի կողմնակիցները շարունակում են ուսումնասիրությունները, և գուցե հետագա պեղումների արդյունքում հնարավոր դառնա բացահայտել Զորաց քարերի իրական պատմությունն ու նշանակությունը։   *Մեգալիթ - մեծ, կոպիտ քարեր, որոնք օգտագործվում էին նախապատմական ժամանակաշրջանում։ **Համայնիկ - գյուղական համայնքի անդամ։ ***Հորանջ -  հավելում երկու (կամ ավելի) ձայնավորների միջև։ ****Էրկուհինջի - երկրորդ (արցախյան բարբառ)։   Հեղինակ՝ Անի ԽաչատրյանԼուսանկարները՝ Արթուր Գալստյանի Հոդվածը պատրաստվել է «Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» դասընթացի շրջանակներում
23:14 - 10 սեպտեմբերի, 2024
Արևմտյան Նեղոսի տենդ և Էմ փոքս․ իրավիճակը Հայաստանում, կանխարգելիչ միջոցառումներն ու ընթացիկ հետազոտությունները

Արևմտյան Նեղոսի տենդ և Էմ փոքս․ իրավիճակը Հայաստանում, կանխարգելիչ միջոցառումներն ու ընթացիկ հետազոտությունները

Ըստ պաշտոնական վերջին տվյալների՝ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի՝ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 108 է, մինչև այժմ պաշոնապես հաստատվել է մահվան 1 դեպք։ Էմ փոքս (հայտնի է որպես կապիկի ծաղիկ) հիվանդությամբ վարակվածության դեպք Հայաստանում դեռևս չի գրանցվել։ Օգոստոսի 14-ին, սակայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Աֆրիկայում Էմ փոքսի վերջին բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։  Ի՞նչ վիրուսներ են սրանք, ինչպե՞ս են փոխանցվում, որո՞նք են թիրախային խմբերը, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում Հայաստանում․ այս հարցերի շուրջ «Ինֆոքոմ»-ը զրուցել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) առաջատար գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ)՝ Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Գայանե Գրիգորյանի հետ։   Արևմտյան Նեղոսի տենդ Իրավիճակը Հայաստանում  Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքերը Հայատանում գրանցվեցին օգոստոսի սկզբին։ Մինչ այժմ պաշտոնապես հաստատվել է հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզպետի աշխատակազմի՝ առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետը մարզխորհրդի նիստի ժամանակ հայտնել էր, որ վիրուսից մահերի թիվը հասելի 3-ի։ Առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե տեղեկությունը հաստատված չէ, քանի որ «դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ»։ Սակայն ուրբաթ օրը՝ տվյալների հերթական ամփոփման ժամանակ, նախարարությունն այդպես էլ չհստակեցրեց՝ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասե՞լ է 3-ի, թե՞ ոչ։   Թարմացում [18:10] Նյութի հրապարակումից հետո ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսից մահերի թիվը հասել է 3-ի։ ՀՎԿԱԿ Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Գայանե Գրիգորյանը նշում է՝ Արևմտյան Նեղոսի տենդի դեպքերի մեծամասնությունը Արմավիրում է, հաջորդիվ Արարատի և Արագածոտնի մարզերն են, հատուկենտ դեպքեր կան Կոտայքում ու Շիրակում, դեպքեր են արձանագրվել նաև մայրաքաղաք Երևանում։   Հիվանդութան ընթացքը Մարդկանց մեծամասնության մոտ (80%) Արևմտյան Նեղոսի տենդն ընթանում է առանց ախտանշանների։ Մնացած 20%-ի մոտ հիվանդությունն ուղեկցվում է ախտանշաններով՝ ջերմություն, գլխացավ, մարմնի ցավ, հոդացավ, փսխում, փորլուծություն կամ ցան։  Վարակված 150 մարդուց 1-ի կամ մոտ 1%-ի մոտ է միայն հիվանդությունն ընթանում ծանր․ զարգանում են կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդող բարդություններ՝ էնցեֆալիտ (գլխուղեղի բորբոքում) կամ մենինգիտ (գլխուղեղի և ողնուղեղի ուղեղապատյանների բորբոքում): Հիվանդության ծանր ընթացքի դեպքում նկատվում են հետևյալ ախտանշանները՝ բարձր ջերմություն, գլխացավ, պարանոցի ցավ, թմրածություն, մկանների թուլություն, տեսողության կորուստ և այլն։  Արևմտյան Նեղոսի տենդը ծանր է ընթանում հիմնականում 60 տարեկանից բարձր անձանց և խրոնիկ հիվանդություն ունեցողների մոտ։ Հիվանդության ծանր ընթացքի դեպքում 10 մարդուց 1-ն է մահանում։   Բուժումը Արևմտյան Նեղոսի տենդի դեմ հաստատված պատվաստանյութ կամ դեղամիջոցներ չկան։ ՄԿԻ առաջատար գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը նշում է՝ երբ վարակիչ հիվանդությունների դեպքում առկա չեն ո՛չ պատվաստանյութեր, ո՛չ հակավիրուսային դեղամիջոցներ, բժիշկները պայքարում են արտահայտված ախտանշանների դեմ՝ օգտագործելով այնպիսի դեղամիջոներ, որոնք թույլ չեն տալիս օրգանիզմի թուլացում, իմունիտետի անկում, իջեցնում են ջերմությունը և այլն։   «Որքանո՞վ են դրանք արդյունավետ միջոցներ․ հիվանդությունից հիվանդություն շատ տարբեր է, բայց միանշանակ պակաս արդյունավետ են, քան եթե ունենաք դեղամիջոց կոնկրետ վիրուսի դեմ։ Դրա ամենավառ օրինակը կորոնավիրուսն է․ երբ Պաքսլովիդը շուկա դուրս եկավ, այն հիվանդանոցներում մահվան դեպքերը նվազեցրեց մոտավորապես 90%–ով՝ համեմատած այլ խմբերի հետ, որտեղ Պաքսլովիդը չէր օգտագործվում»,- նշում է վիրուսաբանը։   Տարածումը  Արևմտյան Նեղոսի վիրուսը բնության մեջ պահպանվում է մոծակների և թռչունների միջոցով։ Մարդկանց վիրուսն անցնում է մոծակներից (հիմնականում կուլեքս ցեղատեսակի), որոնք վարակվում են՝ խայթելով թռչուններին։ Չնայած հիմնական փոխանցողները մոծակներն են, Գայանե Գրիգորյանը նշում է, որ վարակը կարող է փոխանցվել նաև տզերի և մի շարք այլ միջատների միջոցով։ Վիրուսը մարդուց մարդ չի փոխանցվում (կան հազվագյուտ բացառությունններ՝ արյան փոխներարկում, օրգանների փոխպատվաստում, մորից երեխա անցում)։ Ի տարբերություն թռչունների՝ մարդիկ վիրուսը մոծակներին չեն փոխանցում, այսինքն՝ մոծակը չի կարող վարակվել՝ խայթելով մարդուն։   Հովակիմ Զաքարյանը նշում է, որ վիրուսը բազմանում է նաև մոծակների օրգանիզմում․ «Վիրուսը կարող է մոծակի օրգանիզմում էլ երկար ժամանակ մնալ։ Այսինքն՝ այնպես չէ, որ մոծակը մեխանիկական վեկտոր է, ուղղակի վերցնում է Ա կետից, տանում է Բ կետ»։ Վիրուսաբանը շեշտում է այն հանգամանքը, որ Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսը մոծակների շրջանում նաև ուղղահայաց է տարածվում, այսինքն՝ անցնում է նրանց հաջորդ սերնդին։  Հովակիմ Զաքարյանը շատ քիչ հավանական է համարում, որ Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսի համավարակ կսկսվի․ պատճառը հենց վիրուսի տարածման մեխանիզմն է։ «Սա օդակաթիլային եղանակով մարդուց մարդ փոխանցվող վիրուս չէ, որ շատ արագ տարածվի, հարյուր միլիոնավոր մարդիկ վարակվեն, և անգամ մահվան ցածր տոկոսի դեպքում հազարները կամ հարյուր հազարները մահանան։ Տարածումը էապես ավելի փոքր է լինելու, քան սուր շնչառական վիրուսների, օրինակ՝ գրիպի, կորոնավիրուսի կամ ուղիղ կոնտակտով փոխանցվող այլ վիրուսների, օրինակ՝ նույն կապիկի ծաղիկի վիրուսի տարածումը։ Կարող են  մոծակների տարածման հետ մեկտեղ անընդհատ բռնկումներ լինել, որովհետև մոծակը անընդհատ կա, խայթում է և, բնականաբար, կարող է նոր մարդկանց վարակել։ Բայց որ դա կվերածվի համավարակի, շատ չնչին հավանականություն կա»,- ասում է նա։ Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսի առանձնահատկությունն այն է, որ դրա տարածումը սեզոնային է։ Հովակիմ Զաքարյանը, սակայն, հիշեցնում է, որ մոծակների շրջանում վիրուսը տարածվում է ուղղահայաց, այսինքն՝ եթե Հայաստանում վարակակիր մոծակներ արդեն կան, նրանք կարող են վարակը փոխանցել իրենց սերունդներին։ «Մոծակները ոչ մի տեղ չեն վերանում, երբ որ ցուրտ սեզոնն է սկսվում․ նրանք սերունդ են թողնում։ Եթե մենք ունենք վիրուսի աղբյուր, և համապատասխան մոծակների պոպուլյացիան կա, դա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, հաջորդ բարենպաստ սեզոնի ժամանակ էլի ունենալու ենք դեպքեր։ ․․․․ Եթե մոծակների պոպուլյացիաները, որոնք կրում են վիրուսը, էապես մեծանան՝ նաև նոր ռեգիոններ գնալով, բնականաբար, դեպքերի քանակն էլ կարող է կտրուկ շատանալ»,- նշում է նա։   Վարակի աղբյուրները և մոծակների հետազոտությունները ՀԿՎԱԿ ներկայացուցիչ Գայանե Գրիգորյանն ասում է, որ Հայաստանում գրանցված դեպքերը բերովի չեն․ վարակի աղբյուրները հենց Հայաստանում են։ Մի քանի օր առաջ՝ մամուլի ասուլիսի ընթացքում, ՀԿՎԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը նշեց, որ այս վիրուսը նոր չէ, և դեռևս 1980-ականներին Հայաստանում ուսումնասիրվել են դրա փոխանցողները՝ մոծակները, սակայն վարակակիր մոծակներ չեն հայտնաբերվել։ Մոծակների հետազոտություններն, ըստ ՀԿՎԱԿ տնօրենի, վերսկսվել են նախորդ տարի․ «Նախորդ տարի հայտնաբերում չենք ունեցել։ Այս տարի՝ հուլիսի վերջին, զեկուցվեց, որ Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտնաբերվել է այս հարուցիչը»։ Հովակիմ Զաքարյանը նշում է՝ կարևոր է հասկանալ, թե քանի մոծակ է հետազոտվել, որ մարզերից ու բնակավայրերից են նմուշներ վերցվել․ «Էպիդեմոլոգիական տեսակետից ոչ պրոֆեսիոնալ է ասել՝ 5 մոծակի մոտ դրական արդյունք կա․ որքանի՞ց 5 մոծակի մոտ։ Առաջին հերթին պետք է հասկանալ տարածման մասշտաբի պատկերը։ Մոծակների հետազոտությունը, սկրինինգը պետք է շատ մասշտաբային արվի»։ Գայանե Գրիգորյանը պարզաբանում է՝ դրական արդյունքները գրանցվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերից բերված մոտավորապես 150 մոծակների շրջանում արված հետազոտությունների ժամանակ։ «Այս մոծակների վերաբերյալ կատարվել է 5 հետազոտություն, այսինքն՝ միջինում մոտավորապես 30 մոծակից կատարվել է 1 հետազոտություն, և այդ 5 հետազոտության արդյունքում ունեցել ենք 5 դրական արդյունք կոնկրետ Արագածոտնի մարզից»։ Հարցին, թե արդյո՞ք 150 մոծակը քիչ չէ՝ վարակի աղբյուրների տարածվածությունը հասկանալու համար՝ ՀԿՎԱԿ ներկայացուցիչը պատասխանում է ՝ մարզից հավաքվել են ավելի շատ մոծակներ, սակայն տեսակավորման արդյունքում պարզվել է, որ նրանցից 150-ն է միայն կուլեքս ցեղատեսակի։ Գայանե Գրիգորյանի խոսքով մոծակներ հավաքվում են նաև այլ (օրինակ՝ Արարատի, Արմավիրի) մարզերից, բերվում լաբորատորիա և հետազոտվում։ Հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրում՝ որ մարզեր ու որ բնակավայրեր գնալ, նա պատասխանում է․ «Մենք մոծակները վերցնում ենք այն վայրերից, այն մարզերից, որտեղից ունենք հիվանդներ, որպեսզի հասկանանք՝ փոխանցման շղթան ինչպես է եղել»։ Դիտարկմանը, թե եթե որոշ մարզերում հաստատված դեպքեր չկան, վարակակիր մոծակների առկայությունն այնտեղ չի բացառում, և գուցե արժե բոլոր մարզերից նմուշներ վերցնել՝  Հայաստանում վարակի աղբյուրների տարածվածությունը հասկանալու համար, Գայանե Գրիգորյանը պատասխանում է՝ պետք է հաշվի առնել բնակլիմայական պայմանները և մոծակի կենսակերպը։ «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հիմա Հայաստանում գրանցվեց Արևմտյան Նեղոսի տենդ։ Մենք գիտենք, որ այս տարի շատ խոնավ տարի էր, շատ էին տեղումները։ Ջերմաստիճանի բարձրացումը և խոնավությունը երբ համընկնում են, բարենպաստ պայմաններ են ստեղծում մոծակների զարգացման, բազմացման և տարածման համար։ Մոծակների ապրելակերպի հետ կապված՝ հունիս ամսից մինչև հոկտեմբերը բարենպաստ է նրանց համար։ Ինչո՞ւ, օրինակ, Գեղարքունիքում չի գրանցվել․ ցուրտ, տարածաշրջաններում հավանականությունն ավելի փոքրանում է, որովհետև այդ բարենպաստ սեզոնն էլ է ավելի կարճ, և այստեղ հիվանդության փոխանցումը և տարածումը ավելի քիչ է կամ կարող է չլինել։ Չնայած, դա ժամանակի խնդիր է։ Այո՛, որ մարզերում, տարածաշրջաններում որ ունենք այդ մոծակների տարատեսակները, մենք այդ հետազոտությունները կկատարենք»,- ասում է նա։  Հովակիմ Զաքարյանը նշում է՝ վարակի աղբյուրների տարածվածությունը կամ մարզերի վտանգվածությունը կարող են պարզ դառնալ հետազոտությունների արդյունքում, և այնքան էլ ճիշտ չէ դա կապել ջերմաստիճանի հետ։  «Հայաստանի տարբեր ռեգիոնները, չհաշված երևի Շիրակի մարզի շատ ցուրտ հատվածները, շատ թե քիչ նույն բնակլիմայական զոնայի մեջ են։ Այնպես չէ, որ Գեղարքունիքի մարզում մոծակներ չկան։ Հատկապես այն հատվածներում, այն մարզերում, որտեղ նաև լճեր կան, ճահճացած, կիսաճահճացած վիճակներ, կեղտոտ գետեր կան, բոլոր այդ տեղերում կան մոծակներ։ Այս պահին Սևանի ափին, որտեղ կիսաճահճային վիճակ է, չկա՞ մոծակ։ Հարցը հետևյալն է՝ այդ մոծակները պատկանո՞ւմ են այն տեսակին, որը տարածում է վիրուսը, և եթե այդ տեսակն է, ունե՞ն վիրուսը։ Եթե վերցնեք 1000 մոծակ Գեղարքունիքի մարզի տարբեր հատվածներից, տեսնեք, որ ոչ մի դեպքում վիրուսը այնտեղ չի հանդիպում, բայց, օրինակ, Արարատի մարզում 10%-ի մոտ հանդիպում է, այո՛, կարող եք ասել, որ Գեղարքունիքի մարզը ավելի քիչ վտանգված է»,- նշում է նա։ Սակայն թե այս պահի դրությամբ քանի մարզից ունեն հավաքած մոծակների նմուշներ, որքան է այդ մոծակների թիվը, բացի Արագածոտնից՝ այլ մարզերում հետազոտությունների արդյունքներն ինչպիսին են՝ ՀԿՎԱԿ ներկայացուցիչը չի մանրամասնում՝ նշելով, որ հետազոտություններն ընթացքի մեջ են։  Իսկ նախորդ տարի հետազոտությունների համար մոծակներ հավաքվել են 3-4 մարզերից։ Հովակիմ Զաքարյանը, սակայն, կարևորում է, որ գոնե առաջնային հետազոտությունների արդյունքները հրապարակվեն, որպեսզի և՛ վարակի աղբյուրների տարածվածության պատկերը հստակ լինի, և՛ բնակիչներն իրենց մարզերում իրավիճակից տեղեկացված լինեն։ Խոսելով իրականացվող հետազոտությունների ու միջոցառումների մասին՝ Գայանե Գրիգորյանը նշում է՝ պետք է կենտրոնանալ ջրականգերի վրա։ «Այդ մոծակները հիմնականում զարգանում են հենց ջրականգերում։ Դրա համար ամբողջ Հայաստանով մենք ունենք այդ ջրականգերի քարտեզագրումը, Կենտրոնի կողմից  կատարվում է ջրականանգերի չորացում և գամբուզացում։ Գամբուզացման նպատակն այն է, որ գամբուզիա կոչվող ձուկը, որը սնվում է մոծակների թրթուրներով, լցնում ենք ջրամբարների մեջ, այսինքն՝ բնական ճանապարհով պայքարում ենք մոծակների բազմացման և տարածման դեմ»։ Ճշտող հարցին, թե արդյո՞ք ջրականգերից վերցնում են մոծակների նմուշներ, ՀԿՎԱԿ ներկայացուցիչը պատասխանում է․ «Իհարկե, մենք ամեն տեղից ենք վերցնում, որովհետև մենք ունենք քարտեզագրում, այդ ամբողջը մեր հսկողության տակ է, պարբերաբար բերվում են նմուշներ լաբորատորիա, և արդյունքների մասին մենք պարբերաբար թարմացնում ենք տվյալները»։ Երբ հայտնի դարձավ Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքերի մասին, ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանն «Ազատության» հարցին, թե Հայաստանի բնակչության քանի տոկոսն է թիրախային խմբում, պատասխանել էր՝ լրացուցիչ ուսումնասիրությունից հետո պարզ կլինի, և մասնագետներն «առաջիկայում կպարզեն՝ մարզերում բնակչության քանի տոկոսն է թիրախային խմբում»։ Մեր հարցին, թե ինչու թիրախային խմբերն ավելի վաղ, օրինակ՝ անցած տարի չեն որոշվել, եթե դեռ անցած տարվանից էր  հնարավոր համարվում Հայաստանում դեպքերի գրանցումը, Գայանե Գրիգորյանը պատասխանում է․ «Մենք չէինք կարող անցյալ տարի պլանավորել, որ բնակլիմայական պայմանները պետք է անպայման շատ նպաստավոր լինեն կուլեքսի տարածման, զարգացման համար, և կարող է տարածվել Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը։ Բայց մենք կանխարգելիչ նպատակներով, անկախ նրանից, ինչպիսին կլինեն եղանակային պայմանները, ջրականագերի հետ կապված ունենք քարտեզագրում, ամեն տարի կատարում ենք գամբուզացում, կատարում ենք ջրականգերի չորացում, այդ բոլոր տեսակները հավաքվում են տարբեր մարզերից, բերվում են լաբորատորիա, և կատարվում են ՊՇՌ հետազոտություններ տարբեր վարակների նկատմամբ»։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք արդեն հայտնի է, թե որ մարզում բնակչության քանի տոկոսն է թիրախային խմբում՝ իրազեկելու, կլինիկաներին զգուշացնելու և առավել թիրախային աշխատելու ամար, ՀԿՎԱԿ ներկայացուցիչը պատասխանում է․ «Կառույցի կողմից մենք մի քանի շրջաբերականներ ենք իջեցրել բոլոր բուժկանխարգելիչ հիմնարկներին և մնացած կառույցներին։ Շրջաբերականում մենք ընդգծել ենք Արևմտյան Նեղոսի տենդի տարածվածության վերաբերյալ կանխարգելիչ միջոցառումների մասին»։  Հովակիմ Զաքարյանը նշում է նաև Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսի հետագա հետազոտությունների նպատակով դրական նմուշները պահելու կարևորությունը՝ շեշտելով, որ նմանատիպ հետազոտությունների համար անհրաժեշտ է ունենալ 3-րդ կարգի անվտանգության լաբորատորիա։  Գայանե Գրիգորյանն ասոմ է՝ իրենք դրական նմուշները պահպանում են, իսկ հետազոտությունների վերաբերյալ «ընթացքում որոշումներ կկայացվեն, և ղեկավարությունը կորոշի, թե որ ուղղությամբ հետազոտություններ կատարվեն»։ Հարցին, թե արդյո՞ք ՀԿՎԱԿ-ն ապահովված է նմանատիպ հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ լաբորատոր պայմաններով, նա պատասխանում է․ «ՀԿՎԱԿ Ռեֆերենս լաբորատոր կենտրոնը հագեցած է կենսանվտանգության և կենսաապահովման միջոցներով, բոլոր լաբորատորիաներում կատարվում են և՛ վիրուսային վարակների (նկատի ունեմ՝ արյան կենսաբանական նմուշների), և՛ բակտերիալ ծագման վարակների հետազոտություններ»։   Էմ փոքս (կապիկի ծաղիկ) Վիրուսի փոխանցումն ու ընթացքը Էմ փոքսը մարդուն փոխանցվում է կենդանիներից։ Այս վիրուսի տարածման հավանականությունն ավելի մեծ է, քանի որ այն, ի տարբերություն Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսի, նաև մարդուց մարդ է փոխանցվում։ Էմ փոքսի դեպքում ևս թիրախային խմբում խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ են։ Հիվանդությունը դրսևորվում է ջերմությամբ և ցանով։ Գաղտնի շրջանը կարող է տևել 5-21 օր: Սովորաբար 1-3 օր արտահայտվում են ախտանշանները՝ ջերմություն, ինտենսիվ գլխացավ, ավշային հանգույցների այտուցվածություն, մեջքի ցավ, մկանային ցավ, թուլություն և այլն: Իսկ դրան հետևում է մաշկային ցանի փուլը, որ տևում է 2-4 շաբաթ։  Էմ փոքսի շուրջ այս տարի մտահոգություններ առաջացան՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բռնկման նոր ալիքով պայմանավորված։ Սկսած 2023-ից՝ երկրում հիվանդության ավելի 27 հազար և մահվան ավելի քան 1300 դեպք է արձանագրվել։ ԱՀԿ-ն օգոստոսին այս բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։  Էմ փոքսի վիրուսի երկու տեսակ կա՝ առաջին և երկրորդ։ Կենտրոնական և Արևելյան Աֆրիկայում դեպքերի աճի համար պատասխանատու է հենց առաջին  տեսակը, որը պատմականորեն ավելի շատ է հիվանդության ծանր ընթացքի և մահվան պատճառ դարձել, քան երկրորդը։ Առաջին տեսակից մահացել է վարակվածների մինչև 10%-ը, չնայած վերջին բռնկումների ժամանակ մահացության տոկոսն ավելի ցածր է՝ 1-3.3%։ Իսկ երկրորդ տեսակը 2022-ի բռնկման պատճառն էր։ Երկու տեսակն էլ տարածվում են վարակված անձանց հետ սերտ շփման (այդ թվում՝ սեռական հարաբերությունների), աղտոտված առարկաների հետ շփման, վարակված կենդանիների հետ ուղիղ շփման միջոցով։ Վերջին բռնկման ժամանակ Էմ փոքսի առավել վտանգավոր տեսակը տարածվել է Կոնգոյի որոշ հարևան երկրներում՝ Բուրունդիում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Ռուանդայում և այլուր։ Օգոստոսի 15-ին վիրուսի առաջին տեսակը հայտանբերվել է նաև շվեդ ճանապարհորդներից մեկի մոտ, ով այցելել էր Աֆրիկա։ Օգոստոսի 22-ին Թաիլանդը ևս հայտարարե է, որ Կոնգոյից այնտեղ մեկնած ճանապարհորդի մոտ ախտորոշվել է Էմ փոքսի առաջին տեսակը։ Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը նշում է, որ Էմ փոքսի դեմ արդյունավետություն կարող է ունենալ բնական ծաղիկի դեմ պատվաստանյութը․ «Բնական ծաղիկը կապիկի ծաղիկի հարազատ եղբայրն է, եթե այսպիսի անալոգիա տանենք»։  Ըստ ԱՀԿ-ի ներկայացրած տվյալների՝ բնական ծաղիկի դեմ պատվաստանյութն 85% արդյունավետություն է ցույց տվել Էմ փոքսի դեմ։   Հայաստանի համար որքանո՞վ է Էմ փոքսը վտանգավոր Հովակիմ Զաքարյանը նշում է, որ Էմ փոքսի վիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ կա՝ համեմատած նախորդ տասնամյակների հետ։ Նա չի բացառում, որ թվաքանակի աճը շարունակվելու դեպքում ԱՀԿ-ն սա կհամարի լոկալ էպիդեմիա, որը կարող է վերածվել համավարակի, եթե սկսի գլոբալ արագ տարածվել։  Գայանե Գրիգորյանը նշում է, որ Հայաստանի համար այս վիրուսի ներթափացնման վտանգը ցածր է․ «Մենք չունենք ոչ մի դեպք բարեբախտաբար։ Հիմնականում տարածված է Արևելյան Աֆրիկայի տարածաշրջանում, գերակշռող մասը՝ հենց Կոնգոյի Հանրապետությունում»։ Հովակիմ Զաքարյանը, սակայն, հիշեցնում է, որ Եվրոպայում արդեն վարակի դեպքեր կան։ Նա նշում է՝ եթե վիրուսը հասել է Շվեդիա, ապա կարող է հասնել նաև Հայաստան, այդ պատճառով էլ պետք է պատրաստ լինել։ Հնարավոր տարբերակներից մեկն, ըստ նրա, այն է, որ Հայաստանից աֆրիկյան երկրներ հանգստի մեկնած մարդիկ վարակվեն ու վիրուսն իրենց հետ բերեն Հայաստան։ Էմ փոքսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու համար վիրուսաբանը երկու քայլ է առաջարկում․ ունենալ պատրաստի ախտորոշման թեստեր կասկածելի դեպքերի համար, ինչպես նաև ուժեղացնել սահմանային վերահսկողությունը։ «Տուրիստական սեզոնը կամաց-կամաց մոտենում է ավարտին։ Եթե, օրինակ, 150 հոգի վերադարձավ Հայաստան, մի օր հետո պարզվեց, որ այդ 150-ից 2 հոգու մոտ կա կապիկի ծաղիկ, կկարողանա՞ն ադ նույն օդանավով եկած մնացած 148 հոգու շրջանում ախտորոշում անել»,- հարցնում է նա։ Գայանե Գրիգորյանը նշում է, որ ՀԿՎԱԿ-ն ունի որգեգրած ռազմավարություն, ըստ որի՝ միշտ պետք է պատրաստ լինի բոլոր վարակներին, առավել ևս եթե խոսքը Էմ փոքսի նման վտանգավոր վարակիչ հիվանդութան ասին է․ «Մենք մեր տարեկան պլանի մեջ միշտ ընդգրկում ենք այդ բոլոր վարակների նկատմամբ ախտորոշիչ թեստ հավաքածուները»։ Ճշտող հարցին, թե արդյո՞ք Էմ փոքսի համար ախտորոշիչ թեստեր առկա են, նա դրական պատասխան է տալիս, սակայն չի հստակեցնում, թե քանի թեստի մասին է խոսքը։ ՀԿՎԱԿ ներկայացուցիչը նշում է միայն, որ մեկ թեստ հավաքածուն սովորաբար պարունակում է 48-96 թեստ։ Իսկ հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է ուժեղացնել սահմանային վերահսկողությունը՝ հաշվի առնելով, որ հանգստի շրջան է, և մարդիկ  արձակուրդներին աֆրիկյան երկրներ հաճախ են մեկնում, Գայանե Գրիգորյանը պատասխանում է՝ Առողջապահության նախարարությունը համագործակցում է միջազգային կառույցների հետ։ «Արտակարգ իրավիճակը երբ որ հայտարարվել է, ԱՀԿ-ն մի շարք միջոցառումների ցանկ է ներկայացրել, և հենց այդ միջոցառումների ցանկի համաձայն՝ չեն նախատեսվում ո՛չ սահմանափակումներ, այսինքն՝ արգելել դրսից մուտքը, ոչ էլ ֆիլտր, ինչպիսիք կորոնավիրուսի ժամանակ սահմանային կետերում հետազոտությունները, զննումներն էին»։ Ճշտող հարցին, թե արդյո՞ք նախարարությունն այս դեպքում առաջնորդվում է ԱՀԿ-ի խորհուրդներով ու առաջարկներով, ՀԿՎԱԿ ներկայացուցիչը դրական պատասխան է տալիս․ «Մենք, իհարկե, Էմ փոքսի հետ կապված միջոցառումների պլան ունենք, մենք ունենք մեր ռազմավարությունը, ըստ որի, եթե հայտարարվի արտակարգ իրավիճակ, ապա մենք մի շարք միջոցառումներ կիրականացնենք»։ Հարցին, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը, Գայանե Գրիգորյանը պատասխանում է․ «Եթե սահմանային կետերում հայտարարվի արտակարգ իրավիճակ, ապա մեր պլանի համաձայն՝ կիրականացվեն այդ միջոցառումները, այսինքն՝ կիրականացվի վերահսկողություն»։ Հովակիմ Զաքարյանը, սակայն, կարծում է, որ սահմանային վերահսկողությունը պետք է իրականացվի այս պահին․ «Պետք է իրավիճակին ակտիվ հետևել։ Եթե մենք տեսնենք, որ վաղը 18 000–ը դարձավ արդեն 28 000 (պայմանական թիվ եմ ասում), անհրաժեշության դեպքում պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել, որպեսզի չկանգնենք այն փաստի առաջ, ինչպես եղավ կորոնավիրուսի ժամանակ, երբ հանկարծ մեզ մոտ ոչ թե պացիենտ զրո առաջացավ, այլ միանգամից պացիենտների փունջ, ու այլևս չկարողացան ոչ մի բան վերահսկել»։   Վիրուսային հիվանդությունների դեմ պայքարը Մի քանի տարի առաջ աշխարհին և Հայաստանին սպառնում էր կորոնավիրուսը, այս օրերին ակտիվ խոսվում է Արևմտյան Նեղոսի տենդի ու Էմ փոքսի մասին, իսկ ապագայում կարող են տարածվել այլ վիրուսներ։ Ի՞նչ եթակառուցվածքներ ու հետազոտություններ են անհրաժեշտ Հայաստանին վիրուսների դեմ պայքարում։ Հովակիմ Զաքարյանը, որի ղեկավարած լաբորատորիան զբաղվում է հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերմամբ, կարևորում է Հայաստանում այնպիսի լաբորատորիաների առկայությունը, որտեղ կզբաղվեն հենց վիրուսների հետազոտություններով։ «Միշտ կարող ենք ասել՝ դե ինչի՞ համար անենք, ուրիշներն անում են՝ ֆրանսիացիները, ամերիկացիները․ մենք փոքր ազգ ենք։ Այս սպառողական մտածելակերպը բոլորի մոտ է․ չենք մտածում ունենալ մեր սեփական ենթակառուցվածքը, մենք էլ ուսումնասիրենք, ուսումնասիրելով կարողանանք ունենալ այնպիսի մասնագետներ, որոնք ճիշտ պահին ճիշտ որոշումներ կարողանան կայացնել։ Որոշումների սարսափելի սխալները գալիս են նրանից, որ մարդիկ, որոնք պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, բավարար գիտելիքներ չունեն, չեն պատկերացնում խնդիրները, նրանց չորս կողմը չկան մասնագետներ, որոնք իրենց ունեցած գիտելիքով խորհուրդ կտային։ Գիտելիք ունեցողները չկան, որովհետև այդ գիտությունը չկա Հայաստանում»,- ասում է նա։ Հովակիմ Զաքարյանը կարևորում է նաև ախտածին բակտերիաների ուսումնասիրությունը՝ նշելով, որ Հայաստանում այդպիսի հետազոտություններով զբաղվող միայն մեկ լաբորատորիա է իրեն հայտնի, որը հենց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում է։ «Բելգիայի կառավարությունը կարծեմ 20 միլիոն եվրո հատկացրեց, որ  ստեղծվի նոր ենթակառուցվածք Լյուվենում, որտեղ արդեն վիրուսաբանական բազմաթիվ հայտնի լաբորատորիաներ կային։ Բացեցին վիրուսների բանկ, զրոյից ստեղծեցին նոր ենթակառուցվածք, որի նպատակն է պայքարի միջոցներ մշակել այն վիրուսների դեմ, որնք կարող են նոր համավարակներ առաջացնել ապագայում։ Մարդիկ պատրաստվում են ապագա հնարավոր համավարակին, որը կարող է 20 տարի հետո լինել, կարող է 5 տարի հետո լինել, կարող է չլինել։ Բայց պիտի պատրաստվես դրան»,- ասում է վիրուսաբանը։    Գլխավոր նկարում օգտագործվել են հետևյալ հարթակների, հեղինակների լուսանկարները՝ cdc.gov, who.int, Patrick T. Fallon | AFP |    Հեղինակ՝ Աննա ՍահակյանԳլխավոր նկարը՝ Մարգարիտա Հովհաննիսյանի
16:39 - 09 սեպտեմբերի, 2024
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
13:48 - 07 սեպտեմբերի, 2024
Գրագողությունն ու հայկական գիտական ամսագրերում գրախոսության գործընթացը․ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարի հոդվածների հետքերով

Գրագողությունն ու հայկական գիտական ամսագրերում գրախոսության գործընթացը․ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարի հոդվածների հետքերով

Գիտական ստեղծագործությունները հեղինակային իրավունքի օբյեկտներ են։ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը սահմանում է․ «Ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը առանց դրանց ստեղծագործական վերամշակման և առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման և որպես իրենը ներկայացնելը կամ ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը համարվում է գրագողություն»։ Հայաստանում և աշխարհում գրագողությունը նոր երևույթ չէ, սակայն այս մասին խոսակցություններն ակտիվացան վերջին ամիսներին՝ պայմանավորված Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարի հոդվածներում գրագողության դեպքերի մասին հրապարակմամբ ու դրա շուրջ քննարկումներով։   Նախապատմությունը Արդեն մի քանի ամիս է, ինչ պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Հարությունյանը Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարն է։ Հունիսին տեղի են ունեցել ինստիտուտի տնօրենի ընտրություններ, որոնց ժամանակ վերջինս նաև եղել է թեկնածուներից մեկը։ Ընտրությունների արդյունքում, սակայն, ԳԱԱ նախագահությունը չի ընտրել թեկնածուներից ոչ մեկին, և առաջիկայում սպասվում են նոր ընտրություններ։ Մինչ տեղի կունենան նոր ընտրությունները, մամուլում հուլիսին հրապարակում եղավ այն մասին, որ Լիլիթ Հարությունյանի հեղինակած գիտական հինգ հոդվածներում առկա են գրագողության դեպքեր։ Հրապարակման մեջ նաև նշված էին այն հոդվածները, որոնցից, ենթադրաբար, արտագրություններ են տեղի ունեցել։ «Ինֆոքոմն» ուսումնասիրեց հրապարակման մեջ նշված հոդվածներից երկուսը։ Մեր համեմատությունն այս երկու հոդվածի օրինակով ցույց տվեց, որ դրանք արտագրված են արսասահմանյան հեղինակների՝ ավելի վաղ հրապարակված հոդվածներից՝ չնչին փոփոխություններով. որոշ բառեր փոխարինված են հոմանիշներով, անձնանունների ու տեղանունների գրության այլ ձևեր են ընտրված և այլն։ Այս հղումով կարող եք գտնել նշված երկու հոդվածներն ու կարդալ, թե ինչպես է կատարվել համեմատությունը։ Հոդվածների ուսումնասիրությունից հետո մենք դրանցից  մեկն ու առերևույթ սկզբնաղբյուրն ուղարկեցինք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ խնդրելով մեկնաբանել, թե արդյո՞ք Կոմիտեն կարծում է, որ գրագողություն է տեղի ունեցել։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Կոմիտեից հայտնեցին՝ Լիլիթ Հարությունյանի հոդվածներում գրագողության հնարավոր դեպքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրման նպատակով ԳԱԱ նախագահի` հուլիսի 10-ի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով։ «Ներկայացված նյութերում բերված, Լ. Հարությունյանի հեղինակած հոդվածներում առկա են այլ հեղինակների կողմից ավելի վաղ հրապարակված հոդվածների հետ բովանդակային և բառացի-տեքստային ակնհայտ համընկնումներ` առանց պատշաճ հղումների (գրագողություն)»,- նշվում է ԳԱԱ-ում ձևավորված հանձնաժողովի եզրակացության մեջ։ Մեր հարցման պատասխանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից նաև նշել էին, որ «խստիվ դատապարտում են ակադեմիական ազնվության և բարեվարքության սկզբունքները խախտող որևէ գործունեություն»: «Ինֆոքոմն» այս դեպքի, ինչպես նաև գրագողության երևույթի ու դրա դեմ պայքարի, հայկական գիտական ամսագրերի խնդիրների մասին զրուցել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի, ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանի, Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանի, տնօրենի թեկնածու Գոռ Մարգարյանի և Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հետ։   Գրագողության դեպքեր․ բարձրաձայնե՞լ, թե՞ ոչ Սմբատ Գոգյանն ասում է՝ նման դեպքերը, երբ գիտնականները վերցնում են այլ հեղինակների գործերը, որոշ բառեր փոխարինում հոմանիշներով, մի քանի հղումներ փոխում և որպես իրենց հոդված ներկայացնում, Հայաստանում տարածված պրատիկա է։ ԳԱԱ ակադիմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը նշում է, որ Ակադեմիայի համակարգի գիտնականներից նախագահությունը  գրագողության դեպքերի մասին ժամանակ առ ժամանակ նամակներ ստանում է։ Նրա խոսքով նախագահությունն այդ դեպքերի հետևից գնում է ու ստուգում։ Հարցին, թե արդյո՞ք դա գրագողություն կատարած գիտնականների համար հետևանքներ ունենում է, ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը պատասխանում է․ «Իհարկե ունենում է»։  Իսկ թե ինչպիսին են այդ հետևանքները, նա հրաժարվում է մեկնաբանել՝ նշելով, որ դա ԳԱԱ ներքին հարցն է, և կարիք չկա հանրայնացնելու։ Լիլիթ Հարությունյանի կողմից գրագողության կատարելու մասին առաջին անգամ բարձրաձայնել է Արևելագիտության ինստիտուտի տնօրենի մյուս թեկնածուն՝ պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանը, որն այդ մասին դիմում է ուղարկել վարչապետի աշխատակազմ։ Վարչապետի աշխատակազմից էլ դիմումը հասցեագրվել է ԳԱԱ-ին ու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։ Արթուր Իշխանյանը պատմում է, որ հուլիսին պետք է ինստիտուտի տնօրենի ընտրության հարցով նախագահության նիստ տեղի ունենար, սակայն ԳԱԱ նախագահությունը  անծանոթ էլեկտրոնային հասցեներից անստորագիր նամակներ է ստացել այս դեպքի մասին և չեղարկել նիստը։  Այնուհետև նախագահությունը հանձնաժողով է ստեղծել, որը սկսել է քննել վարչապետի աշխատակազմ ուղարկված գրության մեջ և անստորագիր նամակներում նշված հոդվածները՝ հաստատելով  գրագողության փաստը։ Տնօրենի թեկնածուի կողմից այս դեպքի հանրայնացումն, ըստ Արթուր Իշխանյանի, տեղի է ունեցել «ակադեմիական վարվելակերպի տեսակետից անընդունելի եղանակով, որովհետև խախտված է ակադեմիական իրազեկման ներքին կարգը»։ «Աշխարհում ընդունված կարգը ներքին իրազեկման կարգն է»,- նշում է նա։ Դիտարկմանը, թե Հայաստանում գիտությունն իրականացվում է հանրային միջոցների հաշվին, հետևաբար թափանցիկության և հաշվետվողականության տեսանկյունից գուցե ավելի ընդունելի տարբերակ է բարձրաձայնել այդ դեպքերի մասին, ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը պատասխանում է․ «Պատկերացրեք, որ ինչ-որ թերացման արդյունքում սահմանում զորքերի ինչ-որ հատվածում կա բաց տարածք։ Դրա հանրայնացումը հակառակորդին միանգամից հնարավորություն է տալու ներխուժել այդտեղ»։ Հարցին, թե արդյո՞ք այս երկու օրինակները համեմատելի  են, Արթուր Իշխանյանը պատասխանում է․ «Ակադեմիան հանդիսանում է գիտության կարևոր կազմակերպիչ, և որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով շատ տարբեր հանգամանքներ։ Այդ տարբեր հանգամանքների բալանսն ասում է, որ տվյալ դեպքում հանրայնացնել պետք չէ։ ․․․․ Դա կարող է վնաս հասցնել համակարգին»։  Ինքը՝ Գոռ Մարգարյանը, չի կարծում, թե այս հարցը պետք է ներքին կարգով քննարկվեր ու լուծում ստանար։ Նրա խոսքով ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքում տեղյակ են, որ Արևելագիտության ինստիտուտում երբեմն գրագողության վերաբերյալ խնդիրներ են առաջանում և բարձրաձայնվում։  «Ո՞ւմ պիտի տեղյակ պահեի և ակնկալեի, որ հարցին ներքին կարգով լուծում պիտի տրվեր։ Սա Գիտությունների ակադեմիա է, աստեղ ներքին կարգով հարցերը լուծելու տեղ չէ՛։ [Արևելագիտության] ինստիտուտում ընդամենը երկու օր առաջ գործընկերներիցս մեկը դատապարտում էր ինձ, որ ես գրագողությունը բացահայտել եմ։ Հասկանու՞մ եք՝ ինչ է տեղի ունենում․ մարդիկ ինստիտուտում քայլ են նախաձեռնել՝ հաջակցություն Լիլիթ Հարությունյանի  և դատապարտելով գրագողությունը բացահայտելու իմ քայլը։ Բառացիորեն երկու օր առաջ ինստիտուտի հարգարժան գիտությունների դոկտորներից մեկը համարեց, որ գրագողություն բացահայտելը «զազրախոս հաչոց է»։ Դուք  ակնկալում եք, որ նման միջավայրում ներքին կարգերով հարցե՞ր պիտի լուծվեն։ Ես դեմ եմ ներքին կարգերով հարցեր լուծելուն․ ես կողմ եմ այսօրվա հանրահռչակված գիտության քաղաքականությանը»,- նշում է նա։ Գոռ Մարգարյանը շեշտում է նաև այն հանգամանքը, որ Արևելագիտության ինստիտուտի ընտրությունների գործընթացում ԳԱԱ նախագահությունից կողմնակալ վերաբերմունք ու ճնշումներ է նկատել։ Հարցին, թե ինչ ճնշումների կամ կողմնակալ վերաբերմունքի մասին է խոսքը, նա պատասխանում է՝ ընտրությունների երկրորդ՝ խորհրդատվական փուլի օրն ու ժամն իրենից գաղտնի են պահել, չնայած որ այն որոշված էր դեռ մեկ շաբաթ առաջ։ Գոռ Մարգարյանի խոսքով միայն ինստիտուտին ուղարկած հարցումից հետո են իրեն զանգով տեղեկացրել, որ այդ օրն ընտրությունների երկրորդ փուլն է, երբ պիտի թեկնածուներն իրենց ծրագրերը ներկայացնեին, և  բաժանմունքը թեկնածուների երաշխավորեր վերջնական ընտրության համար։ «Ընթացակարգը նախատեսում է, որ ինստիտուտից թեկնածուների հետ պետք է ներկայանա ոչ ավելի, քան հինգ ներկայացուցիչ։ Երբ որ ես այդ նիստին գնացել եմ, հինգ ներկայացուցիչներն արդեն ընտրված, նիստին ներկա են եղել, ներկա է եղել Լիլիթ Հարությունյանը, իսկ ինձ այդ մասին միայն այդ օրը (հուլիսի 2-ին,- խմբ․), այն էլ ինստիտուտին ուղարկված հարցումից հետո, ժամը տասի կողմը զանգել են և ասել՝ դու գիտե՞ս որ այսօր ընտրության երկրորդ փուլն է»,- պատմում է նա։ «Ինֆոքոմն» այս դեպքի և ԳԱԱ-ում ձևավորված հանձնաժողովի որոշման մասին մեկնաբանություն խնդրեց նաև խնդրո առարկա հոդվածների հեղինակ, Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանից։ Վերջինիս կարծիքով այս ամենը տեղի է ունենում տնօրենի ընտրությունների պատճառով։   «Տնօրենի ընտրությունների հետ կապված գործընթացում թեկնածուներից մեկը (նկատի ունի Գոռ Մարգարյանին,- խմբ․) փորձեց շահարկել հոդվածներում համընկնումների թեման, ինչը նպատակ ուներ այդ գործիքակազմը օգտագործել ընտրական գործընթացում որոշակիորեն ավելի քիչ ձայներ հավաքած և գիտական կոլեկտիվում առաջադրման համար մերժված թեկնածուի համար այդ ճանապարհով որոշակի հանրային հնչեղություն հարցին տալ»,- նշում է նա։ Լիլիթ Հարությունյանը կարծում է, որ  գիտական հոդվածներում համընկնումների կարգավորման մեխանիզմներ չկան, և գիտական ինստիտուտներում չկա ներդրված միասնական համակարգ կամ գործիքակազմ՝ համընկնումները ստուգելու համար «[Ամսագրերի] խմբագրություններն իրենց ձեռքի տակ եղած գործիքակազմով փորձում են ստուգել հոդվածները, դրանք բերել չափման որոշակի, այսպես կոչված, ձևաչափի և տպագրել։ Այն թեկնածուն, որ այդ թեման արծարծել է, երկար տարիներ եղել է Արևելագիտության ինստիտուտի գիտական քարտուղար, ապա նաև փոխտնօրեն և վերջին շրջանում նաև եղել է ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար։ Եթե այդպիսի խնդիրներ են եղել, ապա նա իր լիազորությունների շրջանակներում պետք է անդրադառնար այդ թեմային և նպաստեր, որ ինստիտուտը ունենար համակարգ, գործիքակազմ, որպեսզի կարողանային բոլոր հոդվածները ստուգվել և բերվել նորմալ չափորոշիչների»,- ասում է նա։ Լիլիթ Հարությունյանը կարծում է, որ այս խնդիրը ոչ թե պետք է  բարձրաձայնվեր հանրային տիրույթում, այլ քննարկվեր ու լուծում ստանար համակարգի ներսում։  Հարցին՝ արդյո՞ք ընդունում է ԳԱԱ-ում ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը, որ իր հոդվածներում այլ հեղինակների աշխատանքների հետ համընկնումներ կան, ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը պատասխանում է․ «Հոդվածներում որոշակի համընկնումներ կան, բայց դրանք վերջին շրջանում միգուցե նաև մեր սթրեսային աշխատանքի արդյունքում են։ Ես ընդունում եմ, որ հավանաբար, շատ ուշադիր չեմ եղել, բայց իմ հոդվածը որոշակի շտկումներից հետո ուղարկվել է նաև խմբագրման, խմբագրումից հետո համակարգը ցույց է տվել [համընկնումների] ընդունելի չափ, այդ գործիքակազմով ստուգվել է և հրատարակվել է։ Բայց, այո՛, որոշակի խնդիրներ, թերևս բացթողումներ եղել են։ Այսուհետև ես ավելի ուշադիր կլինեմ և որոշակի գործիքակազմի ներդրմամբ նաև կփորձեմ հոդվածները այս տեսանկյունից անխոցելի դարձնել»։ Ի պատասխան Լիլիթ Հարությունյանի այս մեկնաբանության` մենք նշեցինք, որ մեր ուսումնասիրությունը երկու հոդվածի օրինակով ցույց է տալիս մոտ 90% համընկնում, և այս դեպքում խոսքը ոչ թե ինչ-որ հատվածներ առանց հղումների հոդվածում ներկայացնելու, այլ տեքստերի գրեթե ամբողջական համապատասխանության մասին է։ Այս դիտարկումը նա հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ արդեն պատասխանել է մեր բոլոր հարցերին։ Իսկ հարցին, թե արդյո՞ք առաջադրելու է իր թեկնածությունը Արևելագիտության ինստիտուտի տնօրենի սպասվող ընտրություններում, Լիլիթ Հարությունյանը պատասխանեց` դեռ չի որոշել։ Գոռ Մարգարյանը նշում է՝ այս դեպքի բացահայտումից հետո ԳԱԱ նախագահությունը մեղադրանքների սլաքն ուղղել է իր դեմ հենց Լիլիթ Հարությունյանի բերած այն հիմնավորումներով, որ ինքն Արևելագիտության ինստիտուտւմ վարչական պաշտոններ է զբաղեցրել և ինչ-որ հատված եղել է տնօրենի պաշտոնակատարը։ «Ամբողջ պատասխանատվությամբ հայտնում եմ, որ գիտքարտուղարների, փոխտնօրենների վրա նման պարտավորություն չկա։ Բացի այդ՝ Լիլիթ Հարությունյանի հոդվածների մեծ մասը հրատարակվել է «Ժամանակակից Եվրասիա» պարբերականում։ Հոդվածները, ըստ իրենց նշումների, գրախոսվել են, հրատարակվել են գլխավոր խմբագրի պատասխանատվությամբ, ինչպես խմբագրակազմը և կայքն է վստահեցնում, գրագրողությունը ստուգող ծրագրի կողմից ստուգվելուց հետո։ Ես որքանո՞վ եմ պատասխանատվություն կրում Լիլիթ Հարությունյանի գրագողության համար։ Ծիծաղելի է ուղղակի արդեն հրատարակված հոդվածի համար հետահայաց մեղադրել ինստիտուտի վարչական պաշտոն զբաղեցնող մարդուն»,- նշում է նա։   Պետական ու գիտական կառույցների արձագանքը գրագողության դեպքին Ինչպես արդեն նշեցինք, ԳԱԱ-ում ձևավորված հանձնաժողովը հաստատել է, որ Լիլիթ Հարությունյանի հոդվածներում «առկա են այլ հեղինակների կողմից ավելի վաղ հրապարակված հոդվածների հետ բովանդակային և բառացի-տեքստային ակնհայտ համընկնումներ` առանց պատշաճ հղումների»։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն էլ «խստիվ դատապարտել է ակադեմիական ազնվության և բարեվարքության սկզբունքները խախտող որևէ գործունեություն»: Հանձնաժողովի ուսումնասիրած հոդվածների մեծ մասը «գրվել» է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի թեմատիկ դրամաշնորհի շրջանակում և ներկայացվել որպես այդ դրամաշնորհային ծրագրի հաշվետվություն։ Բարձագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ասում է, որ Կոմիտեն այդ հոդվածները չի համարելու որպես հաշվետվություն և Լիլիթ Հարությունյանից պահանջելու է նոր հոդվածներ ներկայացնել։ Նա նշում է՝ թեմատիկ մրցույթների կարգում նախատեսված է, որ եթե սահմանված ժամկետներում գիտնականը չի ներկայացնում պահանջված թվով հոդվածների մասին հաշվետվություն, ապա նա լրացուցիչ ժամանակ է ստանում հոդվածերն ավարտելու և հաշվետվություն ներակայացնելու համար, իսկ հաջորդ մրցույթների հայտերը գնահատելիս ավտոմատ բալեր է կորցնում։  Սակայն այս ընթացակարգը նախատեսված է այն դեպքերի համար, երբ այս կամ այն պատճառով գիտնականը կամ գիտական խումբը չի կարողացել սահմանված ժամանակահատվածում ավարտել աշխատանքը, գրել հոդվածներն ու հաշվետվություն ներկայացնել։ Իսկ գրագողության դեպքերի համար սահմանված առանձին դրույթ մրցույթների ընթացակարգերում չկա։  Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը ճիշտ չի համարում նման կետ ունենալը մի քանի պատճառով։ Առաջինն այն է, որ Կոմիտեն և՛ մրցույթների հայտերում ներկայացված, և՛ մրցույթների արդյունքում գրված հոդվածները դիտարկելիս առաջնորդվում է այն սկզբունքով, որ եթե հոդվածը տպագրված է գրախոսվող գիտական ամսագրում, ուրեմն այն գրագողություն չէ։   «Կոնսենսուս կա գիտական համայնքում, որ եթե հոդվածը տպված է, ուրեմն գրագողություն չէ, որովհետև տպվելու ընթացքում  գործի են  դրվում գրախոսական ինստիտուտը՝ առնվազն երկու գրախոս, նաև ամսագրի խմբագրական կոլեգիան, ամսագրի գլխավոր խմբագիրը․․․ Այսինքն՝ մի ամբողջ համակարգ է աշխատում, որը պետք է որ գրագողությունը կանխեր տեղի ունենալու պահին։ Պետական մարմինները հիմնվում են այն փաստի վրա, որ այդ մասնագիտական քննարկումն անցած է։ Հակառակ պարագայում, ցանկացած դեպքում, երբ որ այդ հոդվածը որևէ տեղ ներկայացվեր, պետք է հետահայաց նորից գրախոսվեր»,- նշում է նա։ Երկրորդ պատճառն այն է, որ մրցույթների հայտարարություններում գրագողության վերաբերյալ կետ ավելացնելը կարող է բացասական երանգ հաղորդել դրանց։ «Մենք մեր մրցույթի հայտարարությամբ, տեքստով ի՞նչ ուղերձ ենք հղում, որ մենք լավ բա՞ն ենք ուզում անել, թե՞ որ ձեզ բոլորիդ դիտարկում ենք որպես պոտենցիալ զանցագործների ու փորձում ենք մեր կարգով փակել բոլոր հնարավոր վատ արարքները․․․ Թե՞ մենք այս մրցույթով դիտարկում ենք ձեզ բոլորիդ որպես գործընկերների, ուզում ենք, որ դուք լավ ամսագրերում հոդվածներ տպագրեք․․․  Գրագողությունը հանդուրժելի վարքականոն չէ, բայց ես չեմ կարծում, որ ճիշտ է դա նախատեսել ինչ-որ մի տեղ, որովհետև դա դառնալու է մրցույթի տարօրինակ հրավեր»,- նշում է Հայոցյանը։  Փոխարենը Կոմիտեն խրախուսում է, որ գիտնականները հրապարակումներ անեն միջազգային գիտական ամսագրերում․ «Մենք տեղ չենք տալիս հայկական պարբերականներում տպված հոդվածներին, այսինքն՝ հայկական պարբերականում տպված հոդվածը բավարար պայման չէ դրամաշնորհի դիմելու համար։ Մենք՝ որպես լիազոր մարմին, անընդհատ առաջ ենք տանում միջազգային հեղինակավոր պարբերականներում տպագրվելու հանգամանքը, որովհետև առնվազն այնտեղ գիտական էթիկան այլ մակարդակի վրա է»։ Իսկ գրագողության դեպքերին, ըստ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի, պետք է գիտական համայնքը գնահատական տա․ «Զարգացած երկրներում գրագողին իրավական ակտերով չեն պատժում, գրագողը ուղղակի հասկանում է, որ ինքը համայնքում այլևս գործ չունի, որովհետև համայնքը չի կարող հանդուրժել ակադեմիական բարեվարքությանը հակասող, ակադեմիական ազնվությանը հակասող գործունեություն»։ Արթուր Իշխանյանը նշում է, որ ԳԱԱ նախագահությունը դեռ գնահատական չի տվել այս դեպքին․ այդ գնահատականը տրվելու է նախագահության առաջիկա նիստի ընթացքում։   ԳԱԱ ակադեմիկոս քատուղարը փոխարենը ներկայացնում է իր տեսակետը՝ վստահություն հայտնելով, որ նախագահության գնահատականը մեծ հավանականությամբ կհամապատասխանի դրան։ Հաստատելով հանձնաժողովի արձանագրությունը՝ Արթուր Իշխանյանն այդ դեպքը համարում է անընդունելի երևույթ, սակայն նաև նշում է՝ քանի դեռ չեն ստուգվել Լիլիթ Հարությունյանի մյուս հոդվածները ևս, հնարավոր չէ քանակապես դատել։  Դիտարկմանը, թե անկախ մյուս հոդվածներից՝ Լիլիթ Հարությունյանը գրագողություն է կատարել, Արթուր Իշխանյանը պատասխանում է՝ նման հարցերը ամբողջ աշխարհում դիտարկվում են բացառապես քանակապես։ Նրա խոսքով գիտական ամսագրերի խմբագրակազմերը սահմանում են այլ հեղինակների հոդվածների հետ համընկնումների առավելագույն տոկոս՝ նշելով, թե մինչև քանի տոկոս համընկնման դեպքում են դիտարկում գիտական հոդվածի ընդունումը։ «Եթե, օրինակ, կոնկրետ դեպքում որևէ մարդ ունի 100 հրապարակում, դրանցից 5-ում հայտնաբերված է այսպիսի բան, և այն կազմում է ընդամենը 5%, ինչպե՞ս վարվել՝ համաձայն այն տրամաբանության, որը կիրառվում է աշխարհում․․․ Դիցուք, մնացած հրապարակումներում չկա։ Խնդիրն այն է, որ մենք չենք կարող ստուգել մնացածը․ նույնիսկ սա ստուգելիս չի հայտնաբերվում։ Բայց եթե մնացածը ստուգենք, և հանկարծ պարզվի, որ ոչինչ չկա, այդ դեպքում մենք պիտի ներողամտորեն նայենք, ինչպես անում են բոլոր խմբագրակազմերը»,- ասում է նա։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը համաձայն չէ այսպիսի մոտեցմանը․ «Գրագողություն չի՛ կարելի անել, և դա տոկոս չունի։ Ինչպես և գողություն չի կարելի անել․ ես Ձեզանից չեմ կարող տասը դրամ գողանալ, ու դա ներվի ինձ, որովհետև ուրիշից, օրինակ, մեկ միլիոն դրամ չեմ գողացել»։ Հարցին, թե ինչ հետևանք կունենա գրագողության այս դեպքը Լիլիթ Հարությունյանի համար, Արթուր Իշխանյանը չի պատասխանում՝ նշելով, որ նախագահությունը պիտի քննարկի ու որոշի։ Այնուամենայնիվ, նա գտնում է, որ նման դեպքերի հանրայնացումը  կարող է առաջացնել ցնցումներ  համակարգում, իսկ կոշտ մեթոդներ կիրառելու դեպքում «մենք կորուստներ կունենանք ինֆորմացիոն պատերազմում»։ «Մեր հասարակությունն առանց դրա էլ գտնվում է ցնցումների փուլում, առանձնահատուկ պետք է ընտրել այն ճանապարհը, որը հնարավորինս մեղմացնում է ցնցումները, այլ ոչ թե հակառակը։ Եթե մենք լինեինք Ֆինլանդիայի կամ Դանիայի նման խաղաղ շրջապատում գտնվող երկիր, անշո՛ւշտ։ Մենք գիտենք ֆրոյդիզմից անգամ, որ նվազագույն սթրեսն անհրաժեշտ է զարգացման համար։ Այդ նվազագույն ցնցումը իրականացնել համակարգում՝ միանգամից մեկ հարվածով ահագին բաներ մաքրելու, կլիներ շատ լավ, բայց երբ դա կարող է բերել կոլապսի, չի կարելի թույլ տալ»,- ասում է նա։ Դիտարկմանը, թե հանրայնացման ու կոշտ մոտեցման մեկ-երկու նման դեպքը կարող էր սթափեցնել համայնքին, Արթուր Իշխանյանը պատասխանում է՝ ԳԱԱ նախագահությունը գնահատել է բոլոր ռիսկերն ու այդ կարծիքին չէ․ «Ստեղծվել է, օրինակ, Ակադեմիայի «Գեղարդ» գիտավերլուծական կենտրոնը  ինֆորմացիոն   առճակատման, մասնավորապես՝ Արևմտյան Ադրբեջանի և նման բաների դեմն առնելու համար։ Կադրերի պակաս կա։ Եթե մի հոգի ընդունակ է ստեղծելու համապատասխան նյութ, մենք, ցավոք սրտի, պետք է  նրան ոչ թե հեռացնենք, այլ նրա ուժերը կիրառենք։ ․․․․ Այս դեպքում երկու կողմն էլ (նկատի ունի Արևելագիտության ինստիտուտի տնօրենի երկու թեկնածուներին,- խմբ․) ենթակա էին, խիստ բառ չօգտագործեմ, պարսավանքի։  Բայց դա ամենևին ցանկալի չէ հենց այն պատճառով, որ նրանց ուժերը կարող են կիրառվել։ Երկուսի՛նն էլ»։ ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը կարևորում է ոչ միայն պետական և ակադեմիական կառույցների, ինչպես նաև գիտական համայնքի արձագանքը այս և նման դեպքերին, այլ նաև հենց ամսագրի խմբագրակազմի․ «Խմբագիրները ամսագրի դեմքերն են։ Ի՞նչ են անելու խմբագրակազմը կամ հանդեսի հիմնադիրները՝ իմանալով, որ իրենց խմբագիրներից մեկն իրենց ամսագրում տպագրել է ուրիշից գողացած նյութ»։ Նշենք, սակայն, որ նյութի հրապարակման պահին, «Ժամանակակից Եվրասիա» ամսագրի կամ դրա գլխավոր խմբագիր Լևոն Հովսեփանի կողմից դեպքին հանրային արձագանք չի եղել։   Հայաստանյան գիտական ամսագրերում գրախոսության և գրագողության հայտնաբերման արդյունավետությունը ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ գրագողության դեպքերը Հայաստանում   տարածված են հիմնականում հումանիտար ոլորտում․ «Հասկանալի են պատմական պատճառները, որովհետև հումանիտար ոլորտը երկար ժամանակ գտնվել է կոմունիստական գաղափարախոսության պրեսինգի տակ, այդ պատճառով բավականաչափ հետ է մնացել միջազգային զարգացումներից, և համակարգում բավական շատ են եղել արդեն խոտան դեպքերը։ Եվ այդ պատմական ձևավորված կարգն առայսօր շարունակվում է»: Լիլիթ Հարությունյանի՝ խնդրո առարկա հոդվածներից 4-ը լույս են տեսել Արևելագիտության ինստիտուտի «Ժամանակակից Եվրասիա» գրախոսվող ամսագրում։ Ամսագրի գլխավոր խմբագիրն է Լևոն Հովսեփյանը, խմբագրակազմի անդամ է նաև ինքը՝ Լիլիթ Հարությունյանը։ «Տեղական պարբերականի խմբագրակազմը ու գրախոսներն, ըստ էության, պատշաճ գրախոսության չեն ենթարկել տրված աշխատանքները»,- նշում է Սարգիս Հայոցյանը՝ անդրադառնալով հարցին, որ հոդվածները տեղական ամսագրում են հրապարակվել։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը շեշտում է այն հանգամանքը, որ իրենց ամսագրերի խմբագրակազմերը չունեն տեխնիկական հնարավորություններ, այսինքն՝ համապատասխան գործիքներ՝ ստուգելու ներկայացված հոդվածներում այլ հոդվածների հետ համընկնումների դեպքերը․ «Աշխարհում տասը միլիոն հոդված կա․․․ Դե ստուգե՛ք»։ Գրագողության դեմ պայքարում Արթուր Իշխանյանը կարևորում է տեխնիկապես զինված լինելը, այսինքն՝ հասանելիությունը այնպիսի գործիքների, որոնցով հնարավոր է գիտական հոդվածներում գրագողության դեպքերի հայտնաբերումը։ Նրա խոսքով համացանցում հասանելի գործիքներով որոնում կատարելիս ոչ միշտ է հնարավոր գտնել այլ հոդվածների հետ համընկնումներ, մինչդեռ կան վճարովի գործիքներ, որոնք ավելի արդյունավետ են։ Լիլիթ Հարությունյանի հոդվածների քննության նպատակով ստեղծված հանձնաժողովն առաջարկել է ԳԱԱ նախագահությանը դիմել կառավարությանը՝ առաջարկելով միջոցներ հատկացնել նման գործիքի ձեռք բերման, ինչպես նաև հայալեզու հոդվածների ստուգման նպատակով նոր գործիքի ստեղծման համար։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն էլ կարծում է, որ հույսը պետք է դնել ոչ այնքան գործիքների, որքան պրոֆեսիոնալ գրախոսության վրա․ «Այնպես չէ, որ այս գրագողությունը հայտնաբերվել է ինչ-որ սուպեր համակարգերի միջոցով։ Պարզապես մեկ այլ կոլեգա այն մտայնությամբ, որ դժվար թե տվյալ անձը կարողանար  այսքան տարվա մեջ նման մակարդակի այդքան թվով հոդված գեներացնել, ստուգել է։ Այսինքն՝ գրախոսության գործընաց է տեղի ունեցել, պարզապես ոչ պաշտոնական։ Այնտեղ, որտեղ որ պետք է դա տեղի ունենար, տեղի չի ունեցել։ ․․․․ Եթե հոգատար գրախոսություն է տեղի ունենում, միշտ բացահայտվում է ոչ ազնիվ գործունեությունը»։  Նա հավելում է նաև, որ կան դեպքեր, երբ երկու հոդվածների տեքստեր 100%-ով տարբեր են, սակայն տեղի է ունեցել մտքի գրագողություն, այսինքն՝ մի հեղինակ վերցրել է ուրիշի գիտական միտքն ու իր բառերով շարադրել այնպես, որ դա միայն տեքստերի համեմատությամբ հնարավոր չէ բացահայտել։ Այդ պատճառով նա կարևորում է բարեխիղճ գրախոսությունը։ Հայկական գիտական ամսագրերի ու դրանցում հրապարակվող գիտական հոդվածների որակի մասին խոսակցությունները ևս նոր չեն։ ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը նշում է, որ հնարավոր լուծում կարող է լինել այն, որ  տեղական ամսագրերի համար դրամաշնոհներ հայտարարվեն, որոնց շրջանակում այդ ամսագրերը պետք է քայլեր ձեռնարկեն՝ ինդեքսավորվելու Scopus կամ Web of Science (WOS) միջազգային գիտական շտեմարաններում։ Այդ ընթացքում, նրա խոսքով, կարելի է փորձագետների հրավիրել, արտասահմանյան ամսագրերի գլխավոր խմբագիրների մասնակցությամբ սեմինարներ կազմակերպել, այսինքն՝ ստեղծել նախապայմաններ, որ ամսագրերը կարողանան ներառվել այդ շտեմարաններում։ Իսկ երբ այդ նախապայմանները ստեղծված լինեն, և բավականաչափ ժամանակ անցնած լինի, կարելի է ընդունելի համարել միայն այն ամսագրերը, որոնք ինդեքսավորված են Scopus-ում և WOS-ում։ Սարգիս Հայոցյանն էլ նշում է՝ կա հանձնառություն առնվազն հայագիտության ոլորտի մի քանի ամսագրեր պետական աջակցությամբ առաջխաղացնելու և հասցնելու միջազգային որևէ կարգավիճակի, օրինակ, որ ինդեքսավորվեն Scopus-ում կամ WOS-ում։ Նա նշում է, որ այս տարի՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ընթացքում էլ այս հարցը բարձրաձայնվել է, քննարկումներ են եղել, այժմ սպասում են արդյունքներն ամփոփող խորհրդավտական փաստաթղթին, որը ևս կօգնի հասկանալ, թե ինչ քայլեր ձեռնարկել։ «Մենք ունենք ավանդույթի ուժով եկող ինչ-որ ծավալ, որը պետական բյուջեից հատկացվում է ամսագրերին։ Պետք է հասկանանք՝ ինչքանով է նպատակահարմար, որ այդ ամսագրերը ֆինանսավորում ենք։ Ավելի լավ է՝ ծախսային ուղղությունները օպտիմալացնենք, պետական ֆինանսավորումը թիրախային լինի։ Դիցուք, «Հայկական քիմիական հանդեսը» Խորհրդային շրջանից պետական ֆինանսավորում է ստացել, գալիս հասնում է մինչև 21-րդ դար այդ ավանդույթը։ Բայց ինչի՞ համար։ Քիմիան, առհասարակ, գլոբալ գիտություն է, հայկական քիմիա գոյություն չունի, հետևաբար ինչքանո՞վ է կարևոր, որ այդ ամսագիրը ունենանք, և այն պետական աջակցություն ստանա»,- ասում է նա։ Անցած տարվանից նաև ուժի մեջ է մտել գիտնականների ատեստավորման նոր կարգը, ըստ որի՝ գիտնականների գնահատումն իրականացնելիս ընդունելի են միայն գիտական այն ամսագերի հրապարակումները, որոնք ինդեքսավորված են  Scopus-ում կամ WOS-ում։ Սարգիս Հայոցյանը նշում է՝ Կոմիտեն ատեստավորման կարգում առաջիկայում ևս մի փոփոխությամբ հանդես կգա՝ ավելի հստակեցնելով այդ կետի ձևակերպումները։   Գիտական պաշտոնները և գրագողությունը Հայաստանում չկա իրավական որևէ մեխանիզմ, որը կարգելի գրագողություն կատարած գիտնականին գիտական պաշտոն զբաղեցնելու։  ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը նշում է, որ բոլոր գիտնականներին ու բոլոր հոդվածները ստուգել հնարավոր չէ, սակայն այն դեպքում, երբ անձը պաշտոնի է հավակնում, կարելի է այդ ստուգումն իրականացնել․ «Երկրում գոյություն ունի ակադեմիական վարչարարական մակարդակի, օրինակ, 50 պաշտոն։ Այդ 50-ի համար մենք կարո՞ղ ենք երաշխավորել, որ նրանք խաբեբա չլինեն»։ Բացի այդ՝ նա նշում է, որ Հայաստանում գիտական գործունեություն ծավալող ինստիտուտի տնօրենի իմաստը հստակ ձևակերպված չէ, պարզ չէ՝ նա պիտի լինի գիտնակա՞ն, վարչարա՞ր, թե՞ երկուսը միասին․ երբ դա հստակ լինի, հստակ կլինեն նաև այն չափանիշները, որոնք պետք է սահմանել այդ պաշտոնին հավակնող անձանց համար։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանի խոսքով ԳԱԱ-ում ձևավորված հանձնաժողովի առաջարկներից մեկն էլ այն է, որ երբ ձեռք բերվի գրագողությունը ստուգող առաջատար ծրագիր, դրանով քննվեն գիտական բոլոր պաշտոնների հավակնորդների գործերը։ Հարցին, թե ինչու այդպիսի գործիք նախկինում ձեռք չի բերվել, եթե դրա անհրաժեշտությունը կար, Արթուր Իշխանյանը պատասխանում է՝ նախկինում էլ կառավարությանը դիմել են այդ հարցով, սակայն կառավարությունն իրենց դիմումներին ուշ է արձագանքում․ «Հուսով եմ, որ այս հանրայնացման արդյունքում մեր դիմումն արձագանք կգտնի»։ Կառավարությունն այս խնդրին այլ լուծում ունի։ Սարգիս Հայոցյանի խոսքով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախածգով, որը կհրապարակվի առաջիկայում, սահմանվելու է ակադեմիական բարեվարքությունը, այն քննող մարմին է լինելու, իսկ  ակադեմիական բարեվարքությանը չհամապատասխանելն աշխատանքից ազատելու համար իրավական հիմք է լինելու։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը, սակայն, կարևորում է ոչ այնքան այս հարցի կարգավորումը, որքան այն, որ գիտական համայնքն ինքնակարգավորվի․ «Երբ որ մենք փորձում ենք կարգավորել մի բան, որն էթիկային է վերաբերում, խնդիրներ են առաջանում։ Համայնքը պետք է չհանդուրժի դա, բայց, ցավոք սրտի, համայնքը հանդուրժում է, համայնքը տպում է։ ․․․․ Գիտությունն ինքնակարգավորվող համակարգ է, որովհետև եթե երկու գիտնական ասում են, որ սա գիտություն է, պետությունները, ֆինանսավորողները, մյուս կառույցները սովորաբար ընդունում են դա։ ․․․․ Գիտությունը գլոբուսի վրա արվում է գրախոսութան հիման վրա, և այստեղ բարեվարքության հարցն է․ գնահատողի համար ինչքանո՞վ է ընդունելի, որ դիմացինը ուրիշի մտավոր սեփականությունը, ուրիշի ստեղծած միտքը որպես իրենը ներկայացնի»։   Աննա Սահակյան
14:07 - 29 օգոստոսի, 2024
Ինչպես մեծ լեզվական մոդելներին քիմիա սովորեցնել

Ինչպես մեծ լեզվական մոդելներին քիմիա սովորեցնել

Կարո՞ղ է մեծ լեզվական մոդելը «կարդալ» մոլեկուլների կառուցվածքներն ու սովորել քիմիա․ այս հարցը երկու տարի առաջ հետաքրքրեց մի խումբ հայ գիտնականների: Հարցի պատասխանը ստանալու համար միավորվեցին  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բջջային տեխնոլոգիայի լաբորատորիայի կենսաբանները, մեքենայական ուսուցման հետազոտություններով զբաղվող YerevaNN լաբորատորիայի գիտնականները, Արմեն Աղաջանյանը՝ Meta AI-ի գիտական թիմից, ինչպես նաև Toxometris.ai ստարտափի հետազոտողները։ Journal of Chemical Information and Modeling ամսագրում գիտնականների համահեղինակությամբ օրերս հրապարակված հոդվածը տալիս է այս հարցի պատասխանը։   Մոլեկուլները՝ տեքստային լեզվով Մեքենայական ուսուցումը Արհեստական բանականության ճյուղ է, որի միջոցով ստեղծվում են համակարգչային մոդելներ։ Այս մոդելները, ուսուցանվելով մեծ քանակությամբ տվյալների հիման վրա, կարողանում են կանխատեսումներ իրականացնել և այլ հանձնարարություններ կատարել: Կախված խնդրից՝ գիտնականներն ընտրում են, թե ինչպիսի տվյալներով ուսուցանեն մոդելները և ուսուցման ինչպիսի մեթոդ կիրառեն։ Մեծ լեզվական մոդելներն (large language models), օրինակ, ուսուցանվում են տեքստերով․ մոդելներին տրվում են որևէ լեզվով, օրինակ՝ անգլերենով գրված միլիարդավոր տեքստերի օրինակներ։ «Կարդալով» այս տեքստերը՝ մոդելները կարողանում են հասկանալ տվյալ լեզվի օրինաչափություններն ու հետո ինքնուրույն տեքստեր գեներացնել։ Հենց այս սկզբունքով է ուսուցանվել, օրինակ, շատերիս հայտնի ChatGPT-ն։ Հիմա պատկերացրեք, որ նույն կերպ մեծ լեզվական մոդելները կարողանում են «կարդալ» նաև մոլեկուլների կառուցվածքները։ Գուցե սա առաջին հայացքից զարմանալի թվա, քանի որ մոլեկուլները գրվում են քիմիական բանաձևերով. օրինակ՝ ածխաթթու գազի քիմիական բանաձևն է CO₂-ը։ Սակայն դեռևս 1980-ականներից գոյություն ունի մոլեկուլների գրության մեկ այլ ձև, որը հասկանալի է համակարգիչների համար։ Խոսքը SMILES ներկայացման համակարգի մասին է, որը հնարավորություն է տալիս անգլերեն տառերով և նշաններով արտահայտելու մոլեկուլների քիմիական բանաձևերը` մոլեկուլների մաս կազմող ատոմները և դրանց միջև գոյություն ունեցող քիմիական կապերի տեսակները։ SMILES համակարգում CO₂-ն, օրինակ, կգրվի այսպես՝ O=C=O:  Այսպիսով, իրենց մեծ լեզվական մոդելը մոլեկուլների կառուցվածքներով ուսուցանելու համար գիտնականները նախ վերցրին 1,7 միլիարդ մոլեկուլներ պարունակող տվյալների բազա և բազայի բոլոր մոլեկուլներն արտահայտեցին տեքստային ֆորմատով։ Արմեն Աղաջանյանը, որն աշխատում է Meta AI-ի գիտական թիմում, տեքստային ֆորմատով արտահայտված մոլեկուլներով նախնական ուսուցում (pre-training) իրականացրեց՝ օգտագործելով ժամանակին Meta AI-ի ստեղծած BART մեծ լեզվական մոդելը։ Ուսուցանման ընթացքում BART մոդելին չէին տրվում մոլեկուլների՝ տեքստային տարբերակով արտահայտված ամբողջական կառուցվածքները․ կառուցվածքների որոշ հատվածներ բաց էին թողնվում, և մոդելը պետք է սովորեր լրացնել այդ հատվածները։  «Այս թվացյալ պարզ գործողության արդյունքում մոդելը սովորեց տարրական քիմիա, սկսեց պատկերացում կազմել, թե ինչպես են ատոմները, իրար հետ փոխազդելով, ստեղծում բարդ քիմիական միացություններ»,- պատմում է հոդվածի համահեղինակ Զավեն Նավոյանը։  Իրենց ստացած մոդելը գիտնականները կոչեցին BARTSmiles․   BARTSmiles-ը սկսեց ճիշտ կանխատեսումներ իրականացնել Այս նախնական աշխատանքն անելուց հետո գիտնականները պետք է համոզվեին, որ BARTSmiles-ը իսկապես «քիմիա է սովորել» և մոլեկուլների հատկությունների մասին բավականաչափ գիտելիքներ ունի։ Այս փուլում հետազոտությունները տեղափոխվեցին հայաստան՝ Հրանտ Խաչատրյանի ղեկավարած YerevaNN լաբորատորիա, քանի որ մեծաքանակ տվյալներով նախնական ուսուցումից հետո հետագա վերաուսուցումը (fine-tuning) հաշվողական ավելի քիչ ռեսուրսներ էր պահանջում և հնարավոր էր իրականացնել Հայաստանում։ Գոյություն ունեն տվյալների տարբեր բազաներ, որոնք պարունակում են մեծաքանակ մոլեկուլների և դրանց տարբեր հատկությունների մասին տեղեկություններ։ Մոդելի հետագա ուսուցման համար գիտնականները վերցրին այդպիսի երկու բազա։ Բազաներից մեկը պարունակում էր մոլեկուլների լուծելիության մասին տվյալներ, մյուսը՝ մուտագենության (մուտագեն են այն մոլեկուլները, որոնք, հայտնվելով օրգանիզմում, գեներում առաջացնում են մուտացիաներ (փոփոխություններ)՝ պատճառ դառնալով տարբեր հիվանդությունների, օրինակ՝ քաղցկեղի)։ Այնուհետև գիտնականները այս բազաների տվյալներով վերաուսուցանեցին BARTSmiles-ին։ Պատկերացնենք, որ մոդելը տվյալները ստանում էր աղյուսակով, որն ուներ երկու շարք․ առաջին շարքում  ներկայացված էին տվյալների բազայից վերցված մոլեկուլների կառուցվածքները, երկրորդ շարքում՝ ամեն կառուցվածքին համապատասխան հատկությունը (որքա՞ն է ջրում լուծելիության աստիճանը  կամ արդյո՞ք մուտագեն է, թե՞ ոչ): Այս տվյալներով վերաուսուցանվելուց հետո մոդելն արդեն ինքն էր կարողանում կանխատեսել մոլեկուլների հատկությունները։ Կանխատեսման ճշգրտությունը ստուգելու համար գիտնականներն օգտագործեցին տվյալների բազաների այն մոլեկուլները, որոնցով ուսուցում չէին իրականացրել։ Նրանք այդ մոլեկուլները տվեցին մոդելին՝ հրահանգելով կանխատեսել դրանց հատկությունները, ապա նրա կանխատեսումները համեմատեցին բազաներում առկա տվյալների հետ։ Արդյունքները գոհացնող էին․ BARTSmiles-ը կարողանում էր բավականին մեծ ճշտությամբ կանխատեսել մոլեկուլների այս երկու հատկությունները։   Ինչի՞ վրա էր հիմնվում մոդելը Այն, թե ինչ է կատարվում մեքենայական ուսուցման մոդելների ներսում, և ինչի հիման վրա են մոդելները կանխատեսումներ իրականացնում, շատ հաճախ անհայտ է։ Այդ պատճառով էլ հաջորդ քայլով գիտնականները Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայի տնօրեն Նելլի Բաբայանի ղեկավարությամբ փորձեցին հասկանալ, թե արդյո՞ք BARTSmiles-ը մոլեկուլների հենց այն հատվածների հիման վրա է կանխատեսումներ իրականացնում, որոնք պատասխանատու են դրանց այս կամ այն հատկության համար։  Քիմիկոսներին ու կենսաբաններին արդեն հայտնի են, թե որևէ մոլեկուլի կոնկրետ որ հատվածն է պատասխանատու նրա այս կամ այն հատկության համար, և գոյություն ունի այդ ամբողջ ինֆորացիան պարունակող տվյալների բազա։ Հատուկ ծրագրի միջոցով գիտնականները BARTSmiles-ին հրահանգեցին կարմիրով ընդգծել մոլեկուլների այն հատվածները, որոնց վրա հիմնվելով՝ մոդելը կանխատեսել էր մոլեկուլների լուծելիությունը կամ մուտագենությունը։ Երբ BARTSmiles-ի ընդգծած կարմիր հատվածները համեմատեցին տվյալների բազայի հետ, տեսան, որ, իրոք, մոդելը մեծամասամբ կանխատեսումներ է իրականացրել հենց այդ  հատկությունները պայմանավորող հատվածների հիման վրա։ Փաստորեն, BARTSmiles-ին հաջողվել էր բավականին լավ հասկանալ քիմիայի օրինաչափությունները։ Լուսանկարում երևում են BARTSmiles-ի ընդգծած կարմիր հատվածները (աղբյուրը՝ Journal of Chemical Information and Modeling)   BARTSmiles-ը՝ մասնագիտացած Հաջորդիվ գիտնականները տվյալների տարբեր բազաների հիման վրա BARTSmiles-ը զարգացրին ևս մի քանի ուղղություններով։ Այդ ուղղություններց մեկն, օրինակ, քիմիական ռեակցիաների կանխատեսումն էր։ Այս արդյունքը ստանալու համար գիտնականներն օգտագործեցին քիմիական ռեակցիաների տվյալների բազա, որտեղ ներկայացված են առանձին փոքր մոլեկուլներ և դրանց միջև ռեակցիայից առաջացացած ավելի մեծ մոլեկուլները, այսինքն` քիմիական ռեակցիայի ելքը։ Այս տվյալների հիման վրա վերաուսուցանվելով՝ BARTSmiles-ը սկսեց կանխատեսել, թե այս կամ այն մեծ մոլեկուլը ստանալու համար ինչ փոքր մոլեկուլներ պիտի միանան։  Այստեղ կարևոր է նշել, որ ամեն կոնկրետ խնդիր լուծելու համար գիտնականները  BARTSmiles-ի հիման վրա ստանում էին առաձին նոր մոդել։ Նրանք ամեն անգամ վերցնում էին BARTSmiles-ը, որը, հիշեցնենք, 1,7 միլիարդ մոլեկուլների կառուցվածքներով ուսուցանվելով, սովորել էր տարրական քիմիա, և նրան որևէ բազայի տվյալներով վերաուսուցանելով՝ ստանում կոնկրետ խնդիր լուծող առանձին մոդել։ Զավեն Նավոյանն ասում է՝ սա նույնն է, թե մի քանի դպրոցականներ դպրոցն ավարտեն միևնույն բազային գիտելիքներով, ու նրանցից ամեն մեկը սովորի առանձին մասնագիտություն՝ դառնալով բժիշկ, իրավաբան կամ երաժիշտ։ Հենց այս ձևով էլ միևնույն հիմքի՝ տարրական քիմիա իմացող  BARTSmiles-ի հիման վրա գիտնականները ստացան «մասնագիտացած» առանձին մոդելներ։ BARTSmiles-ը հատկություններ կանխատեսելիս դժվարանում էր միայն այն դեպքում, երբ հանդիպում էր յուրահատուկ մոլեկուլների։ Սովորաբար, նման կառուցվածք ունեցող մոլեկուլներն ունենում են նմանատիպ հատկություններ։ Սակայն լինում են առանձնահատուկ դեպքեր, երբ մոլեկուլում չնչին փոփոխությունը բերում է նաև հատկության էական փոփոխության, օրինակ՝ մեկ ատոմի փոփոխությամբ թունավոր նյութը դառնում է անվտանգ։ Հաշվի առնելով, որ BARTSmiles-ը կանխատեսումներ իրականացնում էր կառուցվածքների հիման վրա, մոդելը մոտ կառուցվածքներով մոլեկուլների համար կանխատեսում էր միևույն հատկությունը։ Սակայն այսպիսի առանձնահատուկ դեպքերում այն երբեմն սխալ կանխատեսումներ էր իրականացնում։  Մնացյալ դեպքերում BARTSmiles-ը լավ արդյունքներ էր ցույց տալիս․ այս մասին է փաստում այն, որ գիտնականներն իրենց մոդելի տված արդյունքները համեմատեցին մոլեկուլների տարբեր հատկութուններ կանխատեսող այլ մոդելների հետ։ Որոշ մոդելների դեպքում արդյունքը նույնական էր, ինչ-որ դեպքերում BARTSmiles-ը զիջում էր, բայց  դեպքերի մեծ մասում այն ավելի լավ արդյունքներ էր ցույց տալիս, քան գոյություն ունեցող մոդելները։  BARTSmiles-ը հասանելի է համացանցում։ Մոդելի հիման վրա գիտական տարբեր թիմեր կարող են հետագա վերաուսուցմամբ նոր մոդելներ ստանալ, որոնք կոնկրետ խնդիրներ կլուծեն, օրինակ՝ նոր մոլեկուլների հատկություններ կկանխատեսեն։ Իսկ մոլեկուլների հատկությունների և քիմիական ռեակցիաների կանխատեսումը կարևոր է նյութագիտության, դեղագործության մեջ և այլ ոլորտներում, քանի որ այս կամ այն նպատակով որևէ մոլեկուլ կիրառելու համար կարևոր է, որ այն, առաջին հերթին, թունավոր չլինի մարդկանց համար, ինչպես նաև ունենա անհրաժեշտ հատկությունները։ Այսպիսով, այս հետազոտությամբ գիտնականները ստացան իրենց հարցի պատասխանը․ լեզվական մոդելը, կարդալով տեքստի վերածված մոլեկուլները, կարող է քիմիա սովորել և մոլեկուլների հատկություններ կանխատեսել։   Գիտական հոդվածն ամբողջությամբ հասանելի է այստեղԳլխավոր լուսանկարը գեներացված է արհեստական բանականությամբ Հեղինակ՝ Աննա ՍահակյանՏեքստի պատրաստմանն աջակցել են Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայի գիտնականները
15:54 - 30 հուլիսի, 2024
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը չինացի գործընկերների հետ համագործակցությամբ հետազոտական նոր ծրագրեր է սկսում

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը չինացի գործընկերների հետ համագործակցությամբ հետազոտական նոր ծրագրեր է սկսում

Հայաստանում սկիզբ է դրվում ընտանեկան միջերկրածովյան տենդի (հայտնի է որպես երևանյան հիվանդություն) ախտորոշման և բուժման, ինչպես նաև քաղցկեղի դեմ բջջային թերապիայի ուղղությամբ հետազոտական նոր ծրագրերի։ Հետազոտություններն իրականացվելու են Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում (ՄԿԻ) չինացի գործընկերների հետ համագործակցությամբ։   Համագործակցություն, որը սկսվեց դեռ համավարակի շրջանում Այս համագործակցության հիմքերը դրվել են դեռ մի քանի տարի առաջ՝ կորոնավիրուսային համավարակի շրջանում։ ՄԿԻ-ն այդ ժամանակ սկսեց կորոնավիրուսի ախտորոշման թեստեր (ՊՇՌ թեստեր) արտադրել։  ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանը հիշում է, որ այդ շրջանում ինստիտուտի գիտաշխատողներից Լիլիթ Ներսիսյանը հետազոտություններ էր իրականացնում Շվեդիայում՝ Կարոլինսկայի համալսարանում, որտեղ ծանոթացավ Շանդոնգի Առաջին բժշկական համալսարանի Կենսաբժշկության քոլեջի պրոֆեսոր Շուշան Յինի հետ։ Երբ պրոֆեսոր Յինն իմացավ, որ Հայաստանում գիտնականները ցանկանում են ՊՇՌ թեստեր արտադրել, առաջարկեց իր օգնությունը։  Արսեն Առաքելյանը պատմում է, որ պրոֆեսոր Յինը ոչ միայն ՊՇՌ թեստերի մշակման հարցում խորհրդատվություն տրամադրեց, այլ նաև օգնեց լուծել լոգիստիկ խնդիրները, և չինական մի քանի կազմակերպություններից թեստերի համար անհրաժեշտ նյութերը  մատակարարվեցին Հայաստան։ Շուշան Յինը՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում ՄԿԻ գիտանականների և պրոֆեսոր Յինի միջև կապը պահպանվեց, կապեր հաստատվեցին նաև Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի հետ։ 2023-ի դեկտեմբերին էլ ՄԿԻ-ից պատվիրակություն մեկնեց Չինաստան՝ քննարկելու համագործակցության նոր ծրագրեր։  «Հիմնականում քննարկումներ էին գնում, թե այս պահին աշխարհում նորագույն ինչ մոտեցումներ կան գենետիկական հիվանդությունների թերապիայի մշակման ուղղությամբ, ինչպես նաև քաղցկեղի բուժման նորագույն մեթոդների ուղղությամբ, և արդյո՞ք դա հնարավոր է ինչ-որ չափով տեղայնացնել Հայաստանում»,- ասում է Արսեն Առաքելյանը։ Ի վերջո, որոշվեց համագործակցությունը շարունակել երկու ուղղությամբ․ առաջինն ընտանեկան միջերկրածովյան տենդի ախտորոշման, բուժման մեթոդների մշակումն է, երկրորդը՝ քաղցկեղի դեմ բջջային թերապիայի ներդրումը Հայաստանում։ Այս շաբաթ Հայաստանում էր Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակությունը՝ քննարկելու համագործակցության հետագա ընթացքը։   Հիվանդություն, որը խնդիր է հատկապես Հայաստանի համար Ընտանեկան միջերկրածովյան տենդը (հանդիպում է նաև պարբերական հիվանդություն, երևանյան հիվանդություն անուններով) գենետիկական հիվանդություն է, որն առաջանում է մարդու MEFV  կոչվող գենում տեղի ունեցած մի շարք մուտացիաների (փոփոխությունների) արդյունքում և կարող է ժառանգաբար փոխանցվել։ Այս հիվանդությունը, որն ուղեկցվում է պարբերաբար առաջացող բորբոքային գրոհներով, ջերմությամբ և ցավի նոպաներով, հանդիպում է հիմնականում Միջերկրական ծովի ավազանում բնակվող ազգերի, այդ թվում՝ հայերի մոտ։ Ընտանեկան միջերկրածովյան տենդի դեմ կա դեղամիջոց՝ Կոլխիցինը, բայց այն ոչ թե բուժում է հիվանդությունը, այլ մեղմում է հետևանքները։ Արսեն Առաքելյանը նշում է, որ սա գենետիկական հիվանդությունների համար ընդհանուր խնդիր է․ մեղմող դեղեր կան, բայց այդ հիվանդություններից քչերն ունեն բուժման մեթոդներ, սակայն վերջին շրջանում նոր զարգացումներ կան գենային թերապիաների ոլորտում։ Նրա խոսքով ՄԿԻ-ում իրականացվում են տարաբնույթ հետազոտություներ՝ ուղղված ընտանեկան միջերկրածովյան տենդի զարգացման և ընթացքի մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը, նոր դեղամիջոցների և թերապիաների մշակմանը։  «Ինստիտուտի Կենսաբանական պրեցեսների մեդելավորման լաբորատորիայում համակարգչային մոդելավորման մոտեցումների կիրառմամբ հետազոտվում են մուտացիաների ազգեցությունը MEFV գենով կոդավորվող պիրին ստիտակուցի կառուցվածքի, ֆունկցիայի և փոխազդեցությունների վրա։ Փնտրվում են քիմիական այնպիսի միացություններ, որոնք կարող են փոխարինել Կոլխիցինին՝ միաժամանակ դրսևորելով ավելի քիչ կողմնակի ազդեցություններ։ Մոլեկուլային և բջջային իմունաբանության լաբորատորիան հետազոտում է իմունային բջիջների ենթատիպերի դերը հիվանդության ընթացքում և մուտացիաների ազդեցությունը իմունային բջիջների ինքնաբուխ ակտիվացման վրա»,- նշում է Արսեն Առաքելյանը։  Շանդոնգի առաջին բժշկական համալսարանն էլ զբաղվում է քրոնիկ և հազվագյուտ հիվանդությունների հետազոտություններով, դրանց մոլեկուլային ախտորոշման, կանխարգելման և թերապիայի մեթոդների մշակմամբ։ ՄԿԻ-ում այժմ ցանկանում են չինացի գործընկերների՝ հազվագյուտ հիվանդությունների հետազոտությունների փորձը Հայաստանում կիրառել ընտանեկան միջերկրածովյան տենդի համար։  Գիտնականներին արդեն հայտնի են MEFV գենի մի շարք մուտացիաներ, որոնց պատճառով առաջանում է ընտանեկան միջերկրածովյան տենդը։ Հիվանդության ախտորոշումն իրականացվում է հենց այդ մուտացիաների հիման վրա, այսինքն՝ հիվանդությունը հաստատվում է, եթե բուժառուի MEFV գենում այդ մուտացիաներն առկա են։ Սակայն երբեմն պատահում է, որ ախտորոշիչ թեստը բացասական արդյունք է ցույց տալիս, սակայն բուժառուի մոտ հիվանդության ախտանշանները կան։ Սա գիտնականներին հիմք է տալիս ենթադրելու, որ MEFV գենի այլ մուտացիաներ ևս կարող են հիվանդության առաջացման պատճառ լինել։  Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի հետ համագործակցությամբ ՄԿԻ-ն նախ մշակելու է MEFV գենում մուտացիաների սկրինինգային թեստեր, որոնք հնարավորություն կտան իրականացնելու լայնածավալ սկրինինգային ծրագիր Հայաստանի բնակչության շրջանում։  Սկրինինգային թեստերը մշակվելու են MEFV գենի ամենատարածված մուտացիաների հիման վրա։ Սկրինինգ իրականացվելու է ոչ թե այն մարդկանց շրջանում, որոնց մոտ հիվանդությունը հաստատված է, այլ ավելի լայն հանրության շրջանում։ Նպատակն է հասկանալ, թե բնակչության մոտավորապես քանի տոկոսն է MEFV գենի մուտացիաների կրող։ Երբ սկրինինգի արդյունքում պարզ դառնա, թե ովքեր են մուտացիաների կրող, կիրականացվի նրանց MEFV գեների ամբողջական սեքվենավարում, ինչը հնարավորություն կտա պարզելու, թե գենի որ մուտացիաները կարող են պատասխանատու լինել հիվանդության զարգացման համար (սեքվենավորել նշանակում է հատուկ սարքի միջոցով վերծանել որևէ օրգանիզմի, այդ թվում՝ մարդու բոլոր գեների կամ առանձին վերցրած որևէ գենի կառուցվածքը)։  «Սեքվենավորումը թույլ կտա ընդլայնել առկա գիտելիքները մուտացիաների և հիվանդության զարգացման միջև»,- նշում է Արսեն Առաքելյանը։  ՄԿԻ Մարդու գենոմիկայի լաբորատորիան Հայ-Ռուսական համալսարանի Գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնի հետ համատեղ արդեն մշակել և արտոնագրել է ամբողջական MEFV գենի սեքվենավորման մեթոդ, որը թույլ է տալիս ստանալ գենում առկա բոլոր մուտացիաների մասին տեղեկություններ: Հետազոտությունների հաջորդ փուլը լինելու է գենային թերապիայի կամ գենային ճարտարագիության մեթոդների մշակումը։ Այս մեթոդները թույլ են տալու հիվանդի իմունային բջիջներ ներմուծել MEFV գենի «առողջ» (չմուտացված) տարբերակը կամ  գենոմի խմբագրման մեթոդներով շտկել գենի այն մուտացիաները, որոնք առաջացնում են ընտանեկան միջերկրածովյան տենդը, հետևաբար՝ բուժել հիվանդությունը։ ՄԿԻ-ն ու Գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնը մշակվել են նաև բուժառու-սպեցիֆիկ ցողունային բջիջների ստացման մեթոդ (iPSC)։   Ցողունային բջիջները չտարբերակված բջիջներ են, որոնք ունեն տարբեր տեսակի մասնագիտացված բջիջների վերածվելու եզակի հատկություն։ Այս մեթոդը հնարավորություն կտա բուժառուներից ստանալու ցողունային բջիջներ և դրանցով իրականացնելու ընտանեկան միջերկրածովյան տենդի՝ գենոմի խմբագրմամբ բուժման մեթոդների մշակման գործընացը։   Քաղցկեղի դեմ բջջային թերապիայի ներդրումը Հայաստանում ՄԿԻ-ն չինացի գործընկերների հետ համագործակցություն է սկսում նաև քաղցկեղի դեմ բջջային թերապիայի որոշ մեթոդներ Հայաստանում ներդնելու ուղղությամբ։ Շուշան Յինն իր կարիերայի ընթացքում տեխնոլոգիական մի քանի ընկերություններ է հիմնադրել։ Այժմ նա ղեկավարում է 2021-ին հիմնադրված RockRock Biotechnology ընկերությունը, որը զբաղվում է ոչ արյան քաղցկեղների (օրինակ՝ թոքերի, լյարդի, կրծքագեղձի) դեմ բջջային թերապիաների մշակման աշխատանքներով։ Նախ հասկանանք՝ ինչպես է աշխատում բջջային թերապիան։ Քաղցկեղ առաջանում է այն ժամանակ, երբ մարդու որոշ բջիջներ սկսում են անոմալ աճել ու բազմանալ՝ տարածվելով օրգանիզմում։ Իմունային բջիջներին ոչ միշտ է հաջողվում վնասել քաղկցեղային բջիջները և կանխել դրանց բազմացումն ու տարածումը։ Բջջային թերապիան քաղցկեղի բուժման մեթոդ է, որի ժամանակ իմունային բջիջները ձևափոխվում են այնպես, որ կարողանան ավելի արդյունավետ պայքարել քաղցկեղային բջիջների դեմ։ Հուլիսի 8-ին Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակությունը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայիում (ԳԱԱ) էր։ Պրոֆեսոր Շուշան Յինը ԳԱԱ-ում դասախոսություն ունեցավ՝ ի թիվս այլնի խոսելով նաև քաղցկեղի դեմ բջջային թերապիաների մասին։  Շուշան Յինը դասախոսություն է կարդում ԳԱԱ-ում RockRock Biotechnology-ն ուսումնասիրում և կիրառում է բջջային թերապիայի երկու տեխնոլոգիա՝ CAR-T և CAR-M: Նախ հասկանանք` ինչեր են սրանք։ T բջիջները մեր իմունային համակարգի բջիջներից են, որոնք կիրառվում են քաղցկեղի բուժման նպատակով։ Մասնավորապես՝ քաղցկեղ ունեցող մարդկանցից վերցվում են T բջիջներն ու գենետիկորեն փոփոխվում այնպես, որ կարողանան արտադրել հատուկ մոլեկուլներ՝ սպիտակուցներ, որոնք կոչվում են քիմերային հակագենային ընկալիչներ (անգլերեն՝ chimeric antigen receptors, աստեղից էլ՝ CAR հապավումը  և բուժման մեթոդի անվանումը՝  CAR-T)։ Գենետիկորեն փոփոխված T բջիջները հետ են ներարկվում հիվանդին և սկսում արտադրել CAR սպիտակուցներ, որոնք էլ կարողանում են գտնել ու կապվել քաղցկեղային բջիջներին՝ օգնելով, որ T բջիջները վնասեն դրանք։ Պրոֆեսոր Յինն ասում է՝ սա նման է նրան, երբ որևէ պետություն բավարար զինվորներ չունի կռվելու համար, և դրսից զինվորեր են բերվում, որ նրանք մասնակցեն կռվին։ Նույն կերպ էլ, քանի որ T բջիջներն ինքնուրույն չեն կարողանում հաղթել քաղցկեղային բջիջներին, դրանք փոփոխվում են այնպես, որ կարողանան արտադրել CAR սպիտակուցներ, իսկ վերջիններս էլ օգնում են նրանց քաղցկեղային բջիջների դեմ «կռվում»։ Իր դասախոսության ընթացքում Շուշան Յինը խոսեց նաև CAR-T թերապիայի թերությունների մասին․ այս թերապիայի գինը բավականին բարձր է, այն արդյունավետ է հիմնականում արյան քաղցկեղների դեմ և մեծամասամբ անարդյունավետ է թոքի, լյարդի, կրծքագեղձի և այլ քաղցկեղների դեմ։ Գոյություն ունի բջջային թերապիայի մեկ այլ տեսակ, որի արդյունավետության մասին գիտության մեջ սկսել է խոսվել շատ ավելի ուշ, քան CAR-T թերապիայի մասին։ Խոսքը CAR-M տեխնոլոգիայի մասին է, որի դեպքում քաղցկեղային բջիջների դեմ պայքարելու համար օգտագործվում են իմունային այլ բջիջներ, որոնք կոչվում են մակրոֆագներ (անգլերեն՝ macrophage, այստեղից էլ  CAR-M անվանումը)։ Ի տարբերություն  CAR-T տեխնոլոգիայի՝ CAR-M-ի դեպքում օրգանիզմից անջատվում և գենետիկորեն փոփոխվում են մակրոֆագները, որոնք հետ են ներարկվում օրգանիզմ ու սկսում CAR սպիտակուցներ արտադրել։ Այս տեխնոլոգիայի առավելությունն այն է, որ այն արդյունավետ է նաև ոչ արյան քաղցկեղների դեմ։ Հենց այդ պատճառով էլ պրոֆեսոր Յինի ընկերությունը սկսել է զբաղվել նաև CAR-M տեխնոլոգիայի կիրառմամբ թերապիայի մշակմամբ։ Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի և  RockRock Biotechnology-ի հետ համագործակցությամբ ՄԿԻ-ին նախատեսում է Հայաստանում ներդնել CAR-T և CAR-M տեխոնոլոգիաները։   Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակությունը՝ ԳԱԱ-ում Գիտությունների ազգային ակադեմիա այցի ընթացքում Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Շինչանգ Հանը նշեց՝ իրենց Հայաստան գալու հիմնական նպատակը Հայաստանի հետ հիվանդությունների վերահսկման, ախտորոշման և բուժման ուղղությամբ համագործակցություն սկսելն է։ Լուսանկարում՝ ձախից աջ՝ Շուշան Յինը, Շինչանգ Հանը և ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը կարևորեց կորոնավիրուսային համավարակի շրջանում պրոֆեսոր Շուշան Յինի ցուցաբերած աջակցությունն ու նրան շնորհեց ԳԱԱ հոբելյանական մեդալ։  Աշոտ Սաղյանը նշեց, որ Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակության այցը մեծ հնարավորություն է քննարկելու գիտական և կրթական նոր համագործակցությունները։ Աշոտ Սաղյանը ԳԱԱ հոբելյանական մեդալ է շնորհում Շուշան Յինին ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանը ասում է, որ իրենց ինստիտուտի, Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի և  RockRock Biotechnology ընկերության համատեղ ծրագրերն ու գաղափարները ներկայացվել են նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։  «Նախարարը հաստատեց այս ծրագրերի կարևորությունը Հայաստանում քաղցկեղների և գենետիկական հիվանդությունների դեմ պայքարում որակական փոփոխությունների համար։ Նա առաջարկեց մոտ ապագայում հայկական և չինական գործընկերներին ներկայացնել նախատեսվող մշակումների վերաբերյալ պլանը՝ ավելի մանրակրկիտ քննարկման համար»,- նշում է նա։ ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանի խոսքով համագործակցության շրջանակում իրենց ինստիտուտի ասպիրանտներն առաջիկայում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի վերապատրաստման ծրագրով մեկնելու են Չինաստան՝ Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի Կենսաբժշկության քոլեջ, և վերապատրաստում են անցնելու՝ ծանոթանալով այն բոլոր տեխնոլոգիաներին, որոնք անհրաժեշտ են հետազոտական նոր ուղղությունների համար։ Հաշվի առնելով, որ հետազոտությունները բազմապրոֆիլ են, աշխատանքներում ներգրավվելու են ՄԿԻ տարբեր լաբորատորիաներ և խմբեր, ինչպես նաև Հայ-ռուսական համալսարանի Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնը։ Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակությունը՝ ԳԱԱ-ում Արսեն Առաքելյանը նշում է, որ իրենք նաև քննարկումներ են ունեցել բժշկական համայնքի ներկայացուցիչների հետ, և վերջիններս ևս հետաքրքրված են հետազոտական այս նոր ուղղություններով։ «Մեր ամբողջ նպատակն այն է, որ ստանանք արդյունք, որը հետո հնարավոր կլինի կիրառել հենց Հայաստանում ու հենց կոնկրետ հիվանդությունների բուժման համար։ Ընթացքում, իհարկե, կունենանք մեծաքանակ ֆունդամենտալ հետազոտություններ, արդյունքներ, բայց վերջնարդյունքը, որ տեսնում ենք մեր առջև, Հայաստանում քաղցկեղի ու գենետիկ հիվանդությունների ժամանակ նորագույն տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալու հնարավորությունն է»- ասում է ՄԿԻ տնօրենը։   Գլխավոր լուսանկարում՝ ՄԿԻ գիտնականներն ու Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակությունը՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատանը (լուսանկարում՝ աջից ձախ՝ ՄԿԻ գիտաշխատող, Հայաստանի կենսաինֆորատիկայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ներսիսյանը, ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանը, Շուշան Յինը և Շինչանգ Հանը)։   Աննա Սահակյան  
18:58 - 11 հուլիսի, 2024
Գիտարբուք Նարեկ Սահակյանի հետ. «Տիեզերքի գաղտնիքների բացահայտումը տվյալների օգնությամբ»

Գիտարբուք Նարեկ Սահակյանի հետ. «Տիեզերքի գաղտնիքների բացահայտումը տվյալների օգնությամբ»

Գիտարբուք ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Արմեն Թումասյանի հետ։ - Ծանոթություն- Տեսանելիից՝ անտեսանելին․ տիեզերքի ուսումնասիրությունը առաջ և հիմա, ֆոտոնների գրանցումը- «ՈՒրվական մասնիկների», գրավիտացիոն ալիքների գրանցումը աստղաֆիզիկական աղբյուրների հետազոտության համար- Պարիս Հերունու աստղադիտակն ու կան այլմոլորակայիններ, թե ոչ- Ի՞նչ են սև խոռոչները, ինչպես են առաջանում դրանք- Միֆեր սև խոռոչների մասին- Աստղաֆիզիկայի վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունը արհեստական բանականության ազդեցությամբ- Հայաստանի տեղը աստղաֆիզիկական հետազոտությունների քարտեզի վրա- Ինչո՞ւ ենք տիեզերքում փնտրում ոչ թե մեզանից տարբեր, այլ մեզ նման էակների
18:18 - 01 հուլիսի, 2024
Հակավիրուսային դեղամիջոցների թեկնածուներ փնտրելիս թիրախի ճիշտ կառուցվածքի ընտրությունը կարևոր է․ Denovo Sciences-ի թիմը նոր բացահայտում ունի

Հակավիրուսային դեղամիջոցների թեկնածուներ փնտրելիս թիրախի ճիշտ կառուցվածքի ընտրությունը կարևոր է․ Denovo Sciences-ի թիմը նոր բացահայտում ունի

Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS-CoV-2 վիրուսի թիրախների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ թիրախների որոշ կառուցվածքներ տարբերություններ ունեն։ Դեղամիջոցների հայտնաբերման նախնական փուլում, երբ համակարգչային ծրագրերի օգնությամբ դեղամիջոցների թեկնածու քիմիական միացություններ են ընտրվում, այդ տարբերությունները կարող են հանգեցնել սխալ հաշվարկների։  Այս ուսումնասիրությունն իրականացրել է Denovo Sciences հայկական ընկերությունը, որը զբաղվում է մեքենայական ուսուցման կիրառությամբ դեղամիջոցների թեկնածու քիմիական միացությունների հայտնաբերմամբ։ Ընկերության թիմի ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։   Վիրուսին հաղթելու համար պետք է ճիշտ թիրախ ընտրել  Որպեսզի հասկանանք, թե Denovo Sciences-ն ինչպես է եկել այս բացահայտմանը, նախ պիտի պատկերացում կազմենք այն մասին, թե ինչպես են գործում հակավիրուսային դեղամիջոցները։ Երբ մենք վարակվում ենք որևէ վիրուսով, մեր օրգանիզմում վիրուսը սկսում է կիսվել ու բազմանալ, նրա կրկնօրինակները վարակում են այլ բջիջների՝ առաջացնելով տարբեր հիվանդություններ կամ բարդություններ։ Օրգանիզմում վիրուսների բազմացմանը նպաստում են դրանց մաս կազմող հատուկ մակրոմոլեկուլները՝ սպիտակուցները։ Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS-CoV-2-ի դեպքում այդ սպիտակուցն է Mpro-ն (main protease, հայերեն՝ հիմնական պրոտեազ)։ Որևէ վիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոց գտնելու ճանապարհին գիտնականները նախ այդ վիրուսում թիրախ են ընտրում, որի գործունեության արգելակումը կխանգարի վիրուսին բազմանալ ու տարածվել։ SARS-CoV-2-ի դեպքում այդ թիրախներից մեկը հենց Mpro-ն է, քանի որ եթե այս սպիտակուցն արգելակվի, այն չի կարողանա օգնել վիրուսին բազմանալ։ Որպեսզի քիմիական որևէ միացություն կարողանա ազդել վիրուսի թիրախային սպիտակուցի վրա, պիտի կապվի այդ սպիտակուցին ու փոխազդի նրա հետ։ Սպիտակուցներն ունեն փոսանման հատուկ հատված, որը կոչվում է կապող գրպանիկ (binding pocket): Քիմիական միացությունները սպիտակուցին հասնելիս տեղավորվում են նրա կապող գրպանիկում, փոխազդում սպիտակուցի հետ և ազդում նրա ակտիվության վրա։ Սպիտակուցին կապվող քիմիական միացությունները կոչվում են լիգանտ։   Դեղամիջոցների պոտենցիալ թեկնածուների ընտրությունը Պոտենցիալ արդյունավետություն ունեցող քիմիական միացություններ գտնելու նպատակով գիտնականներն օգտագործում են համակարգչային ծրագրեր․ նրանք համակարգչային ծրագրում մուտքագրում են վիրուսի թիրախային սպիտակուցի կառուցվածքը, այնուհետև այնտեղ վերբեռնում են քիմիական այնպիսի միացություններ, որոնք պոտենցիալ ունեն կապվելու այդ թիրախի հետ։ Համակարգչային ծրագիրն այդ տվյալների հիման վրա հաշվարկում ու կանխատեսում է, թե որ միացությունների դեպքում է  թիրախային սպիտակուցին կապվելու հավանականությունն ավելի մեծ։ Այս գործընթացը կոչվում է վիրտուալ սկրինինգ։ Վիրտուալ սկրինինգի արդյունքում կրճատվում է այն միացությունների քանակը, որոնք գիտնականները պետք է լաբորատորիայում սինթեզեն ու վիրուսների դեմ կիրառեն՝ հասկանալու դրանց արդյունավետությունն իրական կյանքում։ Այստեղ, սակայն, մի կարևոր նրբություն կա․ միևնույն սպիտակուցը կարող է ունենալ տարբեր բյուրեղային կառուցվածքներ, ավելի պարզ ասած՝ նրա բաղկացուցիչ մասերը տարածության մեջ կարող են տարբեր կերպ դասավորված լինել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով (ջերմաստիճան, լիգանտի հետ փոխազդեցություն և այլն)։   Mpro սպիտակուցի 342 կառուցվածքներից մի քանիսի դեպքում ծրագիրը սխալվում է Իր հերթական աշխատանքի ընթացքում, որի նպատակն է գտնել բոլոր կորոնավիրուսների դեմ ընդհանուր դեղամիջոցի թեկնածու քիմիական միացություններ, Denօvo Sciences ընկերության թիմը պարզել է, որ կորոնավիրուսի թիրախային Mpro սպիտակուցի որոշ կառուցվածքներ տարբերություններ ունեն, որոնց պատճառով վիրտուալ սկրինինգի ծրագրերը չեն կարողանում ճիշտ հաշվարկել, թե քիմիական որ միացությունները կարող են կապվել այս սպիտակուցին և ազդել դրա վրա։ Հասկանանք՝ որն է պատճառը։ Սպիտակուցների տվյալների բանկում կան Mpro սպիտակուցի 1374 կառուցվածքների մասին տվյալներ: Այս ցանկից Denօvo Sciences-ի թիմն առանձնացրել է սպիտակուցի 342 ամբողջական բյուրեղային կառուցվածքներ (ամբողջական են համարվում այն կառուցվածքները, որոնք արդեն կապված են լիգանտի հետ և կարող են լիգանտի հետ փոխազդեցության արդյունքում կառուցվածքային փոփոխությունների ենթարկված լինել): Հաջորդիվ նրանք վիրտուալ սկրինինգի երեք ծրագիր են ընտրել, որոնցով հաշվարկել են տարբեր լիգանտների՝ այս կառուցվածքներին կապվելու հավանականությունը։ Սպիտակուցների տվյալների բանկից թիմը վերցրել է 297 լիգանտ, որոնք իրական կյանքում արդեն իսկ կարողացել են կապվել Mpro-ի այդ կառուցվածքներին։ Հետևաբար՝ վիրտուալ սկրինինգի ծրագրերը պետք է կանխատեսեին, որ այս լիգանտները սպիտակուցին կապվելու մեծ հավանականություն ունեն։  Ընկերության թիմը վեցրել է ևս 8910 քիմիական միացություններ, որոնց մասին տվյալները փաստում են՝ դրանք Mpro սպիտակուցին կապվելու հավանականություն չունեն, այսինքն՝ կեղծ թեկնածուներ են։ Այս միացությունների դեպքում ծրագրերը պիտի բացասական արդյունք ցույց տային։  Սակայն վիրտուալ սկրինինգի արդյունքում պարզ է դարձել, որ որոշ կառուցվածքների դեպքում ծրագրերը սխալ կանխատեսումներ են անում, այսինքն՝ իրական կյանքում արդեն իսկ հայտնի է, որ այս կամ այն լիգանտը կարող է կապվել Mpro սպիտակուցի որևէ կառուցվածքի, սակայն ծրագիրը կանխատեսում է, որ այն չի կարող կապվել այդ կառուցվածքին։    Սպիտակուցային որոշ կառուցվածքներ փոփոխված  են Հասկանալու համար, թե ինչու են Mpro սպիտակուցի որոշ կառուցվածքների դեպքում ծրագրերը սխալվում, Denovo Sciences-ի թիմը վիզուալացրել է այդ կառուցվածքների այն հատվածները, որտեղ լիգանտը կապվում է սպիտակուցին։ Այս հատվածների ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սպիտակուցային այն կառուցվածքները, որոնց դեպքում ծրագրերը սխալ կանխատեսումներ են արել, երկու տարբերություն ունեն։ Որոշ կառուցվածքների դեպքում այդ տարբերությունը հետևյալն է․ դրանց այն հատվածներում, որտեղ լիգանտը կապվում է սպիտակուցին, սպիտակուցների բաղկացուցիչ որոշ մասերի դասավորվածության փոփոխության պատճառով մի ենթահատված բացակայում է։ Բացակայող ենթահատվածի պատճառով լիգանտի և սպիտակուցի կապվող հատվածի միջև հեռավորությունն այս կառուցվածքներում մեծանում է։ Կառուցվածքային հենց այս փոփոխության պատճառով է, որ վիրտուալ սկրինինգի ծրագրերը սխալ կանխատեսում են իրականացրել։ Մի քանի սպիտակուցային կառուցվածքներում էլ, ընդհակառակը, տարբերությունն այն է, որ սպիտակուցի բաղկացուցիչ մասերի դասավորվածության արդյունքում, կապող գրպանիկից բացի, առաջացել է ավելորդ ենթագրպանիկ, լիգանտները եկել ու տեղավորվել են այդտեղ։ Հետևաբար՝ ծրագիրը չի կարողացել ճիշտ կանխատեսում անել, քանի որ այն հաշվարկում է լիգանտի՝ հենց հիմնական կապող գրպանիկում տեղավորվելու հավանականությունը։ Սա նշանակում է, որ եթե վիրտուալ սկրինինգի փուլում որպես թիրախային սպիտակուց ընտրվեին այս տարբերություն ունեցող կառուցվածքները, համակարգչային ծրագրերը սխալ կանխատեսումներ էին անելու, ինչն ազդելու էր թեկնածու դեղամիջոցների հայտնաբերման գործընթացի արդյունավետության վրա։ Այսպիսով, հետազոտությունը ցույց է տալիս, որ վիրտուալ սկրինինգի միջոցով թիրախային սպիտակուցին կապվող և դրա վրա ազդող քիմիական միացություններ փնտրելիս պետք է ուշադրություն դարձնել, թե սպիտակուցային ինչ կառուցվածքներ են ընտրվում, քանի որ լիգանտի հետ կապվելու արդյունքում սպիտակուցում տեղի ունեցած կառուցվածքային որոշ փոփոխություններն, ինչպես տեսանք, կարող են հանգեցնել սխալ կանխատեսումների։  Այս բացահայտումը կարևոր է վիրուսների դեմ թեկնածու դեղամիջոցներ փնտրելու գործընթացում, քանի որ կառուցվածքների սխալ ընտրությունը կարող է ազդել վիրտուալ սկրինինգի ծրագրերի տված արդյունքների ճշգրտության վրա։   Գլխավոր լուսանկարում՝ Mpro սպիտակուցն ու նրա կապող գրպանիկը (նկարը՝ Denօvo Sciences-ի) Աննա Սահակյան
17:24 - 21 հունիսի, 2024
«Հայասաթ» ծրագիրը շարունակվում է․ «Բազումք»-ը նպատակ ունի համագործակցելու հայկական տեխնոլոգիական ընկերությունների հետ

«Հայասաթ» ծրագիրը շարունակվում է․ «Բազումք»-ը նպատակ ունի համագործակցելու հայկական տեխնոլոգիական ընկերությունների հետ

Այս տարվա մայիսին տիեզերքում գտնվող «Հայասաթ-1» արբանյակն առաջին անգամ ձայնային ազդանշանի տեսքով Երկիր ուղարկեց Կոմիտասի «Կաքավիկ» երգի մեղեդին։ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանին հանդիպում եմ Զովունիում։ Քայլում ենք այգու միջով․ այստեղ վերգետնյա կապի կայանքն է, որով որսում են «Հայասաթ-1»-ից եկող ազդանշանները։ Ավետիք Գրիգորյանը հիշում է՝ երբ առաջին անգամ արբանյակն անցկացրին ձայնային ազդանշան հեռարձակելու ռեժիմի, չգիտեին՝ երբ կգրանցեն  այդ ազդանշանը, և եկող ռադիոաղմուկի մեջ կոնկրետ որ պահին կհնչի սպասված մեղեդին։  Վերգետնյա կապի կայանքը «Երբ անցնում ենք այդ ռեժիմին, ռադիոաղմուկը որևէ կերպ չի հուշում, թե որ պահին ազդանշանը կգա։ Այդ անորոշության մեջ սպասելիս պատկերացրեք մեր ցնծությունը, երբ հանկարծ առաջին անգամ տիեզերքից հնչեց «Կաքավիկի» մեղեդին։ Շատ հուզիչ պահ էր»,- ասում է «Բազումք»-ի տնօրենը։  «Հայասաթ-1»-ից ստացված ազդանշանների տեսագրությունը (տեսանյութը՝ «Բազումք»-ի) Միասին գնում ենք «Բազումք»-ի այն լաբորատորիան, որը նախատեսված է փոքր արբանյակների երկրային նմուշների հետ աշխատելու համար։ Այստեղ դրված է «Հայասաթ-1»-ի երկրային նմուշը՝ նրա աշխատող կրկնօրինակը, որի վրա նախապես փորձարկվում են տիեզերքում գտնվող «Հայասաթ-1»-ին ուղարկվելիք այն հրահանգները, որոնք կարող են խնդրահարույց լինել։ Ավետիք Գրիգորյանը՝ լաբորատորիայում, սեղանին՝ արբանյակի երկրային նմուշը «Բազումք»-ի ու «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) թիմերի համատեղ ջանքերով ստեղծված «Հայասաթ-1»-ը տիեզերք արձակվեց 2023-ի դեկտեմբերին։ Արձակման հաջորդ օրն իմացանք, որ արբանյակը բացել է անտենաներն, ու ստացվել են առաջին ազդանշանները։ Բայց «Հայասաթ-1»-ը դեռ չէր անցկացվում ձայնային ազդանշան հեռարձակելու ռեժիմին․ սկզբում պետք էր արբանյակից ստացված տվյալների հիման վրա համոզվել, որ նրա հետ ամեն բան կարգին է, և խնդիրներ չկան։ «Հայասաթ-1»-ի ստեղծման աշխատանքները (լուսանկարը՝ «Ինֆոքոմ»-ի արխիվից) «Հայասաթ-1»-ի առանձին մոդուլները՝ ռադիոկապի և էներգասնուցման համակարգերը, ներքին համակարգիչը, արևային վահանակները, ձեռք են բերվել պատրաստի վիճակում, և Հայասանում իրականացվել է դրանց ինտեգրացիան, ստուգաչափումն ու կարգաբերումը։ Արբանյակի ստեղծման հետ կապված բոլոր գնումները, աշխատանքները, արձակումն ու դրանից հետո կատարվող գործառույթները հնարավոր է եղել իրականացնել մասնավոր նվիրատվությունների շնորհիվ։ «Մենք ոչ մի ուրիշ ֆինանսավորում՝ բացի մի քանի դոնորներից, չունենք, և պիտի նվազագույն ծախսով կարողանայինք հասնել այս հաջողությանը, ցույց տալ մեր կարողությունը, որպեսզի հետո պետությունն էլ, տեսնելով այդ կարողությունը, ավելի վստահաբար ձեռք մեկնի ու համագործակցի»,- ասում է Ավետիք Գրիգորյանը։ Ավետիք Գրիգորյանը Քանի որ «Հայասաթ-1»-ը փոքր արբանյակ է, և նրա էներգասնուցման համակարգը շատ հզոր չէր կարող լինել, արձակումից հետո թռիչքի սկզբնական փուլում արբանյակը պահվում էր միայն այնպիսի ռեժիմներում, որոնք շատ էներգասպառող չեն։   Այդ փուլում «Բազումք»-ի վերգետնյա կապի կայանքով ընդունվող ազդանշանների միջոցով արբանյակի վիճակի մասին հնարավորինս շատ տեղեկություններ հավաքելուց հետո միայն որոշում կայացվեց արբանյակն անցկացնել ձայնային ազդանշաններ ուղարկելու ռեժիմի։ «Համոզվեցինք, որ հիմնականում այն, ինչ որ մենք արել ենք, արել ենք ճիշտ, ամեն ինչ ըստ նախատեսվածի աշխատում է, եթե կան որոշ խնդիրներ, ապա դրանք մեզնից չեն բխում, այլ այն մոդուլներից, որ մենք գնել ենք ժամանակին։ Սակայն դրանք կրիտիկական չեն, և այդ առումով մեր նպատակներին հասանք, համոզվեցինք և ապացուցեինք, որ մենք ունենք արբանյակ ստեղծելու, արձակելու և աշխատեցնելու կարողություն»- ասում է Ավետիք Գրիգորյանը։  «Հայասաթ-1»-ին ցուցադրությունը՝ Ինժեներական քաղաքի Գիտության և տեխնիկայի թանգարանում (լուսանկարը՝ «Բազումք»-ի) Նա հիշում է, որ իրենց համար ոգևորիչ էր նաև այն պահը, երբ «Հայասաթ-1»-ի հետ հերթական կապի ժամանակ հնարավոր եղավ առաջին անգամ իրար հետևից ստանալ «Կաքավիկ»-ի մեղեդին, Մորզեի այբուբենով կոդավորված տեղեկություններ և տեքստային ինֆորմացիա։ «Բազումք»-ի տնօրենն ինձ ցույց է տալիս համակարգչում պահպանված տեքստային ինֆորմացիան, որ ստացել են արբանյակից։ Ուշադիր լինելու դեպքում այնտեղ կգտնեք հետևյալ տողերը․ «Armenia in Space for Science» (անգլերենից թարգմանաբար՝ «Հայաստանը տիեզերքում՝ հանուն գիտության»)։ Արբանյակից ստացված տեքստային ինֆորմացիան (լուսանկարը՝ «Բազումք»-ի) Այժմ, երբ ամենակարևոր քայլն արված է, և Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը տիեզերքում է, նրա մասին տեղեկությունները պարբերաբար ստացվում և վերլուծվում են, «Բազումք»-ը նախատեսում է իրականացնել նոր ծրագրեր։ Արբանյակի վիճակի և աշխատանքի մասին հավաքած տվյալները կօգնեն հետագա ծրագրերի ընթացքում։ «Հայասաթ-1»-ը փոքր արբանյակ է` յուրաքանչյուր կողմի երկարությունը՝ 10 սանտիմետր։ Հետագա արբանյակներն ավելի մեծ են լինելու։  Ավետիք Գրիգորյանն ասում է, որ իրենց հետագա ծրագրերը միտված են լինելու աջակցելու պետությանը «ArmSat» ծրագրով սեփական տիեզերական կարողություններ զարգացնելու գործում։ Երկու տարի առաջ, հիշեցնենք, Հայաստանը գնեց «ArmSat-1» արբանյակը, որն այժմ տիեզերքում է։ «Բազումք»-ի առաջարկած «Հայասաթ» ծրագրի նպատակն է, մշակելով և տիեզերքում փորձարկելով հայրենական արբանյակային մոդուլներ, հասնել նրան, որ «ArmSat» ծրագրի հաջորդ արբանյակների մոդուլները սկսեն կամաց-կամաց փոխարինվել դրանց հայրենական մոդելներով։ «Հայասաթ-1»-ը (լուսանկարը՝ «Բազումք»-ի) Այս նպատակով «Բազումք»-ն առաջիկայում նախատեսում է երկու տարին մեկ նոր արբանյակ ուղարկել տիեզերք։ Արբանյակների մոդուլները «Բազումք»-ը շարունակելու է գնել արտասահմանյան մատակարարներից, ինչպես «Հայասաթ-1»-ի դեպքում, սակայն, համագործակցելով տեղական գործընկեր կազմակերպությունների հետ, ամեն անգամ այդ մոդուլներից 1-2-ի (օրինակ՝ ռադիոկապի կամ կողմնորոշման համակարգի) հայրենական տարբերակն է ստեղծելու և որպես փորձարկման ենթակա օգտակար բեռ արբանյակի հետ ուղարկելու տիեզերք։ Արբանյակի օգտակար բեռ են համարվում այն սարքերը, որոնք տարբեր առաքելությունների ժամանակ արբանյակի հետ ուղարկվում են տիեզերք և այդ սարքի աշխատանքի մասին տեղեկություններ ուղարկում Երկիր։ Երբ «Բազումք»-ը համեմատի արբանյակի գնված մոդուլի և նույն գարծառույթը կատարող հայրենական օգտակար բեռի աշխատանքային վարքագծերը տիեզերքում ու համոզվի, որ հայրենական մոդելը տիեզերական պայմաններում աշխատում է նույնքան հաջող կամ նույնիսկ ավելի լավ, այն կտեղադրվի հաջորդ «Armsat» արբանյակում՝ որպես համապատասխան հիմնական մոդուլ։ Ավետիք Գրիգորյանն ասում է, որ եթե ամեն ինչ ըստ պլանավորածի ընթանա, 6-7 տարուց հնարավոր կլինի տիեզերք ուղարկել արբանյակ, որի հիմնական մոդուլները կլինեն հայրենական արտադրության․ «Կամաց-կամաց առաջ կգնանք, մինչև ուղեղն էլ կփոխենք՝ բորտ-համակարգիչը, և այն կդառնա հայրենական արբանյակային պլատֆորմ»։ Այս գաղափարի մասին արդեն բանավոր ասվել է Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին։ Ավետիք Գրիգորյանը նշում է, որ կառավարությունն իրենց կարող է օգնել՝ գնելով արբանյակային մոդուլներ և դրանց հետ կապված տեխնոլոգիաները, որպեսզի հետո դրանց օգնությամբ մշակվեն համապատասխան հայրենական մոդուլները։ «Բազումք»-ի տնօրենը լիահույս է, որ կառավարությունից աջակցությունը կլինի, իսկ «Հայասաթ» և «Armsat» ծրագրերը, զուգահեռ զարգանալով, կաջակցեն իրար։  «Բազումք»-ում «Բազումք»-ն առաջիկայում նախատեսում է  համագործակցել ֆրանսիական Վերսալի համալսարանի հետ։ Այս համագործակցության շրջանակում «Բազումք»-ն ազդանշաններ է որսալու ֆրանսիական արբանյակներից, երբ դրանք անցնելիս լինեն Հայաստանի վերևով, իսկ Վերսալի համալսարանը՝ «Հայասաթ-1»-ից և հաջորդ «Հայասաթ»-ներից, երբ դրանք Ֆրանսիայի վերևով անցնեն։ Այսպես երկու կողմերն իրար տեղեկություններ են փոխանցելու միմյանց արբանյակների մասին։ Ավետիք Գրիգորյանն ասում է՝ այժմ ուզում են համագործակցությունն ամրապնդել հուշագրով, ինչպես նաև ներգարվել Ամերիկյան համալսարանին, որ համագործակցությունը կրթական բաղադրիչ ունենա․ ուսանողները մասնակցեն արբանյակներից տեղեկությունների ընդունման, վերլուծման գործընթացին, ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացվեն։ Հետագա արբանյակների ստեծման գործում «Բազումք»-ը ցանկանում է նաև համագործակցել հայկական տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնք կարող են իրենց համար մշակել ու պատրաստել որպես օգտակար բեռ տիեզերք ուղարկվելիք մոդուլները։  «Տիեզերական բարձր տեխնոլոգիական ոլորտը, որը շատ բազմաճյուղ է, կարող է դառնալ լոկոմոտիվ բարձր տեխնոլոգիական այլ ուղղությունների համար։ ․․․․ Նրանք կներգրավվեն իրենց ուղղությամբ, բայց ավելի բարձր տեխնոլոգիական պահանջներով նախագծերի մեջ, և դա նրանց համար նաև շանս կլինի ավելի աճելու, մասնագետներ աճեցնելու»։ Այժմ տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ընկերությունների փնտրտուքի մեջ է։ Իհարկե, նոր ու ավելի հավակնոտ ծրագրերի հետ շատանալու են նաև դժվարությունները։ Նախ, ավելի մեծ արբանյակների մոդուլների ինտեգրումը, համակարգերի համաձայնեցված աշխատանքն ապահովելը բարդ գործ է։ Մեծ աշխատանք ու ջանքեր է պահանջելու նաև հայրենական մոդուլների ստեղծումը։ Բայց Ավետիք Գրիգորյանն, ինչպես միշտ, լավատես է ապագա նապաձեռնությունների հաջողության հարցում։  Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Մարգարիտա Հովհաննիսյանի
18:57 - 18 հունիսի, 2024
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։ Վերջին շրջանում ակադեմիական հանրությունն ակտիվորեն քննարկում է այս թեմաները, և սպասվող փոփոխությունների վերաբերյալ մի շարք խնդիրներ ու մտահոգություններ են բարձրաձայնվում։  «Ինֆոքոմի» այս հոդվածը նպատակ ունի համապարփակ և համակողմանի ներկայացնելու բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը, գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը, գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները, Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) բարեփոխումների օրակարգն ու առաջարկները, կառավարության հիմնավորումները, համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով, Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։   Թեմաներ Հայաստանի գիտական համակարգի խնդիրներն՝ ըստ ԵՄ փորձագետների «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի՝ հավերժ լրամշակվող նախագիծը Ակադեմիական քաղաքն ի սկզբանե բուհերի մասին էր Գիտական կազմակերպությունների օպտիմալացումը Բարձրագույն կրթության թիրախները Մասնակի՞, թե՞ ամբողջական միավորում ԳԱԱ առկախված բարեփոխումները Կառավարության հայտարարությունը, որն «ընդամենը հայտարարություն էր» Հայեցակարգ, որն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան հարցերի պատասխանում Միավորումը կնպաստի՞ գիտնականների թվի աճին Հետազոտական համալսարաններ․ միավորումը լուծո՞ւմ է Ինտիտուտների միավորումը բուհերին Վրաստանի օրինակով․ զուգահեռներ Հայատանի հետ Ամբո՞ղջ գիտությունը, թե՞ դրա մի մասը կարող է լինել ակադեմիական քաղաքում ԳԱԱ նոր առաջարկները Գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը Լեհաստանի օրինակով Ամփոփում   Հայաստանի գիտական համակարգի խնդիրներն՝ ըստ ԵՄ փորձագետների  Ներկայիս բարեփոխումների հիմքում ընկած վերլուծություններից ու հետազոտություններից խոսելիս Հայաստանի կառավարությունը հիմնականում հղում է անում «Նշաձողի բարձրացում. գիտության նոր առաքելությունը Հայաստանի զարգացման մեջ» զեկույցին։  2018-ի հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը դիմեց Եվրոպական հանձնաժողովին գիտահետազոտական ինստիտուտների կատարողականի բարեփոխման ու կատարելագործման, ինչպես նաև բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ խորհրդատվություն ստանալու նպատակով։ Եվրամիության (ԵՄ)՝ անկախ փորձագետներից կազմված խումբը 2019-ին երկու անգամ այցելեց Հայաստան, մինչև 2020-ի փետրվարն ուսումնասիրություններ իրականացրեց և կազմեց վերը նշված զեկույցը: Հայաստանի բարձրագույն կրթության ու գիտության միջև անջրպետ կա․ սա զեկույցի ամենակարևոր արձանագրումներից մեկն էր։ Հետազոտության հեղինակները Հայաստանի կառավարությանը խորհուրդներ ու առաջարկներ ներկայացրին, թե ինչպես վերացնել այդ անջրպետը, բարելավել գիտության ֆինանսավորման մեխանիզմները, վերակազմավորել գիտական համակարգը։ Ուղերձներ Հայաստանի կառավարությանը Զեկույցի սկզբնական հատվածում խոսվում է Հայաստանում գիտական համակարգի հստակ հայեցակարգի բացակայության մասին։ Հեղինակները գալիս են այն եզրահանգմանը, որ Հայաստանի գիտական համակարգը համախմբման և վերակազմավորման կարիք ունի, ինչպես նաև անհրաժեշտություն կա ամրապնդելու հետազոտությունների վրա հիմնված բարձրագույն կրթությունը։  Նրանք շեշտում են, որ Հայաստանում համալսարանները թույլ կարողություններ ունեն ստեղծելու համար այնպիսի միջավայր, որում գիտահետազոտական ինստիտուտները կարողանան որակյալ հետազոտություններ իրականացնել։  Ամփոփելով հետազոտության առաջին հատվածը՝ հեղինակները Հայաստանի կառավարությանը երեք հիմնական ուղերձ են հղում․  ավելացնել գիտության ֆինանսավորումը,  խուսափել չափից ավելի արագ վերակազմավորումից, քանի որ գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների արագացված միաձուլումը կատարողականի վատթարացման ռիսկեր է պարունակում, գիտական ինստիտուտները գնահատելիս և ֆինանսավորելիս հավասարակշռություն հաստատել միջազգային նշանակություն ունեցող հետազոտությունների և տեղական նշանակություն ունեցող այնպիսի հետազոտությունների միջև, որոնք նպաստում են երկրի սոցիալական և տնտեսական զարգացման խնդիրների լուծմանը։  Այնուհետև զեկույցում խոսվում է Հայաստանի գիտական համակարգի վիճակի մասին, և հեղինակները կառավարությանը 19 առաջարկ են ներկայացնում համակարգի խնդիրների լուծման ուղղությամբ։ Բարձրագույն կրթություն-գիտություն անջրպետը «Հետազոտական ինստիտուտի համակարգը» բաժնում խոսվում է Հայաստանում բուհերի ու գիտական կազմակերպությունների միջև համագործակցությունից: Բուհերի ներկայացուցիչների հետ զրույցներում հետազոտության հեղինակները պարզել էին այն խնդիրը, որ դասախոսները շատ ծանրաբեռնված են, քանի որ ամբողջական դրույքով աշխատավարձ ստանալու համար նրանցից պահանջվում է դասավանդել մինչև 700 ժամ: Ամիսներ առաջ «Ինֆոքոմն» այս թեմաներով զրուցել էր Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) տնօրեն Գևորգ Քառյանի հետ։ Գևորգ Քառյանի խոսքով ամբողջական դրույք ձևավորելու համար անհրաժեշտ ժամաքանակի հավաքագրումը դասախոսներին թույլ չի տալիս հետազոտական աշխատանքով զբաղվել, քանի որ նրանք դրա համար ժամանակ չեն ունենում, հետևաբար՝ դադարում են լինել ակտիվ գիտնական։ Խոսելով այն մասին, թե ինչու գիտական կազմակերպությունների գիտաշխատողների համար գրավիչ չէ համալսարաններում դասավանդելը՝ Գևորգ Քառյանը կրկին նշել էր ժամաքանակի բաշխման խնդիրը․ քանի որ բուհերում ժամաքանակն այնպես է բաշխվում, որ այդ կառույցների դասախոսներն ապահովված լինեն ամբողջական դրույքով, գիտական կազմակերպություններից եկած գիտնականների համար շատ քիչ ազատ դասաժամեր են մնում։  Գևորգ Քառյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ, իսկ մենք վերադառնանք զեկույցին։  Հետազոտության հեղինակները 2019-ին զրուցել էին նաև գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ընդգծել էին՝ կարծես թե քաղաքական մտածողության փոփոխություն է առաջանում՝ միտված ողջ գիտությունը համալսարաններ տեղափոխելուն, ապա նշել՝ հնարավոր է աստիճանական անցում, ոչ թե հեղափոխական: Առաջարկներ և սցենարներ «Հայաստանում գիտության ոլորտի կատարողականի և հասարակական ու տնտեսական համապատասխանությունը բարելավելու տարբերակներ» բաժնում փորձագետները կառավարությանը մի քանի առաջարկներ են ներկայացնում, այդ թվում՝ բարձրագույն կրթության հատվածը համախմբել սահմանափակ թվով (5-6) բազմապրոֆիլ համալսարանների շուրջ, որոնք կիրականացնեն և′ բարձրագույն կրթություն, և′ հետազոտություններ, ապահովել գիտական հետազոտությունների պետական ֆինանսավորման մակարդակի զգալի աճ, իրականացնել ԳԱԱ դերի փոփոխություն՝ այն դարձնելով ակադեմիական հանրույթ (learned society), ինչպես եվրոպական շատ երկրներում։ Հետազոտության հեղինակները հաջորդ՝ «Համախմբման և փոխգործակցության խթանմանն ուղղված միջոցառումներ» բաժնում բարձրագույն կրթություն-գիտություն համագործակցության երեք սցենար են առաջարկում՝ նշելով․  «Սույն զեկույցի նպատակը Հայաստանում ներկայումս գործող երեք հիմնական տիպի գիտահետազոտական ինստիտուտների (ԳԱԱ ինստիտուտներ, պետական ինստիտուտներ և համալսարաններում գործող լաբորատորիաներ ու ինստիտուտներ) միաձուլման կամ միավորման վերաբերյալ որոշումների կանխումը չէ՛: Այսուհանդերձ, հետազոտական համակարգի հետագա միավորման հնարավոր սցենարները հետևյալն են․ Ներկա վիճակի պահպանում՝ հետազոտական ինստիտուտների երեք հիմնական տեսակներով, և ջանքերի գործադրում՝ ուղղված համագործակցությանն ու ժամանակի ընթացքում հետազոտական ինստիտուտների «կամավոր» միավորումներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առանձնահատկությունները։ ԳԱԱ և այլ ինստիտուտների ինտեգրում բուհերի կառուցվածքում, որի դեպքում այդ ինստիտուտների աշխատակիցները դառնում են համալսարանների անձնակազմի անդամներ։ Այս գործընթացի իրականացման համար ժամանակ է հարկավոր. Էստոնիայում, օրինակ, համալսարանների կառուցվածքում Գիտությունների ակադեմիայի նախկին ինստիտուտների լիարժեք ինտեգրման համար պահանջվեց ավելի քան մեկ տասնամյակ։ Համալսարաններում հետազոտությունների հզորացում, ԳԱԱ և այլ գիտահետազոտական ինստիտուտների վերակազմավորում պետական աջակցություն ունեցող մեկ կամ մեկից ավելի հետազոտական կազմակերպությունների, ինչպիսիք գործում են եվրոպական երկրներում (օրինակ՝ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը (CNRS), Fraunhofer, Leibniz, Helmholtz և Max-Planck ինստիտուտները՝ Գերմանիայում և այլն)։ Այս մոդելում հետազոտողները հաճախ ունենում են երկակի կարգավիճակ՝ համարվելով և′ համալսարանների, և′ ինստիտուտների աշխատակիցներ, իսկ պետական ինստիտուտները համատեղ կարող են տարածքներ զբաղեցնել համալսարաններում»։ Այս զեկույցի հրապարակումից մի քանի տարի անց՝ 2023-ի հուլիսին, Հայաստանի գիտական համայնքի ներկայացուցիչները քննարկում էին կազմակերպել զեկույցի համահեղինակներ Ալասդաիր Ռեիդի և Գորան Մելինի մասնակցությամբ։ Քննարկան ընթացքում «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը հիշեցրեց, որ զեկույցում գիտական համակարգը փոփոխելու երեք սցենար է առաջարկվում, սակայն հեղինակների՝ կառավարությանն ուղղած խորհուրդները համընկնում են հենց երկրորդ՝ միավորման տարբերակին՝ չներկայացնելով հիմնավորումներ, թե ինչու է պետք ընտրել հենց երկրորդ սցենարը։ Ի պատասխան՝ Ալասդաիր Ռեիդը նշեց՝ իրենք հակված չեն եղել որևէ սցենար ընտրելու։ Նա հիշեցրեց, որ զեկույցում էլ են շեշտել՝ Ակադեմիայի ինստուտների միավորումը համալսարաններին ուրիշ երկներում տասնամյակներ է տևել, և շտապելու դեպքում ինստիտուտների արդյունավետ խմբերը կարող են վտանգվել։  «Առանց անդրադառնալու ԳԱԱ-ին՝ որպես ամբողջական կառույցի, մենք նկատել էինք, որ ԳԱԱ-ում կան գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք բավականին լավ են աշխատում: Մեր հիմնական մտահոգությունն այն էր, որ համակարգի ներսում համագործակցություն լինի։ Կան տարբեր մոդելներ, մենք այդ մասով առաջարկներ ենք ներկայացրել: Մեր նպատակն ի սկզբանե անջրպետի նվազեցումն էր Ակադեմիայի, գերատեսչությունների ենթակայությամբ գործող ինստիտուտների ու բարձրագույն կրթական համակարգի միջև։ …. Չէի ասի՝ զեկույցում մենք խորհուրդ ենք տվել կոնկրետ մեկ սցենար։ Կարծում եմ, որ երեք սցենարներն էլ ունեն իրենց դրական և բացասական կողմերը և պետք է իրականացվեն շատ զգույշ ու կշռադատված ազգային տեսլականի համատեքստում, թե ինչպես պիտի գիտությունը, հետազոտությունն ու մշակումները (R&D) նպաստեն ազգային զարգացմանը»։ Արդյո՞ք Հայաստանի ազգային զարգացումից է բխում բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում մեկնարկած բարեփոխումների գործընթացը՝ դժվար է ասել։ Գործընթացում դեռ շատ հարցեր են անպատասխան մնում, այդ թվում՝ բուհերի, Գիտությունների ազգային ակադեմիայի, դրա կազմում կամ դրանից դուրս գիտական կազմակերպությունների կարգավիճակները։   ⇑    «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի՝ հավերժ լրամշակվող նախագիծը 2018-ի իշխանափոխությունից առաջ Հայաստանն ուներ Կրթության և գիտության նախարարություն, իսկ նախարարն էր Լևոն Մկրտչյանը։ Այդ կառավարության օրոք մեկնարկել էր բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթաց, ձևավորվել էր աշխատանքային խումբ։ Գործըթացին աջակցում էր նաև միջազգային փորձագիտական խումբ, որը, հիմնվելով Դանիայի փորձի վրա, բուհերի դասակարգման մոդել էր մշակել։  2017-ին հանրային քննարկման ներկայացվեցին «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի», ինչպես նաև «Բարձրագույն կրթության մասին» օրենքի, «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքի նախագծերը։ 2018-ի հունվարի դրությամբ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն արդեն ներկայացված էր Ազգային ժողովի (ԱԺ) հաստատմանը։ 2018-ի գարնանն իշխանափոխություն տեղի ունեցավ, և նոր կառավարությունը սկսեց բարձրագույն կրթական և գիտական համակարգերի սեփական բարեփոխումները։ 2018-ի հոկտեմբերին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը խոսեց ոլորտի բարեփոխումներից։ Նա նախ նշեց, որ և՛ բուհական, և՛ գիտական համակարգում օպտիմալացումների անհրաժեշտություն կա։ Ապա ասաց, որ չնայած կառավարությունն ի սկզբանե ցանկանում էր «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագիծ շրջանառել, սակայն ի վերջո որոշում կայացվեց բարձագույն կրթությունն ու գիտությունը կարգավորող առանձին օրենքների փոխարեն ունենալ միասնական օրենք։ 2019-ի հունիսին՝ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, արդեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը կրկին խոսեց գիտության և բարձրագույն կրթության ոլորտների միավորման մասին և հիշեցրեց, որ կառավարությունը 2018-ից սկսել է մշակել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը։ Անդրադառնալով բուհերին՝ նա խոսեց Պոլիտեխնիական համալսարանն ու Ճարտարապետության և շինարարության համալսարանը միավորելու նպատակադրության մասին։ Այսպիսով, այն, որ կառավարությունը բուհերն օպտիմալացնելու և բարձրագույն կրթությունն ու գիտությունն ինտեգրելու մտքեր ունի, պարզ էր արդեն 2018-ի ավարտին և 2019-ի կեսերին։ 2019-ի դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։ Այս նախագծից պարզ դարձավ, որ կառավարությունը մտադիր էր գիտական կազմակերպությունները հանել ԳԱԱ համակարգից։ «Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտական ինստիտուտները օժտված չեն բավարար ինքնուրույնությամբ և ազատություններով․ կայացվող որոշումները ենթակա են վավերացման Ակադեմիայի նախագահության համապատասխան բաժանմունքների կողմից»,- ասվում էր նախագծի հիմնավորման մեջ։ Օրենքի նախագծով սահմանվում էր, որ ԳԱԱ-ն ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է ակադեմիական գիտական տիտղոսներ ունեցող և Հայաստանի կամ օտարերկրյա ճանաչված գիտնականներին: «Ակադեմիայի հիմնական գործառույթը գիտության զարգացման և գիտահետազոտական գործունեության արդյունքների ներդրման, ինչպես նաև հանրապետության տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման ուղղությամբ համապատասխան ոլորտի պետական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմիններին Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով խորհրդատվության տրամադրումն է»,- նշվում էր նախագծում։ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը սահմանում է, որ ԳԱԱ-ն հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն է։ Օրենքի 11-րդ հոդվածում նշվում է, որ ԳԱԱ-ն իր կազմում, ի թիվս այլնի, միավորում է Ակադեմիայի բաժանմունքները, աշխատակազմը և կազմակերպությունները, որոնց ցանկը հաստատում է կառավարությունը: Այն կետն, ըստ որի՝ Ակադեմիան իր կազմում միավորում է նաև գիտական կազմակերպություններ, փաստորեն, դուրս էր մնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծից։ Իսկ նախագծի ընդունումից հետո «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքն ուժը կորցված էր ճանաչվելու։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով նաև սահմանվում էր, որ գիտական կազմակերպություններն ունենալու են 8 հոգուց կազմված կառավարման խորհուրդ և կարողանալու են այլ գիտական կազմակերպությունների կամ բուհերի հետ ստեղծել համագործակցային ցանցեր (կոնսորցիումներ) կամ անդամակցել դրանց՝ գիտահետազոտական, գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծման նպատակով։  Իսկ հիմնավորման մեջ նշվում էր, որ նախագծով անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների և բուհերի համագործակցության և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով։ Հարկ է նաև նշել, որ ըստ նախագծի՝ ԳԱԱ-ն կարողանալու էր ստեղծել գիտական կազմակերպությունների համագործակցային ցանցեր՝ գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծմանն աջակցելու նպատակով:  ԳԱԱ-ում այս նախագիծը դժգոհություններ առաջացրեց։ ԳԱԱ այն ժամանակվա նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ նախագծի որոշ կարգավորումներ նշանակում են «քանդել Ակադեմիան»։   Այդ ժամանակ նաև խոսակցություններ կային, թե առաջարկվող փոփոխություններով գիտական կազմակերպությունները միացվելու են բուհերի ֆակուլտետներին։ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան, ասաց, որ գիտական ինստիտուտները բուհերի ֆակուլտետների հետ պարտադիր միավորելու որևէ իրավակարգավորում օրենքի նախագծում առկա չէ, և խոսքը բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելու մասին է։ Անկախ ԳԱԱ-ից հնչող մտահոգություններից՝ օրենքի նախագիծը 2020-ի ավարտին արդեն ԱԺ-ում էր։ Օրենքն ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց մարտին, սակայն նախագահն այն չստորագրեց և ուղարկեց Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ վիճարկելով որոշ դրույթներ։ ՍԴ-ն օգոստոսին որոշում հրապարակեց՝ հակասահմանադրական ճանաչելով օրենքի որոշ դրույթներ (այդ դրույթները վերաբերում էին բուհերի ինքնավարությանը)։ ԳԱԱ նախագահի ընտրություններն ու օպտիմալացման օրակարգը 2020-ի ավարտին Արայիկ Հարությունյանը տեղափոխվեց վարչապետի աշխատակազմ, և նոր նախարար նշանակվեց Վահրամ Դումանյանը։ Մինչ որոշ դրույթներով հակասահմանադրական ճանաչված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը լրամշակման փուլում էր, ԳԱԱ-ում 2021-ին տեղի ունեցան նախագահի ընտրություններ։ Նոր նախագահ ընտրվեց մինչ այդ Հայկենստեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Սաղյանը։  Աշոտ Սաղյանը Ընտրվելուց հետո Աշոտ Սաղյանը հայտարարեց, որ եկել է ԳԱԱ-ն բարեփոխելու։ ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ ասուլիսի ընթացքում նա նշեց, որ Ակադեմիայի համակարգի գիտահետազոտական ուղղությունների օպտիմալացումն իր ծրագրի գլխավոր կետերից մեկն է։  Աշոտ Սաղյանն անդրադարձավ նաև գիտական ինստիտուտները ԳԱԱ համակարգից հանելու մասին խոսակցություններին․ «Սա (ԳԱԱ-ն,- խմբ․) կայացած համակարգ է, որն աշխատում է։ Կայացածը քանդելն, ինչ-որ նոր բան հորինելը ոչ միշտ է, որ արդարացնում է։ Ընդհակառակը՝ պետք է գտնել սխալները, փորձել ուղղել սխալները և առաջ գնալ»։ ԳԱԱ նախագահն ասաց, որ կրթության և գիտության միաձուլում, վերջիվերջո, պետք է տեղի ունենա։ Աշոտ Սաղյանն ասաց, որ այդպիսի նախադրյալ է երկու համակարգերի միջև համագործակցության ուժեղացումը, քանի որ հենց համագործակցության ուժեղացումից հետո պարզ կդառնա, թե ինչպիսի միավորումներ կարելի է իրականացնել․ «Եվ դա կլինի արդեն ոչ թե մեխանիկական, այլ բովանդակային [միավորում]»։ Ընտրվելուց մեկ ամիս անց՝ իր հարցազրույցներից մեկի ժամանակ, ԳԱԱ նախագահն ասաց, որ երբ Արայիկ Հարությունյանի՝ նախարար եղած ժամանակ առաջին անգամ սկսվել են գիտական ինստիտուտների ու բուհերի հնարավոր միավորման մասին խոսակցությունները, իրենք հանդիպումներ են ունեցել, առաջարկել են միջանկյալ ժամկետ սահմանել և փորձել խթանել համագործակցությունը բուհերի ու ինստիտուտների միջև։ Նա նաև ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում այդ համագործակցությունը։ Աշոտ Սաղյանի խոսքով այս ամենին զուգահեռ պետք էր ինստիտուտներում ստեղծել համալսարանական մասնագիտական ամբիոններ․ «Դա ավտոմատ ձևով, ինքն իրեն բերելու է նրան, որ պարզ է դառնալու՝ որ ինստիտուտը համալսարանի որ ֆակուլտետի հետ կարող է միանալ»։ Օրենքի լրամշակված նախագիծը 2021-ի հոկտեմբերին շրջանառության մեջ դրվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված նախագիծը, որը համապատասխանեցված էր ՍԴ որոշման պահանջներին։ Այդ շրջանի հայտարարություններից տեղեկանում ենք, որ շրջանառված նոր տարբերակում նույնությամբ պահպանված են եղել ԳԱԱ-ին ու գիտական կազմակերպություններին վերաբերող հոդվածները (նախագծի նախնական տարբերակը համացանցում առկա չէ)։ Նախագծի ամփոփաթերթում, սակայն, երևում է, որ ԳԱԱ-ից փոփոխությունների մի քանի առաջարկներ են եղել, որոնք ընդունվել են։ 2022-ի հունվարին ԿԳՄՍՆ-ից Հանրային հեռուստաընկերությանը հայտնեցին, որ կառավարությունն ընդունել է ԳԱԱ-ի՝ լրամշակման առաջարկները։ Կատարված փոփոխություններից հետո նախագծի՝ ԳԱԱ-ին վերաբերող բաժնում սահմանվում էր, որ այն իր կազմում միավորում է նաև ԳԱԱ համակարգի կազմակերպությունները: Օրենքի նախագծով նշվում էր, որ ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների կառավարման առանձնահատկությունները սահմանվելու են Ակադեմիայի կանոնադրությամբ: Փոփոխություն կար նաև ԳԱԱ գործառույթների նկարագրության մեջ․ եթե օրենքի նախնական տարբերակում խորհրդատվության տրամադրումն ակադեմիայի հիմնական գործառույթն էր, ապա փոփոխված տարբերակում դա լինելու էր նրա գործառույթներից մեկը միայն։ Օրենքի նախագծի հոդվածներից մեկն էլ սահմանում էր, որ Ակադեմիայի ղեկավար կազմում ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 75 տարին: ԳԱԱ նախագահը հունվարին, անդրադառնալով կառավարության կողմից իրենց առաջարկներն ընդունելու փաստին, նշեց, որ նախարար Վահրամ Դումանյանի հետ երկար քննարկումներ են ունեցել թեմայի վերաբերյալ։  Կառավարությունը, փաստորեն, 2022-ի սկզբին ընդառաջ գնաց ԳԱԱ առաջարկներին․ օրենքի նոր նախագծով հնարավորություն էր ստեղծվում ԳԱԱ կազմում գիտական կազմակերպություններ ունենալու։ Նախագծի հիմնավորման մեջ շարունակում էր մնալ այն ձևակերպումը, թե գիտական կազմակերպությունները բուհերի կազմում ընդգրկվելու իրավական հիմքեր են ստեղծվելու։  Նշենք, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իրավագիտության ֆակուլտետն այս նախագծի վերաբերյալ 2020-ի փետրվարին փաստաթուղթ հրապարակեց՝ անդրադառնալով նաև հիմնավորման մեջ արված այս ձևակերպմանը և նշելով, որ այդպիսի իրավական հիմքեր օրենքով փաստացի ստեղծված չեն։  ԳԱԱ ակդեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը 2023-ի սկզբին մեզ տված հարցազրույցում պատմում էր, որ 2022-ի հուլիսին «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծն իր վերջնական փուլում էր, համաձայնեցված էր գերատեսչությունների, շահագրգիռ կողմերի միջև ու պիտի ուղարկվեր ԱԺ։ Սակայն ամռանն այն չուղարկվեց ԱԺ, քանի որ, ըստ Արթուր Իշխանյանի, կառավարությունը նախընտրեց սկզբում գնահատել իրավիճակը, ապա ռազմավարական որոշումներ կայացնել, որոնցից էլ պետք է բխեր նոր օրենքը։ Սեպտեմբերի վերջին ներկայացվեց օրենքի ևս մի լրամշակված տարբերակ։ Այս տարբերակում պահանվել էր այն կարգավորումը, ըստ որի՝ ԳԱԱ-ն իր կազմում միավորում է այդ թվում գիտական կազմակերպությունները։ Սակայն անցումային դրույթներում ավելացել էր նոր կետ: Այս նոր նախագծի ներկայացմանը նախորդել էր «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրի» հրապարակումը։ Իսկ այս ծրագրում որպես իրականացվելիք քայլեր ներառվել էին ակադեմիական քաղաքի ստեղծումը, բուհերի խոշորացումը և դրանց գիտական կազմակերպությունների միացումը։   ⇑    Ակադեմիական քաղաքն ի սկզբանե բուհերի մասին էր Ակադեմիայում ընտրություններին ու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված տարբերակը շրջանառելուն զուգահեռ Հայաստանում արդեն սկսվել էին ակադեմիական քաղաքի մասին խոսակցությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարի մասին առաջին անգամ խոսեց 2021-ի մարտին, երբ այցելել էր ԿԳՄՍՆ։  Վարչապետը հավելեց, որ բազմաթիվ բուհեր իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատասխանում բարձրագույն կրթության ժամանակակից չափորոշիչիներին։  Այս և հետագա հայտարարությունները փաստում են, որ ակադեմիական քաղաքի գաղափարը ի հայտ է եկել առավելապես բարձրագույն կրթական համակարգի խնդիրները լուծելու համատեքստում։  Նիկոլ Փաշինյանն ակադեմիական քաղաքի գաղափարին երկրորդ անգամ անդրադարձավ մի քանի օր անց՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ այցելել էր Արմավիրի մարզի Արագած գյուղ (հիշեցնենք՝ 2021-ին սպասվում էին խորհրդարանական արտահերթ ընտրություններ, և գարնանը նախընտրական քարոզարշավի փուլն էր)։ Իր ելույթում Փաշինյանը կրկին խոսեց բուհերի խնդիրներից (ելույթը կարող եք դիտել 29։25 րոպեից)։ Հենց այս ելույթից հետո հանրության շրջանում սկսեց լայնորեն քննարկվել ակադեմիական քաղաքի թեման։ Վարչապետի՝ «Այդ շենքերը հանենք վաճառքի, ձևավորված գումարներով Երևանից դուրս կառուցենք քաղաք» ձևակերպումը մինչև այսօր էլ շարունակում է քննարկվել։  Ելույթից երկու օր անց վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» թեմայի շուրջ մեկնաբանություն վերցրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից։ Դումանյանը նշեց՝ նպատակը «բուհերը ծախելը» չէ, և սա «բարձրագույն կրթության և գիտության զարգացմանն ուղղված առաջմղիչ և խթանող գաղափար է»։ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթեց «Քաղաքացիական պայմանագիրը»։ Կուսակցության նախընտրական ծրագրում՝ ո՛չ «Կրթություն», ո՛չ «Գիտություն» բաժնում ոչինչ չէր նշվում ակադեմիական քաղաք կառուցելու կամ բուհերը խոշորացնելու և գիտական կազմակերպությունները բուհերին միավորելու մասին։  Օգոստոսին, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում էր կառավարության ծրագիրը, կրկին բարձրագույն կրթության և բուհերի խնդիրների համատեքստում խոսեց ակադեմիական քաղաքի մասին։ Իսկ գիտության մասին խոսելիս Փաշինյանը նշեց կառավարության կողմից գիտնականների աշխատավարձերի և ասպիրանտական կրթաթոշակների բարձրացումը, գիտական ենթակառուցվածքների բարելավումը։ Ելույթի այս հատվածում նա չխոսեց ակադեմիական քաղաքի կամ գիտական կազմակերպությունները բուհերին միացնելու մասին։  Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի «Կրթություն» բաժնում ասվում էր, որ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներն, ի թիվս այլնի, միտված են լինելու անհրաժեշտ ենթակառուցվածքների վերանայման միջոցով բարձրագույն կրթության ոլորտում ֆիզիկական, վիրտուալ և սոցիալական գրավիչ միջավայր ապահովելուն։ «Այս իմաստով ակադեմիական քաղաք հիմնելու մտահղացումն ունի ռազմավարական նշանակություն»,- ասվում էր ծրագրում։  Իսկ «Գիտություն» բաժնում, ի թիվս այլ գործողությունների, նշվում էին համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծումն ու հարակից բնագավառներում հետազոտություն իրականացնող փոքր գիտական կազմակերպությունների միավորումը խոշոր գիտական կենտրոններում։ Այսպիսով, մինչև այդ պահը հնչած պաշտոնական հայտարարություններն ու կառավարության ծրագիրը փաստում են՝ ակադեմիական քաղաքի գաղափարն ի սկզբանե օրակարգ է բերվել բարձրագույն կրթական համակարգի խնդիրները լուծելու համատեքստում։   ⇑    Գիտական կազմակերպությունների օպտիմալացումը 2022-ի գործընթացները վկայում էին այն մասին, որ կառավարության ու Գիտությունների ազգային ակադեմիայի միջև երկխոսությունը սկսել էր ստացվել։ Ինչպես և Աշոտ Սաղյանը հայտնել էր ԳԱԱ նախագահ ընտրվելիս, ինստիտուտների օպտիմալացման շուրջ սկսեցին առաջին քայլերն իրականացվել։ 2022-ի սկզբին հայտնի դարձավ, որ ինստիտուտների օպտիմալացման գործընթացն իրականացվում է ԳԱԱ-ի և ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի համագործակցությամբ։ 2022-ի սկզբին, ի պատասխան «Հետքի» հարցման, Կոմիտեից նշել էին, որ ծրագրի էությունն է մասնագիտություններով մոտ գիտահետազոտական ինստիտուտները միավորել խոշոր կենտրոնների մեջ, որոնց համար ժամանակակից և հագեցած միջավայրում ստեղծվելու է մրցունակ գիտությամբ զբաղվելու հնարավորություն: Ծրագիրը նախատեսվում էր իրականացնել մինչև 2026-ը՝ ունենալով տարեկան 1-2 միավորված կենտրոն (սկսած 2023-ից):  «Պետք է ճիշտ ընկալենք, որ վերջին տարիներին լուրջ բարեփոխումներ չեն կատարվել ԳԱԱ համակարգում, և դրանք այսօր պահանջված են: Դա մեզանից պահանջում է և՛ երկրի ղեկավարությունը, և՛ հասարակությունը, դա հասկանում է և գիտական աշխարհը»,- «Հետքի» հարցին ի պատասխան՝ նշել էր ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։ Իսկ այս տարվա սկզբին «Ինֆոքոմին» տված հարցազրույցում ԳԱԱ նախագահը պատմում էր, որ իրենք ինստիտուտների խոշորացման մոդելները համաձայնեցնում էին Գիտության կոմիտեի նախագահի և ԿԳՄՍ նախարարի հետ։  ⇑    Բարձրագույն կրթության թիրախները 2022-ի փետրվարին կառավարությունը հանրային քննարկման համար շրջանառության մեջ դրեց «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը», որտեղ խոսվում էր հանրակրթության և բարձրագույն կրթության խնդիրների մասին, ինչպես նաև այդ խնդիրներին լուծումներ էին առաջարկվում։  Ծրագրում բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունները բուհերին միացնելու մասին անուղղակի ակնարկ կար միայն։ Մասնավորապես, կրթության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում էր ցանցային կրթական համակարգերի ներդրում։ Հուլիսին կառավարությունը հաստատեց ծրագիրն ու ուղարկեց ԱԺ (նախագծի՝ ԱԺ ուղարկված տարբերակը կարող եք կարդալ այս հղմամբ)։  Բուհերը խոշորացնելու, գիտական կազմակերպությունները բուհերին միավորելու մասին հստակ կետերը հայտնվեցին ծրագրի նախագծի՝ կառավարության հաստատած տարբերակում։ Ծրագրում (կառավարության հաստատած տարբերակում) բարձրագույն կրթության մի շարք խնդիրներ էին առանձնացվում։ Ստորև մեջբերում ենք այն կետերը, որոնք կարևոր ենք համարում հոդվածում ներկայացվող թեմաների համատեքսում․ «Կարևորագույն խնդիր են ժամանակակից պահանջներին համապատասխան շենքերի և լսարանների պակասը, լաբորատոր սարքավորումների և նյութատեխնիկական բազայի ոչ բավարար հագեցվածությունը։ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները միջազգային վարկանիշավորման աղյուսակներում ներառված չեն լավագույն հինգհարյուրյակում։ Բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում, առավելապես՝ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերում, հետազոտական և կրթական բաղադրիչները համահունչ չեն: Անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգի միջազգային գրավչությունը: Հայաստանի դիրքը կարիք ունի առավել ամրապնդման ինչպես երկրի բուհերը աշխարհի լավագույն բուհերի ցանկում ընդգրկելու, այնպես էլ մեր կրթական նորարարությունները համաշխարհային հարթակներում ճանաչելի դարձնելու առումով»։ Այնուհետև փաստաթղթում ներկայացվում էր բարձրագույն կրթական համակարգի զարգացման տեսլականը։ Ի թիվս այլնի՝ ծրագրով նախատեսվում էր իրականացնել հետևյալ քայլերը․ «Պետական բուհերի խոշորացում՝ ըստ ուղղությունների, գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորում՝ հետազոտությունների որակի և մրցունակության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ սերնդափոխության նպատակով։ Բուհերի խոշորացման ծրագրի շրջանակներում բուհերի կառավարման համակարգի վերանայում, այդ թվում՝ բուհական կառավարիչներին ներկայացվող պահանջների և նկարագրերի սահմանում, վերաորակավորման, պարտադիր վերապատրաստման համակարգի իրավական հենքի ներդրում, խոշորացված բուհերում կառավարման այլընտրանքային մոդելների փորձարկում, ժամանակավոր կառավարիչների նշանակում։ Ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ»։ Ծրագրի վերջում ներկայացվում էին դրա իրականացումից ակնկալվող արդյունքները․ «Կստեղծվեն 100% պետական ֆինանսավորմամբ 5-8 (ծրագրի վերջնական հաստատված տարբերակում 5-8 բուհի փոխարեն նշվում է մինչև ութ,- խմբ․) բուհ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը, Առնվազն չորս բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային (Times Higher Education World University Rankings, QS World University Rankings կամ ARWU, Shanghai Ranking) աղյուսակների լավագույն 500-ի մեջ։ Կրթություն-գիտություն փոխգործակցություն, ասպիրանտների թվի կտրուկ աճ։ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը ձեռք կբերի միջազգային հեղինակություն, որի շնորհիվ օտարերկրյա ուսանողների թիվն առնվազն կկրկնապատկվի»։ Այսպիսով, ակադեմիական քաղաքի ստեղծման, բուհերի խոշորացման և դրանց գիտական կազմակերպությունների միացման հիմքում ընկած են «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը» և դրանից բխող «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը։  ⇑    Մասնակի՞, թե՞ ամբողջական միավորում 2022-ի նոյեմբերի 8-ին վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ ստեղծվեց։ Այն պետք է մինչև նոյեմբերի 30-ը մշակեր և վարչապետին ներկայացներ բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք, որտեղ, ի թիվս այլնի, պետք է առաջարկներ ներկայացվեին՝ Հայաստանում ձևավորվելիք բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության, համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ։ Աշխատանքային խումբը կազմված էր պաշտոնյաներից. միակ անդամը, որը պետական պաշտոնյա չէր, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն էր։ Աշխատանքային խումբը ղեկավարում էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը, հիշեցնենք, մինչև 2020-ի ավարտը ԿԳՄՍ նախարարն էր։  Այս տարվա սկզբին «Ինֆոքոմին» տված հարցազրույցում Աշոտ Սաղյանը պատմեց, որ աշխատանքային խմբում գիտական ինստիտուտներին վերաբերող երկու առաջարկ է եղել․ ինքը ներկայացրել է Ակադեմիայի տարբերակը, Գիտության կոմիտեի (այժմ՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե) նախագահ Սարգիս Հայոցյանը՝ կառավարության տարբերակը։  ԳԱԱ նախագահը նշեց, որ ինքը նախ առաջարկել է, որ համալսարաններին միանան գիտական ինստիտուտների այն ստորաբաժանումները, որոնք բովանդակային առումով համընկնում են դրանց։ Դրանից հետո Սաղյանը ներկայացրել է ևս մի առաջարկ, ըստ որի՝ համալսարաններին կարող են միանալ ամբողջական ինստիտուտներ, եթե դրանք իրենց մասնագիտական գործունեությամբ համապատասխանում են տվյալ համալսարանին։ Նրա առաջարկը ենթադրում էր, որ ոչ բոլոր ինստիտուտները պետք է միանան համալսարաններին, իսկ չմիացած ինստիտուտների ու համալսարանների միջև պիտի համագործակցության ծրագրեր իրականացվեն։ Դեռ 2023-ի սկզբին էր ԳԱԱ նախագահը «Հետքին» տված հարցազրույցում ասել, որ կառավարության առաջարկը ենթադրում էր գիտական բոլոր կազմակերպությոնների միավորումը բուհերին։  Մինչ քննարկվում էին այս առաջարկները, ԱԺ-ում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը», որով, հիշեցնենք, նախատեսվում էր ակադեմիական քաղաքի ստեղծումը, բուհերի խոշորացումն ու գիտական կազմակերպությունների միացումը բուհերին։ Դեկտեմբերին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաժարական ներկայացրեց, և նոր նախարար նշանակվեց Ժաննա Անդրեասյանը, որը մինչ այդ եղել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ համակարգելով հանրակրթության ոլորտը։ Իր նախարար եղած ժամանակահատվածի կարևոր ծրագրերն ամփոփելով՝ արդեն նախկին նախարար Դումանյանը հիշեցրեց նաև, որ ԳԱԱ-ի հետ սկսել են ինստիտուտների օպտիմալացման գործընթաց, որը, ինչպես պարզվելու էր հետագայում, պետք է առկախվեր։ 2023-ն արդեն լինելու էր ակադեմիական քաղաքին և բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորմանը վերաբերող կարևոր որոշումների ու հայտարարություններ տարի։   ⇑    Ակադեմիայի առկախված բարեփոխումները 2022-ի ավարտին կառավարությունը ներկայացրեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ։ Նախագծով փոփոխություններ էին առաջարկվում, որոնք վերաբերում էին գիտական սարքերի ձեռքբերմանը, գիտնականների հավելավճարներին և այլն։  Կառավարությունը օրենքի նախագծում ներառել էր նաև ԳԱԱ-ի ներկայացրած մի քանի փոփոխություններ։ Մասնավորապես, առաջարկվում էր, որ ԳԱԱ-ն ունենա կառավարման խորհուրդ, որտեղ կներառվեն ԿԳՄՍՆ առաջադրած ներկայացուցիչներ։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշել էր, որ այսպիսի ներկայացուցչական կառավարումն ավելի կհեշտացնի կառավարության հետ երկխոսությունը։ Նախագծով նաև առաջարկվում էր, որ ԳԱԱ ղեկավար կազմում ընդգրկված անձանց 75 տարին լրանալուն պես նրանց լիազորությունները դադարեցվեն։ Օրենքը 2023-ի մարտին ԱԺ հասավ լրամշակված տարբերակով։ Լրամշակված տարբերակում նոր հոդված էր ավելացել, որով առաջարկվում էր Գիտության կոմիտեի, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության, ինպես նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի միավորմամբ ստեղծել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։ Այս կոմիտեն պիտի համակարգեր բարձրագույն կրթության և գիտության ոլորտները, ինչպես նաև գիտական կոչումների շնորհման գործընթացը։ Նախագծի առաջին քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցադրում արեց, թե արդյո՞ք ավելի ճիշտ չէ ԳԱԱ-ին վերաբերող փոփոխությունները կատարել ոչ թե «Գիտական և գիտատեխնիկական գործունեության» մասին, այլ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում։ Պատգամավորը նշեց, որ նախագծով այնպիսի փոփոխություններ են առաջարկվում ԳԱԱ կառավարման համակարգում, որոնք կարող են հակասություններ ունենալ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի հետ։ Կառավարությունն ընդունեց այս դիտարկումն ու օրենքի նախագծից հանվեցին ԳԱԱ-ին վերաբերող կետերը։ Մյուս կետերը պահպանվեցին, և օրենքի ընդունումից հետո նախկին Գիտության կոմիտեն դարձավ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։ ԳԱԱ նախագահը 2024-ի սկզբին «Ինֆոքոմին» պատմեց, որ իրենք դրանից հետո կառավարությանը ներկայացել են նաև «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որին ընթացք չի տրվել՝ պայմանավորված նրանով, որ սպասվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի հրապարակումը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասում է, որ ԳԱԱ առաջարկները ներառել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքում։ Օրենքը հիմա մշակման փուլում է, կառավարությունը պատրաստվում է այն շրջանառության մեջ դնել այս տարի։  ԳԱԱ բարեփոխումների օրակարգը ներառում է նաև այլ հարցեր․ կառույցը ցանկանում է ԳԱԱ անդամ դառնալու նոր չափանիշներ սահմանել ու անդամների ընտրություններ անցկացնել, խոշորացնել բաժանմունքները՝ 5-ից դարձնելով 2, կատարել ինստիտուտների օպտիմալացում (մանրամասները կարող եք լսել ԳԱԱ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալի հետ հարցազրույցում)։ Այս փոփոխությունները կարող են կատարվել «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում և կամ Ակադեմիայի կանոնադրության մեջ։ Բոլոր դեպքերում էլ անհրաժեշտ է կառավարության հավանությունը։ Այս թեմային ԳԱԱ Նախագահն անդրադարձավ 2024-ի ապրիլին՝ Ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ։ Ժաննա Անդրեասյանը, սակայն, համաձայն չէ, որ կառավարությունը խոչընդոտում է ԳԱԱ բարեփոխման գործընթացը։ Անդրադառնալով այն հարցին, որ ակադեմիական քաղաքի կառուցման և գիտական կազմակերպությունները բուհերին միացնելու խոսակցությունների ֆոնին առկախվել է ԳԱԱ ինստիտուտների օպտիմալացումների գործընացը, ԿԳՄՍ նախարարը նշում է՝ օտպիմալացումներն զուգահեռ պետք էր բարելավել նաև նոր ստեղծվող կենտրոնների ենթակառուցվածքները։  ⇑    Կառավարության հայտարարությունը, որն «ընդամենը հայտարարություն էր» 2023-ի ապրիլին ստեղծվեց «Ակադեմիական քաղաք հիմնադրամը, ավելի ուշ հաստատվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։  Հուլիսի 17-ին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հրավիրելով բուհերին ու գիտական կազմակերպություններին խոշորացման և միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Նախարարությունն այս հայտարարությամբ ներկայացրեց, թե 2022-ի ավարտին ստեղծված աշխատանքային խումբը բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման ինչ ուղղություններ է առաջարկել․  «Դասական, որում ներառվելու են հիմնականում հիմնարար գիտությունների՝ ներառյալ բնագիտական, հասարակական և հումանիտար բնագավառների կրթական և գիտահետազոտական ծրագրեր, Բժշկական, որում ներառվելու են բժշկական և կյանքի գիտությունների բնագավառների կրթական և գիտահետազոտական ծրագրեր, Տեխնոլոգիական, որում ներառվելու են հիմնականում կիրառական գիտությունների և ճարտարագիտության բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրեր՝ ներառյալ նյութագիտությունը, առաջատար սարքաշինությունը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները և այլն, Կրթական, որում ներառվելու են կրթական և հարակից գիտությունների բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրեր, Արվեստների, որում ներառվելու են արվեստների ուղղություններով (ինչպես տեսական, այնպես էլ կիրառական), ինչպես նաև մշակութաբանության մասնագիտություններով կրթական և գիտահետազոտական ծրագրեր Սպայական, որում ներառվելու են ներքին և արտաքին անվտանգային համակարգին վերաբերող կրթական ծրագրեր, ինչպես նաև անվտանգային և պաշտպանական բնույթի գիտահետազոտական ծրագրեր», Հայտարարությամբ նաև նշվում էր, որ խոշորացված բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների մեծ մասը կլաստերների տեսքով տեղակայվելու է ստեղծվելիք ակադեմիական քաղաքում։ ԿԳՄՍ նախարարությունը հայտնեց՝ առաջարկների կսպասեն մինչև 2024-ի փետրվարը։  Իսկ կառավարության հայտարարության հետևյալ ձևակերպումը գալիս էր հաստատելու, որ 2022-ի ավարտին ձևավորված աշխատանքային խումբը չի ընդունել Ակադեմիայի նախագահի՝ մասնակի միավորման տարբերակն ու կառավարությանն առաջարկել է գիտական բոլոր կազմակերպությունները միավորել բուհերին։ Այս ձևակերպումը ենթադրում էր, որ այն գիտական կազմակերպությունները, որոնք չեն միանա բուհերին, չեն ստանա պետական ֆինանավորում, հետևաբար՝ պետական բոլոր գիտական կազմակերպություները 2027-ից պիտի միացած լինեն այս կամ այն խոշորացված բուհին։ Անդրադառնալով աշխատանքային խմբի առաջարկներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշում է՝ դա ներքին աշխատանքային խումբ էր, որի ներկայացրած առաջարկների հիման վրա որևէ իրավական ակտ կամ փաստաթուղթ չի ընդունվել։  Նշենք, որ ներկայումս «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի համակարգմամբ 6 աշխատանքային խմբեր քննարկում են կլաստերների կառուցվածքը, սակայն այդ աշխատանքային խմբերից և ոչ մեկում ԳԱԱ նախագահությունը ներգրավված չէ․ դրանց քննարկումներին մասնակցում են միայն Ակադեմիայի ինստիտուտները։ Իսկ 2027-ից միայն խոշորացված բուհերին ու դրանց միացած գիտական կազմակերպություններին պետական ֆինանսավորում տալու մասին հայտարարության վերաբերյալ դիտարկմանը ԿԳՄՍ նախարարը տալիս է հետևյալ պատասխանը. «Դուք նկատե՞լ եք, որ դա ընդամենը հայտարարություն է, որը առաջարկ է համատեղ աշխատանքի»։ Նախարարի խոսքով կառավարությունը երբեք չի ասել, որ ամբողջ գիտությունը պետք է լինի ակադեմիական քաղաքում։   ⇑    Հայեցակարգ, որն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան հարցերի պատասխանում 2023-ի հուլիսի 21-ին հանրային քննարկման ներկայացվեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը։ Կառավարությունն այն ընդունեց հոկտեմբերին (այսուհետ բոլոր մեջբերումներն արվելու են ծրագրի՝ հոկտեմբերին ընդունված վերջնական տարբերակից)։  Փաստաթղթում, ի թիվս այլնի, նշվում է, որ ակադեմիական քաղաքը «Կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրով» սահմանված մի շարք թիրախների ապահովման առանցքային միջոց է։ Այնուհետև մեջբերվում են ծրագրի հետևյալ թիրախները՝ ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝ բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգի միջազգային հեղինակությունը։  Հատկանշական է, որ ըստ հայեցակարգի՝ ժամանակակից գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ունենալը բխում է հենց այն թիրախներից, որոնք կառավարությունը սահմանել է բարձրագույն կրթության համար։ Այս 20 էջանոց փաստաթղթի մեծ մասը՝ 15 էջ, նվիրված է առավելապես ենթակառուցվածքների նկարագրությանը։ Հայեցակարգում նախ խոսվում է նախարարությյան կողմից ավելի վաղ ներկայացված համալսարանական ուղղություններից 4-ի՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական և Սպայական կլաստերների մասին (Դասական և Բժշկական կլաստերները հայեցակարգում ներառված չեն, քանի որ դրանց տեղափոխումն ակադեմիական քաղաք նախատեսվում է ավելի ուշ): Այս 4 կլաստերների նկարագրությունն ու աշխատակիցների, ուսանողների թիվը ներկայացված են մոտավոր՝ հաշվի առնելով, որ դեռևս չկան կայացված որոշումներ, թե որ բուհերն ու գիտական կազմակերպություններն են միանալու իրար։ Ըստ հայեցկարգի՝ քաղաքի կառուցումը նախատեսվում է իրականացնել 2025-ից մինչև 2029-ի ավարտ՝ 2030-ին այն հանձնելով շահագործման։ Չնայած այս պնդմանը՝ ներկայումս առկա անորոշության պայմաններում առկախված է ԳԱԱ ինստիտուտների օպտիմալացումը՝ գործընթաց, որը իրականացվում էր կառավարության հետ համատեղ և բխում էր կառավարության 2021-2026 թթ․ ծրագրից։ Մինչդեռ ակադեմիական քաղաքի կառուցումը նախատեսվում է մեկնարկել միայն 2025 թվականին, իսկ քաղաքը ամբողջական շահագործման հանձնել՝ 2030-ին (նախագծի իրականացման, ժամանակացույցի մանրամասները կարող եք կարդալ այստեղ)։ Հայեցակարգում նաև հիշեցվում է, որ ԿԳՄՍՆ-ն բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրել է հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու խոշորացման և միավորման գործընթացի վերաբերյալ:  «Այս գործընթացի (նկատի ունի առաջարկների ներկայացումը,- խմբ․) արդյունքում ձևակերպվելու են նաև բուհական և հետազոտական համակարգի խոշորացման վերաբերյալ մասնագիտական հայեցակարգային մոտեցումները, որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»։ Հայեցակարգում հստակեցված չէ, թե ինչ կարգավիճակ են ունենալու բուհերն ու գիտական կազմակերպությունները կլաստերների ներսում, ինչպես են կառավարվելու կլաստերները, ինչպես է բուհերում հետազոտական բաղադրիչն ուժեղացվելու, ի վերջո՝ ինչպես է ծրագիրը նպաստելու գիտության զարգացմանը՝ հաշվի առնելով, որ ծրագրի իրականացման թիրախներն առավելապես ուղղված են բարձրագույն կրթությանը։  ⇑    Միավորումը կնպաստի՞ գիտնականների թվի աճին «Ինֆոքոմը» 2023-ի նոյեմբերին զրուցեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։ Մենք նախ փորձեցինք հասկանալ, թե բարեփոխումներից առաջ գիտության վերաբերյալ ինչ հետազոտություններ է իրականացրել կառավարությունը՝ հաշվի առնելով, թե այս գործընթացն ինչպիսի մեծ ազդեցություն է ունենալու ոլորտի վրա։ Սարգիս Հայոցյանը պատասխանեց՝ գիտական մասով ունեն վիճակագրություն։  Հայոցյանը խոսեց նաև գիտական համայնքի տարիքային անհամաչափ բաշխման մասին։ Այս խնդիրն առաջացել է այն պատճառով, որ ժամանակին գիտությունը բավարար քանակի կադրերով չի ապահովվել, և այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ միջին տարիքի (30-50 տարեկան) գիտնականների թվի պակաս կա․ գիտնականների մեծ մասը կա՛մ տարեց է, կա՛մ շատ երիտասարդ։ Ըստ Հայոցյանի՝ յուրաքանչյուր երեք կամ չորս օրը մեկ Հայաստանը համակարգից կորցնում է 50 տարեկանից բարձր մի գիտնականի։ Սարգիս Հայոցյանին հարցրինք, թե արդյո՞ք բարձրագույն կրթության և գիտության մեջ եղած խնդիրները լուծելու բոլոր տարբերակները սպառվել էին, որ որոշում կայացվեց բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորելու։ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի կարծիքով պնդումը, թե բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորումը կլուծի գիտության մեջ կադրերի խնդիրը, ընդամենը վարկած է։ Նա հարցադրում է անում, թե միավորումից հետո որն է լինելու ուսանողների մոտիվացիան գնալու գիտություն․ «Ենթադրում եմ՝ պետք է լինեն կրթական այնպիսի ծրագրեր, խրախուսման համակարգեր, որոնք ուսանողին դրդեն գնալ լաբորատորիա։ Այդ դեպքում ի՞նչն է խնդիրը, որ հիմա չկա դա»։  2023-ն ամփոփելիս Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը հայտնել էր, որ 2022-ը եղել է միակ տարին, երբ Հայաստանում գիտնականների թվի աճ է գրանցվել, և նրանց թիվը մոտ 300-ով ավելացել է։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանն էլ նշում է, որ բուհերի ու գիտական կազմակերպությունների համատեղ աշխատանքը երիտասարդ հետազոտողներ ներգրավման հիմնական ինստիտուտցիոնալ խողովակն է։ Նախարարը, սակայն, խոսում է նաև գիտական կազմակերպությունների ու բուհերի համագործակցության ժամանակ ի հայտ եկող խնդիրներից։ Բարձրագուն կրթության և գիտության կոմիտեի նախագահը դեռ  2023-ին, պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե ինչու անցած տարիների ընթացքում բուհերի և ինստիտուտների կապը հնարավոր չի եղել համագործակցության միջոցով ապահովել, նշել էր՝ պատճառն այն է, որ որ մինչև հիմա կապը փորձել են ապահովել գործող հարաբերությունների շրջանակում։  Հովակիմ Զաքարյանը, սակայն, հիշում է, որ ինքը դեռ 2000-ականներին, լինելով ԵՊՀ ուսանող, պրակտիկա է անցել գիտական տարբեր ինստիտուտներում և չի հանդիպել որևէ խոչընդոտի։ Նրա խոսքով մինչև հիմա իր ղեկավարած լաբորատորիան ընդունում է տարբեր բուհերի ուսանողների, և այդ մասով խոչընդոտ կամ բյուրոկրատական խնդիր չկա։  Սարգիս Հայոցյանը նշում է՝ կառավարությունը ցանկանում է քննարկել ու հասկանալ, թե ինչպես անել, որ կլաստերների ներսում ուսանողներն իրենց կրեդիտների որոշակի քանակ պարտավոր լինեն հավաքել գիտական լաբորատորիաներում։ Հովակիմ Զաքարյանը, սակայն, համաձայն չէ, որ դրա համար միավորումը պարտադիր է։ Գիտնականն ասում է՝ եթե կառավարությունը խոստանում է միավորմամբ գիտնականների թվի աճ ապահովել, ապա պիտի հիմնավորումներ ներկայացնի։  ⇑    Հետազոտական համալսարաններ․ միավորումը լուծո՞ւմ է Կառավարությունը համալսարաններում հետազոտական բաղադրիչի ուժեղացումը պատկերացնում է գիտական կազմակերպությունները դրանց միավորելով։ Արդյո՞ք միավորումը այս խնդրի լավագույն լուծումն է։ Հայաստանը հետխորհրդային միակ երկիրը չէ, որն ակախացումից հետո բախվել է համալսարաններում հետազոտական բաղադրիչն ուժեղացնելու խնդրին։ Հետազոտական ռեսուրսների կովկայսան կենտրոն (ՀՌԿԿ) - Հայաստանի գործադիր տնօրեն, սոցիոլոգ Սոնա Բալասանյանն ասում է՝ Խորհրդային Միությունում կրթության առանձնահատկությունն այն էր, որ այնտեղ, ի տաբերություն Արևմուտքի, պլանավորումն իրականացվում էր Խորհրդային երկրների շղթայի ներքո, և տարբեր երկրների հաստատությունների միջև պիտի համագործակցություն լիներ։  Խոսելով արդեն Հայաստանի մասին՝ Սոնա Բալասանյանը նշում է, որ խնդիրը ոչ այնքան այն է, որ Խորհրդային Հայաստանի համալսարաններում հետազոտական բաղադրիչը թույլ էր, այլ այն, որ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացավ ռեսուրսային և գոյաբանական ճգնաժամ․ «Այլևս շղթան գոյություն չունի, ու դու չգիտես՝ ինչպես ես շարունակելու որպես առանձին միավոր գոյություն ունենալ, երբ որ դու քեզ պատկերացնում էիր որպես համակարգի մաս»։ Հետխորհրդային երկրներն իրենց գիտական համակարգերը տարբեր կերպ զարգացրին․ ինչ-որ երկրներ պահպանեցին Գիտությունների ակադեմիաները, ինչ-որ երկրներ Ակադեմիաները դարձրին խորհրդատվական կառույցներ՝ նրանց համակարգից հանելով և համալսարաններին միացնելով գիտական կազմակերպությունները։  Հայաստանի կառավարությունը, կարծես թե, ավելի շատ գնում է հեղափոխական ճանապարհով։ Ակադեմիական քաղաքը խոստանում են շահագործման հանձնել 2030-ին, և ենթադրվում է, որ միավորումները տեղի կունենան հենց այդ տարի կամ գուցե դրանից առաջ։ Կառավարությունը մինչև հիմա չի խոսել միավորումներից առաջ պիլոտային ծրագիր իրականացնելու մասին։ Հարցին, թե ինչու նախ որևէ փորձնական միավորում չեն անում, տեսնում արդյունքները, ապա իրականացնում մյուս միավորումները, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանում է՝ պիլոտային ծրագիր արդեն իրականացվել է․ «Ես՝ որպես այս ոլորտում արդեն 20 տարուց ավելի ներգրավված անձ, շատ լավ հիշում եմ Ագրարային համալսարանի պիլոտը, երբ որ միավորվեցին Ագրարային համալսարանի հետ գիտահետազոտական ինստիտուտներ, և փորձ արվեց այդ մոդելը դնել»։ ԿԳՄՍ նախարարը խոսում է 2012-ին գերատեսչական երկու կենտրոններ Ագրարային համալսարանին միացնելու մասին։ Այդ ժամանակ համալսարանին միացան 2004-ին Գյուղնախարարության կազմում ստեղծված Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնը և 2003-ին նույն նախարարության կազմում ստեղծված Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտը։ Այս միավորումը, սակայն, իրականացվել է 12 տարի առաջ և դուրս է ներկայումս կառավարության ձեռնարկած բարեփոխումների համատեքստից, հետևաբար դժվար է Ագրարային համալսարանին մի քանի գիտական կենտրոն միացնելը համարել պիլոտային ծրագիր սպասվող խոշորացումների ու միավորումների համար։ Հարցին, թե արդյո՞ք Ագրարային համալսարանին գիտական կազմակերպություների միավորումը հաջողված ծրագիր էր, նախարարը պատասխանում է․ «Մեզ մոտ բարեփոխումները կրթության ոլորտում ունեցել են մի խնդիր, որ դրանք իրականացվել են առավելապես որոշակի վերջնաժամկետների հետևելով և բովանդակային ռեֆորմի իմաստով ունեցել են շատ բացեր։ Եվ դա այդ օրինակներից մեկն է ինձ թվում»։  Ժաննա Անդրեասյանի խոսքով հենց այդ պատճառով էլ իրենք հուլիսի 17-ի հայտարարությամբ, որով, հիշեցնենք, ԿԳՄՍՆ-ն գիտական կազմակերպություններին ու բուհերին հրավիրում էր հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու, նպատակ ունեն փոփոխություններից առաջ բովանդակությունը հասկանալու։  ⇑    Ինտիտուտների միավորումը բուհերին Վրաստանի օրինակով․ զուգահեռներ Հայատանի հետ Հայաստանյան իրականությունում սպասվող միավորումներից խոսելիս հաճախ է բերվում հարևան Վրաստանի օրինակը, որտեղ անկախացումից հետո տեղի ունեցավ գիտական կազմակերպությունների միավորում բուհերին։ Շալվա Տաբատաձեն և Քեթևան Չաչխիանին իրենց «Համալսարանական հետազոտությունները և մշակումները (R&D) Վրաստանում» հոդվածում ներկայացնում են այս գործընթացն ու հետազոտական համայնքի տեսակետները դրանց արդյունավետության մասին (Վրաստանի բարեփոխումների մասին տեղեկություններն այսուհետ մեջբերելու ենք նշված հոդվածից)։ Հայաստանի ու Վրաստանի գիտական համակարգերի խնդիրների միջև շատ զուգահեռներ կարելի է անցկացնել։ Ինչպես և խոհրդային այլ երկներում, Վրաստանում էլ հետազոտություն իրականացնող հիմնական կառույցը 1941-ին հիմնադրված Գիտությունների ակադեմիան էր։ Հոդվածի հեղինակները ներկայացնում են, որ Խորհրդային Միության փլուզումից հետո գիտական կազմակերպությունները ֆինանսական խնդիրների բախվեցին, գիտնականների արտագաղթ սկսվեց։ 2004-2005 թթ․ Վրաստանի կառավարությունը գիտական կազմակերպությունները հանեց Գիտությունների ակադեմիայի համակարգից։ 2010-2011 թթ․ ինստիտուտները միացվեցին 7 համալսարանների։ Այժմ Վրաստանում, բացի համալսարաններում ինտեգրված գիտական կազմակերպություններից, կան երեք գիտական անկախ կազմակերպություններ և Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիան։ Իսկ Գիտությունների ակադեմիան կառավարության համար խորհրդատվական մարմին է։ «Համալսարանական հետազոտությունները և մշակումները (R&D) Վրաստանում» հետազոտության հեղինակների վերլուծությունը ցույց է տալիս՝ Վրաստանի բարեփոխումների գլխավոր խնդիրն այն էր, որ այն հիմնականում մնաց թղթի վրա։ Հեղինակների զրուցակից դասախոսներից մեկը նրանց ասել էր․ «Ամեն ինչ տեղի է ունենում ֆորմալ առումով։ ․․․․ Ես գաղափար չունեմ, թե ինչ են անում նրանք [հետազոտական ​​ինստիտուտները]»։ Համալսարաններին միանալուց հետո գիտական կազմակերպությունների հետազոտողների կարգավիճակը մնացել էր անորոշ։ Նրանք 2015-ին ի վերջո կարգավիճակ ստացան, սակայն մինչև օրս էլ շարունակում են գոյություն ունենալ մի շարք խնդիրներ՝ ինստիտուտների հետազոտողները քիչ են ներգարվված դասավանդման գործընթացում,  չնայած դասախոսներն ունեն և՛ դասավանդելու, և՛ հետազոտություններ իրականացնելու ​​պարտականություններ, գործնականում նրանցից ակնկալվում է միայն դասավանդել, ուսանողների, ինչպես նաև ասպիրանտական ծրագրերի և գիտական ինստիտուտների միջև համագործակցությունը թույլ է։ Հեղինակների զրուցակիցներից մեկը նշել էր, որ ինստիտուտները արժեքավոր ռեսուրս կարող էին լինել ուսանողների հետազոտական աշխատանքները ղեկավարելու հարցում, սակայն նրանց հնարավորությունները չեն օգտագործվում (Building Research Capacity at Universities: Insights from Post-Soviet Countries)։  Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ երբեմն բարեփոխումները մնում են թղթի վրա և եղած խնդիրները չեն լուծում։ ՀՌԿԿ - Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասնյանն ասում է՝ գիտական հասարակությունները պատմականորեն կոնսերվատիվ են։ Երկու տարի առաջ Սոնա Բալասանյանն ուսումնասիրել էր հայաստանյան համալսարաններում հետազոտությունների իրականացմանն առնչվող խնդիրները՝ ներկայացնելով դրանք «Համալսարանական հետազոտությունը Հայաստանում. անկախության հետևանքները» հոդվածում (Building Research Capacity at Universities: Insights from Post-Soviet Countries գրքից)։ Հետազոտությունը, ի թիվս այլնի, վեր է հանում երկու հիմնական խնդիր՝  հետազոտությունների իրականացման՝ երբեմն չափից ավելի անհատականացված լինելը,  գիտնականների և գիտական խմբերի միջև համագործակցության թույլ լինելը։ Ներկայումս կառավարության ներկայացուցիչները խոսում են համալսարանների ու գիտական կազամակերպությունների միջև համագործակցության թույլ լինելու մասին, մինչդեռ, կարդալով հոդվածը, տեսնում ենք, որ գիտնականներն ու գիտական խմբերը համագործակցության եզրեր դժվար են գտնում անգամ համալսարանների ներսում։  Հետազոտության մասնակիցներից մեկը պատմել էր՝ ինքն այցելել է գիտական տարբեր կենտրոններ ու առաջարկել իրականացնել համատեղ ծրագրեր, քանի որ իրենց լաբորատորայում կան գիտական լավ սարքավորումներ։ Ուսումնասիրությունը նաև ցույց էր տվել, որ հետազոտողներն, ընդհանուր առմամբ, հիասթափված են համալսարանների կառավարման համակարգում մշտական փոփոխություններից։  «Նայեք, թե քանի բարեփոխումներ ենք իրականացրել վերջին 30 տարվա ընթացքում՝ սկսած 1991-ից: Մենք անընդհատ բարեփոխումների գործընթացում ենք և արդեն հոգնել ենք դրանից»,- նշել էր մասնակից հետազոտողներից մեկը։  Սոնա Բալասանյանն ասում է՝ բուհական ինքնավարությունը բարձրագույն արժեք է, և շատ կարևոր է, որ հետազոտությունները լինեն անկախ, բուհերը կարողանան անկախ որոշումներ կայացնել, բայց պետք չէ մոռանալ նաև հնարավորությունների մասին։ Սոնա Բալասանյանի խոսքով գործնականորեն կարելի է տարբեր ճանապարհներով գնալ՝ պահպանել Գիտությունների ազգային ակադեմիան ու նաև ունենալ հետազոտական բուհեր, կարելի է նաև ինտեգրել ԳԱԱ ինստիտուտները բուհերում։ Նրա խոսքով, սակայն, այս գործընթացում ավելի կարևոր է հասկանալ, թե ակադեմիական համայնքը ինչ պատկերացումներ ունի, քանի որ եթե որոշում է կայացվում բուհերը հետազոտահեն դարձնելու և գիտական կազմակերպությունները դրանց միացնելու, ապա այդ որոշումն իրականացնողը հենց հետազոտողներն են լինելու։  Իսկ ի՞նչ անել, որ Հայաստանում սպասվող փոփոխությունները չմնան թղթի վրա, ինչպես Վրաստանում, իսկ գիտական կազմակերպությունների ինտեգրումը բուհերին չլինի ընդամենը ծածկի փոփոխություն։ Սոնա Բալասանյանն ասում է, որ կարևոր է փոփոխություններից առաջ նախ հասկանալ, թե հետազոտական ինչ ներուժ կա համալսարաններում, գիտական տարբեր հաստատությունների համագործակցության ինչպիսի փորձ կա։ Կառավարության նախաձեռնած բարեփոխումներում դեռևս չկան բազմաթիվ հարցերի պատասխաններ, մասնավորապես, թե կոնկրետ ինչպես են բուհերը դառնալու հետազոտական, կամ ինչպես է միավորումը նպաստելու գիտության մեջ սերնդափոխությանը, ինչ հարաբերություններ են ունենալու կլաստերների ներսում համալսարաններն ու գիտական կազմակերպությունները։ Այս բոլոր հարցերի պատասխանները կառավարությունը փորձում է ստանալ գիտական կազմակերպությունների ու բուհերի ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում։ Այս պահին 6 աշխատանքային խմբեր են ձևավորված, յուրաքանչյուր խմբում ներգրավված են համալսարաններն ու գիտական կազմակերպությունները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մեկ անգամ չէ, որ կոչ է արել գիտական համայքին ակտիվ մասնակցելու քննարումներին, սակայն արդյո՞ք այս քննարկումները կնպաստեն նրան, որ բովանդակային փոփոխություններ տեղի ուենան։ Սոնա Բալասանյանն այդ հարցում թերահավատ է։  Նա նշում է, որ փորձի փոխանակման նման հնարավորություն կարող էր լինել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից տեղական համագործակցությունները խթանող ծրագրերի իրականացումը։ Նրա խոսքով քննարկումները որոշումների կայացման ձև են, բայց ոչ հիմք։  Սոնա Բալասանյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք գիտել այստեղ։ Հովակիմ Զաքարյանը ևս թերահավատ է քննարկումների հարցում։ Որքան էլ քննարկումների արդյունքում որոշվելիք հարցերի շրջանակը մեծ է, գիտնականը կարծում է, որ կառավարությունն արդեն կայացրել է որոշում և հիմա փորձում է քննարկումները համապատասխանեցնել հենց այդ որոշմանը։ Հովակիմ Զաքարյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։ Կառավարությունը դեռևս չի հրապարակել Հայաստանի գիտության ռազմավարությունը։ Հարցին, թե ինչու որոշումների կայացմանը չի նախորդել ռազմավարության հրապարակումը, որպեսզի որոշումները բխեին հենց ռազմավարությամբ սահմանված թիրախներից՝ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանում է՝ այն պատրաստ էր դեռ 2021-ին և չի հաստավել լիազորող նորմի բացակայության պատճառով։ Անցած տարի կառավարությունը օրենքի փոփոխությամբ այդ նորմը ներդրել է, այժմ արդեն իրավական խոչընդոտներ չկան։ Բայց քանի որ այս պահի դրությամբ, ըստ նախարարի, ռազմավարությամբ սահմանած մի շարք թիրախների արդեն հասել են, վերանայում են այն և այս տարի կներկայացնեն քննարկման։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Փախչանյանը կարևորում է այն, որ քննարկումներից ու որոշումների կայացումից առաջ կառավարությունը նախ հստակ սահմանի, թե ինչ ոլորտներ է ուզում զարգացնել, ինչ նպատակներ են դրվելու այդ ոլորտների առջև, որոնք են Հայաստանի տնտեսական, պաշտպանական առաջնահերթությունները։  Ըստ Արամ Փախչանյանի՝ նպատակների հստակ չլինելը բերելու է նրան, որ գիտական կազմակերպություների ու բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումների ժամանակ հնարավոր չի լինելու պայմանավորվածություններ ձեռք բերել։ Արամ Փախչանյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։  ⇑    Ամբո՞ղջ գիտությունը, թե՞ դրա մի մասը կարող է լինել ակադեմիական քաղաքում Երբ պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարությունը որոշել է գիտական կազմակերպությունները միավորել բուհերին, Գիտությունների ազգային ակադեմիան և շահագրգիռ այլ կողմեր սկսեցին խոսել գիտության կազմակերպման ձևերի բազմազանության կարևորության մասին։  ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը պնդում է՝ կառավարությունը երբեք էլ չի ասել, որ ողջ գիտությունը տեղափոխվելու է ակադեմիական քաղաք։  Նախարարը նաև նշում է, որ միավորման տարբեր ձևեր կան, և այնպես չէ, որ բոլորն միավորումները նույն տրամաբանությամբ են իրականացվելու։  Իսկ Գիտության կազմակերպման այլ ձևերի մասին կառավարության պատերացումները շարադրված են լինելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում, որը առաջիկայում շրջանառության մեջ է դրվելու։ ԿԳՄՍ նախարարի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ասյտեղ։ Նշենք միայն, որ չնայած ողջ գիտությունն ակադեմիական քաղաք տեղափոխելու մասին իրավական ակտ կամ փաստաթուղթ չի ընդունվել, նախորդ տարի և այս տարվա սկզբին պաշտոնական հայտարարությունները խոսում էին նման մտադրության մասին։  Նախ, 2023-ի հուլիսին ԿԳՄՍՆ-ն տարածեց հայտնի հայտարարությունը՝ 2027-ից միայն խոշորացած բուհերին ու դրանց միացած գիտական կազմակերպություններին ֆինանսավորում տրամադրելու մասին։ Ապա Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ միավորումները տարածվելու են գիտական բոլոր կազմակերպությունների վրա՝ եզակի բացառություններով։  «Այն կազմակերպությունները, որոնք ԿԳՄՍՆ ենթակայության տակ են, այս կամ այն կերպ պետք է մասնակցեն «Ակադեմիական քաղաք» ծրագրին»,- ասել էր Բարձրագույն Կրթության և գիտության կոմիտեի նախագահը։ Ավելին, երբ այս տարվա մարտին Սարգիս Հայոցյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք քննարկելու են ԳԱԱ մասնակի միավորման առաջարկը, նա պատասխանեց․ «Այդ տարբերակը քննարկվելու է, բայց ակնհայտ է, որ պետության քաղաքականությանը հակընդդեմ առաջարկ է»։  ⇑    ԳԱԱ նոր առաջարկները Այս տարվա ապրիլի 3-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան արտահերթ ընդհանուր ժողով գումարեց ու սպասվող միավորումների մասին որոշում ընդունեց։ ԳԱԱ-ն, այսպիսով, առաջարկում է՝ ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրել այն բուհերը և գիտական կազմակերպությունները/դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ), ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացնել փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում), կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորել գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ, որոնք կարող են համագործակցել բուհերի հետ, գիտական, տեխնոլոգիական, պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվել հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ։ ԳԱԱ նախագահության շենքը ԳԱԱ-ն նաև ներկայացրեց բուհերի հետ համագործակցության տարբերակներ՝ համատեղ ծրագրերի իրականացում, բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում և այլն։  Ինչ վերաբերում է Գիտությունների ազգային ակադեմիայի ապագա դերին, ԳԱԱ-ն առաջարկում է դառնալ գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը կհամագործակցի տարբեր կողմերի հետ։ Եթե կառավարությունն, ամեն դեպքում, չընդունի ԳԱԱ առաջարկն ու որոշի այն դարձնել ակադեմիական հանրույթ՝ առանց գիտական կազմակերպությունների, ինչպիսի՞ն կլինի ԳԱԱ վերաբերմունքը։ Այս հարցին ԳԱԱ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանը պատասխանում է՝ եթե օրենքում չի նշվելու, որ ԳԱԱ-ն իր կազմում միավորում է նաև գիտական կազմակերպությունները, ապա պետք է հստակ սահմանվեն իրենց գործառույթները։  Վարդան Սահակյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։  ⇑    Գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը Լեհաստանի օրինակով Լեհաստանը ԽՍՀՄ կազմում չէր, բայց համարվում էր Խորհրդային միության արբանյակ պետություններից մեկը, որտեղ կոմունիստական կարգեր էին։ 1952 թ․ երկրում հիմնադրվեց Գիտությունների ակադեմիա, որն ուներ երեք գործառույթ՝ ակադեմիական հանրույթ էր, հովանոց կառույց էր գիտական կազմակերպությունների համար, ինչպես նաև գիտության ոլորտում քաղաքականություն մշակող մարմին էր (A “Dinosaur Doomed to Extinction”?: The Polish Academy of Sciences in the Post-Socialist Era, Heinecke S., Heinze T.)։ Բացի Գիտությունների ակադեմիայից՝ Լեհաստանում հետազոտություններ իրականացվում էին նաև համալսարաններում, ինչպես նաև գերատեսչական ինստիտուտներում։ Կոմունիստական կարգերի տապալումից՝ 1989-ից հետո երկրում տարբեր փոփոխություններ տեղի ունեցան, սակայն այս երեք տեսակի կառույցները շարունակեցին իրենց գոյությունը (The Gradual Transformation of the Polish Public Science System, Heinecke S.):  Վարշավայում (նկարում երևացող երկնաքերը Մշակույթի և գիտության պալատն է, որը կառուցվել է կոմունիստական շրջանում) 1990-ականերին Լեհաստանում սկսեց աճել մասնավոր բուհերի թիվը։ Դա բերեց նրան, որ մեծամասամբ հումանիտար և հասարակագիտական ուղղությունների դասախոսները սկսեցին պետական համալսարաններում իրենց հիմնական աշխատանքին զուգահեռ դասախոսություններ կարդալ նաև մասնավոր բուհերում։ Այդկերպ նրանց քիչ ժամանակ էր մնում հետազոտությամբ զբաղվելու համար, և համալսարաններն սկսում էին ավելի շատ կենտրոնանալ իրենց կրթական առաքելության վրա, չնայած որ բուհերում դասավանդումն ու հետազոտությունը մինչ այդ բալանսավորված էին (Changing higher education policies: From the deinstitutionalization to the reinstitutionalization of the research mission in Polish universities, Kwiek M.)։  2009-ից սկսած՝ Լեհաստանում բուհերի կառավարման և ֆինանսավորման մեխանիզմների փոփոխություններ կատարվեցին, ֆինանսավորումը սկսեց ավելի շատ կապվել հետազոտության արդյունավետության հետ (Higher education systems and institutions, Poland, Kwiek M., Szadkowski K.)։  Կրակովում Գնահատման և ֆինանսավորման նոր մեխանիզմներն, ի վերջո, հանգեցրին երկու տեսակի հաստատությունների ի հայտ գալուն՝ բուհեր, որոնցում հետազոտական բաղադրիչն ուժեղ էր, և բուհեր, որոնք հետազոտությունների առումով թույլ էին։ 2016-2018 թթ․ ևս բարեփոխումներ իրականացվեցին։ Իսկ 2020-ին կառավարությունը սկսեց «Գերազանցության նախաձեռնություն. հետազոտական համալսարան» ծրագիրը՝ մրցակցային եղանակով ընտրելով 10 մեծ համալսարաններ և հետազոտությունների համար լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելով դրանց (Poland: a decade of reforms (2010–2020), Kwiek M.)։  Կրթությունն ու հետազոտությունը՝ միասին․ Վարշավայի համալսարան Այժմ Լեհաստաում կան երկու տեսակի բուհեր՝ համալսարանական տիպի և ոչ համալսարանական տիպի։ Վարշավայի համալսարանի՝ գիտության գծով պրոռեկտոր Զիգմունտ Լալակը նշում է, որ առաջին տեսակին են պատկանում, այսպես կոչված, դասական համալսարանները։  Զիգմունտ Լալակը «Դրանք պետք է իրականացնեն հետազոտություններ առնվազն վեց գիտական ուղղություններում, և այդ առարկաները պետք է տեղավորվեն հետազոտական առնվազն երեք լայնածավալ ոլորտներում»,- ասում է համալսարանի պրոռեկտորը:  Այդպիսիք են, օրինակ, Վարշավայի և Յագելոնյան համալսարանները (Լեհաստանի հնագույն համալսարանը)։  Վարշավայի համալսարանի պատմական կամպուսի դարպասները Երկրորդ տեսակին են պատկանում այն բուհերը, որտեղ հետազոտություններ իրականացվում են, բայց որոնք առավել կենտրոնացած են կրթական առաքելության վրա։ Վարշավայի համալսարանի՝ 2023-2030 թթ․ ռազմավարության մեջ նշվում է, որ Համալսարանի գործունեության հիմքը դասավանդման և հետազոտության միասնությունն է։   Վարշավայի համալսարանի պատմական կամպուսում «Մենք ցանկանում ենք, որ կրթությունը հիմնված լինի մեր ակադեմիական համայնքի կատարած հետազոտությունների արդյունքների վրա»- ասում է պրոֆեսոր Լալակը։ Զիգմունկ Լալակի խոսքով Վարշավայի համալսարանի քաղաքականությունն է ուսանողներին բոլոր փուլերում՝ բակալավրիատից մինչև ասպիրանտուրա, ներգրավել գիտահետազոտական գործունեության մեջ:  Վարշավայի համալսարանի Օհոտայի կամպուսը, որտեղ տեղակայված են բնագիտական ֆակուլտետները Համալսարանի պրոռեկտորն անդրադառնում է նաև այն հարցին, թե ինչպես են իրենք լուծում դասախոսների ծանրաբեռնվածության խնդիրը, որպեսզի նրանց հետազոտությամբ զբաղվելու ժամանակ մնա։  Վարշավայի համալսարանը նաև Լեհաստանի կառավարության «Գերազանցության նախաձեռնություն հետազոտական համալսարան» ծրագրի շահառուներից մեկն է։ Համալսարանի պրոռեկտորը նշում է՝ ծրագրի շրջանակում ստացած միջոցներն իրենք ուղղել են առաջատար հետազոտական թիմերի աջակցությանը, հետազոտական ենթակառուցվածքների բարելավմանը, հետազոտողներին իրավական և կազմակերպչական աջակցություն տրամադրող վարչական անձնակազմի վերապատրաստմանը, համալսարանում խոստումնալից ուղղությունների հիման վրա գերազանցության կենտրոնների ստեղծմանը։  Համալսարանի լաբորատորիաներից մեկում Վարշավայի համալսարանն ունի դոկտորական 4 դպրոց։ Ճշգրիտ և բնական գիտությունների դոկտորական դպրոցի ծրագրերից մեկը՝ Մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների դպրոցը, իրականացվում է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի հետ համատեղ։ Զիգմունտ Լալակը նշում է, որ դոկտորական մյուս դպրոցները, չնայած ֆորմալ առումով միայն Վարշավայի համալսարանինն են, հնարավորություն են տալիս ասպիրանտներին համալսարանից դուրս գիտական ղեկավարներ ունենալու։  Խոսելով Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումներից՝ Վարշավայի համալսարանի պրոռեկտորը նշում է՝ իմաստ ունի համախմբել բուհերն՝ ավելի ուժեղ համալսարաններ ունենալու նպատակով։ Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության՝ վարկանիշային աղյուսակների լավագույն 500-յակում առնվազն 4 բուհ ունենալու թիրախին, Զիգմունտ Լալակն ասում է՝ այն հավակնոտ նպատակ է, բայց իրականանալի է 6-10 տարում։  Մյուս կողմից էլ Զիգմունտ Լալակը նշում է, որ պետք չէ որպես բացարձակ ճշմարտություն ընդունել վարկանիշավորման արդյունքները։  Զիգմունտ Լալակի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։ Լեհաստանի գիտությունների ակադեմիան և դրա բարեփոխումների ծրագիրը Լեհաստանի գիտությունների ակադեմիան կառուցվածքով բավականին նման է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային՝ գիտական կազմակերպությունների ցանց, ազգային և արտասահմանյան անդամներ, 5 բաժանմուքներ, նախագահություն։ Լեհաստանի Ակադեմիան նաև ունի կոմիտեներ և խորհրդավական մամիններ, ազգային անդամներից կազմված գլխավոր ասամբլեա։ Լեհաստանն այն երկրներից է, որոնք կոմունիստական կարգերից անցում կատարելուց հետո ընտրեցին Գիտությունների ակադեմիան պահելու ճանապարհը։ Իհարկե, Լեհաստանի գիտությունների ակադեմիայի և կառավարության հարաբերությունները ոչ միշտ են հարթ եղել։  Լեհաստանի գիտությունների ակադեմիայի շենքը Երկրի նախորդ կառավարությունն, օրինակ, 2021-ին որոշեց ստեղծել գիտական նոր կենտրոն, որի գործունեությունը շատ նման էր լինելու Գիտությունների ակադեմիայի գործունեությանը, բայց որն ավելի կախված էր լինելու կառավարությունից։ Գիտությունների ակադեմիայի նախագահն այդ որոշումից հետո հայտարարել էր, որ Ակադեմիան վտանգված է։ Չնայած կրթության և գիտության նախարարը հերքել էր, որ Գիտությունների ակադեմիան փակելու մտադրություն ունեն, Ակադեմիայի նախագահը նշել էր, որ նոր կենտրոնին հատկացվելիք միջոցների պատճառով Ակադեմիային կզրկվի ռեսուրսներից։ 2022-ին, ի վերջո, գիտական նոր կենտրոնը՝ Կոպերնիկուսի ակադեմիան, ստեղծվեց։  Լեհաստանի նախորդ կառավարությունը պլանավորում էր բարեփոխումներ իրականացնել Գիտությունների ակադեմիայում։ 2022-ին կառավարությունը խորհրդատվական թիմ ձևավորեց, որն Ակադեմիայի գործունեությունը կարգավորող օրենքում փոփոխությունների նախագիծ մշակեց։ 2022-ի ավարտին Գիտությունների ակադեմիայի նոր նախագահ ընտրված Մարեկ Կոնարժևսկու նախաձեռնությամբ Ակադեմիան փոփոխությունների սեփական նախագիծը մշակեց և 2023-ի մարտին ուղարկեց Լեհաստանի կառավարությանը։ Այսպիսով, 2023-ի դրությամբ Լեհաստանի կառավարության ձեռքի տակ կար փոփոխությունների երկու նախագիծ։  2023-ի ավարտին Լեհաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, ձևավորվեց նոր կառավարություն։ Նոր կառավարությունը գործող Կրթության և գիտության նախարարություները բաժանեց երկու առանձին նախարարությունների՝ Ազգային կրթության, Բարձրագույն կրթության և գիտության։ Լեհաստանի ակադեմիական համայնքը ողջունեց այս որոշումը։  Լեհաստանի Գիտության և բարձրագույն կրթության նախարարության շենքը Բարձրագույն կրթության և գիտության նախարար Դարիուշ Վեչորեկը հանդիպումներ սկսեց ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նոր նախարարը խոսեց համայնքի հետ քննարկումներից հետո բարձրագույն կրթությունը և գիտությունը կարգավորող օրենքում փոփոխությունների մասին։  Կառավարությունը բարձրացրեց համալսարանների պրոֆեսորների աշխատավարձերը, լրացուցիչ ֆինանսներ հատկացրեց Լեհաստանում հիմնարար գիտության ֆինանսավորումն իրականացնող գործակալությանը, ինչպես նաև Գիտությունների ակադեմիային։  Նախարարը նաև հայտարեց, որ փոփոխություններ տեղի կունենան Գիտությունների ակադեմիայի մասին օրենքում։ Անդրադառնալով Կոպերնիկուսի ակադեմիային, որը, հիշեցնենք, հիմնել էր նախորդ կառավարությունը՝ Վեչորեկը նշեց՝ կքննարկեն, թե ինչ անել այս կառույցի հետ։ Նա ասաց, որ դեմ է ֆինանսական ռեսուրսները ցրելուն, ինչպես նաև կառույցները կրնօրինակելուն և կնխաընտրեր ունենալ մեկ ուժեղ կառույց, ինչպիսին Գիտությունների ակադեմիան է։  Գերատեսչական ինստիտուտներ Բացի համալսարաններից և Գիտությունների ակադեմիայից՝ Լեհաստանում հետազոտություներ իրականացվում են նաև գիտական առանձին ինստիտուտներում, որոնք գործում են այս կամ այն նախարարության ենթակայությամբ։ Այս ինստիտուտները միավորված են երկու ցանցերում։ Առաջինը «Լուկաշևիչ» ցանցն է, որը միավորում է կիրառական հետազոտություններ ու մշակումներ (R&D) իրականացնող ինստիտուտները և համագործակցում է բիզնեսի հետ։ Երկրորդը Գիտահետազոտական ինստիտուտների գլխավոր խորհուրդն է, որը տեղծվել է 1992-ին՝ համաձայն ոլորտը կարգավորող օրենքում ինստիտուտների ներկայացվածության մասին կետի, և միավորում է բոլոր ինստիտուտները (այդ թվում՝ «Լուկաշևիչ» ցանցի)։  Գիտահետազոտական ինստիտուտների գլխավոր խորհուրդը կառավարությանն ու խորհրդարանին է ներկայացնում ինստիտուտների շահերը, մասնակցում կառավարության օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը, գիտության ոլորտում փոփոխությունների վերաբերյալ կարծիքներ ներկայացնում։ Խորհրդի գրասենյակի տնօրեն, պրոֆեսոր Լեժեկ Ռաֆալսկին պատմում է, որ 2000-ականների սկզբին Լեհաստանում ինստիտուտների միավորումների և վերակառուցման գործընթաց սկսվեց, որը տևեց 6-7 տարի։ Արդյունքում ինստիտուտների թիվը նվազեց․ եթե 1989-ին կար 297 ինստիտուտ, ապա հիմա դրանց թիվը 88 է։ Սակայն Պրոֆեսոր Ռաֆալսին դա բնական է համարում։  Լեժեկ Ռաֆալսկին Նա հիշում է, որ 2000-ականներին կառավարության հետ համագործակցությունը գերազանց էր․ «2008-ին մենք նախարար Բարբարա Կուդրեցկայի հետ սկսեցինք ինստիտուտների վերաբերյալ նոր օրենք մշակել։ Խորհդարանն այն ընդունեց 2010-ին»։  Գլխավոր խորհրդի վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2009-ի դրությամբ Լեհաստանում ինստիտուտների աշխատակցիների թիվը զգալի նվազել էր․ եթե 1989 թ․ կար 72 հազար աշխատակից, ապա 2009-ին նրանց թիվը 24 հազար 5 հարյուր էր։ Հետագա տարիներին աշխատակիցների թիվն ավելացավ՝ 2016-ին հասնելով 40 հազարի։ Լեժեկ Ռաֆալսկին սա պայմանավորում է 2010-ի օրենքի ընդունմամբ։ Նրա խոսքով իրավիճակը փոխվեց 2016-ից հետո, երբ նոր կառավարությունը օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեց և 2018-ին նոր օրենք ընդունեց։ Գլխավոր խորհրդի վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին ինստիտուտների աշխատակիցների թվի էական փոփոխություններ տեղի չեն ունեցել (այժմ նրանց թիվը մոտ 39 հազար է)։ Լեժեկ Ռաֆալսկին ասում է՝ իրենք ուզում են, որ կրկին աշխատակիցների թվի աճ լինի։ Այժմ, երբ Լեհաստանը նոր կառավարություն ունի, Գիտահետազոտական ինստիտուտների գլխավոր խորհուրդը ցանկանում է կառավարության հետ համագործակցությամբ վերադառնալ նախորդ օրենքի կարգավորումներին, մասնավորապես՝ վերականգնել ինստիտուտների տնօրենների ընտրության մրցակցային կարգը։ Պրոֆեսոր Ռաֆալսկին լավատես է փոփոխությունների հարցում։ Անդրադառնալով «Լուկաշևիչ» ցանցին՝ Լեժեկ Ռաֆալսին նշում է, որ ցանցի, ինչպես նաև դրանից դուրս գործող որոշ ինստիտուտների և բիզնեսի միջև համագործակցությունը տարբեր ձևերով է իրականացվում՝ տեխնոլոգիայի տրանսֆեր, մասնավոր կազմակերպությունների կողմից ինստիտուտներին գիտական խնդիրների լուծման պատվիրակում, ինչպես նաև տարբեր ընկերությունների անձնակազմերի վերապատրասում ինստիտուտներում։ Անցած տարի «Լուկաշևիչ» ցանցի տնօրենը հայտնել էր, որ իրենց տարեկան բյուջեի 20%-ը կառավարությունից է, մնացածը՝ բիզնեսի հետ համագործակցությունից։  Խոսելով Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սպասվող փոփոխություններից՝ պրոֆեսոր Լեժեկ Ռաֆալսկին ասում է՝ ինստիտուտների միավորումը բուհերին այնքան էլ լավ գաղափար չէ, քանի որ այդկերպ կնվազի ինստիտուտների նշանակությունը։ Պրոֆեսորն ասում է՝ Լեհաստանում ինստիտուտները բուհերին միավորելու առաջարկ չի եղել, չնայած որ օրենքով նման միավորման հնարավորություն կա։ Լեժեկ Ռաֆալսկու հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։ Կառավարության հետ համագործակցությունը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի օրինակով Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտը գործում է վերը նշված կառույցների տրամաբանությունից դուրս և ստեղծվել է խորհրդարանի իրավական ակտով: Ինստիտուտի՝ հետազոտությունների գծով փոխտնօրեն Լուկաշ Քուլեսան ասում է, որ իրենց գործառույթները սահմանված են օրենքով․ «Մենք վերլուծություններ, փորձագիտական կարծիքներ և կանխատեսումներ ենք ներկայացնում պետական կառավարման տարբեր մարմինների»։ Լուկաշ Քուլեսան Ինստիտուտի ամենասերտ համագործակցությունն Արտաքին գործերի նախարարության հետ է։ Բացի այդ՝ ինստիտուտը կապեր ունի նախագահի և վարչապետի աշխատակազմերի, խորհրդարանի, Զինված ուժերի որոշ մարմինների հետ։  Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի շենքը Ինստիտուտի հետազոտողները երբեմն իրենց նախաձեռնությամբ են հետազոտություններ իրականացնում, եթե գտնում են, որ այդ հետազոտություններն անհրաժեշտ են կառավարությանը, բայց ավելի հաճախ նրանք հետազոտություններ են իրականացնում կառավարության պատվերով։ Խոսելով Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սպասվող բարեփոխումներից ինստիտուտի հետազոտող Վոյչեկ Վոյտաշևիչն ասում է՝ բարձրագույն կրթությանը վերաբերող ցանկացած բարեփոխման մեջ ամենակարևորը պետք է լինի կրթության որակը։ Նա կարևորում է այն, որ Հայաստանի կառավարությունն այս բարեփոխումների շրջանակում համագործակցում է արտասահմանյան համալսարանների հետ։ Վոյչեկ Վոյտաշևիչը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի ներկայացուցիչների հետ ամբողջական հարցազրույցները կարող եք դիտել այստեղ։ Գիտության ֆինանսավորումը Լեհաստանում Լեհաստանում գիտական կազմակերպությունների ու բուհերի կանոնադրական ֆինանսավորումն իրականացնում է Բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը։ Ֆինանսավորումը հիմնված է հետազոտություն իրականացնող կառույցների կատարողականի վրա։ Բացի այդ՝ կան պետական առանձին գործակալություններ, որոնք դրամաշնորհային և ֆինանսական տարբեր ծրագրեր են իրականացնում հետազոտողների համար։  Գիտության ազգային կենտրոնը ֆինանսավորում է հիմնարար գիտությունը, Հետազտությունների և մշակումների (R&D) ազգային կենտրոնը՝ կիրառական հետազոտություններն ու նորարարական լուծումները, իսկ Ակադեմիական փոխանակման լեհական ազգային կենտրոնը՝ գիտության միջազգայնացման և գիտնականների շարժունակության ծրագրերը։  Այս կառույցներից երկուսը՝ Գիտության ազգային կենտրոնն ու Ակադեմիական փոխանակման լեհական ազգային կենտրոնը, Բարձրագույն կրթության և գիտության նախարարությունից անկախ մարմիններ են։ Ակադեմիական փոխանակման լեհական ազգային կենտրոնի շենքը Բացի պետական գործակալություններից՝ Լեհաստանում գործում է նաև Լեհաստանի գիտության հիմնադրամը, որն անկախ կառույց է և ֆինանսավորում է գիտնականներին, գիտական խմբերին, ինչպես նաև գիտության առևտրայնացման ծրագրերը։ Գիտահետազոտական ինստիտուտների գլխավոր խորհրդի գրասենյակի տնօրեն Լեժեկ Ռաֆալսկին նշում է, որ Հետազտությունների և մշակումների (R&D) ազգային կենտրոնը նաև բիզնեսի հետ համատեղ ծրագրերի ֆինանսավորում է իրականացնում։ Երբ մասնավոր հատվածից գիտական կազմակերպություններին գիտական պատվեր է գալիս, ծրագրի մի մասը կենտրոնն է ֆինանսավորում, մյուս մասը՝ կազմակերպությունը, որի համար իրականացվում են հետազոտություններն ու մշակումները։  Հետազտությունների և մշակումների (R&D) ազգային կենտրոնը համապատասխան նախարարությունների հետ խորհրդակցությամբ ֆինանսավորում է նաև պաշտպանականան և անվտանգային նպատակներով իրականացվող ծրագրերը։  Գիտության ազգային կենտրոնի շենքը (Կրակով) Լեհաստանում, ինչպես և Հայաստանում, գիտության ֆինանսավորումը բարձր չէ (Հայաստանում անցած տարի գիտության գծով ծախսերը եղել են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0,24%-ի չափով, Լեհաստանում՝ ՀՆԱ-ի 1,4%-ի չափով)։ Չնայած Լեհաստանի կառավարությունը Գիտության ազգային կենտրոնին այս տարի լրացուցիչ ֆինանսներ է հատկացրել, Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտով Յուժվիակը դա համարում է դեռևս ոչ օպտիմալ ֆինանսավորում։  Քշիշտով Յուժվիակը Պրոֆ․ Յուժվիակը, ներկայացնելով կենտրոնի գործունեությունը, նշում է, որ իրենք ֆինանսավորում են գիտական ներքին ծրագրերը։  Այս առումով Հայաստանի ու Լեհաստանի դրամաշնորհային ծրագրերը բավականին նման են։ Լեհաստանում ֆինանսավորման առանձնահատկությունն այն է, որ տարբեր գործակալություններ համատեղ ծրագրեր են իրականացնում։  Գիտության ազգային կենտրոնն ու Հետազտությունների և մշակումների (R&D) ազգային կենտրոնն, օրինակ, համատեղ ֆինանսավորում են այն հիմնարար հետազոտությունները, որոնք հետագայում առևտրայնացվելու պոտենցիալ ունեն։  Ակադեմիական փոխանակման լեհական ազգային կենտրոնի հետ ևս Գիտության ազգային կենտրոնը համատեղ ծրագիր ունի։ Լեհաստանում, փաստորեն, ի տարբերություն Հայաստանի, որտեղ և՛ բազային ֆինանսավորումը, և՛ դրամաշնորհային ծրագրերը համակարգում է ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, ֆինանսավորման աղբյուրների բամազանություն կա։  Խոսելով Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումներից՝ Քշիշտով Յուժվիակը, որը Լուբլինի բժշկական համալսարանի պրոֆեսոր է, ասում է՝ ամենակարևորը հետազոտությունների և դասավանդման միջև ճիշտ բալանս գտնելն է։  Քշիշտով Յուժվիակի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։  ⇑    Ամփոփում Այսպիսով, Լեհաստանն էլ, ինչպես Հայաստանը, կոմունիտասկան շրջանից ժառանգեց Գիտությունների ակադեմիա, իսկ 90-ականներին երկրի համալսարանները բախվեցին խնդիրների, ու հարց առաջացավ դրանց հետազոտական բաղադրիչն ուժեղացնելու։ Ինչպես Հայաստանը, Լեհաստանը ևս պահպանեց գիտության կազմակերպման՝ նախկինում գոյություն ունեցած ձևերը՝ Գիտությունների ակադեմիան, համալսարանական հետազոտությունները, գերատեսչական կառույցները։ Հայաստանը կշարունակի՞ պահպանել այս համակարգը՝ ցույց կտան բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում սպասվող փոփոխությունները։ Հայաստանում փոխությունների գործընթացը, սակայն, ուղեկցվում է որոշակի խնդիրներով․ գիտական կազմակերպությունները բուհերին միավորելը բխում է բարձրագույն կրթության համար սահմանած թիրախներին հասնելու նպատակից, իսկ գիտության համար դեռևս առկա չեն հաստատված ռազմավարություն և սահմանված թիրախներ, կառավարության այն պնդումները, որ միավորմամբ բուհերի հետազոտական բաղադրիչն ուժեղանալու է, և լուծվելու է գիտության մեջ սերնդափոխության հարցը, հիմնավորված չեն հետազոտություններով և հստակ հաշվարկներով, կառավարությունը նախատեսում է խոշորացումներ ու միավորումներ իրականացնել առանց պիլոտային ծրագրի,  ակադեմիական համայնքում մտահոգություններ կան, որ կառավարությունը գիտական կազմակերպությունների և բուհերի միավորման որոշում է կայացրել, մինչդեռ համակարգի խնդիրների լուծմանը պետք էր հանգել քննարկումների արդյունքում, բարեփոխումների ընթացքում կառավարությունը երբեմն վերջնական քննարկումներով չանցած և չհաստատված դիրքորոշումներ է հայտնում, որոնք կարող են շփոթություն առաջացնել ակադեմիական համայնքում և բարդացնել շահագրգիռ կողմերի միջև երկխոսությունը, բարեփոխումների համատեքստում առկախված է ԳԱԱ ինստիտուտների օպտիմալացումը, ինչը նախատեսվում էր կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով։ Չնայած վերոնշյալ խնդիրներին՝ կառավարությունն, այնուամենայնիվ, խոստանում է՝ ապահովել գիտության կազմակերպման ձևերի բազմազանություն՝ գիտական կազմակերպություններ ունենալով նաև ակադեմիական քաղաքի կլաստերներից դուրս,  որոշումներ կայացնելիս հիմնվել ակադեմիական համայնքի հետ քննարկումների վրա։  ⇑    Հեղինակ՝ Աննա ՍահակյանԽմբագիր՝ Սևակ ՄամյանԼուսանկարները՝ Անի Ղուլինյանի, Ջուլիետտա ՀովհաննիսյանիՏեսանյութերը՝ Անի Ղուլինյանի, Սարգիս Խարազյանի, Ռոման ԱբովյանիԳլխավոր նկարը՝ Արամ Քարաջայանի    
21:39 - 11 հունիսի, 2024
Հետազոտությունը բուհերում, խնդիրներ և հնարավոր լուծումներ. զրույց Սոնա Բալասանյանի հետ

Հետազոտությունը բուհերում, խնդիրներ և հնարավոր լուծումներ. զրույց Սոնա Բալասանյանի հետ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստանի գործադիր տնօրեն, սոցիոլոգ Սոնա Բալասանյանը խոսում է հետևյալ թեմաներից` - հետազոտությունները Խորհրդային իրականությունում և հետխորհրդային երկրներում ճգնաժամը, - հետազոտական համակարգերի փոփոխությունները հետխորհրդային երկրներում, - հետազոտական համագործակցությունների խնդիրները բուհերի ներսում և դրանցից դուրս, - բուհերում հետազոտությունների անհատականացված լինելն ու համակարգային մոտեցման բացակայությունը, - ակադեմիական զարգացած ինքնակառավարման համակարգ ունենալու կարևորությունը - փոփոխությունների կառավարումը և կառուցվածքի ու բովանդակության սիներգիան, - հետազոտական ներուժի քարտեզագրման և միավորումներից առաջ տեղական համագործակցությունների խթանման անհրաժեշտությունը, - որոշումների կայացումից առաջ միայն կողմերի հետ քննարկումների բավարար չլինելը։
16:56 - 31 մայիսի, 2024
Համլետ Մելքումյան․ Չընտրված մասնագիտությունից՝ մշակութաբանության ուղղությամբ գիտությունների թեկնածու

Համլետ Մելքումյան․ Չընտրված մասնագիտությունից՝ մշակութաբանության ուղղությամբ գիտությունների թեկնածու

Գիտարբուքի հաջորդ հյուրը Պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան, մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանն է։ Այս տեսանյությում նա պատմում է համալսարանում ոչ իր կամքով մշակութաբանության բաժնում սովորելու, մասնագիտության նկատմամբ հետաքրքրության առաջացման և իր հետազոտությունների մասին։ Հանդիպում ենք մայիսի 27-ին՝ ժամը 20:00-ին «Էպոս» ակումբում․ սպասվող Գիտարբուքը «Հանրային տարածքների տնտեսական, մշակութային, քաղաքական ներուժը՝ ճգնաժամերին դիմակայելու համատեքստում» թեմայով է։ Համլետ Մելքումյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ - փողոցային առևտուր, ինքնաբու՞խ շուկաներ. ինչպե՞ս անկախության շրջանում ձևավորվեցին ճգնաժամերին դիմակայելու և հաղթահարելու ոչ ֆորմալ փորձառությունները, - հետճգնաժամային Հայաստանի և Վրաստանի հուշանվերային և հնոտիների բազարներում առևտրի կենսունակության և արդիականացման օրինաչափությունները՝ շրջափակումներից և lockdown-ներից հետո, - հանրային տարածքի քաղաքական ներուժը։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։ Գրանցման հղումը՝ https://www.eventbrite.com/e/91142355...
12:36 - 23 մայիսի, 2024