Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

«Շրջանակային պայմանագիրն այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները»․ փոխարտգործնախարար
 |azatutyun.am|

«Շրջանակային պայմանագիրն այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները»․ փոխարտգործնախարար |azatutyun.am|

azatutyun.am: Երևանն ու Բաքուն այսօր բանակցում են հիմնական սկզբունքները, որի շուրջ պետք է կառուցվեն երկու հարևան երկրների հարաբերությունները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Փոխարտգործնախարարը շեշտեց՝ ոչ ռուսական, ո՛չ ամերիկյան, ո՛չ ֆրանսիական, ո՛չ Եվրամիության տարբերակ չկա, կա տարբերակ ադրբեջանական և հայկական, այսինքն, ըստ Հովհաննիսյանի, այլ փաստաթուղթ չի ստացվել որևէ մայրաքաղից։ Այժմյան բանակցություններն արտգործնախարարների մակարդակով ընթանում են երկու կողմերի մոտեցումների շուրջ, ասաց Հովհաննիսյանը։ Երեկ Ազգային-ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել՝ երբ որ շրջանակն է գծվում, առանց շատ մեծ կոնկրետությունների։ «Ազատության» հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում շրջանակային պայմանագիրը, փոխարտգործնախարարը պատասխանեց․ - «Շրջանակային պայմանգիրն այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները, որն, իհարկե, ընդգրկում է տարածքային ամբողջականության ճանաչում, այն ձևաչափով, ինչով երկու երկրները ճանաչել են իրենց անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի արձանագրությամբ և հռչակագրի հիման վրա»։ Պրահայում հաջողվել է դրա շուրջ ինչ-որ համաձայնության հասնել, նկատեց Հովհաննիսյանը՝ շեշտելով՝ այսինքն՝ շարունակել բանակցություններն այդ սկզբունքում։ «Մի փաստաթուղթ, որը երկու երկրներն էլ ստորագրել են և վավերացրել են 90-ականների սկզբին։ Ամբողջ փաստաթուղթը կազմված է ՄԱԿ-ի կանոնադրության, Ալմա-Աթայի փաստաթղթերի, այնտեղ մի քանիսն են և այլ փաստաթղթերի, որը թե՛ Հայաստանը, թե Ադրբեջանն արդեն իսկ ստորագրել և ընդունել են», - եզրափակեց Հայաստանի փոխարտգործնախարարը։ Հիշեցնենք, որ Պրահայում հոկտեմբերի 7-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց։ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար։
14:28 - 17 նոյեմբերի, 2022
Սեպտեմբերի 14-ին հանդիպեցի Ալիևին, որպեսզի կոչ անեմ վերջ տալ բռնությանը. Ֆիլիպ Ռիքեր

 |armenpress.am|

Սեպտեմբերի 14-ին հանդիպեցի Ալիևին, որպեսզի կոչ անեմ վերջ տալ բռնությանը. Ֆիլիպ Ռիքեր |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերն անդրադարձել է սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ագրեսիային,  դրանից հետո երկու երկրների միջև ընթացող  բանակցությունների հեռանկարներին: Ռիքերը թեմային անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում:   «Ես տարածաշրջանում էի սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ և հանդիպեցի նախագահ Ալիևի հետ, որպեսզի կոչ անեմ դադարեցնել բռնությունը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իմ հանդիպումները զուգորդվում էին երկու երկրների ղեկավարությունների հանդիպումներին պետքարտուղար Բլինքենի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, պետքարտուղարի օգնական Դոնֆրիդի, ինչպես նաև պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ: Մինչ այս պահը մենք շարունակում ենք ջանքերը, և ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ գործընկերներ երկրների ջանքերը հիմքեր նախապատրաստեցին  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումների շարքի համար՝ խաղաղության հետ կապված հարցերը քննարկելու համար»,- ասել է Ռիքերը: Նա հավելել է՝ չնայած վերջին ռազմական գործողություններին՝  իրենց ոգեշնչում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների մասնակցության տեմպը խաղաղ գործընթացին: «Ղեկավարները վերջին ամիսների ընթացքում ԵՄ-ի միջնորդությամբ մի քանի անգամ հանդիպել են բանակցությունների համար, վերջին անգամ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում: Պրահայի հանդիպումը 2 նշանակալի արդյունքի հանգեցրեց, որոնք կարող են խաղաղության ճանապարհը շարունակելու հիմք լինել: Խոսքը 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը փոխադարձ ճանաչելու մասին է՝ որպես հիմք սահմանի հարցերը քննարկելու համար, ինչպես նաև ԵՄ դիտորդներ ուղարկելու որոշման մասին է»,- ասել է Ռիքերը  
12:18 - 17 նոյեմբերի, 2022
Եթե կա ագրեսոր, ապա ձեր կոչերն ուղղեք ագրեսորին, ոչ թե բռնության ենթարկվողին. Մենենդեսը՝ հայ-ադրբեջանական հարցում Պետդեպի հայտարարությունների մասին

 |aravot.am|

Եթե կա ագրեսոր, ապա ձեր կոչերն ուղղեք ագրեսորին, ոչ թե բռնության ենթարկվողին. Մենենդեսը՝ հայ-ադրբեջանական հարցում Պետդեպի հայտարարությունների մասին |aravot.am|

aravot.am: Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Բոբ Մենենդեսի նախագահությամբ տեղի են ունեցել լսումներ, որոնց ընթացքում Մենենդեսը կտրուկ մեղադրանք է հնչեցրել Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ՝ հայտարարելով, որ Պետքարտուղարության վկաները, որոնք ցուցմունքներ էին տալիս լսումների ժամանակ, «միանգամայն անպատասխան են թողել» մտավախությունները Ադրբեջանին ԱՄՆ օգնության վերաբերյալ 907-րդ հոդվածի սահմանափակումներից շարունակական հրաժարման և Ադրբեջանի հարձակումներից հետո Արցախին և Հայաստանին ԱՄՆ-ի բովանդակալից օգնության բացակայության մասին։Մեջբերելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քարեն Դոնֆրիդի վկայությունն այն մասին, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում հարգել մարդու իրավունքները, նախագահ Մենենդեսն արձագանքել է, որ այնուամենայնիվ, «մենք փող ենք տալիս, և նրանք շարունակում են անել այն, ինչ ուզում են»: «Փողը փոխակերպելի է, և, հետևաբար, անկախ այն բանից՝ արդյոք դա ուղղակի օգնություն է և կարող է վնասել Հայաստանին, թե ոչ, փողը փոխակերպելի է»: Վարչակազմի կողմից 907-րդ հոդվածի սահմանափակումներից ամենամյա հրաժարումը որակելով որպես «ավտոմատ» գործողություն՝ նախագահ Մենենդեսը հարց է հնչեցրել՝ «ինչպես կարող է Միացյալ Նահանգները արդարացնել Բաքվի ռեժիմին որևէ աջակցություն ուղարկելը՝ կլինի դա անվտանգության համար, թե այլ: Դա աններելի է: Անձամբ ես կարծում եմ, որ դա բարոյապես զզվելի է և ծաղրում է ազատության աջակցության ակտը»: Մենենդեսը մատնանշել է ԱՄՆ հայտարարությունների կեղծ հավասարությունը՝ նկատելով, որ ԱՄՆ-ը ակնհայտորեն հրաժարվում է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան հստակ և միանշանակ դատապարտելուց: «Պետք է հասկանալ, թե երբ կա ագրեսոր: Եթե ​​ես բռնության եմ ենթարկվում, և դուք երկու կողմերին էլ հորդորում եք դադարեցնել բռնությունը, եթե կա մի կողմ, որն ագրեսորն է, ապա ձեր մեկնաբանություններն ուղղեք ագրեսորին։ Մենք կարծես անկարող ենք դա անել»,- ասել է նա։ Շարունակությունը՝ aravot.am-ում
12:01 - 17 նոյեմբերի, 2022
Ադրբեջանին ուղղված ԱՄՆ օգնությունն անընդունելի է և բարոյապես աններելի. Մենենդես
 |armtimes.com|

Ադրբեջանին ուղղված ԱՄՆ օգնությունն անընդունելի է և բարոյապես աններելի. Մենենդես |armtimes.com|

armtimes.com: «Ինչո՞ւ է Միացյալ Նահանգները 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակում աջակցությունն Ադրբեջանին։ Պետդեպարտամենտը վստա՞հ է, որ այդ օգնությունը չի ուղղվում Հայաստանի դեմ: Ինչո՞ւ Վաշինգտոնը չի փոխել վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ Հայաստանի տարածքի վրա սեպտեմբերին կատարված հարձակումից հետո»։ Այս հարցերը երեկ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն ուղղում էին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներին՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդին և ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասի հարցերով խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերին։ Դեմոկրատ Բոբ Մենենդեսը պաշտոնյաներին նախ հարց է ուղղել, թե Միացյալ Նահանգները ինչո՞վ կարող է արդարացնել որևէ տեսակի աջակցության տրամադրումը Բաքվի վարչակազմին։ «Դա անընդունելի է, բարոյապես աններելի և ծաղրի է ենթարկում Ազատության աջակցության ակտը, որի 907-րդ բանաձևն ասում է՝ Ադրբեջանին օգնություն չի կարող տրամադրվել, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել հարձակումները Հայաստանի և Ղարաբաղի դեմ ու չի վերացրել շրջափակումը։ Միայն այս տարի Պետդեպարտամենտը 600 հազար դոլար է խնդրել՝ Ադրբեջանին ռազմական կրթության ու վարժանքների հարցում աջակցելու համար։ Ես դեմ եմ որևէ աջակցության մի բանակի , որը հայտնի է հարևան երկրի հանդեպ հարձակումներով և պատերազմական հանցագործություններով։ Ընդ որում, այդ օգնությանը Պետդեպարտամենտում հավանություն տվեցին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա կատարված վերջին՝ սեպտեմբերյան հարձակումից ընդամենը մի քանի ամիս առաջ», -ասել է Մենենդեը: Ի պատասխան՝ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը հայտարարել է, որ  որոշումը կայացնելիս մանրամասնորեն քննարկել են  բոլոր փաստերը և համոզված են, որ Ադրբեջանին տրամադրվում են միայն պաշտպանական միջոցներ, որոնք չեն կարող օգտագործվել Հայաստանի դեմ։ Հիշեցնենք՝ 907-րդ  բանաձևն ընդունվել էր 1992 թվականին, 10 տարի անց սակայն՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, Կոնգրեսը հնարավորություն տվեց նախագահներին ամեն տարի կասեցնել այդ դրույթը՝ ի շահ Ամերիկայի ազգային անվտանգության։ Գործող նախագահ Ջո Բայդենը նախընտրական շրջանում խոստացել էր հրաժարվել այդ պրակտիկայից, սակայն երկրորդ տարին է՝ նա ևս շրջանցում է արգելանքը։
11:29 - 17 նոյեմբերի, 2022
Մինսկի խումբը չի գործում, մանդատը և դրա նպատակը մնում են. Ռիքեր
 |azatutyun.am|

Մինսկի խումբը չի գործում, մանդատը և դրա նպատակը մնում են. Ռիքեր |azatutyun.am|

azatutyun.am: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը պնդում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ «Կարծում եմ, որ այն զարգացել է մինչև այն կետը, որ մենք կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ տալ այս մանդատին»,- երեկ հայտարարել է Ռիքերը: «Այնուամենայնիվ, մանդատն ինքնին բավականին օգտակար է: Թեև Մինսկի խմբի համանախագահների [փոխգործակցության] գործընթացն այլևս չի գործում: Եվ մենք ուղղակիորեն մասնակցում ենք կողմերի հետ նրանց խաղաղ գործընթացում», - ասել է Ռիքերը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ «Մինսկի խումբը, ինչպես այն հայտնի էր, չի գործում։ Մանդատը մնում է։ Մանդատի նպատակը, իհարկե, պահպանվում է։ Եվ ԵԱՀԿ-ը գործում է կոնսենսուսի հիման վրա։ Ես շատ սերտ կապ եմ պահպանում իմ ֆրանսիացի գործընկերոջ հետ, Եվրամիության հետ, որն այժմ այնքան [խորը] ներգրավված է տարածաշրջանում, այլ շահագրգիռ կողմերի հետ, հենց ԵԱՀԿ-ի հետ», - նշել է Ռիքերը։ «Ադրբեջանն ուղղակի հայտարարել է, որ այլևս գործ չի ունենալու Մինսկի խմբի հետ», - հավելել է ամերիկացի դիվանագետը։
10:30 - 17 նոյեմբերի, 2022
Արցախում ադրբեջանցիները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Արցախում ադրբեջանցիները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Ներքին գործերի նախարարությունից։ Նոյեմբերի 16-ին՝ ժամը 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։ Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Դեպքի մասին ոստիկանքւթյունը տեղեկացրել և համապատասխան նյութեր է տրամադրել ռուսական խաղաղապահ զորակազմին։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։
20:38 - 16 նոյեմբերի, 2022
ՀՀ քաղաքական դաշտում ԼՂ հիմնախնդրի մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային իրավիճակ է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ քաղաքական դաշտում ԼՂ հիմնախնդրի մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային իրավիճակ է․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին Փաշինյանն անդրադարձավ ընդդիմության քննադատությանը, թե ԼՂ հիմնախնդրի առումով դիրքորոշումները կոնկրետ չեն և խուսափողական են։  «Եթե ես այս գնահատականը կարող էի հասկանալ 1-1.5 ամիս ամիս առաջ, հիմա չեմ կարող, քանի որ կարծում եմ, որ ՌԴ նախագահի Վալդայում արված հայտարարությունը շատ կարեւոր էր, որպեսզի մենք մի շարք հարցեր պարզաբանենք և արձանագրենք, որ առնվազն ՀՀ քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային իրավիճակ է»,- ասաց Փաշինյանը։ Փաշինյանը հիշեցրեց, որ խոսքը ՀՀ կառավարության՝ ՌԴ առաջարկների վերաբերյալ դիրքորոշման մասին է, և որի էությունը ԼՂ հարցը որոշ ժամանակով հետաձգելն էր։ «Երբ որ այս հարցադրումն արվեց և ընդդիմության դաշտում և ԼՂ-ում եղան հայտարարություններ, որոնք կառավարությունից պահանջում էին ընդունել ՌԴ առաջարկները։ Ես ուզում եմ ասել, որ Կառավարությունը վաղուց՝ դեռևս 2021թվականի հունվարից ընդունել է այդ պայմանավորվածությունը, սակայն դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով»,- նշեց նա։  Վարչապետն ընդգծեց, որ կառավարության այսօրվա դիրքորոշումն այն է, ինչ իրենցից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ կառավարությունն այդ դիրքորոշումը վաղուց է որդեգրել: Նա հայտնեց, որ ԼՂ նախագահի հետ այդ դիրքորոշումը շատ վաղուց ինքը կիսել էր: Վարչապետն նշեց նաև, որ եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է, համարում է, որ ՀՀ-ն պետք է մերժի ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի, որ դրա մասին բարձրաձայն հայտարարի:
16:49 - 16 նոյեմբերի, 2022
2020-ի նոյեմբերի 10-ից հետո Ադրբեջանի կողմից սպանվել է 18, սպանության փորձի ենթարկվել՝ 132 անձ․ Արցախի ՄԻՊ

2020-ի նոյեմբերի 10-ից հետո Ադրբեջանի կողմից սպանվել է 18, սպանության փորձի ենթարկվել՝ 132 անձ․ Արցախի ՄԻՊ

2020 թվականի նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական կողմը դիմել է Արցախի ժողովրդի իրավունքների խախտումերի հանգեցնող հանցավոր գործողությունների, որոնց վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար հանդես է եկել հայտարարություններով։   Անցած երկու տարվա ընթացքում արձանագրվել են հրադադարի խախտման, հոգեբանական ահաբեկչության, ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարման, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտման, մշակութային արժեքների վանդալիզմի և այլ բնույթի հարյուրավոր անօրինական ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բացահայտ դրսևորումներ, որոնք հանգեցրել են Արցախի ժողովրդի՝ կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, ազատ տեղաշարժի, անձնական և ընտանեկան կյանքի, մշակութային և կրոնական իրավունքների, արժանապատվության անխախտելիության իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, խտրականության արգելքի խախտումների։   • 2020 թվականի նոյեմբերի 10-ից 2022 թվականի նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է նյութական և մարդկային վնասի հանգեցրած հանցագործության 121 դեպք։   • Սպանվել է 18 անձ (3-ը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական), սպանության փորձի ենթարկվել՝ 132 անձ (54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ (16-ը՝ քաղաքացիական անձ):   • Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնված 8 անձանցից 5-ը վերադարձվել է բռնության, խոշտանգման բացահայտ հետքերով, կոտրվածքներով։ Հայկական կողմին վերադարձված նշված անձանցից Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող՝ 1989թ. ծնված Արտակ Մանասյանը ընդամենը ամիսներ անց մահացել է։   • Թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 8 գյուղատնտեսական տեխնիկա, 22 տրանսպորտային միջոց, 16 այլ գույք, հրկիզվել է 5 այգի, խաղաղ բնակչությունից հափշտակվել են մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արոտավայրեր անցած կենդանիները չեն վերադարձվում, այլ հափշտակվում և օգտագործվում են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։   • Բացահայտ խոչընդոտվում են շփման գծի հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները։ Թիրախային կրակոցներ են արձակվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ու գյուատնտեսական տեխնիկայի ուղղությամբ, որից հետո աշխատանքները դադարեցվում են: Ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունները ակտիվանում են հատկապես գյուղատնտեսական սեզոնի և բերքահավաքի ժամանակ։ Ադրբեջանցի զինվորականները երբեմն անմիջապես մտնում են այգիները և զենքի գործադրման սպառնալիքով բերքահավաքին մասնակցող անձանց ստիպում լքել այն: Նման վարքագծի հետևանքով սպանվել է Մարտակերտի շրջանի բնակիչ, հողագործությամբ զբաղվող Արամ Տեփնանցը, Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Սեյրան Սարգսյանը։ • Ճնշում գործադրելու նպատակով պարբերաբար խաթարվում է կենսական նշանակության ենթակառուցվածների աշխատանքը, որպիսին արձանագրվել է 2022 թվականի մարտին, երբ Ադրբեջանի կողմից գազախողովակի պայթեցման հետևանքով շուրջ 20 օր Արցախի ողջ բնակչությունը զրկված էր գազամատակարարումից և ջեռուցումից։ Հատուկ խլացուցիչների միջոցով շարունակվում են խլացվել կապն ու հաղորդակցությունը։   • Ի հեճուկս միջազգային տարբեր կառույցների կոչերի և հայտարարությունների՝ հրադադարի հաստատումից հետո բաց աղբյուրների մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր֊մշակութային արժեքների, գերեզմանների նկատմամբ վանդալիզմի, ոչնչացման և պղծման հարյուրից ավելի դեպքեր։   • Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է հայատյացության քաղաքականությունը։ Ատելության քարոզ իրականացվում է Ադրբեջանի նախագահի, իշխող ուժի և հանրային ազդեցություն ունեցող անձանց անմիջական մասնակցությամբ։ Ադրբեջանական մանկապարտեզներում և դպրոցներում շարունակվում է հայերի նկատմամբ ատելության վրա հիմնված այսպես կոչված «հայրենասիրական» դաստիարակության մեթոդի կիրառումը։   Այս բոլոր գործողությունները Արցախի էթնիկ զտման և Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու ադրբեջանական վարքագծի փաստական ապացույցներն են։ Դրանք ավելի խոսուն են, քան ադրբեջանական ղեկավարության կեղծ խաղաղասիրությունն ու տրվող սուտ խոստումները։
14:37 - 16 նոյեմբերի, 2022
Պաշտոնական Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը

Պաշտոնական Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը արձագանքել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին։ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե «բանաձևը լիովին հեռու է իրականությունից, արտացոլում է կեղծ և զրպարտչական դրույթներ ու, ունենալով բացահայտ պրովակատիվ բնույթ՝ ուղղված է խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ «Սենատի կողմից ընդունված և որևէ իրավական ուժ չունեցող բանաձևը ակնհայտորեն ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ և միակողմանի քաղաքական դիրքորոշումը՝ որպես երկրի, որը հայտարարում է խաղաղ գործընթացին նպաստելու իր մտադրության մասին։ Ընդհանրապես, բանաձևում նշված բոլոր անհեթեթ պնդումները ցույց են տալիս, որ դրա հեղինակները տեղյակ չեն պատմական փաստերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- նշված է հաղորդագրության մեջ։  Անդրադառնալով այն կետին, որով բանաձևը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը՝ ԼՂ-ում հիմնել հումանիտար գրասենյակ, Ադրբեջանի ԱԳՆ-ից կրկին նշել են, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է»։  «Այդ տարածաշրջանում ապրող հայ բնակչության անվտանգությունը Ադրբեջանի ներքին գործն է, և դրանք ապահովվելու են Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության համաձայն։ Հայաստանում ռեւանշիստական ​​ուժերին խրախուսելով՝ Սենատի այս բանաձեւը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ առաջընթացին եւ հեռու է բանաձևում նշված «տեւական խաղաղության խթանումից»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։  ԱԳՆ-ից նշել են՝ «մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված հերթական բանաձեւը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։
13:10 - 16 նոյեմբերի, 2022
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև
 |1lurer.am|

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև |1lurer.am|

Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.   - պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. - կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք. - առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում. - վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ. - առաջարկում է կառավարությանը՝ դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը։   Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։   Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
21:06 - 15 նոյեմբերի, 2022
Մեհրիբան Ալիևան դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
 |azatutyun.am|

Մեհրիբան Ալիևան դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի առաջին տիկին, երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի տիկնոջ նամակը՝ ուղղված ՄԱԿ-ին կից կառույցի ղեկավար Օդրի Ազուլեին։ Նամակում մասնավորապես ասվում է, թե Ալիևան «ակտիվորեն մասնակցում է ազատագրված տարածքների վերականգնման լայնածավալ աշխատանքներին» և «չի կարող կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները»: Մեհրիբան Ալիևան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է նշանակվել 2004 թվականին։ 58-ամյա Ալիևան Ադրբեջանի խորհրդարանի երեք գումարումների պատգամավոր է, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահ, Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ։ Ամուսնու կողմից փոխնախագահ է նշանակվել 2017 թվականի փետրվարին։      
13:14 - 15 նոյեմբերի, 2022
Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի հայ - ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նոր բանաձև
 |azatutyun.am|

Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի հայ - ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նոր բանաձև |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նոր բանաձև, որը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ սեպտեմբերյան վերջին հարձակման կապակցությամբ։ Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ «Կոչ ենք անում կառավարությանը եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժգին, համարժեք արձագանքը տալու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի և նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը», - ասված է փաստաթղթում։ Խորհրդարանը նաև խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաև բոլոր միջոցներով ցույց տալ Փարիզի աջակցությունը Երևանին՝ քննարկելով Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը։ Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար։ Այն հեղինակել է սենատորների նույն խումբը, որը երկու տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից հետո էլ բանաձև էր ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ բանաձևը 2020 թվականին ընդունվել էր գրեթե միաձայն՝ ձայների 305 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ, ու այդպես էլ մնացել թղթի վրա։ Ավելին, քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչը՝ Ֆրանսիայի փոխարտգործնախարարը դեմ էր արտահայտվել, պնդելով, թե «միակողմանիորեն ընդունված նման որոշումը կարող է արդյունավետ չլինել Արցախի կարգավիճակի որոշման համար»։ Թե ինչ դիրքորոշում ունի Ֆրանսիայի կառավարությունն այսօր քվեարկության դրվելիք բանաձևի հարցում, հստակ չէ։ Հայտնի է, որ քննարկումներից օրեր առաջ՝ անցած շաբաթավերջին, Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Զրույցը կայացել էր ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, և ինչպես Ելիսեյան պալատն էր հաղորդել՝ Էմանյուել Մակրոնը վերահաստատել էր Ֆրանսիայի պատրաստակամությունը հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորմանն աջակցելու, քաղաքական լուծման հասնելու ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահն էլ ընդգծել էր այդ գործընթացում «չեզոքություն, անաչառություն և հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը»։ Նշենք, որ արցախցիները ակցիա են իրականացնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց։ Նրանք նամակ կհանձնեն դեսպանին՝ հաջակցություն Ֆրանսիայի Սենատի կողմից քննարկվելիք բանաձևի։
11:16 - 15 նոյեմբերի, 2022