ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու․ ԱՀ նախագահ
20:00 - 19 սեպտեմբերի, 2022

ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու․ ԱՀ նախագահ

Բանացկությունների միջոցով պետք լուծվեն ոչ միայն Արցախ-Ադրբեջան, այլև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները, և այդ մոտեցմանը պետք է կողմնակից լինի նաև Ադրբեջանը։ Այս մասին այսօր իր ելույթում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։  

«Որքան էլ տարաբնույթ դժվարություններ ու անվտանգային ռիսկեր ծագեն, միևնույն է, Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է, իսկ ի լրումն միջազգային ու պետական երաշխիքների ու ջանքերի՝ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ ևս պետք է պատրաստ լինի ստանձնելու Արցախը հայկական պահելու սուրբ գործի իր բաժին ռիսկն ու պատասխանատվությունը»,- նշեց նա։

Անդրադառնալով արտաքին քաղաքական հարցերին՝ ԱՀ նախագահը նշեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ և պետք է կարգավորվի առաջնահերթ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա։

«Անընդունելի ու անհիմն են փորձերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի միջոցով ստվեր գցելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, քանի որ իրավունքը մշտապես գերակա է սկզբունքի հանդեպ։ տվյալ պարագայում ինքնորոշման իրավունքի միակ սուբյեկտն Արցախի ժողովուրդն է, որը չի դադարեցնելու իր պայքարը սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը որոշելու և լիիրավ կերպով տնօրինելու համար։ Եվ վստահ եմ, որ այդ պայքարը շարունակվելու է ողջ հայ ազգի ու մեր արժեքահեն բարեկամների անվերապահ աջակցությամբ»,- ասաց նա։

Հարությունյանը նաև անդրադարձավ Արցախի անկախության ճանաչման հարցին․ նշելով․

«Սեփական տեսակը պահպանելու պատմությունը թեև մեզ կանգնեցրել է արյան գնով երկու հայկական պետություն ստեղծելու հարկադրանքի առաջ, այնուհանդերձ մենք մշտապես ապրել ու հիմա էլ առաջնորդվում ենք հայկական մեկ միասնական հայրենիքի գաղափարով, որի դեպքում պետք է լիարժեք գիտակցենք միմյանց նկատմամբ մեր պատասխանատվության չափն ու նշանակությունը և անպատասխանատու վարքի հետևանքները։ Ուստի, ինքնորոշման իրավունքի և մեր ազգային շահերի հիման վրա մենք շարունակում ենք ձգտել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, որը մեր ընտրած ուղին է՝ 1991 թ․ իր վեր, որը, մյուս կողմից, չպետք է հարվածի տակ դնի Մայր Հայաստանի հետ ինտեգրման բարձր մակարդակը։

Պետք է զինվենք համբերությամբ ու ռազմավարական պայքարով շարունակենք մեր ընտրած ճանապարհը՝ հստակ պահելով կարմիր գծերը։ Այդ կարմիր գծերի պահպանման համատեքստում են մեր այն հայտարարությունները, որ մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս։ Այս առումով մենք պարբերաբար քաղաքական խորհրդակցություններ ենք անցկացնում ՀՀ իշխանությունների հետ, որոնք ընթացքում ներկայացրել ու ներկայացնում ենք մեր դիրքորոշումները՝ Արցախի ապագայի, հատկապես անվտանգության ու կարգավիճակի հետ կապված։ ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց մեզ հետ քննարկելու և Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու»։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ցանկացած խնդիր, որը հնարավոր է լուծել բանակցություններով, պետք է լուծել բանակցություններով, հենց այդ պատճառով են հետպատերազմյան շրջանում պարբերական շփումներ տեղի ունենում Ադրբեջանի հետ անհետ կորածների որոնման, ջրային ռեսուրսների օգտագործման, ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և այլ նպատակներով։

«Արցախի իշխանությունները որևէ կարմիր գիծ չեն խախտում ու չեն խախտելու ադրբեջանական կողմի հետ նմանատիպ փոխշփումների ընթացքում, հակառակը՝ դրանց միջոցով կարողացել ենք բազմաթիվ մեծ ու փոքր հիմնախնդիրներ լուծել և կանխել»,- նշեց ԱՀ նախագահը։

Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսում է կարևոր կադրային և ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարել պետական կառավարման համակարգում և սկզբունքային քաղաքական հարցերի շուրջ հանրության հետ երկկողմանի կապի ապահովման մեխանիզմներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել