Ինֆոքոմ

«Հայաստան» դաշինքն Ազատության հրապարակից սկսում է համազգային դիմադրություն ձեւավորելու գործընթաց․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքն Ազատության հրապարակից սկսում է համազգային դիմադրություն ձեւավորելու գործընթաց․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքը Ազատության հրապարակից սկսում է Համազգային դիմադրություն ձեւավորելու գործընթաց՝ ընդդեմ կառավարող ուժի։ Դաշինքի մաս կազմող ՀՅԴ կուսակցության ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այդ դիմադրությունը պետք է կանխի Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը եւ կանխի նոր կապիտուլյացիան․ «Համազգային դիմադրությունը պետք է ունենա երկու ճակատ՝ արտաքին եւ ներքին։ Արտաքին ճակատում մենք ողջ աշխարհին, մեր թշնամիներին պետք է ցույց տանք եւ ապացուցենք, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ, Նիկոլը չունի մանդատ՝ երկիրը տանելու նոր զիջումների։ Մենք այսօր այս հրապարակից պետք է ձեւակերպենք այդ դիմադրությունը, որ այս իշխանության կողմից ստորագրված ցանկացած հակահայ փաստաթուղթ մեզ համար անընդունելի է լինելու։ Երկրորդ ճակատը՝ պետք է դիմադրություն ցույց տանք ներքին կյանքում, դիմադրություն ցույց տանք մեր պետությունը քայքայող բոլոր երեւույթների նկատմամբ»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ բոլոր ոլորտներում պետք է ձեւավորել մեծ ու փոքր դիմադրություն։ Պատգամավորը հայտարարեց, որ իրենց այս պայքարը կարող է տեւել օրեր ու շաբաթներ, եւ այն մեկ մարդու, մեկ ուժի, մեկ կուսակցության պայքար չէ, այլ յուրաքանչյուրի։
18:50 - 08 նոյեմբերի, 2021
Արման Թաթոյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին․ Արմեն Գրիգորյան

Արման Թաթոյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor.am-ին տված հարցազրույցում վերահաստատել է իր պնդումը, համաձայն որի  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվում։ «Ի դեպ, քաղաքական գործունեություն ասելով ես նկատի ունեմ իր անաչառ չլինելը, որովհետև կա պատմություն։ Նա, եթե չեմ սխալվում, նշանակվել է 2016 թ․-ին, և Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին։ Մինչդեռ ՄԻՊ-ի գործառույթն է քաղաքացուն պետությունից պաշտպանելը, հատկապես՝ ավտորիտար ռեժիմում։ Հիմա ամբողջ քննադատության թիրախը իշխանությունն է։ Ես հասկանում եմ, որ գործառույթ ունի, և մարդու իրավունքների պաշտպանության հարցում որևէ խնդիր չեմ տեսնում։ Միակ խնդիրը, որ տեսնում եմ, այն է, որ քաղաքական հայտարարություններով է զբաղվում՝  իր լիազորությունների հետ որևէ առնչություն չունեցող, և այն ժամանակ որևէ հայտարարություն չէր անում, ասում էր՝ ինչու եք Սարի թաղում մութ ճանապարհներով գնացել, մեղադրում էր ցուցարարներին։ Այս տրամաբանության մեջ է իմ տեսած խնդիրը»։ Արմեն Գրիգորյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչու Արման Թաթոյանը 2016-2018 թթ․-ին չի բարձրաձայնել զնծառայողների սոցիալ-տնտեսական խնդիրների մասին․ «Երբ զինծառայողների սոցիալ-տնտեսական խնդիրների մասին է խոսում, ես կուզենայի դուք մի ուսումնասիրություն կատարեիք, 2016-2018 թթ․-ին  նա ինչպիսի՞ հարցեր է բարձրացրել, որովհետև 2018-ից սկսած մեր կառավարությունը ամենամեծ ներդրումներն է կատարել զինծառայողների բնակարանային հարցերը լուծելու համար։  10 տարուց ավելի կուտակված հարցերի մեծ մասը մենք 2018-2019 թթ․-ին լուծել ենք։ Ինչու՞ նաև դա չի արձանագրում։ Եվ ինչու՞ նա չէր բարձրացնում այդ հարցերը 2016-2018 թթ․։ Այդ հարցերի մեծ մասը կուտակված էին եղել այդ ժամանակ։ Եթե այդ ժամանակ լուծեինք, եթե մեր իշխանության գալուց հետո այն բոլոր ռեսուրսները, որոնք հատկացվել են, հնարավոր էր լինելու բոլոր հարցերը լուծել»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Rusarminfo-ին տված հարցազրույցում Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական հայտարարություններ է անում։ «Նրան մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու, որից հետո կկարողանա արդեն ակնհայտ քաղաքական գործունեություն ծավալել»,-ասել էր նա։ Այս հայտարարությանը նոյեմբերի 3-ի ասուլիսում արձագանքել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ ԱԽ քարտուղարը գերազանցել է իր լիազորությունները․ «Ես պաշտոնապես դիմելու եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովի ՀՀ ՄԻՊ-ի անխափան, անկաշկանդ աշխատանքը նաև հետագայում»։
11:58 - 05 նոյեմբերի, 2021
Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում քննարկվել․ Արմեն Գրիգորյան

Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում քննարկվել․ Արմեն Գրիգորյան

Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցմանը։ Այս մասին Factor.am-ի հետ հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Սահմանների ճանաչումը այլ հարցերի հետ փոխկապակցելը որևէ տեղ չտանող քննարկում է։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը, այս մասով մենք պատասխան առաջարկություններ ենք ներկայացրել Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին։ Այս  առումով ակնկալում ենք Ադրբեջանի քայլերը, որպեսզի կարողանանք առաջ գնալ։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն սահմանների հստակեցմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Հարցին, թե արդյոք լինելու է առանձին փաստաթուղթ, որով ամրագրվելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Գրիգորյանն ասել է․ «Հայաստանը և Ադրբեջանը, միանալով ԱՊՀ-ին, դեռ 90-ականներին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, և այստեղ կոնտեքստը բնականաբար Լեռնային Ղարաբաղն է։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը տարածքային խնդիր չի եղել, եղել է այնտեղ ապրող հայերի ինքնորոշման խնդիր, և հարցը ամբողջ ընթացքում այդ տրամաբանության մեջ է քննարկվել։ Պատահական չի, որ Ադրբեջանը,  90-ականներին միանալով ԱՊՀ-ին, Հայաստանն էլ, լինելով ԱՊՀ հիմնադիրներից մեկը, հիմնադիր փաստաթուղթ է ընդունել, որտեղ բոլորը բոլորի տարածքային ամբողջականությունը ճանաչում են, բայց դա չի խանգարել ունենալ նաև հարց, որը կքննարկվի, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում կամ աշխատանքային խմբում քննարկվել։ Կա հատուկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար ստեղծված միջազգային կառույց, դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և հարցը քննարկվելու է այդտեղ՝ երկարատև լուծում ստանալու տրամաբանության շրջանակներում»։ Գրիգորյանը հիշեցրել է նաև, որ վերջերս Նյու Յորքում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ «Կարծում ենք՝ որոշ չափով վերականգնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, բայց տարածաշրջան այցով և հետագա գործողություններով այն համապարփակ բնույթ կստանա»։ Գրիգորյանը նշել է նաև, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է այցելեն Երևան, Ստեփանակերտ և Բաքու։
10:52 - 05 նոյեմբերի, 2021
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարության «առեղծվածը»

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարության «առեղծվածը»

Հոկտեմբերի 27-ին «Ազատություն» ռադիոկայանի լրատվական կայքը «Բաքվում ԱՄՆ դեսպանը «Զանգեզուրի միջանցքը» պատկերացնում է որպես «տարածաշրջանային համագործակցության միջանցք»» վերտառությամբ նյութ էր հրապարակել՝ հղվելով «Ապա» լրատվական գործակալության հրապարակմանը։ Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ դեսպանը, մեկնաբանելով «զանգեզուրյան միջանցքի բացման» հարցը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է նման քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանի երեք երկրների տնտեսական զարգացմանը։ Ֆեյսբուքյան իր էջում նշված հրապարակմանն արձագանքեց ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանը։ Վերջինս հրապարակել է երկու լուսանկար, որոնցից մեկը «Ազատություն» ռադիոկայանի նյութն է, իսկ մյուսը, ըստ նրա, հավանաբար նյութի բնօրինակը, որտեղ չի եղել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Հրապարակման հեղինակը նշում է, որ «Ազատություն» ռադիոկայանը տարածում է ադրբեջանական պրոպագանդան և չի ճշտում նյութի իսկությունը։ Հրապարակման հեղինակի տեղադրած լուսանկարում ադրբեջանական «Report» լրատվական գործակալության լուրն է, համաձայն որի, դեսպանն ասել է, թե ԱՄՆ-ն հետաքրքրված է Հարավային Կովկասում տարածաշրջանային կապերի հաստատմամբ։ «Դա վերաբերում է ցամաքային, երկաթուղային և օդային տրանսպորտին։ Մենք աջակցում ենք քայլերին, որոնք ուղղված են տարածաշրջանի բոլոր երեք երկրների տնտեսական զարգացմանը»,- նշել է դեսպանը և հավելել․ «Միացյալ նահանգները շարունակում է բանակցել կողմերի հետ այս քայլերի զարգացմանը նպաստելու համար»։ Այս լուրը նույնպես հոկտեմբերի 28-ին «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել էր՝ հղվելով «Թուրան» լրատվական գործակալությանը։ Ի՞նչ է ասել ԱՄՆ դեսպանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը հոկտեմբերի 27-ին այցելել է Գյանջա՝ հանդիպելու քաղաքային իշխանությունների հետ, ելույթ ունենալու USAID-ի միջոցառմանը և ավելին իմանալու Գյանջայի մշակույթի և պատմության մասին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան թվիթերյան միկրոբլոգից։ ԱՄՆ դեսպանի՝ Գյանջա կատարած այցից տեսանյութեր չկան․ միայն ադրբեջանական լրատվական կայքերում առկա հրապարակումներն են և դեսպանատան թվիթերյան միկրոբլոգի թվիթները։  Համաձայն «Ապա» գործակալության հրապարակման՝ դեսպանն ասել է․ «Արագ տեմպերով վերականգնողական աշխատանքների իրականացումը շատ դրական է։ Խոսելով տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներից, տարածաշրջանային համագործակցության միջանցքներից՝ մենք ցանկանում ենք ասել, որ ԱՄՆ-ն շատ հետաքրքրված է տարածաշրջանային կապերի հաստատման հարցով․ դա կարող է լինել ցամաքային տրանսպորտ, երկաթուղային տրանսպորտ, օդային տրանսպորտ»։ Իսկ ըստ «Report» գործակալության հրապարակման՝ դեսպանը նշել է․ «Միացյալ նահանգները շատ հետաքրքրված է Հարավային Կովկասում տարածաշրջանային կապերի կառուցմամբ։ Դա վերաբերում է ցամաքային, երկաթուղային և օդային տրանսպորտին։ Մենք աջակցում ենք քայլերին, որոնք ուղղված են տարածաշրջանի բոլոր երեք երկրների տնտեսական զարգացմանը»։ Երկու հոդվածների վերջում էլ մեջբերվում է դեսպանի ուղղակի խոսքից հատված, համաձայն որի, Միացյալ նահանգները  շարունակում է բանակցությունները կողմերի հետ, որպեսզի իր ներդրումն ունենա զարգացմանն ուղղված քայլերում։ Այսինքն՝ ամենայն հավանականությամբ երկու հոդվածներն էլ վերաբերում են դեսպանի այն խոսքերին, որոնք նա ասել է Գյանջա կատարած այցի շրջանակներում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ ————————————————————————————————————————— Եթե դիտարկենք ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներն ըստ ժամանակագրության, ապա սկզբում հրապարակվել է «Ապա» գործակալության լուրը, որից մոտ 20 րոպե հետո հրապարակվել է «Report» գործակալության լուրը։   Այնուամենայնիվ՝ ԱՄՆ դեսպանն իր խոսքում չի օգտագործել «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը։ Համաձայն «Ապա» գործակալության հրապարակման՝ դեսպանը պատասխանել է «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցին։ Ինչ վերաբերում է «Ազատություն» ռադիոկայանի լուրի սկզբնաղբյուրին, այն «Report» լրատվական գործակալության լուրը չէ, քանի որ հրապարակման մեջ նշված սկզբնաղբյուրը փաստացի առկա է։ Բացի դրանից «Report» լրատվական գործակալությունը լուրը հրապարակել էր ավելի ուշ, քան «Ապա» գործակալությունը։ Նարեկ Մարտիրոսյան
19:33 - 04 նոյեմբերի, 2021
Ինչո՞ւ ի-ՌՆԹ պատվաստանյութերը չեն կարող վնասել մարդու ԴՆԹ-ն և փոխել գեները

Ինչո՞ւ ի-ՌՆԹ պատվաստանյութերը չեն կարող վնասել մարդու ԴՆԹ-ն և փոխել գեները

2020-ի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատեց «Պֆայզեր» պատվաստանյութը արտակարգ իրավիճակներում  COVID-19 համավարակի դեմ կիրառելու համար: 2021-ի ապրիլի 30-ին էլ ԱՀԿ-ն հաստատեց «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառումը։ Ի տարբերություն կորոնավիրուսային հիանդության դեմ մյուս պատվաստանյութերի՝ այս երկու պատվաստանյութերը պատրաստված են նոր տեխնոլոգիայով և կոչվում են ի-ՌՆԹ պատվաստանյութեր։ Թերևս սա է պատճառը, որ  «Պֆայզերի» ու «Մոդեռնայի» մասին սոցիալական ցանցերում, սունկ կայքերում բազմաթիվ միֆեր են տարածվում․ օրինակ՝ ի-ՌՆԹ պատվաստանյութերն ազդում են մեր ԴՆԹ-ի վրա և փոխում մեր գեները, ի-ՌՆԹ-ով պատվաստված մարդիկ գենետիկորեն փոփոխված երեխաներ են ունենում։  Որպեսզի պարզ լինի, թե ինչու ի-ՌՆԹ պատվաստանյութերը չեն կարող ազդել մեր ԴՆԹ-ի վրա և փոխել մեր գեները կամ էլ գենետիկորեն փոխված երեխաների ծնվելու պատճառ դառնալ, պետք է իմանալ մի քանի կարևոր հարցերի պատասխաններ․ ինչպե՞ս է կորոնավիրուսային վարակ առաջացնող վիրուսը՝ SARS-CoV-2-ը, թափանցում մեր բջիջներ, ինչպե՞ս են ի-ՌՆԹ պատվաստանյութերը պայքարում կորոնավիրուսի դեմ, ի՞նչ են ԴՆԹ-ն և ՌՆԹ-ն, ի՞նչ գործառույթներ են կատարում ինֆորմացիոն ՌՆԹ-ները կամ ի-ՌՆԹ-ները։ Ինչպե՞ս է կորոնավիրուսը թափանցում բջիջ․ ինչո՞ւ են անհրաժեշտ պատվաստանյութերը Կորոնավիրուսի մակերեսին կան մի քանի տեսակի սպիտակուցներ։ Այս սպիտակուցներից մեկը կոչվում է S սպիտակուց (spike protein)։ S սպիտակուցների օգնությամբ է վիրուսը կարողանում ներթափանցել բջիջ և վարակել այն։ Բնական ճանապարհով վարակվելիս մեր օրգանիզմն S սպիտակուցների դեմ հակամարմիններ է արտադրում։ Պատվաստանյութերի նպատակն էլ այդ սպիտակուցների դեմ հակամարմիններ առաջացնելն է, որպեսզի հետագայում, երբ բնական ճանապարհով վարակվենք, մեր օրգանիզմն արդեն ունենա պատրաստի հակամարմիններ և ավելի արդյունավետ պայքարի վիրուսի դեմ։   Ի՞նչ են ԴՆԹ-ն և ՌՆԹ-ն Մեր օրգանիզմում կան սպիտակուցների բազմաթիվ տեսակներ, որոնք տարբեր գործառույթներ ունեն (օրինակ` սպիտակուցները մասնակցում են օրգանիզմի նյութափոխանակությանը, ունեն կառուցվածքային նշանակություն, քանի որ մեր բջիջների որոշ հատվածներ կազմված են սպիտակուցներից և այլն)։ Բջջի ներսում կա օրգանիզմի համար կարևորագույն նշանակություն ունեցող ևս մի մոլեկուլ, որը կոչվում է դեզօքսիռիբոնուկլեինաթթու կամ կարճ՝ ԴՆԹ։ ԴՆԹ-ն պարունակում է տեղեկություն սպիտակուցների կառուցվածքի մասին, այսինքն՝ որպեսզի մեր բջիջներում ստեղծվեն սպիտակուցներ, նախ պետք է «կարդալ» սպիտակուցի մասին ԴՆԹ-ում պահվող տեղեկությունը։ Բայց քանի որ ԴՆԹ-ները գտնվում են հիմնականում բջջի կորիզում, իսկ սպիտակուցների սինթեզն իրականացվում է բջջի այլ հատվածում, անհրաժեշտ է, որ ԴՆԹ-ում պահվող կամ «կոդավորված» տեղեկությունը դուրս գա կորիզից ու հասնի այնտեղ, որտեղ սինթեզվում են սպիտակուցները։ Հենց այստեղ էլ օգնության են հասնում ռիբոնուկլեինաթթու կամ ՌՆԹ կոչվող մոլեկուլները։ Կան ՌՆԹ-ի մի քանի տեսակներ, որոնք օրգանիզմում տարբեր գործառույթներ են կատարում։ Անդրադառնանք միայն ինֆորմացիոն ՌՆԹ-ներին կամ ի-ՌՆԹ-ներին։ Վերջիններս ձևավորվում են բջջի կորիզում, «արտագրում» կամ «պատճենում» են սպիտակուցների կառուցվածքի մասին ԴՆԹ-ում պահվող տեղեկությունը և դուրս գալիս կորիզից։ Այնուհետև ի-ՌՆԹ-ները հասնում են բջջի համապատասխան հատված և հրահանգներ են տալիս, թե ինչպես պիտի ձևավորվի այս կամ այն տեսակի սիպատակուցը։ Հենց այդպես էլ մեր օրգանիզմում տեղի է ունենում սպիտակուցների սինթեզը։ Ի-ՌՆԹ-ները սովորաբար երկար կյանք չեն ունենում և հեշտ քայքայվում են։   Ինչպե՞ս են աշխատում ի-ՌՆԹ պատվաստանյութերը Հիմա, երբ արդեն լավ պատկերացնում ենք, թե ինչ գործառույթներ են կատարում ԴՆԹ-ն,  ի-ՌՆԹ-ն, ինչպես նաև գիտենք, թե ինչպես է վիրուսը վարակում բջիջները, շատ ավելի լավ կհասկանանք, թե ինչ են անում ի-ՌՆԹ պատվաստանյութերը, երբ հասնում են մեր բջիջներին։ Ի-ՌՆԹ պատվաստանյութերն ունեն հետևյալ կառուցվածքը․ կենտրոնում ի-ՌՆԹ-ն է, որը պատված է լիպիդների շատ փոքրիկ մասնիկներով (նանոմասնիկներով)։ Լիպիդները քիմիական կառուցվածքով ճարպերին նման նյութեր են, որոնք ի-ՌՆԹ մոլեկուլի համար կարծես «փոխադրամիջոց» լինեն․ դրանք պաշտպանում են ի-ՌՆԹ-ն, մինչև պատվաստանյութը ներթափանցում է բջիջ և կատարում իր գործը։ Պատվաստանյութի ի-ՌՆԹ-ն պարունակում է տեղեկություն S սպիտակուցի կառուցվածքի մասին։ Սա, հիշեցնենք, այն սպիտակուցն է, որի միջոցով վիրուսը թափանցում է մեր բջիջներ, և որի դեմ մեր օրգանիզմը բնական ճանապարհով վարակվելիս հակամարմիններ է արտադրում։  Հայտնվելով մեր բջիջներում՝ ի-ՌՆԹ-ն համապատասխան «կարգավորումներ» է տալիս, որից հետո բջիջը սկսում է սինթեզել S սպիտակուցներ (կամ S սպիտակուցի որևէ հատված) և այդ սպիտակուցները դուրս հանել բջջից։  Մեր օրգանիզմը հասկանում է, որ դրանք օտար սպիտակուցներ են, և սկսում է հակամարմիններ արտադրել։ Այդպես մեզ մոտ իմունիտետ է ձևավորվում։ Երբ բնական ճանապարհով վարակվենք և կորոնավիրուսի մակերեսի S սպիտակուցները մոտենան մեր բջիջներին, օրգանիզմը կճանաչի դրանք, և սպիտակուցի դեմ պատվաստանյութի օգնությամբ արդեն ձևավորված հակամարմինները գործի կանցնեն՝ պայքարելով վիրուսի դեմ։ Ի տարբերություն ի-ՌՆԹ պատվաստանյութերի՝ մյուս պատվաստանյութերը պարունակում են S սպիտակուցի որևէ անվնաս հատված, որն էլ մեր օրգանիզմում առաջացնում է իմունային պատասխան։ Ի-ՌՆԹ պատվաստանյութերը, փաստորեն, «հրահանգներ են տալիս», որոնց օգնությամբ մեր օրգանիզմն ինքն է սինթեզում S սպիտակուցներ։ Կարևոր է հիշել, որ պատվաստանյութի սինթետիկ ի-ՌՆԹ-ն ունի նույն հատկությունները, ինչ մեր բջիջների ի-ՌՆԹ-ն, այսինքն՝ այն չի կարող վնասել մեր ԴՆԹ-ն և փոխել մեր գեները, որոնցից յուրաքանչյուրը ԴՆԹ մոլեկուլի մի որևէ հատված է։ Ավելին, հենց պատվաստանյութի ի-ՌՆԹ-ն տալիս է անհրաժեշտ կարգավորումներն ու ավարտում գործը, մեր բջիջները հեշտությամբ քայքայում և դուրս են հանում այն։ Ի-ՌՆԹ-ն չի հասնում բջջի կորիզ, որտեղ գտնվում է ԴՆԹ-ն։ Հետևաբար, անհիմն են այն պնդումները, թե պատվաստանյութի ի-ՌՆԹ-ն կարող է հասնել բջջի կորիզ, վնասել ԴՆԹ-ն, փոխել մեր գեները կամ պատճառ դառնալ, որ պատվաստված մարդիկ գենափոխված  երեխաներ ունենան։ Աննա Սահակյան
18:40 - 04 նոյեմբերի, 2021
Հայաստանը չի կիրառում պատվաստանյութերի փոխարինելիության քաղաքականություն․ Սվետլանա Գրիգորյան

Հայաստանը չի կիրառում պատվաստանյութերի փոխարինելիության քաղաքականություն․ Սվետլանա Գրիգորյան

Covid-19-ի դեմ պատվաստման երկու դեղաչափերը երկու տարբեր պատվաստանյութերով ստանալու (պատվաստանյութերի փոխարինելիություն) արդյունավետությունը մինչև վերջ ուսումնասիրված չէ։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը: Գրիգորյանը նշեց, որ ՀՀ-ն հիմնվում է միջազգային առողջապահական կազմակերպությունների, մասնավորապես՝ ԱՀԿ-ի առաջարկությունների վրա, իսկ ԱՀԿ-ն պատվաստանյութերի փոխարինելիության քաղաքականություն չի առաջարկում, որովհետև դրա արդյունավետությունը մինչև վերջ ուսումնասիրված չէ։  Այսինքն՝ ՀՀ-ում առաջարկվում է, որ անձը նույն պատվաստանյութով ստանա պատվաստման երկու դեղաչափերը։ Միաժամանակ, Սվետլանա Գրիգորյանի խոսքով, մեր երկրում չկա որևէ իրավական նորմ, համաձայն որի անձին կարող է արգելվել պատվաստանյութերի երկու դեղաչափերը տարբեր պատվաստանյութերով ստանալը։   Նրա խոսքով՝ չկա նաև սահմանափակում, եթե անձը պատվաստանյութի երկու դեղաչափը ստանալուց հետո որևէ հանգամանքով պայմանավորված որոշում է նաև այլ պատվաստանյութով պատվաստվել։ Նա ընդգծեց, սակայն, որ պարտադիր է նախընտրելի պատվաստանյութի սահմանված դեղաչափերը ստանալ՝ ամբողջապես պատվաստված համարվելու համար․ «Եթե անձը ինչ-ինչ պատճառներով ստացել է պատվաստանյութը և որոշել է, որ հիմա էլ այլ պատվաստանյութ է ուզում, (երբ, օրինակ, ցանկանում է ճամփորդել Եվրոպա և Եվրոպա մեկնելու համար որևէ պատվաստանյութ ավելի նախընտրելի է) այդ առումով որևէ արգելող բան չունենք, որ անձին ասենք՝ ոչ, դու չես կարող։ Վերջին դեղաչափից չորս շաբաթ հետո կարող է պատվաստվել, բայց իր նախընտրած պատվաստանյութը պետք է ավարտին հասցնի․ պետք է 2 դեղաչափ ստանա, որպեսզի համարվի ամբողջական պատվաստված։ Չի կարող ասել, որ մեկ դեղաչափ մի պատվաստանյութով եմ ստացել, հաջորդը ՝ մեկ այլ պատվաստանյութով, և համարվում եմ պատվաստված»։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հավելեց, որ երկու տարբեր պատվաստանյութերի կիրառումը վտանգավոր չէ առողջության համար, եթե պահպանվում են պատվաստման դեղաչափերը ստանալու համար նախատեսված ժամկետները։ Գրիգորյանը ասաց նաև՝ որոշ երկրներ տարբեր նկատառումներից ելնելով են կիրառում պատվաստանյութերի փոխարինելիության քաղաքականությունը․ «Կան երկրներ, որոնք տարբեր նկատառումներից ելնելով կիրառում են այդպիսի քաղաքականություն՝ հաշվի առնելով նաև պատվաստանյութերի դեֆիցիտը, բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկը»։ Նանե Ավետիսյան
18:20 - 04 նոյեմբերի, 2021
ՀԿԵ-ի 39 մլրդ դրամ ներդրումը, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, 2008-ի կոնցեսիոն պայմանագրի շրջանակում է,  բայց համաձայնությունը ձեռք է բերվել 2020-ին

ՀԿԵ-ի 39 մլրդ դրամ ներդրումը, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, 2008-ի կոնցեսիոն պայմանագրի շրջանակում է, բայց համաձայնությունը ձեռք է բերվել 2020-ին

Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի հերթական նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը շատ կարևոր համաձայնություն է ձեռք բերել ՀՀ երկաթուղային տրանսպորտը կառավարող կոնցեսիոների՝ «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) հետ․ «Փոփոխությունների էությունը հետևյալն է․ մինչև 2024 թվականը Հայաստանի Հանրապետությունում երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 միլիարդ դրամ ներդրումներ։ Ես ուզում եմ՝ պատկերացնենք էս ծավալը։ Մենք բավականին երկար և մանրամասն քննարկում ենք ունեցել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, և շատ ուրախ եմ արձանագրել, որ ձեռք է բերվել համաձայնություն, և մենք կարող ենք ակնկալել, որ, իսկապես, մինչև 2024 թ․ կունենաք բոլորովին այլ որակի երկաթուղի»։ «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Վահե Դավթյանը վարչապետի հայտարարությունից հետո ասաց, որ ներկայիս իշխանությունները շարունակում են իրենց վերագրել այն ձեռքբերումները, որոնց համար հող է նախապատրաստվել դեռևս 2018-ից առաջ։  «Ինչ վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղուն», ապա ընկերությունը, 2008 թ. փետրվարին կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն, պարտավորվել է մինչև 2038 թ. երկաթուղու զարգացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ, որից 122,3 մլրդ դրամը ուղղվելու է ենթակառուցվածքային արդիականացմանը, իսկ 52,2 մլրդ դրամը՝ շարժակազմի թարմացմանը: Այս պարագայում երկաթուղային կոնցեսիոների պարտավորությունները որպես սեփական ձեռքբերում ներկայացնելը հասարակական կարծիքը մանիպուլացնելու, հերթական տնտեսական միֆ ստեղծելու փորձ է»,- նշել էր Վահե Դավթյանը։ Վահե Դավթյանը ճիշտ է։ Նիկոլ Փաշինյանի նշած 39 միլիարդ դրամ ներդրումը  կոնցեսիոն պայմանագրով հաստատված 174,5 մլրդ դրամի շրջանակում է։ 2020-2024 թթ․ ներդրումների ծավալի մասին համաձայնությունը, սակայն, ձեռք է բերվել 2019-ին և հաստատվել 2020-ին։ Այսպիսով, 2008 թվականին ստորագրվեց հայկական երկաթուղու համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը (պատկանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին) փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագիր։ Կոնցեսիոն պայմանագիրը նշանակում է, որ այդ պայմանագրով ներդրողին են հանձնվում որևէ ենթակառուցվածի կամ այլ օբյեկտի տնօրինման և օգտագործման իրավունքները։  Պայմանագրով ՀԿԵ-ն, ինչպես նշել էր Վ․ Դավթյանը, պարտավորվեց մինչև 2038 թ․ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանն ու արդիականացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ։ ՀՀ կառավարության՝  2009 թ․ N 994-Ա որոշմամբ հասատվեց ՀԿԵ-ի ներդրումային ծախսերի ծրագիր, որը փոփոխվեց 2010-ին։ 2009-ի ծրագրով 2021-2025 թթ․ ընթացքում ՀԿԵ-ն 174,5 մլրդ դրամի շրջանակում պետք է իրականացներ 15 202,1 մլն դրամ ներդում։ 2010-ին փոփոխված ծրագրով նույն ժամանակահատվածում նախատեսվում էր իրականացնել 15 136.7 մլն դրամ ներդրում։ 2019-ի հոկտեմբերին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ ցանկություն կա ՀԿԵ-ի՝ մինչև 2038 թվականն իրականացվելիք ներդրումային ծրագրերը ճշգրտելու։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հաստատել են, որ Նիկոլի Փաշինյանի նշած 39 մլրդ դրամ ներդրումներն իրականացվելու են կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումային ծախսերի ծրագրի շրջանակում։ Ինչպես փոխանցել են ՏԿԵՆ-ից, միջկառավարական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ու ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալի միջև 2020-ի սեպտեմբերի 2-ին ստորագրվել է արձանագրություն՝ մինչև 2024 թ. 39 մլրդ դրամի ներդրումներ իրականացնելու վերաբերյալ։ ՏԿԵՆ-ին նաև խնդրել էինք մանրամասնել, թե Փաշինյանի նշած ներդրումները կոնկրետ ինչ նպատակներով են ծախսվել կամ ծախսվելու։ «2021 թ. բեռնափոխադրումների համար ձեռք է բերվել 26 նոր կիսավագոն (2020-2024թթ. համար նախատեսված է ընդհանուր 310 միավոր), միջազգային ուղևորափոխադրումների համար՝ նոր, ժամանակակից 27 վագոն, ներհանրապետական հաղորդակցության համար՝ 2 ԷՊ2Դ նոր, ժամանակակից էլեկտրագնացք: Եվս մեկ ԷՊ2Դ էլեկտրագնացք ձեռք կբերվի 2022թ.: Կիրականացվեն 18 միավոր լոկոմոտիվների արդիականացման և այլ աշխատանքներ»,- ասված է ՏԿԵՆ-ի պատասխանում: Համաձայն նախարարության փոխանցած տվյալների՝ նախատեսված է 2020-2024թթ. հիմնանորոգել 45 կմ երկաթգիծ, 26 կմ հպակային ցանց, իրականացնել 6 շենքերի և կառույցների, 77 շենք-շինությունների վերանորոգում, 116 000 կոճերի փոխարինում և այլն: «Այժմ քննարկումներ են ընթանում 2025-2038 թթ. համար ներդրումային ծախսերի ծրագրի փոփոխման և մինչև 2023թ. ավարտը ֆինանսական աղբյուրների և մեխանիզմների որոշման ուղղությամբ՝ նշված ժամանակահատվածի համար ներդրումային ծավալները մինչև 95 մլրդ դրամի հասցնելու նպատակով»,- ասված է ՏԿԵՆ-ի պատասխանում: Ստորև ներկայացված գրաֆիկում կարող եք տեսնել, թե կոնցեսիոն պայմանագրով նախատեսված 174,5 մլրդ դրամ ներդրումների շրջանակում որքան գումար է հատկացվել 2008-2020 թվականների ընթացքում, և որքան գումար է նախատեսված 2021-2024 թթ․ համար։ Ինչպես երևում է գրաֆիկում, ՀԿԵ-ն կոնցեսիոն պայմանագրի շրջանակում ամենամեծ ներդումը (ավելի քան 25 մլրդ դրամ) կատարել է 2009-ին։ Իսկ 2020-ի արձանագրութունից հետո ամենամեծ ներդրումը նախատեսված է այս տարի (ավելի քան 16 մլրդ դրամ)։ Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի նշած 39 մլրդ դրամը նախատեսված է 2020-2024 թթ․ համար, իսկ 2020-ին արդեն ներդրվել է 5 595,81 մլն դրամ, ապա 2021-2024 թթ․ ներդրումները 33 404,19 մլն դրամ են։ 2010-ին, հիշեցնենք, նախատեսված էր, որ 2021-2025 թթ․ իրականացվելու է 15 136.7 մլն դրամ ներդրում։  Այպիսով, պնդումը, թե Նիկոլ Փաշինյանի նշած 39 մլրդ դրամ ներդրումը 2008-ին ՀԿԵ-ի ստորագրված կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումների շրջանակում է, ճիշտ է։ Սակայն 2020-2024 թթ․ իրականացվող ներդրումների համաձայնությունը ձեռք է բերվել 2020-ի սեպտեմբերին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ու ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալի միջև ստորագրված արձանագրությամբ։ Լուսանկարը՝ ՀԿԵ-ի Աննա Սահակյան
15:18 - 04 նոյեմբերի, 2021
Հոսպիտալացված 3000-ից ավելի քաղաքացիներից ընդամենը 97-ն է պատվաստված․ Անահիտ Ավանեսյան

Հոսպիտալացված 3000-ից ավելի քաղաքացիներից ընդամենը 97-ն է պատվաստված․ Անահիտ Ավանեսյան

Դպրոցների արձակուրդների երկարացնումն ու բուհերում դասերն առցանց անելու որոշումը արդեն որոշակի դրական միտումներ է ցույց տալիս․ մենք տեսնում ենք, որ հիվանդացության եւ վերարտադրողականության տոկոսի նվազում ունենք, ինչը հաջորդ շաբաթվա թվերի մասով կարձանագրվի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Մահճակալային ֆոնդն այս պահին էլ մնում է գերլարված իրավիճակում, մի փոքր նվազում ունենք հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց մահճակալները ոչ մի վայրկյան ազատ չեն մնում, մեկօրյա ռեժիմով փորձում ենք տեղավորել մեր պացիենտներին։ Մահճակալների ֆոնդը 3100-ից անց է, մենք հընթացս աշխատանքներ ենք անում՝ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու, եւ ընթացիկ պլանային բուժումներ, վիրահատություններ հետաձգելով՝ այդ մահճակալները տրամադրում ենք Covid պացիենտներին»,- ասաց նախարարը։ Նա նշեց, որ իրականացնում են աշխատանքներ թթվածնային ապահովության անխափան մատակարարումն ապահովելու համար, եւ այս պահին, նախարարի դիտարկմամբ, այդ աշխատանքներն անխափան իրականացվում են․ «Մեր բոլոր բժշկական հաստատությունններն ապահովված են թթվածնով, չնայած սպառումը շատ ռեսուրսներով է իրականացվում»։ Նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 852 355 պատվաստում, առաջին դեղաչափ ստացել է 588 562 քաղաքացի, սա մեծահասակ բնակչության 29,4% է, երկրորդ դեղաչափը ստացել է 263 793 քաղաքացի, սա էլ 13%-ն է։ «Այս պահին 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիներից ընդամնեը 97-ն են, որ պատվաստված են»,- նշեց Ավանեսյանը։ Արձագանքելով՝ Փաշինյանն ասաց, որ լոքդաունների չեն գնալու․ «Ես ուզում եմ՝ սա հստակ արձանագրենք։ Դիմակների պարտադիր կրումը պետք է հետեւողականորեն պահենք, պատվաստումներն էլ պետք է անենք մեծ ծավալներով։ Գործնականում մեր հզորությունները ցույց են տալիս, որ 25 հազար պատվաստում կարելի է իրականացնել, օրեր են լինում, սակայն, որ քիչ ենք անում՝ քաղաքացիների ոչ ակտիվ լինելու պատճառով»,- ասաց վարչապետը՝ կոչ անելով քաղաքացիներին պատվաստվել՝ նշելով, որ պատվաստանյութերի անհրաժեշտ պաշար կա․ «Պետք է մարդկանց փրկել, էդ փրկության միջոցը կար։ 2020-ի գարնանն էր, որ աշխարհը շվարած՝ չգիտեր ինչ աներ։ Էսօր կա շատ հստակ պատկեր․ էն երկրներում, որտեղ կան 80-90% պատվաստումներ, այնտեղ գործնականում հարցը լուծված է, այսինքն՝ մահվան շատ ցածր ցուցանիշներ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունը բոլոր միջոցները ձեռնարկել է, որ COVID-ը կարողանանքն հաղթահարել․ «Կոչ եմ անում պատվաստվել, երեխաները, մեծահասակները, աշխատողները, չաշխատողները։ Որտեղ կա տրամաբանական խստացման տեղ, մենք էդ ճանապարհով էլ պետք է գնանք, բայց մենք մարդկանց խնդրում ենք օգնել մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք օգնել իրենց՝ կորոնավիրուսից մահվան դեպքերը նվազեցնելու համար»։ Նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ այս շաբաթ օրը Վանաձորում իրականացնելու են պատվաստումային օր, եւ բոլորին հրավիրում են Լոռու մարզում ակտիվ մասնակցել, գնալ։
12:47 - 04 նոյեմբերի, 2021
Սանիտարահամաճարակային կանոնների չպահպանման դեպքում գործատուն կարող է միակողմանի լուծել աշխատանքային պայմանագիրը, հանրային պաշտոն զբաղեցնող անձինք կարող են ազատվել պաշտոնից

Սանիտարահամաճարակային կանոնների չպահպանման դեպքում գործատուն կարող է միակողմանի լուծել աշխատանքային պայմանագիրը, հանրային պաշտոն զբաղեցնող անձինք կարող են ազատվել պաշտոնից

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տվեց «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերին։ Նախագծով սահմանվում է սանիտարահամաճարակային կանոնները չպահպանելու դեպքում աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աշխարհում, ինչպես նաև ՀՀ-ում նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի, ինչպես նաև այդ հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թվերի աճ: «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի հիման վրա նախատեսվում են վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները: Այդ նպատակով լիազոր մարմնի կողմից ընդունվել է անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը, ինչպես նաև սանիտարահամաճարակային անվտանգության այլ կանոնները»: Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ հասարակական հարաբերությունների շրջանակում, հատկապես, աշխատանքային հարաբերությունների, այդ թվում՝ աշխատող-հաճախորդ (սպառող, պատվիրատու և այլն) նշված կանոնների պահպանման և դրանց սահմանմամբ պայմանավորված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ապահովել սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պատշաճ պահպանումը նշված հարաբերությունների սուբյեկտների կողմից: Կառավարության նախագծով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը: Իր հերթին, օրենքի առաջարկվող կարգավորումների գործողությունը տարածվելու է հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։ «Որպես աշխատանքի (ծառայության) չթույլատրման հիմք սահմանվում է սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված` աշխատանքի (ծառայության) ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերի բացակայությունը աշխատանքի (ծառայության) ներկայանալիս։ Ընդ որում, նշվածից և Առողջապահության նախարարի կողմից սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններից բխում է, որ աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը»։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ առաջարկվող կարգավորումներով աշխատողներին և հանրային իշխանության մարմիններում ծառայողներին հնարավորություն է տրվում ողջամիտ ժամկետում փոխել իրենց վարքագիծը՝ նախագծերով նախատեսված անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար: «Վերը նշված պայմանը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում միայն, սահմանվում է աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման հիմք, իսկ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի լիազորությունները պետք է դադարեցվեն կամ նրանք զբաղեցրած պաշտոնից ազատվեն. մասնավորապես, եթե անձը վերոնշյալ հիմքով, այսինքն՝ իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում` ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) չի կատարել իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները»։ Ըստ նախագծի՝ այս ժամկետների մեջ տրամաբանորեն չպետք է հաշվարկվեն այն ժամկետները, երբ անձը այսպես թե այնպես չպետք է ներկայանար աշխատանքի, գտնվելով, օրինակ, արձակուրդի, ժամանակավոր աշխատունակության կամ գործուղման մեջ․ «Հարկ է նկատել, որ նշված 10 և 20 աշխատանքային օր ժամկետները սահմանվել են՝ նպատակ ունենալով ապահովել գործատուների տնտեսական գործունեության անխափան իրականացումը, հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող գործառույթների պատշաճ իրականացումը, աշխատանքային հարաբերությունների պատշաճ կենսագործունեությունն ու իրականացումը»։ Միևնույն ժամանակ, մի շարք հանրային պաշտոնների դեպքում սահմանվել է այս կարգավորումների կիրառումից բացառություն այն հիմնավորմամբ, որ այդ ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կա՛մ ընտրովի պաշտոն է, կա՛մ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության
12:36 - 04 նոյեմբերի, 2021
Միջպետական ճանապարհներին բահով թափքից ավազ ցանող մարդիկ եւ մեքենաներ չեն լինի․ կառավարությունը բարձրացնում է ճանապարհների պահպանման կամ սպասարկման որակը

Միջպետական ճանապարհներին բահով թափքից ավազ ցանող մարդիկ եւ մեքենաներ չեն լինի․ կառավարությունը բարձրացնում է ճանապարհների պահպանման կամ սպասարկման որակը

ՀՀ կառավարությունը քննարկեց եւ ընդունեց ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որը նպատակ ունի բարձրացնել ճանապարհների պահպանման կամ սպասարկման որակը։ Հարցի զեկուցման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախագիծը երեք մասի բաժանեց՝ նշելով, որ առաջին մասով առաջարկվում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հսկողության նոր էլեկտրոնային համակարգ ներդնել, եւ բջջային հավելվածի միջոցով սպասարկող կազմակերպությունների հետ ե՛ւ վերահսկողության մակարդակն ու հաշվետվողականությունը բարձրացնել, ե՛ւ քիչ ռեսուրսներ ծախսել՝ ստանալով լավ արդյունք․ «Հաշվի առնելով, որ սա նորույթ է, ե՛ւ մեզ, ե՛ւ սպասարկող կազմակերպություններին այս հավելվածով աշխատելու համար, առաջարկում ենք սա կիրառել 2023-ի հունվարի 1-ից, բայց այս տարի կսկսենք որոշ կազմակերպությունների հետ սա փորձնական կիրառել, եւ երբ համակարգը սկսի աշխատել, 2023-ից կսկսենք կիրառել»,- մանրամասնեց Սանոսյանը։ Նախագծի երկրորդ մասով առաջարկվում է լրացուցիչ պահանջներ սահմանել սպասարկող կազմակերպությունների մեքենասարքավորումների նկատմամբ։ Խոսքը, մասնավորապես, սարքավորումների քանակի մասին է․ «Նախորդ օրենքում կա կմ-ների վերաբերյալ հատված, թե յուրաքանչյուր X կմ-ի համար ընկերությունը քանի մեքենա պիտի ունենա․ եթե 50կմ-ի համար մեկ գրեյդեր (կցովի հողափոր-հարթեցնող մեքենա) էր պահանջվում սապասարկվող կազմակերպություններից, հիմա էդ թիվը սահմանվում է 40՝ յուրքաքանչյուր 40կմ-ի համար՝ մեկ տեխնիկա, որպեսզի կարողանա արագ, որակով սպասարկել։ Վերջապես ուզզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ եւ ներդնել մեքենաներ, որոնք մի կողմից մաքրում են, մյուս կողմից աղ-ավազ են շաղ տալիս։ Մյուս կարեւոր պահանջն այն է, որ ընկերության մեքենապարկի 70%-ը սեփական մեքենանել լինեն»,- ասաց Սանոսյանը՝ պարզաբանելով, որ երբ այս պահանջը չկա, մեքենաներն իրարից են վարձակալում, սպասում՝ մինչեւ մեքենան մի տեղ ավարտի գա։ Բացի դրանից՝ պահանջվելու է, որ սարքավորումները ամենաշատը 15 տարվա հնության լինեն, այսինքն՝ կազմակերպությունները պետք է հնարավորինս թարմ ավոտմեքենաների պակ ունենան։ «Երրորդը, որ նախատեսվում է, նորից անվտանգության բարելավմանն է վերաբերում․ հաշվի առնելով, որ ավելացնում ենք ֆինանսական միջոցները, ի սկզբանե պահանջ ենք դնում, որ եթե սպասարկող ընկերության տարածում լրացուցիչ աշխատանքների, կահավորման կարիք է առաջանում, ապա մենք այլեւս լրացուցիչ չենք ֆինանսավորում։ Հաշվի առնելով, որ այս ոլորտում գները հաշվարկված են 2010-ի գներով, իսկ այժմ որոշակի փոփոխություններ են եղել, մյուս կողմից մենք պահանջները խստացրել ենք, առաջարկվում է 1կմ-ի համար կիրավող գնի համար կիրառել 1,3 գործակից, այսինքն՝ ֆինանսավորումն ավելացնել, որպեսզի կազմակերպությունները պահանջներին բավարարել եւ որակյալ սպասարկում իրականացնել»։ Վարչապետը ճշգրտեց՝ ճի՞շտ հասկացան, որ հիմա կառավարությունը մարդկանց խոստանում է, որ այլեւս մայրուղիների վրա բահով թափքից ավազ ցանող մարդկանց եւ մեքենաներ չենք տեսնի, եւ եթե այո, դա երբվանից տեղի կունենա։ Նախարարը պարզաբանեց, որ այս ոլորտում մրցույթները հինգ տարին մեկ են, իսկ այս տարի հինգ տարին ավարտվում է․ «Այս որոշումն ընդունելուց հետո՝ նոյեմբեր-դեկտեմբերին մրցույթ կանցկացնենք, դրա արդյունքներումմ այս պահանջները դրվելու են, որոշ դեպքերում գուցե մի քանի ամիս ժամկետ ունենանք, որպեսզի իրենք պարկը լրացնեն, բայց մեծ մասում՝ հատկապես հանրապետական, միջպետական ճանապարհներին դա չենք տեսնի այլեւս»։
12:26 - 04 նոյեմբերի, 2021
Միջոցառման ոչ բոլոր մասնակիցներն են ունեցել  ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք․ նախագահի աշխատակազմի պարզաբանումը իրականությանը չի համապատասխանում

Միջոցառման ոչ բոլոր մասնակիցներն են ունեցել ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք․ նախագահի աշխատակազմի պարզաբանումը իրականությանը չի համապատասխանում

Հոկտեմբերի 24-ի երեկոյան նախագահի նստավայրում, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցների, ընդունելություն էր կազմակերպվել։ Ընդունելության ժամանակ մասնակիցների մեծամասնությունը բժշկական դիմակով չէր եղել, ինչն էլ մեծ դժգոհության և քննարկումների առիթ էր դարձել համացանցում։  Այս դժգոհություններից հետո, «Ժողովրդի» հարցմանն ի պատասխան, նախագահի աշխատակազմից տեղեկացրել էին, որ միջոցառման բոլոր մասնակիցներն ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք։ «․․․ Միաժամանակ, պարտավորված ենք զգում տեղեկացնել, որ միջոցառման բոլոր մասնակիցները, որոնք հիմնականում օտարերկրացիներ էին, ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, նրանց գերակշռող մասը նաև պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ։ Մասնակիցները դիմակներ կրել են ըստ ցանկության․․․»,- ասվում է «Ժողովրդի» հարցման պատասխանում։ Միջոցառմանը, բացի օտարերկրյա հյուրերից, մասնակցում էին նաև ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։  Հարցումով դիմել էինք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն՝ խնդրելով տրամադրել միջոցառման հյուրերի ցանկը և ՊՇՌ թեստերի բացասական պատասխանները։ Նշենք, որ նախօրոք խնդրել էինք տեղեկությունները տրամադրել՝ ծածկելով անձնական տվյալների և այլ տեսակի գաղտնիք պարունակող հատվածները։ Նախագահի աշխատակազմից մեր հարցմանն ի պատասխան, նշել են, որ միջոցառմանը հրավիրված են եղել «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բոլոր մասնակիցները, ինչպես նաև կառավարության անդամները։ Որպես ՊՇՌ բացասական թեստի ապացույց նշվում է, որ մասնակիցները հիմնականում եղել են օտարերկրացիներ, և առանց ՊՇՌ թեստի բացասական արդյունքի հնարավոր չէ Հայաստան մուտք գործել։ Իսկ ինչ վերաբերում է մեր խնդրած տեղեկությանը՝ հյուրերի ցանկի և ՊՇՌ թեստերի բացասական արդյունքների վերաբերյալ, նշվում է, որ դրանք պարունակում են անձնական տվյալներ և հրապարակման ենթակա չեն։ Սական, ինչպես արդեն նշվեց, մենք խնդրել էինք ծածկել անձնական կամ այլ տեսակի գաղտնիք պարունակող հատվածները։ Մենք հարցումով դիմել էինք նաև կառավարության ներկայացուցիչներին, որոնք ճանաչելի էին միջոցառման տեսանյութից։  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ուղղված մեր հարցման պատասխանում նշվում է, որ Առողջապահության նախարարը նախագահի աշխատակազմ ՊՇՌ թեստ ներկայացնելու որևէ պարտավորություն չի ունեցել։ Տվյալ պարագայում հարց է առաջանում, թե որտեղից է նախագահի աշխատակազմը վստահ եղել, որ Անահիտ Ավանեսյանն ունեցել է ՊՇՌ թեստի բացասական արդյունք։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նույնպես միջոցառումից առաջ նախագահական նստավայր ՊՇՌ թեստի պատասխան չի ներկայացրել։  Հարցումով դիմել էինք նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին։ Ստացած պատասխանի համաձայն՝ նախարար Խաչատուրյանը թեստավորված չի եղել։ Այսինքն՝ նախագահի աշխատակազմի այն պնդումը, թե միջոցառման բոլոր մասնակիցները ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, կեղծ է։ Ոստիկանությունից հայտնում են, որ Առողջապահության նախարարի հրամանի հիմքով միջոցառման մասնակիցները ենթակա չեն վարչական պատասխանատվության։ Խոսքը նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի հրամանի մասին է, որի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ ՀՀ նախագահի, կաթողիկոսի, վարչապետի, ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, ԲԴԽ նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների։  Այսպիսով, օրենքի տեսանկյունից ամեն ինչ ճիշտ է եղել, և միջոցառման բոլոր մասնակիցներն իրավունք ունեցել են դիմակ չկրելու, սակայն նախագահի աշխատակազմի պնդումը, թե բոլորն ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, չի համապատասխանում իրականությանը։   Նարեկ Մարտիրոսյան
12:03 - 04 նոյեմբերի, 2021
2021 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին ավելի քան 530 միլիոն դրամ կհատկացվի

2021 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին ավելի քան 530 միլիոն դրամ կհատկացվի

ՀՀ կառավարությունը քննարկեց եւ ընդունեց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին հարցը։ Առաջարկվում է համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար մարզպետարաններին շուրջ 532,121.5 հազար դրամ հատկացնել։ Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2006 թ․ նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթների համաձայն` ՀՀ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:  Ինչպես հայտնի է, ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը: 2006 թվականի՝ հիշյալ որոշմամբ սահմանված կարգի դրույթների համաձայն` 2020 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2021-ին՝ 678 ծրագիր:  Ինչպես նշված է նախագծում, այդ ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:  «ՀՀ 24 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 27 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: Ինչպես վերը նշեցինք, այժմ քննարկվող կարգավորմամբ առաջարկվում է 2021 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 532,121.5 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:  Մասնավորապես, Արագածոտնի մարզպետարանին կտրամադրվի 27,9 մլն դրամ, Արարատի մարզպետարանին՝ 34 մլն, Արմավիրի մարզպետարանին՝ 25 մլն, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 112 մլն, Լոռու մարզպետարնին՝ 102 մլն, Կոտայքին՝ 28 մլն, Շիրակին՝ 30 մլն, Վայոց Ձորին՝ 38 մլն, Տավուշին՝ 132 մլն դրամ։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ապահովում:
11:35 - 04 նոյեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
Հոկտեմբերի դրությամբ ՀՀ-ում բնակվում է Արցախից տեղահանված 20433 անձ կամ 5294 ընտանիք․ նրանց մեծ մասն ապրում է վարձու բնակարաններում

Հոկտեմբերի դրությամբ ՀՀ-ում բնակվում է Արցախից տեղահանված 20433 անձ կամ 5294 ընտանիք․ նրանց մեծ մասն ապրում է վարձու բնակարաններում

Լուսանկարը՝ hetq.am-ի Հոկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր (փաստացի) բնակվում է Արցախից տեղահանված 20433 մարդ կամ 5294 ընտանիք (հոկտեմբերի 1-ի հաշվառմամբ)։ Այս մասին Infocom-ին հայտնել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։  2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով (պատերազմի ընթացքում եւ դրանից հետո` հիմնականում մինչեւ 2021թ. հոկտեմբերի վերջը) Հայաստանի Հանրապետությունում տեղահանված արցախցիների թիվը հասնում էր 96 հազարի․ նրանցից 64 հազարն արդեն վերադարձել է Արցախ։ Ինֆոգրաֆիկայում պատկերված է, թե ՀՀ-ում բնակվող 20433 տեղահանված արցախցիները ԱՀ որ շրջաններից են։ Տվյալները՝ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակվող 20433 արցախցիների գերակշռող մասն այսօր ապրում է վարձու բնակարաններում։ Մեր ստացած տվյալների համաձայն՝ շուրջ 300 ընտանիք ապրում է հանրակացարանային տիպի ժամանակավոր կացարաններում։ Մեր հարցին ի պատասխան՝ Օպերատիվ շտաբի պետը հայտնել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության շրջանակներում համապատասխան աշխատանքներ են կատարում՝ այդ 300 ընտանիքներին հետագայում վարձու բնակարաններ տեղափոխվելու համար:    Ինֆոգրաֆիկայում պատկերված է, թե ՀՀ որ մարզերում Արցախից տեղահանված քանի անձ է բնակվում։ Տվյալները՝ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից ՀՀ-ում գտնվող տեղահանված արցախցիների տեղաբաշխվածության շրջանակն ու աշխարհագրությունն առայժմ թույլ չեն տալիս հստակ պատասխան տրամադրել մեր այն հարցին, թե նրանցից քանիսն է մշտական բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն մոտավոր թիվ կա այն անձանց վերաբերյալ, որոնք լքել են Հայաստանի Հանրապետությունը՝ չվերադառնալով նաեւ Արցախ․ Օպերատիվ շտաբի ունեցած հաշվառմամբ՝ նրանց թիվը հասնում է 800-ի։ Թեեւ Շտաբից նշել են, որ այս պարագայում եւս օբյեկտիվորեն հնարավոր չէ ճշգրիտ տվյալներ ներկայացնել։ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը թե՛ ինքնուրույն աշխատանքով, թե՛ Հայաստանի Հանրապետության սոցիալական աշխատողների ասոցացիայի հետ համագործակցության շրջանակններում գնահատել է ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների կարիքները: Դրանք, ինչպես մեր հարցին ի պատասխան նշել է Շտաբի պետը, բազմաբնույթ են։ Վերջինս, սակայն, առանձնացնում է հատկապես սոցիալական նվազագույն ապահովվածությունը (այն է՝ սնունդ, կոմունալ ծախսեր եւ վարձավճար), եւ ժամանակավոր աշխատանքի ապահովումը՝ մինչեւ այդ մարդիկ Արցախի Հանրապետության տարածքում ստանան բնակարաններ․ «Հետեւաբար, ակնկալում ենք ՀՀ եւ ԱՀ կառավարությունների համատեղ ակտիվ համագործակցությունը՝ սոցիալական տարբեր ծրագրերի ընդունմամբ մեղմել արցախցիների առօրյա հոգսերը»,- նշել է Վիրաբյանը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունից էլ ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիների վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանվել է 91 հազար 716 անձ (Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալը՝ 96 հազար տեղահանված, վերաբերում է 2020-ի սեպտեմբերի 27-ից 2021-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածը,- հեղ․)։ Արցախից տեղահանված եւ Հայաստան ժամանած անձինք «փախստականի» իրավական կարգավիճակ չունեն, քանի որ, ինչպես մեկնաբանում են Ծառայությունից, «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնեւի կոնվենցիայի 1-ին հոդվածի (Ե) կետով սահմանվում է, որ այս Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ ինքն ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող․  «Նշված դրույթը պարզաբանող՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի «Փախստականի կարգավիճակը սահմանող ընթացակարգերի եւ չափանիշների ձեռնարկ»-ի 144-145 -րդ պարբերությունների համաձայն՝ «144. Այս դրույթը վերաբերում է այն անձանց, որոնք կարող էին ընկնել փախստականի կարգավիճակ ստանալու սահմանման տակ եւ որոնք ընդունվել են տվյալ երկրի կողմից, որտեղ իրենց տրվել է այդ երկրի քաղաքացիներին վերապահված իրավունքների մեծ մասը, սակայն չի շնորհվել քաղաքացիություն: Երկիրը, որն ընդունել է նրանց, հաճախ այնպիսին է, որտեղ բնակչությունն ունի նույն ազգային (էթնիկ) ծագումը, ինչ փախստականներն իրենք»: Նշված կարգավորումները որեւէ կերպ չեն անդրադառնում տեղահանված անձանց սոցիալական խոցելի կարգավիճակի վրա, քանի որ տեղահանված անձիք սոցիալական իմաստով դիտարկվում են որպես «փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ» (people in refugee like situations)»,- մանրամասնել են Միգրացիոն ծառայությունից։  Այսինքն՝ Արցախից տեղահանվածները չունեն փախստականի իրավական կարգավիճակ, սակայն դիտարկվում են փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ։ Վերջերս էլ՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների միջեւ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ արցախցիների սոցիալական ապահովության խնդիրը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում, եւ որ իրենք մշտապես կապի մեջ են ինչպես Հայաստանում տեղակայված մեր հայրենակիցների, այնպես էլ Արցախի գործընկերների հետ։ Ի դեպ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած Արցախի Հարապետության քաղաքացիների հաշվառում չի իրականացնում։ Օպերատիվ շտաբից մեզ հայտնեցին, որ անհրաժեշտ տեղեկությունները իրենք են տրամադրում նախարարությանը։ ԱՍՀ նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ գերատեսչությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է արցախահայության աջակցության սոցիալական միջոցառումները, կոմունալ կացարաններում ժամանակավոր բնակեցված քաղաքացիների կարիքների գնահատման գործընթացը։  Ի հավելումն՝ նշենք, որ պատերազմից հետո ՀՀ կառավարությունն իրականացնում է արցախցիների աջակցության ծրագրեր։ Դրանցից շատերին դիմելու ժամկետներն արդեն ավարտվել են, սակայն արդեն արված եւ գործարկվելիք ծրագրերի մասին տեղեկությունները հասանելի են ՀՀ կառավարության կայքում եւ ՀՀ ԱՍՀ նախարարության կայքում։  Այս տարվա հոկտեմբերի 28-ից Սոցհարցերի նախարարությունը սկսել է դիմումներ ընդունել Արցախի Հանրապետության տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության աջակցության ծրագրի շրջանակում։ Դիմումը ներկայացնելու կարգը մանրամասն՝ այստեղ։ Հայարփի Բաղդասարյան
19:26 - 03 նոյեմբերի, 2021
Պայքարելու ենք, որ  «Ֆիզգորոդոկի» ակցիաներին բռնություն գործադրած բոլոր ոստիկանները ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Արա Ղարագյոզյան

Պայքարելու ենք, որ «Ֆիզգորոդոկի» ակցիաներին բռնություն գործադրած բոլոր ոստիկանները ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Արա Ղարագյոզյան

«Ֆիզգորոդոկում» տեղի ունեցած ակցիան եղել է խաղաղ, ոստիկանությունը իրավունք չուներ որևէ կերպ խոչընդոտելու և բռնություն գործադրելու։ Այս մասին այսօր՝ «Մեդիա կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասաց «Ֆիզգորոդոկի» գործով տուժողի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը։ «Իմ կարծիքով՝ սա ճնշում է հենց ոստիկանական համակարգի կողմից, որ «Ֆիզգորոդոկի» բնակիչները այլևս չպայքարեն իրենց իրավունքների համար»,- կարծիք հայտնեց նա։ Ղարագյոզյանն ընդգծեց՝ պայքարելու են, որ բռնություն գործադրած բոլոր ոստիկանները ենթարկվեն քրեական պատասխանատվության։ «Մենք տեսանք այն ակնառու երևույթը, որ նաև բռնություն է իրականացվել, բնակիչներին բերման են ենթարկել անչափահաս երեխաների ներկայությամբ։ Այստեղ պետք է դիտարկվի երեխաների լավագույն շահը, որովհետև երեխաները տեսել են, թե ոստիկանությունը ինչպես է իրենց ծնողների հետ վարվել»։ Փաստաբանը հավելեց նաև, որ քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում է հարուցվել, որը, սակայն, արդեն լուծարվել է․ «Քրեական գործը հարուցվել է Հատուկ քննչական ծառայությունում՝ ինչպես միշտ լիազորությունների անցման հիմքով, բայց ակնհայտ է, որ արդյունավետ քննության մասին անգամ խոսք չի կարող լինել։ Դեպքից  տևական ժամանակ անց տուժողներին հրավիրել են հարցաքննության և ընդամենը տուժող ճանաչելու որոշմանն ենք ծանոթ, և որպես տուժող՝ տուժողները հարցաքննվել են։ Այդ ժամանակ ՀՔԾ-ն դեռ չէր լուծարվել, և, ընդհանուր առմամբ, շատ թերի, միակողմանի քննություն է իրականացվել»։ ՀՔԾ-ի լուծարումից հետո (ՀՔԾ-ի փոխարեն գործելու է Հակակոռուպցիոն կոմիտեն,-հեղ․), Ղարագյոզյանի խոսքով, տուժողներին որևէ կերպ չեն տեղեկացրել, թե որ քննչական վարույթում է գործը․ «Այս ամիսների ընթացքում մենք նորություն չենք ունեցել, ես նամակներ եմ ուղարկել ՀՔԾ քննիչին, երկու շաբաթ անց իմ նամակը հետ է եկել՝ նամակի վրա նշելով, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարված է։ Այսինքն՝ ՀՔԾ-ն լուծարված է, և պետությունը որևէ ձևով  չի տեղեկացնում տուժողներին, թե որ քննչական վարույթում է հիմա գործը, և ով է այս գործով քննություն իրականացնում։ Մենք կարող է սպասեինք, նստեինք, և ստանայինք որոշում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Հիմա մենք փաստացի որևէ ձևով տեղեկացված չենք, թե կոնկրետ որ քննչական բաժնում է գործը և որ քննիչն է զբաղվում»։ Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսի 19-ին Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», սկսվել էին մի բարձրահարկի կառուցման շինաշխատանքներ։  Բնակիչների պնդմամբ՝ բարձրահարկ շենքի կառուցումն ապօրինի է։ Օգոստոսի 20-ին շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչների և ոստիկանության միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, եղել էին բերման ենթարկված անձինք։ Ավելի ուշ՝ սեպտեմբերի 6-ին, քաղաքացիական անձանց և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել էին քրեական գործեր։
17:41 - 03 նոյեմբերի, 2021