Երեխայական չարաճճիությո՞ւն, թե՞ բուլինգ [Challenge 22.1| Շողեր Միքայելյան]
22:34 - 06 օգոստոսի, 2021

Երեխայական չարաճճիությո՞ւն, թե՞ բուլինգ [Challenge 22.1| Շողեր Միքայելյան]

Միքայելյան Շողեր

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։

 

«Յոթերորդ դասարանում էի, երբ տեղափոխվեցի այդ դպրոց։ Նստում էի առաջին նստարանին։ Ոչ մեկն ուղիղ երկու ամիս չնստեց կողքիս, չտվեց իր գիրքը՝ դասին մասնակցելու համար, չներառեց իրենց արդեն իսկ ձևավորված խմբի մեջ։ Գիտեի, որ նոր էի, գիտեի, որ տարբեր էի։ Ինձ համար սովորական էր դարձել դասընկերներիս կողմից մերժված լինելը։ Նրանք ինձ համար դասընկեր էին, իսկ ես՝ միգուցե այն նոր եկած տղան, որն ուներ որոշակի խնդիրներ։

Բայց մի օր դասընկերներիցս մեկն ուշացած մտավ դասարան և առանց վարանելու նստեց կողքիս։ Այդ պահին զգացի, թե ինչպես միանգամից ջղաձգվեցի, տաք քրտինքը պատեց մարմինս, սկսեցի կարմրել։ Ինձ հանգիստ չէի զգում։ Չգիտեմ՝ ինչու։ Վիճակս ավելի ծանրացավ, երբ նա հանեց գիրքը և դրեց սեղանի մեջտեղում, որպեսզի երկուսով օգտվենք։ Ես, դե իհարկե, հետ հրեցի գիրքը և ավելի քաշվեցի դեպի պատը։ Ինձ համար անսովոր էր, որ ինչ-որ մեկը կարող է նկատել ինձ, այն էլ դասարանի լավ սովորողներից մեկը։

Այնքան անսովոր էր իրավիճակը, որ չկարողացա կենտրոնացնել ուշադրությունս։ Զգում էի սրտիս աղմկոտ տրոփյունը։ Երազում էի, որ վարկյան շուտ զանգը հնչեր, և ես վերադառնայի իմ այնքան սովորական, բայց անտեսված կարգավիճակին, այն կարգավիճակին, որտեղ ես «տանն» էի, հանգիստ էի»․․․- պատմում էր նա մեր հոգեբանական հանդիպման ժամանակ՝ աչքերը հառած անորոշությանը, մտքերով դեպի անցյալը։

Նման պատմությունները անթիվ են, նման երևույթները անհամար են և՛ մեր դպրոցներում, և՛ աշխարհով մեկ։ Ինչպես փաստում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցներից մեկը, աշխարհում շուրջ 150 մլն երեխա՝ 13-15 տարեկան, դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից ենթարկվում է բռնության։ Իսկ Հայաստանում երեխաների 38%-ը փաստել է, որ համայնքում ականտես է եղել մեկ այլ երեխայի ծեծի, 35%-ը՝ դպրոցում մեկ այլ երեխայի ծաղրանքի[1]։ Սա նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ երեխան դպրոցում ականատես է եղել բռնության:

Բոլորս էլ նման վարքի կա՛մ ականատեսն ենք եղել, կա՛մ մասնակիցը, լավագույն դեպքում՝ պաշտպանողը։ Մենք՝ հոգեբաններս, պետք է ավելի ուշադիր և զգոն լինենք, որպեսզի կարողանանք ոչ միայն նկատել տվյալ իրավիճակները, այլ նաև բարձրաձայնել և կանխել։ Տվյալ վարքը, վերագրվելով «չարաճճիությանը»,  քիչ է բարձրաձայնվում կամ նկատվում։ Միգուցե պատճառն այն է, որ չունենք մեկ բառ, որը հստակորեն կսահմաներ տվայլ երևույթը։ Իսկ անգլերենում նմանատիպ երևույթը կբնութագրվեր որպես bullying (բուլինգ)։ Այո՛, բուլինգ։

Բուլինգը դպրոցական տարիքի երեխաների շրջանում անցանկալի, ագրեսիվ պահվածք է, որը ենթադրում է ուժի իրական կամ ընկալվող անհավասարակշռություն, որտեղ մի կողմը չի կարող պաշտպանել սեփական անձի շահերը կամ չի կարող կանգնեցնել ագրեսիան։ Տվյալ վարքագիծը ժամանակի ընթացքում կրկնվում է  կամ կրկնվելու ներուժ ունի[2]։ Բուլինգի տեսակների մեջ մտնում են ծաղրանքը, պիտակավորումը, ասեկոսները, խմբից ինչ-որ մեկին դուրս թողնելը, հրելը, հարվածելը և այլն։

Այն երեխան, որն իրականացնում է բուլինգ, այսինքն՝ դրսևորում է ագրեսիվ վարք, կոչվում է բուլեր, իսկ այն երեխան, որը ենթարկվում է բուլինգի, կոչվում է զոհ։ Բուլերի դրսևորած վարքը համարվում է բուլինգ, եթե այն թիրախավորում է մեկ ավելի թույլ անձի, պարունակում է ագրեսիա, ունի անընդհատ կրկնվող բնույթ։

Վերջին 5 ամիսների ընթացքում «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների Համար ՀԿ-ի իրականացրած հարցումները հետաքրքիր տեղեկություններ բացահայտեցին։ Հարցումը իրականացվել է Գյումրու 287 աշակերտների և 147 ուսուցիչների հետ։ Ըստ հարցման արդյունքների` և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները փաստել են, որ երեխաների մեջ տարածված են ծաղրը, պիտակավորումը և խմբից ինչ-որ մեկին դուրս թողնելը։ Երկու խումբն էլ նշել է, որ հիմնականում տվյալ երևույթները տարածված են 5-9-րդ դասարանցիների շրջանում։ Հարցվողների 64%-ը փաստել է, որ կա բուլինգ իրենց շրջակայքում և դպրոցում, իսկ 24%-ը նշել է, որ ենթարկվել է բուլինգի, քանի որ տարբերվել է իր արտաքին տեսքով կամ խոսելաձևով։ Այս ամենը նկատելը բավարար չէ, եթե չենք բարձրաձայնում և կանխարգելիչ քայլեր չեք կատարում։

Կհարցնեք, թե ինչու է հարկավոր կանխարգելել բուլինգը։ Արի ու տես, որ ի սկզբանե այդքան անմեղ թվացող «երեխայական չարաճճիությունը» անձի մոտ առաջացնում է մի շարք հոգեբանական և վարքային խնդիրներ։ Երեխաները կարող են ունենալ․

  • ակադեմիական խնդիրներ՝ ուշադրության կենտրոնացման դժվարություններ, գնահատականների անկում, դպրոց գնալու ցանկության պակաս, դասերի նկատմամբ հետաքրքրության կորուստ,
  • հոգեկան առողջության խնդիրներ՝ ընկճախտ, տագնապ, անհանգստություն, անընդհատ լարված և ջղաձգված վիճակ, վախ բաժանվելուց, մղձավանջներ, ցածր ինքնագնահատական,
  • սոցիալական խնդիրներ՝ հետաքրքրության կորուստ այն գործողությունների նկատմամբ, որոնցից նախկինում հաճույք էին ստանում, խուսափում մարդաշատ վայրերից և սոցիալականացումից,
  • հուզական խնդիրներ՝ տխրության և մենակության աճող զգացում, ամոթի զգացում, չսիրված և չընդունված լինելու զգացում, անօգնականության զգացում,
  • ֆիզիկական խնդիրներ՝ քնի և ուտելու ռեժիմի փոփոխություն, երբեմն՝ գիշերամիզություն։[3]

Վերը նշված խնդիրները կարող են անձի մոտ դրսևորվել թե՛ խմբով, թե՛ առանձին-առանձին։ Բայց եթե երեխան անընդհատ է ենթարկվում բուլինգի, ապա նրա մոտ կարող են առաջանալ սեփական անձը վնասելու միտումներ և վարք՝ սուիցիդալ վարք։

Այսպիով, հաշվի առնելով, որ խնդիրը արդիական է և կազմում է մեր իրականության մի մասը, անհրաժեշտ է իրականացնել խորը հետազոտություն, որ հասկանանք՝ ինչպես կարող են ուսուցիչները, դպրոցների հոգեբանները, ծնողները և աշակերտները միասին աշխատել, որպեսզի դպրոցը դառնա բոլորի համար այն ապահով և ցանկալի վայրը, որի պատկերացումը ունենք մեր իսկ երևակայության ոլորաններում։

Հետգրություն թեմայի շարունակությունը ապահովելու համար մարտահրավեր եմ նետում Արփենիկ Համբարյանին։

 

[1] Երեխաների կարծիքով․․․» Հարցման արդյունքներ, ՅՈՒՆԻՍԵՖ, 2017

[2] Tanya Beran & Bonnie Shapiro․2005․ Evaluation of an Anti‐Bullying Program: Student Reports of Knowledge and Confidence to Manage Bullying

[3] Tanya Beran & Bonnie Shapiro․2005․ Evaluation of an Anti‐Bullying Program: Student Reports of Knowledge and Confidence to Manage Bullying

 


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել