Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Մեր մշակույթների ու դարաշրջանների խաչմերուկ քաղաքը դեռ կտոնի իր օրը․ Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է քաղաքի օրվա առթիվ

Մեր մշակույթների ու դարաշրջանների խաչմերուկ քաղաքը դեռ կտոնի իր օրը․ Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է քաղաքի օրվա առթիվ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, նշվում է Ստեփանակերտի օրը, ինչի կապակցությամբ հրապարակմամբ է հանդես եկել քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասված է․   «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր նշում ենք Ստեփանակերտի օրը: Արցախի մայրաքաղաքն իր հերոսական անցյալով միանշանակ արժանի է տոնական՝ գունագեղ հանդերձանքի, հետաքրքիր միջոցառումների, ինչին արդեն սովոր էին Ստեփանակերտը, ստեփանակերտցիներն ու հյուրերը: Բայց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ը նաև այս առումով անխուսափելի փոփոխություններ պարտադրեց: Տոնական միջոցառումներից ձեռնպահ մնալով հանդերձ` այսօր պարտավոր ենք կրկնակի ու եռակի ջանքեր ուղղել հերոսների կյանքի գնով պաշտպանված մեր հայրենիքի այս փոքրիկ պատառիկը շենացնելուն, ամրացնելուն։   Պարտավոր ենք հանուն մեր նահատակների հիշատակի, պարտավոր ենք հանուն գալիք սերունդների։ Այդ խորդուբորդ, բայց և պատվաբեր ուղին ենք ընտրել 1990-ականներից ի վեր։ Անցնող ամեն օրը նշանավորվում է մայրաքաղաքի դիմագծում ևս մեկ երանգ ավելացնելով՝ ևս մեկ շենք կառուցելով, ևս մեկ փողոց բարեկարգելով, քաղաքային միջավայրը ևս մեկ նոր հնարավորությամբ համալրելով։   Պատերազմից հետո Ստեփանակերտի բնակչության կտրուկ աճ ունեցանք։ Արցախի օկուպացված բնակավայրերից տեղահանված մեր հազարավոր հայրենակիցները Ստեփանակերտում են ապաստան գտել։ Մենք բոլորին ընդունել ենք գրկաբաց։ Վստահ ենք՝ կգա օրը և կկատարվի նրանց երազանքը. յուրաքանչյուրն իր հարազատ օջախը վերադառնալու հնարավորություն կունենա:   Իսկ մինչ այդ կանենք ամեն ինչ, որ քաղաքի ենթակառուցվածքները արդիականացնենք, հզորացնենք` չնախատեսված ծանրաբեռնվածությունը հաղթահարելու, մայրաքաղաքի բնականոն կյանքը չխաթարելու համար։ Օգտվելով պատեհ առիթից՝ ուզում եմ երախտագիտությունս հայտնել մեր համայնքային ընկերություններին ու գործընկեր բազմաթիվ կազմակերպություններին քաղաքի կենսագործունեությունն ապահովելու համար... Խունկ ու խոնարհում մեր հերոսների հիշատակին, որոնք գիտակցաբար իրենց կյանքը զոհասեղանին դրեցին նաև հանուն Ստեփանակերտի …   Սիրելի՛ հայրենակիցներ, մեր մշակույթների ու դարաշրջանների խաչմերուկ քաղաքը դեռ կտոնի իր օրը խինդուծիծաղով, երգուպարով: Յուրաքանչյուրս՝ մեր տեղում և ամենայն պատասխանատվությամբ, պարզապես պետք է հնարավորն անենք այդ օրը մոտեցնելու համար... Շնորհավո՜ր տոնդ, Արցախի քաղաքամայր, մեր սրտի քաղաք Ստեփանակե՛րտ»:
11:28 - 24 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարը «Հայաստան» հիմնադրամի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

Արցախի ԱԳ նախարարը «Հայաստան» հիմնադրամի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Լոս Անջելեսում հանդիպել է ԱՄՆ-ում «Հայաստան» հիմնադրամի նախագահ Մարիա Մեհրանյանի և կառույցի խորհրդի պատասխանատուների հետ։ Այս մասին հաղորդում են Արցախի ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։ Նախարար Բաբայանը բարձր է գնահատել կազմակերպության ներդրումը Արցախի զարգացման և շենացման գործում՝ նշելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործուն մասնակցություն է ունեցել Արցախում իրականացված մի շարք ռազմավարական ծրագրերում։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
10:45 - 24 սեպտեմբերի, 2022
Արցախի սահմանադրական հանձնաժողովը առաջարկում է սահմանադրորեն ամրագրել երկքաղաքացիություն ունենալու իրավունքը

 |armenpress.am|

Արցախի սահմանադրական հանձնաժողովը առաջարկում է սահմանադրորեն ամրագրել երկքաղաքացիություն ունենալու իրավունքը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է երկքաղաքացիության (կրկնակի քաղաքացիության) հետ կապված հարաբերությունները կանոնակարգել սահմանադրական մակարդակով:  Այս մասին նշված է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծում, որը տեղադրվել է Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am): «Պետք է նշենք, որ ո´չ 2006 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ո´չ էլ 2017 թվականի Արցախի Հանրապետության Սահմանադրություններով անդրադարձ չի կատարվել երկքաղաքացիությանը (կրկնակի քաղաքացիությանը): Ընդ որում, Սահմանադրությամբ նախատեսված չլինելը երկքաղաքացիությունն (կրկնակի քաղաքացիությունն) Արցախի Հանրապետությունում բացառելու հիմք չեն: Այդ մասին են վկայում կազմավորման պահից ի վեր Արցախի Հանրապետությունում ընդունված իրավական ակտերը, որոնցով մանրամասնվել են երկքաղաքացիության (կրկնակի քաղաքացիության) հետ կապված հարաբերությունները: Այսպես, դեռևս 1992 թվականի հունվարի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին» հռչակագրով սահմանվեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թույլատրվում է երկակի քաղաքացիություն: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հիմունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանվեց, որ կրկնական քաղաքացիության ձեռքբերման կարգը և հիմքը կարգավորվում է այլ պետությունների հետ պայմանագրերով: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  քաղաքացիության հիմնական սկզբունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով էլ կարգավորվեցին կրկնակի քաղաքացիության հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, սահմանվեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին կարող է միաժամանակ հանդիսանալ այլ պետության /այլ պետությունների/ քաղաքացի կամ օտարահպատակ և կատարել այլ պետության /այլ պետությունների/ քաղաքացու կամ օտարահպատակի պարտականությունները՝ … օրենքին համապատասխան, եթե դա նախատեսված է կողմերի միջև կնքված միջազգային իրավական ակտերով»,- նշված է նախագծում: Հաշվի առնելով Արցախի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ ամրագրված իրավակարգավորումները, ինչպես նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների համար գործնականում այդ իրավունքի իրացման սահմանադրաիրավական հիմքերի ամրագրման նպատակով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է երկքաղաքացիության (կրկնակի քաղաքացիության) հետ կապված հարաբերությունները կանոնակարգել սահմանադրական մակարդակով՝ Սահմանադրությունում ամրագրելով հետևյալը. «Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Արցախի Հանրապետության օրենքներին և/կամ միջազգային պայմանագրերին համապատասխան, կարող է ունենալ այլ պետության քաղաքացիություն»:
13:10 - 23 սեպտեմբերի, 2022
Արցախի սահմանադրական հանձնաժողովն առաջարկում է անցնել կառավարման կիսանախագահական համակարգի |armenpress.am|

Արցախի սահմանադրական հանձնաժողովն առաջարկում է անցնել կառավարման կիսանախագահական համակարգի |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծում, որը տեղադրվել է Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am): «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նորմերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում գործադիր իշխանության համար կրում է անհատական պատասխանատվություն: Գործադիր իշխանությունն իրականացվում է մեկ կենտրոնի՝ Հանրապետության նախագահի կողմից: Հանդիսանալով Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր՝ նրա ձեռքում է կենտրոնացած ամբողջ գործադիր իշխանությունը: Նա է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Անվտանգության խորհրդի նախագահը, նա է ղեկավարում պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր և չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ Հանրապետության Նախագահի ձեռքում»,- նշված է նախագծում: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը գտնում է, որ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարող է առաջանալ իրավաքաղաքական ճգնաժամի վտանգ: «Այսպես, Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, արգելվում է արձակել Ազգային ժողովը, նշանակել հանրաքվե, նշանակել կամ ազատել Կառավարության անդամներին, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը: Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, հաշվի առնելով Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի կողմից լիազորությունների միաժամանակյա ստանձնումը, նախատեսված է Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու) Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջը: Նույն մեխանիզմը գործում է նաև Ազգային ժողովի արձակման դեպքում: Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իրավական ընթացակարգերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը և ընտրությունների արդյունքներով գործադիր իշխանության ղեկավար ու խորհրդարան կազմավորելը, պետական կառավարման համակարգը լիարժեք չի գործում, գործադիր իշխանությունը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում «կաթվածահար է» լինում, պարարտ հող է նախապատրաստվում սահմանադրական ճգնաժամերի համար»,- ասված է նախագծում: Ուստի, հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին: Առաջարկվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ անդրադառնալ Անվտանգության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին, մասնավորապես, վերանայել Անվտանգության խորհրդի խորհրդակցական բնույթը, սահմանել Անվտանգության խորհրդի գործունեության հիմնական նպատակները, լիազորությունները, ինչպես նաև ամրագրել, որ Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով: Կառավարման կիսանախագահական համակարգի դեպքում, խորհրդարանը մասնակցում է կառավարության ձևավորմանը, մասնավորապես, կառավարության կառուցվածքը, կառավարության առաջարկությամբ, սահմանվում է օրենքով: Գործող Սահմանադրությամբ, որպես խորհրդարանի կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության արդյունավետ միջոց, ամրագրված է հարցապնդման ինստիտուտը, որն իրականացվում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից: «Ի լրումն գործող իրավակարգավորումների՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանել, որ հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը Հանրապետության նախագահին կարող է առաջարկել քննարկել կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը: Պետք է նշենք, որ կառավարման կիսանախագահական համակարգին անցում կատարելու արդյունքում անհրաժեշտ է լինելու վերանայել ինչպես Հանրապետության նախագահի, այնպես էլ՝ Ազգային ժողովի և կառավարության լիազորությունները՝ ապահովելով իշխանության բոլոր ճյուղերի արդյունավետ գործունեությունը»,- նշված է նախագծում:
12:34 - 23 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարն ու ՌԱԿ ղեկավար կազմը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Արցախի ԱԳ նախարարն ու ՌԱԿ ղեկավար կազմը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 22-ին ժամանել է  Լոս Անջելես, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ Արևմտյան շրջանի Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ղեկավար կազմի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։ Քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ռամկավար ազատական կուսակցությանը Արցախին մշտապես սատարելու համար՝ այդ համատեքստում կարևորելով հայկական ավանդական կուսակցությունների դերակատարությունը հայապահպանության, համազգային խնդիրների լուծման և Արցախի շահերի պաշտպանության գործում։
10:59 - 23 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ

«ԱՄՆ Կոնգրեսի  հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 20-ին և 21-ին կազմակերպել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումները ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Նախարար Բաբայանը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ԱՄՆ Կոնգրեսի  հայկական հարցերով հանձնախմբի հետ սերտ հարաբերությունները շարունակական և արդյունավետ կլինեն նաև ապագայում։ Հանդիպումներին մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը»,- նշված է ԱՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում։
11:29 - 22 սեպտեմբերի, 2022
Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին․ Արցախի ՄԻ պաշտպանի ուղերձը

Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին․ Արցախի ՄԻ պաշտպանի ուղերձը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ իր գործընկերոջը՝ Քրիստիննե Գրիգորյանին, ՀՀ անկախության տոնի առթիվ․ «Հարգելի տիկին Գրիգորյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բոլոր անդամներին և համայն հայությանը Մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության 31-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հայաստանի անկախությունն ու պետականությունը մեր հազարամյա ժողովրդի երազանքի մարմնավորումն է, արժեք, որ ձեռք է բերվել հարյուրավոր սերունդների մաքառմամբ և սրբագործվել՝ հազարավոր նահատակների զոհողությամբ։ Անկախ Հայաստանի գոյությունն իր հայրենիքում իր իրավունքներն ու ազատությունները լիակատար ու անխոչընդոտ իրացնելու հայ մարդու և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առանձնաշնորհյալ հնարավորությունն է ու երաշխիքը։ Աներկբա է, որ այդ երաշխիքն ամրացնելու գործում նշանակալի է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակավոր դերն ու արհեստավարժ գործունեությունը։ Պետականության առաջ ծառացած մարդահրավերներն այսօր էլ շատ են, որոնց հաղթահարումը պահանջում է ներուժի կենտրոնացում և համատեղում, անխոնջ աշխատանք ու անհուն նվիրում։ Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ՝ գոհունակություն և երախտագիտություն եմ հայտնում բոլոր պաշտպանների օրոք երկու ՄԻՊ հաստատությունների միջև ձևավորված և այսօր էլ շարունակվող սերտ ու անխզելի համագործակցության համար։ Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին՝ անսասան պահելու հայոց պետականությունն ու անկախությունը։  
13:48 - 21 սեպտեմբերի, 2022
Համազգային իղձերի հանգուցալուծումների մարտավարություններում հայ ժողովուրդը պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան. Արցախի ԱԺ նախագահ

Համազգային իղձերի հանգուցալուծումների մարտավարություններում հայ ժողովուրդը պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան. Արցախի ԱԺ նախագահ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հա´յ ժողովուրդ Հազարամյակների թոհուբոհը հաղթահարած, պատմության  քառուղիներում երբեմն պետականությունը կորցրած ու այն վերակերտած հայ ժողովրդի բնօրրանը ՝ Հայաստանի  Հանրապետությունը, 31 տարեկան է։ Ազգային-ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը։ Եվ այսօր հայոց պետականությունը կանգնած է ազգային ինքնությանն ու լինելիությանը սպառնացող լուրջ վտանգների առջև։ Համազգային իղձերի հանգուցալուծումների մարտավարություններում հայ ժողովուրդը պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան: Սեպտեմբերյան վերջին իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին մեկ անգամ ևս փաստեցին, որ աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերիներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։ Խոնարհումս Արցախյան բոլոր պատերազմներում և ՀՀ սահմանների պաշտպանության համար հայրենի հողը իրենց արյամբ սրբագրած քաջորդիների հիշատակին։ Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ Հայաստան աշխարհին և ողջ հայությանը մաղթում եմ կայուն ու ապահով խաղաղություն և բարեկեցություն։ Աստված ապավեն հայկական պետականությանը»։   
13:47 - 21 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ

Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ

Սեպտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։   Կարևորելով Արցախում ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունություն ապահովելու գործում՝ քննարկել են ընդհանուր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում առկա և հետագա հնարավոր զարգացումները։   Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին։ Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և ընթացիկ շինարարական աշխատանքների ավարտմանը զուգընթաց կվերանան առկա խնդիրները։   Հանդիպմանն ընդգծվել է տարբեր ձևաչափով հաճախակի շփումների անհրաժեշտությունը, որի արդյունքում լուծումներ կտրվեն հասարակությանը հուզող մտահոգություններին։
12:54 - 21 սեպտեմբերի, 2022
Հզոր, ծաղկող ու զարգացած Հայրենիքը բոլոր հայերի նվիրական երազանքն է՝ Մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում. Արցախի նախագահ

Հզոր, ծաղկող ու զարգացած Հայրենիքը բոլոր հայերի նվիրական երազանքն է՝ Մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է, 31-րդ տարեդարձը: Այն խորհրդանշում է համամարդկային ու ազգային արժեքներին հայ ժողովրդի հավատարմությունը, այդ արժեքների համար պայքարելու նրա անսասան կամքն ու ազատատենչ ոգին: Հզոր, ծաղկող ու զարգացած Հայրենիքը բոլոր հայերի նվիրական երազանքն է՝ Մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Եվ այդ երազանքի շուրջ համախմբումը օրվա հրամայական է ու միակ ճիշտ ուղին այն իրականություն դարձնելու համար. մենք այլ ճանապարհ չունենք: Այսօր կրկին հայը կանգնած է նոր լրջագույն մարտահրավերների առջև, որոնք սպառնալիք են հայոց պետականությանը, ազգային ինքնությանն ու ապագային: Պահը վճռորոշ է բազմադարյա պատմություն ու քաղաքակրթություն ունեցող մեր ժողովրդի և հայոց աշխարհի համար: Ուրեմն, եկեք բոլորս միասին, միակամ ու հաստատակամորեն, լցված հավատով ու իմաստնությամբ տեր կանգնենք հայոց անկախ պետականությանը, այն պահենք ամուր ու աներեր՝ հանուն մեր բոլոր նահատակների սուրբ հիշատակի և ապագա սերունդների: Խաղաղություն ու բարօրություն մեր Հայրենիքին և ժողովրդին»,- ասված է ուղերձում:
10:30 - 21 սեպտեմբերի, 2022
Արցախի խորհրդարանականները շեշտել են, որ միասնական են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, անվտանգային հարցերում

Արցախի խորհրդարանականները շեշտել են, որ միասնական են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, անվտանգային հարցերում

Սեպտեմբերի 20-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները մամլո ասուլիս են հրավիրել, որի ընթացքում ներկայացրել են սեպտեմբերի 15-17-ը Երևան կատարած այցի արդյունքները: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։ Արցախի խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԺ նախագահի, խորհրդարանական 3 քաղաքական ուժերի հետ: Քննարկվել են Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, աշխարհաքաղաքական զարգացումների, ՀՀ վարչապետի վերջին հայտարարության հետ կապված հարցեր: ԱՀ ԱԺ քաղաքական ուժերին հավաստիացրել են, որ օրակարգում չկա որևէ փաստաթուղթ, որը կարող է վնաս բերել Արցախին ու Հայաստանին: Հանդիպումներից մանրամասներ ներկայացնելուց հետո պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցերին:Դրանք վերաբերում էին Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցությանը, տարբեր հարցերի շուրջ քաղաքական ուժերի դիրքորոշմանը, Արցախի անվտանգությանը: Խորհրդարանականները շեշտել են, որ միասնական են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, անվտանգային հարցերում: Նրանք կարևորել են համերաշխության մթնոլորտի ձևավորումը, երկրի փրկության շուրջ բոլոր կարող ուժերի միավորման անհրաժեշտությունը: 
13:57 - 20 սեպտեմբերի, 2022
Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ․ քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունները

Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ․ քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունները

Սեպտեմբերի 16-ից 18-ը Հայաստանի Հանրապետություն էր այցելել Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Այս մասին Զատուլինը տեղեկացրել է Տելեգրամի իր ալիքում։  Զատուլինը ծանոթացել է անցյալ շաբաթվա սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկման հետևանքով ստեղծված իրավիճակին և, մասնավորապես, եղել է առողջարանային Ջերմուկ քաղաքի շրջակայքում, որը ենթարկվել է հրետակոծության ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետության տարածք խորքային առաջխաղացման ժամանակ։ Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Վերջինիս հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը։ Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը Կոնստանտին Զատուլինին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Զատուլինը Մոսկվա է վերադարձել սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյան։
11:23 - 20 սեպտեմբերի, 2022
ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու․ ԱՀ նախագահ

ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու․ ԱՀ նախագահ

Բանացկությունների միջոցով պետք լուծվեն ոչ միայն Արցախ-Ադրբեջան, այլև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները, և այդ մոտեցմանը պետք է կողմնակից լինի նաև Ադրբեջանը։ Այս մասին այսօր իր ելույթում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։   «Որքան էլ տարաբնույթ դժվարություններ ու անվտանգային ռիսկեր ծագեն, միևնույն է, Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է, իսկ ի լրումն միջազգային ու պետական երաշխիքների ու ջանքերի՝ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ ևս պետք է պատրաստ լինի ստանձնելու Արցախը հայկական պահելու սուրբ գործի իր բաժին ռիսկն ու պատասխանատվությունը»,- նշեց նա։ Անդրադառնալով արտաքին քաղաքական հարցերին՝ ԱՀ նախագահը նշեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ և պետք է կարգավորվի առաջնահերթ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա։ «Անընդունելի ու անհիմն են փորձերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի միջոցով ստվեր գցելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, քանի որ իրավունքը մշտապես գերակա է սկզբունքի հանդեպ։ տվյալ պարագայում ինքնորոշման իրավունքի միակ սուբյեկտն Արցախի ժողովուրդն է, որը չի դադարեցնելու իր պայքարը սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը որոշելու և լիիրավ կերպով տնօրինելու համար։ Եվ վստահ եմ, որ այդ պայքարը շարունակվելու է ողջ հայ ազգի ու մեր արժեքահեն բարեկամների անվերապահ աջակցությամբ»,- ասաց նա։ Հարությունյանը նաև անդրադարձավ Արցախի անկախության ճանաչման հարցին․ նշելով․ «Սեփական տեսակը պահպանելու պատմությունը թեև մեզ կանգնեցրել է արյան գնով երկու հայկական պետություն ստեղծելու հարկադրանքի առաջ, այնուհանդերձ մենք մշտապես ապրել ու հիմա էլ առաջնորդվում ենք հայկական մեկ միասնական հայրենիքի գաղափարով, որի դեպքում պետք է լիարժեք գիտակցենք միմյանց նկատմամբ մեր պատասխանատվության չափն ու նշանակությունը և անպատասխանատու վարքի հետևանքները։ Ուստի, ինքնորոշման իրավունքի և մեր ազգային շահերի հիման վրա մենք շարունակում ենք ձգտել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, որը մեր ընտրած ուղին է՝ 1991 թ․ իր վեր, որը, մյուս կողմից, չպետք է հարվածի տակ դնի Մայր Հայաստանի հետ ինտեգրման բարձր մակարդակը։ Պետք է զինվենք համբերությամբ ու ռազմավարական պայքարով շարունակենք մեր ընտրած ճանապարհը՝ հստակ պահելով կարմիր գծերը։ Այդ կարմիր գծերի պահպանման համատեքստում են մեր այն հայտարարությունները, որ մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս։ Այս առումով մենք պարբերաբար քաղաքական խորհրդակցություններ ենք անցկացնում ՀՀ իշխանությունների հետ, որոնք ընթացքում ներկայացրել ու ներկայացնում ենք մեր դիրքորոշումները՝ Արցախի ապագայի, հատկապես անվտանգության ու կարգավիճակի հետ կապված։ ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց մեզ հետ քննարկելու և Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու»։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ցանկացած խնդիր, որը հնարավոր է լուծել բանակցություններով, պետք է լուծել բանակցություններով, հենց այդ պատճառով են հետպատերազմյան շրջանում պարբերական շփումներ տեղի ունենում Ադրբեջանի հետ անհետ կորածների որոնման, ջրային ռեսուրսների օգտագործման, ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և այլ նպատակներով։ «Արցախի իշխանությունները որևէ կարմիր գիծ չեն խախտում ու չեն խախտելու ադրբեջանական կողմի հետ նմանատիպ փոխշփումների ընթացքում, հակառակը՝ դրանց միջոցով կարողացել ենք բազմաթիվ մեծ ու փոքր հիմնախնդիրներ լուծել և կանխել»,- նշեց ԱՀ նախագահը։ Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսում է կարևոր կադրային և ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարել պետական կառավարման համակարգում և սկզբունքային քաղաքական հարցերի շուրջ հանրության հետ երկկողմանի կապի ապահովման մեխանիզմներում։
20:00 - 19 սեպտեմբերի, 2022