Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել սերբ և նորվեգացի գործընկերների հետ

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել սերբ և նորվեգացի գործընկերների հետ

Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարևորությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման, քաղաքական երկխոսության ամրապնդման և փոխշահավետ կապերի զարգացման նպատակով: Արարատ Միրզոյանը և Իվիցա Դաչիչը քննարկել են նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն իր սերբ գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի՝ 9 ամիս ապօրինի արգելափակմանը: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մոտակայքում ադրբեջանական զորքերի կուտակումները միտված են նաև խոչընդոտելու տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հայկական կողմի ջանքերին: Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ոտնձգություններին՝ ընդգծվել է Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և դեէսկալացիայի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների ակտիվացման առնչությամբ՝ վկայակոչելով Նորվեգիայի նախարարի՝ 2022թ. աշնանը Երևան կատարած այցը: Նախարար Միրզոյանն արժևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ուղղված Նորվեգիայի կառավարության աջակցությունը, երկրի կամավոր ներդրումը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրում։ Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:  Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը` շեշտելով Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու կարևորությունը` ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի երկու որոշումներին համապատասխան:  Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանն, ի թիվս այլ սկզբունքային հարցերի, ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը: Կարևորվել է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների, ուժի և ուժի կիրառման սպառնալիքի և ապակառուցողական գործելակերպի զսպման հարցում միջազգային դերակատարների գործուն քայլերի իրականացումը։
10:18 - 19 սեպտեմբերի, 2023
Միրզոյանն ու Ֆինլանդիայի արտգործնախարարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

Միրզոյանն ու Ֆինլանդիայի արտգործնախարարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ:   Ի շարունակություն երկու նախարարների՝ օգոստոսի վերջին կայացած հեռախոսազանգի՝ Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնեն առավել մանրամասն քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցեր՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված առաջնահերթությունների վրա: Այս համատեքստում ընդգծվել է առավել հավակնոտ քաղաքական օրակարգի ձևավորման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։   Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից 9 ամսից ավելի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, 120 հազար բնակչության բոլոր հիմնարար իրավունքների խախտումները: Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժի վերականգնման հրատապությունըը: Կարևորելով մինչ օրս ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հնչած հասցեական ուղերձները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի դադարեցմանն ուղղված հստակ քայլերի անհրաժեշտությունը:
20:46 - 18 սեպտեմբերի, 2023
Լաչինի միջանցքի արգելափակումը խախտում է միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերը․ Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին

Լաչինի միջանցքի արգելափակումը խախտում է միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերը․ Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյա փոխգործակցության միջոցով ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել ընդլայնել երկկողմ օրակարգը նոր ուղղություններով: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ակտիվ կյանքի կոչումը, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը, որի կազմում Էստոնիան ունի անմիջական մասնակցություն: Ի շարունակություն օգոստոսին երկու նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը խախտում է ոչ միայն Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլև միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերը, Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումները: Ընդգծվել է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքի արգելափակման վերացման, իսկ ընդհանուր խաղաղության գործընթացի արդյունավետության համատեքստում՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:
20:45 - 18 սեպտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք․ այնտեղ է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք․ այնտեղ է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 18-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին և բարձր մակարդակի միջոցառումներին։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսվում են Միրզոյանի մի շարք հանդիպումներ ՄԱԿ-ի պաշտոնյաների ու տարբեր երկրների գործընկերների հետ։  Նյու-Յորք է մեկնել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը: Արդյոք Միրզոյանն ու Բայրամովը Միացյալ Նահանգներում առանձին հանդիպում կունենան, կողմերը չեն հստակեցնում։ Հայաստանի և Ադրբեջանի անրտգործնախարարները վերջին անգամ Միացյալ Նահանգներում հանդիպել են հունիսի վերջին՝ Վաշինգտոնում։ Եռօրյա բանակցություններից հետո հայտարարվեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։ Միրզոյանն ու Բայրամովը թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներ ունեցան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Եռօրյա բանակցություններն ուղեկցվում էին Արցախի ու Հայաստանի սահմանին կրակոցներով, զոհերով, փոխադարձ մեղադրանքներով։
14:06 - 18 սեպտեմբերի, 2023
Միրզոյան. «Պետք  է շարունակենք այսպես աշխատել, մինչև որ կառուցողական դաշտ գա Ադրբեջանը»
 |azatutyun.am|

Միրզոյան. «Պետք է շարունակենք այսպես աշխատել, մինչև որ կառուցողական դաշտ գա Ադրբեջանը» |azatutyun.am|

azatutyun.am: Լարվածությունը հայ - ադրբեջանական սահմանին և արցախյան շփման գծում պահպանվում է, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Ըստ էության, մենք միշտ էլ ասել ենք, որ Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածություն, ընդ որում՝ թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի Հանրապետության սահմաններին», - ընդգծեց Միրզոյանը՝ շարունակելով. - «Մենք տեսել ենք մի քանի անգամ ներխուժումներ Հայաստանի Հանրապետության տարածք [...] և Հայաստանի տարածքների օկուպացիա, և նաև անընդհատ սպառնալիքներ, ատելության խոսք, նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ հումանիտար աղետի եզրին են հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և, այո, լարվածություն միշտ սպասում ենք»: Թե ինչ են անում՝ նախարարը մանրամասնեց. - «Ակտիվորեն աշխատում ենք միջազգային գործընկերների հետ, վստահ եմ՝ հետևում եք, տեսնում եք և՛ հայտարարությունները, և՛ կոչերը, իհարկե նաև իրավական որոշումներն Արդարադատության միջազգային դատարանի: Պետք է շարունակենք այսպես աշխատել, մինչև որ կառուցողական դաշտ գա Ադրբեջանը, որովհետև մենք՝ Հայաստանի կողմից, վստահաբար ուզում ենք խաղաղություն, բայց ուզում ենք երկարատև խաղաղություն: Ուզում ենք տարածքային ամբողջականության ճանաչում, բայց, այո, փոխադարձ, որովհետև գիտեք Ադրբեջանը մե՛ր սահմանները պետք է ճանաչի՝ կա այդպիսի պայմանավորվածություն, բայց մինչ օրս Ադրբեջանի նախագահը հրաժարվում է այդ մասին հրապարակային հայտարարություններ անել, և այլն, և այլն»: Երևանն ու Բաքուն կրկին փոխանակեցին խաղաղության պայմանագրի տարբերակներ, պահպանվո՞ւմ են արդյոք հիմնական, սկզբունքային տարաձայնությունները, որոնք հիշատակել է, այս հարցին Միրզոյանն արձագանքեց. - «Տարաձայնությունները, այո, պահպանվում են: Անշուշտ, խմբագրությունից խմբագրություն՝ ասել, թե որևէ առաջընթաց չի արվում սխալ կլինի՝ հղկվում է տեքստը, մի անգամ ասել եմ՝ բոլոր կետերն էլ կարևոր են, բայց, այնուամենայնիվ, պայմանականորեն կարող ենք կենսական և ոչ այնքան կենսական կետերի բաժանել այդ տեքստը, և ահա՝ իհարկե, ամենակենսական, ամենաէական հարցերում դեռևս սկզբունքային տարաձայնություններ կան: Պիտի շարունակենք բանակցել, շարունակենք աշխատել»: Բաքու - Ստեփանակերտ երկխոսությունում միջազգաային մեխանիզմ ներդնելու մասով արտգործնախարարը նշեց. - «Մենք համոզմունք ունենք, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր խնդիրները պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի և պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև, և մնացած բոլորը աշխարհում կարող են միայն աջակցող դերակատարում ունենալ: Հիմա, ինչո՞ւ միջազգային մեխանիզմ՝ որովհետև մենք կարծում ենք, որ նույնիսկ եթե այդ երկխոսությունը սկսվի պաշտոնական Բաքվի և Ստեփանակերտի միջև, միևնույն է՝ մնալով երկուսով սենյակում, Բաքուն փորձելու է ուլտիմատիվ կերպով վարել այդ խոսակցությունը, թելադրել պահանջներ, պայմաններ, և չեմ կարծում, որ մեծ և՛ իրական, և՛ անկեղծ երկխոսություն կունենա, եթե չլինի միջազգային ներկայություն, կամ նույնիսկ ես կարող եմ կասկածել նաև այդ հանդիպումների, երկխոսության շարունակականության վրա: Եվ այստեղ է, որ պետք է որևէ միջազգային մեխանիզմ»: Հարցին՝ «կարմիր գի՞ծ» է Երևանի համար այդ միջազգային մեխանիզմը, Միրզոյանը պատասխանեց. - «Սկզբունքներն են կարմիր գիծ՝ մենք ուզում ենք, որ իրական լուծումներ տրվեն իրական խնդիրներին, և վստահ ենք, որ երկխոսությունն է դրա լավագույն ճանապարհը: Ինչո՞ւ միջազգային հովանու ներքո՝ որ երկխոսությունը ավելի արդյունավետ լինի, սա է ամբողջը: Կարմիր գծերը վերջնարդյունքներն են»: Քարտեզի հարցում, ըստ նախարարի, «կա խոսակցություն, որը նախկինում չկար՝ ավելի փոխըմբռնման մթնոլորտում»: «Դրական ազդակներ տեսնում ենք, միևնույն ժամանակ ուզում եմ կրկին վերապահում հայտնել, որովհետև ոչ միայն մտքերի փոխանակություններ, կոնկրետ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում, և Ադրբեջանի ղեկավարությունը կա՛մ փոշմանում է, կա՛մ տվյալ պահին որևէ դիվանագիտական խաղ է անում», - հավելեց Արարատ Միրզոյանը:
09:54 - 17 սեպտեմբերի, 2023
Որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, կան նախնական համաձայնություններ և քննարկումներ․ Միրզոյանը՝ Բաքվի հետ բանակցությունների մասին
 |tert.am|

Որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, կան նախնական համաձայնություններ և քննարկումներ․ Միրզոյանը՝ Բաքվի հետ բանակցությունների մասին |tert.am|

tert.am: Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրարից։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե որ փուլում է հիմա Ադրբեջանի և Հայաստանի միջև քննարկվող խաղաղության պայմանագիրը։ «Մեր վերջին շփումներից հետո հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը կամ մեկնաբանությունները։ Մեր հերթն էր դա անելու, և դա արել ենք։ Եվ բառացիորեն երեկ, կարծեմ, ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները»,– ասաց նախարարը՝ հավելելով, որ գործընթաց կա։ Դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշեց․ «դժբախտաբար, պետք է ասեմ, որ էական հարցեր կան որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրարից»։ Ինչ վերաբերում է ապագայում հնգակողմ հանդիպմանը, ապա Միրզոյանն ասաց, որ հանդիպումների և բանակցությունների առաջարկ գրեթե մշտապես կա։ «Եվ ես հիմա չեմ կարող հերքել, որ այդպիսի նախանշված, նախնական պայամվորվածություններ կան»,- հավելեց նա։ «Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, կան նախնական համաձայնություններ և քննարկումներ»,- նշեց Միրզոյանը։
19:24 - 13 սեպտեմբերի, 2023
Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարարի ղեկավարությամբ կայացել է Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք

Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարարի ղեկավարությամբ կայացել է Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք

Սեպտեմբերի 9-ին Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ և ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագիտական կազմի անդամների մասնակցությամբ կայացել է Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերը, առկա միտումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումներն ու առանցքային հարցերը։ Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին։ Քննարկվել են նաև Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
20:15 - 09 սեպտեմբերի, 2023
ՀՀ ԱԳ և ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը

ՀՀ ԱԳ և ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարար Նահյան բին Մուբարաք ալ Նահյանի հետ: Հանդիպումը կայացել է Արաբական Միացյալ Էմիրություններ նախարար Միրզոյանի պաշտոնական այցի շրջանակներում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ընդգծելով, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-էմիրաթական հարաբերությունների դինամիկ զարգացումը: «Անդրադառնալով հումանիտար և մշակութային բնագավառներոմ երկկողմ փոխգործակցության հարցերին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ-էմիրաթական միջմշակութային երկխոսության խորացման կարևորությունը՝ բարձր գնահատելով ԱՄԷ իշխանությունների վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ գոհունակությամբ նշվել է նաև ՀՀ և ԱՄԷ գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնումը, ինչը կարող է մեծապես նպաստել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական ամրապնդմանը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։
22:02 - 08 սեպտեմբերի, 2023
ԼՂ բնակչությունն առերեսվում է արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի հումանիտար ծանր մարտահրավերների, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ․ Արարատ Միրզոյանը՝ ԱՄԷ-ի ԱԳ նախարարին

ԼՂ բնակչությունն առերեսվում է արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի հումանիտար ծանր մարտահրավերների, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ․ Արարատ Միրզոյանը՝ ԱՄԷ-ի ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում զրուցակցիները գոհունակությամբ արձանագրել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա պատմության ընթացքում երկու երկրների միջև ձևավորվել է ամուր և դինամիկ կերպով զարգացող համագործակցություն՝ հիմնված երկու բարեկամ ժողովուրդների ավանդապես ջերմ կապերի վրա: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԱՄԷ-ը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը՝ պատրաստակություն հայտնելով համատեղ ջանքերով շարունակել տարբեր բնագավառներում փոխշահավետ երկխոսությունը:  Անդրադառնալով երկկողմ քաղաքական երկխոսության խորացմանը և համագործակցության կայուն առաջընթացի ապահովմանը՝ ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։ Երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացման և ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման համատեքստում նշվել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության նշանակությունը: Նախարարներն ընդգծել են նաև, որ երկու երկրների միջև շաբաթական շուրջ 30-ի հասնող ուղիղ չվերթներն էականորեն նպաստում են երկկողմ գործարար կապերի, զբոսաշրջության, մշակութային և ապակենտրոնացված համագործակցության բնագավառների ակտիվացմանը: Այս առումով գոհունակությամբ նշվել է նաև առաջիկա օրերին Երևանում հայ-էմիրաթական գործարար ֆորումի անցկացումը: Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են նաև բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբերանվտանգության, նորարարության բնագավառները: Քննարկվել է նաև երկկողմ օրակարգում հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտների ներառումը:  ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերի շուրջ:  Արարատ Միրզոյանն իր էմիրաթցի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը և հայկական կողմի տեսլականը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու ուղղությամբ:  Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ շուրջ 9 ամիս տևող  ապօրինի արգելափակմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն առերեսվում է արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի հումանիտար ծանր մարտահրավերների, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ-ի միջազգային արդարարադատության դատարանի կողմից խնդրո առնչությամբ կայացված երկու որոշումների՝ Ադրբեջանի կողմից   իրականացման անհրաժեշտությունը:
14:07 - 08 սեպտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը Յուրի Քիմի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Արարատ Միրզոյանը Յուրի Քիմի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Սեպտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների համաձայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` ԼՂ անխափան մուտքի և մարդասիրական գործունեության ապահովման կարևորությունը։  Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից այս ընթացքում իրականացվող ապակառուցողական վարքագծին, իր իսկ կողմից ստանձնած պարտավորություններին և միջազգային հանրության հստակ կոչերին անարգանքին, ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու համակարգային քաղաքականությանը։ Ընդգծվել է Ստեփանակերտի և Բաքվի միջև իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումների համար միջազգային գործուն մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։   Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի։  
10:38 - 08 սեպտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի հետ

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քաղաքական երկխոսության և տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է ՀՀ և ԱՄԷ միջև 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման, երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խթանման ուղղությամբ քայլերի իրականացման պատրաստակամությունը, այդ թվում՝ բարձրաստիճան այցերի, երկու երկրների կողմից կազմակերպվող միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ միջոցով։ Զրուցակիցները երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում կարևորել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերը: Այս համատեքստում ընդգծվել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև աշխատանքների ակտիվացման նշանակությունը: Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանն ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահին ներկայացրել է տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության հաստատման՝ հայկական կողմի տեսլականը և առկա մարտահրավերները, հատկապես 2020թ. ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից ի վեր: Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման կարևորությունը։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձել է 2022թ. դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ս.թ. հունիսից ԼՂ 120.000 բնակչության փաստացի պաշարման հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային խաղաղության և անվտանգության համար առաջնային պատասխանատվություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից խնդրի շարունակական հասցեագրման, գործընկերների կողմից հասցեական դիրքորոշման արտահայտման հրամայականը:
15:55 - 07 սեպտեմբերի, 2023
Հասցեական ուղերձները բավարար չեն ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար. Միրզոյան

Հասցեական ուղերձները բավարար չեն ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար. Միրզոյան

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցեր: Անդրադարձ կատարելով սեպտեմբերի 1-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ դա Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործելաոճի հերթական դրսևորումն էր: Նախարար Միրզոյանը հավելել է, որ Ադրբեջանն իր քայլերով ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, որը պետք է դատապարտելի լինի միջազգային հանրության կողմից Երկուստեք ընդգծվել է դրան զուգահեռ Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամի՝ ԼՂ բնակչության, հատկապես խոցելի խմբերի համար հետևանքները և ճգնաժամի հաղթահարման հրատապությունը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում ՀՀ դիրքորոշումը և ընդգծել այդ ուղղությամբ միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԵՄ, կողմից հստակ քայլեր կատարելու անհրաժեշտությունը: Բարձր գնահատելով գործընկերների կողմից մինչ օրս արված հասցեական ուղերձները՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ, ցավոք, դրանք բավարար չեն տեղում դրական փոփոխություն արձանագրելու, Լեռնային Ղարաբաղի փաստացի շրջափակումը վերացնելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության  երկկողմ օրակարգի առաջ մղման հնարավոր քայլերին:
22:32 - 05 սեպտեմբերի, 2023