Ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը․ Նիկոլ Փաշինյան
12:01 - 09 մարտի, 2023

Ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով մարտի 5-ին տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը, նշեց՝ մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում․

Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 5-ի ահաբեկչության առաջին նպատակը ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է։

«Այս առումով պետք է ընդգծեմ, որ Արցախի ԱԳՆ-ն երեկ հայտարարություն է տարածել՝ արտահայտելով պատրաստակամություն շարունակելու խոսակցություն Ադրբեջանի հետ և սա չափազանց կարևոր հայտարարություն է։ Կարծում եմ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան ու ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա և սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ»,- ասաց վարչապետը։ 

Մարտի 5-ի սադրանքի հաջորդ նպատակը, Փաշինյանի խոսքով, կեղծ ապացուցներ ստեղծելն էր, թե ՀՀ-ից դեպի ԼՂ զենք-զինամթերք է տեղափոխվում։

«Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ և աներկբա մերժեց ՀՀ-ի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում էր ականապատումներ իրականցնելու մեջ։ Այդ մերժմամբ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում ՀՀ-ի դեմ ծավալվող բոլոր մեղադրանքները ականապատումների մասին, փլուզվեցին։ Եվ ահա, Ադրբեջանը մարտի 5-ի միջադեպը փորձում էր ներկայացնել ՀՀ-ից ԼՂ զենք-զինամթերք տեղափոխելու ապացույց, ինչը չստացվեց երկու պատճառով․ նախ ոստիկանության «ՈՒԱԶ»-ը ոչ թե գնում էր Ստեփանակերտ, այլ Սեփանակերտից էր դուրս եկել, և երկրորդը Ադրբեջանի հարձակումը, ու նաև մեքենայի հետագիծը նկարահանվել էր ԼՂ ՆԳՆ տեսախցիկների կողմից, ինչից ակնհայտ էր դառնում, որ ոստիկանական ավտոմեքենաներում բացի փաստաթղթերից և տաբելային զենքերից, որևէ այլ բան չի եղել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։  

Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի հաջորդ կարևոր նպատակը հետևյալն էր․

«Արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր խոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ․ այն, որ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ փետրվարի 22-ի որոշումը։ Այս որոշումը շուրջ 15 օր չի կատարվում, և սա բացառապես Ադրբեջանի պատասխանատվությունն է։ Դեռ հակառակը՝ Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների իրադրությունը ԼՂ-ում էլ ավելի սրելու համար։ Այս ամենի ընդգծումով, ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, որոնք արտահայտվում են միջազգային դատարանների որոշումները չկատարելով, Լաչինի միջանցը փակ պահելով, ռազմական սադրանքներ և ահաբեկչական գործողություններ ձեռնարկոլեվ։ Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում վերահաստատել ՀՀ-ի՝  տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը և հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել