Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է կոնկրետ դրույթով․ Աննա Կոստանյանը սխալվում է
19:46 - 07 մարտի, 2023

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է կոնկրետ դրույթով․ Աննա Կոստանյանը սխալվում է

ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Աննա Կոստանյանը մարտի 6-ին 168.am-ի տաղավարում, խոսելով միջազգային հանրությունից Ադրբեջանի հերթական ագրեսիան դատապարտելու ակնկալիքների մասին, ասում է

«Սա մոտավորապես նմանվում է ՀԱՊԿ-ին դիմելուն, որ գա ՀՀ տարածքը պաշտպանելու, շատ եմ նմանեցնում դրան, երբ որ կոնկրետ, այսինքն, դրույթով չեն դիմում, բայց պահանջում են, որ ՀԱՊԿ-ն իր լիազորությունները կատարի, հիմա նույնը միջազգային հանրությունից է․․․»։

Կոստանյանը սխալվում է՝ ասելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել կոնկրետ դրույթով։ 

Դիմում ՀԱՊԿ-ին՝ Պայմանագրի 2-րդ հոդվածի հիմքով

Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ին Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում դիմել է երկու անգամ՝ 2021թ․ մայիսին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, եւ 2022թ․ սեպտեմբերին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Հայաստանի դեմ։

Մասնավորապես, 2021-ի մայիսի 12-ին հակառակորդը մի քանի ուղղությամբ ներխուժեց մեր պետության տարածք, հաջորդ օրը՝ մայիսի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ 2010թ․ դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար: 

Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածում ասված է, որ անդամ պետություններից որեւէ մեկի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անվտանգության ու կայունության վտանգման դեպքում անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու ու առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, ինչպես նաեւ նախատեսվում է տվյալ երկրին օգնություն տրամադրելու միջոցների ձեռնարկում եւ զարգացում:

Արդեն մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

Նույն օրը ՏԱՍՍ–ի հետ զրույցում ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ Հայաստանը ՀԱՊԿ քարտուղարությանը ծանոթացել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական դիմումին, եւ որ Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին։

Մայիսի 19-ին Դուշանբեում կայացավ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց հարցը, թեեւ մանրամասներ հայտնի չդարձան, իսկ ՀԱՊԿ-ը Հայաստանի դիմումը տեւական ժամանակ թողեց անարձագանք, իսկ հետագայում՝ հուլիսի 3-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ադրբեջանական ագրեսիան որակեց պարզապես «սահմանային միջադեպ»՝ ասելով, որ իրավիճակը «չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին, պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում, այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ»: 

Դիմում ՀԱՊԿ-ին՝ Պայմանագրի 4-րդ հոդվածի հիմքով

Անցյալ տարի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդը սկսեց ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ՝ կիրառելով հրետանային միջոցներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ ու անօդաչուներ։ 

Նույն օրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: 

Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան Արմենպրեսը, հղում անելով ՀՀ վարչապետի աշխատակազմին, հաղորդեց, որ Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Նույն օրը հայկական կողմի նախաձեռնությամբ, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

Նիստի ժամանակ Վիկտոր Բիյագովը նշեց, որ Հայաստանը, դիմելով ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներին, ակնկալում է նրանցից գործուն հավաքական քայլեր Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման համար՝ ՀԱՊԿ կանոնադրության շրջանակներում։ Նա վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին։

Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա։

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»:

Փաշինյանն ասաց, որ «ՀԱՊԿ-ից խնդրել ենք օգնություն, այդ թվում՝ ռազմական, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ՀՀ տարածքից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը ապաովելու համար։ Այս վերնագրի ներքո նկատի ունենք նաեւ նախորդ տարվա ներխուժումը»։

ԱԺ-ում Փաշինյանը նաեւ ասաց, որ նախորդ օրը ՀԱՊԿ խորհրդի նիստի կայանալը գոհացուցիչ փաստ է, տեղի է ունեցել անկեղծ ու բաց քննարկում, եւ որ կայացված որոշումները իրավիճակի գնահատման առումով նվազագույն են այդ փուլի համար։

Նույն օրը երեկոյան ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հաղորդեց, որ ՀԱՊԿ առաքելության անդամների առաջին խումբը ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ Հայաստան կժամանի հաջորդ օրը, իսկ Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երեւանում կլինի հաջորդ շաբաթ։

Սեպտեմբերի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ակնկալիքը ՀԱՊԿ-ից այն է, որ այդ կառույցը Հայաստանին բավարար ռազմական օգնություն տրամադրի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ տարածքից․ «Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե արդյոք ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ սահման կա, թե ոչ՝ բնականաբար կա սահման եւ դա հստակ է։ Կարծում եմ, որ մեր գործընկերները պետք է տեղյակ լինեն, որ իրենց երկրի մայրաքաղաք Ալմաթայում կնքված պայմանագրով Խորհրդային Միության երկրները ճանաչել են իրենց երկրների սահմանները։ Ադրբեջանը ռմբակոծում է նաեւ համայնքները, եւ դա չտեսնելը նշանակում է ունենալ տեսողության խնդիրներ»։

Չնայած բազմաթիվ հայտարարություններին, Հայաստանի սպասելիքներին, ՀԱՊԿ անդամ պետությունների ստանձնած պարտավորություններին, չնայած իրավիճակի լրջությանը՝ ՀԱՊԿ-ն այդպես էլ շոշափելի օգնություն չտրամադրեց Հայաստանին, ինչը բազմաթիվ քննադատությունների արժանացավ եւ արժանանում է։ 

ՀԱՊԿ-ը չարձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանը

2022թ․ հոկտեմբերի 28-ին Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ ընդգծվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին եւ դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձեւավորման անհրաժեշտությունը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվեց որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:

Մոտ մեկ ամիս անց՝ 2022թ․ նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի է ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Այդ նիստի ժամանակ Փաշինյանն ասաց, որ «տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, եւ առավել եւս, որ, ըստ էության, մինչեւ այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ»։ 

Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս։ Նա այդ իրավիճակը համարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ 

Խոսելով սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի մասին՝ Փաշինյանի նիստի մասնակիցներին հիշեցրեց, որ այն հանգեցրել է ոչ միայն Հայաստանի որոշ ինքնիշխան տարածքների օկուպացման, այլեւ զինվորականների ու քաղաքացիական անձանց շրջանում կորուստների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի ավերման․ 

«Ադրբեջանական հերթական ագրեսիան, եւ մասնավորապես այն, որ մինչ օրս չենք կարողացել որոշում կայացնել նշված ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, առաջ է բերում հիմնարար հարցեր, որոնք չափազանց կարեւոր են ինչպես ՀԱՊԿ-ի համար, այնպես էլ՝ հայ հասարակության շրջանում կազմակերպության ընկալման համար։ [․․․] Ի՞նչ ենք մենք ակնկալում ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի արձանագրումը՝ հստակ ձեւակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա եւ կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել»,- ասաց Փաշինյանը եւ ապա հայտարարեց, որ ինքը պատրաստ չէ ստորագրել այն փաստաթուղթը, որն այդ օրը ներկայացված էր, քանի որ այդ՝ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ Կարճ ասած՝ այդ փաստաթղթի բովանդակությունն այն չէր, ինչ ակնկալում էր Հայաստանը։

Այն քաղաքական գնահատականը, որը Հայաստանն ակնկալում էր ՀԱՊԿ-ից, այդպես էլ չի հնչել։

Այսպիսով, Աննա Կոստանյանի պնդումը, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է լիազորությունների կատարում այն պարագայում, երբ Կազմակերպությանը չի դիմել հստակ դրույթով, իրականությանը չի համապատասխանում ե՛ւ մայիսյան ներխուժման, ե՛ւ սեպտեմբերյան պատերազմի համատեքստում։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել