Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ զրույցում նշել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՄ երկրների կողմից հստակ ուղերձների և կոնկրետ քայլերի իրականացման կարևորությունը
18:38 - 09 օգոստոսի, 2023

Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ զրույցում նշել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՄ երկրների կողմից հստակ ուղերձների և կոնկրետ քայլերի իրականացման կարևորությունը

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ նշելով ԵՄ անդամ երկրների կողմից հստակ ուղերձների և այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման կարևորությունը: 

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով խիստ սրվել է տեղի բնակչության համար սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման խնդիրը: Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, ի խախտումն միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի, խաթարում է նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հումանիտար գործունեությունը՝ վտանգի տակ դնելով հրատապ բժշկական աջակցության կարիք ունեցող անձանց կյանքերը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխման նվազագույն հնարավորության պարագայում Ադրբեջանն իրականացնում է ահաբեկման այնպիսի քայլեր, ինչպիսին էր հուլիսի 29-ին ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից:

Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման կարևորությունը։

Երկուստեք նաև պատրաստակամություն է արտահայտվել քայլեր իրականացնել Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ գործընկերության հետագա ընդլայնման ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել