Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Տեղեկություն՝ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի մասին

Տեղեկություն՝ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի մասին

Այսուհետ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրից կկարողանան օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Նախկինում հետվճարը ձևավորվում էր 5% բանկի և 5% պետության մասնակցությամբ. այսուհետ ամբողջ 10% հետվճարը կտրամադրի պետությունը։ Այսպիսով, եթե կենսաթոշակառու կամ նպաստառու եք և ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում կատարեք անկանխիկ գործարքներ, ապա կստանաք հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։ Հիշեցնենք, որ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը գործում է նաև այն դեպքում, եթե կոմունալ վճարումները կատարվել են քարտը թողարկած բանկոմատների կամ բանկի էլեկտրոնային հավելվածի (մոբայլ բանկինգ) միջոցով։
13:43 - 28 դեկտեմբերի, 2023
ԼՂ-ից տեղահանվածները երեխայի ծննդով պայմանավորված նպաստները ՀՀ-ում ստանալու համար կարող են դիմում լրացնել

ԼՂ-ից տեղահանվածները երեխայի ծննդով պայմանավորված նպաստները ՀՀ-ում ստանալու համար կարող են դիմում լրացնել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին երեխայի ծննդով պայմանավորված նպաստներ, կարող են դիմել ՀՀ-ում նպաստների նշանակման համար։Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://online.ssa.am/ հարթակում։«Նպաստի (այդ թվում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն) նշանակման դիմում ներկայացնելու համար հետևեք ստորև ներկայացվող քայլերի հաջորդականությանը՝ ՔԱՅԼ 1 - https://online.ssa.am/ հարթակում ընտրել «Կենսաթոշակի և նպաստի առցանց դիմումներ» պատուհանը՝ համապատասխանաբար սեղմելով «Մուտքագրել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում», «Մուտքագրել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմում» և «Մուտքագրել 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության դիմում» դաշտերի վրա։ՔԱՅԼ 2 - Եթե հարթակում դեռևս չունեք անձնական հաշիվ, մինչ պահանջվող տվյալները լրացնելը, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ սեղմելով կայքի վերևի աջ կողմում գտնվող «Գրանցում» պատուհանի վրա, ապա համապատասխան դաշտերում մուտքագրել Ձեր էլեկտրոնային հասցեն, անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, գաղտնաբառը և նշել արդյոք ՀՀ քաղաքացի եք, թե ոչ։ Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը։ Գրանցվելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք հաղորդագրություն, որը հաստատելուց հետո համակարգը Ձեզ հնարավորություն կտա օգտվել կայքից։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար անհրաժեշտ է մուտքագրել ծնողի անուն, ազգանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, նշել երեխայի հետ կապը, ապա երեխաների թիվը։ Անհրաժեշտ է մուտքագրել նաև էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար։Այնուհետև անհրաժեշտ է նշել նորածին երեխայի տվյալները, այն է՝ անուն, ազգանուն. ծննդյան օր, ամիս, տարեթիվ. ծննդյան վկայականի սերիա և համար. ծննդյան վկայականի տրման ամսաթիվ. նշել «հանդիսանում է նոր ծնված երեխա» դաշտը։ Եթե ընտանիքում կան այլ երեխաներ, ապա համապատասխան դաշտերում անհրաժեշտ է նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ լրացնել անձնական տվյալներ, ապա սեղմել «Ստեղծել» կոճակը։Դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ համակարգը կտեղեկացնի անմիջապես՝ էկրանին հայտնվող համապատասխան հաղորդագրության միջոցով։Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմում, ինչպես նաև 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության դիմում մուտքագրելու համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան պատուհանները, ապա լրացնել պահանջվող տվյալները՝ հետևելով նշված քայլերին։ Մայրության նպաստի նշանակման համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Դիմումը մուտքագրելիս դժվարություններ ունենալու դեպքում կարող եք զանգահարել 114 կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում։
18:58 - 26 դեկտեմբերի, 2023
Ներկայացվել են մանրամասներ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ

 |aravot.am|

Ներկայացվել են մանրամասներ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ |aravot.am|

aravot.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, խոսելով ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի մասին, նշել է, որ արդեն իսկ ընդունվում են այդ նպաստների նշանակման դիմումները, առկա են նաև մի քանի տասնյակ հաստատումներ: Ըստ փոխնախարարի՝ նպաստը հաշվարկվելու է հոկտեմբերի 1-ից սկսած, այսինքն՝ կիրառվելու է հետադարձ ուժ, միանվագ կստանան մինչև դեկտեմբերի 31-ը կուտակված նպաստները: Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ online.ssa.am հարթակի միջոցով: Դիմումները ներկայացվելու են ճիշտ նույն սկզբունքով, ինչպես՝ ՀՀ քաղաքացիները: Այս հարթակում դիմում լրացնելու համար նպաստառուները պետք է socservice.am հարթակում ունենալ իրենց էջը: Այսինքն՝ անհրաժեշտ կլինի, որպեսզի նրանք այդտեղ գրանցվեն՝ առանձնացված պատուհանի միջոցով ներկայացնելով իրենց տվյալները, էլեկտրոնային հասցեն: Դավիթ Խաչատրյանը հիշեցրել է նաև, որ դեկտեմբերի 11-ից մեկնարկել է ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումների ընդունման գործընթացը: Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ այսօրվա դրությամբ հաստատվել է 15639 դիմում: «Ցուցակներն ամփոփվում են, և վաղը կկատարվի վերջիններիս կենսաթոշակների վճարումները: Այն կազմում է շուրջ 2,5 մլրդ դրամ: Վաղը ավելի քան 15 հազար մարդ կստանա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված կենսաթոշակները»,-ասել է նախարարի տեղակալը: Նշվել է նաև, որ կենսաթոշակները և նպաստները վճարվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակների և նպաստների տեսակներին համապատասխան կարգով և չափով:
18:30 - 26 դեկտեմբերի, 2023
Վարչապետին է ներկայացվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, ոլորտային առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև նախատեսվող բարեփոխումներին։ Զեկուցվել է ժողովրդագրության և կենսաթոշակային ապահովության ոլորտներում կատարված աշխատանքները։ Ներկայացվել են կենսաթոշակի և նպաստների անկանխիկ վճարման, ծնելիության աճի խթանման, բնակարանային ապահովման և մի շարք այլ ուղղություններով՝ ԱՍՀ նախարարության կողմից կատարված աշխատանքները։ Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման գործընթացում տեղ գտած փոփոխությունների հետ կապված կարևորվել է ծնելիության խրախուսմանն ուղղված միջոցառումների դերը։ Վարչապետին ներկայացվել է նաև 1-ին և 3-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման առավել մեծ երաշխիքների սահմանման տեսլականը և ընդգծվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրի շրջանակում առավել հասցեական մոտեցումների սահմանման անհրաժեշտությունը։ Անդրադառնալով անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % ծրագրի ընթացքին՝ պատասխանատուները նշել են, որ ծրագրի մեկնարկին հաջորդող՝ 2022 թ․ հուլիս ամսվա տվյալների համաձայն՝ միջոցառման շահառուների թիվը եղել է 16903, անկանխիկ շրջանառության ծավալը (ամսական)՝ 0,52 մլրդ դրամ, իսկ կենսաթոշակը կամ նպաստը քարտով ստացել է 390000 քաղաքացի։ 2023 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրի շահառուների թիվն աճել է 973 %-ով՝ հասնելով 164879-ի, անկանխիկ շրջանառության ծավալը (ամսական) հասել է 6,97 մլրդի՝ գրանցելով 1,340 % աճ, իսկ կենսաթոշակը կամ նպաստը քարտով ստացողների թիվը դարձել է 515000՝ աճելով 32 %-ով։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է թոշակառուներին իրազեկել այս ուղղությամբ իրականացված փոփոխությունների մասին. «Նախկինում ասում էինք՝ ծրագրին մասնակցում են 4-5 բանկ, փոխեք բանկը և այլն: Այժմ կապ չունի, բոլոր բանկերի դեպքում թոշակառուների անկանխիկ ծախսերի 10 տոկոսը վերադարձ է արվում: Դիմում եմ մեր սիրելի թոշակառուներին, հատկապես գյուղացիական վայրերում, որտեղ խանութները հրաժարվում են անկանխիկ վճարումներ ստանալ՝ պետք է բարձրաձայնել այդ մասին Պետական եկամուտների կոմիտե»: Անդրադառնալով սոցիալական աջակցության ոլորտում իրականացված աշխատանքներին, մանրամասներ են ներկայացվել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործընթացի, ինչպես նաև սոցիալական բնակարանաշինությանն ուղղված ծրագրերի, դրանց լավարկման հեռանկարների վերաբերյալ։ Նոր համակարգը հնարավորություն կտա օգնել ծայրահեղ աղքատ ընտանիքներին հաղթահարելու ծայրահեղ աղքատությունը, ձեռք բերելու զբաղվածություն։ Պետությունն անհրաժեշտ ջանքեր կգործադրի անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ձեռք բերել աշխատանք և բարելավել ընտանիքի կենսապայմանները։ Վարչապետը, խոսելով նպաստ ստացող անձանց թվի դինամիկայի մասին, նշել է. «Ի վերջո այստեղ ֆունդամենտալ խնդիրը պետք է լուծենք: Այն, թե ինչի մեջ եմ տեսնում խնդիրը: Մենք աղքատության մեջ գտնվող մարդուն պետք է սոցիալական աջակցություն ցուցաբերենք, ճի՞շտ է: Մյուս կողմից ասում ենք՝ աղքատությունը հաղթահարելու միայն մի ձև կա, և դա աշխատանքն է: Հաջորդ փուլին նպաստ ստացողին ասում ենք՝ հենց աշխատեցիր, այլևս քեզ ոչնչով չենք օգնի»: Ի պատասխան՝ փոխնախարար Աննա Ժամակոչյանը նշել է, որ աշխատանք ձեռք բերելուց հետո 6 ամսվա ընթացքում ստացվելիք աշխատավարձը որպես եկամուտ չի հաշվարկվում: Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ակնհայտ է, որ 6 ամիսը բավարար չէ: Այսինքն՝ 6 ամսում մարդն աղքատությունը հաղթահարելո՞ւ է: Ինչպես աշխատելու մեջ, աղքատության մեջ էլ հոգեբանություն կա: Ո՞նց է մարդը 6 ամսում այդ հոգեբանական վիճակը հաղթահարելու: Դա ադապտացիա է: Մարդը սովորել է, ենթադրենք, 10 տարի մի կերպ է ապրում, ապրելու մի ոճ ունի, 6 ամսում շատ դժվար է ապրելու ոճը փոխել մեզնից ցանկացածի համար: Քննարկեք՝ ինչ-որ լուծումների եկեք»: Աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացված աշխատանքներում առանձնապես կարևորվել է Աշխատանքային օրենսգրքում իրականացված մեծածավալ փոփոխությունների, կամավորության ինստիտուտի կայացման, հեռավար աշխատանքի օրենսդրական կարգավորումների և մի շարք այլ ուղղություններով իրականացված աշխատանքների դերը։ Նշվել է, որ 2024 թ․ ոլորտում նախատեսվող ծրագրերը կբխեն Զբաղվածության 2024-2030 թթ․ ռազմավարությունից․ ըստ այդմ՝ աշխատանքներ կտարվեն գործազուրկների զբաղվածության ապահովման, արդյունքի վրա հիմնված ֆինանսավորման զբաղվածության ծրագրի իրականացման, ինչպես նաև ռազմական գործողություններին մասնակցած և 2020 թ․ հետո զորացրված գործազուրկների զբաղվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններով։Վարչապետը հետաքրքրվել է բանկերում պարտավորությունները չկատարած անձանց խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին. «Անհուսալի վարկառուների հետ կապված ծրագրի ուղղությամբ ո՞ւր ենք հասել»:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է. «Մեր մոտեցումը հետևյալն է եղել, որպեսզի մոտիվացիա ստեղծենք՝ մարդը գնա ֆորմալ դաշտ, որովհետև ներկայիս կարգավորումներով, եթե ինքը գնում է ֆորմալ դաշտ, ապա իր աշխատավարձի 50 տոկոսը ԴԱՀԿ-ն պահում է։ Մենք ասում ենք, որ ինքն իր աշխատանքի միջոցով դա մարելու մոտիվացիա ունենա, հետևաբար իր եկամտահարկի 50 տոկոսի չափով կկարողանա մասնակցել այդ գործընթացին։ Բանկերի հետ էլ քննարկել ենք, իրենք էլ իրենց հերթին պատրաստ են նաև սառեցնել՝ վարկը դառնա պարտք»։Վարչապետը հարցը կարևորել է նաև տնտեսական պոտենցիալի իրացման տեսակետից. «Որովհետև 100 հազարավոր մարդիկ մեր սոցիալ-տնտեսական կյանքից դուրս են դրված։ Այդ մարդիկ որևէ ձևով ապրում են, չէ՞, և ակնհայտորեն աշխատում են ու ստվերում են աշխատում: Միաժամանակ, իրենք էլ իրենց հերթին չեն կարողանում օգտվել շատ մեխանիզմներից, որոնք մենք նախատեսում ենք։ Այսինքն` պետք է գնալ առաջ»։Միաժամանակ, վարչապետը հավելել է, որ նոյեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ նոր ռեկորդ։ «Դրան դեռ կանդրադառնանք։ Ենթադրում ենք, որ սրան, իհարկե, նաև նպաստում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների աշխատանքի տեղավորման պրոցեսը, ինչը նույնպես լավ ազդակ է։ Այսինքն` մարդիկ սկսել են աշխատել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։Խոսելով աշխատանքի խրախուսման մասին՝ վարչապետը նշել է. «Մենք անընդհատ աշխատելուն, զբաղվածությանը վերաբերվում ենք որպես մասնագիտական կարողություն և այլն, բայց աշխատելը որպես սովորություն մարդու մեջ սերմանելը շատ կարևոր է, որովհետև երբ մարդու ներքին կուլտուրայի և արժեքային համակարգի մեջ աշխատելն ինքնին տեղ ունի, մարդ չի կարող չաշխատել։ Այսինքն` ո՞նց է հնարավոր, որ մարդը չաշխատի։ Այսինքն` ի՞նչ, մարդն առավոտյան արթնանում է, ոչ մի բան չի անում, ցերեկը ոչ մի բան չի անում, երեկոյան ոչ մի բան չի անում, գիշերը քնո՞ւմ է։ Սա միայն կրթության խնդիր չէ, միայն աշխատավարձի խնդիր չէ, սա կուլտուրայի խնդիր է, որովհետև ո՞նց կարող է հասուն մարդը չաշխատել։ Սա սոցիալ-հոգեբանական պրոբլեմ է, և դրա համար ես այդ ծրագրերը կարևորում եմ։Այդ պրոցեսի նպատակը միայն այն չէ, որ ինքն աշխատավարձ ստանա, մասնագիտական հմտություն ստանա, այդ պրոցեսի նպատակն է նաև աշխատանքը սովորություն դարձնելը՝ որպես կյանքի անբաժանելի մաս։ Այսինքն` շնչառության նման բան լինի, որ մարդ պետք է աշխատի, որովհետև դա է ինքնաիրացման ճանապարհը։ Այդ առումով, այո, այդ ծրագրերը կարևոր են։ Աշխատանքի հարցում մեր ֆոկուսը 3 խմբի վրա պետք է լինի։ Առաջինը՝ գյուղատնտեսությունում զբաղված մարդիկ, որոնք զբաղված են։ Մեր խնդիրն այն է, որ իրենց արտադրանքը նույնպես դառնա տնտեսական շրջանառության հաշվառելի և հարկային մաս։ Երկրորդը՝ անհուսալի վարկերի ուղղությունը և երրորդը՝ մասնագիտական վերապատրաստման ուղղությունը»։Հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի ոլորտներում 2023 թ․ իրականացված աշխատանքների հետ կապված ներկայացվել են անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների իրականացման, շահառուներին՝ ըստ կարիքի, հասցեական ծառայությունների մատուցման ուղղությամբ իրականացված փոփոխությունները։ Անդրադառնալով անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման կարևորությանը՝ պատասխանատուները նշել են, որ 2023 թ․ փետրվարի 1-ից այն գործում է հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող անձանց համար, իսկ 2024 թ․ հունվարի 1-ից ֆունկցիոնալության գնահատման գործընթացը կվերաբերի նաև հաշմանդամության գնահատման համար կրկնակի դիմած անձանց։ Ներկայացվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցությանն ուղղված ընթացքը, ՀՀ կառավարության ծրագրից բխող միջոցառումների և բյուջեի կատարողականի, գնումների ընթացակարգերի, ինչպես նաև սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի կատարողականի վերաբերյալ մի շարք մանրամասներ։ Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանը, նշել է. «Բարեբախտաբար, առաջին ալիքի խնդիրները բավարար չափով հասցեագրելու հնարավորություն ունեցանք: Այն ժամանակ թեման շատ հրատապ էր, և ամենօրյա ռեժիմով զբաղվում էինք: Հույս ունեմ բաց չենք թողել արդեն միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով առաջ գնալու հարցը: Այսինքն՝ չթողնենք, որ ճեղք առաջանա, որ կրկին հրատապության ռեժիմով հարցին վերադառնանք: Այսինքն՝ պլանային ռեժիմի մեջ դնենք և այդպես գնանք առաջ»: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ բնակարանային ապահովության խնդրի լուծումը պետք է համադրեն սոցիալական ապահովության ուղեկցող միջոցների հետ: «Ժամանակի ընթացքում միմյանց լրացնելով՝ պետք է մեկը մարվի, մյուսը կայանա: Մենք արդեն քննարկել ենք, այժմ որոշում ենք ինչպես փոխել թիրախները, որ կարողանանք տևականության մեջ հարցը պահել: Պետք է ճիշտ թիրախավորենք, որ չառաջացնենք սոցիալական ճգնաժամ»,- ասել է փոխվարչապետը: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց կենսաթոշակի հաշվառման խնդրին: Այս համատեքստում, վարչապետը նշել է. «Հիմա մենք համակարգ ենք ներդնում, մանավանդ համընդհանուր հայտարարագրման դեպքում, որ մարդն ինքն իր եկամուտը հայտարարագրելով և եկամտային հարկ վճարելով կարող է այդ ստաժը ձեռք բերի, որն արդյունքում ազդեցություն կունենա իր կենսաթոշակի վրա: Սա էլ է շատ կարևոր հանգամանք։ Այսօր կենսաթոշակ ստացողը ստանում է նախկինում իր կուտակած եկամտային հարկի տեսքով, նախկինում կար կենսաթոշակային վճար, չէ՞, եթե չեմ սխալվում, այդ վճարումների միջոցով ձևավորված հարկից։ Իսկ նրանք, ովքեր այդ ստաժը չունեն, ստանում են նվազագույն կենսաթոշակ, որը պարզ է` ամենացանկալի տարբերակը չէ։ Գյուղացիներն այժմ էլ պիտի ասեն` հիմա էլ մեզանից եկամտային հարկ են ուզում։ Մենք ասում ենք՝ ձախ գրպանից գումարը դրեք աջ գրպան, որովհետև մեր ամենօրյա ծախսերի հետ մենք ունենք նաև ապագայի ծախսեր։ Էական չէ՝ ինչքան ենք վաստակում, եթե միայն ծախսում ենք այսօր և վաղը ծախսելու մասին չենք մտածում, վաղն այդ խնդիրն ահագնացած մեզնից յուրաքանչյուրի առաջ կանգնելու է: Սա վերաբերում է և՛ անհատին, և՛ պետությանը, և՛ բոլորին: Կարևոր է ռազմավարական հաղորդակցությունը, որ մարդը հասկանա՝ մենք ինչ ենք անում և ինչի համար ենք անում: Այսինքն՝ այն, ինչ անում ենք, իրենց բարձրացրած հարցը լուծելու համար ենք անում: Բայց իրենք պետք է այդ մեխանիզմները հասկանան, որպեսզի նեգատիվ ռեակցիաներ չառաջանան»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը:
10:46 - 23 դեկտեմբերի, 2023
2020-ին ՀՀ-ում հաշվառված, բայց 2023-ին Արցախից տեղահանված ընտանիքը դուրս է մնացել աջակցության ծրագրերից

2020-ին ՀՀ-ում հաշվառված, բայց 2023-ին Արցախից տեղահանված ընտանիքը դուրս է մնացել աջակցության ծրագրերից

Արցախցի Նոննա Մինասյանն այսօր կարող էր բնակվելիս լինել Շուշիի իր տանը, որն այլեւս չկա, աշխատեցնել հացի փուռը, որն ամուսնու հետ ծրագրում էր բացել, եւ զբաղվել իր սիրելի լուսանկարչությամբ Արցախի պետական թատրոնում։ Բայց նա այսօր Երեւանում է։ 36 տարեկանում 4 պատերազմ, 2 տեղահանություն ապրելուց հետո Նոննան հիմա էլ հայտնվել է սոցիալական խնդիրների առաջ։ Առանց սեփական տանիքի, անձնական մի քանի իրերը ճամպրուկում, իսկ կորստի ցավը՝ սրտում, նա կրկին փորձում է նոր կյանք սկսել։ Ամեն ինչ սկսվել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, երբ Նոննան դուրս է եկել Շուշիի իր տանից․ հետո պիտի պարզվեր՝ անվերադարձ։ Պատերազմի հետեւանքով նա եւ ամուսինը կորցրել են ունեցածը, փորձել արտասահմանում ոտքի կանգնել, նաեւ՝ բուժում ստանալ։ Այդ նպատակով ստիպված են եղել հաշվառվել Հայաստանում։ Չհարմարվելով, սակայն, կարճ ժամանակ անց վերադարձել եւ շարունակել են ապրել Արցախում։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանվել են նաեւ Ստեփանակերտից։ Այժմ, չնայած տեղահանված լինելու փաստին, նրանք չեն կարողանում օգտվել տեղահանվածների համար Հայաստանի կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերից։ Պատճառը 2023 թ․ սեպտեմբերի 19-ից առաջ Հայաստանում հաշվառված լինելն է, ինչը արգելք է վեցամսյա եւ երկամսյա 50-հազարական դրամ աջակցությունները ստանալու համար։ «3 տարի է՝ սպասում էինք՝ տեսնենք՝ ինչ է լինում» 44-օրյա պատերազմի ժամանակ Նոննան քրոջ եւ ընկերուհու հետ Շուշիից տեղափոխվել է նախ Բերձոր, ապա՝ Երեւան։ Ամուսինը մնացել է Արցախում, մասնակցել ռազմական գործողություններին։ «Տան իրերից ոչինչ չէի վերցրել, միայն տեսախցիկս, ինձ համար ամենաթանկ բանը դա էր, դե, հետո, որ գիտես՝ գնում ես, հետ գաս, շատ ուշադրություն չես դարձնում՝ ինչ կա։ Տեսախցիկս, նոթբուքը ու մի քանի տաք շոր, որովհետեւ Բերձորում ցուրտ էր․․․ Մենք չենք իմացել, չենք գիտակցել, որ հետ չենք գալու, բայց ամուսինս էնտեղ էր, ընթացքում խնդրում էի՝ նկարներ, դիպլոմներ ուղարկի, որովհետեւ ասում էր՝ սա լավ չի վերջանալու»,– պատմում է Նոննան։ 2020 թվականին Երեւանում ապրել են ընկերուհու, ապա վարձակալած մի բնակարանում, իսկ երբ պատերազմն ավարտվել է, վերադարձել են Ստեփանակերտ․ «Պատերազմը որ ավարտվեց, գնացինք Ստեփանակերտ, դե, Շուշին էլ չկար, ոչ մի բան չունեինք, ու էնքան խառն էր ամեն ինչ․․․ Ընկերներ ունեինք Գերմանիայում, ասացին՝ եկեք, գոնե աշխատեք 1-2 տարի, հետո հետ կգնաք, կտեսնեք՝ ինչ է անում պետությունը, գուցե տուն կտա, մի բան կտա․․․ Ամուսինս էլ առողջական խնդիրներ ուներ (պատերազմի հետեւանքով,–հեղ․), ասացինք՝ ավելի լավ, կգնանք, էդ խնդիրներն էլ կլուծենք, նաեւ աշխատանքային հրավեր ունեինք»,– նշում է Նոննան։ Որոշելով ժամանակավորապես դուրս գալ Արցախից՝ ամուսինները դիմել են Լեհաստանի դեսպանատուն, որտեղ, սակայն, նրանց ասել են, թե Ղարաբաղի քաղաքացիները չեն կարող դիմել․ «Մենք սովորական կապույտ անձնագիր ունենք՝ 070 կոդով, անձնագրի խնդիր չէր, այլ գրանցման, մենք հետո մտածեցինք՝ քանի որ Շուշին չկա, քաղաքը չկա, դու չես կարող նման թղթով ճամփորդել, գուցե դեպորտի խնդիր լինի, եւ որպեսզի պետությունը չմտածի՝ սա ուր է, ինչ է, կամ էլ մեզ Բաքու չուղարկի, ասացին՝ միանգամից փոխեք, երեւի տենց խնդիր էր կամ իրենց ասվել էր, որ պիտի փոխվի․․․ Դուրս եկանք, էլի շատ դժվարությամբ գրանցվեցինք Երեւանում՝ ամուսնուս եղբոր տանը»։ Հաշվառումը փոխելուց հետո Նոննան փաստաթղթային այլ խնդիրներ է ունեցել, մեկնել է միայն նրա ամուսինն։ Նա գնացել է նախ Լեհաստան, ապա՝ Գերմանիա, այնտեղից՝ Ռուսաստան, սակայն օտար երկրում չհարմարվելով՝ երկու ամսից վերադարձել է Արցախ։ Ընտանիքը դիմել է Արցախի կառավարությանը եւ որպես Շուշիից բռնի տեղահանված՝ նրանց սենյակ է հատկացվել Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում․ «Պետությունն ասաց՝ տուն գտեք, կգնենք։ Մեզ հասնում էր 44 քմ, բայց նախ տենց փոքր տուն չի եղել Ստեփանակերտում, գտնում էինք, օրինակ, 54 քմ, ինչի համար մենք պիտի երկու միլիոն ավելացնեինք, մենք էլ էդքան գումար չունեինք։ Մտածեցինք տուն վարձակալել, բայց վարձերն էլ շատ բարձր էին, դա էլ չկարողացանք ու դիմեցինք, Սոֆիա հյուրանոցում սենյակ տվեցին։ Շատ լավ էր, շատ գոհ էինք, կարեւորը Ստեփանակերտում էինք՝ մեր հողի վրա, էնքան որ գայինք տուն, գնայինք գործի, մինչեւ տեսնեինք՝ ինչ է լինում․․․ Մենք 3 տարի է՝ սպասում էինք, որ տեսնեինք՝ ինչ է լինում, վերջ չկա, սկիզբ չկա, ոչ մի բան չկա, հիմա էլ՝ նույնը»։ Նոննան այդ ժամանակ սկսել է աշխատել Ստեփանակերտում բացված գեղեցկության սրահում՝ որպես մատնահարդար, ամուսինը բարեկամների ֆինանսավորմամբ սկսել է զբաղվել Շոշ գյուղում գտնվող եւ ռազմական գործողությունների հետեւանքով ավերված իր հայրական տան վերանորոգման աշխատանքներով․ «Ամուսինս աշխատանք չէր գտնում, ծանր բան իրեն չէր կարելի, ուզում էր մնալ Շոշի տանը, բայց ես էի վախենում, որովհետեւ սահմանը շատ մոտ էր, իրենց (ադրբեջանցիների,–հեղ․) դրոշները ծածանվում էին, Շուշիի իմ տունն էի տեսնում, ամեն անգամ վախենում էի վարագույրը քաշել կամ պատուհան լվանալ, ասում էի՝ հեսա սնայպերը կխփի, Ֆեյսբուքում մի երկու բան կգրեն, ու վերջ»,– հիշում է Նոննան։ «Հետո նորից սկսվեց պատերազմը» Եվ հիշողություններն իրար վրա դարսելով՝ գալիս, հասնում է 2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին․ «Հետո նորից սկսվեց պատերազմը, առավոտից սկսեցին՝ մի բան էն չէ, գյուղերում խփել են․․․ Ես աշխատանքի էի, ուսուցչուհի հաճախորդ ունեի, ինքն էլ երբեք չէր ուշանում, մի 10 րոպե է՝ չէր գալիս, դու մի ասա՝ էրեխեքին արդեն տարել են նկուղ, դուրս եկա՝ զանգեմ, ու սկսվեց․․․  Թե ինչ գմփոց, թե ինչ էր կատարվում․․․ Բոլորը լացում էին, ճչում, սկսեցին Ստեփանակերտի վրա խփել, էդ քաոսի մեջ բոլորս վազում էինք, չգիտեինք՝ ինչ ենք անում․․․ Գնացինք նկուղ, նկուղում էլ ոչ մի բան չկար, անպատրաստ, գոնե լույս էլ չէին դրել»,– ասում է Նոննան ու նշում՝ այդ խառը իրավիճակում ամեն տեսակ իրարամերժ տեղեկություն տարածվում էր․ «Հենց ժամը 1-ին [պատերազմը] ավարտվեց, ամուսինս եկավ, ասաց՝ ժամանակ են տվել, տարբեր բաներ են խոսում, մեկը ասաց՝ 7 ամսից պիտի դուրս գանք, մեկը ասաց՝ 30 հազար մարդ պիտի մնա, մեկը ասաց՝ 3000 մարդ պիտի մնա, ով շուտ դուրս գա, դուրս գա․․․ Մեզ սպանել է մեր պանիկան, ուրիշ ոչինչ․․․ Մեկ-մեկ մտածում եմ՝ որ մնայինք, կարո՞ղ էին էդքան մարդու վնասել, թե՞ պանիկա մտցրին, որ բոլորս դուրս գանք․․․ Մինչեւ ավարտը՝ ժամը 11–ին մոտ, ասացին՝ 2 ժամից բոլորս դուրս ենք գալու, ով ինչ ունի, թող հավաքի, էն որ դեռ խփում էին, ես գնացել, ճամպրուկս էի հավաքում, ինչ էդ սենյակում ունեի, որ նորից չթողնեմ, հետո ամուսինս եկավ, ասաց՝ 120 հազար մարդ 2 ժամից ո՞նց է դուրս գալու, էդտեղ ավելի վատացանք»,- հիշում է Նոննան։ Ի վերջո, սեպտեմբերի 25-ին Նոննայի ընտանիքը եւս բռնել է տեղահանության ճամփան․ «Ամբողջ կյանքս հաց թխած չկայի, բլոկադայի ընթացքում թխեցի, սկեսուրս մի քիչ ալյուր ուներ, սեւ օրվա էր պահում, իբր դրանից սեւ օր պիտի լիներ։ Բերեց, ասեց՝ կարաս հաց թխես, որ ճամփին վերցնես, էն էլ թխեցի, սաղ բաժանեցի, մի հատը դրեցի իրենց մեքենան, դե էրեխեք էին ողջ հյուրանոցում»։ Ամուսինները Հայաստան են հասել սեպտեմբերի 28-ին, որովհետեւ ճանապարհին մեքենան փչացել է, ստիպված են եղել հետ դառնալ Արցախ՝ այն վերանորոգելու։ Մեկ օր անց նորից ճանապարհվել են դեպի Հայաստան․ «Ճամփին՝ ոչ հաց, ոչ ջուր, մենակ մեղր էի վերցրել, որ մի–մի գդալ վարորդներին տամ»,– ասում է Նոննան։ Հայաստանի գրանցման պատճառով Նոննան ու ամուսինը սոցիալական աջակցություն չեն ստանում  Հայաստան գալով՝ ամուսինները հաշվառվել են Վայքում, սկզբում մնացել Նոր Գեղի գյուղում։ Այնտեղ մեկ անգամ ստացել են տեղահանվածներին հասանելիք պարենային օգնությունը, նաեւ 100-հազարական դրամ միանվագ աջակցությունը։ Հետագայում Երեւան տեղափոխվելով՝ իմացել են, որ աջակցության մյուս ծրագրերից օգտվել չեն կարող․ «Լրացրել ենք օնլայն, [համակարգը] չէր ընդունում, ասում էր՝ Երեւանի գրանցում ունեք, գնացի Սոցհարցերի նախարարություն, ասացի՝ ուզում եմ դիմում գրել, ղարաբաղցի եմ, բայց Երեւանի գրանցում ունեմ, ի՞նչ պիտի լինի, կստանա՞մ էդ գումարը թե՞ չէ, մի աղջիկ դուրս եկավ, ասաց՝ այո, կստանաք, մի քիչ սպասեք, ծրագրերը խառն են, շատ ժողովուրդ եք եկել, ասացի՝ հա, հասկանալի է, ասացի՝ դիմում կարո՞ղ եմ գրել, ասաց՝ չէ, որովհետեւ մեկ է, փոխանցվելու է․․․ Երկուշաբթի օրը (դեկտեմբերի 10-ին,–հեղ․) նորից գնացի, մի աղջիկ եկավ, ասաց՝ Երեւանի գրանցում ունեցողներին չի հասնում, գիտեք, ասացի՝ կարո՞ղ եմ դիմում գրել, որ գրավոր պատասխանեք, ասաց՝ չէ, չեք կարող, ու տենց ճամփեցին տուն»,- պատմում է Նոննան։ Հույսով, որ պիտի պետական ֆինանսական աջակցություն ստանային, Երեւանում տուն են վարձակալել, բայց հիմա հայտնվել են խնդրի առաջ․ «Հիմա ես ինձ զգում եմ սենց՝ ոչ պետությանն եմ պետք, ոչ բնությանը, ես չեմ ասում՝ ամեն ինչ տվեք, բայց մարդկանց մարդու տեղ դրեք, որ հասկանանք, որ կանք, գոնե կեսը տվեք, ասեք՝ որ դուք սենց եք, էսքան եք ստանում, բայց ընդհանրապես ոչ մի բան․․․ Ու իմ նման հազար մարդ կա, մնացել ենք շվարած»,– ասում է Նոննան։ Նա այժմ վերադարձել է մատնահարդարի իր աշխատանքին, իսկ ամուսինը մեքենա է վարձակալել, տաքսի է վարում։  Նոննա Մինասյանի կարծիքով՝ եթե աջակցության ծրագիրը բռնի տեղահանվածների համար է, սխալ է հաշվառման պայմանը նախատեսելը, որովհետեւ ըստ նրա՝ Կառավարությունը շատ լավ իմացել է՝ ով է Արցախում գտնվում․ շրջափակման օրերին Երեւանի հաշվառում ունեցողները խանութներից օգտվելու կտրոնները ուրիշ տեղից էին ստանում, ՌԴ հաշվառում ունեցողները՝ ուրիշ․ «Սխալ պայման է, խի՞ են տենց որոշել, պարզ է, որ էդ մարդիկ ոտքի են  կանգնելու, ասեն՝ ինչի՞ եք սենց անում, ինչի՞ եք էսքան պրոբլեմի մեջ նորից պրոբլեմ սարքում։ Շանս չեն տալիս, որ ոտքի կանգնես, հետո գոնե դու քո գլխի ճարը կգտնես։ Հո չե՞նք ասում՝ ընդմիշտ մեզ օգնեք, բայց սխալ է, որ մեկին տալիս են, մեկին՝ չէ»,– նշում է բռնի տեղահանված արցախցին։ Կառավարությունը խնդրին տեղյակ է, վերջնական լուծում դեռ չկա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը մեր զրույցում ասաց՝ խնդրին տեղյակ են, այս պահին դրա վերաբերյալ վերջնական լուծում չկա, հնարավոր է՝ առաջիկայում քննարկվի։ Հարությունյանը բացատրեց՝ 50-հազարական դրամների երկու ծրագրերի հիմքը առաջին՝ 100-հազարական դրամի ծրագիրն է։ Համակարգը ավտոմատ եղանակով ստուգում է՝ եթե անձինք ստացել են 100-հազարական դրամ աջակցությունը, արդեն անցում է կատարվում որոշակի ֆիլտրերի՝ ըստ կոնկրետ ծրագրի։ Այդ ֆիլտրերը, ինչպես, օրինակ, հաշվառման ամսաթիվն է կամ Հայաստանում սեփականություն ունենալը, Հարությունյանի խոսքով, ի սկզբանե նախատեսվել են՝ կանխելու ոչ թիրախային խմբի անձանց շահառու դառնալը․ «Մեծ քանակությամբ մարդիկ մինչեւ այդ գտնվել են այստեղ, դա ինչ-որ ձեւ ստուգելու մեխանիզմ էր, Վայքում կամ Կոռնիձորում հաշվառումը դեռ ոչինչ չի ասում, բոլորն էլ հաշվառվել են, բայց մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ օրինակ՝ այստեղ գտնվող անձը գնացել է, այդ հոսքի մեջ հաշվառվել է»,- նշում է Հարությունյանը։ Հարցին՝ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավոր չէ՞ր ճշտել, թե ովքեր են բռնի տեղահանման օրերին փաստացի գտնվել Արցախում, Հարությունյանը բացասական պատասխանեց՝ նշելով, որ հիմքը միայն ՀՀ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից ստացված տվյալներն են․ «Մեր օրակարգում այս հարցը կա, նորից կնայենք, բայց այսպես ասեմ․ եթե խնդիրը դառնում է զանգվածային, սկսում ենք անդրադառնալ, եթե մի քանի դեպքերով է, չենք անդրադառնա, կփորձենք այլ կերպ օգնել, էդ հարցով մեզ էլի դիմողներ են եղել, ուսումնասիրել ենք, պարզվել է՝ մերժման հիմքը այլ է, այսինքն՝ դա առաջին ֆիլտրն է, դրանից հետո գնում են մի շարք ֆիլտրեր՝ կոնկրետ ծրագրերով»,- մանրամասնում է Արտակ Հարությունյանը։ Դիմումների թիվը, ըստ Հարությունյանի, այս պահին չի գերազանցում 100-ը․ «Եվ եթե պարզվի, որ այդ խնդրով ընդամենը 50 հոգի է, բայց այդ կետը որոշումից հանելու արդյունքում ոնենանք, օրինակ, 3000 սխալ վճարում, բազմապատկեք դա 50 հազարով, բազմապատկեք 6 ամսով․․․ Պիտի փորձենք անհատական ինչ-որ բան անել»,- ասաց Հարությունյանը՝ հիշեցնելով, որ աջակցության վեցամսյա ծրագիրը նման բողոքների հիման վրա փոփոխության ենթարկվեց։  Նշենք, որ Կառավարության որոշմամբ ի սկզբանե նախատեսված էր, որ Հայաստանում երբեւէ հաշվառված անձինք ծրագրի շահառու չեն, ինչը, սակայն, խնդիրներ էր ստեղծում բռնի տեղահանվածների համար, քանի որ փախստականի կարգավիճակ, կենսաթոշակ կամ այլ նպաստ ստանալու համար նրանք պիտի հաշվառվեին Հայաստանում։ Օրենսդրական փոփոխությամբ՝ Կառավարությունը սահմանեց, որ սեպտեմբերի 19-ից հետո հաշվառվածները շահառու են, այդպիսով դուրս մնացին միայն սեպտեմբերի 19-ից առաջ հաշվառված, սակայն դրանից հետո տեղահանվածները։ Արտակ Հարությունյանն առաջարկեց, որ այդ անձինք իրենց խնդիրները ձեւակերպեն եւ անհատական դիմումներ ներկայացնեն նախարարությանը, խոստացավ՝ տվյալ դեպքում անձամբ հետեւողական լինել դիմումի ընթացքին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի, ք․ Վայք, 27 սեպտեմբերի, 2023 թ․
19:29 - 22 դեկտեմբերի, 2023
Կառավարությունը կաջակցի զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի հարցում
 |armenpress.am|

Կառավարությունը կաջակցի զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի հարցում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Մկրտչյանը հիշեցրեց, որ 2022 թվականի հունվարին հաստատվել է մի նախագիծ, համաձայն որի՝ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ծնողները վերարտադրողական բուժօգնության և փոխնակ մոր ծառայության միջոցով հնարավորություն են ստացել երեխա ունենալու։ «Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն տասնյակ ընտանիքներում ծնվել են երեխաներ, և այդ երեխաների խնամքն արդյունավետ և պատշաճ կազմակերպելու նպատակով այս նախագծով առաջարկում ենք հնարավորություն տալ կազմակերպելու դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունների միջոցով։ Նախատեսում ենք 104 հազար դրամի սահմանում տրամադրել աջակցություն, որպեսզի խնամքի ծառայությունները՝ դայակի և նախադպրոցական հաստատությունների միջոցով կազմակերպվի»,- ասաց Մկրտչյանը։ 104 հազար դրամը վճարվելու է ամսական կտրվածքով՝  երեխայի խնամքը դայակի կամ հաստատության միջոցով օրական առնվազն վեց ժամով կազմակերպելու համար։  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը տեղեկացրեց, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությամբ զոհված զինծառայողների ընտանիքում ծնվել է 54 երեխա։ «Պարոն Մկրտչյանի ներկայացրած ծրագրով ծնվել է 32 երեխա, մնացած շահառուները գտնվում են բուժման տարբեր փուլերում, նաև ունենք հղի կանայք»,- նշեց Նանուշյանը։
12:05 - 21 դեկտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» միջազգային համաժողովի բացմանը

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» միջազգային համաժողովի բացմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում մասնակցել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովի բացմանը: Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության տնօրեն Գիլբերտ Հունգբոն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն իր խոսքում ողջունել համաժողովը Հայաստանում անցկացնելու ԱՄԿ որոշումը և հույս հայտնել, որ միջոցառման ընթացքում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և կգտնվեն լուծումներ ոլորտին առնչվող խնդիրների համար:
16:29 - 18 դեկտեմբերի, 2023
Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մայրության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և ծննդյան միանվագ նպաստների ստացման մասին

Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մայրության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և ծննդյան միանվագ նպաստների ստացման մասին

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Հումանիտար կենտրոնում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ց բռնի տեղահանված անձանց մայրության նպաստի, ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի հետ կապված մանրամասներ: Մասնավորապես՝ նշվել է, որ մայրության նպաստ նշանակվում և վճարվում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ովքեր ԼՂ-ից տեղահանվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի, այսինքն՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական շահառուին, եթե նա փախստականի կարգավիճակ ձեռք է բերել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թ. դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս և նպաստի մյուս տեսակները կարող են նշանակվել և վճարվել միայն այն դեպքում, եթե շահառուն և երեխան ունեն ՀՀ բնակության հասցեով հաշվառում: Դավիթ Խաչատրյանը նաև պատասխանել է հաճախ հնչող այն հարցին, թե արդյոք ԼՂ-ում գործող սոցիալական երաշխիքների չափերը նույնական են ՀՀ-ում իրենց համար նախատեսված սոցիալական երաշխիքների չափերին և տեղեկացրել, որ Հայաստանում մեր հայրենակիցներին սոցիալական երաշխիքներ նշանակվում և վճարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով:Երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ կապված՝ փոխնախարարն ընդգծել է, որ այս դեպքում նույնպես նպաստը տրամադրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով: Ըստ այդմ՝ 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 300 000 դրամ միանվագ նպաստ, 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 000 000 մլն դրամ միանվագ նպաստ, 5-րդ և հաջորդող երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 500 000 դրամ միանվագ նպաստ:Ինչ վերաբերում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված նպաստին, Դավիթ Խաչատրյանը նշել է, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած փախստականին օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թ. հոկտեմբերի 1-ից ոչ շուտ: Այս դեպքում նույնպես գործում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգն ու չափը, այսինքն՝ 37 500 դրամ ամենամսյա չափով մինչև երեխայի 2 տարեկան լրանալը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այն հարցին, թե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք որ դեպքում կարող են օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի դեպքում մինչև երեխայի 6 տարին լրանալը 50 000 դրամ աջակցությունից: Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ՝ այդ աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիություն ունենալ, այսինքն՝ երեխան և դիմող ծնողը պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացի: Դավիթ Խաչատրյանի պարզաբանմամբ՝ դա նպաստի տեսակ չէ, այլ ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագիր, որով աջակցություն է ցուցաբերվում այն ընտանիքներին, ովքեր ունեն 2022 թվականից հետո ծնված երրորդ և հաջորդող երեխաներ:Առողջապահական ոլորտի հետ կապված գործընթացները ներկայացրել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Ըստ նախարարի տեղակալի, ԼՂ-ից բռնի տեղահանված 180 բուժաշխատող արդեն անցել է աշխատանքի թե՛ Երևանի, թե՛ մարզերի տարբեր բուժհաստատություններում, 761 բուժաշխատող վերապատրաստվել է պետպատվերի շրջանակներում, որոնցից 212-ը ավագ և 549-ը միջին բուժաշխատողներ են: Արտակ Ջումայանի ներկայացմամբ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի առաջին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձը եռապատիկ չափով մինչև 6 ամիս ժամկետով տրամադրվում է լրավճար այն բուժաշխատողներին, ովքեր պատրաստ են աշխատել մարզային բուժհաստատություններում: Փոխնախարարը նշել է, որ ծրագրի մեկնարկից հետո, 13 հայրենակից աշխատանքի է անցել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում և հորդորել մյուս հայրենակիցներին նույնպես դիմել, քանի որ թափուր հաստիքների մեծ մասը մարզային բուժհաստատություններում է: Առողջապահության նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ առաջնային օղակում հաշվառված են 64 000-ից ավելի բռնի տեղահանված անձինք: Այս հաշվառումից հետո նրանք կարող են ստանալ պլանային կարգով սահմանված բուժծառայությունները: Նշվել է նաև, որ 14 պացիենտ շարունակում է բուժումն արտերկրում, իսկ 6-ը վերադարձել են Հայաստան։
16:56 - 15 դեկտեմբերի, 2023
ՀՀ-ում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար |1lurer.am|

ՀՀ-ում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար |1lurer.am|

1lurer.am: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ երեկվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումները: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է գործընթացի մանրամասները: Ըստ այդմ՝ նախ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններ՝ բնակության վայրում հաշվառվելու համար (կամ փաստացի կամ մշտական հիմունքներով): Փոխնախարարն անդրադարձել է նաև այդ գործընթացով պայմանավորված հերթերի հետ կապված դժգոհություններին և նշել, որ համապատասխան բաժիններն աշխատում են նաև շաբաթ օրերը՝ սպասարկելով բացառապես ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Հաջորդիվ անհրաժեշտ է https://online.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի առցանց դիմումներ» պատուհանը՝ սեղմելով «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմում» դաշտի վրա։ Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ այսօրվա դրությամբ ընդունվել է ավելի քան 5000 դիմում, որից արդեն հաստատվել է 2118-ը: Նրա խոսքով՝ մերժվել է ավելի քան 2000 դիմում մի շարք պատճառներով. ամենաշատ դիմումները մերժվել են ՀՀ բնակության վայրի հասցեում հաշվառում չունենալու հիմքով, եղել նաև դեպքեր, երբ շահառուն չի հանդիսացել կենսաթոշակառու, ԼՂ կենսաթոշակային բազայում կենսաթոշակի վճարումը դադարեցված է եղել և այլն: Նշվել է նաև, որ կենսաթոշակները և նպաստները վճարվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակների և նպաստների տեսակներին համապատասխան կարգով և չափով: Դիմումը մուտքագրելիս դժվարություններ ունենալու դեպքում քաղաքացիները կարող եք զանգահարել 114 կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին: ՀՀ կառավարության 2023 թ. հոկտեմբերի 12-ի «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» որոշման համաձայն՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործարկվել է ուսուցիչների աջակցության հարթակ՝ kadrer.emis.am հղումով: Ըստ փոխնախարարի՝ այսօրվա դրությամբ աշխատանքի համար դիմել է 200 անձ, որից 188 ուսուցիչ գործուղվել է հանրակրթական ուսումնական հաստատություններ: «Հաշվի առնելով ներկայումս կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մինչև ամսվա վերջ ՀԲ-ի աջակցությամբ կիրականացնենք այս ուսուցիչների վերապատրաստում, որն ուղղված կլինի նոր չափորոշիչների տրամաբանությանը համապատասխան ուսուցման գործընթաց կազմակերպելուն»,- ասել է փոխնախարարը: Նա հիշեցրել է, որ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար: Արաքսիա Սվաջյանը նշել է նաև, որ նախնական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում է 1231 ուսանող, իսկ բուհերում՝ 1844 ուսանող: Վերջիններիս կրթության համար փոխհատուցումը կրթաթոշակի տեսքով իրականացվում է: Փոխնախարարն ընդգծել է նաև, որ առաջիկա օրերին Կառավարությունը կհաստատի որոշում, որը թույլ կտա մինչև սեպտեմբների 19-ը ՀՀ ուսումնական հաստատություններում՝ թե՛ ՄԿՈՒ, թե՛ բուհերում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմներ ևս ներդնել: Այդ ուսանողները հիմնականում 2 խմբի են բաժանվում՝ այն ուսանողներն են, որոնց ուսման վարձը փոխհատուցել է ԼՂ կառավարությունը և այն ուսանողները, որոնց ուսման վարձը վճարել են ծնողները, սակայն ներկայումս դժվարություններ ունեն:
17:35 - 12 դեկտեմբերի, 2023
Այսօրվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կեսաթոշակների նշանակման դիմումները

Այսօրվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կեսաթոշակների նշանակման դիմումները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համար։ Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://online.ssa.am/ հարթակում։ Կենսաթոշակի (այդ թվում՝ աշխատանքային, հաշմանդամության, զինվորական, սոցիալական) նշանակման դիմում ներկայացնելու համար հետևեք ստորև ներկայացվող քայլերի հաջորդականությանը՝ ՔԱՅԼ 1 - նախ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններ՝ բնակության վայրում հաշվառվելու համար (կամ փաստացի կամ մշտական հիմունքներով): ՔԱՅԼ 2 - https://online.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի առցանց դիմումներ» պատուհանը՝ սեղմելով «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմում» դաշտի վրա։ ՔԱՅԼ 2 - եթե հարթակում դեռևս չունեք անձնական հաշիվ, մինչ պահանջվող տվյալները լրացնելը, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ սեղմելով կայքի վերևի աջ կողմում գտնվող «Գրանցում» պատուհանի վրա, ապա համապատասխան դաշտերում մուտքագրել Ձեր էլեկտրոնային հասցեն, անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, գաղտնաբառը և նշել արդյոք ՀՀ քաղաքացի եք, թե ոչ։ Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը։ Գրանցվելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք հաղորդագրություն, որը հաստատելուց հետո համակարգը Ձեզ հնարավորություն կտա օգտվել կայքից։ ՔԱՅԼ 3 - վերոնշյալ քայլերը կատարելուց հետո՝ անհրաժեշտ է սեղմել «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմում» կոճակի վրա, նշել էլեկտրոնային հասցե և գաղտնաբառ, որից հետո կկարողանաք լրացնել պահանջվող տվյալները, այն է՝ անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, անձը հաստատող փաստաթղթի համար, հեռախոսահամար, վճարման եղանակ (կանխիկ-անկանխիկ), * միայն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կենսաթոշակի վճարման տեսակը կարող են ընտրել կանխիկ եղանակը, վճարող կազմակերպություն (Ձեր նախընտրելի բանկ)։ Պահանջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է տալ համաձայնություն՝ «Տեղեկացված եմ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին» դաշտում և սեղմել «Ստեղծել» կոճակի վրա։ Դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ համակարգը կտեղեկացնի անմիջապես՝ էկրանին հայտնվող համապատասխան հաղորդագրության միջոցով։ Դիմումը մուտքագրելիս դժվարություններ ունենալու դեպքում կարող եք զանգահարել 114 կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։  
16:09 - 11 դեկտեմբերի, 2023
Արցախցի կանայք որ դեպքում եւ ինչպես են ստանալու մայրության նպաստ. մանրամասնում է Զարուհի Մանուչարյանը
 |news.am|

Արցախցի կանայք որ դեպքում եւ ինչպես են ստանալու մայրության նպաստ. մանրամասնում է Զարուհի Մանուչարյանը |news.am|

news.am: ՀՀ-ում խնամքի նպաստ նշանակելու համար ժամանակավոր պաշտպանություն ստացած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը  կարող է դիմում ներկայացնել դեկտեմբերի 11-ից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հումանիտար կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ ներկայացնելով մինչ երկու տարեկան երեխայի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ և մայրության նպաստների նշանակման ընթացակարգերը:  Նրա խոսքով՝ ՀՀ օրենսդրությամբ խնամքի նպաստի նշանակումը տարբերակված է՝ հաշվի առնելով երեխան ծնվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, թե դրանից հետո։ Ըստ այդմ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստ կնշանակվի, եթե ծնողը ՀՀ գործատուի մոտ գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է ՀՀ-ում: 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած հայրենակցին խնամքի նպաստ կնշանակվի անկախ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից։ Խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքը հաշվի կառնվի միայն խնամքի չափը որոշելիս:  Ընդ որում, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին խնամքի նպաստը օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ՝ երեխայի և ծնողի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու դեպքում:  Ինչ վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստին, ապա ՀՀ-ում երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը կարող է դիմել, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և ԼՂ-ում երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվել։ Դիմումները կընդունվեն դեկտեմբերի 11-ից։ «Եվ վերջում նաև մայրության նպաստի մասին՝ ՀՀ-ում մայրության նպաստի նշանակման համար անձը կարող է դիմել, եթե ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և ԼՂ-ում նրան մայրության նպաստ չի նշանակվել։  Եթե անձը չի աշխատում և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի, խոսքը 140 օրվա մասին է, կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում, ապա մայրության նպաստ նշանակելու համար կարող է դիմել 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո՝ 140 օրվա ընթացքում։ Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվելու»,-ասել է Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ սահմանված ժամկետում մայրության նպաստ նշանակելու դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն։ Նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաև, որ դիմումին անհրաժեշտ է կցել ՀՀ բժշկական կազմակերպության կամ ԼՂ-ում գտնված բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ դրա բացակայության դեպքում՝ երեխայի ծննդյան վկայականը։  Աշխատող մայրերին մայրության նպաստն ընդհանուր կարգով նշանակելու, հաշվարկելու և վճարելու է գործատուն։
17:12 - 08 դեկտեմբերի, 2023
Կբարելավվի ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացը

Կբարելավվի ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկման գործընթացի արդյունավետության շարունակական բարելավումն ապահովելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ համապատասխան պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը, ինչպես նաև հատուցման հիմնադրամը ինքնաշխատ եղանակով ստանում է նաև՝ շահառուների հաշմանդամության վերաբերյալ տեղեկատվությունը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, օրենքի համապատասխան կետերի կիրարկումն ապահովող` տեղեկատվությանը: Բացի դրանից՝ նախատեսվում է սահմանել, որ ստանում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածի մասին տեղեկատվությունը` դրոշմանիշային վճարի գումարներն օրենքով սահմանված անձանց վերադարձնելու նպատակով: Սահմանվում է, որ հիմնադրամը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրում է տեղեկատվություն՝ կենսաթոշակ նշանակելու և ընտանիքների կարիքները գնահատելու համար: Այն ուժի մեջ է մտնում 2024 թ. մարտի 1-ից՝ հաշվի առնելով տեղեկատվության փոխանակման համար անհրաժեշտ՝ ծրագրային ապահովում մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը։ Արդյունքում՝ կընդլայնվի ինքնաշխատ եղանակով ստացվող տվյալների շրջանակը, կբարելավվի հիմնադրամի կողմից հատուցման գումարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ կենսաթոշակների նշանակման և վճարման, ինչպես նաև ընտանիքների կարիքները գնահատելու գործընթացների արդյունավետությունը՝ նվազագույնի հասցվելով պատահական և միտումնավոր սխալների հավանականությունը:
16:13 - 07 դեկտեմբերի, 2023
ՄԻՊ-ը այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն և արձանագրել մի շարք համակարգային խնդիրներ

ՄԻՊ-ը այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն և արձանագրել մի շարք համակարգային խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2023 թվականի նոյեմբերի 28-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն)։ Ուսումնասիրվել են Հաստատության բնակելի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատողների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին: Այցի արդյունքում արձանագրվել են նախորդ մշտադիտարկման չհայտարարված այցից հետո վեր հանված խնդիրների հետ կապված դրական փոփոխություններ։ Դրանք հիմնականում վերաբերում են սքրինինգային ծրագրերի իրականացման, բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, աշխատողների աշխատանքի կազմակերպման, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման, երեխաների կարիքների գնահատման մեթոդաբանության և այլ ոլորտներին։ Ուշադրության է արժանի այն, որ Հաստատության տնօրինությունը ընդհանուր առմամբ հետևողական է երեխաների միջև և նրանց հանդեպ բռնության դեպքերի արձանագրմանը, որի մասին են վկայում համապատասխան գրանցամատյանում կատարված գրառումները։ Գնահատելով Հաստատության աշխատակազմի ջանքերը՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրմանը, այնուամենայնիվ, Պաշտպանն արդիական է համարում մի շարք համակարգային խնդիրներ: Մասնավորապես՝ • Հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չեն բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, որոշ սենյակներ հասնելու համար Հաստատության սաները ստիպված են լինում անցնել այլ խմբի համար հատկացված ննջասենյակների միջով, հանգստի սենյակները որոշ դեպքերում առանձնացված չեն ննջասենյակներից։ • Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ, լոգախցիկները, սանհանգույցները իրարից առանձնացված են միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայում է նաև միջնապատը: Սանհանգույցների պատուհանները հիմնականում չունեին վարագույրներ։ Ննջասենյակներից մեկում ևս արձանագրվել է շերտավարագույրի անսարքության դեպք։ • Որպես մեկուսարան առանձնացված սենյակը չէր բավարարում մեկուսարանային բաժանմունքի պահանջներին։ • Այցի պահին շենքային պայմանները մասամբ էին հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Օրինակ՝ սանհանգույցները մատչելի չէին: • Հաստատությունում շարունակում էին խնամք ստանալ 18-ից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք, ինչը հակասում է ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականությանը, այնպես էլ Հաստատության կանոնադրությանը։ • Առկա էր աշխատողների ռեսուրսների պակաս: Աշխատողների թիվը Հաստատությունում խնամք  ստացող  երեխաների թվի համեմատությամբ բավարար չէր, որը ավելի տեսանելի էր պալիատիվ բուժօգնության և խնամքի տրամադրման գործընթացում: Թերի իրավակարգավորումների հետևանքով 14 երեխայի խնամքը ժամը 18:00-ից հետո իրականացնում է մեկ դայակ, ինչը առաջացնում է երեխաների սննդի տրամադրման և անձնական հիգիենայի ապահովման հետ կապված խնդիրներ: • Չնայած իրավասու մարմնի կողմից իրականացվող վերապատրաստումներին՝ արդիական է մնում պետության կողմից նեղ մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությունը: • Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյան չէր վարվում: • Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների, Հաստատության տնօրինության և ոլորտային մասնագետների դիտարկմամբ՝ տնային ուսուցմամբ սովորողների կրթությունը, որպես կանոն, ձևական է, չի համապատասխանում նրանց կրթական կարիքներին և զարգացման հնարավորություններին: Պատճառներից մեկը սաների իրական կարիքներին համապատասխանող կրթական չափորոշիչների և ծրագրերի բացակայությունն է: • Չնայած երեխաների հետ աշխատողների կողմից կոնկրետ մեթոդաբանությամբ իրականացվող աշխատանքներին՝ արդիական է մնում պետության կողմից այդպիսի աշխատանքների կազմակերպման հարցում ուղեցույցների, աջակցող նյութերի և մասնագիտական ձեռնարկների մշակման ու ներդրման հարցը:  Նշված և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին: Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը։
16:10 - 06 դեկտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված 109 հազար անձի վճարվել են 100 հազար դրամները
 |armenpress.am|

ԼՂ-ից բռնի տեղահանված 109 հազար անձի վճարվել են 100 հազար դրամները |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող երեք տեսակի՝ 100 հազար դրամների, 40+10 հազար դրամների և 50 հազար դրամների աջակցության միջոցառումները շարունակվում են: Այս մասին «Հումանիտար կենտրոնում» ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը: «Այս պահին ունենք 100 հազար դրամների միանվագ միջոցառման շրջանակներում վճարված 109 հազար 395 անձ: 40+10 հազար դրամների աջակցությունը, որը նախատեսված էր կացարանի և կոմունալ ծախսերի նպատակով, հոկտեմբեր ամսվա համար վճարվել է 104 հազար 26 անձի: Սկսվել են նաև նոյեմբերի վճարումները՝ 20 հազար 649 հոգու վճարվել են արդեն նոյեմբերի համար, շուրջ 20 հազար հոգու էլ կվճարվի վաղվանից: Մնացած տվյալները մշակվում են և աջակցությունն առաջիկա օրերին կտրամադրվի: Վաղը կսկսվի 37 հազար 117 շահառուի 50 հազարական դրամների աջակցության վճարումները»,- նշեց փոխնախարարը:
17:33 - 05 դեկտեմբերի, 2023
Կգործարկվի հարթակ, որի միջոցով ԼՂ-ից տեղահանված կենսաթոշակառուները կինտեգրվեն ՀՀ կենսաթոշակային համակարգին
 |tert.am|

Կգործարկվի հարթակ, որի միջոցով ԼՂ-ից տեղահանված կենսաթոշակառուները կինտեգրվեն ՀՀ կենսաթոշակային համակարգին |tert.am|

tert.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը հումանիտար կենտրոնում կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակների և նպաստների հետ կապված գործընթացների վերաբերյալ: Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և 24-ժամյա ռեժիմով Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների կենսաթոշակների, նպաստների վճարման մասով որոշակի կարգավորումներ է հաստատել երկու օրենքում: Արդյունքում՝ կառավարությանը լիազորություն է տրվել որոշակի առանձնահատկություններ սահմանել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման մասով:  «Առանձնահատկությունները վերաբերում են այն դեպքերին, երբ կենսաթոշակն արդեն նշանակված է, և մեր հայրենակիցներն ուղղակի պետք է արդեն ստանան Հայաստանի Հանրապետության բյուջեից: Դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի նրանց կենսաթոշակային գործերը ՀՀ կենսաթոշակային ընդհանուր համակարգում ներառվեին, և որպեսզի մեր հայրենակիցներին քաշքշուկների մեջ չներառեինք և զրոյից կենսաթոշակի գործի բացման, ստաժի հաշվարկման, կենսաթոշակի հաշվարկման գործընթացներ չսկսեինք, մենք անհրաժեշտություն ունեցանք, որպեսզի օրենքով լիազորություն տրվի կառավարությանը, որպեսզի կառավարությունը կարողանա այն կենսաթոշակառուների համար, ովքեր արդեն նշանակված են եղել, իրենց կենսաթոշակային գործերն ինտեգրել ՀՀ կենսաթոշակային համակարգին առանց որևէ նոր հաշվարկների և հաշվառումների: Արդեն երեկ Կառավարությունը հաստատեց բոլոր այդ առանձնահատկությունները և կանոնակարգումները»,- նշել է Դավիթ Խաչատրյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ մոտ օրերս կգործարկվի այն հարթակը, որի միջոցով արդեն կենսաթոշակ նշանակված հայրենակիցները կկարողանան դիմել, որպեսզի հնարավոր լինի նրանց ինտեգրել ՀՀ կենսաթոշակային համակարգին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:48 - 01 դեկտեմբերի, 2023