Սահման

Առավոտվա դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Առավոտվա դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Սեպտեմբերի 30-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ին ժամը 18։00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:  ԳՇ պետի տեղակալի խոսքով՝  հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ։ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 29-ին՝ կառավարության նիստի ժամանակ, ասաց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում են Ադրբեջանի ԶՈՒ-երը հերթական սադրանքն իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել։ Ավելի ուշ ՊՆ-ն հրապարակեց հարձակման հետևանքով զոհված երեք զինծառայողների անունները։
09:30 - 30 սեպտեմբերի, 2022
Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Հայկական զինված ուժերը սպասում են և պատրաստվում են ադրբեջանական ուժերին դիմակայելու և ջախջախելու: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին հայտնեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա հարձակման վախ: «Հարձակման վախ չկա, բայց զգուշավորություն միշտ կա, և մենք միշտ պատրաստ ենք ու սպասում ենք: Քանի որ մեզանից յուրաքանչյուրը, նկատի ունեմ զինվորականներին, հստակ գիտակցում է, որ խնդիրը լուծված չէ, և հակառակորդը պետք է փորձի խնդիր լուծել՝ ի նպաստ իրեն»,-ասաց Մարտիկյանը: ԳՇ պետի տեղակալի հավաստիացմամբ՝ նման պարագայում դիրքերի մոտ կամ հեռու լինելը ոչ մի ռազմական նշանակություն չունի: «Մենք սպասում ենք, մենք պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու»,-եզրափակեց ԳՇ պետի տեղակալը:  
21:11 - 29 սեպտեմբերի, 2022
Մենք գիտենք որտեղ քանի մարմին ունենք, բայց նրանց աճյունները դուրս բերելիս հանդիպեցինք ուժեղ կրակի. ԳՇ պետի տեղակալ

Մենք գիտենք որտեղ քանի մարմին ունենք, բայց նրանց աճյունները դուրս բերելիս հանդիպեցինք ուժեղ կրակի. ԳՇ պետի տեղակալ

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այսօր վարդենիսում դեսպանների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց տեղեկությունները, ըստ որոնց Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զոհերի մարմիններ կան, եւ ՊՆ-ն դեռ դուրս չի բերել դրանք: «Մենք թողել ենք միայն այն դիրքերը, որտեղ մեր զինակից ընկերները զոհվել են: Այսօր մենք գիտենք որտեղ քանի մարմին ունենք մեր ընկերների ու դա է ամենացավոտը: Հայրենիքի համար կյանք տված զինծառայողը պետք է զինվորին վայել հանձնվի հողին: Ադրբեջանը հայտարարեց իբր հումանիտար զինադադար, սակայն հումանիտար զինադադարը նախատեսում է վիրավորների եւ աճյունների դուրսբերում: Մեր փորձերը՝ դուրս բերել մեր ընկերների աճյունները, հակառակորդի կողմից հանդիպեցին ուժեղ կրակի ազդեցության: Հայտարարեցին, որ ադրբեջանական կողմը կվերադառձնի մեր զինծառայողների մարմինները: Մենք գիտենք, որ մարմիններ կան, որ անմիջական դիրքերում են»,-ասաց նա՝ չցանկանալով թվեր նշել:
20:03 - 29 սեպտեմբերի, 2022
Երեկ  հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ, որի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ․ ԳՇ պետի տեղակալ

Երեկ հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ, որի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ․ ԳՇ պետի տեղակալ

armenpress.am: Ադրբեջանական զինված ուժերը սեպտեմբերի 13-ին սկսած ագրեսիայի ընթացքում դաժանաբար սպանել են հայ վիրավոր զինծառայողներին, ամենավերջին վայրագ կերպով վարվել զոհվածների մարմինների հետ, ապա նկարել և տարածել:  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին ներկայացրեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում: «ՀՀ ԶՈՒ-ին հաջողվում է կատարել իր առջև դրված խնդիրներն ու ապահովել ազգաբնակչության անվտանգությունը: Ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այն դիրքերը, որտեղ մինչև վերջ մեր զինվորները կանգնել են և զոհվել: Այսինքն՝ այն մարտական դիրքերը, որտեղ ադրբեջանցիներին հաջողվել է զբաղեցնել, մենք ունեցել ենք միայն զոհեր և ծանր վիրավորներ: Ադրբեջանի՝ «մարդասիրական լոզունգով առաջնորդվող» ԶՈՒ-ն դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին, առանց ամաչելու հաշվեհարդար տեսել նրանց հետ, ամենավերջին վայրագ կերպով են վարվել զոհվածների մարմինների հետ, առավել ևս՝ կին զինծառայողների հետ, որոնք եղել են սանհրահանգիչներ և բուժաշխատողներ»,-ասաց ԳՇ պետի տեղակալը՝ հավելելով, որ հենց նրանք են նկարել և տարածել սոցցանցերում: Մարտիկյանը հավելեց՝ հայկական կողմի համար պարզ է, թե ում հետ գործ ունի ռազմական տեսանկյունից: «Եվ ես պետք է հավաստիացնեմ, որ Զինված ուժերն ամեն ինչ անելու են, որ կասեցնեն հակառակորդի առաջխաղացումը և ապահովեն մեր ազգաբնակչության ազատ, անկախ և անվտանգ կյանքը»,-ասաց Մարտիկյանը: Անդրադառնալով օպերատիվ իրավիճակին՝ նա հայտնեց, որ իրավիճակը շփման ողջ երկայնքով այսօրվա ընթացքում եղել է համեմատաբար հանգիստ՝ բացառությամբ կրակի ռեժիմի մի քանի խախտումների: Վերջին խոշոր կրակի ռեժիմի խախտումը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին Ջերմուկի շրջանում, որտեղ հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ, որի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ: 
19:43 - 29 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաեւ Հայաստանից Իրան տանող բարձավոլտ էլեկտրագծերը․ Սանոսյան
 |news.am|

Ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաեւ Հայաստանից Իրան տանող բարձավոլտ էլեկտրագծերը․ Սանոսյան |news.am|

news.am: Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաեւ Հայաստանից Իրան տանող բարձավոլտ էլեկտրագծերը։ Այս մասին Սյունիք այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա հայտնեց, որ ՀՀ–ն բավական էլեկտրաէներգիա է արտահանում դեպի Իրան։ «Սկզբից կարող է թվալ, որ պատահաբար է այն հրթիռակոծվել, սակայն 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Ամեն անգամ, երբ փորձում էին վերականգնել էլեկտրագծերը, մեր մասնագետները կրակահերթի տակ էին հայտնվում եւ կրկին վերադառնում։ Ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված եղանք ատոմակայանի հզորությունն իջեցնել եւ կիսով չափ այն աշխատեցնել, ինչպես նաեւ Երեւանի ՋԷԿ-ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ»,-ասաց Սանոսյանը։ Նրա խոսքով` դիտավորյալ խախտվել է Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը։ Սա, ըստ նախարարի, տիպիկ նկարագրում է, որ հստակ թիրախավորվում էին քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սանոսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել էին նաեւ Կեչուտի ջրամբարը, սակայն, բարեբախտաբար, վնասներ չկան, քանի որ արկերը հայտնվել էին ջրամբարի մեջ։ 
19:35 - 29 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանական հերթական ագրեսիան նոյեմբերի 9-ից հետո երրորդ լայնամասշտաբ գործողությունն էր. ԳՇ պետի տեղակալ

 |armenpress.am|

Ադրբեջանական հերթական ագրեսիան նոյեմբերի 9-ից հետո երրորդ լայնամասշտաբ գործողությունն էր. ԳՇ պետի տեղակալ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական հերթական ագրեսիան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո արդեն երրորդ լայնամասշտաբ գործողությունն էր՝ ուղղված հիմնականում Հայաստանի բնակեցված շրջանների դեմ։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին հայտնեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում: Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանը սկսել է երեք ուղղություններով բավականին ագրեսիվ, լայնամասշտաբ մարտական գործողություններ: Մարտական գործողությունները միանգամից սկսվել է ցամաքային զորքերի հարձակողական գործողություններով, որոնք ուղեկցվել են հրթիռահրետանային կրակով և անօդաչուների կրակային աջակցությամբ: «2020 թվականի նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարությունից, մնացած փաստաթղթերից հետո սա արդեն 3-րդ նման լայնամասշտաբ գործողությունն էր՝ ուղղված հիմնականում մեր բնակավայրերի դեմ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս պնդում է, թե իբր իրենց վերջին գործողությամբ իրենք ստիպված  նախահարձակ են եղել, որպեսզի կասեցնեն ՀՀ ԶՈՒ-ի ինչ-որ երևակայական գործողություններ: Որպես ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ հայկական ԶՈՒ-ի կողմից ոչ մի նման միջոցառում պլանավորված չի եղել և չի էլ կարող լինել, քանի որ դա հակասում էր մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին»,-հայտարարեց ԳՇ պետի տեղակալը: Նա ընդգծեց, որ փոխարենը ադրբեջանական կողմից ռազմաքաղաքական  ղեկավարները բազմիցս նշում են, թե Հայաստանն ամբողջությամբ իրենց պատմական տարածքն է, իսկ այս տարածաշրջանը միշտ ընդգծված կերպով նշվում է որպես «Բասարգեչար»: «Գործողությունները երեք ուղղություններով հիմնականում ուղղված էին խիստ բնակեցված շրջանների դեմ՝ մի պարզ նպատակով՝ դեռևս 2021-ի մայիսի 12-ից սկսած ուղղվածությունը հենց բնակավայրերի կողքին է՝ նպատակ ունենալով ստիպել սահմանամերձ շրջանների ազգաբնակչությանը լքել իրենց զբաղեցրած տարածքները: Այսօր արդեն բավականին բարդ է գյուղացիների համար մշակել իրենց հողերը կամ զբաղվել անասնապահությամբ սահմանամերձ շրջաններում»,-ասաց Մարտիկյանը:
19:13 - 29 սեպտեմբերի, 2022
Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից․ Փաշինյան

Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից․ Փաշինյան

Տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք (ադրբեջանական կողմը- խմբ․) որոշակի հաջողություններ ունեն, նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որտեղ հնարավոր է, նրանք փորձում են էնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի։ Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Սա, իհարկե, ցավալի իրողություն է, և մենք խորապես պիտի վերլուծենք այս իրադրությունը։ Պետք է խորապես արձանագրենք և հասկանանք ևս մեկ բան, որ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք՝ մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում։ Եվ փա՛ռք բոլոր հերոսներին, ովքեր կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ «Պիտի նաև իմանաք՝ մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ։ Իհարկե, նաև որպես միջազգային հարության անդամ՝ մենք ականջալուր ենք, ընդունում ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական, խաղաղ ճանապարհով, բայց տեսնում ենք նաև՝ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը, և կարծում ենք՝ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջագզային դիտորդական առաքելության տեղակայումը․ կլինի դա ՄԱԿ ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպություն»,- ասաց ՀՀ վարչապետը։ Փաշինյան նշեց, որ Կառավարության նիստում էլ ուզում է ընդգծել, որ այս ամենի նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելն է։ «Հասկանալի է, որ բոլորը՝ սկսած Կառավարության անդամներից, շարունակած ամբողջ հանրությամբ, լարված սպասում են լուրերի, ու ամեն լուր, ամեն այդպիսի ահազանգ, բոլորին շեղում է իրենց կյանքից, աշխատանքի բնականոն ցիկլից, և սա հասկանալի է։ Բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ, այո, այդ դառնությամբ, կսկիծով, մեզնից յուրաքանչյուրը պետք է գերկենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա, որովհետև դա չափազանց կարևոր է մեր պաշտպանունակության համար․ տնտեսության բնականոն աշխատանքը, համակարգերի բնականոն աշխատանքը չափազանց կարևոր են և անկյունաքարային նշանակություն ունեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ որքան էլ դառն է, այդ կոչով պետք է դիմի, որ չմոռանան այդ հանգամանքի մասին․ «Ամեն դեպքում, իհարկե, մեր ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, ԱԽ-ն անընդհատ աշխատում են այս թեմայի վրա, մեր դիվանագիտական ծառայությունը, ու մենք պետք է շարունակենք մեր քաղաքական ասելիքը բարձրաձայնելու, ձևակերպելու ու նաև մեր առաջարկած օրակարգն իրագործելու ուղղությամբ, և հստակ արձանագրենք, որ մեր ռազմավարական մոտեցումն է, որ մենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պետք է հետևոականորեն ու սկբունքայնորեն պաշտպանենք»։ ՀՀ վարչապետը ասաց, որ իր համար ակնհայտ է, որ մենք երեք հիմնական ռազմավարական ուղղություններով պիտի շարժվենք․ «Առաջինը՝ պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ, երկրորդը՝ հետևողական պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, և այս ոլորտում մեզ պետք են խոշոր պետական ներդրումներ։ Եվ հաջորդը՝ ՀՀ ԶՈՒ, բանակի հետևողական բարեփոխումները։ Սրանք պիտի դառնան այն լոկոմոտիվը, որով պիտի առաջնորդենք մեր երկիրը այս, թույլ տվեք ասել, համաշխարհային փոթորկի մեջ»։ Փաշինյանը նշեց, որ աշխարհակարգը կամ, նրա խոսքով, ժողովրդական լեզվով ասած, աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է․ «Եվ մենք պետք է աշխատենք այս իրողության արձանագրմամբ։ Էսօր ես կասեմ, որ գոնե Եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու։ Եվ մենք այս փլուզման գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որ կարողանանք մեր երկիրը, ինչպես նախկինում ասել եմ, այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով, հասցնենք խաղաղ նավահանգիստ։ Սրա համար մեզ պետք են հատուկ կամք, հատուկ իմաստություն, հատուկ աշխատասիրություն, հատուկ հետևողականություն։ Մենք պետք է նորից անդրադառնանք մտածողության այն բանաձևերին, որոնցով առաջնորդվել ենք, ես նկատի ունեմ որպես պետություն և որպես ժողովուրդ, և մենք պետք է վերստուգենք այդ բանաձևերը ու համոզվենք դրանց կենսունակության մեջ։ Եթե չհամոզվենք, ուրեմն՝ պետք է այդ բանաձևերում անել որոշակի սրբագրումներ՝ մեր երկրի կենսունակությունը, դիմադրողականությունը ու հարատևությունը ապահովելու համար»։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտնեց, որ արդեն հայտնի են տարվա առաջին ութ ամիսների տնտեսական տվյալները․ «Հայաստանը ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 13,9 %, իսկ օգոստոս ամսին եղել է 18,4 %»։ Փաշինյանն արձանագրեց, որ կարևոր առաջնահերթություն է, որ տնտեսության բնականոն գործունեությունն ապահովվի․ «Մինչև հիմա դա հաջողվում է, համոզված եմ՝ այսուհետ ևս կհաջողվի, եթե մենք առաջնորդվենք այն բանաձևերով, որոնց մասին ես ասացի»։
11:49 - 29 սեպտեմբերի, 2022
Երեկ Ադրբեջանը հարվածներ է հասցրել ինժեներական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումների ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան

Երեկ Ադրբեջանը հարվածներ է հասցրել ինժեներական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումների ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան

Տեղյակ եք՝ երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի ԶՈՒ հերթական սադրանքն էին իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա ադրբեջանական ագրեսիայի հերթակա դրսևորումն է, ընդ որում՝ պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներ է իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում և Ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եվ սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է․ Հայաստանի տարածքը օկուպացված է, և մեր դիրքորոշումը միանշանակ և աներկբա է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից։  Նաև ուզում եմ էսպիսի մի նրբության մասին ընդգծել։ Տեղյակ եք՝ մենք ԶՈՒ-երի բարեփոխումների լայնածավալ գրծընթաց ենք սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է էնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնելու ԶՈՒ բարեփոխումները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
11:12 - 29 սեպտեմբերի, 2022