Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը․ Նիկոլ Փաշինյան

Ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով մարտի 5-ին տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը, նշեց՝ մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում․ Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 5-ի ահաբեկչության առաջին նպատակը ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է։ «Այս առումով պետք է ընդգծեմ, որ Արցախի ԱԳՆ-ն երեկ հայտարարություն է տարածել՝ արտահայտելով պատրաստակամություն շարունակելու խոսակցություն Ադրբեջանի հետ և սա չափազանց կարևոր հայտարարություն է։ Կարծում եմ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան ու ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա և սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ»,- ասաց վարչապետը։  Մարտի 5-ի սադրանքի հաջորդ նպատակը, Փաշինյանի խոսքով, կեղծ ապացուցներ ստեղծելն էր, թե ՀՀ-ից դեպի ԼՂ զենք-զինամթերք է տեղափոխվում։ «Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ և աներկբա մերժեց ՀՀ-ի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում էր ականապատումներ իրականցնելու մեջ։ Այդ մերժմամբ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում ՀՀ-ի դեմ ծավալվող բոլոր մեղադրանքները ականապատումների մասին, փլուզվեցին։ Եվ ահա, Ադրբեջանը մարտի 5-ի միջադեպը փորձում էր ներկայացնել ՀՀ-ից ԼՂ զենք-զինամթերք տեղափոխելու ապացույց, ինչը չստացվեց երկու պատճառով․ նախ ոստիկանության «ՈՒԱԶ»-ը ոչ թե գնում էր Ստեփանակերտ, այլ Սեփանակերտից էր դուրս եկել, և երկրորդը Ադրբեջանի հարձակումը, ու նաև մեքենայի հետագիծը նկարահանվել էր ԼՂ ՆԳՆ տեսախցիկների կողմից, ինչից ակնհայտ էր դառնում, որ ոստիկանական ավտոմեքենաներում բացի փաստաթղթերից և տաբելային զենքերից, որևէ այլ բան չի եղել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի հաջորդ կարևոր նպատակը հետևյալն էր․ «Արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր խոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ․ այն, որ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ փետրվարի 22-ի որոշումը։ Այս որոշումը շուրջ 15 օր չի կատարվում, և սա բացառապես Ադրբեջանի պատասխանատվությունն է։ Դեռ հակառակը՝ Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների իրադրությունը ԼՂ-ում էլ ավելի սրելու համար։ Այս ամենի ընդգծումով, ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, որոնք արտահայտվում են միջազգային դատարանների որոշումները չկատարելով, Լաչինի միջանցը փակ պահելով, ռազմական սադրանքներ և ահաբեկչական գործողություններ ձեռնարկոլեվ։ Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում վերահաստատել ՀՀ-ի՝  տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը և հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
12:01 - 09 մարտի, 2023
Մենք իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում․ Նիկոլ Փաշինյան

Մենք իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում․ Նիկոլ Փաշինյան

Մոտ երեք ամիս Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում մենք իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով մարտի 5-ին տեղի ունեցած դիվերսիոն հարձակումը։Փաշինյանը շեշտեց՝ զոհված երեք զինվորականներն էլ ծնվել են Լեռնային Ղարաբում։ Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում: «Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին․ նա ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պխայմանավորվածություն, համաձայն որի՝ նրանք պետք է ԼՂ ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը սակայն ընդգծել էր՝ նրանք այդ քննարկումները պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված և ապրած մարդկանց հետ։ Մարտի 1-ին ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, որից 4 օր անց Ադրբեջանը ձեռնարկկեց մարտի 5-ի սադրանքը, որը այլ կերպ, քան ահաբեկչական ակտ դժվար է որակել»,- ասաց Փաշինյանը։   
11:28 - 09 մարտի, 2023
Հայաստանը «Ազատությունն աշխարհում» զեկույցում նահանջել է մեկ հորիզոնականով. Freedom House

 |aravot.am|

Հայաստանը «Ազատությունն աշխարհում» զեկույցում նահանջել է մեկ հորիզոնականով. Freedom House |aravot.am|

aravot.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցը, որում Հայաստանը նահանջել է մեկ հորիզոնականով և 54 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր: Մասնավորապես, Հայաստանը միավոր է կորցրել ֆիզիկական բռնությունից և պատերազմներից պաշտպանված լինելու բաժնում` պայմանավորված 2022թ․ սեպտեմբերյան պատերազմով: Տարածաշրջանի երկրներից առավել բարձր միավոր ունի Վրաստանը` 58 միավոր (մասամբ ազատ), որն անցյալ տարվա համեմատությամբ փոփոխություն չի կրել: Ադրբեջանը նույնպես, ինչպես և նախորդ տարի, 9 միավորով շարունակում է մնալ ոչ ազատ երկիր: Ռուսաստանը 16 միավորով նույնպես անազատ երկրների շարքում է (նախորդ տարի՝ 19 միավոր): Ուշագրավ է, որ Ուկրաինան դիրքերը զիջել է 11 հորիզոնականով և 50 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր: Զեկույցում՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական զինուժը մտել է հայկական տարածք, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 200 և վիրավորվել ավելի քան 293 հայ զինվոր։ Երեք խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ 20 զինվոր գերի է ընկել։ «Պաշտոնական զեկույցները ներառում են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել: Հարձակման թիրախ են դարձել նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը, որտեղ պատճառվել է զգալի վնաս, և տեղահանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ։ Թեև ակտիվ ռազմական գործողությունները տևել են երկու օր, դրան հաջորդած հրադադարը պարբերաբար խախտվել է»,- ասվում է զեկույցում։ Դրանում նաև նշվում է, որ սեպտեմբերյան սրումից հետ արձանագրվել են արոտավայրերի և դաշտերի այրման, ինչպես նաև կենդանիների գողության բազմաթիվ դեպքեր: Զեկույցի՝ հակակոռուպցիոն մեխանիզմների մասին բաժնում ասվում է, որ ՀՀԿ վերնախավի և նրա դաշնակիցների դեմ ուղղված կոռուպցիոն հետաքննությունները մտահոգություններ են առաջացրել երկրի դատական և հետաքննական մեխանիզմների՝ օրենքի արդար կիրառումն ապահովելու կարողության վերաբերյալ: Զեկույցը հիշատակում է, որ 2022թ. հուլիսին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավարի պաշտոնակատարը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ հրապարակվեց ձայնագրություն, որտեղ նա սպառնում էր ԲԴԽ այն ժամանակվա ղեկավարին, եթե վերջինս հրաժարական չտա։ «Հոկտեմբերին իշխող խմբակցությունն ընտրեց ԲԴԽ երկու նոր անդամներ, այդ թվում արդարադատության նախկին նախարարին, որը նույնպես եղել է իշխող կուսակցության անդամ։ Ընտրությունները դիտարկվեցին որպես քաղաքականապես մոտիվացված»,- ասվում է զեկույցում: Ավելի մանրամասն` aravot.am-ում։  
10:59 - 09 մարտի, 2023
Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Արցախի ԱԳՆ

Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր նույն օրը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն։  Այս կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք:   Ադրբեջանի իշխանությունները նման ապատեղեկատվություն էին տարածում նաև Հայաստանից Արցախ այսպես կոչված ականների տեղափոխման մասին, սակայն փետրվարի 22-ին  Արդարադատության միջազգային դատարանը բարձր մակարդակով մերժեց այդ կեղծիքը։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները նման կերպ փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունից, Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ահաբեկչական և էթնիկ զտման քաղաքականությունից, ինչպես նաև հող նախապատրաստել հնարավոր նոր սադրանքների համար։
22:41 - 08 մարտի, 2023
Ալիևը հույս է հայտնել է, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայանգրի առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի դիտարկումներին

Ալիևը հույս է հայտնել է, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայանգրի առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի դիտարկումներին

Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության համաձայանգրի առաջարկների վերաբերյալ իր դիտարկումները և Հայաստանից սպասում է արձագանքի։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է այսօր՝ մարտի 8-ին, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։  «Այսօր ես Լատվիայի նախագահին ներկայացրել եմ իրավիճակը Հարավային Կովկասում, հատկապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Մենք հուսով ենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին»,- ասել է Ալիևը։  Ալիևը նշել է, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանին են ներկայացրել իրենց առաջարկը՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ «Հետո մենք ստացանք մեկնաբանություններ Հայաստանից և դրանց վերաբերյալ ուղարկեցինք մեր դիտարկումները։ Գործընթացն ընթանում է»,- նշել է նա։ 
17:24 - 08 մարտի, 2023
«Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղ գործընթացի մի մասը». Լուիս Բոնո
 |azatutyun.am|

«Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղ գործընթացի մի մասը». Լուիս Բոնո |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում հանդիպումներից հետո երեքշաբթի օրը Երևան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն: Երկու մայրաքաղաքներում ամերիկացի դիվանագետի հանդիպումների նպատակը, ինչպես շեշտում են ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելն է։ Լուիս Բոնոն Երևանում հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայությանը. «Ազատություն». - Վերջին մի քանի ամիսներին Երևանը պնդում է, որ ամենակարևոր խնդիրն է՝ հասցեագրել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Արդյո՞ք դա ապահովելու համար Վաշինգտոնը դիտարկում է նման մեխանիզմի գործարկումը։ Եթե այո, ապա որո՞նք են հնարավոր տարբերակները: Լուիս Բոնո. - Կարծում ենք, որ սա շատ կարևոր է: Ես դա չեմ ժխտում: Կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը: Եվ մենք հանձնառու ենք դա ավարտին հասցնել: Մենք գիտակցում ենք դրա կարևորությունը: «Ազատություն». - Բայց կարո՞ղ եք նշել որևէ մեխանիզմ: Լուիս Բոնո. - Ես հիմա լիազորված չեմ քննարկելու մեխանիզմը: Ես նոր եմ այս պաշտոնում, ընդամենը մի քանի շաբաթ: Սա իմ առաջին ուղևորությունն է տարածաշրջան: Եվ ես ներգրավված եմ Մյունխենից հետո կողմերի հետ իմ առաջին բանակցություններին։ «Ազատություն». - Եվ երբ ասում եք, որ Ղարաբաղի խնդիրը կարտացոլվի խաղաղության պայմանագրում, հետաքրքրիր է՝ Վաշինգտոնը կամ կողմերը՝ Երևանը և Բաքուն, ի՞նչ պատկերացում ունեն, դա ինչպե՞ս է տեղի ունենալու: Լուիս Բոնո. - Նախևառաջ Լեռնային Ղարաբաղը կլինի խաղաղ գործընթացի մի մասը: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա ճանաչել են: Բայց, ինչպես ես արդեն ասացի, մենք այստեղ չենք որևէ համաձայնագրի կամ պայմանավորվածության շուրջ պայմաններ պարտադրելու համար: Կարևոր է, որ կողմերն իրենք համաձայնության գան: Իսկ մենք կաշխատենք երկու կողմերի հետ: Նախագահ Ալիևը Մյունխենում ասել է, որ ինչ-որ մեկին կնշանակի, որը կգործակցի Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ դա արդեն տեղի է ունեցել անցած շաբաթ: Եվ ինձ հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ պատրաստ է շարունակել այդ քննարկումները: Այնպես որ, մենք լավատես ենք, որ կարող ենք կողմերի հետ աշխատել այդ ուղղությամբ: Բայց դա հեշտ չի լինելու: Այն բոլոր կողմերից կպահանջի շատ ծանր աշխատանք և հանձնառություն։ «Ազատություն». - Ռուսաստանն անընդհատ քննադատում է Վաշինգտոնի և Եվրամիության ներգրավվածությունը՝ դա ընկալելով որպես տարածաշրջանում իր ներկայությունը մարգինալացնելու փորձ։ Այս հարցում Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորություն տեսնու՞մ եք։ Նաև հաշվի առնելով այն, որ Մինսկի խումբը փաստացի չի գործում։ Լուիս Բոնո. - Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած և բոլոր կողմերի հետ, որոնք հետամուտ են առաջ տանելու այս գործընթացը: Իրականում ես շփվել եմ Մինսկի խմբի իմ ռուս գործընկերոջ հետ: Որևէ մեկնաբանություն չեմ անելու: Մենք այստեղ ենք ոչ թե կողմերին քննադատելու կամ աշխարհաքաղաքական որևէ այլ խնդրի անդրադառնալու համար, այլ ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ գտնելու այս հակամարտության լուծումը: Մենք պետք է այս հակամարտությանը վերջ դնենք: Ահա թե ինչու եմ ես այստեղ: «Ազատություն». - Պատրա՞ստ եք նաև հանդիպել ռուսաստանցի համանախագահ Խովաևի հետ: Լուիս Բոնո. - Ես պատրաստ եմ հանդիպել ցանկացած մեկի հետ, ով պատրաստ է աշխատել ինձ հետ, Միացյալ Նահանգների հետ՝ այս գործընթացը առաջ տանելու գործում: Ինչպես ասացի, այս տարածաշրջանում մենք ավելի լայն օրակարգ չունենք: Դա միայն խաղաղությունը խթանելն է: Այս հակամարտությունը շատ երկար տևեց: Շատ մարդիկ են տուժել: Շատ մարդիկ են զոհվել: Այն պետք է ավարտվի: «Ազատություն». - Վերադառնալով Լաչինի միջանցքին: Չնայած Միջազգային դատարանի որոշմանը և միջազգային բազմաթիվ կոչերին, այդ թվում՝ Վաշինգտոնից, Ադրբեջանը չի բացում Լաչինի միջանցքը: Դուք ի՞նչ գործուն լուծում եք տեսնում: Լուիս Բոնո. - Մենք դա շեշտել ենք: Պետքարտուղար Բլինքենը Մյունխենում երկու կողմերի հետ հանդիպմանը պարզ ասաց, ու կարծում եմ՝ նա նաև հրապարակային է հայտարարել, որ Լաչինի միջանցքը պետք է լինի բաց ու ազատ առևտրային և մասնավոր տրանսպորտի համար: «Ազատություն». - Ցավոք, կոչերը չեն աշխատում: Լուիս Բոնո. - Մենք կշարունակենք առաջ տանել այս հարցը:«Ազատություն». - Գուցե պատժամիջոցնե՞ր Բաքվի նկատմամբ։Լուիս Բոնո. - Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ՝ երկու կողմերի հետ աշխատելու, նրանց խաղաղության տանելու համար: Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան: Սա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին:«Ազատություն». - Երևանում և Բաքվում հանդիպումների արդյունքներով ի՞նչ ուղերձ եք տանում Վաշինգտոն։​ Լուիս Բոնո. - Վաշինգտոնում կհայտնեմ, որ այստեղ կան հեռանկարներ խաղաղության համար: Բայց դա հեշտ չի լինելու: Դա երկու կողմից էլ հանձնառություն կպահանջի: Դրա համար պետք է լինելու փոխվստահություն, կողմերը պետք է վստահություն ձեռք բերեն միմյանց նկատմամբ, վստահեն, որ պարտավորությունները կկատարվեն, վստահեն, որ մյուս կողմն էլ հավատարիմ է խաղաղությանը: Սա այն է, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք: Դա հեշտ գործընթաց չի լինելու: Բայց ես վստահ եմ: Հակառակ դեպքում ես այստեղ չէի լինի: «Ազատություն». - Բայց Դուք կարո՞ղ եք նշել, որ կողմերն ուզում են խաղաղություն:Լուիս Բոնո. - Այո՛։«Ազատություն». - Կրկին շնորհակալ եմ:Լուիս Բոնո. - Շնորհակալություն:
15:55 - 08 մարտի, 2023
Արցախի ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել՝ ադրբեջանաան ահաբեկչական գործողության մասին

Արցախի ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել՝ ադրբեջանաան ահաբեկչական գործողության մասին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից մարտի 5-ին իրականացված ահաբեկչական գործողության մասին։ «Զեկույցում ամփոփված են ահաբեկչական գործողության վերաբերյալ ԱՀ ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը, որոնք ստացվել են իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում, իրավասու մարմիններից և բաց աղբյուրներից։ Ըստ հավաքագրված փաստերի՝ նախօրոք պլանավորված ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մարտի 5-ին ժամը՝ 10:00-ի սահմաններում։ Ոստիկանական մեքենան Ստեփանակերտից շարժվել է 09:30-ի սահմաններում, մինչ այդ կայանված էր ԱՀ ՆԳՆ ոստիկանության վարչական շենքի դիմաց։ Մեքենայի անձնակազմը բաղկացած էր 4 ոստիկաններից՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայան, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյան, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյան և լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյան։ Հավաքագրված փաստերից հստակ երևում է, որ մեքենան շարժվում է Ստեփանակերտից, ուստի անհիմն և կեղծ են ադրբեջանական կողմի այն պնդումները, թե իբր մեքենայով հայկականան կողմը Հայաստանի Հանրապետությունից զենք-զինամթերք էր տեղափոխում Արցախ։ Ստեփանակերտից մեկնող արցախցի ոստիկանների մեքենայում եղել են միայն ծառայողական փաստաթղթեր ու նրանց տաբելային զենքը։ Մոտավորապես 30-40 րոպե երթևեկելուց հետո մեքենայի անձնակազմը նկատել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում շարված են քարեր, որոնք խանգարում են երթևեկության: Մեքենան կանգ է առել։ Քարերի հետևից դուրս են եկել ադրբեջանական դիվերսիոն խմբի թվով 5 անդամներ՝ զինվորական հագուստով, դիմակավորված, ինքնաձիգերով զինված և ինքնաձիգերի փողերը դեպի մեքենան ուղղած։ Մեքենայի վարորդը փորձել է հետ պտտել ավտոմեքենան, սակայն նույն պահին ադրբեջանական դիվերսիոն խմբի նշյալ 5 անդամները՝ դիմացից, ինչպես նաև ճանապարհի աջ և ձախ հատվածում դարանակալած դիվերսիոն խմբի ևս 10 անդամներ սկսել են կրակահերթեր արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրակահերթերը շարունակվել են մոտ 10 րոպե։  Մեքենայի արտաքին զննությունը հստակ ցույց է տալիս, որ մեքենայի ուղղությամբ ադրեջանական դիվերսիոն խմբի կողմից արձակվել են հարյուրավոր գնդակներ։ Կրակը դադարելուց հետո ադրբեջանական դիվերսիոն խմբի 3 անդամներ մոտեցել են մեքենային, ենթադրաբար զննել մեքենան, հսկողական կրակոցներ արձակել մեքենայի վարորդի և վարորդի մոտ նստած ուղևորի ուղղությամբ։ Սակայն, ըստ փրկված ոստիկանի վկայության, ադրբեջանցիները մեքենայի հետնամասի սրահի դուռը չեն բացել՝ ենթադրաբար չնկատելով, որ հետնամասի սրահում ևս ուղևորներ կան։ Այնուհետև ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները սկսել են հեռանալ հանցագործության վայրից դեպի ճանապարհին հանդիպակաց բարձունքում տեղակայված իրենց զինված հենակետեր։ Ադրբեջանցիների՝ հետ քաշվելու ընթացքում հայկական կողմից բացված պատասխան կրակի հետևանքով ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների շրջանում եղել են զոհեր և վիրավորներ։ Ահաբեկչական հարձակումից մոտ 30-40 րոպե հետո տեղ են ժամանել ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները։ Նրանց միջամտությունից հետո կրակը դադարեցվել է։ Ռուսական կողմի միջամտությունից հետո ադրբեջանական կողմը շարունակել է հետ քաշվել՝ իր հետ տանելով ադրբեջանական դիվերսիոն խմբի զոհված անդամներին և վիրավորներին։ Ռուսական խաղաղապահները Ա․ Գասպարյանին և Դ․ Հովսեփյանին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել հիվանդանոց: Ադրբեջանական հարձակման հետևանքով փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանը տեղում զոհվել են, իսկ լեյտենանտ Արարատ Գասպարյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելիս։ Լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում։ Նա վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Զեկույցը պատրաստվել է բաց և փակ տարբերակով` հայերեն և անգլերեն։ Այն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին»,- նշվում է ՄԻՊ տարածած հայտարարությունում։
14:39 - 08 մարտի, 2023
Բաքուն կրկին կողմնակալության մեջ է մեղադրում Փարիզին
 |azatutyun.am|

Բաքուն կրկին կողմնակալության մեջ է մեղադրում Փարիզին |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն քննադատում է Փարիզին՝ Արցախում ոստիկանական մեքենայի վրա զինված հարձակման փաստն արձանագրող հայտարարության համար: Մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին արձագանքելով՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հստակ մատնանշել էր, որ ոստիկանական ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական կողմից։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարությամբ պնդում է՝ «պաշտոնական Փարիզը շարունակում է կանխակալ և չհիմնավորված դիրքորոշում ցուցաբերել»: «Ադրբեջանի տարածքում սադրանքի նման արդարացումն անընդունելի է»,- նաև հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ հավելելով, թե Բաքուն «լի է վճռականությամբ՝ հայկական կողմի շարունակական սադրանքները կանխելու համար ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը»։ Հիշեցնենք, որ մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել էր ոստիկանության 3 ծառայող։
14:17 - 08 մարտի, 2023
Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին հանդիպեն Բրյուսելում․ Տոյվո Կլաար

Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին հանդիպեն Բրյուսելում․ Տոյվո Կլաար

Եվրամիությունը երբեք նպատակ չի ունեցել հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնել։ Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:  «Մենք պարզապես ցանկանում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Մեզ համար երբեք չի եղել բրյուսելյան գործընթաց ընդդեմ այլ գործընթացի։ Եվ մեր դիրքորոշումն այս առումով միշտ եղել է այն, որ ով էլ լինի արտաքին դերակատարը, եթե կողմերը ցանկանում են աջակցել նրան և շահագրգռված են դրանում, մենք ուրախ կլինենք աշխատել նրանց հետ և համակարգել այդ գործընթացը նրանց հետ։ Այդ իմաստով մենք երբեք չենք ցանկացել որևէ մրցակցային գործընթաց»,- ընդգծել է Կլաարը։ Նա նշել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ըմբռնումն այն է, որ կարևոր է երկու առաջնորդներին վերադարձնել Բրյուսել․ «Խոսքը ոչ միայն Բրյուսելի, այլ նաև նրա մասին է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև արդեն մի քանի ամիս է՝ հանդիպում չի եղել», - ասել է Կլաարը՝ նշելով՝ Միշելը ցանկանում է կրկին եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Մի քանի շաբաթ առաջ նա հանդիպել է առաջնորդների հետ Մյունխենում։ Այժմ մենք սպասում ենք, որ մոտ ապագայում առաջնորդները կրկին կհանդիպեն Բրյուսելում»։
13:51 - 08 մարտի, 2023
«Չենք ուզում Լաչինի միջանցքով տեղափոխվեն լարվածություն առաջացնող բեռներ»․ Կլաարը՝ Բաքվում |factor.am|

«Չենք ուզում Լաչինի միջանցքով տեղափոխվեն լարվածություն առաջացնող բեռներ»․ Կլաարը՝ Բաքվում |factor.am|

factor.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Լաչինի միջանցքով անցնող բեռների թափանցիկության ապահովման գաղափարն իրավաչափ է»։ «Առաջին հերթին, ես կարծում եմ, որ Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռներիի թափանցիկության ապահովման գաղափարը լիովին օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների տեղափոխման համար և որևէ ռազմական կամ անօրինական նպատակներով»,- ասել է Կլաարը՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի։ «Թափանցիկությունը միանգամայն ճիշտ է: Իմ կարծիքով՝ այս թափանցիկության հասնելու ուղիներն ու միջոցները քննարկումների ու բանակցությունների առարկա են։ Կարծում եմ՝ մի քանի միջոց կա դա անելու։ Ենթադրում եմ, որ դրանցից որոշները նախկինում քննարկվել են։ Օրինակ՝ ունենալ լրացուցիչ սարքավորումներ անցակետում, որ ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել այդ շրջանում փոխադրումները։ Կա մի քանի միջոց դա անելու, կարծում եմ՝ կարևոր է դրանք մանրամասն քննարկելը»,- ասել է ԵՄ պաշտոնյան՝ հավելելով․ «Իհարկե, մեր կարծիքն այն է, որ թափանցիկությունն իսկապես օրինական է։ Սակայն, միևնույն ժամանակ, մարդկանց համար, Ղարաբաղի հայերի համար կարևոր է, որ նրանք ունեն անվտանգ տեղաշարժի հնարավորության զգացում»։
13:26 - 08 մարտի, 2023
Լուիս Բոնո. «Ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք» |azatutyun.am|

Լուիս Բոնո. «Ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք» |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում հանդիպումներից հետո երեքշաբթի օրը Երևան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն: Երկու մայրաքաղաքներում ամերիկացի դիվանագետի հանդիպումների նպատակը, ինչպես շեշտում են ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելն է։ Լուիս Բոնոն Երևանում հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայությանը. Հարց. - Ձեր առաջին այցը տարածաշրջան բարդ ժամանակահատվածում է։ Շուրջ երեք ամիս է՝ արգելափակված է Լաչինի միջանցքը, հայկական կողմը հաղորդեց Ղարաբաղում ադրբեջանական արյունալի սադրանքի մասին։ Մյուս կողմից՝ Բաքուն խոսում է վերաինտեգրման մասին՝ զգուշացնելով ավելի «կոշտ և կտրուկ» քայլերով։ Արդյո՞ք սա այն ուղիղ բանակցությունն է, որն առաջ է մղում Վաշինգտոնը, և հնարավո՞ր է խաղաղության հասնել այս կերպ, նման մթնոլորտում: Լուիս Բոնո. - Ես ժամանել եմ Բաքու կիրակի երեկոյան: Ու երբ ինքնաթիռից դուրս եմ եկել, իմացել եմ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգության՝ շատ անհանգստացնող լուրը: Բայց ինձ համար այն միայն ամրապնդեց իմ առաքելության կարևորությունը, այս հակամարտությունը վերջ տալու անհրաժեշտությունը: Մենք այլ ճանապարհ չենք տեսնում, քան այն, որ պետք է սերտ համագործակցենք կողմերի հետ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ, խաղաղություն հաստատելու համար, խաղաղություն, որը կլինի երկարատև և հավասարակշռված: Հարց. - Ստեփանակերտ-Բաքու շփումները ռուսական միջնորդությամբ կանվանեի՞ք անհրաժեշտ երկխոսության սկիզբը: Լուիս Բոնո. - Իմ լիազորությունը չէ մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ երկխոսությունը:Հարց. - Այդ դեպքում, Միացյալ Նահանգները պատրա՞ստ է Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության միջնորդությունը ստանձնել։ Եթե այո, ի՞նչ կարգավիճակով: Լուիս Բոնո. - Այս գործընթացում մեր դերը միջնորդությունը չէ: Մենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից։
12:51 - 08 մարտի, 2023
ԵՄ-ն Ադրբեջանին և բոլոր պատասխանատուներին կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը |factor.am|

ԵՄ-ն Ադրբեջանին և բոլոր պատասխանատուներին կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը |factor.am|

factor.am: ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։ Այս մասին ասված է Ժնևում ԵՄ տարածած հայտարարության մեջ։ «ԵՄ-ն շարունակում է մտահոգված լինել, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական խախտումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վրա, ներառյալ առողջության, կրթության և սննդի իրավունքները: ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին երաշխավորել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ենթարկվել Միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի հրամանին։ ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի խաղաղ գործընթացի շարունակությանը»,- ասված է հայտարարության մեջ։
11:49 - 08 մարտի, 2023
Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է կոնկրետ դրույթով․ Աննա Կոստանյանը սխալվում է

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է կոնկրետ դրույթով․ Աննա Կոստանյանը սխալվում է

ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Աննա Կոստանյանը մարտի 6-ին 168.am-ի տաղավարում, խոսելով միջազգային հանրությունից Ադրբեջանի հերթական ագրեսիան դատապարտելու ակնկալիքների մասին, ասում է․ «Սա մոտավորապես նմանվում է ՀԱՊԿ-ին դիմելուն, որ գա ՀՀ տարածքը պաշտպանելու, շատ եմ նմանեցնում դրան, երբ որ կոնկրետ, այսինքն, դրույթով չեն դիմում, բայց պահանջում են, որ ՀԱՊԿ-ն իր լիազորությունները կատարի, հիմա նույնը միջազգային հանրությունից է․․․»։ Կոստանյանը սխալվում է՝ ասելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել կոնկրետ դրույթով։  Դիմում ՀԱՊԿ-ին՝ Պայմանագրի 2-րդ հոդվածի հիմքով Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ին Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում դիմել է երկու անգամ՝ 2021թ․ մայիսին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, եւ 2022թ․ սեպտեմբերին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Հայաստանի դեմ։ Մասնավորապես, 2021-ի մայիսի 12-ին հակառակորդը մի քանի ուղղությամբ ներխուժեց մեր պետության տարածք, հաջորդ օրը՝ մայիսի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ 2010թ․ դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար:  Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածում ասված է, որ անդամ պետություններից որեւէ մեկի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անվտանգության ու կայունության վտանգման դեպքում անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու ու առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, ինչպես նաեւ նախատեսվում է տվյալ երկրին օգնություն տրամադրելու միջոցների ձեռնարկում եւ զարգացում: Արդեն մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար: Նույն օրը ՏԱՍՍ–ի հետ զրույցում ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ Հայաստանը ՀԱՊԿ քարտուղարությանը ծանոթացել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական դիմումին, եւ որ Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին։ Մայիսի 19-ին Դուշանբեում կայացավ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց հարցը, թեեւ մանրամասներ հայտնի չդարձան, իսկ ՀԱՊԿ-ը Հայաստանի դիմումը տեւական ժամանակ թողեց անարձագանք, իսկ հետագայում՝ հուլիսի 3-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ադրբեջանական ագրեսիան որակեց պարզապես «սահմանային միջադեպ»՝ ասելով, որ իրավիճակը «չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին, պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում, այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ»:  Դիմում ՀԱՊԿ-ին՝ Պայմանագրի 4-րդ հոդվածի հիմքով Անցյալ տարի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդը սկսեց ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ՝ կիրառելով հրետանային միջոցներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ ու անօդաչուներ։  Նույն օրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:  Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան Արմենպրեսը, հղում անելով ՀՀ վարչապետի աշխատակազմին, հաղորդեց, որ Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Նույն օրը հայկական կողմի նախաձեռնությամբ, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Նիստի ժամանակ Վիկտոր Բիյագովը նշեց, որ Հայաստանը, դիմելով ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներին, ակնկալում է նրանցից գործուն հավաքական քայլեր Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման համար՝ ՀԱՊԿ կանոնադրության շրջանակներում։ Նա վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին։ Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա։ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: Փաշինյանն ասաց, որ «ՀԱՊԿ-ից խնդրել ենք օգնություն, այդ թվում՝ ռազմական, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ՀՀ տարածքից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը ապաովելու համար։ Այս վերնագրի ներքո նկատի ունենք նաեւ նախորդ տարվա ներխուժումը»։ ԱԺ-ում Փաշինյանը նաեւ ասաց, որ նախորդ օրը ՀԱՊԿ խորհրդի նիստի կայանալը գոհացուցիչ փաստ է, տեղի է ունեցել անկեղծ ու բաց քննարկում, եւ որ կայացված որոշումները իրավիճակի գնահատման առումով նվազագույն են այդ փուլի համար։ Նույն օրը երեկոյան ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հաղորդեց, որ ՀԱՊԿ առաքելության անդամների առաջին խումբը ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ Հայաստան կժամանի հաջորդ օրը, իսկ Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երեւանում կլինի հաջորդ շաբաթ։ Սեպտեմբերի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ակնկալիքը ՀԱՊԿ-ից այն է, որ այդ կառույցը Հայաստանին բավարար ռազմական օգնություն տրամադրի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ տարածքից․ «Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե արդյոք ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ սահման կա, թե ոչ՝ բնականաբար կա սահման եւ դա հստակ է։ Կարծում եմ, որ մեր գործընկերները պետք է տեղյակ լինեն, որ իրենց երկրի մայրաքաղաք Ալմաթայում կնքված պայմանագրով Խորհրդային Միության երկրները ճանաչել են իրենց երկրների սահմանները։ Ադրբեջանը ռմբակոծում է նաեւ համայնքները, եւ դա չտեսնելը նշանակում է ունենալ տեսողության խնդիրներ»։ Չնայած բազմաթիվ հայտարարություններին, Հայաստանի սպասելիքներին, ՀԱՊԿ անդամ պետությունների ստանձնած պարտավորություններին, չնայած իրավիճակի լրջությանը՝ ՀԱՊԿ-ն այդպես էլ շոշափելի օգնություն չտրամադրեց Հայաստանին, ինչը բազմաթիվ քննադատությունների արժանացավ եւ արժանանում է։  ՀԱՊԿ-ը չարձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանը 2022թ․ հոկտեմբերի 28-ին Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ ընդգծվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին եւ դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձեւավորման անհրաժեշտությունը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվեց որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական: Մոտ մեկ ամիս անց՝ 2022թ․ նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի է ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Այդ նիստի ժամանակ Փաշինյանն ասաց, որ «տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, եւ առավել եւս, որ, ըստ էության, մինչեւ այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ»։  Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս։ Նա այդ իրավիճակը համարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։  Խոսելով սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի մասին՝ Փաշինյանի նիստի մասնակիցներին հիշեցրեց, որ այն հանգեցրել է ոչ միայն Հայաստանի որոշ ինքնիշխան տարածքների օկուպացման, այլեւ զինվորականների ու քաղաքացիական անձանց շրջանում կորուստների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի ավերման․  «Ադրբեջանական հերթական ագրեսիան, եւ մասնավորապես այն, որ մինչ օրս չենք կարողացել որոշում կայացնել նշված ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, առաջ է բերում հիմնարար հարցեր, որոնք չափազանց կարեւոր են ինչպես ՀԱՊԿ-ի համար, այնպես էլ՝ հայ հասարակության շրջանում կազմակերպության ընկալման համար։ [․․․] Ի՞նչ ենք մենք ակնկալում ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի արձանագրումը՝ հստակ ձեւակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա եւ կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել»,- ասաց Փաշինյանը եւ ապա հայտարարեց, որ ինքը պատրաստ չէ ստորագրել այն փաստաթուղթը, որն այդ օրը ներկայացված էր, քանի որ այդ՝ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ Կարճ ասած՝ այդ փաստաթղթի բովանդակությունն այն չէր, ինչ ակնկալում էր Հայաստանը։ Այն քաղաքական գնահատականը, որը Հայաստանն ակնկալում էր ՀԱՊԿ-ից, այդպես էլ չի հնչել։ Այսպիսով, Աննա Կոստանյանի պնդումը, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է լիազորությունների կատարում այն պարագայում, երբ Կազմակերպությանը չի դիմել հստակ դրույթով, իրականությանը չի համապատասխանում ե՛ւ մայիսյան ներխուժման, ե՛ւ սեպտեմբերյան պատերազմի համատեքստում։ Հայարփի Բաղդասարյան
19:46 - 07 մարտի, 2023