Հայաստան

«Լուսան». ոչ թե արտադրված, այլ՝ հավաքված Հայաստանում

«Լուսան». ոչ թե արտադրված, այլ՝ հավաքված Հայաստանում

Վերջին օրերին հայկական կայքերում և սոցցանցերի հայկական տիրույթում տեղեկություններ են շրջանառվում, թե Հայաստանում «Լուսան» անունով զրահամեքենա է արտադրվելու (1, 2, 3, 4, 5)։ Այս զրահամեքենան ցուցադրված էր «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսում։ Տարածվող տեղեկությունը, սակայն, սխալ է․ Հայաստանում ոչ թե զրահամեքենաներ են արտադրվելու, այլ զրահամեքենաների խոշոր հանգույցների հավաքման գործընթաց է իրականացվելու։   «Լուսան» զրահամեքենաների պատմությունը Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը երեկ «Սպուտնիկ Արմենիային» հայտնել էր, որ իրենց գործարանը Հայաստանում կսկսի հավաքել սեփական ապրանքանիշի «Լուսան» զրահամեքենաներ։ Նրա խոսքով՝ զրահամեքենաների հավաքման գործընթացն իրականացվում է ռուսական «Ռիդա» գործարանի հետ համագործակցությամբ։ Մեհրաբյանը նշել էր, որ հայ ինժեներների առաջարկած մի շարք առանձնահատկություններ հաշվի առնելով՝ մեքենաների շասսիները կպատրաստվեն Ռուսաստանում «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի օրինակով։ Infocom-ի հետ զրույցում Արտյոմ Մեհրաբյանը նշեց, որ իրենք «Լուսան» զրահամեքենաների շասսիները, շարժիչները և խոշոր հանգույցները ստանալու են Ռուսաստանից, և Հայաստանում կատարվելու է խոշոր հանգույցների հավաքման գործընթաց (SKD)։ Լուսանկարում՝ «Լուսան» զրահամեքենան Գործարանի տնօրենը հայտնեց, որ իրենք պայմանագիր են կնքել զրահապատ մասեր արտադրող և մատակարարող ռուսական «Ռիդա» գործարանի մեջ մտնող ընկերություններից մեկի հետ և ստացել խոշոր հանգույցների հավաքում իրականացնելու իրավունք։ Չարենացավանի գործարանը ստացել է նաև մեքենայի արտադրողի նույնականացման (WMI) կոդ։ Մեհրաբյանի խոսքով՝ զրահամեքենայի մասերի մոտավորապես 20%-ն իրենց գործարանում է արտադրվելու։ Իսկ թե ինչ մասեր են դրանք, նա չմանրամասնեց։   Ռուսական «Բուրանի» պատմությունը Ռուսական «Ռիդան» հիմնադրվել է 1993-ին։ Գործարանի արտադրանքներից մեկը «Բուրան» զրահափոխադրիչն է, որն առաջին անգամ թողարկվել է 2017-ին։ «Բուրանի» շասսին, ըստ տարբեր աղբյուրների, հիմնված է «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի վրա (1, 2)։ Հիշեցնենք, որ Արտյոմ Մեհրաբյանը «Սպուտնիկ Արմենիային» հայտնել էր, որ Ռուսաստանում «Լուսանի» շասսիները արտադրվելու են հենց «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի օրինակով։ Բացի նրանից, որ «Լուսանն» ու «Բուրանն» ունեն նույն շասսին, զրահամեքենաները արտաքնապես էլ նման են։ Այս լուսանկարները «Լուսանի» կայքից են։ Իսկ սրանք՝ «Բուրանի» կայքից։   «Asilak»-ի պատմությունը Բելառուսում Նմանատիպ մի պատմություն էլ տեղի է ունեցել Բելառուսում։ 2019-ին բելառուսական ընկերություններից մեկը թողարկեց «Asilak» զրահամեքենան։ Քանի որ «Բուրան» զրահամեքենան կարող է մատակարարվել ինչպես շահագործման պատրաստ վիճակում, այնպես էլ խոշոր հանգույցների հավաքման համար (SKD), Բելառուսում խոսակցություններ կային, որ «Բուրանին» շատ նման «Asilak-ը հենց երկրորդ եղանակով էլ ձեռք է բերվել և ամենևին էլ բելառուսական արտադրության չէ։  Դատելով Արտյոմ Մեհրաբյանի խոսքերից՝ Հայաստանում «Լուսանի» հավաքման իրավունքն էլ ձեռք է բերվել հենց այս տարբերակով, քանի որ Հայաստան են հասնելու զրահամեքենաների շասսիները, շարժիչները, և կատարվելու է խոշոր հանգույցների հավաքման գործընթաց։ Լուսանկարում՝ «Asilak»-ը Այպիսով, Հայաստանում նոր զրահամեքենա չի արտադրվելու․ ռուսական «Ռիդա» գործարանի հետ համագործակցությամբ, վերջինիս արտադրած շասսիներով ու շարժիչներով իրականացվելու է «Լուսան» անունով զրահամեքենայի խոշոր հանգույցների հավաքման գործընթաց։ Աննա Սահակյան
17:25 - 04 ապրիլի, 2022
Վարչապետն ընդունել է ՄԹ խորհրդարանի  Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի  Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը:  Վարչապետը կարևորել է պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանը, այդ թվում՝ միջխորհրդարանական ասպարեզում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ընլայնելու փոխգործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով: Թիմ Լոութընը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական մակարդակով համագործակցությունն առաջիկայում կշարունակի ամրապնդվել և իրենք կներդնեն բոլոր ջանքերը՝ նպաստելու երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի խորացմանը: Նա կարևորել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու համոզմունք հայտնել, որ դրանց արդյունավետ իրականացումը կնպաստի Հայաստանի հետագա առաջընթացին: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:  Վարչապետ Փաշինյանն իր դիտարկումներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ապակառուցողական գործողություններին: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Արցախում ադրբեջանական գործողությունների հետևանքով առաջացող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանագության ոչնչացման քայլերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային   ապաշարջափակման հնարավորություններին, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսությանը:
17:21 - 04 ապրիլի, 2022
ԱԳ նախարարը և ՀՀ-ՄԹ խորհրդարանական բարեկամական խմբի անդամները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

ԱԳ նախարարը և ՀՀ-ՄԹ խորհրդարանական բարեկամական խմբի անդամները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Թիմ Լոութընը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա խորացումը և ամրապնդումը՝ այս գործում շեշտելով նաև խորհրդարանական դիվանագիտության դերը։Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Այս համատեքստում բրիտանացի խորհրդարանականները բարձր են գնահատել Հայաստանի կողմից գրանցած ժողովրդավարական առաջընթացը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի գործընթացը, և այս համատեքստում գնահատել է Միացյալ Թագավորության աջակցությունը։ Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է արդբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հետ կապված խնդիրները: Արարատ Միրզոյանը կարևորել է բրիտանացի խորհրդարանականների ջանքերը՝ ուղղված 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի իրականացրած մարդու իրավունքների խախտումների և վերջին շրջանում Հայաստանի հետ սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և դրանց մարդասիրական հետևանքների դատապարտմանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության սատարմանը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում բանակցություններ սկսելու կարևորությունը՝ ուղղված համապարփակ վերջնական կարգավորմանը, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը։ Հյուրերի խնդրանքով՝ նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:    
16:23 - 04 ապրիլի, 2022
ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինը գերազանցում է երկու երրորդը

ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինը գերազանցում է երկու երրորդը

Եվրասիական տնտեսական միության երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինն արդեն գերազանցում է երկու երրորդը, և այն ավելացնելու հնարավորություն կա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։ «Եթե խոսենք փոխադարձ առևտրի մասին, ապա ԵԱՏՄ երկրների ներքին փոխադարձ հաշվարկներում լուրջ հաջողություններ են գրանցվել․ 2013-2020 թթ-ին ազգային արժույթներով վճարումներն աճել են՝ 63%-ից հասնելով 74%-ի։ Ռուսաստանը ռուբլի է օգտագործում Բելառուսի հետ առևտրաշրջանառության 82%-ի, Ղազախստանի հետ՝ 63%-ի, Ղրղզստանի հետ՝ 58%-ի վճարման համար», - ասել է նա։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ ռուբլու օգտագործման հնարավորությունները չեն սպառվում։ Այսպես, Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության 40%-ը սպասարկվում է դոլարով։ Ամերիկյան արժույթը երկրորդ տեղն է զբաղեցնում Ղազախստանի և Բելառուսի հետ առևտրում՝ համապատասխանաբար 28% և 9%: Միաժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ առտրաշրջանառությունում ռուբլու տարածումը զբալիորեն ավելի ցածր է։ «Բացառություն է միայն Բելառուսը, որը ռուբլի է օգտագործում Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ երկրների հետ իր առևտրային գործարքների գրեթե մեկ երրորդ մասում», - ասել է Գլազևը։ ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի հետագա ավելացումը, նրա խոսքով, կախված կլինի նրանց առևտրատնտեսական հարաբերությունների խորացումից, առևտրի կառուցվածքից և դրա դիվերսիֆիկացիայի մակարդակից։ «Բացի դրանից, ԵԱՏՄ երկրների ապադոլարացման գործընթացը կախված կլինի արտաքին ռիսկերի մակարդակը նվազեցնելու երկրների ընդունակցությունից և մի շարք աջակցող միջոցներից», - հավելել է նա։ ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։   Նորա Վանյան
16:11 - 04 ապրիլի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ-ռուսական բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության դարավոր պատմության մեջ այս նշանակալից իրադարձությունը բացեց որակապես նոր փուլ, հիմք դրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության համար՝ ընդգրկելով միջպետական համագործակցության բոլոր ոլորտները։ Ստեղծված ամուր իրավական դաշտը հիմնված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի վրա, որի ստորագրման 25-ամյակը մենք կնշենք այս տարվա օգոստոսին, և «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիրը։ Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն այսօր առանձնանում է բարձր վստահության երկխոսությամբ, բոլոր մակարդակներում` ռազմատեխնիկական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում արդյունավետ փոխգործակցությամբ։ Մեր երկրները համագործակցում են ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմ միավորումների շրջանակներում։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման գործում և ռուսական կողմի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը»։
18:52 - 03 ապրիլի, 2022
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը․ Հիքմեթ Հաջիև

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը․ Հիքմեթ Հաջիև

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն, ինքնիշխանությունն ու սահմանների անխախտելիությունը, ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը TRT World-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանին ներկայացրած առաջարկներին։ «Մենք հայկական կողմին ենք ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները։ Դրանք ձևակերպված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա և հիմք են բարիդրացիական հարաբերությունների համար։ Եթե դուք (Հայաստանը – խմբ․) ցանկանում եք բարիդրացիական հարաբերություններ հաստատել, ամեն ինչ սկսվում է առաջին և ամենակարևոր որոշումից․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն, ինքնիշխանությունն ու սահմանների անխախտելիությունը։ Ինչպես նաև զերծ մնան տարածքային ամբողջակակնության դեմ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Հաջիևը։ «Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ այս տարածքային պահանջներին։ Այդ ժամանակ, դրանից ելնելով, մենք կկարողանանք առաջ շարժվել», - հավելել է նա։ Հաջիևը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ «Մենք սատարում ենք այդ գործընթացը, սակայն միաժամանակ կողմ ենք այդ գործընթացի երկու ուղղությունների՝ հայ-ադրբեջանական, ինչպես նաև՝ հայ-թուրքական հարաբերությունների համաժամանակյա և զուգահեռ զարգացմանը», - նշել է նա։ Նորա Վանյան
18:45 - 03 ապրիլի, 2022
Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը ողջունել է խաղաղության հաստատման ճանապարհով շարժվելու Հայաստանի ձգտումը

Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը ողջունել է խաղաղության հաստատման ճանապարհով շարժվելու Հայաստանի ձգտումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իտալական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում: Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-իտալական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: «Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ այս տարածաշրջանում դեպի երկարատև և կայուն խաղաղություն տանող ճանապարհը երկխոսությունն է և վստահության մթնոլորտի ձևավորումը: Նախագահն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցման, այնտեղ ապրող մարդկանց անվտանգության ապահովման և հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ևս կարևորել է կողմերի միջև կառուցողական երկխոսության հաստատումը և փոխադարձ վստահության ձևավորումը: Լուիջի դի Մայոն ողջունելի է համարել, որ Հայաստանը ձգտում է առաջ շարժվել խաղաղության հաստատման ճանապարհով: Նշվում է, որ երկուստեք կարևորվել է տնտեսական ոլորտում զարգացման չօգտագործված ներուժի իրագործմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Նշվել է, որ փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը կարելի է դիտարկել որպես այդ քայլերից մեկը, քանի որ իտալական մի շարք ընկերություններ արդեն իսկ Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրություն են ցուցաբերել: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
16:24 - 03 ապրիլի, 2022
Ալեն Սիմոնյանն Իտալիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանն Իտալիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյին: Ազգային ժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը փոխադարձաբար կարեւորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը կարող է նպաստել նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Անդրադառնալով 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում պետք է լինի: Խորհրդարանի ղեկավարն իտալացի նախարարին է փոխանցել իր երախտագիտությունն Արցախի եւ նրա ժողովրդի պաշտպանության համար Իտալիայի մոտ 50 շրջանային ու քաղաքային խորհուրդների ընդունած բանաձեւերի եւ հայտարարությունների համար: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն առանձնացրել է 2021 թ. մարտի 2-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իտալիա բազմաբեւեռ համագործակցության անհրաժեշտությանը՝ այդ հարցում առանցքային համարելով խորհրդարանական դիվանագիտությունը: Ալեն Սիմոնյանը տպավորիչ է որակել այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանում բացի Հայաստանի հետ բարեկամության խմբից Միջխորհրդարանական միության շրջանակում գործում է նաեւ Իտալիա-Հայաստան բարեկամության երկկողմ հարաբերությունների բաժինը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ողջույններ է փոխանցել իր իտալացի գործընկերոջը: Նա հույս է հայտնել, որ Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի՝ Հայաստան ծրագրված այցն առաջիկայում կլինի եւ հայ-իտալական միջխորհրդարանական աշխույժ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:
14:23 - 03 ապրիլի, 2022
ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վիճելի հարցերը բանակցությունների միջոցով լուծել

ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վիճելի հարցերը բանակցությունների միջոցով լուծել

ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհրաժեշտ բանակցություններ անցկացնել՝ բոլոր չլուծված հարցերը կարգավորելու համար։ Այս մասին ասված է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հայտարարությունում, որն ամփոփում է նրա այցը Հարավային Կովկաս մարտի 29-ից ապրիլի 1-ը։ «Այցը նվիրված էր անվտանգության առկա մարտահրավերներին և կայուն խաղաղության հասնելու ջանքերին, ինչպես նաև ԵԱՀԿ և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև համագործակցության ամրապնդմանը», - նշված է հայտարարությունում։ Անդրդառնալով Հայաստան կատարած այցին՝ Զբիգնև Ռաուն նշել է․ «Լեհաստանը՝ որպես կազմակերպության նախագահ, վճռականորեն սատարում է բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են տեղում լարվածությունը թոթափելու համար անհրաժեշտ երկխոսությանն աջակցելուն։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին բարեխղճորեն բանակցություններ վարել՝ բոլոր չլուծված հարցերի համար համապարփակ լուծում գտնելու համար», - ընդգծել է նա։ Անդրադառնալով Ադրբեջան կատարած այցին՝ ԵԱՀԿ գործող նախագահը նշել է․ «Հույս ունենք առաջընթաց գրանցել, հատկապես՝ այնպիսի անհետաձգելի հումանիտար հացերում, ինչպիսիք են պահվող անձանց ազատ արձակումն, անհետ կորածների մասին տեղեկություններով փոխանակումը, ականազերծումն ու պատմամշակթային օբյեկտների պահպանումը»։ ԵԱՀԿ գործող նախագահը նաև ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման դիվանագիտական նախաձեռնությունն՝ ընդգծելով, որ «այս գործընթացը կարող է օգնել բարելվել կայունությունը տարածաշրջանում»։   Նորա Վանյան  
14:02 - 03 ապրիլի, 2022
Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները և արդյունքում խաղաղության պայմանագիր կնքումը

Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները և արդյունքում խաղաղության պայմանագիր կնքումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Բարև Ձեզ հարգելի՛ գործընկերներ, Ուրախ եմ Հայաստանում ողջունել իմ գործընկեր Լուիջի Դի Մայոյին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին: Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում, ինչը նոր լիցք կհաղորդի մեր երկրների փոխշահավետ համագործակցությանը։ Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը` հիմնված հարուստ ավանդույթների, պատմական շփումների, ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա: Այսօրվա քննարկումների ընթացքում մենք երկուստեք գոհունակություն ենք հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և բարձրաստիճան փոխայցերի դրական դինամիկայի առնչությամբ։ Արձանագրել ենք, որ տարեցտարի աճում է երկկողմ առևտրաշրջանառության և իտալական ներդրումների ծավալը Հայաստանում, և երկուստեք հավաստիացրել ենք, որ հետաքրքրված ենք այս ներդրումների և ապրանքաշրջանառության ծավալներն էլ ավելի ավելացնելու մեջ: Հարկ եմ համարում նշել, որ այնուամենայնիվ, թեև կա պատրաստակամություն և առկա կապեր, տնտեսական ոլորտում առկա է նաև չօգտագործված հսկայական ներուժ, և ինչպես ասացի, այդ ներուժի իրացման գործում կարևորում ենք նաև հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Ի դեպ, պարո՛ն նախարար, վերջին անգամ 2017թ․-ին է հանձնաժողովը հավաքվել։ Կարծում եմ՝ կարող ենք քայլեր ձեռնարկել նաև այս ուղղությամբ։ Իտալիայի իմ գործընկերոջ հետ այսօր անդրադարձել ենք  նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգին, Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը։ Ողջունելի է Իտալիայի համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունեությունն ու դրա ընդլայնումը։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր հանգամանալից անդրադարձ ենք կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցրերի։ Ես  ներկայացրել եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված քայլերի, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի քաղաքականության և այլ դրսևորումների հետևանքներով ստեղծված իրավիճակը։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պատշաճ և հասցեական արձագանք պետք է տա ադրբեջանական կողմի այս գործողություններին և աջակցի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին: Եվ այս առումով ուզում եմ նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ և հասցեական արձագանքել են Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի: Ես կրկին վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները և արդյունքում՝ խաղաղության պայմանագիր կնքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո և շրջանակներում։ Տեղեկացրել եմ, որ Ադրբեջանն առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ոչ ամբողջական, և լրացրել ենք մեր առաջարկներով և բարձրաձայնել ենք մեր պատրաստակամությունն անմիջապես սկսել բանակցությունները՝ այդ ամբողջական սկզբունքների հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։  Անդրադարձ ենք կատարել նաև 44-օրյա պատերազմից հետո առաջացած և դեռ չլուծված  հումանիտար խնդիրներին, և առաջին հերթին, բնականաբար, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը, և բարձր ենք գնահատում այս առումով Իտալիայի խորհրդարանի կողմից անցած տարի մարտին ընդունված բանաձևը։ Անշուշտ, շարունակում է մտահոգիչ մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ճակատագիրը: Պետք է ընդգծեմ, որ ինչպես և նախկինում, այժմ ևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային այցը այս առաքելությամբ շարունակում է խիստ պահանջված մնալ։  Ողջունում ենք նաև Արցախի և նրա ժողովրդի պաշտպանությանն ուղղված Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ընդունված փաստաթղթերը։ Հարգելի՛ պարոն Դի Մայո, Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բովանդակային քննարկման համար և խոսքը փոխանցում եմ Ձեզ։ Շնորհակալություն»։
13:58 - 03 ապրիլի, 2022
ՌԴ-ին և Հայաստանին հաջողվել է կառուցել իրական ռազմավարական փոխգործակցություն․  ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել

ՌԴ-ին և Հայաստանին հաջողվել է կառուցել իրական ռազմավարական փոխգործակցություն․ ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերություններն անցած երեք տասնամյակների ընթացքում անշեղորեն զարգացել են երկու երկրների եղբայրական ժողովուրդների բազմադարյա բարեկամության ու փոխօգնության ամուր հիմքի վրա՝ առանձնանշելով դրանք խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը՝ դեպի 21-րդ դար միտված դաշնակցային  փոխգործակցության ոգուն համահունչ: Նախարար Միրզոյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ երկու երկրների դիվանագիտական ծառայությունների սերտ փոխհամագործակցությունը հետայսու ևս միտված է լինելու միջպետական հարաբերությունների ոլորտներում ՀՀ և ՌԴ դաշնակցության առավել խորացմանը, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, շնորհավորանքներ հղելով Հայաստանի ԱԳ նախարարին, իր հերթին նշել է, որ 30-ամյա հոբելյանը կարևոր հանգրվան է երկու երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամական կապերի զարգացման համար: Երեք տասնամյակների ընթացքում Ռուսաստանին և Հայաստանին հաջողվել է կառուցել իրական ռազմավարական փոխգործակցություն, որն ընդգրկում է ուղղությունների ամենալայն շրջանակ: Ստեղծվել է երկկողմ համագործակցության իրավապայմանագրային պատկառելի հենք, ձևավորվել են վերջինիս հետևողական առաջմղման արդյունավետ մեխանիզմներ: Նախարար Լավրովը վստահություն է հայտնել, որ այս հոբելյանը նոր խթան կհաղորդի արգասաբեր գործընկերության հետագա ընդլայնմանը:
12:52 - 03 ապրիլի, 2022
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել՝ ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել՝ ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի՝ Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ երկու երկրները բոլոր ոլորտներում համագործակցության զգալի փորձ են կուտակել։ «Ռուսաստանի և Հայաստանի միջև ընթանում է բովանդակալից քաղաքական երկխոսություն, զարգանում է արդյունավետ համագործակցություն առևտրային, տնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասվում է Կրեմլի կայքում տեղադրված շնորհավորական հեռագրում։ «Մոսկվան և Երևանը համակարգում են ջանքերը ՀԱՊԿ–ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ–ի և այլ միջազգային կառույցների շրջանակում։ 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարումը նպաստում է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»։ Բացի այդ, Պուտինը վստահություն է հայտնել, որ ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին։ Հայաստանն ու Ռուսաստանը ուղիղ 30 տարի առաջ՝ 1992թ. ապրիլի 3-ին, հուշագիր ստորագրեցին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման մասին։ Գլխավոր լուսանկարը՝ ՏԱՍՍ-ի
12:42 - 03 ապրիլի, 2022