aravot.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցը, որում Հայաստանը նահանջել է մեկ հորիզոնականով և 54 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր:
Մասնավորապես, Հայաստանը միավոր է կորցրել ֆիզիկական բռնությունից և պատերազմներից պաշտպանված լինելու բաժնում` պայմանավորված 2022թ․ սեպտեմբերյան պատերազմով: Տարածաշրջանի երկրներից առավել բարձր միավոր ունի Վրաստանը` 58 միավոր (մասամբ ազատ), որն անցյալ տարվա համեմատությամբ փոփոխություն չի կրել:
Ադրբեջանը նույնպես, ինչպես և նախորդ տարի, 9 միավորով շարունակում է մնալ ոչ ազատ երկիր: Ռուսաստանը 16 միավորով նույնպես անազատ երկրների շարքում է (նախորդ տարի՝ 19 միավոր): Ուշագրավ է, որ Ուկրաինան դիրքերը զիջել է 11 հորիզոնականով և 50 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր:
Զեկույցում՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական զինուժը մտել է հայկական տարածք, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 200 և վիրավորվել ավելի քան 293 հայ զինվոր։ Երեք խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ 20 զինվոր գերի է ընկել։ «Պաշտոնական զեկույցները ներառում են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել: Հարձակման թիրախ են դարձել նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը, որտեղ պատճառվել է զգալի վնաս, և տեղահանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ։ Թեև ակտիվ ռազմական գործողությունները տևել են երկու օր, դրան հաջորդած հրադադարը պարբերաբար խախտվել է»,- ասվում է զեկույցում։ Դրանում նաև նշվում է, որ սեպտեմբերյան սրումից հետ արձանագրվել են արոտավայրերի և դաշտերի այրման, ինչպես նաև կենդանիների գողության բազմաթիվ դեպքեր:
Զեկույցի՝ հակակոռուպցիոն մեխանիզմների մասին բաժնում ասվում է, որ ՀՀԿ վերնախավի և նրա դաշնակիցների դեմ ուղղված կոռուպցիոն հետաքննությունները մտահոգություններ են առաջացրել երկրի դատական և հետաքննական մեխանիզմների՝ օրենքի արդար կիրառումն ապահովելու կարողության վերաբերյալ: Զեկույցը հիշատակում է, որ 2022թ. հուլիսին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավարի պաշտոնակատարը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ հրապարակվեց ձայնագրություն, որտեղ նա սպառնում էր ԲԴԽ այն ժամանակվա ղեկավարին, եթե վերջինս հրաժարական չտա։ «Հոկտեմբերին իշխող խմբակցությունն ընտրեց ԲԴԽ երկու նոր անդամներ, այդ թվում արդարադատության նախկին նախարարին, որը նույնպես եղել է իշխող կուսակցության անդամ։ Ընտրությունները դիտարկվեցին որպես քաղաքականապես մոտիվացված»,- ասվում է զեկույցում:
Ավելի մանրամասն` aravot.am-ում։
comment.count (0)