Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է անում Հայաստան մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում |azatutyun.am|

Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է անում Հայաստան մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հանրապետության քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ Հայաստան այցելելուց, քանի որ այդ երկրի տարածքը կրակի տակ է հայտնվում: «Լեռնային Ղարաբաղում շարունակվում են ռազմական գործողությունները: Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող հայաստանյան տարածքները պարբերաբար թիրախավորվում են հրետանու և անօդաչու թռչող սարքերի կողմից: Հաշվի առնելով այս հանգամանքները, պետք է խիստ սահմանափակել այցերը Հայաստան և այդ երկիր մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում: Հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղում վիրավորվել են մի խումբ լրագրողներ, այդ թվում՝ «Լե Մոնդ» պարբերականից: Հայ բժիշկները Ստեփանակերտում, ապա Երևանում փրկել են ֆրանսիացի լրագրող Ռաֆաել Յաղոբզադեհի կյանքը: Վիրավորներին հատուկ օդանավով վերադարձրել են Ֆրանսիա:
15:47 - 03 հոկտեմբերի, 2020
Ռազմաճակատ մեկնող լրագրողների մեծ մասը կյանքի ապահովագրություն չունի |hetq.am|

Ռազմաճակատ մեկնող լրագրողների մեծ մասը կյանքի ապահովագրություն չունի |hetq.am|

hetq.am: Պատերազմը լուսաբանող հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները չունեն կյանքի ապահովագրություն (բացառությամբ երկու միջազգային ԶԼՄ-ների երեւանյան խմբագրությունների ներկայացուցիչների` «Ազատություն» ռադիոկայան, «Սպուտնիկ Արմենիա»): Հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծության հետևանքով վնասվածքներ էին ստացել ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչներ: Եվ կրկին արդիական դարձավ լրագրողների կյանքի ապահովագրության հարցը: «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է, որ այդ խնդիրը վաղուց կա, այդ հարցում երեսուն տարի հետ ենք ընկել համաշխարհային քաղաքակրթությունից: «Մինչև այսօր ռազմաճակատ մեկնողները նույնքան անապահով են ապահովագրության տեսանկյունից, որքան 90-ականներին, երբ լրագրողները գնում էին ռազմաճակատ՝ առանց մտածելու, թե իրենց հետ ինչ կպատահի, իրենց հիվանդանոցային ծախսերը կկարողանա՞ն հոգալ, թե չէ, եթե մասնագիտական պարտականությունները կատարելիս վիրավորվեն»,- ասաց նա: Նալբանդյանի կարծիքով` լրատվական գործակալությունները պարտավոր են առանձնահատուկ պայմաններով ապահովագրական համակարգի ստեղծման մասին մտածել, պայմանագիր կնքել այն լրագրողների հետ, որոնց ուղարկում են ռազմաճակատ: Ռազմաճակատ մեկնող լրագրողը պետք է իմանա, որ իր կյանքին կամ առողջությանը հասցված վնասների դեպքում ապահովագրական ընկերությունը կվճարի իր հիվանդանոցային ծախսերը կամ հարազատներին դրամական փոխհատուցում կտա: Լրագրողները ռազմաճակատ մեկնելուց առաջ վերապատրաստման դասընթաց պետք է անցնեն, թե ինչպես լուսաբանել պատերազմական գործողությունները: Հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքի հրետակոծության հետևանքով վիրավորվել է նաև «Ժամը» լրատվականի օպերատոր Արամ Գրիգորյանը: Գնել Նալբանդյանը վստահեցնում է` հեռուստաընկերությունը կհոգա իր աշխատակցի հիվանդանոցային ծախսերը, սակայն խնդիրն ավելի գլոբալ պետք է դիտարկել: Ասում է` այլ հարց է, երբ լրագրողը կամ օպերատորը երկարաժամկետ կտրվածքով է առողջական խնդիրներ ունենում, պետք է երկար ժամանակ բուժում ստանա, սակայն հաջորդ տարի հեռուստաընկերությունը զրկվում է լիցենզիայից, այդ դեպքում ի՞նչ է հարկավոր, որ երկարաժամկետ լուծում առաջարկվի: Խնդրի լուծմանը պետք է մասնակցեն պետությունը, ԿԲ-ն, բանկային համակարգը: Մարտունիում վիրավորվել էր նաև 24news.am կայքի լրագրող Սևակ Վարդումյանը: Կայքի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանն ասում է, որ հայաստանյան ԶԼՄ դաշտում աշխատակիցների կյանքի ապահովագրության մշակույթը, ցավոք, զարգացած չէ: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:42 - 03 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու համար

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու համար

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ․ Արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։ Այս նպատակով գործի է դրվել Ադրբեջանի ողջ ռազմական ներուժը՝ համալրված թուրքական ռազմական աջակցությամբ, որն արտահայտվում է նաև մերձավորարևելյան հակամարտության գոտիներից Ադրբեջան փոխադրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին ռազմի դաշտ նետելով։ Արցախի ողջ տարածքում համակարգված և զանգվածային ձևով թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով մարդկային կորուստների և ավերածությունների։ Այս ռազմական գործողությունների նպատակն է Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով վերջիններիս զրկել պատմական հայրենիքից։ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ կանխարգելելու այդ զանգվածային ոճրագործությունը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար։
15:33 - 03 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի իշխանությունը բացահայտ պատերազմի քարոզչություն է անում. Փայլանը խաղաղության կոչ է անում |armenpress.am|

Թուրքիայի իշխանությունը բացահայտ պատերազմի քարոզչություն է անում. Փայլանը խաղաղության կոչ է անում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը նկատում է, որ Թուրքիայի իշխանությունները բացահայտորեն անում են պատերազմի քարոզչություն, ինչը մեծ հանցանք է: Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ իր տարածած հաղորդագրությամբ Փայլանը խաղաղության կոչ է անում: «Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով շարունակվող լարվածությունը, դժբախտաբար, վերջին օրերին գնում է դեպի պատերազմ։ Հակառակ ողջ աշխարհի հակամարտության դադարեցման ու հրադադարի կոչերին՝ ԱՔՓ-ՄՀՓ դաշինքը (Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցություն և ազգայնամոլ Ազգայնական շարժում կուսակցություն –խմբ.) բացահայտորեն ռազմատենչ պահվածք է որդեգրել՝ մեր երկրի հարևաններ հանդիսացող Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա լարվածության նկատմամբ։ Իշխանությունը բացահայտորեն պատերազմի քարոզչություն է իրականացնում՝ իր ռազմատենչ ընթացքով, Հայաստանի դեմ բացահայտ թշնամական հայտարարություններով և նեցուկ լինելով պատերազմին՝ փոխանակ երկրներին հրադադարի ու բանակցության կոչ ուղղելու»,-նշել է Փայլանը: Նա շեշտել է, որ ՄԱԿ-ի քաղաքացիական ու քաղաքական իրավունքի համաձայնագրի 20-րդ հոդվածի, որը ստորագրել է նաեւ Թուրքիան, և որը Սահմանադրության 90/4 հոդվածի համաձայն գերակա է ներքին իրավունքին, պատերազմի որեւէ քարոզչություն արգելված է օրենքով։ Փայլանը շեշտել է, որ Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները հանցանք են գործում՝ իրականացնելով պատերազմի քարոզչություն։ Փայլանը նշել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ու դրա ներկայացուցիչները մշտապես պաշտպանել են խաղաղությունը: «Իմ ընկերներն ու ես կյանքի ու քաղաքականության բոլոր ոլորտներում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, ընդդիմանալով պատերազմին, տևապես պաշտպանել ենք խաղաղությունը և պիտի շարունակենք պաշտպանել։ Այն բոլոր հարցերում, որոնց շուրջ իշխանությունները կողմ էին հակամարտության, բռնության եւ ռազմի քաղաքականությանը, ինչպես Էգեականի հարցը, Քրդական հարցը, Ղարաբաղյան հարցը, միշտ կողմ ենք եղել խաղաղ լուծման։ Հակամարտության առաջին պահից իսկ, ջանք թափեցի փոխելու Թուրքիայի դիրքը այս պատերազմի նկատմամբ, որի հետևանքով հայ ու ադրբեջանական ժողովուրդները պիտի մեծ կորուստներ ունենան»,-նշել է նա: Փայլանը նկատել է, որ թուրքական իշխանությունը ռազմական քաղաքականությամբ ողջ երկիրն ու ողջ տարածաշրջանը դեպի խավար է առաջնորդում։ «Նրանք, որոնք պատերազմի կոչ են հնչեցնում, կփորձեն լռեցնել խաղաղության ձայն բարձրացնել փորձողներին։ Ինչ, որ անենք ես ու ընկերներս, պիտի շարունակենք «խաղաղություն» գոչել։ Որովհետեւ պատերազմը չունի հաղթող, իսկ խաղաղությունը՝ պարտվող»,-ասել է նա: Փայլանը նկատել է, որ ինչ-որ շրջանակներ փորձում են լռեցնել իրեն: «Շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում այս հայտարարությունը: Հակառակ այս իրողության՝ չեմ նահանջելու պատասխանատվություն ստանձնել՝ պատերազմները կանխելու համար։ Անձիս դեմ հավանական բոլոր հարձակումների պատասխանատուն, իշխանությունների չափ, ԱՍԱՄ եւ նման կազմակերպություններն են, որոնք անցյալի ատելության հարձակումների պատասխանատուներն էլ էին»,-գրել է Փայլանն ու կոչ արել բոլոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք հավատում են խաղաղությանը, որպեսզի խաղաղությունը պաշտպանելու համար բարձրացնեն իրենց ձայնը՝ ընդդեմ պատերազմի։
14:54 - 03 հոկտեմբերի, 2020
Հրետակոծության հետևանքով միջազգային լրատվամիջոցները չեն կարողանում մուտք գործել Ղարաբաղ |armenpress.am|

Հրետակոծության հետևանքով միջազգային լրատվամիջոցները չեն կարողանում մուտք գործել Ղարաբաղ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային լրատվամիջոցների խումբը չի կարողանում Հայաստանից մուտք գործել Լեռնային Ղարաբաղ ճանապարհին առկա վտանգավոր իրավիճակի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, որին հայտնել է տեղում աշխատող լրագրողներից մեկը: «Մենք նախօրեին դուրս ենք եկել Երևանից, սակայն հայտնի դարձավ, որ ճանապարհը հրետակոծության տակ է, ռումբը դիպել է կամրջին: Մենք ստիպված եղանք գիշերել Գորիսում»,-հայտնել է լրագրողը: Խմբում են «BBC»-ի, «SkyNews»-ի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Արցախի տեղեկատվական կենտրոնը հաստատել է տեղեկությունը: «Նրանք (Ադրբեջանը-խմբ.) արդեն սկսել են կրակ բացել մեծ ավտոբուսների ուղղությամբ, «Press» գրառումն այլևս չի փրկում: Դրա համար շատ վտանգավոր է: Հնարավոր կլինի կազմակերպել նրանց տեղափոխումը, դեռ պարզ չէ»,-հայտնել է կենտրոնի ներկայացուցիչը:  
14:29 - 03 հոկտեմբերի, 2020
Վրաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները |azatutyun.am|

Վրաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ պատրաստ է միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները ցանկացած ձևաչափով կազմակերպելու հարցում: «Ես դիմում եմ երկու երկրների ղեկավարներին հնարավորինս արագ կրակը դադարեցնելու և երկխոսությունը վերականգնելու կոչով: Թբիլիսին կարող է դառնալ ցանկացած տարբերակով բանակցություններ անցկացնելու վայրը, մենք պատրաստ ենք անել այն, ինչ կցանկանան կողմերը», - Վրաստանի անվտանգության խորհրդի նիստից հետո ասել է նախագահը: Սալոմե Զուրաբիշվիլին նաև դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ընդգծելով նրանց հատուկ առաքելությունը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու խնդրում: Վրաստանի նախագահը Եվրոպական միությանը կոչ է արել աջակցել կրակի դադարեցմանը, քանի որ անդրկովկասյան բոլոր երեք երկրները ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցներ են: «Մեր կայունությունը, այս տարածաշրջանում անդորրը խիստ անհրաժեշտ են Եվրոպական միությանը, որը պետք է բոլոր ջանքեր գործադրի հանուն խաղաղության և լարվածության թուլացման», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
14:02 - 03 հոկտեմբերի, 2020
Թուրքիան սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը հնդկական WION հեռուստաընկերությանը

Թուրքիան սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը հնդկական WION հեռուստաընկերությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը.Հարց -Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ ինչ ռազմական գործողությունները չեն դադարում։ Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանն անցել են լայնածավալ պատերազմի։ -Կարծում եմ՝ պետք է հստակեցնենք, որ այս լայնածավալ պատերազմը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև է։ Ադրբեջանն, ըստ էության, ցանկանում է այս տարածքը մաքրել հայերից։ Սա պատմական հայկական տարածք է, որտեղ հայերն ապրում են հազարավոր տարիներ։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 1991 թվականին հռչակեց իր անկախությունը։ Բանակցությունները շարունակելու փոխարեն, իսկ դրա համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակը, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց դադարեցնել բանակցություններն ու պատերազմ սկսել։ Այս պատերազմը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև է։ Հայաստանից և ողջ աշխարհից հայերը գալիս են օգնելու Լեռնային Ղարաբաղին, սակայն մյուս բախումներից կամ հակամարտություններից սա տարբերվում է նրանով, որ այս անգամ միայն Ադրբեջան պետությունը չէ Լեռնային Ղարաբաղի դեմ, և նա ցանկանում է էթնիկ զտում անել։ Այս անգամ Թուրքիան ևս միացել է պատերազմին՝ իր հետ Ադրբեջան բերելով իր սպաներին, գեներալներին, սարքավորումներ, դրոններ ու անգամ F-16 կործանիչներ։ Թուրքերի օգնությամբ և մասնակցությամբ ադրբեջանցիներն օգտագործում են այս ամենն ընդդեմ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորների, այլև քաղաքացիական բնակչության։ Այսօր մինչ մենք խոսում էինք, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, քաղաքացիներ, կանայք, երեխաներ, թիրախավորվեցին ադրբեջանական կողմից և հրետակոծվեցին։ Այս ամենի նպատակն էթնիկ զտումներն են, Լեռնային Ղարաբաղը հայերից մաքրելը՝ առանց հաշվի առնելու, որ այս մարդիկ հազարավոր տարիներ է՝ այստեղ են ապրում, հաշվի չառնելով, որ հնարավոր է խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, քանի որ ինչպես ասացի, Թուրքիան լիակատար ներգրավվածություն ունի։ Թուրքիան այժմ ներգրավված է ոչ միայն Լիբիայում, Սիրիայում, Միջերկրական ծովում, այլև՝ այստեղ։ Հարց -Սա հին վեճ է, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այն բռնկվեց հիմա։ -Սա հին վեճ չէ, այն 30 տարվա պատմություն ունի։ Այս բարձունքներում հպարտ հայերն ապրում են հազարավոր տարիներ։ Բռնապետներ, միապետներ, կայսրեր եկել ու գնացել են, իսկ հայերը, Լեռնային Ղարաբաղի բնակիչները մնացել են։ Մոտ հարյուր տարի առաջ խորհրդային առաջնորդ Ստալինը, ով «Բաժանիր, որ տիրես» քաղաքականության մեծ վարպետ էր, հայկական տարածքի այս հատվածը տվեց Ադրբեջանին՝ խնդիր առաջացնելով հայերի ու ադրբեջանցիների միջև։ 70 տարի շարունակ Ղարաբաղը եղել է Խորհրդային Ադրբեջանի մաս՝ որպես ինքնավար հանրապետություն, մինչդեռ բնակչության ավելի քան 90 տոկոսը հայեր էին, նրանք խոսում էին հայերեն, հաճախում հայկական դպրոցներ։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը որոշեց, որ իրենք ցանկանում են հանրաքվե անցկացնել։ Նրանք բոլոր օրենքներին համապատասխան հանրաքվե իրականացրեցին և 1991 թվականին հռչակեցին անկախությունը, ցանկացան իրենց հայրենիքը ստեղծել։ Սակայն Ադրբեջանը նրանց հետ խոսելու փոխարեն սկսեց կրակել։ Այս վեճը հին չէ, այն 30 տարվա վեճ է։ Վերջին տարիներին կողմերը հիմնականում պահպանում էին հրադադարի ռեժիմը և բանակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների սեղանի շուրջ։ Փոխարենը՝ հին են հայ-թուրքական հարաբերությունները։ Սա հայերի կողմից Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու հարցը բացարձակ հրամայական է դարձնում, քանի որ 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, Առաջին համաշխարհային պատերազմի պատճառաբանությամբ, Թուրքիան մեկ ու կես միլիոն հայերի կոտորեց՝ իրականացնելով քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը։ Հարյուր հազարավոր մարդիկ լքեցին իրենց հայրենիքն ու հաստատվեցին Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Բրազիլիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլուր՝ ստեղծելով հայկական սփյուռքը։ Այս խնդրում Թուրքիայի ներգրավվածությունը հավելյալ լարում է առաջացնում, և հարց է ծագում, թե ինչո՞ւ պետք է Թուրքիան այստեղ ներգրավված լինի։ Թուրքական կողմը պատճառաբանություններով է հանդես գալիս, որոնք բացարձակ տրամաբանական չեն։ Նրանք ասում են, թե էթնիկ առումով մոտ են ադրբեջանցիների հետ։ Սակայն այս տեսանկյունից նրանք կարող են մոտ լինել շատ ազգերի հետ՝ սկսած Չինաստանի հյուսիսից մինչև Մոնղոլիա, Կենտրոնական Ասիա և այլն։ Երկրորդը՝ նրանք ասում են, թե իբր այստեղ կան PKK զինյալներ, սակայն սա հին հնարք է և Հայաստանի դեպքում չի աշխատում։ Եվ երրորդը, ասում են, թե իբր սպառնալիք կա միջազգային նավթամուղերի համար, որ Բաքվից Ջեյհան է ձգվում, ինչը նույնպես բացարձակ անհեթեթություն է։ Հարց -Թուրքիայի նախագահը Հայաստանն անվանել է իսկական սպառնալիք տարածաշրջանային խաղաղության համար։ -Նա կարող է Հայաստանն անվանել գերտերություն, սակայն արդյո՞ք դա որևէ բան կփոխի։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը սպառնալիք լինել։ Եթե նա կարողանա տրամաբանորեն բացատրել, թե որտեղ է սպառնալիքը տարածաշրջանին այն դեպքում, երբ Հայաստանը տարածաշրջանում որևէ մեկի հետ որևէ խնդիր չունի... Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի հարևան Վրաստանի հետ, հիանալի հարաբերություններ Ռուսաստանի հետ, Իրանի հետ։ Միակ պետությունը, որի հետ մենք հարաբերություններ չունենք, Թուրքիան է, քանի որ Թուրքիան անգամ չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվ միակ խնդիրն այստեղ Լեռնային Ղարաբաղն է, որը հայերի փոքր անկլավ է։ Սակայն ադրբեջանական ու թուրքական կողմը որոշել է ազատվել դրանից։ Առաջին անգամը չէ, որ նախագահ Էրդողանը ինչ-որ բան է հայտարարում: Օրինակ Իրաքում, Լիբիայում, Սիրիայում։ Նա մշտապես պատճառ է գտնում ներգրավված լինելու համար։ Ես առհասարակ չեմ կարող համաձայնել Էրդողանի ասածների հետ։ Հայաստանը սպառնալիք չէ, այդ Թուրքիան է այժմ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար: Հարց -Դուք ասում եք, որ այս հակամարտությունն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև է, սակայն հայկական դրոնն է խոցվում։ -Նախ և առաջ, պատերազմն Ադրբեջանն է սկսել, այլ ոչ թե Հայաստանը։ Երեկ ադրբեջանական դրոնները մուտք են գործել Հայաստանի տարածք ։ Իհարկե, չորս դրոններն էլ ոչնչացվել են։ Երկրորդը, թուրքական F-16 կործանիչները հարվածներ են հասցնում Լեռնային Ղարաբաղի սահմաններին ու բնակիչներին։ Սակայն սա պատերազմ է, իսկ դա նշանակում է, որ հայերը պետք է պաշտպանեն իրենց, և երբ հարձակվում են քեզ վրա, պետք է ոչնչացնես և՛ դրոնները, և՛ տանկերը։ Սակայն ֆիզիկապես պատերազմը սկսել է Ադրբեջանը։ Եվ սա ծրագրված պատերազմ է, քանի որ նրանք ամիսներ շարունակ թուրքական բանակն ու Սիրիայից մոջահեդների են բերել՝ հայերի դեմ կռվելու համար։ Այսինքն, սա ծրագրված է, և այս ամենն այնքան ակնհայտ է։ Հարց -Դուք ասում եք, թե սա ծրագրված է։ Ո՞վ է ծրագրել։ -Ադրբեջանն ու Թուրքիան։ Հարց- Ինչո՞ւ համար է Թուրքիան արել։ -Մի քանի պատճառով։ Նրանք կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, թե ինչու են սկսել, սակայն իրականությունն այլ է։ Ես կհիշատակեմ տարբեր վերլուծաբանների կարծիքներ այս հարցի առնչությամբ։ Նախ և առաջ, նրանք ցանկանում են Ադրբեջանին ասել, որ այս խնդիրն առանց իրենց չեն կարող լուծել։ Երկրորդը, հայերին դաս տալու համար՝ ասելով, որ անգամ չփորձեք հիշատակել, թե ինչ է տեղի ունեցել 105 տարի առաջ, քանի որ մենք չենք ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, և եթե դուք ձեզ ճիշտ չպահեք, դուք կարող եք տեսնել, թե ինչ տեղի կունենա։ Այսինքն, նրանք իրենց ուժն են ցույց տալիս՝ վախեցնելու Հայաստանի Հանրապետությանը։ Երրորդը, նրանք այժմ Ադրբեջանում են, և ես հիմա հարց ունեմ։ Երբ պատերազմն ավարտվի, նրանք լքելո՞ւ են Ադրբեջանը, թե՞ մնալու են։ Մնալով՝ նրանք հսկայական ազդեցություն են ունենալու Ադրբեջանում։ Մնալով այդտեղ՝ հսկողության տակ են առնելու նավթամուղերն ու գազատարները, որոնք Ադրբեջանից գնում են Արևմուտք, Եվրոպա։ Եվ դա ոչ միայն ադրբեջանական գազն ու նավթն է, այլև կասպիականը, Կենտրոնական Ասիայինը։ Այսինքն, Թուրքիան, որը չունի նավթ և գնում է այն, այժմ կվերահսկի դեպի Եվրոպա գնացող նավթը։ Իսկ Եվրոպան կդառնա նրանց գերին։ Թուրքիայի համար սա նաև էներգետիկայի հարց է, Ադրբեջանը կառավարելու հնարավորություն։ Գուցե վաղը նրանք արդեն սկսեն ահաբեկել Եվրոպային։ Ըստ էության, վաղը նրանք կսկսեն Եվրոպայի դեմ հանդես գալ, որովհետև կկառավարեն էներգետիկ խողովակաշարերը և այլն։ Այդպիսով, կա հստակ աշխարհաքաղաքական խաղ, որը Թուրքիան խաղում է այս պատերազմում։ Հարց -Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ շարունակելու են պայքարել, մինչև հայկական զորքերն ամբողջությամբ դուրս գան Ղարաբաղից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անընդունելի է բանակցություններ սկսել այն դեպքում, երբ ինտենսիվ ռազմական գործողություններ են իրականացվում։ Այս ամենը հաշվի առնելով՝ երկու կողմերը շահագրգռվա՞ծ են արդյոք լուծում գտնել։ Այն, ինչ նախագահ Ալիևն է ասում, կոչվում է դասական էթնիկ զտում, այսինքն, ասում է՝ կանգ չենք առնի, մինչև այդ տարածքի բոլոր հայերին չսպանենք։ Դա կոչվում է էթնիկ զտում, տարածքների մաքրում մարդկանցից, որոնք ապրել են այնտեղ հազարավոր տարիներ։ Իմ երկրի վարչապետն ասում է, որ երբ այնտեղ մարդիկ են մահանում, մենք նախ և առաջ պետք է քայլեր ձեռնարկենք։ Առաջին հերթին, Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից, քանի որ դրա մասը չի կազմում։ Պատկերացրեք, որ եթե Թուրքիան ներգրավվի, ապա երրորդ, չորրորդ կողմ կլինի, ամբողջ տարածաշրջանը կմիջամտի, և արդյունքում մեծ խառնաշփոթ կունենանք։ Տասն անգամ ավելի վատ պատկեր կլինի, քան ունենք Սիրիայում։ Լուծումը լիովին պարզ է՝ Թուրքիան պետք է չմիջամտի։ Երբ հակամարտող կողմերը շարունակեն լինեն նույնը, ինչպես նախկինում էր, իսկ կողմերը՝ Արցախը, Հայաստանը և Ադրբեջանն են, այդ դեպքում հնարավոր կլինի խոսել, և ռազմական գործողությունները կդադարեցվեն, մարդիկ չեն կրակի միմյանց վրա, հնարավորություն կլինի հանդիպել միջնորդներին և աստիճանաբար կվերադառնանք բանակցություններին։ Բոլորին հորդորում եմ վերադառնալ բանակցությունների սեղան։ Սակայն Թուրքիայի ներկայությունը դա շատ դժվար է դարձնում, քանի որ այն նոր գործոն է և հակամարտության մեջ չի եղել։ Հարց -Լեռնային Ղարաբաղի ղեկավարը ևս ասել է, որ այստեղ ամենամեծ թշնամին Թուրքիան է, և պետք է պատրաստ լինել երկարաժամկետ պատերազմի։ Այնպես է ստացվում, որ բոլոր կողմերը ներգրավված են, և թվում է, թե ռազմական գործողությունները սրվում են, և լուծում դեռևս չկա։ -Հայկական կողմը լարում չի ցանկանում, մենք ուղիներ ենք փնտրում այս ամենն ավարտել ինչքան հնարավոր է շուտ։ Լեռնային Ղարաբաղի նախագահը լիովին ճիշտ է, որովհետև նա տեղում է վերահսկում իրավիճակը և տեսնում է, որ իր երկրի մարդիկ, զինվորները կռվում են ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաև թուրքական ուժերի դեմ։ Այդպիսով՝ կա ընդամենը մեկ եզրակացություն, որ այս սենյակի «մեծ փիղը» Թուրքիան է, որը խաղաղություն չի ուզում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր երկրորդական է դարձել՝ Թուրքիայի ներգրավմամբ։ Թուրքիան այս խնդրում հայտնվել է , որովհետև անձնական շահագրգռվածություն ունի, Լեռնային Ղարաբաղի հարցը նրան չի անհանգստացնում։ Թուրքիան ցանկանում է իր ներկայությունն ունենալ այնտեղ, լինել այն ուժը, որը տարածաշրջանում ամենակարևորն է, որ փաստացի Ադրբեջանի վրա մեծ ներգործություն ունենա։ Ամենամեծ խնդիրը Թուրքիան է։ Հարց -Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնեց, որ աջակցում է Հայաստանին, Ռուսաստանը խոսել է երկու երկրների հետ։ Ի՞նչ եք կարծում՝ այս ջանքերը կօգնեն լուծել խնդիրը։ Միշտ պետք է հույս ունենալ: Մենք բոլորս ջանքեր ենք ներդրում հրադադարի հաստատման համար, խոսում ենք բոլորի հետ։ Նախագահ Մակրոնն աջակցում է ճշմարտությանը, ըստ որի՝ Թուրքիան չի ցանկանում այս խնդրի լուծման համար որևէ բան անել։ Հարգում ենք Ռուսաստանի նախագահ Պուտինի առաջարկը։ Հայկական կողմը մշտապես պատրաստ է քննարկել հետագա քայլերը, և եթե ադրբեջանական կողմն ասի, որ պատրաստ է բանակցությունների, ապա պետք է նշեմ, որ մենք երբևէ դեմ չենք եղել բանակցություններին։ Այս բարդ խնդրի շուրջ բանակցությունները մշտապես խրթին են եղել։ Կողմերի միջև համաձայնություն ձևավորելու համար ժամանակ է հարկավոր: Սակայն, միևնույն ժամանակ, պետք է անկեղծորեն հավատալ, որ լուծումը հնարավոր է գտնել երկխոսության միջոցով։ Բանակցություններ հնարավոր է անցկացնել վստահության կառուցման միջոցով։ Սակայն այն պահին, երբ դու պատերազմ սկսելով այդ վստահությունը կոտրում ես, այն 30 տարով հետ է գնում։ Այսօր արդեն մի քանի տարի կպահանջվի կրկին վստահության մթնոլորտ ձևավորելու համար։ Ես խաղաղության, խաղաղ լուծման կողմնակից եմ։ Հարց -Դուք նաև նշել եք, որ միջազգային հանրությունը պետք է միջամտի, և հնարավոր է ավելի վատ լինի, քան Սիրիայում է։ Ի՞նչ է աշխարհն անում այս հարցում։ Այսօր ԱՄՆ զբաղված է ընտրություններով, Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները... -Թուրքիան է այս խնդիրը առաջացրել և պետք է դուրս գա։ Այո, ճիշտ եք, Միացյալ Նահանգները պատրաստվում է նախագահական ընտրությունների, և շատ դժվար կլինի նրանց ուշադրությունն ունենալ։ Այո, Ռուսաստանն իր սեփական խնդիրներն ունի։ Այո, Եվրոպան շատ զբաղված է։ Այս ամենին գումարեք կորոնավիուսը և տնտեսական դժվարությունները։ Ահա այս պատճառով են Թուրքիան և Ադրբեջանը ընտրել հենց այս պահը հարձակվելու համար։ Նրանք գիտեն, որ միջազգային հանրությունը շատ զբաղված է, և կարող են անել այն, ինչ ցանկանում են, կարող են ահաբեկիչներ, ջիհաիդիստներ բերել։ Սակայն, քանի որ բոլորը զբաղված են, ապա անհրաժեշտ ճնշումը բավարար չի լինի։ Սրանք են նրանց հաշվարկները։ Սակայն նրանք չեն հաշվարկել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հազարավոր տարիներ կռվել է իր գոյության համար և նա չի հանձնվելու։ Հարց -Հավատո՞ւմ եք, որ համաշխարհային ինստիտուտները պետք է հստակ ուղերձ հղեն նման դեպքում, հակառակ դեպքում նման խնդիրներն ավելի շատ կլինեն։ -Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Թուրքիան F-16 կործանիչներ է օգտագործում այստեղ և օգտագործում է խաղաղ բնակիչների դեմ։ Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն ասում է, որ կարող ես օգտագործել, միջամտել այլ մարդկանց կյանքին կամ ներգրավվել հակամարտության մեջ, որի մասը չես կազմում։ Աշխարհը փոխվել է։ Այն շատ ավելի անկայուն, անկանխատեսելի է դարձել։Միջազգային կառույցները պետք է սկսեն մտածել, թե ինչպես պետք է փոխվեն, ժամանակակից դառնան՝ 21-րդ դարի նոր աշխարհի մարտահրավերները դիմագրավելու համար։ Հարց -Էներգետիկ շուկաների հարցը ևս թեմայի մեջ է, մտավախություններ կան գազի և նավթի մատակարարումների մասով։ -Այստեղ ոչ ոք վտանգ չի ներկայացնում նավթի մատակարարումների համար։ Եթե նրանք մտավախություններ ունեն այլ աղբյուրների մասով, թող ունենան։ Կրկնեմ՝ եթե Լեռնային Ղարաբաղի հայերը ցանկանային կրակել գազատարների վրա, դա 20 տարի առաջ կանեին, երբ դրանք կառուցվում էին։ Եթե այն ժամանակ դա անեին, Ադրբեջանին թույլ չէին տա միլիարդավոր դոլարներ վաստակել և դրանցով զենք գնել ու այսօր հայերի վրա կրակել։ Նրանք այն ժամանակ չեն արել և այսօր էլ չեն պատրաստվում։ Կարծում եմ, որ միջազգային էներգետիկ շուկաները չպետք է մտահոգվեն այս հարցով։ Նրանք պետք է մտածեն Թուրիքիայի մասին, որը վերահսկողություն է իրականացնում գազատարների մասով։ Հարց -Կավարտեմ հարցազրույցը այն հարցով, որով սկսել եմ։ Լուծում տեսնո՞ւմ եք առաջիկա օրերին, թե՞ ավելի մեծ պատերազմ կլինի։ -Հույս եմ հայտնում, որ լուծում կլինի։ Ես մեծ ջանքեր եմ ներդնում այդ լուծմանը հասնելու համար, որովհետև չեմ ընդունում մարդկային կյանքների կորուստները, չեմ ընդունում էթնիկ զտումները և ցեղասպանությունները։ -Շնորհակալություն։
13:52 - 03 հոկտեմբերի, 2020
Վրաստանը պաշտոնական հայտարարություն է տարածել ռազմական բեռներ տեղափոխելու վերաբերյալ |aliq.ge|

Վրաստանը պաշտոնական հայտարարություն է տարածել ռազմական բեռներ տեղափոխելու վերաբերյալ |aliq.ge|

aliq.ge: Հայ-ադրբեջանական հակամարտության առիթով Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել, որի քննարկման հիմնական թեման հայ-ադրբեջանական հակամարտությունն է եղել: Նիստից հետո մի քանի հարցերի վերաբերյալ հայտարարություններ են արվել: «Վրացական կողմը տարիներ շարունակ մշտապես կատարել է իր միջազգային պարտավորությունները, այդ թվում` հարևան Ադրբեջանի և Հայաստանի հանդեպ: Մասնավորապես, Վրաստանի տարանցիկ երկրի գործառույթը կարևոր գործոն է երկու երկրների զարգացման համար: Այսօր նույնպես Վրաստանի տարածքով քաղաքացիական նշանակության բեռնափոխադրումները անխափան և անվտանգ իրականացվում են ցանկացած, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի ուղղությամբ: Հատկանշական է, որ հակամարտության սրացման պահից Վրաստանի կողմից քաղաքացիական օդային բեռնափոխադրումների նպատակով որևէ տեսակի սահմանափակում չի սահմանվել և չի սահմանվի: Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական գործողությունների պատճառով, Վրաստանի կառավարությունը, էսկալացիայի սկսվելուն պես, ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռներ տեղափոխելու համար թույլտվությունների տրամադրումը սեփական ՝ օդային և ցամաքային տարածքով երկու երկրների ուղղությամբ: Այս մասին կողմերը տեղեկացված են եղել: Վրացական կողմը ցանկացած այլ միջազգային տարանցիկ բեռների հետ կապված ամբողջությամբ կատարում է իր միջազգային պարտավորությունները: Մեր ընդհանուր շահն է արագ ավարտել ռազմական բախումները և վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում», — ասվում է խորհրդի տարածած հայտարարության մեջ։
13:09 - 03 հոկտեմբերի, 2020
Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատանքը՝ պահպանելով չեզոքությունը. Ալիև |civilnet.am|

Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատանքը՝ պահպանելով չեզոքությունը. Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը կտրականապես դեմ է, որ ղարաբաղյան ճգնաժամը վերաճի տարածաշրջանային հակամարտության։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ձևաչափը պետք է պահպանվի, բայց դրա մեջ մտնող երկրների չեզոքության պահպանման պայմանով»,- ասել է նա։ «Մենք կարծում ենք, որ երեք երկրները (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) պետք է շարունակեն աշխատել միասին, եթե նրանք բոլորը պահպանեն չեզոքությունը։ Դա կարևոր է»,- ասել է Ադրբեջանի նախագահը հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։ Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմի մոտ անհանգստություն են առաջացնում վերջին օրերին արված հայտարարությունները, որոնք «չեզոք դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ են ցուցադրում»: «Յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ իր դիրքորոշումը, դա նորմալ է։ Բայց եթե դուք միջնորդ եք նման զգայուն հարցում, ապա պետք է հանդես գաք նման [չեզոք] դիրքորոշմամբ։ Եթե դուք ուզում եք հանդես գալ ձեր ազգային դիրքորոշմամբ, ապա պետք է դուրս գաք Մինսկի խմբի համանախագահությունից։ Եթե դուք միջնորդ եք, ապա պետք է չեզոք լինեք»,- կարծում է Ալիևը։ «Մենք կտրականապես դեմ ենք, որ այդ [ղարաբաղյան] հակամարտությունը վերաճի տարածաշրջանային հակամարտության»,- ասել է Ալիևը: Նա վստահություն է հայտնել, որ տարածաշրջանի երկրները՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը, «երբեք թույլ չեն տա դա»: «Որովհետև մեր տարածաշրջանում անվտանգությունը ծառայում է բոլոր երկրների շահերին», - ասել Է Ալիևը:
13:04 - 03 հոկտեմբերի, 2020
ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ

ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ․ 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների լուրջ խախտումներով։ Մասնավորապես՝ ադրբեջանա-թուրքական զինված կազմավորումները միտումնավոր գնդակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ խաղաղ բնակչության ահաբեկման և ոչնչացման նպատակով։ Նրանց հանցավոր գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։ Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և, ընդհանրապես, միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Միևնույն ժամանակ, նշում ենք, որ միջազգային հանրության բոլոր պահանջները և կոչերը լկիտիաբար մերժվում են Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկչական կազմակերպությունների եռյակ դաշինքի կողմից։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է։
12:41 - 03 հոկտեմբերի, 2020
Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, հրետանի, եւ այլն․ ՊԲ մարտիկները հերոսաբար հետ են մղում գրոհները

Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, հրետանի, եւ այլն․ ՊԲ մարտիկները հերոսաբար հետ են մղում գրոհները

Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Մարտական գործողությունները հատկապես ինտենսիվ են հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Այս մասին քիչ առաջ հայտնեց ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։ Նա նշեց, որ հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, զրահատանկային եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի։ ՊԲ մարտիկները, ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսեւորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում։  Հակառակորդին պատճառված է կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներ,որոնց թիվը ներկա պահին ճշտվում է։ Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր՝ գրված եւ չգրված օրենքները՝ թիրախավորելով նաեւ խոր թիկունքում գտնվող բնակավայրերը։ Այսօր եւս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակործության, հրթիռային հարվածներ են հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին։  Ասուլիսի վերջում Սարումյանը վստահեցրեց՝ ՊԲ մարտիկներն ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ 
12:26 - 03 հոկտեմբերի, 2020
Ռուսաստանն օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. Ալիև |civilnet.am|

Ռուսաստանն օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Ռուսաստանն օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, քան մյուս միջնորդները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալ-Ջազիրայի հետ հարցազրույցում։ «Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միջնորդ երկրներից մեկն է։ < ... > Գործընթացում կա բավականին բարձր մակարդակի համակարգում։ Իհարկե, Ռուսաստանն ունի հատուկ դիրք, քանի որ նա Ադրբեջանի հարևան երկիրն է տարածաշրջանում, նա չունի պետական սահման Հայաստանի հետ։ Ռուսաստանը մի երկիր է, որը պատմական լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Դրա համար էլ միջնորդության համար նրանց (ռուսական կողմի) դերն ու հնարավորություններն օբյեկտիվ պատճառներով, իհարկե, ավելի բարձր են, քան նրանցը, ովքեր հեռու են տարածաշրջանից եւ, հնարավոր է, լիարժեք պատկերացում չունեն այն մասին, թե ինչ է կատարվում այստեղ վերջին տասնամյակում»,- ասել է Ալիևը Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը:
11:55 - 03 հոկտեմբերի, 2020