Ինֆոքոմ

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախ չի այցելել․ պատճառների մասին վարչապետի աշխատակազմից չեն պատասխանում ըստ էության

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախ չի այցելել․ պատճառների մասին վարչապետի աշխատակազմից չեն պատասխանում ըստ էության

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին վարչապետ ընտրվելուց հետո պարբերաբար աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, սակայն 2020 թվականի լայնածավալ պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը մինչ օրս որևէ այց չի իրականացրել դեպի Արցախ։  Պարզելու համար, թե ինչու Փաշինյանն այլևս աշխատանքային այցով չի մեկնում Արցախի Հանրապետություն, պաշտոնական հարցմամբ դիմեցինք վարչապետի աշխատակազմ և խնդրեցինք մեկնաբանել՝ ինչով է պայմանավորված այս հանգամանքը։ Սակայն մինչ հարցման պատասխանին անդրադառնալը ներկայացնենք, թե Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո քանի աշխատանքային այցով է եղել Արցախի Հանրապետությունում։ 2018 թվական «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ՀՀ վարչապետ։ Վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն իր առաջին աշխատանքային այցը կատարեց Արցախի Հանրապետություն։ Այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արցախի այդ ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի հետ․ «Կարևոր եմ համարում, որ իմ առաջին այցը վարչապետի կարգավիճակում կայանում է հենց Արցախի Հանրապետություն, որովհետև Արցախի Հանրապետության հետ մեր հարաբերություններն առաջնային են»,- իր խոսքում ասել է վարչապետ Փաշինյանը։ Առաջին այցից շուրջ մեկ ամիս անց՝ հունիսի 16-ին, վարչապետ Փաշինյանը նորից աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր, որի ընթացքում վերջինս այցելել է Արցախի Հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր։ Նիկոլ Փաշինյանի հաջորդ աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն սեպտեմբերի 18-ին էր, որի ժամանակ վարչապետը այցելել է Արցախի հյուսիսային հատվածի պաշտպանական դիրքեր։ 2019 թվական 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում եղել է 5 անգամ։ Առաջին այցը եղել է մարտի 11-12-ին։ Երկու օրերի ընթացքում վարչապետը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ, ապա կայացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։ Նիկոլ Փաշինյանն այս իրադարձությունը որակել է աննախադեպ։ Հաջորդ աշխատանքային այցը եղել է օգոստոսի 5-ից 7-ը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ, ապա մասնակցել է համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման միջոցառմանը։ Հենց այս աշխատանքային այցի ընթացքում է Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հրավիրել հանրահավաք, որի ժամանակ էլ հնչեցրել է «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը։ Նիկոլ Փաշինյանի Արցախ կատարած հաջորդ աշխատանքային այցը եղել է մայիսի 9-ին, որի ժամանակ վարչապետը մասնակցել է Շուշիում եռատոնին նվիրված միջոցառումներին։ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Շուշիի Տանկ-հուշարձանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին։ 2019 թվականին Արցախի Հանրապետություն կատարած Նիկոլ Փաշինյանի վերջին այցերը եղել են նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին էր, որոնցից մեկի ժամանակ Փաշինյանն այցելել է Արցախի Հանրապետության հյուսիսային հատվածի դիրքեր, իսկ մյուսի ժամանակ հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների հետ։ 2020 թվական 2020 թվականին մինչև լայնածավալ պատերազմի սկսվելը Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետություն այցելել է 3 անգամ։ Առաջին այցը եղել է մայիսի 9-ին, որի ժամանակ Փաշինյանը մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև այցելել է մի քանի զորամասեր և սահմանապահ դիրքեր։ Հաջորդ երկու այցերը եղել են օգոստոսի 29-ին և 30-ին,  Այսպես՝ մեր պաշտոնական հարցման պաշտոնական պատասխանում նշված է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ տրվում է պատշաճ տեղեկատվություն։  Նշենք, որ մենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանը վերջին անգամ Արցախ այցելել է 2020 թվականի օգոստոսի 30-ին, հարցրել էինք, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին այցից մինչ օրս Փաշինյանի՝ Արցախ չայցելելու հանգամանքը։ Ինչպես տեսնում եք մեզ տրամադրած պաշտոնական պատասխանում, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը հարցին չի պատասխանել ըստ էության։ Սակայն կարող ենք փաստել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը չի այցելել Արցախի Հանրապետություն։ Նարեկ Մարտիրոսյան
16:46 - 21 հուլիսի, 2021
Նոր լաբորատոր սենյակի միջոցով հայ գիտնականներրը ԱՄՆ գիտնականների հետ խոշոր նախագծի կմասնակցեն

Նոր լաբորատոր սենյակի միջոցով հայ գիտնականներրը ԱՄՆ գիտնականների հետ խոշոր նախագծի կմասնակցեն

Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի Ֆիզիկայի ինստիտուտ) ընդլայնում է համագործակցությունը միջազգային լաբորատորիաների հետ։ «PIERIS» ֆոնդի աջակցությամբ այստեղ նոր լաբորատոր սենյակ է հիմնվել, որի միջոցով հայ գիտնականները Նյու Յորքի Բրուկհեվնի ինստիտուտի հետ համատեղ կաշխատեն էլեկտրոն-իոնային կոլայդերի կառուցման վրա․ այն մի քանի միլիարդ դոլարանոց նախագիծ է։  «Էլեկտրոն-իոնային կոլլայդերը նոր սերնդի արագացուցչի տեսակ է։ Դրա միջոցով մի կողմից արագացնում են էլեկտրոն, մյուս կողմից՝ պրոտոն, բախում են իրար ու ուսումնասիրում են տարբեր կինեմատիկ երկրաչափական դրվածքներում, տարբեր էներգիաներում, այսինքն՝ ուսումնասիրում են մասնիկը տարբեր ֆիզիկական երևույթների պայմաններում։ Հիմնական գործը տիեզերքի ու մասնիկների ուսումնասիրությունն է, իսկ դրա համար օգտագործում ենք արագացուցիչները։ Կա տեսական ֆիզիկան, որ իր հաշվարկներով ու կանխագուշակումներով մեզ ուղղություն է տալիս, իսկ մենք՝ փորձարակական ֆիզիկայով զբաղվողներս, բուն երևույթն ենք ուսումնասիրում։  Դրա արդյունքում աշխարհում տարբեր հայտնագործություններ են կատարվել, ինչպիսին են ատոմային էներգիան, ջրածնային ռումբը։ Ամենը, ինչ մեր շուրջ կա, ֆիզիկան է, այն գալիս է էլեմենտար սկզբունքներից»,-պատմում է նորաբաց լաբորատոր սենյակի հիմնադիր, Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Արթուր Մկրտչյանը։ Նոր լաբորատոր սենյակը Նա ասում է, որ լաբորատորիայի գիտնականները նախկինում նույնպես ներգրավված են եղել միջազգային կոլաբորացիաներում, բայց որպես աշխատուժ։ «Հիմա իրավիճակը փոխվում է։ Կան ֆոնդեր (օրինակ` ամերիկյան «PIERIS» ֆոնդը, որը, ի թիվս այլ ոլորտների, ներդրումներ է անում նաև գիտության մեջ), որոնք ներդրումներ են անում գիտության զարգացման համար։ Սենյակի միջոցով մենք ոչ միայն կգնանք Ամերիկայում աշխատելու, այլ այդ գործերը կբերենք այստեղ ու այստեղ կանենք այդ աշխատանքները։ Տվյալ պահին վերանորոգել ենք սենյակը ու դեռ նոր ենք կահավորում, մեր հիմնական սարքերը դեռ չեն եկել։ Այս սենյակում նախատեսվում է պատրաստել էլեկտրոն-իոնային կոլլայդերի հաշվիչներից մեկի՝ կալորիմետրի նախատիպը»,- ասում է նա՝ հավելելով, որ ծրագիրը հնարավորություն կտա աշխատելու նաև սփյուռքահայ գիտնականների հետ։ Արթուր Մկրտչյանը պատմում է նաև, որ Ամերիկայի գիտական կենտրոնների հետ իրենց համագործակցությունը դեռ 90-ականներից է սկսել․ «Մենք համարվում ենք կալորիմետրերի, աերոգել դետեկտորների, որոշ հաշվիչների էքսպերտներ, ու իրենք, մեզ ճանաչելով, համագործակցում են մեզ հետ»։ Ավագ գիտաշխատողի խոսքով՝ լաբորատոր սենյակը հետագայում այլ գիտական նպատակների համար կօգտագործվի․ «Փորձարարական բաժանմունքի ցանկացած գիտաշխատող նախագծի, ուսումնասիրության մի մաս հնարավորություն կունենա անելու այստեղ։ Հույս ունենք, որ կոգեշնչենք նաև ուսանողներին, և նոր լաբորատորիան նաև նրանց համար օգտակար կլինի»։ Արթուր Մկրտչյանն ասում է նաև, որ գիտության կիրառական ու պրոդուկտիվ մասը մի ճյուղ է, որը հիմնարար ու ակադեմիկ գիտության հետ ուղիղ կապ չունի․ «Գիտնականի նպատակը ակադեմիկ գիտելիքն է, բայց այդ գիտելիքը շատ հեշտ կիրառելի է հատկապես մեր երկրի նման փոքր երկրում։ Օրինակ, եթե ռազմարդյունաբերության ճյուղը դիտարկենք, ունենք շատ խելացի ինժեներներ, բայց գիտնական-ինեժեներ կապը միշտ պետք է լինի։Մեկը պետք է հիմնարար զարգացման ոլորտում, մյուսը՝ կիրառական ու ստեղծարար։ Հետագայում նպատակ ունենք այս սենյակը օգտագործել որոշ կիրառական ուղղությունների զարգացման համար։ Մի լաբորատոր սենյակով դա չի արվի, բայց մի լաբորատոր սենյակով հիմանարար գիտության մեջ բավարար մեծ ներդրում կարելի է անել»։ Նանե Ավետիսյան
11:58 - 21 հուլիսի, 2021
Ադրբեջանական տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութն Իշխանասարի բարձունքից չէ

Ադրբեջանական տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութն Իշխանասարի բարձունքից չէ

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում վերջին օրերին տեսանյութեր և լուսանկարներ են տարածվում, կից գրառումներում էլ նշվում է, որ ադրբեջանական կողմը Սև լճի հատվածում կարևոր բարձունք է գրավել։ Infocom-ը տեղորոշել է ադրբեջանցիների տարածած լուսանկարներն ու տեսանյութերը։ Այսպիսով, հունիսի 17-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքում հրապարակվել են լուսանկար ու տեսանյութ։ Կից գրված է․ «Զանգեզուրի ուղղությամբ ամենաբարձր և ամենակարևոր կետը «Իշիգլիի» բարձունքն է։ Լուսանկարից տեսարան է բացվում այդ բարձունքից դեպի հնագույն ադրբեջանական Գորուս քաղաք» («Իշիգլի» ադրբեջանցիներն ասում են Իշխանասար լեռանը)։ Ստորև ադրբեջանցիների հրապարակած լուսանկարն է։ Իսկ այստեղ հրապարակված տեսանյութից լուսապատճեններ են, որոնցով հնարավոր է տեղորոշել, թե որտեղից է նկարահանվել տեսանյութը։ Այժմ կարող եք «Google Earth»-ի վրա տեսնել նույն տեղանքը։ Ադրբեջանցիները նշում են, որ իրենց վերցրած բարձունքից երևում է Գորիսը։ Այս բարձունքից հնարավոր է այնպիսի լուսանկար անել, որ այնտեղից երևա Գորիսը։ Բարձունքը, որտեղից հրապարակվել են տեսանյութն ու լուսանկարը, Սև լճի մոտ է և ՀՀ սահմանից ներս է։ Այդ բարձունքը, սակայն, Իշխանասարը չէ։ Տելեգրամյան նույն ալիքում հունիսի 18-ին հրապարակվել է մեկ այլ տեսանյութ։ Այս տեսանյութը նկարահանված է նույն բարձունքից։ Այս անգամ, սակայն, ադրբեջանցիները նկարահանել են հակառակ կողմից, և տեսանյութում երևում է Սև լիճը։ Տելեգրամյան ալիքի մեկ այլ գրառման մեջ էլ նշվում է, որ ադրբեջանցիները վերցրել են այն բարձունքը, որտեղից ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մայիսին լուսանկար էր հրապարակել։ Ավինյանի հրապարակած լուսանկարը, սակայն, այդ բարձունքից չէ։ Լուսանկարում Գորիսը և մոտակա մեկ այլ բարձունք շատ ավելի մոտիկից են երևում։ «Google Earth»-ի վրա կարող եք տեսնել մոտավոր վայրը, որտեղ արվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի հրապարակած լուսանկարը։ Այս բարձունքը և մյուսը, որը հավանաբար գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո, իրարից հեռու են։ Ինչ վերաբերում է Իշխանասարին, այն հեռու է և՛ ադրբեջանցիների զբաղեցրած բարձունքից, և՛ այն վայրից, որտեղից լուսանկար է հրապարակել փոխվարչապետի պաշտոնակատարը։ Լուսանկարում կապույտով նշված է Իշխանասարի բարձունքը, կարմիրով՝ ադրբեջանցիների զբաղեցրած բարձունքը, նարնջագույնով՝ Ավինյանի լուսանկարի մոտավոր վայրը։ Ամփոփելով նշենք, որ ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերն ու լուսանկարները ոչ մի կերպ չեն ապացուցում, որ նրանք վերցրել են Իշխանասարի բարձունքը կամ այն բարձունքը, որտեղից լուսանկար էր հրապարակել Տիգրան Ավինյանը։ Սակայն տեղորոշված տեսանյութերից ու լուսանկարից հստակ երևում է, որ ադրբեջանցիների զբաղեցրած բարձունքը Սև լճի մոտակայքում է և ՀՀ սահմանից ներս է։ Հստակ չենք կարող պնդել՝ այդ բարձունքն այժմ ում վերահսկողության ներքո է, քանի որ տեսանյութերը և լուսանկարները կարող են հին լինել։ Աննա Սահակյան  
12:08 - 20 հուլիսի, 2021
Օտարերկրյա քաղաքացիներին անվճար պատվաստանյութ տրամադրելը կնպաստի առողջապահական տուրիզմի զարգացմանը, քաղաքացիները պետք է ավելի քան 10 օր գտնվեն Հայաստանում

Օտարերկրյա քաղաքացիներին անվճար պատվաստանյութ տրամադրելը կնպաստի առողջապահական տուրիզմի զարգացմանը, քաղաքացիները պետք է ավելի քան 10 օր գտնվեն Հայաստանում

2021 թվականի հուլիսի 9-ից ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություն արեց օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումների իրականացման գործընթացում։ Ըստ այդ փոփոխության՝ նրանք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում` շարժական պատվաստումային կետերում: Օտարերկրյա քաղաքացիների պատվաստման համար ընտրվել է «AstraZeneca» պատվաստանյութը, դեղաչափը տրամադրվում է անվճար։ Վերջին շրջանում պատվաստումների համար Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մեջ մեծ թիվ են կազմում Իրանից ժամանածները։  Հանրության շրջանում՝ պատվաստանյութի անվճար տրամադրման վերաբերյալ քննարկումներ ծավալվեցին, մի մասի պնդմամբ սա լավ տարբերակ է Հայաստանում առողջապահական տուրիզմի զարգացման համար, իսկ մյուս մասի կարծիքով Հայաստանը գնում է պատվաստանյութը և գործընթացը ձեռնտու չէ պետության համար։  Օտարերկրյա քաղաքացիների պատվաստումների, առավելությունների և գործընթացի հնարավոր ռիսկերի մասին Infocom.am-ը զրուցել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի հետ։ Գրիգորյանի խոսքով՝ թվերը դեռ ամփոփման փուլում են, ուստի այս պահին կոնկրետ թվեր չի կարող հրապարակել, սակայն ակնհայտ է, որ պատվաստումներ ստանալու հետաքրքրությունը մեծ է։ Գրիգորյանը նկատեց՝ մեր հանրության շրջանում էլ հետարքրությունը մեծացել է։ Վերջին շրջանում դիտվում է պատվաստումների պահանջարկի բարձրացում և պատվաստումների ակտիվացման միտում։  «Այնպես չէ, որ իրենց մոտ հետաքրքրվածությունն ավելի մեծ է, քան մեզ մոտ, իհարկե, մի կողմից կարող ենք այդպես ասել, որովհետև, եթե մարդը կիլոմետրեր է կտրում պատվաստվելու համար, ուրեմն գնահատում է իր առողջությունը, հասկանում է, որ պատվաստանյութը անվտանգ է, արդյունավետ է, դրա համար գալիս է պատվաստվելու։ Մեր հանրության մոտ էլ վերջին շրջանում դիտվում է և՛ պահանջարկի բարձրացում, և՛ աշխուժացում։ Կարծում եմ, որ մեր բնակչության մոտ էլ է նույն մոտիվացիան գործում, որ այդ կարծրատիպերը, որոնք կային պատվաստումային գործընթացի սկզբում՝ ապատեղեկատվության, միֆերի, պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ, որոշակիորեն կոտրվել են, և հանրությունն էլ հասկանում է, որ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելիչ միջոցառումներից ամենաարդյունավետը պատվաստումն է»,- հավելեց Գրիգորյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ մինչև հուլիսի 9-ը բոլոր օտարերկրյա քաղաքացիները ՀՀ քաղաքացիների նման կարող էին գնալ ցանկացած պոլիկլինիկա և պատվաստվել առաաջարկվող պատվաստանյութերով։ Փոփոխություններից հետո օտարերկրացիները կարող են պատվաստվել միայն «AstraZeneca» պատվաստանյութով և միայն Երևանի շարժական կետերում։ Հարցին, թե ինչու որոշվեց, որ օտարերկրացիերի համար Հայաստանում պատվաստումը լինի անվճար, մեր զրուցակիցը պատասխանեց, որ պատճառները մի քանիսն են․ նախ՝ երկրում համավարակային իրավիճակը չի պայմանավորվում ազգությամբ։ Այդ առումով ցանկալի է, որ տվյալ տարածքում գտնվող բոլոր մարդիկ էլ պատվաստաված լինեն։ Մյուս գործոնը, ըստ Գրիգորյանի, բնակչության շրջանում պատվաստումների հանդեպ հետաքրքրության բարձրացումն է։ «Երբ ՀՀ քաղաքացիները տեսնում են, որ օտարերկրացիները գալիս են և անպայման ուզում պատվաստվել, սա առիթ է լինում, որ իրենք ևս մեկ անգամ մտածեն պատվաստվելու մասին․ այդպիսով կկարողնանք կառավարել համավարակն ու հնարավորինս շատ մարդկանց կպատվաստենք»,- ընդգծեց Գրիգորյանը՝ նշելով, որ ամենօրյվա վերլուծություններ են իրականացվում, որոնց արդյունքում էլ տեղի են ունենում քաղաքականության փոփոխությունները։ «Յուրաքանչյուր օր գնահատվում է և՛ առկա պատվաստանյութերի քանակը, և՛ պատվաստվողների թվաքանակը, ու ըստ դրա կայացվում են որոշումներ։ Այն անձիք, որոնք ստացել են իրենց առաջին դեղաչափը, կարող են համոզված լինել, որ հնարավորություն են ունենալու ստանալ երկրորդ անհրաժեշտ դեղաչափը։ Ամեն ինչ արվում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ցանկություն ունենա պատվաստվելու և կարողանա պատվաստվել»,- հավելեց Գրիգորյանը։ Այն հարցին, թե ինչո՞ւ է օտարերկրյա քաղաքացիների համար ընտրվել «AstraZeneca» պատվաստանյութը, վերջինս պատասխանեց, որ ամենօրյա վերլուծությունների արդյունքում որոշվել է, որ «AstraZeneca»-ն է այն պատվաստանյութը, որը Հայաստանը կարող է առաջարկել ոչ ՀՀ քաղաքացիներին։  Հուլիսի 15-ից արդեն օտարերկրացիները պետք է առնվազն 10 օր գտնված լինեն Հայաստանում, որպեսզի կարողանան ստանալ պատվաստանյութը։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք այս փոփոխությունը բացասական ազդեցություն կունենա՞ պատվաստվողների հոսքի վրա, Գրիգորյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, որոշակի փոփոխություն կլինի, բայց այն մարդը, որը գնահատում և կարևորում է պատվաստանյութերի դերն ու նշանակությունը, միանշանակ կգա, կմնա և կպատվաստվի, փոփոխությունը չի խանգարի։ Վերջին օրերին քաղաքացիները նաև ահազանգում էին շարժական կետերի շուրջ օտարերկրյա քաղաքացիների կուտակումների մասին, որոնք դեմ են հակահամաճարակային կանոններին։ Գրիգորյանը հաստատեց, որ ցանկացած պարագայում պետք է պահպանել նաև կորոնավիրուսային հիվանդության կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում նաև սոցիալական հեռավորությունը՝ անգամ բաց տարածքներում։ Նման դեպքերը բացառելու համար նախարարությունը փորձել է համակարգել գործընթացը և իրականացրել է հերթագրումներ։ «Ամեն դեպքում շրջիկ կետերն էլ շուրջօրյա չեն գործում, ունեն ժամային սահմանափակում և իրենց աշխատանքային ժամերին փորձում են մաքսիմալ արագ սպասարկել, բայց հերթեր գոյացել են։ Հերթագրում են արել և հաջորդ օրը հրավիրել պատվաստվելու։ Հնարավորինս փորձում ենք ռիսկերը նվազեցնել, պլանավորել, հերթագրել անձանց և հրավիրել պատվաստման, սակայն ցանկացած գործըթնացում կարող են լինել որոշակի խնիդիրներ, բայց դրանք նույնպես արագ լուծում են գտնում»,- հավելեց Գրիգորյանը։ Հուլիսի 15-ի փոփոխությունից հետո օտարերկրյա քաղաքացիների անձնագրային տվյալները կստուգվեն, եթե նրանք 10 օր և ավելի եղել են Հայաստանում, ապա կկարողանան պատվաստվել։ Բուժաշխատողը տեղեկատվության այլ աղբյուր չի ունենալու։ Անձնագրում ֆիքսված է լինելու, թե երբ է մարդը ժամանել Հայաստան, և հենց դա է լինելու կողմնորոշիչ։ Ըստ Գրիգորյանի՝ այս քայլով կխթանվի նաև առողջապահական տուրիզմը, և պատվաստումներն էլ կարող են որպես գործիք ծառայել, բայց գլոբալ առումով հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչպիսի ազդեցություն կունենա քաղաքականության փոփոխությունը պատվաստվողների հոսքի վրա։ Իր հերթին առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեր երկրում օտարերկրացիների համար հասանելի դարձնելը մարդասիրական ու հակահամաճարակային նպատակով է:  Օրեր առաջ նախարարությունը ներդրեց հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որի նպատակն անհարկի կուտակումները բացառելն է և գոյացած հերթերը կանոնակարգելը։ Ասպրամ Փարսադանյան
11:19 - 20 հուլիսի, 2021
 Աշնանը Հայաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

Աշնանը Հայաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

2021 թ․ դրությամբ բազմաթիվ համայնքերում արդեն լրացել են (կամ աշնանը լրանում են) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետները, ուստի այդ համայնքներում առաջիկայում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2020 թ․ սեպտեմբերի 23-ի որոշմամբ՝ 2021-ին ՏԻՄ ընտրությունների օրեր են սահմանվել մարտի 14-ը, սեպտեմերի 26-ը և հոկտեմբերի 17-ը։ Մարտին ընտրություններ տեղի չունեցան՝ կորոնավիրուսային և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված։ ՏԿԵՆ-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով, սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին ՏԻՄ-երի հերթական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա 440 համայնքում։ Այս տարվա հուլիսի 7-ի դրությամբ՝ ՏԻՄ-երի արտահերթ ընտրություններ անցակցնելու անհրաժեշտություն կա մոտ 20 համայնքում (այդ թիվը կարող է փոփոխվել)։ 2020-ի ամռանը փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում, համաձայն որոնց՝ բազմաբնակավայր (խոշորացված) և 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, ձևավորվելու են կուսակցական ցուցակներ, ընտրվելու է ավագանի, իսկ ավագանու կազմից՝ համայնքապետ։ «Համայնքների միավորման գործընթացով պայմանավորված՝ այս պահին հնարավոր չէ ստույգ հաշվարկել, թե որ համայնքներում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Դա հնարավոր կլինի հաշվարկել համայքներն օրենքով միավորելուց հետո, երբ հայտնի կլինի միավորված համայնքների ընտրողների թվաքանակը։ Այն համայնքներում, որտեղ ընտրողների թիվը կգերազանցի 4000-ը, ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով»,- ասված է ՏԿԵՆ-ի պատասխանում։ 2020-ի օրենսդրական փոփոխություններով արդեն ձևավորվել են Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Լերմոնտովո խոշորացված համայնքները, որտեղ ՏԻՄ ընտրություններ դեռ չեն անցկավել և նոր են անցկացվելու։  Եվս 186 համայնք նախատեսվում է միավորել՝ ձևավորելով 11 խոշորացված համայնք․ ՏԿԵՆ-ը  շրջանառության մեջ է դրել նախագիծ, որը, սակայն, խորհրդարանում դեռ չի քննարկվել։ Խոշորացման ծրագրում ներառված համայնքներից շատերում լրանում են ՏԻՄ լիազորությունների ժամկետները: ՏԿԵՆ-ից մեզ հայտնել են, որ այդ համայնքներում  ընտրություններ կանցկացվեն համայնքներն օրենքով միավորելուց հետո՝ միավորված կազմով։ Փաստորեն, խոշորացվելիք համայնքներում, որտեղ լրանում են ՏԻՄ լիազորությունների ժամկետները, մինչև խոշորացումը ընտրություններ չեն լինի։ Կան նաև այնպիսի համայնքներ, որտեղ չեն լրանում ՏԻՄ լիազորությունների ժամկետները, բայց այդ համայնքներն առաջիկայում խոշորացվելու են։ Այս տարվա հունվարին ՏԿԵՆ-ից մեզ հայտնել են, որ խոշորացվելիք այն համայնքներում, որտեղ չեն լրացել ՏԻՄ լիազորությունները ժամկետները, կարող են համայնքապետերի կամ ավագանու անդամների լիազորությունների վաղաժամ դադարեցումներ լինել։  Որոշ համայնքներում, որտեղ լրացել է միայն ավագանու կամ միայն համայնքապետի լիազորությունների ժամկետը, ՏԻՄ ընտրություններն այսուհետ անցկացվելու են համամասնական ընտրակարգով, քանի որ այդ համայնքները խոշորացված են կամ ունեն 4000-ից ավելի բնակիչ։ ՏԿԵՆ-ից նշել են, որ այդպիսի դեպքերում, եթե լրանում է (կամ վաղաժամ դադարում/դադարեցվում է) մեծամասնական ընտրակարգով ընտրված ավագանու լիազորությունների ժամկետը, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չի լրանում, համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը, որից հետո համամասնական ընտրակարգով ընտրված ավագանին իր կազմից ընտրում է համայնքի ղեկավարի։ Իսկ այն դեպքերում, երբ լրանում է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը չի լրանում, ապա համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը մինչև ավագանու լիազորությունների ժամկետը լրանալը։ «Այդ համայնքների ղեկավարների լիազորությունները լրանալուց հետո՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը, կնշանակվեն համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ։ Ավագանու լիազորությունները շարունակելու վերաբերյալ օրենքով որևէ կարգավորում նախատեսված չէ։ Ընտրություններ կանցկացվեն մեկ անգամ համայնքներն օրենքով միավորելուց հետո»,- ասված է ՏԿԵՆ-ի պատասխանում։ Infocom-ի հաշվարկներով, բացի այն համայնքներից, որոնք ներառված են խոշորացման ծրագրում, ՏԻՄ լիազորությունների ժամկետները լրանում են 239 համայնքում։ Այս համայնքներից 159-ում լրանում են  և՛ ավագանու, և՛ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետները։ 61 համայնքում լրանում են միայն ավագանու կամ միայն համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետները։ Ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ այս 61 համայնքներն ունեն 4000-ից պակաս բնակիչ, հետևաբար՝ այստեղ ավագանու կամ համայնքի ղեկավարի ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։ Պետք է հաշվի առնել, որ Վիճակագրական կոմիտեն համայնքների բնակիչների թվերի վերաբերյալ մոտավոր տվյալներ է ներկայացնում, հետևաբար բնակիչների թվի վերաբերյալ ճշգրիտ տվյալները կարող ենք իմանալ ընտրողների ցուցակներից։ Մնացած 19 համայնքներում լրացել է միայն ավագանու կամ միայն համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը, բայց քանի որ այս համայնքները կա՛մ խոշորացված են, կա՛մ ունեն 4000-ից ավելի բնակիչ (ըստ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած մոտավոր տվյալների), այդ համայնքներից ընտրություններ կանցկացվեն միայն այնտեղ, որտեղ լրացել է ավագանու լիազորությունների ժամկետը, ինչպես պարզաբանել է ՏԿԵՆ-ը։  Դեռ պարզ չէ, թե օրենսդիրը երբ կքննարկի վարչատարածքային փոփոխությունների նախագիծը, հետևաբար չենք կարող հստակ նշել՝ կձևավորվի խոշորացված համայնքների 11 փո՞ւնջ, ինչպես նշված է ՏԿԵՆ-ի նախագծում, թե՞ այս թիվը կփոխվի։ Հստակ չէ նաև այն, թե ձևավորվելիք խոշորացված համայնքներում երբ կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։
18:40 - 17 հուլիսի, 2021
Կամավոր ատեստավորման քննության համար նախատեսված հարցերին կարող են պատասխանել անգամ լավ սովորող աշակերտները․ դպրոցի տնօրենները՝ ատեստավորումների մասին

Կամավոր ատեստավորման քննության համար նախատեսված հարցերին կարող են պատասխանել անգամ լավ սովորող աշակերտները․ դպրոցի տնօրենները՝ ատեստավորումների մասին

Այս տարի ԿԳՄՍ նախարարի հրամանագրով հաստատվեց «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»: Ըստ ծրագրի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչներին հավելավճար ստանալու հնարավորություն կտրվի: Ատեստավորումն անցած ուսուցչին հավելավճար կտրվի 5 տարի ժամկետով: Դպրոցից դպրոց տեղափոխման արդյունքում հավելավճարը կպահպանվի: 90 տոկոս եւ ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար՝ 50 տոկոսի չափով, 80 տոկոսի դեպքում ախատավարձը կբարձրանա 30 տոկոսով, 60-79 տոկոսի դեպքում ուսուցչի աշխատավարձը կպահպանվի։ 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է պարտադիր վերաատեստավորման՝ մեկ տարի անց: Երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցչի դասավանդման իրավունքը կկասեցվի՝ մինչեւ իր հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը եւ վերաատեստավորման դրական արդյունք ունենալը: Կամավոր ատեստավորումը կգործի պարտադիր ատեստավորմանը զուգահեռ։ Կամավոր ատեստավորումից առաջ ուսուցիչների վերապատրաստում չի ենթադրվում, եւ այն իրենից ներկայացնում է առարկայական գիտելիքի «քննություն», որի արդյունքում բարձրանում է ուսուցչի աշխատավարձը։ Infocom.am-ը պարտադիր եւ կամավոր ատեստավորման մասին զրուցել է Վանաձորի թիվ 20 դպրոցի տնօրեն, «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Կարինե Մարգարյանի հետ։  Մարգարայնի խոսքով՝ կամավոր ատեստավորման ծրագրով ստուգվում են ուսուցչի առարկայական գիտելիքները, եւ իրենց վրա աշխատող, գիտելիքներով եւ ունակություններով տարբերվող ուսուցիչներին հնարավորություն է տրվում ստանալ ավելի բարձր աշխատավարձ։  «Դա, իհարկե, դրական է, նաեւ մոտիվացիա է ստեղծում մյուս ուսուցիչների համար, որոնք տարիներ շարունակ չեն աշխատել իրենց վրա, հիմա ավելի կոգեւորվեն եւ կաշխատեն իրենց գիտելիքի աճի վրա, շատ հաճախ նաեւ ինքնակրթության շնորհիվ է այդ վերապատրաստումը իրականանում։ Պարտադիր, հերթական ատեստավորումը, որը ենթադրում է նաեւ պարտադիր վերապատրաստում, կրկին շատ լավ է, որովհետեւ ինչ-որ տեղ պետական աշխատող ուսուցչին պետությունը պարտադրում է իր ինքնակրթությամբ զբաղվել, եւ ոչ միայն պարտադրում է, այլ նաեւ աջակցում է․ գոնե 5 տարին մեկ ուսուցիչը ատեստավորվում է, շփվում է այլ մասնագետների հետ, տեղեկանում է, թե ինչ կա այլ դպրոցներում, ինչ մեթոդ են կիրառում այլ ուսուցիչներ, ինչ են առաջարկում կազմակերպությունները, որոնք մեթոդաբանության, առարկայական գիտելիքի հետ կապված առաջարկներ ունեն»,- հավելեց Մարգարյանը։ Ըստ դպրոցի տնօրենի՝ ծրագրերը մասնագիտական շարժ են ապահովում։ Անդրադառնալով կամավոր ատեստավորման մասնակցայնությանն ու ուսուցիչների հետաքրքրվածությանը՝ Մարգարյանը շեշտեց, որ իրենց դպրոցի ուսուցիչներից մի քանիսը վախենում են այդ գործընթացի մեջ մտնել, քանի որ ծրագիրը առաջին անգամ է գործարկվում, եւ չգիտեն՝ ինչ է սպասվում․ «Հետո, երբ հիմնական եւ ավագ դպրոցների բաժանվեցին, ուսուցիչների մի մասը հիմնական դպրոցում արդեն ավագ դպրոցի ծրագրային նյութերը որոշ չափով մոռացավ, ուստի վախենում են այդ հատվածում թերանալ։ Ունենք լավ ուսուցիչներ, որոնք ավագ դպրոցներում էլ են համատեղում, կամ պարապում են ավարտական դասարանների աշակերտենրի հետ, եւ իրենց մոտ գիտելիքը չի ընդհատվում, ոչինչ չեն մոռանում։ Կամավոր ատեստավորման դեպքում դպրոցները պարտավոր չեն որոշակի քանակ ապահովել, բայց, որքանով տեղյակ եմ, հետագայում դա նույնպես կդառնա պարտադիր»։  Մարգարյանի խոսքով՝ ծրագրի բացասական կողմերից մեկը հոգեբանական տեսանկյունն է․ ամեն դեպքում, հիմնական դպրոցի ուսուցիչները սահմանափակված են զգում իրենց մասնակցելու համար, քանի որ ավագ դպրոցի բաժինը գիտելիքների առումով մի քիչ մոռացվել է։ Տնօրենի դիտարկմամբ՝ ռիսկային է նաեւ ուսուցիչների հեղինակությունը․ եթե ուսուցիչը չհաղթահարի այդ շեմը, տվյալները կարող են հրապարակվել։ Անդրադառնալով պարտադիր ատեստավորման այն ռիսկին, որ դպրոցի տնօրենը կարող է ստիպել ուսուցիչներին ընտրել կոնկրետ կազմակերպություն՝ վերապատրաստվելու նպատակով, Մարգարյանը շեշտեց, որ Լոռու մարզում նման դեպք չի եղել․ «Շուտով ավելի թափանցիկ ձեւով ուսուցիչը կարող է ուսումնասիրել, թե որ կազմակերպությունն ինչ է առաջարկում, իրեն որն է ավելի դուր գալիս»,- եզրափակեց Մարգարյանը։ Պարտադիր եւ կամավոր ատեստավորումների առավելությունների եւ թերությունների մասին Infocom.am-ը զրուցեց նաեւ Կառնուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկուհի Հովհաննիսյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ ծրագրի նպատակն է առանձնացնել, խրախուսել այն մասնագետներին, ուսուցիչներին, որոնք իրենց աշխատանքում հաջողություններ են գրանցել, լավ տիրապետում են առարկային։ «Ես էլ ուրախացա, եւ որպես բազմաթիվ մրցույթների մասնակից՝ ինքս էլ ցանկություն հայտնեցի մասնակցելու այդ ատեստավորմանը, բայց երբ հրապարակվեց հարցման ձեւը եւ ատեստավորման կարգը, այնտեղ կային բաներ, որոնք ինձ համար այդքան ընդունելի չէին։ Դրանք ինձ մոտ բացասական կարծիք ձեւավորեցին։ Այդ ատեստավորումը նմանվում է ընդունելության քննություններին, շտեմարանային հարցման, որովհետեւ այն նմուշները, որոնք տարբեր առարկաների համար հրապարակվեցին, հիշեցնում են ընդունելության քննությունների հարցումներ եւ ձեւաթղթեր»,- ասաց Հովհաննիսյանը։ Վերջինս, որ պատմության մասնագետ է, կարծիք հայտնեց՝ կամավոր ատեստավորման քննությունների թեստերի հարցերը գրված են դասագրքային նյութերից։ Հովհաննիսյանի խոսքով՝ ավարտական կամ միասնական քննություններից 19-20 միավոր հավաքած աշակերտները նույնպես կարող են հանձնել այդ քննությունը։ Դպրոցի տնօրենի կարծիքով՝ գեղեցիկ չէ այնպիսի հարցաշար կազմել, որտեղ ուսուցչի մասնագիտական ունակությունները, նրա տարբերությունը մյուսներից հնարավոր չի լինում ընդգծել։ Թեստային առաջադրանքը վիրավորական է։ Հարցին, թե ինքն ի՞նչ կերպ է պատկերացնում կամավոր ատեստավորման գործընթացը, Հովհաննիսյանը մանրամասնեց․ «Հատուկ մտածված առաջադրանքներ, որտեղ ուսուցիչը կտարբերվի իր վերլուծական մոտեցումներով, իր կարծիքով, ունակություններով, անպայման պետք է ներառված լինեն դասի ներկայացման, դասի կազմակերպման, մեթոդամանկավարժական որոշակի հարցադրումներ, որոնց տվյալ ուսուցիչը կկարողանար պատասխանել եւ կառանձնանար մյուսներից։ Իսկ զուտ թեստային առաջադրանք գրելով՝ ուսուցիչը չի կարող տարբեր լինել, գուցե նա կարողանում է երեք գրքերին շատ լավ տիրապետել, բայց դասարանում չի կարողանում լավ դաս մատուցել։ Սա էր պատճառը, որ ինքս չեմ դիմել կամավոր ատեստավորմանը, ես կարող եմ գրել այդ թեստը, անգամ ունեմ աշակերտներ, որոնք նման բարձր միավորներ են հավաքում։ Թեստերին ծայրից ծայր ծանոթ են նույնիսկ աշակերտները։ Սա ավելի շատ կրկնուսույցների մրցույթի է նման»։ Խոսելով այն հարցադրումների մասին, թե արդյոք քննության այլ տարբերակ (բանավոր, գրավոր՝ արձակ պատասխաններով) ընտրելը չէ՞ր ազդի քննության արդյունքի օբյեկտիվության վրա եւ կոռուպցիոն վտանգներ չէ՞ր պարունակի, Հովհաննիսյանը նշեց, որ հասկանում է, որ առաջին տարին է եւ ավելի հեշտ տարբերակը սա է, որպեսզի օբյեկտիվության հետ խնդիրներ չլինեն։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ այս տարբերակով միանշանակ ապահովվում է օբյեկտիվությունը, երբ ուսուցիչը պատասխանում է հարցերին, իր հետ վերցնում է իր ձեւանմուշի կրկնօրինակը եւ հետո, եթե խնդիրներ առաջանան, կարող է բողոքարկել։ Հնարավոր է՝ նախարարությունը մյուս տարի փոխի ձեւը։ «Իմ պատկերացումը սա է․ էլի թող լինի գրավոր տարբերակով, էլի ներառի որոշակի թեստային առաջադրանքներ, բայց ժամանակին եղել են տարբեր մրցույթներ, որտեղ աղբյուրից բերված նյութեր էին, որոնց վերաբերյալ պետք էր կարծիք հայտնել, մի քանի աղբյուրում հրապարակված նյութի ընդհանրությունները վերլուծական եւ համադրման կարողություններով դուրս բերել, ինչն ավելի բարձր որակի գիտելիք եւ հմտություն է պահանջում մասնագետից, քան այն սովորական, կոնկրետ թվերը, փաստեր հիշելը եւ, ասենք, ժամանակագրական հերթականությամբ դասավորելը».- հեվելեց Հովհաննիսյանը։ Վերջինիս դիտարկմամբ՝ թեստային տարբերակի դեպքում շատ են հնարավորությունները վրիպակներ թույլ տալու։ Տնօրենի կարծիքով՝ կամավոր ատեստավորումը պետք է ունենա ոչ թե մեկ, այլ երկու փուլ՝ ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր, գրավոր փուլի մեջ պարտադիր պետք է ներառվեն դասապլաններ, որոշակի մեթոդների տիրապետումը ստուգող առաջադրանքներ, ոչ թե միայն առարկայական նյութի հարցում․ «Նաեւ պատկերացնում եմ, որ բանավոր փուլում էլ պետք է հստակ մշակված հարցումներ լինեն։ Այդ տարբերակը ավելի ընդունելի է, չնայած ավելի ժամանակատար ու ծախսատար է։ Կան ուսուցիչներ, որոնք մի քանի բան մասնագիտական առումով վրիպել են, բայց դա դեռ չի նշանակում, որ իրենք վատ ուսուցիչներ են։ Ուսուցչի լավ կամ վատ լինելը որոշվում է նրա ավանդով։ Ուսուցիչը այն մարդն է, որը կերտում է մեր երկրի ապագան, այն ինչ մենք հիմա ունենք, 15-20 տարվա ուսուցիչների աշխատանքի արդյունքն է՝ լավ, թե վատ առումով։ Եթե բժշկի միջամտության արդյունքը այսօր է երեւում՝ մարդը կամ ապրում է, կամ ոչ, ուսուցչի աշխատանքի արդյունքը երեւում է հասարակության ձեւավորման ընթացքում՝ մի քանի տարի հետո։ Պետք է ավելի նրբանկատ, ավելի հաշվարկված, ճիշտ մոտեցումներով ամեն ինչ անել։ Ուսուցիչն էլ մարդ է, այդ օրը կարող են բազմաթիվ գործոններ ազդել մարդու գիտելիքի, տրամադրության վրա, եւ նա կարող է այդ պահին վրիպել՝ չնայած բազմավաստակ ուսուցիչ է։ Կարող է՝ որոշել է գնալ ատեստավրման ու ձեւաթղթի վրա վրիպումներ է ունեցել, պետք է գլուխը կախ դպրոց մտնի։ Հաստատ շատերը չեն ասի, բայց մի չար լեզու կշեշտի, որ նա կտրվել է քննությունը կամ չի կարողացել նորմալ հանձնել»,- մանրամասնեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ տարբեր ուսուցիչներ կամավոր ատեստավորմանը մասնակցելու իրենց մոտիվացիան ունեն։ Մեր զրուցակցի կարծիքով՝ առանձին ուսուցիչներ՝ 10-20 տոկոսը, ավելի շուտ անվան համար կմասնակցեն, մյուսները կուզենան իրենց սոցիալական վիճակը փոքր ինչ բարելավել, որովհետեւ ուսուցչի աշխատավարձը ցածր է, եւ ոչ բոլորն են լիարժեք ծանրաբեռնված։ Առանձին դպրոցներում առարկաներ կան, որի դեպքում ծանրաբեռնվածությունը չի ապահովվում։ «Գյուղական դպրոցները հիմնականում կարողանում են ուսուցչին ապահովել դասաժամերով, բայց քաղաքային դպրոցներում, որտեղ մասնագետները շատ են, 50-80 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչը կցանկանա, որ գոնե մի քանի հազար դրամով իր աշխատավարձը բարձրանա։ Կարծիք կա, որ մոտիվացիան գումարն է, բայց շատերի համար նաեւ հաճելի պրոցես է, որ իրենք կկարողանան տարբերակվել, դա է մարդկային էությունը՝ կուզենան, որ իրենց աշխատանքը գնահատվի, կուզեն, որ իրենց մասին խոսեն, յուրահատուկ ձեւով առանձնանան մյուսներից»,- այս կարծիքին ուսուցիչը։ Հովհաննիսյանը նույնպես ներկայացնում է վերապատրաստող ընկերություն, ներգրավված է գործընթացում։ Նրա կարծիքով, սակայն, խնդիրն այն է, որ շատ ուսուցիչներ գործող կազմակերպությունների մասին, որոնք ընտրվել են, իրազեկված չեն։ Նախարարությունը բոլոր դպրոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին ուղարկել է տեղեկությունը, բայց այդ բազմաէջ նամակից, մեր զրուցակցի համոզմամբ, ուսուցիչը նայում է միայն կազամակերպության անունը եւ առարկաները։ Հովհաննիսյանի պնդմամբ՝ միայն անունով կազմակերպությունը ոչինչ ասել չի կարող, այստեղ արդեն աշխատում է գովազդի գործոնը, որի շնորհիվ ուսուցիչները իրազեկվում են։ Նրա դիտարկմամբ՝ խնդրի առաջ են կանգնում նաեւ կազմակերպությունները, քանի որ վերջիններս չեն տեղեկանում, թե քանի ուսուցիչ է ընտրել հենց իրենց։ «Կազմակեպությունը որտեղից պետք է իմանա, թե քանի հոգի է դիմել իրենց։ Google doc-ով հազար ու մի հայտաձեւեր պատրաստվեին տարբեր կազմակերպություններ, որոնք պաշտոնական փաստաթղթեր չեն, դրանով լրացրին, ուղարկեցին հայտադիմումները, բայց գիտեմ նաեւ մարդկանց, որոնք չեն լրացրել այդ հայտադիմումները, բայց ընտրել են այդ կազմակերպությանը։ Հիմա այս պահի դրությամբ կազմակերպությունը կարող է իմանալ, թե Շիրակի մարզում քանի վերապատրաստվող ուսուցիչ ունի։ Հնարավոր է, եթե համապատասխան գործիքները սկսեն աշխատել, դպրոցի օպերատորը դրա հիման վրա կատարի համապատասխան նշումը, եւ կազմակերպությունը կտեղեկացվի գործընթացի մասին ու կիմանա, թե քանի ուսուցիչ է դիմել իրեն։ Ինձ կարող են հակադարձել, որ դա չէ ամենակարեւորը, այլ դիմումի հիման վրա կազմակերպության հետ կնքված պայմանագիրը, բայց կա՞ արդյոք որեւէ դպրոց եւ կազամկերպություն, որոնք արդեն պայմանագիր են կնքել։ Ամբողջ պրոցեսը ժամանակատար է, ես զարմանում եմ, երբ տեսնում եմ, որ որոշ կազմակերպություններ կոնկրետ ժամկետներ են հրապարակում, թե երբ են սկսելու վերապատրաստումը։ Եթե ամբողջ գործընթացը չի ավարտվել, ինչպե՞ս կարող են սկսել իրենց գործունեությունը»,- մանրամասնեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կազմակերպությունները նոր-նոր են հավաքում իրենց մոդուլները, եւ ուսուցիչին բարդ է ընտրել մի կազմակերպություն, եթե նա չգիտի, թե այդ կազմակերպությունը ինչ է իրեն տալու։ «Նույն դպրոցից մի քանի կազմակերպություն ընտրելը նույնպես որոշակի քննարկումների առիթ է դառնում, շատ դեպքերում դպրոցը դժվարանում է․ ասում են՝ մի կազմակերպություն ընտրեք բոլորով, ո՞վ ժամանակ ունի տարբեր կազմակերպությունների հետ պայմանագիր կնքել, որոշ տեղերում սա էլ է խոչընդոտ եւ խանգառում է, որ ուսուցիչը ազատ լինի իր ընտրության մեջ։ Մեխանիզմները վերամշակման ու վերաձեւակերպման կարիք ունեն»,- ասաց Հովհաննիսյանը։ Խոսելով հնարավոր ուղղորդումների, պարտադրումով մեկ կազմակերպություն ընտրելու մասին՝ նա նշեց, որ նման դեպքերի վերաբերյալ տեղեկություն չունի, չնայած՝ պետք չէ նաեւ հարյուր տոկոսով բացառել։ Վերջինս չցանկացավ մեկնաբանել խոսակցությունները, սակայն նշեց, որ տնօրենը կարող է խորհուրդ տալ կամ, գուցե, լինեն այլ պատճառներ։  «Կան դպոցներ, որտեղ տնօրենները կարող են ուղորդել, թե ուսուցիչը որ կազմակերպությանն ընտրի, բայց պետք չէ համահարթեցնել։ Շատ դեպքերում ուսուցիչը ինքը չի կողմնորոշվում ու դիմում է իր անմիջական ղեկավարին, եւ տնօրենը կարող է խորհուրդ տալ։ Դրա մեջ արտառոց բան չկա, բայց կոնկրետ ուղղորդումների վերաբերյալ տեղեկություններ չունեմ»,- ընդգծեց դպրոցի տնօերնը։ Ինչ վերաբերում է կազմակերպությունների մրցակցայնության, հավասար պայմաններում գործելու մասին, Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին որեւէ խոչընդոտ չկա կազմակերպությունների առջեւ, կարեւորն այն է, որ կազմակերպությունը լինի ակտիվ, ունենա աշխատասեր խումբ, որը կկարողանա առաջարկով հանդես գալ, կազմակերպել իրազեկման գործընթաց։ Դպրոցի տնօրենի կարծիքով՝ լավ կլիներ, եթե հեռուստատեսությամբ, տարբեր հանրային քննարկումների միջոցով ուսուցիչները իրազեկվեին կազմակերպությունների մասին, ինչպես նաեւ տեղեկացվեին, որ իրենց ցանկությամբ կարող են ընտրել վերապատրաստող կազմակերպությանը։ Ասպրամ Փարսադանյան
18:15 - 16 հուլիսի, 2021
Ժողովրդավարության տեսանկյունից Փաշինյանի քայլ առաջ չանելու մասին պնդումը ճիշտ չէ․ Politik.am-ը սխալվում է

Ժողովրդավարության տեսանկյունից Փաշինյանի քայլ առաջ չանելու մասին պնդումը ճիշտ չէ․ Politik.am-ը սխալվում է

Հուլիսի 13-ին Politik.am լրատվական կայքը հրապարակել է վիդեոհարցարզույց, որի ժամանակ, ի թիվս այլնի, հաղորդավարն անդրադարձել է նաև Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշին։ Վերջինս մասնավորապես նշել է․ «Ժողովրդավարության տեսանկյունից Փաշինյանը քայլ առաջ չի արել, եթե ոչ մի քանի քայլ հետ է արել, մարդու իրավունքների տեսակետից խայտառակ իրավիճակ է։ Դուք տեսնում եք՝ իրավապահ մարմիններն ինչպես են վարվում ՏԻՄ ղեկավարների հետ, համայնքների ղեկավարներին ստիպում են հրաժարական տալ, քանի որ Փաշինյանն այնտեղ չի հաղթել․․․»։ Թեև «Էկոնոմիստ Ինթելիջենթ Յունիթի» հետազոտական ընկերության ժողովրդավարության վերաբերյալ ամենամյա հաշվետվության համաձայն 2020 թվականին ժողովրդավարության անկում ենք ունեցել, սակայն հաղորդավարի պնդումը, թե ժողովրդավարության տեսանկյունից Փաշինյանի գլխավորած կառավարությունը քայլ առաջ չի արել, չի համապատասխանում իրականությանը։ Դիտարկենք 2017-2020 թվականներին «Էկոնոմիստ»-ի հրապարակած ամենամյա հաշվետվությունները, որով հնարավոր կլինի պարզել, թե ժողովրդավարական ինչ ցուցանիշ ունեինք մինչև հեղափոխությունը, հեղափոխության տարում և դրանից հետո։ Այսպես՝ 2017 թվականին, համաձայն «Էկոնոմիստ»-ի հրապարակման, Հայաստանը ժողովրդավարական համաշխարհային ցուցանիշով 111-րդն էր, իսկ տարածաշրջանային ցուցանիշով՝ 21-րդը: Նշենք, որ 2016 թվականի զեկույցում Հայաստանը համաշխարհային ցուցանիշով 120-րդն էր, տարածաշրջանային ցուցանիշով՝ 21-րդը և ընդգրկված էր ավտորիտար երկրների շարքում։ 2017-ից սկսած Հայաստանը ավտորիտար ռեժիմից անցում է կատարել հիբրիդային ռեժիմի, որը համարվում է ավտորիտար և ժողովրդավարական ռեժիմների հիբրիդը։ 2017 թվականի զեկույցում նշվում է, որ ավտորիտար կատեգորիայից հիբրիդային ռեժիմի անցմանը նպաստել են սահմանադրական փոփոխությունները, որով էլ Հայաստանի կառավարման համակարգը կիսանախագահականից փոխվել է խորհրդարանականի։ 2018 թվականի զեկույցի համաձայն Հայաստանը համաշխարհային ժողովրդավարության ցուցանիշում 8 կետով առաջընթաց է գրանցել՝ նախորդ 111-րդի փոխարեն զբաղեցնելով 103-րդ հորիզոնականը։ Իսկ տարածաշրջանային ցուցանիշով 2018-ին Հայաստանի դիրքերը չեն փոխվել։ Զեկույցում նշվում է, որ արևելյան եվրոպայի «Հիբրիդային ռեժիմում» ընդգրված երկրներից 2018-ին ամենամեծ և նշանակալից առաջընթաց գրանցած երկիրը Հայաստանն է, որը «Թավշյա հեղափոխության» և այդ տարում կայացած ընտրությունների արդյունքն է։ 2019 թվականին տարեկան զեկույցում Հայաստանը համաշխարհային ժողովրդավարության ցուցանիշում 86-րդն է նախորդ տարվա 103-րդ հորիզոնականի փոխարեն, այսինքն՝ 2018-ի համեմատ գրանցել է առաջընթաց 17 կետով։ Բացի համաշխարհային ցուցանիշից Հայաստանը 2019-ին աճ է գրանցել նաև տարածաշրջանային ցուցանիշում՝ զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը նախորդ տարիների 21-րդ հորիզոնականի փոխարեն։ 2019 թվականի զեկույցում հատուկ ենթավերնագրով անդրադարձ կա Հայաստանին, որտեղ նշվում է, որ Հայաստանը ժողովրդավարության տեսանկյունից բարելավել է իր դիրքերը։ Զեկույցում նշվում է, որ 2019-ին ցուցանիշի աճ է գրանցվել ոչ միայն 2017-ի, այլև 2018-ի համեմատությամբ։ 2019 թվականը 2017 թվականի նկատմամբ առաջընթաց է գրանցել 25 կետով, իսկ 2018-ի նկատմամբ՝ 17։ Արդեն 2020 թվականին, համաձայն զեկույցի, Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով հետընթաց է գրանցել 3 կետով․ 86-րդ հորիզոնականից նահանջել է մինչև 89-րդ հորիզոնական։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային ցուցանիշին, ապա այն մնացել է նույնը։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանը հետընթաց է գրանցել 2019-ի և 2018-ի հաջողություններից հետո, որը պայմանավորվում է Լեռնային Ղարաբաղում վերսկսված պատերազմով։ Ըստ զեկույցի՝ քանի որ պատերազմի ժամանակ Հայաստանում ռազմական դրություն էր, մարդկանց խոսքի և ազատության իրավունքները որոշակի սահմանափակվել էին։ Նույնիսկ հրադադարի կնքվելուց հետո ռազմական դրությունը չհանվեց, որն, ըստ զեկույցի, որպես պատրվակ օգտագործվեց ընդդիմության հավաքները ցրելու և առաջնորդներին բերման ենթարկելու համար։ Սակայն եթե համեմատենք 2020 թվականի անկում ապրած ցուցանիշները 2017 թվականի՝ նախկին կառավարության ցուցանիշների հետ, ապա 2020 թվականին թեև ունեցել ենք ցուցանիշի անկում, սակայն ավելի լավ դիրքում ենք եղել, քան 2017-ին։ Այսպիսով՝ վիդեոհարցազրույցում հնչած այն պնդումը, թե Փաշինյանը ժողովրդավարության տեսանկյունից քայլ առաջ չի արել, չի համապատասխանում իրականությանը։ Ժողովրդավարության ցուցանիշը հարևան երկրներում և Ռուսաստանում Հայաստանի ժողովրդավարության ցուցնիշների հետ միասին դիտարկենք նաև Հայաստանի հարևան երկրների և Ռուսաստանի ժողովրդավարության ցուցանիշները նույն ժամանակահատվածում։ Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանը համաշխարհային ժողովրդավարության ինդեքսում 2016-ին 120-րդն էր, 2017-ին՝ 111-րդը, 2018-ին՝ 103-րդը, 2019-ին՝ 86-րդը իսկ 2020-ին՝ 89-րդը։  Ռուսաստանի դաշնությունը 2016 թվականին ժողովրդավարության համաշխարհային ցուցանիշով 134-րդն էր, 2017-ին՝ 135-րդը, 2018-ին՝ 144-րդը, 2019-ին՝ 134-րդը, իսկ 2020-ին՝ 124-րդը։ Ինչպես տեսնում ենք, 2016-ի համեմատ 2020-ին Ռուսաստանը գրանցել է ժողովրդավարության աճ, սակայն այն շարունակվում է դասվել ավտորիտար համակարգի երկրների շարքին։ Թուրքիան 2016 թվականին ժողովրդավարության համաշխարհային ցուցանիշով 97-րդն էր, 2017-ին՝ 100-րդը, 2018-ին՝ 110-րդը, 2019-ին՝ 110-րդը, իսկ 2020-ին՝ 104-րդը։ Ստացվում է, որ Թուրքիան 2016-ի համեմատությամբ աճ չի գրանցել, ավելին՝ նահանջել է։ Թուրքիայի կառավարման համակարգը, ըստ «Էկոնոմիստ»-ի, համարվում է հիբրիդային։ Ադրբեջանը 2016 թվականին ժողովրդավարության համաշխարհային ցուցանիշով 148-րդն էր, 2017-ին՝ 148-րդը, 2018-ին՝ 149, 2019-ին՝ 146-րդը, իսկ 2020-ին՝ 146-րդը։ Ադրբեջանը 2016-ի համեմատությամբ իր դիրքերը բարելավել է 2 հորիզոնականով, սակայն շարունակում է ընդգրկված լինել ավտորիտար երկրների շարքում։ Իրանը 2016 թվականի ժողովրդավարության համաշխարհային ցուցանիշով 154-րդն էր, 2017-ին՝ 150-րդը, 2018-ին՝ 150-րդը, 2019-ին՝ 151-րդը, իսկ 2020-ին՝ 152-րդը։ Իրանը 2016-ի համեմատությամբ 2020-ին գրանցել է 2 հորիզոնականի աճ, սակայն դասվում է ավտորիտար համակարգի երկրների շարքին։ Վրաստանը 2016 թվականի ժողովրդավարության համաշխարհային ցուցանիշով 78-րդն էր, 2017-ին՝ 79-րդը, 2018-ին՝ 89-րդը, 2019-ին՝ 89-րդը, իսկ 2020-ին՝ 91-րդը։ 2016-ի համեմատությամբ հարևան Վրաստանը հետընթաց է գրանցել։ Այսպիսով՝ դիտարկելով հարևան երկրների և Ռուսաստանի ժողովրդավարության ցուցանիշները՝ կարող ենք տեսնել, որ 2016-ից 2020 թվականներին ժողովրդավարության տեսանկյունից ամենամեծ աճը գրանցել է հենց Հայաստանը: Նարեկ Մարտիրոսյան
21:53 - 15 հուլիսի, 2021
Հայաստանը գտնվում է կորոնավիրուսի չորրորդ ալիք տանող ճանապարհին, որի հիմնական պատճառը պատվաստումների ցածր տեսակարար կշիռն է․ Դավիթ Մելիք-Նուբարյան

Հայաստանը գտնվում է կորոնավիրուսի չորրորդ ալիք տանող ճանապարհին, որի հիմնական պատճառը պատվաստումների ցածր տեսակարար կշիռն է․ Դավիթ Մելիք-Նուբարյան

Աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Կորոնավիրուսային իրավիճակը բարդացել է հարևան Վրաստանում։ Վերջին օրերին այդ երկրում կորանավիրուսով վարակման օրական դեպքերը անցել են 1000-ից։ Համաճարակային իրավիճակի սրում կա նաև Իրանում․ հուլիսի 10-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոսել էր կորոնավիրուսի հինգերորդ ալիքի բռնկման հավանականության մասին։ Վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի աճ է գրանցվել նաև Ռուսաստանի Դաշնությունում։  Ինչու՞ է COVID-19-ը շարունակում տարածվել և ինչպիսի՞ն է համաճարակային վիճակը Հայաստանի Հանրապետությունում։ Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն ասում է, որ կորոնավիրուսի տարածումը 2 գործոնով է պայմանավորված։ «Այն երկրներում, որտեղ կորոնավիրուսը ակտիվ տարածվում է, պատվաստումների քանակը 75-80%-ից ցածր է։ Ինչ-որ առումով նորմալ է, որ պետք է տարածվի, հատկապես այն դեպքում, երբ սահմանափակող միջոցառումները կա՛մ մեղմացվել են, կա՛մ այդքան էլ լավ չեն պահպանվում»։ Երկրորդ գործոնն էլ, ըստ հանրային առողջության մասնագետի, կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկվելն է։ «Այսպես կոչված «դելտա» շտամը ավելի արագ տարածման հատկություն ունի՝ մոտավորապես 40-60%-ով ավելի, քան «ալֆա» շտամը։ Շտամերը փոխվում են և նոր շտամերը, որպես կանոն, դուրս են մղում հները»։ Հանրային առողջության մասնագետն ասում է, որ ցանկացած միկրոօրգանիզմ մուտացիայի է ենթարկվում, և դա հատկապես  բնորոշ է վիրուսներին։ «Վիրուսները, որպես այդպիսին, կենդանի օրգանիզմներ չեն, բայց ինչ-որ միջանկյալ դիրք են զբաղեցնում և ավելի արագ են մուտացվում, քան, օրինակ, այլ օրգանիզմներ։ Ինչպես ցանկացած երևույթ, այդպես էլ կորոնավիրուսը «ուզում է» վերարտադրվել, և փորձում է դառնալ «ավելի լավը», որ ավելի հեշտ վերարտադրվի»,-ասում  է նա և հավելում, որ, ըստ կանխատեսումների՝ եվրոպական երկրներում օգոստոս ամսին հիվանդացության 90 և ավելի տոկոսի դեպքում գրանցվելու է կորոնավիրուսի «դելտա» շտամը։ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ հիվանդության դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստումն է։ «Որքան շատ է վիրուսը տարածվում մարդկանց շրջանում, այնքան դրա մուտացիայի ենթարկվելու հավանականությունը մեծանում է, իսկ եթե մենք շատ ենք պատվաստվում, դրանով կրճատում ենք վիրուսի տարածման հավանակաությունը, և, հետևաբար, կրճատում ենք իր՝ մուտացիայի ենթարկվելու հավանականությունը։ Այսինքն՝ մեր պայքարի հիմնական միջոցը վիրուսի տարածումը հնարավորինս դադարեցնելը, ընդհուպ կանգնեցնելն է»,-ասում է նա՝ հավելելով, որ մինչ այս ստեղծված պատվաստանյութերը կարող են պայքարել նաև հնդկական «դելտա» շտամի դեմ։ Անդրադառնալով Հայաստանում առկա համաճարակային իրավիճակին՝ Դավիթ Մելիք-Նուբարյանն ընդգծում է, որ իրավիճակը լարված է ու շարունակելու է լարված մնալ։ «Մենք հիմա գտնվում ենք կորոնավիրուսի չորրորդ ալիք տանող ճանապարհին, որի հիմնական պատճառը մեր երկրում պատվաստումների աննկարագրելի ցածր տեսակարար կշիռն է՝ համեմատած այլ երկրների։ Մի քանի շաբաթ հետո մենք պետք է սպասենք բարձր թվերի, հիվանդանոցներում տեղ չլինելուն՝ իր բոլոր հետևանքներով»։ Նա նաև նշում է, որ եթե Հայաստանում չապահովվի բնակչության 75-80 տոկոսի պատվաստումը, անընդհատ լինելու են կորոնավիրուսի նոր ալիքներ։ «Անընդհատ ունենալու ենք նոր կորուստներ, անընդհատ ունենալու ենք ճգնաժամային իրավիճակներ, անընդհատ շարունակելու ենք կրել շոշափելի ֆինանսաական կորուստներ։ Դա աքսիոմատիկ է և քննարկման ենթակա չէ»։ Ըստ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108107 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 77449, երկրորդ դեղաչափ` 30658։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 9-ին տված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանում համաճարակային իրավիճակը կառավարելի է՝ հավելելով, սակայն, որ նկատվում է վերարտադրման ցուցանիշի աճ։ «Այս պահին մենք պահպանում ենք օրական թեստավորման մեջ դրական դեպքերի 4%-ի ցուցանիշը, որը բավական լավ և կարևոր է, չնայած նկատում ենք վերարտադրության ցուցանիշի աճ։ Եթե ընդհանուր թվերը համեմատենք մեկ երկու շաբաթ առաջվա հետ, մենք մի փոքր ավելի նվազ թվեր ունեինք»։ Նա նաև նշել էր, որ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ընտրանքային հետազոտություններ, և «Դելտա» շտամի հայտնաբերման դեպքում հանրությունը կտեղեկացվի այդ մասին։   Նանե Ավետիսյան
12:37 - 15 հուլիսի, 2021
Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը․ Նիկոլ Փաշինյան

Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը․ Նիկոլ Փաշինյան

Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Հարգելի գործընկերներ, եթե այս ամենին ավելացնում ենք Ադրբեջանի սադրիչ , Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները, ակնհայտ է դառնում, թե ով, որ երկիրն է խոչընդոտում տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմանը։ Եթե մենք ուշադիր դիտարկենք Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները կտեսնենք, որ այդ երկիրը տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ և սա մեր տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնն է։ Անկախ ամեն ինչից՝ Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի և ՀԱՊԿ մեխանիզմների գործարկմամբ, ինչի շուրջ մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները մեր գործընկերների հետ»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։ Նրա խոսքով՝ վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել։ Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ Փաշինյանը ՀԱՊԿ գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունը հրավիրեց այս փաստի վրա։ «Տարածաշրջանային կայունության և փոխվստահությանը խոչընդոտող հաջորդ կարևոր գործոնն այն փաստն է, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների Ադրբեջանը մինչ այսօր չի վերադարձրել մեր ռազմագերիներին։ Ամեն դեպքում մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մինչ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների։ Մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորմամբ, սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են և կան մեր առաջնահերթությունների շարքում»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։ Նա նշեց, որ Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունությունը ընդհանրապես։ «Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին և բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմամբ, և մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները և համագործակցությունը այդ ուժերի հետ և ընդգծում եմ, մեր առանցքային նպատակն է իրականացնել և իրացնել ժողովրդից ստացած մեր մանդատը՝ այն է ՀՀ-ի և հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ և մենք հետևողականորեն շարժվելու ենք այս ուղղությամբ»,- եզրափակեց նա։
12:27 - 15 հուլիսի, 2021
Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար․ Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ։ Մանդատը ստացել է ՀՀ քաղաքացիներից։ Այս մասին Կառավարության նիստի սկզբում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո սակայն, տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար և սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե Հայաստանը կամ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման և սահմանագծման գործընթացներին և այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք նաև վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ մասնավորպես Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին արդյունավետ և կառուցողական աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ և Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի և որ ավելի կարևոր է հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է՝ ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը․ «Իմ մեկնաբանությունը միանշանակ է, Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար։ Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման՝ շուրջ երեսնամյա գործընթացը, քաղաքականությունը։ Բայց մենք, առանց սեթևեթելու, շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում, Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ, և ռուսաստանցի և միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն ՀՀ ապաշրջափակմանը»։ Փաշինյանն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ «Իրականությունը ուղիղ հակառակն է, այդ Ադրբեջանն է դեմ սահմանգծման և սահմանազատման աշխատանքներին, քանի որ ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում։ Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ նույնպես։ Տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում, սահմանագծից և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի զինված ուժերի հայելային ետքաշում մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայում և միջազգային հովանու ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ։ Այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ և մենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել այս հայտարարությանը և առաջարկին։ Ադրբեջանը փորձ է անում ստեղծել տպավորություն, թե հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության պայմանագրին, մինչդեռ Հայաստանը մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ապրիլի 13-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է՝ «Հաշվի առնելով ԵԱՀԿ մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ, և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը և կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա։ Այս առումով նրանք կոչ են անում կողմերին առաջին հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո։ Համանախագահները կրկնում են, ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը, առանց նախապայմանների»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։ Նա հիշեցրեց, որ կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այս հայտարարության մեջ, և որոնք դրված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն․ «Համանախագահների այս հայտարարությունը ոչ այլ ինչ է , քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ, և Հայաստանը ողջունել է այս հայտարարությունը և դրական է արձագանքել դրանում առկա դրույթներին և ուզում եմ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների և հայտարարությունների փոխարեն անսա միջնորդների հորդորներին և նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայատարարության վերաբերյալ»։
12:14 - 15 հուլիսի, 2021
Ունենք պաշտոնյաներ, ովքեր իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին․ Արման Թաթոյանը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ

Ունենք պաշտոնյաներ, ովքեր իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին․ Արման Թաթոյանը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ

Ունենք պաշտոնյաներ, ովքեր իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին: Այս մասին այսօր՝ սահմանային բնակիչների իրավունքների վերաբերյալ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։   Թաթոյանը հիշեցրեց հուլիսի 5-ին Գեղարքունիքի սահմանում տեղի ունեցած փոխհրաձգությունը։ «Ընդ որում՝ այդ կրակոցները եղել էին այն վայրում, որտեղ ադրբեջանցի զինծառայողները Հայաստանի ինքնիշխան տարածքում են, և հատկապես մայիսի 12-ից և 13-ից հետո։ Մենք կատարեցինք փաստահավաք աշխատանքներ, և քաղաքացիական բնակչությունը նույնպես նշեց, որ եղել են կրակոցներ, ավելին՝ այդ արոտավայրերում կամ սարատեղիներում դրանք ակնհայտ լսվել են։ Նաև ստացել էինք ահազանգեր մարդկանցից»,- ասաց նա։ Այնուհետև Թաթոյանը անդրադարձավ Վերին Շորժայի վարչական ղեկավարի հայտարարությանը․ «Լրատվամիջոցներից մեկը, կարծում եմ՝ ուղղորդված հարց է տալիս Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավարին, ասում է՝ իսկ ադրբեջանցիները խոչընդոտու՞մ են գյուղացիների բնականոն կյանքը։ Վարչական շրջանի ղեկավարը ասում է՝ չէ, ի՞նչ խոչընդոտել, գյուղացիները այդ կողմը չեն էլ գնում։ Ինչպե՞ս կարելի է նման բան ասել, երբ ինքս եմ եղել այդ վայրում, ադրբեջանական զինվորականները նստած են հենց այն վայրերում, որտեղ մեր արոտավայրերն են, և որտեղ գյուղացիները չեն կարողանում օգտվել կամ բնակիչները չեն կարողանում օգտվել  իրենց անասնագոմերից։ Այս պաշտոնատար անձը՝ վարչական շրջանի ղեկավարը հայտարարում է, թե ի՞նչ բնականոն կյանքին խոչընդոտել, մեր գյուղացիները այդ կողմ չեն էլ գնում են։ Այս պայմաններում, եթե նման հայտարարություն է անում վարչական շրջանի ղեկավարը, այսինքն՝ ամենատեղեկացված մարդը,  դրանից հետո ես ինչքան գնամ, միջազգային ատյաններում ասեմ, որ ադրբեջանական զինծառայողները խախտում են մեր իրավունքները, կբերեն այս մարդու հայտարարությունը կդնեն, կասեն՝ ի՞նչ եք խոսում, նայեք՝ ձեր գյուղապետերը ինչ են ասում, ձեր գյուղացիները ոչ մի խնդիր էլ չունեն»,- ընդգծեց նա։
12:54 - 13 հուլիսի, 2021
Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2000-2020 թվականներին. ամփոփ տվյալներ

Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2000-2020 թվականներին. ամփոփ տվյալներ

Հեղափոխությունից հետո շատ է խոսվել օտարերկրյա ներդրումներ ներգրավելու մասին։ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ իրենց կառավարությունն արտաքին ներդրումների մասով իրականացնում է բաց դռների քաղաքականություն և որ երաշխավորում է սեփականության լիարժեք պաշտպանությունը։ Բացի սրանից Նիկոլ Փաշինյանը շատ է խոսել Հայաստանն օտարերկրյա ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու մասին։ Թեև այս կառավարությունն առաջնահերթ խնդիրների շարքում դասում էր օտարերկրյա ներդրողների համար երկիրն ավելի գրավիչ դարձնելը և երկիր ներդրումներ բերելը, այնուամենայնիվ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներն այլ բանի մասին են խոսում։  Infocom-ն ուսումնասիրել է 2000-ից 2020 թվականն ընկած ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների տարեկան ցուցանիշները։ Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի ամենամյա հրապարակվող տվյալներում լինում են որոշակի անճշտություններ, որոնք հետագայում ենթակա են ճշգրտմամբ։ Քանի որ ամեն տարի հրապարակվող տվյալների հետ հրապարակվում են նաև նախորդ տարվա ճշգրտված ցուցանիշները, ուստի համեմատությունն անելիս կառաջնորդվենք ամեն հաջորդ տարվա տվյալների հետ միաժամանակ հրապարակված նախորդ տարվա ճշգրտված տվյալներով։ Օրինակ՝ 2000 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների օտարերկրյա ուղղակի ներդրումները դիտարկելիս տվյալները վերցրել ենք 2001 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների հրապարակված վիճակագրական տվյալներից։ Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած ամենամյա տվյալների՝ 2000 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները եղել են 120 մլն 60 հազար 100 դոլար, 2001 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները եղել են 75 մլն 859 հազար դոլար։ Այսինքն՝ 2001 թվականին ուղղակի օտարերկրյա ներդրումները 2000 թվականի համեմատությամբ պակաս են եղել 44 մլն 201 հազար 100 դոլարով, որն էլ հենց բացարձակ փոփոխությունն է։ 2002-2008 թվականներին ունեցել ենք օտարերկրյա ուղղակի ներդրումների դրական ցուցանիշ։ 2002 թվականին բացարձակ փոփոխությունը կազմել է 65 մլն 105 հազար դոլար, 2003-ին բացարձակ փոփոխությունը եղել է 16 մլն 236 հազար դոլար։ 2004 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների բացարձակ ցուցանիշը եղել է 78 մլն դոլար։ 2005 թվականին բացարձակ ցուցանիշը եղել է 52,2 մլն դոլար, 2006-ին՝ 180 մլն դոլար, 2007-ին՝ 202,4 մլն դոլար, իսկ 2008-ին բացարձակ ցուցանիշը կազմել է 462,6 մլն դոլար։ Արդեն 2009 և 2010 թվականներին օտարերկրյա ուղղակի ներդրումների բացարձակ փոփոխությունը դարձյալ եղել է բացասական։ 2009 թվականին ուղղակի ներդրումների ցուցանիշը եղել է մինուս 226,2 մլն դոլար, իսկ 2010 թվականին ցուցանիշը եղել է մինուս 199,3 մլն դոլար։ Այս տարիները համաշխարհային ֆինանսական ճգնաժամի տարիներ էին, և բացասական ցուցանիշը կարող է պայմանավորված լինել հենց այս փաստով։ 2011 թվականին, ի տարբերություն 2009 և 2010 թվականների, գրանցվել է ուղղակի ներդրումների դրական ցուցանիշ․ այն կազմել է 199,4 մլն դոլար։ 2012 և 2013 թվականներին օտարերկրյա ուղղակի ներդրումների բացարձակ փոփոխությունը նորից եղել են բացասական։ 2012-ին այն կազմել է մինուս 181,12 մլն դոլար, իսկ 2013-ին՝ մինուս 354,98 մլն դոլար։ 2014 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները դրական աճ են գրանցել․ բացարձակ փոփոխությունը կազմել է 34,1 մլն դոլար։ 2015 թվականին դարձյալ ցուցանիշը բացասական է եղել։ Գրանցվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների մինուս 225,8 մլն դոլար բացարձակ փոփոխություն։ 2016 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների բացարձակ փոփոխությունը եղել է 159,6 մլն դոլար։ 2017-ին ցուցանիշը դարձյալ բացասական էր․ բացարձակ փոփոխությունը կազմել է մինուս 88,3 մլն դոլար։ 2018-ին ցուցանիշը եղել է դրական, իսկ 2019-ին բացարձակ փոփոխություն չի գրանցվել։ 2018-ին այն կազմել է 4,3 մլն դոլար, իսկ 2019-ին ցուցանիշը եղել է 0։ 2020 թվականին գրանցվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների բացասական ցուցանիշ․ բացարձակ փոփոխությունը կազմել է մինուս 136,8 մլն դոլար։ Սակայն 2020 թվականին գրանցվել է 7 մլրդ 109 մլն 500 հազար դրամ բացասական հաշվեմնացորդ, այսինքն, օտարերկրյա ուղղակի ներդրումները 2020 թվականին ավելի շատ դուրս են գնացել, քան եկել։  Այսպիսով, ինչպես տեսանք Վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներից, օտարերկրյա ուղղակի ներդրումներից բացարձակ փոփոխությունների բացասական ցուցանիշ գրանցվել է 2001, 2009, 2010, 2012, 2013, 2015, 2017 և 2020 թվականներին։ Ընդ որում՝ օրինակ 2009, 2010, 2012, 2013 և 2015 թվականներին գրանցված բացասական ցուցանիշը եղել է ավելի մեծ, քան 2020-ինը, սակայն 2020-ին գրանցվել է շուրջ 7,1 մլրդ դրամի բացառիկ բացասական հաշվեմնացորդ։ Նարեկ Մարտիրոսյան
18:05 - 12 հուլիսի, 2021
Հունիս ամսվա ընթացքում Երևան քաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է  149 ապօրինի շինարարության իրականցման դեպք, որից 50-ը քանդվել են․ քաղաքապետարան

Հունիս ամսվա ընթացքում Երևան քաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է 149 ապօրինի շինարարության իրականցման դեպք, որից 50-ը քանդվել են․ քաղաքապետարան

Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով այն հարցին, որ Աջափնյակ վարչական շրջանում օրեցօր ավելանում են ապօրինի կրպակներն ու շինությունները, նշեց՝ Աջափնյակում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, և այնտեղ ներգրավված են պետական մարմիններից, դատական համակարգից բազմաթիվ մարդիկ, թաղային հեղինակություններ։ Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքապետարանը դիմել է ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, Ոստիկանություն։ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներից մեկն Infocom-ին հայտնել է, որ իրենք նամակով դիմել են պատկան մարմիններին՝ ներկայացնելով առաջ եկած խնդիրը։ Նամակում բնակիչները պատմել են, որ հունիսի 21-ի դրությամբ Աջափնյակի Հալաբյան-Մարգարյան փողոցների՝ հանրային տարածք հանդիսացող հատվածներում վերջին մեկ ամսում տեղադրվել է շուրջ 20 ապօրինի շինություն։ Շինությունները տեղադրվել են գիշերը։ Իրենց դիմումով բնակիչները պահանջում են հեռացնել այս ապօրինի կառույցները, գտնել ու պատասխանատվության ենթարկել հանրային տարածքների զավթմամբ զբաղվող անձանց, ոստիկանական վերահսկողություն սահմանել նշված փողոցներում՝ ընթացիկ և հնարավոր նոր զավթումը կանգնեցնելու ու կանխելու նպատակով։ Հղում անելով քաղաքապետի այն խոսքին, թե Աջափնյակում բանդա է գործում, բնակիչները նշել են՝ սա ահազանգ է այն մասին, որ իրենք պաշտպանված չեն և գտնվում են զինված խմբակների հարձակման ներքո։ «ՀՀ կառավարությունը և ոստիկանությունը պետք է անհապաղ կարգի հրավիրեն նշված խմաբկենրին և մեկուսացնեն հանրությունից՝ հնարավոր վտանգը կանխելու նպատակով»,- ասված է բնակչների նամակում։ Հունիսի 23-ից Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում սկսեցին ապամոնտաժվել ապօրինի շինություններ: Նույն օրը ինքնակամ կառուցված կրպակներ քանդվեցին նաև Շենգավիթ վարչական շրջանում:  Infocom.am-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ ցանկացած ինքնակամ շինություն օրենքով սահմանված ընթացակարգով ենթակա է քանդման, քաղաքապետարանն այդ հարցում վճռական է և առաջնորդվելու է օրենքով: Իսկ դատական գործընթացի ծավալման դեպքում շինության ճակատագիրը որոշվելու է կայացված վճռի հիման վրա։ «Իրավապահ մարմինների հետ համագործակցությունը մշտական է: Վերջիններս քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ ապահովում են հասարակական կարգը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, համագործակցում են այլ ուղղություններով: Քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումները իրենց լիազորությունների շրջանակում իրականացնում են օրենքով նախատեսված բոլոր գործառույթները, այդ թվում ՝ վարչական տուգանքների կիրառումը: Առանձին դեպքերում, այո՛, հարուցվել են քրեական գործեր, որոնց մասին այլ տեղեկություն հնարավոր չէ փոխանցել»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում։ Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ հունիս ամսվա ընթացքում Երևան քաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 149 ապօրինի շինարարության իրականցման դեպքեր, որից թվով 34 դեպք նույն ժամանակահատվածում արձանագրվել է Աջափնյակ վարչական շրջանում։ Ապօրինի շինությունների քանդման և հողազավթումների վերացման ընդհանուր դեպքերի քանակը կազմում է թվով 50 դեպք, այդ թվում՝ միայն Աջափնյակ վարչական շրջանում թվով 33 դեպք։  Ստորև ներկայացնում ենք քաղաքապետարանի տրամադրած թվային տվյալները՝ վերջին եռամսյակում (փետրվարի 28-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում)  Երևանի վարչական շրջաններում հայտնաբերված ապօրինի շինությունների կառուցման ու հողազավթումների և դրանց քանդման վերաբերյալ։ Յուրքանաչյուր գրաֆիկի ներքին հատվածում նշված է, թե որ ժամանակահատվածին են վերաբերում տվյալները։   Ասպրամ Փարսադանյան    
12:53 - 12 հուլիսի, 2021