Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Պետք է ստիպենք՝ ՀԱՊԿ մեխանիզմը աշխատի, եթե չաշխատեց, ուրեմն այն չկա. Ալեն Սիմոնյան |tert.am|

Պետք է ստիպենք՝ ՀԱՊԿ մեխանիզմը աշխատի, եթե չաշխատեց, ուրեմն այն չկա. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Պետք է ստիպենք ՀԱՊԿ մեխանիզմը աշխատի, եթե չաշխատեց, ուրեմն այդ մեխանիզմը չկա: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը բախվել է այն խնդրին, որ ՀԱՊԿ անդամ պետություն լինելով՝ չկարողանանք որոշ պետություններից զենք գնել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մենք զբաղվում ենք Ձեր նշած խնդրով, և ակնհայտ է, որ միայն մի տեղից զենքի մասով հույս չենք դնում, առավել ևս, որ հիմա պարզ պատճառներով խնդիրներ կան և Ձեր հնչեցրած մտահոգությունը մենք գիտենք և այդ տրամաբանության մեջ փորձում ենք կառուցել մեր անվտանգային համակարգը»։ Ազգային ժողովի նախագահը ավելացրեց․ «Մենք որևիցե ձևով չենք զսպելու մեզ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու հարցում։ Անկախ նրանից, թե դա ում դուրը կգա, մեզ համար գերագույն նպատակ է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովել»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
18:54 - 30 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման հարցը

Ալեն Սիմոնյանը Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական դիրքորոշումը` ադրբեջանական ագրեսիայի դատապարտման, Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու նախաձեռնության հարցերում: Նա շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին ադրբեջանական ագրեսիայից հետո համերաշխության այցի համար: Հանդիպմանը քննարկվել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման հարցը: Կողմերը համակարծիք են եղել, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ: «Ակնկալում ենք, որ մեր ֆրանսիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու, Արցախի` ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման դադարեցման ուղղությամբ»,- անդրադառնալով հետպատերազմյան Արցախին` հանդիպումը եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:
13:22 - 27 սեպտեմբերի, 2022
ԱԺ նախագահը կարգապահական տույժ է կիրառել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ

ԱԺ նախագահը կարգապահական տույժ է կիրառել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ կարգապահական տույժ է կիրառել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ․  «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի  223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով՝ կարգադրում եմ. 1. Աշխատանքային  պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻ նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նկատողություն»,- նշված է որոշման մեջ։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի մամուլի ասուլիսի ժամանակ թարգմանության ընթացքում տեխնիկական խնդիրներ առաջացան։ Ենթադրաբար կարգապահական տույժը կիրառվել է այս դեպքերի առնչությամբ։  
18:15 - 23 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին

  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Մարտինեսին Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հետագա հաջողություններ: Շնորհավորելով Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայ-իսպանական համագործակցությունը հիմնված է ոչ միայն երկու ժողովուրդների դարավոր կապերի, այլեւ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության հիմնարար արժեքների վրա: Հանդիպմանը զրուցակիցները փաստել են երկկողմ փոխգործակցության ակտիվացման եւ փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների սահմանման կարեւորությունը: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու՝ Իսպանիայի կառավարության որոշման կապակցությամբ: Կողմերն անդրադարձել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիային եւ փխրուն հրադադարին: ՀՀ ԱԺ նախագահը կոչ է արել բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Իսպանիային, խստորեն եւ ուղիղ դատապարտել ադրբեջանական ռազմական ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի կոպտագույն խախտումները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իսպանիայի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի կենդանի եւ դինամիկ ժողովրդավարությունը լավ օրինակ է, ինչն էլ դրվելու է հետագա նախագծերի առանցքում: 
12:07 - 23 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը խնդրել է պատվիրակության ղեկավարին ջերմ ողջույններ փոխանցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյոյին եւ Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզին: Նա ընդգծել է, որ մեր երկիրը կարեւորում է Բելգիայի հետ բարձր մակարդակի շփումները: Այս համատեքստում առանցքային է համարվել բարեկամական խմբերի ձեւաչափերով համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը համագործակցության լավագույն օրինակ է համարել Դեմեսմեկերի կողմից այս տարվա հուլիսի 2-6-ը Բիրմինգհեմում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին հայկական կողմի ներկայացրած բանաձեւի նախագծում առաջարկած լրացումներին միանալը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի անվտանգությանը եւ Արցախի հայ բնակչության իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր: «Մենք ակնկալում ենք, որ մեր բելգիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման ուղղությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Նա վստահություն է հայտնել, որ ինչպես 2020 թ. պատերազմի դեպքում, այնպես էլ հիմա, բելգիացի գործընկերները ձայն կբարձրացնեն՝ դատապարտելու Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան: 
12:13 - 22 սեպտեմբերի, 2022
Անկախության համար պայքարածները, նրանց սերունդները և անկախ Հայաստանում ծնվածներն անցել և անցնում ենք բազում փորձությունների միջով․ Ալեն Սիմոնյան

Անկախության համար պայքարածները, նրանց սերունդները և անկախ Հայաստանում ծնվածներն անցել և անցնում ենք բազում փորձությունների միջով․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի առթիվ։ Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության միասնական երազանքի կատարման օրն է: Անկախության համար պայքարածները, նրանց սերունդները եւ անկախ Հայաստանում ծնվածներն անցել եւ անցնում ենք բազում փորձությունների միջով: Երախտիքի եւ շնորհակալության խոսքեր ենք հղում անկախության գաղափարին անմնացորդ հավատարիմ, բազում զրկանքներ եւ մարտահրավերներ կրած մեր եղբայրներին եւ քույրերին: Հարգանք եւ խոնարհում 31 տարվա ընթացքում հայրենիքի, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը չխնայած քաջերին: Մեր հայրենիքի համար այս օրերին, երբ ծանր կորուստներ ենք կրել, կարեւոր է ուժ գտնել` վանելու հուսահատությունը, գործելու եւ արարելու հանուն անկախության, հանուն ապագայի: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության, մեր վերագտած պետականության օրվա առթիվ»:
10:51 - 21 սեպտեմբերի, 2022
Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխությանը դեմ ենք լինելու․  Ջեքի Սփիեր

Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխությանը դեմ ենք լինելու․ Ջեքի Սփիեր

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել էին Ծիծառնակաբերդ, իսկ դրանից հետո ունեցել էին հանդիպում, որի ընթացքում քննարկվել էր տարածաշրջանում տիրող իրավիճակը։  Նրանք հանդես եկան նաև համատեղ ասուլիսով, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել ՀՀ ԱԺ նախագահին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին։  «Հանրային հեռուստաընկերության» այն հարցին, թե ինչպիսի՞ն է  պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը՝ Ադրբեջանի նպատակի մասին, որը Հայաստանի տարածքով միջանցք ստանալն է, Փելոսին պատասխանեց․ «Ինչպես տեսաք՝ ԱՄՆ-ի անմիջական արձագանքն այն էր՝ դադարեցնել բռնությունները եւ հրադադար հաստատել, եւ մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել [ագրեսիան](.խմբ), մենք ընդունել ենք»։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ  Ջեքի Սփիերն էլ իր հերթին շեշտեց, որ  շարունակելու են աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ դեմ են լինելու Հայաստանի սահմանների որեւէ փոփոխության։ «Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որի համահեղինակը բոլորս ենք՝ այստեղ ներկաներս, մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները, եւ ես հուսով ենք, որ մենք առաջ կշարժվենք այդ բանաձեւով»,- ասաց նա։ Ալեն Սիմոնյանին նույնպես հարց ուղղվեց, թե  վերջին իրադարձությունների համատեքստում ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՀ-ն ԱՄՆ-ից։ ՀՀ ԱԺ խոսնակը նշեց, որ Հայաստանը սպասում է ժողովրդավարության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ աջակցություն՝ բոլոր ու հնարավոր ուղղություններով։ «Եւս մեկ անգամ ուզում եմ խնդրել եւ հորդորել՝ դուրս բերել խոսակցության միջից միջանցք արտահայտությունը։ ՀՀ ստորագրած կամ քննարկած փաստաթղթերի մեջ կա մի միջանցք ւե դա Լաչինի միջանցքն է։ Մնացած բոլոր հիշատակումները դրանք կամ սակարկումներ են կամ թյուրըմբռնում այն քննարկումներին, որոնք կան, եւ չեմ կարծում, որ ճիշտ է՝ մենք այդ քննարկումներին ուժ տանք», - հավելեց Սիմոնյանը։    
14:26 - 18 սեպտեմբերի, 2022
Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն. Ալեն Սիմոնյան

Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին  սեպտեմբերի 18-ին Երևանում  հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։ Ավելի վաղ Սիմոնյանը և Փելոսին ավելի վաղ այցելել էին Ծիծառնակաբերդ, իսկ դրանից հետո ունեցել էին հանդիպում, որի ընթացքում քննարկվել էր տարածաշրջանում տիրող իրավիճակը։  Ասուլիսի ընթացքում Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար։ Ստորև ներկայացնում ենք Սիմոնյանի հայտարարությունը․ «Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Փելոսիի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները եւ երկկողմ փոխգործակցության լայն շրջանակը: Մեզ համար չափազանց կարեւոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մենք մշտապես զգացել ենք ամենադժվարին եւ մեզ համար զգայուն հարցերում: Հանդիպման ընթացքում խոսել ենք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին: Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլեւ բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի հետեւանքով կան բազում մարդկային կորուստներ: Հստակ է, որ Ադրբեջանի  ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Ուկրաինային: Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն: Շնորհակալ ենք նաեւ ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար: Հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը եւ իրականացվելիք քայլերը: Անդրադարձել ենք հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու քննարկել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում բարձր եմ գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը եւ իր առանցքային դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում: ԱՄՆ Կոնգրեսը շարունակաբար ապացուցել է, որ հուսալի գործընկեր է եւ կարեւոր հարթակ, որտեղ փոխըմբռնման եւ իրական բարեկամության մթնոլորտում կարող են քննարկվել Հայաստանին, Արցախին եւ հայ ժողովրդին վերաբերող բազմաթիվ հարցեր: Քննարկել ենք նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Երկուստեք կարեւորել ենք ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ օրակարգի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը»:  
12:54 - 18 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետև միացել են ընդլայնված կազմով քննարկմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում: «Հարգելի՛ բարեկամ, Ձեր այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկրի համար ծանրագույն շրջանում, և այն այս առումով առավել գնահատելի է: Ինչպես գիտեք, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ցավոք, զոհեր ունենք»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Նա շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք  բերված փխրուն զինադադարի համաձայնության համար, ինչպես նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի իշխանությանը, այդ թվում՝ բազմաթիվ կոնգրեսականների՝ վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու համար: Կողմերը քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր՝ ներառելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հետագա գործընթացներին վերաբերող մանրամասներ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հետագա միջխորհրդարանական համագործակցության նախագծերին: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդես են եկել հայտարարությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է. «Երբ մենք որևէ երկիր ենք գնում, մեզ համար կարևոր է անվտանգությունը: Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին: ԱՄՆ-ում հպարտանում ենք, որ շրջապատված ենք հայրենասեր հայերով, որոնք նաև մեր քաղաքացիներն են: Նրանք մեր ուժն են, մեր ամբողջության կարևոր բաղադրիչը»,- ասել է Նենսի Փելոսին: Հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարությամբ: 
12:10 - 18 սեպտեմբերի, 2022
Նենսի Փելոսին Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի ներկայիս անվտանգային իրավիճակը

Նենսի Փելոսին Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի ներկայիս անվտանգային իրավիճակը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են՝ այսօր ավելի ուշ Երևանում սպասում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը։     Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։    Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։ Խոսնակ Փելոսին կանդրադառնա մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։   Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։
15:19 - 17 սեպտեմբերի, 2022
«Ադրբեջանն ամեն ինչ է ուզում, ուզում է, որ Հայաստանը չլինի, հայերը չլինեն»․ Ալեն Սիմոնյան

«Ադրբեջանն ամեն ինչ է ուզում, ուզում է, որ Հայաստանը չլինի, հայերը չլինեն»․ Ալեն Սիմոնյան

«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, այսպես ասած, շարունակվում են, քննարկվում են, եւ ես մեծ հույս ունեմ, որ այդ պայմանագիրը մենք մոտ ապագայում կկարողանանք իրագործել»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցին, հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ իրադրությունը ԳՇ պետի հայտարարություններից հետո քիչ փոփոխության է ենթարկվել։ Հարձակումների մեծ մասը եղել է դիրքային, եւ հիմնական մարտերը տեղի են ունեցել դիրքային մասերում, եւ ի պատիվ մեր բանակի, ի պատիվ մեր զինվորականների՝ շատ թեժ մարտեր են եղել, մեր զինվորները բավականին մեծ դիմադրություն են ցուցաբերել, եւ որոշ տեղերում հետ են գրավել դիրքերը, որոնք ենթարկվել էին հարձակման․ «Այս պահի դրությամբ կա ներթափանցած 1-2 խումբ, հիմա որոնման աշխատանքներ են տարվում, դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, ենթադրում եմ՝ շատ արագ։ Մխրճվել են մի քանի տեղ, եւ փառք Աստծո, որեւիցե բնակավայր գրավված չէ, եւ որեւիցե բնակավայրում հակառակորդ չկա։ Բայց, ինչպես արդեն ասվել է, տարբեր տեղերում Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ եւ գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում»,– ասաց նա։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ միակ ռեալ կարիքը, որ այսօր բանակում կա, եւ կապված չէ մեր ցանկության կամ գործելաոճի հետ, զենքի կարիքն է, որովհետեւ զենքն այն բանն է, որի կարիքը անընդմեջ ստեղծվում է, իսկ մնացած բոլոր կարիքները հոգալու առումով ՊՆ–ն ամեն ինչ անում է․ «Կառավարությունը որեւիցե գումարային խնդիր չունի, այսինքն՝ գումարի խնդիր չունենք, որը պետք է հատկացվի, եւ անհրաժեշտ պարագաները գնվեն։ Զենքի առումով տարբեր միջոցներ ենք ձեռնարկում, եւ չենք բավարարվում մեկ ուղղությունից զենքի հետ կապված լուծումներ տալու, այդ աշխատանքները անընդմեջ կատարվում են»։ Ըստ Սիմոնյանի՝ վերջին իրադարձությունների կանգնեցման ամենամեծ հեղինակը ԱՄՆ–ն է․ «Մեծ է եղել ԱՄՆ աջակցությունը, բայց ես չեմ ուզում որեւիցե ձեւով դա գերադասել, օրինակ, Ֆրանսիայի կամ ՌԴ միջամտությունից»։ Անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի՝ ՀՀ այցին՝ Սիմոնյանն ասաց, որ նա Հայաստան է գալու իր հրավերով․ «Այնուամենայնիվ, դա քաղաքական աշխատանք է, մեր դեսպանի, մեր քաղաքական թիմի մեծ աշխատանքն է, դա նաեւ գնահատական է ժողովրդավարության աստիճանին, որը ՀՀ–ում գոյություն ունի, եւ ես շնորհակալ եմ Փելոսին, որ նա չչեղարկեց իր այցը, որովհետեւ ես այցի մասին գիտեի շատ ավելի վաղ։ Ասեմ, որ իր այցելությունը շատ մեծ դեր կունենա հենց անվտանգության առումով»։ Անդրադառնալով ռազմական դրության հավանականությանը՝ նա ասաց․ «Մենք կարծում ենք, որ ռազմական դրություն հայտարարելը այս պահին կարող է որպես ագրեսիայի քայլ դիտարկվել, որովհետեւ Ադրբեջանը իր գործողություններից առաջ մշտապես արդարացում է բերում, որ մենք պատրաստվում ենք հարձակման, որ ինչ–որ պրովոկացիա ենք արել»: Ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցին, թե ի վերջո ինչ է ուզում Ալիեւը, որ մենք չենք տալիս բանակցություններով, եւ ուզում են վերցնել ուժով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իրենք ամեն ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն իրենք եւ Թուրքիան, եւ այդ ուղղությամբ անում են ամեն ինչ։ Մարտավարությունը այսպիսին է․ հենց ինչ–որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում եւ այլ բան է ուզում, եւ այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով։ Այսօր մենք ցուցադրել ենք, որ մենք այդ ճանապարհով այլեւս չենք կարող գնալ եւ չենք գնալու, եւ դրա մասին է մեր կռիվը, եւ դրա մասին են մեր հայտարարությունները, որ այլեւս պատրաստ ենք քննարկել խաղաղության պայմանագիրը առանց նախապայմանների, եւ ոչ մի բան ավելի»։ Արձագանքելով Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե հայտարարությունը, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է, որ մենք ոչինչ չենք զիջելու, եւ միջանցք չի լինելու, ընդդիմության կողմից գնահատվեց, որ «այ, ոչ մի խոսք չկար Արցախի մասին, եւ դուք պատրաստ եք Արցախը հանձնել», Ալեն Սիմոնյանը ասաց․ «Հիմա հարձակման է ենթարկվել ՀՀ–ն, Արցախի մասին ինչ խոսք կա, եւ ինչի մասին կարող ենք խոսել, գտնվում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում։ Արցախի անվտանգությունը ապահովում են ՌԴ խաղաղապահները, եւ ՀՀ–ն ամեն ինչ անում է Արցախի համար եւ արցախցիների համար եւ անում է շատ ավելի շատ, քան երբեւիցե արվել է։ Բայց այսօր 29 800 կմ քառակուսին ՀՀ ինքնիշխան տարածքն է, եւ ես ու վարչապետը ներկայացնում ենք ՀՀ–ն։ Այսօր ՀՀ–ն հարձակման է ենթարկվել, եւ մենք խոսում ենք ՀՀ անվտանգությունը ապահովելու մասին»։ Խոսելով ՀԱՊԿ–ից ունեցած ակնկալիքների մասին՝ ԱԺ նախագահը նշեց, որ իրենք շատ դժգոհ են, այն ակնկալիքները, որ կային, բնական է, չեն արդարացվում․ «Կապ ունենալով մեր ժողովրդի հետ եւ ներկայացնելով ՀՀ ժողովրդին՝ մենք շատ երկար չենք կարողանալու բացատրել, թե ինչու ՀԱՊԿ–ը չի անում այն, ինչ նախատեսված է։ Եվ բնական է, մենք դրանից հետեւություններ ենք անելու, անում ենք եւ արդեն արել ենք»։ Ըստ Սիմոնյանի՝ իրենք նաեւ ռուս գործընկերներից են ակնկալում են շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե հայտարարությունների կամ կցկտուր, կիսատ խոսքերի մակարդակով․ «Ես զարմացած եմ եւ իմ անհամաձայնությունն եմ հայտնում, որ իրենց Հանրային հեռուսաընկերությունը ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ հնչում են սադրիչ հայտարարություններ ՀՀ ղեկավարության հանդեպ։ Մենք անկեղծ չենք հասկանում՝ ինչ մարտավարություն է դա եւ ինչի համար։ Կարո՞ղ է դա անճարությունից է, չգիտեմ»։ Արձագանքելով Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, որ շատերը ասում են՝ Պուտինը չի սիրում ՀՀ գործող իշխանություններին, այլ սիրում է Ռոբերտ Քոչարյանին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Գիտե՞ք՝ ինչ, եթե սիրում է, արդյո՞ք դա փոխում է այն բանը, որ մենք այսօր սպասում ենք ռազմական օգնության, եւ այդ օգնությունը չկա։ Սա աղջիկ ուզելու խոսակցություն չէ, որ մեկը մեկին սիրում է, կամ չէ։ Արդյո՞ք ՌԴ–ն շահեր ունի այստեղ թե՞ ոչ։ Լավ, վարչապետին չեն սիրում, Քոչարյանին են սիրում կամ Սերժ Սարգսյանին են սիրում կամ մեզ են սիրում։ Սիրելու մասին չէ այս խոսակցությունը։ Ուրիշ բան ասեմ․ եթե անվտանգության գինը մեր հեռանալն է, թող բաց ասեն, մենք հիմա հեռանանք։ Դա ընդհանրապես քննարկելու բան չէ, դա կեղծ, հնարած բան է։ Այո, մենք իշխանություն ենք, որը Բրյուսելից, Մոսկվայից եւ Վաշինգտոնից «դաբրո» ստանալու չունենք, ներողություն, բայց եթե բաց ենք խոսում, մեր չակերտավոր «դաբրոն» ՀՀ ժողովուրդն է»,– նշել է նա։  
00:41 - 17 սեպտեմբերի, 2022
Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն․ Ալեն Սիմոնյան

Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ երեկա հրադադարի հաստատման գործում մեծ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ը։ ԱԺ-ում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե միջազգային որ գործընկերներն են գլխավոր դերակատար եղել հրադադարի հաստատման գործում, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումը ունեցել են՝ ՌԴ-ը, Ֆրանսիայի Հանրապետությունը։ Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ը, և դա շատ ողջունելի է»։ Հիշեցնենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հրադադար է հաստատվել։ ՀՀ ՊՆ-ը հայտնել է, որ այսօր՝ Ժամը 11:00-ի դրությամբ, հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: ԱԺ նախագահը նաև անդրադարձավ երեկվա բողոքի ակցիայի ժամանակ պատգամավորների հասցեները հրապարակելու և նարնց տներ գնալու փաստին․ «Դա հայ ժողովրդի հետ կապ չունեցող գործելաոճ է, շատ ավելի բնորոշ է մեր հարևան երկրի բնակիչներին։ Բոլոր մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ հրապարակել իմ տան հասցեն կամ իմ գործընկերների տան հասցեն, ինչ-որ մարդկանց ուղղորդել, ես իրենց շատ վաղուց և շատ հեռու ուղղորդում եմ մի կոնկրետ ուղղությամբ։ ․․․․ Ես նշված հասցեում (երեկ հրապարակված հասցեում- խմբ․) չեմ բնակվում և չգիտեմ՝ եկել են, թե չէ։ Մարդիկ կան, որ բնակվում են, նրանց ծնողներն են բնակվում։ Ես երկու մանկահասակ երեխա ունեմ, մեզանից շատերը մանկահասակ երեխա ունեն, և էդ մարդիկ ուղղակի իրենց պատասխանատվություն չեն տալիս իրենց արարքի համար, և վստահեցնում եմ, որ իրենք դրա վերաբերյալ դեռ շատ երկար զղջալու են»։  
16:37 - 15 սեպտեմբերի, 2022