Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Գլխավոր լուսանկարը՝ ԵԽ կայքից Այն, որ Ադրբեջանի Հանրապետությունը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, միայն ՀՀ ինքնիշխան տարածքի եւ սահմանների ուղղությամբ զինված էսկալացիաները չեն, որ ապացուցում են։ Ադրբեջանը տեւական ժամանակ է՝ պետական քաղաքականության մակարդակում փորձում է առաջ մղել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» եւ «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» մտացածին եզրույթները՝ նկատի ունենալով ՀՀ գյուղերն ու քաղաքները եւ նախկինում այստեղ ապրած ադրբեջանցիներին։  Վերջին շրջանում ադրբեջանական այդ թեզերը դուրս են եկել պարզապես խոսույթի մակարդակից՝ դիմումների ձեւաչափով հասնելով ընդհուպ միջազգային հեղինակավոր կառույցներ, այդ թեմայի մասին սկսել են խոսել ամերիկացի, եվրոպացի եւ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ակնարկելով, որ հայ-ադրբեջանական միջնորդավորված բանակցություններում այդ հարցն առնվազն քննարկման առարկա է։  Ադրբեջանական կողմի քայլերը Այսպես, Ադրբեջանը «էթնիկ ադրբեջանցիների՝ ՀՀ իրենց տներ վերադառնալու» հարցով տարբեր գործողություններ է իրականացնում։ Մասնավորապես, Ադրբեջանում գործող «Ադրբեջանի փախստականների համայնք» ՀԿ-ն, որը հովանավորվում է ադրբեջանական ռեժիմի կողմից, մեկ տարի առաջ վերակազմավորվել է՝ կոչվելով «Արեւմտյան Ադրբեջանի համայնք», որը պետք է զբաղվի «տեղահանված էթնիկ ադրբեջանցիների՝ Արեւմտյան Ադրբեջան վերադարձի հարցերով», իսկ արդեն դեկտեմբերին Ալիեւը հանձնարարականներ է տվել այդ կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք էլ կարճ ժամանակ անց սկսել են իրականացվել։ 1 ամիս անց նշյալ կազմակերպությունը ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի միջոցով դիմում է փոխանցել ՄԱԿ գլխավոր քարտուղարին, որով Հայաստանի կառավարությունից պահանջել է ստեղծել էթնիկ ադրբեջանցիների՝ իրենց տներ անվտանգ եւ արժանապատիվ վերադառնալու պայմաններ եւ խնդրել է այս հարցում միջազգային հանրության աջակցությունը, իսկ մեկուկես ամիս անց համանման նամակ է ուղարվել ԵՄ խորհրդի նախագահին։ Արդեն այս տարվա մարտին կազմակերպությունը ՄԱԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի՝ Ալիեւի նախանշած հայեցակարգը, որում նշվում է՝ քանի որ իրենք անվտանգության հարցերով չեն վստահում Հայաստանին, անհրաժեշտ է ադրբեջանցիների վերադարձին ենթակա տարածքներում տեղաբաշխել անվտանգության հարցերով միջազգային առաքելություն՝ բաղկացած իրենց համար վստահելի երրորդ երկրների ուժերից, որոնք կունենան ադմինիստրատիվ եւ ոստիկանական լիազորություններ, իսկ ադրբեջանցիները պետք է ունենան տեղական անվտանգության ուժեր ձեւավորելու եւ դատարանում դերակատարում ունենալու հնարավորություն։ Այս հայեցակարգում բազմաթիվ են նաեւ լեզվին, սեփականությանը եւ այլ հարցերի վերաբերվող կետերը։ Մի քանի օր առաջ նշյալ ՀԿ-ն նոր նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում ասվում է, թե «Հայաստանը հրաժարվում է այս երկրից վտարված ադրբեջանցիների վերադարձի հարցով երկխոսություն վարել ու բացառում է նրանց վերադարձի իրավունքը» եւ այլն։ Նամակում ՄԱԿ գլխավոր քարտուղարին կոչ է արվում «ազդել Հայաստանի վրա, որ նա կատարի իր պարտավորությունները, եւ Հայաստան ուղարկի ՄԱԿ հատուկ առաքելություն, որպեսզի օգնի վերադարձի գործընթացին»։ Իսկ մեկ շաբաթ առաջվանից սկսել է գործել ՀԿ-ին համանուն ինտերնետային հեռուստաալիք՝ իբրեւ թե լուսաբանելու «Արեւմտյան Ադրբեջանի» իրողությունները։ Այսօր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» նամակներով դիմել է Human Rights Watch-ին և Amnesty International-ին՝ խնդրելով աջակցել «Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ոտնահարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնմանը»։ Բրյուսելյան հանդիպմանը փախստականների հարց քննարկվե՞լ է Մոտ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպում։ Հայկական կողմը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ստեղծված ճգնաժամին, սահմանազատման եւ սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հասցեագրմանը, գերիների, անհետ կորածների եւ այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր։ Փաշինյանը, Միշելն ու Ալիեւը՝ Բրյուսելում, 2022թ․ Մինչդեռ ադրբեջանական մամուլը գրում էր, որ բանակցությունների օրակարգում ընդգրկվել եւ քննարկվել է նաեւ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Հայկական կողմից այդ հրապարակումների վերաբերյալ հերքում կամ հաստատում չէր եղել։ Փաշինյանն ըստ էության չի հերքում Բրյուսելյան բանակցություններից տասը օր անց՝ հուլիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ լրագրողները հետաքրքրվել էին [1, 2]՝ արդյոք բանակցություններում քննարկման առարկա՞ է կամ եղե՞լ է այս հարցը, եւ եթե ոչ, ապա ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ, որ ադրբեջանական հերթական օրակարգը բանակցությունների առարկա չի դառնա։ Փաշինյանը մեկնաբանել էր, որ Ադրբեջանը ադրբեջանցիների՝ Հայաստան այսպես կոչված վերադարձի հարցը օրակարգ է բերել որպես Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հասցեագրման հարցի, կարելի է ասել, որպես հայելային օրակարգ [ձեւակերպումը՝ խմբ․]։ Նա նշել էր, որ հայկական կողմի արձագանքը դրան եղել է եւ շարունակում է մնալ, որ ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման ԼՂ հայության թեմայի հետ համարժեք չէ, եթե կա այդպիսի թեմա, ապա համարժեք է Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից տեղահանված հայերի իրավունքների թեմային։ Նիկոլ Փաշինյանը՝ ասուլիսի օրը Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմի հայտարարություններից ու գործողություններից հասկանալի է դառնում, որ իրենց նպատակադրումն այդքան էլ ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցին հակընդդեմ օրակարգ ստեղծելը չէ, եւ որ Ադրբեջանն այս հարցում կոնկրետ պետական քաղաքականություն է վարում, Փաշինյանն արձագանքել էր այսպես․ «Դուք այդքան հայտարարություն արեցիք, բայց չհիշատակեցիք, որ Հայաստանում, օրինակ, Ադրբեջանից փախստականների կազակերպություններ իրենց հերթին հանդես են եկել իրենց հայտարարությամբ, Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների փախստականներ հանդես են եկել իրենց հայտարարությամբ։ [․․․] Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ քաղաքականությունն ու այդ նարատիվը [այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերաբերյալ] համարում է տարածքային նկրտում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, մենք բազմաթիվ տվյալներ ունենք, որ Հայաստանում ապրող ադրբեջանցիները կամավոր հեռացել են՝ այդ թվում, իրենց բնակարանները վաճառելով, այդ թվում ՀՀ կառավարության կողմից փոխհատուցումներ ստանալով։ Բայց մենք ունենք ուրիշ փաստ, երբ որ Սումգայիթում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ որ Բաքվում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ որ հայերը Բաքվից, Սումգայիթից եւ այլ տեղերից նույնիսկ կիսամերկ վիճակում փախուստի են դիմել, այսինքն՝ ստիպված են եղել իրենց կյանքը փրկել։ Ադրբեջանը շատ նարատիվներ կարող է զարգացնել, բայց մենք մեր դիրքորոշումն ունենք եւ կարծում ենք, որ այդ դիրքորոշումները լեգիտիմ են, հիմնավոր են։ Եվ մենք ասում ենք, որ ինչու, օրինակ, չեք մեջբերում Նախիջեւանից հեռացած հայերի հայտարարությունը, ինչու ձեր հարցը նրա մասին չէ, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում հասցեագրել Նախիջեւանի հայերի [իրավունքները]»,- ասել էր Փաշինյանը՝ հետագայում հավելելով, որ փախստականների վերաբերյալ հարցը «Հայաստանում կարող է եւ պետական քաղաքականություն չէ այն առումով, որ մենք շարունակում ենք հարգել մեր միջազգային պարտավորությունները»։ Նա պնդել էր, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքականությունները եւ միջոցները բավարար են, որպեսզի մենք կարողանանք Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարել Հայաստանի շահերին համապատասխան»։  Փաշինյանի ասուլիսի օրը Լավրովը տրամագծորեն հակառակ հայտարարություն է անում Հենց Փաշինյանի ասուլիսի օրը ՌԴ-ում ընթանում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՌԴ ԱԳ նախարարի Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը, ի թիվս այլնի, շեշտել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրների հասցեագրման կարեւորությունը: Հաղորդագրությունում փախստականների, տեղահանվածների կամ ազգային փոքրամասնությունների մասին քննարկման վերաբերյալ որեւէ նշում չկա։ Այդ հանդիպումից հետո, սակայն, Լավրովը հանդես էր եկել մամուլի համար հայտարարությամբ, որում նշել էր երկու երկրներում «ազգային փոքրամասնությունների» իրավունքների երաշխիքների շուրջ համաձայնության գալու մասին․ «Հայկական կողմն ըմբռնում ունի Լեռնային Ղարաբաղի հայերին ադրբեջանական ներկայացուցիչների հետ շուտափույթ հանդիպումների հարցում համոզելու անհրաժեշտության մասին՝ համապատասխան օրենսդրությունից եւ միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքների համաձայնեցման համար, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները: Ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է նույնպիսի երաշխիքներ տրամադրել նաեւ իր տարածքում բնակվող անձանց նկատմամբ: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով»,- ասել էր Լավրովը։ Լավրովը՝ ասուլիսի ժամանակ Լավրովին հերքում են Մարուքյանն ու Միրզոյանը Նրա այս հայտարարությանն անդրադարձել էր հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հուլիսի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին՝ Հայաստանը քննարկո՞ւմ է ադրբեջանցիների հնարավոր վերադարձը Հայաստան, քանի որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է տեղահանվածների՝ իրենց տներ վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։ Մարուքյանն այս առնչությամբ ասել էր․  «ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն այս իմաստով նույնպես չի համապատասխանում քննարկված առարկային, որովհետեւ ՀՀ ԱԳ նախարարի հետ նման հարց չի քննարկվել։ Տեսեք, ՌԴ ԱԳ նախարարն ունենում է երկկողմ հանդիպում՝ երկու ԱԳ նախարարների հետ, հետո՝ եռակողմ, հետո ամփոփիչ ինչ-որ հայտարարություն է անում։ Ես կարծում եմ, որ փորձել է այնպիսի հայտարարություն անել, որ նաեւ Ադրբեջանի ուզած նարատիվն այստեղ տեղ գտնի, բայց, կարծում եմ, ՌԴ ԱԳ նախարարը, լավ կլիներ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի (որ ՌԴ նախագահն էլ է ստորագրել) 7-րդ կետին անդրադառնար, որ, օրինակ, ներքին տեղահանված անձինք վերադարձե՞լ են, թե՞ չեն վերադարձել, այս պարտավորությունն իրականացվե՞լ է, թե՞ չէ»,- նշել էր Մարուքյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի փորձը՝ Հայաստանում ժամանակին ապրած ադրբեջանցիների հարցը հավասարեցնել ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների հետ, շատ թույլ եւ անիմաստ է․ «Որովհետեւ դրանով փորձում են ԼՂ բացառիկությունը նվազեցնել, իսկ էդ բացառիկությունը ֆիքսված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով՝ որպես ամենավերջին, թարմ փաստաթուղթ»։ Ճշտող հարցին՝ Հայաստանը բանակցո՞ւմ է նման բան, թե՞ ոչ, Մարուքյանը պնդել էր՝ Հայաստանը չի բանակցում, բանակցային սեղանին չկա նման թեմա․ «Դա Ադրբեջանի կողմից պրոպագանդվող քարոզչություն է։ Եթե հասնենք այդ հարցին, եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթով փախստականները եւ ներքին տեղահանված անձինք (սա իրավական պարտավորություն է, էն մասով որեւէ իրավական պարտավորություն չունենք) կվերադառնան, ուզենան խոսեն էս մասին, ուրեմն էդ խոսակցությունը կբացվի։ Իսկ էդ խոսակցությունն ինչի՞ մասին է, որ իրենք ասում են, որ ՀՀ-ից գնացել են ադրբեջանցիները, բա Ադրբեջանից էլ են գնացել հայերը, հայերը գնացել են մազապուրծ, սպանությունների, ահաբեկչության, տներն այրելու սպառնալիքի տակ, ադրբեջանցիներն այստեղից գնացել են տները փոխելով, փոխհատուցում ստանալով, այսինքն՝ դրանք անգամ այդ մասով չեն հավասար։ Բայց երբ պահը գա, որ էդ հարցը բացեն, առաջնային հարցը հետեւյալն է, որ կան փախստականներ Ադրբեջանից, եւ եթե կան փախստականներ կամ Հայաստանից էդ ժամանակ գնացած ադրբեջանցիներ, դրանք են իրար հավասար, բայց ԼՂ-ն դրա հետ կապ չունի։ Ադրբեջանն ուզում է ԼՂ-ն բերի դրան հավասարեցնի, որը չի ստացվում, որովհետեւ ի հակադրություն գոյություն ունի Ադրբեջանից փախստական դարձած հայերի խնդիր, եւ մենք ունենք կառույցներ, հայտարարություններ են անում, ունենք կազմակերպություններ, ովքեր նույնպես ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Ադրբեջանն ուզում է կտրել այս ամբողջ ձեւավորված նարատիվը, որը միջազգային իրավունքով պարտադիր ուժ ունի՝ ԼՂ տարածք, ԼՂ տարածքում ապրող մարդիկ, ում իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն միջազգային մեխանիզմի շրջանակում»,- ասել էր Մարուքյանը։ Հուլիսի 28-ին էլ Արարատ Միրզոյանն էր անդրադարձել Լավրովի խոսքերին՝ ասելով, որ «Լեռնային Ղարանաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող եւ որեւէ զուգահեռ չունեցող հիմնահարց է»։ Միրզոյանը նշել էր, որ այն որեւէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետությունում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործխնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված եւ ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ․ «Ըստ այդմ, մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում եւ առավել եւս համաձայնություն չի եղել»,- ասել էր նա: Էթնիկ փոքրամասնությունների հարց արծարծվել է նաեւ ավելի վաղ Հատկանշական է, որ փախստականներին առնչվող հայտարարություն հնչել է նաեւ վերը հիշատակված երկու եռակողմ բանակցություններից առաջ, սակայն այն այնքան էլ ուշադրության չէր արժանացել, գուցե նաեւ այն պատճառով, որ հայկական կողմից այդ ձեւակերպումներին հերքում չէր էլ եղել։ Ինչի մասին է խոսքը։ Այս տարվա մայիսին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել էր Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ հովանու ներքո ընթանում էին հայ-ադրբեջանական բանակցություններ՝ եռակողմ ձեւաչափով։ Մայիսի մեկին նախ կայացել է Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկողմ հանդիպումը, ապա նույն օրը նաեւ եռակողմ հանդիպումը՝ Բլինքենի, ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Մայիսի 3-ին եւս մեկ եռակողմ հանդիպում է կայացել՝ այս անգամ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ։ Ի վերջո, ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության, չորս օր Վաշինգտոնում բանակցությունների արդյունքով նախարարները եւ նրանց թիմերը «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: Միրզոյանի ու Բլինքենի հանդիպումը մայիսի 1-ին Մայիսի 2-ին՝ բանակցություններին զուգահեռ, «Ամերիկայի ձայնը» մի հրապարակում է արել, որտեղ նշված էր, որ «ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները մանրամասներ են ներկայացնում» Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունների վերաբերյալ։ Այդ հրապարակման համաձայն՝ «Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների իրավուքներն ու անվտանգությունը»: Նկատենք, որ լրատվամիջոցի հրապարակման մեջ չկա նշում այն մասին, թե Պետքարտուղարությունից հստակեցրել են՝ ովքեր են նկատի առնվում «էթնիկ փոքրամասնություններ» հոգնակի ձեւակերպման մեջ։  Այս հրապարակման եւ պետքարտուղարության հաղորդած տեղեկության վերաբերյալ, ինչպես նշեցինք, հայկական կողմից որեւէ հրապարակային պաշտոնական արձագանք չէր եղել։ Այսպիսով, Ադրբեջանը պետական քաղաքականության մակարդակում տարբեր գործողություններ է իրականացնում այդ օրակարգն առաջ տանելու համար։ Ընդ որում՝ ադրբեջանական այդ խոսույթը ոչ թե վերաբերում է պարզապես ՀՀ-ից հեռացած ադրբեջանցիների վերադարձին, այլ, ըստ էության, տարածքային նկրտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է տարբեր պաշտոնյաների, այդ թվում եւ Ալիեւի հայտարարություններով․ նրանք ՀՀ տարածքներին ադրբեջանական կեղծ անուններով են անդրադառնում, ՀՀ ինքնիշխան տարածքները հեռուստատեսությամբ ներկայացնում են իբրեւ ադրբեջանական եւ այսպես շարունակ։ Իսկ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում միջնորդ երկրների ներկայացուցիչները, օգտագործելով տարբեր եզրույթներ, խոսում են այն մասին, որ այսպես կոչված փախստականների վերադարձի հարց քննարկվում է։ Սկզբնական շրջանում հայկական կողմից այդ հայտարարություններին արձագանք չկար, միայն Փաշինյանի ասուլիսի ժամանակ այդ հարցի բարձրաձայնումից եւ նույն օրը Լավրովի հայտարարությունից հետո հայ պաշտոնյաները հանդես եկան հերքումներով։  «Աղդամյան հումանիտար միջանցք»․ միջնորդների հայտարարությունները հերքելու մեկ այլ դեպք Ի հավելումն հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան բանակցություններից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր․ «Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ... Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»։ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե Ստեփանակերտին Աղդամով «օգնություն» տրամադրելու հարցում որն է եղել իր դիրքորոշումը Միշելի ու Ալիեւի հետ բանակցությունների ժամանակ, եթե այդ հարցը քննարկվել է, ասել էր, որ ինքը նման հարց չի քննարկել․ «Չեմ կարծում, թե նման հարց քննարկեու որեւէ մանդատ ունեմ, իսկ Լաչինի միջանցքի հարց քննարկելու մանդատ ունեմ, քանի որ այն եռակողմ հայտարարությամբ է ստեղծվել, որի ստորագրողներից մեկը ես եմ, հետեւաբար այդ հարթակներում մենք քննարկում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու դրա բացման հարցերը»։ Հարցին, թե այսինքն Միշելի հայտարարությունը անակնկա՞լ էր իր համար, Փաշինյանը պատասխանել էր, որ անակնկալ չէր, ապա նորից շեշտել էր, որ ինքը նման հարց չի քննարկել։ Լրագրողի դիտարկմանը, թե քննարկում եղել է, ուղղակի ի՞նքը չի մտել քննարկման մեջ, Փաշինյանն արձագանքել էր․ «Ես ասել եմ՝ ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն, ոչ մանդատ չունեմ»։ Այսինքն Փաշինյանն, ըստ էության, չէր հերքել, որ բանակցություններում այդ հարցը բարձրացվել է։ Ասուլիսի հաջորդ օրը, երբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մթերքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենաներ շարժվեցին դեպի Կոռնիձոր՝ այնտեղից խաղաղապահների միջոցով Արցախ տեղափոխվելու համար, Նիկոլ Փաշինյանը թուիթերյան միկրոբլոգում գրել էր․ «Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որին բախվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»։ Այս գրառման լուսապատճենն իր թուիթերյան էջում դնելով՝ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը գրել էր, թե «Համաձայն Բրյուսելով ձեռք բերած պայմանավորվածության՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է ամեն տեսակի բեռների տեղափոխման համար»։ Նույն օրը Հանրայինի եթերում հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պնդել էր, որ Հաջիեւն իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկություն է տարածել, նման պայմանավորվածություն չի եղել․ «Սա ադրբեջանական նարատիվ է, եւ նաեւ եթե անգամ նայենք, թե ինչ է ասել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նա ուղղակի ասում է, որ Լաչինով․․․ էստեղ ճանապարհ բառն է օգտագործել, որը, բնականաբար, էլի մեր նարատիվը չէ, դա ճանապարհ չէ, Լաչինի միջանցք է, բայց, ամեն դեպքում, նա ասում է՝ «ես կարեւորել եմ Լաչինի ճանապարհով բեռների փոխադրումը հումանիտար, ես նաեւ նշում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է Աղդամով տրամադրել հումանիտար ինչ-որ բեռներ, սնունդ, աջակցություն»։ Սա Շառլ Միշելի ասածն է, սա Հայաստանի հետ որպես պայմանավորվածություն ներկայացնելը տոտալ սուտ է»,- ասել էր Մարուքյանը՝ նշելով, որ Աղդամի ճանապարհն օգտագործելու մասին սուտ հայտարարության վերաբերյալ «բնականաբար, համապատասխան արձագանք կտրվի»։ Հերքումներ՝ միայն հանրային տիրույթում քննարկումներից հետո․ դիվանագետի մեկնաբանությունը Որպես կանոն՝ բանակցություններից հետո կողմերը, այդ թվում միջնորդ կողմը, հանդես են գալիս բանակցային տվյալ փուլի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով եւ հայտարարություններով, որոնք սովորաբար արմատական տարբերություններ չեն ունենում, սակայն կողմերն, իհարկե, քննարկված հարցերը եւ բանակցություններից իրենց տպավորություններոը ներկայացնում են սեփական տեսակետից։ Արցախի Հանրապետության նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, դիվանագետ Կարեն Միրզոյանն infocom.am-ի հետ զրույցում նշում է, որ, իհարկե, ակնկալվում են համաձայնեցված հայտարարություններ, բայց եթե նման համաձայնության հասնել չի լինում, ապա յուրաքանչյուր կողմ իրեն իրավունք է վերապահում է հանդես գալ տարբեր հայտարարությամբ՝ նշելով, թե որ կետերեն է ընդունել կամ չի ընդունել․ «Երբ բանակցություններ են ընթանում, անկախ հանգամանքից՝ դրանք պսակվում են հաջողությամբ, թե ոչ, ընդունվում է հայտարարություն, որի նպատական է իրազեկել հանրությանը բանակցությունների արդյունքների մասին, ինչպես նաեւ ամրագրել ինչ-ինչ պայմանավորվածություններ կամ իրավիճակը բանակցային գործընթացում։ Եւ պարտադիր չէ, որ ամեն բանակցային փուլից հետո կողմերն ունենան համընկնող տեսակետներ, դրանք կարող են տարբերվել, բայց դրա մասին էլ պետք է խոսել»,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հայկական կողմից բանակցություններին մասնակից մյուս կողմերի հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումները կան հերքումները սովորաբար հնչում են այն ժամանակ, երբ հանդրության ներսում ինչ-որ հարցեր են սկսում առաջանալ․ «Նման հայտարարություններ երբեք չեն արվել միջնորդի կամ մյուս կողմի հայտարարություններից անմիջապես հետո։ Հարց է առաջանում՝ եթե կոնկրետ հարց չի բանակցվել, ինչո՞ւ է հայկական կողմը նախընտրել թեման լռության մատնել, չի ահազանգել այն մասին, որ փաստորեն աղավաղվել է բանակցային փուլի էությունը, եւ միայն հանրության ընդզվումից հետո ինչ-ինչ հայտարարություններ է արել»։  Այն, որ բանակցային փուլից հետո միջնորդը եւ մասնակից մյուս կողմը հանդես են գալիս միանման հայտարարությամբ, որը, ըստ հայկական կողմի, չի համապատասխանում իրականությանը, ըստ պարոն Միրզոյանի՝ նշանակում է՝ ինչ-որ բան չի ընթացել բնականոն հունով։  Արձագանքելով հարցին՝ արդյոք այդ իրողությունը չի՞ նշանակում, որ հայկական կողմը բանակցություններում չի թելադրում իր օրակարգը կամ առնվազն չի պաշտպանում այն, մեր զրուցակիցը նկատում է՝ բանակցություններին մասնակից մարդիկ, ակնհայտ է, չեն տիրապետում բանակցային մեթոդաբանությանը։ Նրա խոսքով՝ իհարկե բուն բանակցությունների մասին հարցեր պետք է ուղղել հենց դրանցում ուղիղ մասնակցություն ունեցող անձանց, սակայն յուրաքանչյուրը, որը մի քիչ բանականություն ունի, հասկանում է, որ բանակցային գործընթացում պետք է լինել ազնիվ, չփորձել խաբել դիմացինին, այլ ճիշտ ու հասկանալի ներկայացնել սեփական տեսակետները եւ պատրաստ լինել պայքարել դրանց պաշտպանության համար։ Հավանակա՞ն է արդյոք, որ միջնորդ երկրների ներկայացուցիչներն իսկապես իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անեն բանակցություններում քննարկված հարցերի վերաբերյալ․ պարոն Միրզոյանը նկատում է, որ բանակցային գործընթացում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց կեղծ լուրեր տարածելու ազդեցությունը երկարատեւ չի լինում, որովհետեւ ճշմարտությունն ի վերջո ջրի երես է դուրս գալիս, եւ բանակցողը կամ միջնորդը, որը դիմել է նման քայլի, հայտնվում է խայտառակ իրավիճակում։  Հարցին՝ միջնորդների հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի հերքումները կարո՞ղ են բացասաբար ազդել բանակցություններում մեր ներկայացուցիչների հանդեպ վերաբերմունքի վրա, Կարեն Միրզոյանը պատասխանում է․ «Իհարկե ազդում են, նախ եւ առաջ դրանք քայքայում են քո վստահելիությունը՝ որպես բանակցային գործընթացի գործընկեր, պարզ է, որ քչերը կուզեն գործ ունենալ այնպիսի գործընկերոջ հետ, որը բանակցայն գործընթացի ողջ էությունն աղավաղում է կամ հանդես է գալիս միակողմանի մեկնաբանություններով»։ Իսկ միջնորդների արձագանքը, ըստ մեր զրուցակցի, պարտադիր չէ՝ լինի հրապարակային։ Նրանք կարող են փակ ձեւաչափով արձագանքել կամ անմիջապես հողի վրա զարգացումներով, որոնց, պարոն Միրզոյանի խոսքով,  ականատես ենք լինում հետագայում, օրինակ, սահմանին տիրող, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը եւ այլն։ Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ մարդիկ, որոնք մասնակցում են բանակցություններին ու կրում են պատասխանատվություն, նախընտրում են հանրության ուշադրությունը թմրեցնել ինչ-ինչ հայտարարություններով, մինչդեռ պետք է ներկայացնեին ճշմարտությունը։ Հայարփի Բաղդասարյան
21:56 - 14 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը

Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը

Օգոստոսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Ի շարունակություն նախորդ, այդ թվում՝ հուլիսին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ունեցած քննարկումների՝ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, ԼՂ 120 հազար բնակչության, այդ թվում՝ խոցելի խմբերի հիմնարար իրավունքների խախտումներն ու նրանց համար ստեղծված ծայրահեղ ծանր պայմանները: Արարատ Միրզոյանն ընդգծել է տարբեր հարթակներում լրացուցիչ քայլերի իրականացման հրատապությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրական մտադրության՝ էթնիկ զտման կանխման նպատակով։ Նախարար Միրզոյանը տեղեկացրել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի կառուցողական մոտեցումը տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ՝ այդուհանդերձ ընդգծելով, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական սրումով հարվածի տակ է դնում քաղաքական գործընթացը և Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերը:
16:26 - 14 օգոստոսի, 2023
ԼՂ-ի՝ Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ անխափան կապի վերականգնման համար անհրաժեշտ են քաղաքակիրթ աշխարհի միասնական ջանքեր. Արարատ Միրզոյան

ԼՂ-ի՝ Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ անխափան կապի վերականգնման համար անհրաժեշտ են քաղաքակիրթ աշխարհի միասնական ջանքեր. Արարատ Միրզոյան

Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով ԼՂ 120 հազար բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները։ ՀՀ ԱԳ նախարարը մասնավորապես ընդգծել է խոցելի խմբերի, այդ թվում` հղի կանանց, տարեցների, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար իրավիճակի սրությունը` նշելով, որ նրանք զրկված են անհրաժեշտ դեղորայքից և բժշկական աջակցությունից:  Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար և անխափան գործունեության ապահովման կարևորությանը: Նախարար Միրզոյանն շեշտել է, որ համանման հումանիտար բարդ իրավիճակները միայն մեկ երկրի խնդիրը լինել չեն կարող. Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ ԼՂ անխափան կապի վերականգնման համար անհրաժեշտ են քաղաքակիրթ աշխարհի միասնական ջանքեր:  Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին: Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել քայլեր ձեռնարկել ՀՀ և Բելգիայի միջև փոխգործակցության զարգացման ուղղությամբ՝ ներառյալ բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով:
16:29 - 12 օգոստոսի, 2023
Ճգնաժամի հանգուցալուծումը պահանջում է տեղում իրավիճակին համապատասխան հստակ գնահատականներ և քայլեր. Միրզոյանը՝ Հունգարիայի ԱԳ նախարարին

Ճգնաժամի հանգուցալուծումը պահանջում է տեղում իրավիճակին համապատասխան հստակ գնահատականներ և քայլեր. Միրզոյանը՝ Հունգարիայի ԱԳ նախարարին

Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի 120 հազար ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի: Ընդգծվել է, որ Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը խաթարում է նաև ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը ԼՂ-ում: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ճգնաժամի հանգուցալուծումը պահանջում է տեղում իրավիճակին համապատասխան հստակ գնահատականներ և քայլեր, ինչպես նաև բոլոր գործընկերների ջանքերի համադրում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժի վերականգնման նպատակով:
21:32 - 11 օգոստոսի, 2023
ԼՂ 120 հազար բնակչության հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվում են. Միրզոյանը՝ Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարին

ԼՂ 120 հազար բնակչության հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվում են. Միրզոյանը՝ Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարին

Օգոստոսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Միհել Մարտինի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ այն մոտ է իրական հումանիտար աղետի վերածվելուն:  ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, որի պայմաններում ԼՂ 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվում են, մատնանշվել է մասնավորապես սննդամթերքի, դեղորայքի սուր պակասը։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր այսօրինակ գործողություններով շարունակ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իրականացումը:  Արարատ Միրզոյանը, վկայակոչելով մինչ օրս միջազգային հարթակներում գործընկերների, այդ թվում՝ Իռլանդիայի կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումները, կարևորել է ի կատարումն Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների՝ Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման և Ադրբեջանի մտադրությունների կանխման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանը:
20:41 - 11 օգոստոսի, 2023
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ:  ՀՀ ԱԳ նախարարն իր կիպրացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները և տեղում բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումը, ոչ միայն քայլեր չի ձեռնարկում Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ, այլև ապրիլին տեղադրած ապօրինի անցակետի միջոցով խաթարում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից առողջական խնդիրներ ունեցող անձանց տեղափոխումը:  Արարատ Միրզոյանը, բարձր գնահատելով մինչ օրս միջազգային գործընկերների, այդ թվում նաև՝ Կիպրոսի կողմից արված հասցեական ուղերձները, կարևորել է տարբեր հարթակներում ջանքերի համադրման և Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հրատապությունը: Կիպրոսի ԱԳ նախարարը վերահաստատել է այս հարցում իր երկրի մոտեցումը։ Երկուստեք ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների իրականացման անհրաժեշտությունը։
19:27 - 11 օգոստոսի, 2023
Մարդասիրական նկատառումները և մարդկանց անմիջական կարիքները պետք է գերակա լինեն. ԵԱՀԿ գործող նախագահ
 |aravot.am|

Մարդասիրական նկատառումները և մարդկանց անմիջական կարիքները պետք է գերակա լինեն. ԵԱՀԿ գործող նախագահ |aravot.am|

aravot.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին երկու առանձին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ըստ ԵԱՀԿ հաղորդագրության, Օսմանին իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և խաղաղ բնակչության, մասնավորապես խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց և երեխաների վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ։ Ընդգծելով, որ ուշադիր հետևում է իրավիճակին՝ նա կրկնել է կառուցողական և արդյունավետ երկխոսության իր կոչը՝ որպես կայուն լուծումների ուղի՝ ի շահ հակամարտությունից տուժած բնակչության։ Օսմանին ընդգծել է, որ մարդասիրական նկատառումները և մարդկանց անմիջական կարիքները պետք է գերակա լինեն։ Նա առաջարկել է իր ծառայությունները և ԵԱՀԿ գործիքներն ու վստահության ամրապնդման միջոցները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման լուծումների մաս։ Հիշելով երկու նախարարների հետ իր նախորդ հանդիպումները և երկու մայրաքաղաքներ կատարած այցերը՝ ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու իր անձնական և ակտիվ ներգրավվածությունը կողմերի հետ։ Այս առումով նա կրկնել է, որ ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է նպաստել երկխոսությանը՝ հանուն կայուն և խաղաղ լուծման:
10:01 - 11 օգոստոսի, 2023
Անհրաժեշտ են Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանն ուղղված հստակ քայլեր. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԱՄԷ գործընկերոջը

Անհրաժեշտ են Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանն ուղղված հստակ քայլեր. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԱՄԷ գործընկերոջը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն շուրջ 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, որի պայմաններում ԼՂ 120 հազար բնակչությունն առերեսվում է սննդի, դեղորայքի սուր պակասին, իսկ լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձինք և 9000 հղի կանայք զրկված են հրատապ բժշկական աջակցությունից: Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը չի իրականացնում Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգման վերաբերյալ երկու որոշումները և արհամարհում է միջազգային գործընկերների, տարբեր կառույցների հասցեական կոչերը: Ուստի, նախարարն ընդգծել է, որ ներկայիս պայմաններում անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասնել Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման:  Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին: Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել քայլեր ձեռնարկել ՀՀ և ԱՄԷ միջև փոխգործակցության զարգացման ուղղությամբ՝ նշելով բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը:
21:51 - 10 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը Բույար Օսմանիին է ներկայացրել ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

Արարատ Միրզոյանը Բույար Օսմանիին է ներկայացրել ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։ Ի շարունակություն այս տարվա հուլիսին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում երկու նախարարների հանդիպմանը` նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ԼՂ ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, խոչընդոտվում է ԼՂ մուտք ունեցող միջազգային մարդասիրական կազմակերպության՝ ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը, ինչի մասին ԿԽՄԿ-ն հայտարարեց հուլիսի 25-ին:  Երկուստեք ընդգծվել է տեղում մարդկանց համար հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համատեղ քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը, կարևորելով մինչս օրս միջազգային գործընկերների կողմից արված՝ Ադրբեջանին ուղղված թիրախային հայտարարությունները՝ ընդգծել է այդ ուղղությամբ հետևողականության և ջանքերի համադրման անհրաժեշտությունը:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ հարթակում փոխգործակցության հարցերի շուրջ:
21:20 - 10 օգոստոսի, 2023
Ադրբեջանը շարունակում է իր գործելաոճը՝ ի հակառակ մինչ այս հնչեցված բոլոր միջազգային կոչերին. Միրզոյանը՝ Մալթայի ԱԳ նախարարին

Ադրբեջանը շարունակում է իր գործելաոճը՝ ի հակառակ մինչ այս հնչեցված բոլոր միջազգային կոչերին. Միրզոյանը՝ Մալթայի ԱԳ նախարարին

Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։   Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ս.թ. մարտին Մալթա կատարած իր պաշտոնական այցից ի վեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի լիակատար արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է դրա անդառնալի հետևանքները Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության համար՝ նշելով Ադրբեջանի կողմից էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումների պարբերական խափանումները և հատկապես խոցելի խմբերի համար դեղորայքի, սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասը:   Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր գործելաոճը՝ ի հակառակ մինչ այս հնչեցված բոլոր միջազգային կոչերին և տեղում դրական փոփոխություն արձանագրելու ջանքերին: Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման, տեղաշարժի լիակատար վերականգնման ուղղությամբ հստակ քայլերի հրատապությունը։  
18:05 - 10 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը Յուրի Քիմին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված աղետալի վիճակը

Արարատ Միրզոյանը Յուրի Քիմին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված աղետալի վիճակը

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն իսկ շուրջ 8 ամիս տևող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող իրավիճակը, որը միջազգային հանրության աչքերի առաջ կարող է վերածվել իրական հումանիտար աղետի:  Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի: Նախարարը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական վատթարացումն ինքնին սպառնում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին՝ ընդգծելով առկա մեխանիզմները լավագույնս օգտագործելու և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը: Երկուստեք նշվել է իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը և պայմանավորվածություն ձեռք բերվել շարունակել շփումներն այդ ուղղությամբ: Նախարար Միրզոյանը շեշտել է ստեղծված իրավիճակում միջազգային հանրության միասնական ջանքերի անհրաժեշտությունը:
20:49 - 09 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ զրույցում նշել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՄ երկրների կողմից հստակ ուղերձների և կոնկրետ քայլերի իրականացման կարևորությունը

Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ զրույցում նշել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՄ երկրների կողմից հստակ ուղերձների և կոնկրետ քայլերի իրականացման կարևորությունը

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ նշելով ԵՄ անդամ երկրների կողմից հստակ ուղերձների և այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման կարևորությունը:  Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով խիստ սրվել է տեղի բնակչության համար սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման խնդիրը: Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, ի խախտումն միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի, խաթարում է նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հումանիտար գործունեությունը՝ վտանգի տակ դնելով հրատապ բժշկական աջակցության կարիք ունեցող անձանց կյանքերը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխման նվազագույն հնարավորության պարագայում Ադրբեջանն իրականացնում է ահաբեկման այնպիսի քայլեր, ինչպիսին էր հուլիսի 29-ին ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից: Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման կարևորությունը։ Երկուստեք նաև պատրաստակամություն է արտահայտվել քայլեր իրականացնել Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ գործընկերության հետագա ընդլայնման ուղղությամբ:
18:38 - 09 օգոստոսի, 2023
ԼՂ-ում հումանիտար իրավիճակի խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը․ Միրզոյան

ԼՂ-ում հումանիտար իրավիճակի խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Այս մասին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամն ու դրա ծայրահեղ բացասական հետևանքները ԼՂ ժողովրդի համար: Նախարարն ընդգծել է հունիսի 15-ից ԼՂ լիակատար շրջափակման հետևանքով հատկապես բնակչության խոցելի խմբերի՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ բժշկական օգնության բացակայությունն ու իրավիճակի լրջությունը:  Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ընդգծելով առկա մեխանիզմները թիրախային  օգտագործելու և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը:  Հաշվի առնելով ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահությունը՝  ընդգծվել է նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հուլիսի 25-ի հայտարարությանը ԵՄ անդամ երկրների լիակատար աջակցության և ուղերձների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ շրջանակներում Հայաստանի և Իսպանիայի հետագա փոխգործակցությանը:
17:40 - 09 օգոստոսի, 2023