ՀՀԿ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990 թվականին։ Համաձայն կուսակցության պաշտոնական կայքի՝ կուսակցական գաղափարախոսությունը ազգային պահպանողական է։ Այն իրեն համարում է «Ազգային միացյալ կուսակցության» գաղափարական-քաղաքական ժառանգորդը։

Հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. նոյեմբեր ՀՀԿ նախագահը Աշոտ Նավասարդյանն էր, որի մահվանից հետո՝ մինչեւ 2007թ. մարտ ամիսը, կուսակցությունը ղեկավարում էր Անդրանիկ Մարգարյանը, այնուհետեւ՝ մինչ օրս, Սերժ Սարգսյանը։
 
1990թ. ընտրված Գերագույն խորհրդում ՀՀԿ-ն ներկայացված էր մեկ պատգամավորով՝ Աշոտ Նավասարդյան, 1995թ. ընտրված առաջին գումարման Աժ-ում՝ 5 պատգամավորով, 1999թ. ընտրված երկրորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ն երեք տասնյակ պատգամավորներ ուներ: 

1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո վարչապետ նշանակվեց ՀՀԿ ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Ավելի ուշ` 2000թ. մայիսին, ՀՀ վարչապետ նշանակվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը: 

2003թ. մայիսի 25-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն խորհրդարանում ուներ ամենամեծ խմբակցությունը` 40 պատգամավոր:

2006թ. հուլիսին կայացած կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հռչակեց իբրեւ ազգային պահպանողական կուսակցություն։ Համագումարի որոշմամբ վերականգնվեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, որը հանվել էր 2005թ.։ ՀՀԿ խորհրդի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։

2007թ.՝ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, ՀՀԿ նախագահի պարտականությունները ստանձնեց Սերժ Սարգսյանը։ Ապրիլի 4-ին նա նշանակվեց նաեւ ՀՀ վարչապետ:

2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորվեց ՀՀԿ խմբակցություն՝ 64 պատգամավորով: ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: 

2008թ. փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ Նախագահ: 

2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյուքներով մայիսի 31-ին ստեղծվեց ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ՀՀԿ խմբակցությունը, որում ընդգրկված 69 պատգամավորներից 53-ը ՀՀԿ անդամներ էին։

2013թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ Նախագահ: 

2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ ՀՀԿ-ն մասնակցեց 2018թ․ դեկտեմբերի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Կուսակցության համապետական ցուցակը գլխավորում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Այս ընտրություններում ՀՀԿ-ն չհայտնվեց ԱԺ-ում՝ չհավաքելով անցողիկ շեմը։

ՀՀԿ-ն 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Հայրենիք» կուսակցության հետ մասնակցում էր «Պատիվ ունեմ» դաշինքով, որը 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 7 պատգամավոր։

Քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ Միջազգային քրեական դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար. ՀՀԿ

Քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ Միջազգային քրեական դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար. ՀՀԿ

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի հիման վրա ընդունել է որոշում, ըստ որի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ծայրահեղ քաղաքական կուրություն է եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է եւ բոլորովին էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը եւ Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը եւ նման մտադրություն չունեն նաեւ ապագայում: Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբեւէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար: Միաժամանակ հարկ է նաեւ արձանագրել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը, որը 2020 թ. Սահմանադրության հակասահմանադրական փոփոխությունների արդյունքում ապօրինի կազմ ունի, բացահատորեն վերազանցել է իր լիազորությունները եւ կայացրել ակնհայտ ապօրինի որոշում: Թե Սահմանադրությամբ, թե Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական Օրենքով Սահմանադրական դատարանն իրավասու չէր քննության ընդունել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության գործը, այն պարագայում, երբ նույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը դեռեւս 2004 թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում: Թե Սահմանադրությամբ, թե Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական Օրենքով Սահմանադրական դատարանն իրավասու չէր քննության ընդունել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության գործը, այն պարագայում, երբ նույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը դեռեւս 2004 թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում: Քանի որ Սահմանադրական  դատարանի որոշումները վերջնական են և վերանայման ենթակա չեն, ապա իրավական առումով Միջազգային քրեական դատարանի անդամակցության խնդրի վերանայումը հնարավոր էր միայն Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:
21:35 - 28 մարտի, 2023
ՔՊ-ն առաջատար է թե՛ Անիում, թե՛ Սիսիանում․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

ՔՊ-ն առաջատար է թե՛ Անիում, թե՛ Սիսիանում․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

Երեկ՝ մարտի 26-ին, ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեցին Շիրակի մարզի Անի ու Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում։ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել երկու համայնքներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Շիրակի մարզի Անի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 15 934 է, մասնակցել է 9869-ը կամ 61.93%-ը։ ԿԸՀ նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատարն է։ «Ազգ-համայնք» դաշինք (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը՝ Արտակ Գևորգյան) - 3134 ձայն կամ 31.75% «Իմ հզոր համայնք» (Արմենակ Նաջարյան) կուսակցություն - 744 ձայն կամ 7․53% «Հայկական երազանք» (Ագուն Սաղաթելյան) - 795 ձայն կամ 8․05% «Քաղաքացիական պայմանագիր» (Արման Սարիբեկյան) - 5180 ձայն կամ 52․48%։ Անվավեր է համարվել մեկ քվեաթերթիկ։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ընտրողների ընդհանուր թիվը համայնքում 22 890 է, մասնակցել է 11 355-ը կամ 49․6%-ը։ ԿԸՀ ներկայացրած նախնական տվյալներով առաջատարը դարձյալ ՔՊ-ն է։ Հայաստանի հանրապետական կուսակցություն - 2 553 ձայն կամ 22․48% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 7 325 ձայն կամ 64.5% «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 1 443 ձայն կամ 12.7%: Անվավեր քվեաթերթիկների թիվը 34 է։ Նշենք, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը, Հանրապետականինը՝ Ջիվան Մարգարյանը, Ավագ Ասատրյանն էլ «Քաղաքացու որոշման» թեկնածուն է: Այսպիսով՝ երկու համայնքներում առաջատար է իշխող ՔՊ կուսակցությունը։ Ընտրություններին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ, կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը ևԿա՜ Ապագա»։ Հիշեցնենք, որ ՔՈ նախընտրական շտաբը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ օպերատիվ ռեժիմով տեղեկություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով, ինչին արձագանքել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ու հերքել դրանք՝ ընգծելով, որ դիմելու են դատարան։ Գլխավոր դատախազությունից էլ հայտնել են, որ Անի համայնքի ընտրությունների ընթացքում ստացվել է երեք հաղորդում ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Երեք դեպքում էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ Քր. օրենսգրքի 210-րդ հոդվածի առաջին մասով (անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը): Սիսիանի ընտրությունների ընթացքում առերևույթ հանցագործությունների մասին զանգեր, հաղորդումներ չեն ստացվել: ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է վեց հրապարակում, որոնց վերաբերյալ իրականացվել են ստուգողական գործողություններ: Արդյունքների վերաբերյալ տեղեկությունը կներկայացվի առաջիկայում։ Արձանագրած ընտրախախտումների վերաբերյալ նախնական տվյալներ է հրապարակել նաև «Անկախ դիտորդը»։
09:34 - 27 մարտի, 2023
ՀՀԿ-ն կտրականապես դեմ է ցանկացած պայմանավորվածությունների, որոնք կանտեսեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և միջազգային ճանաչման հեռանկարը

ՀՀԿ-ն կտրականապես դեմ է ցանկացած պայմանավորվածությունների, որոնք կանտեսեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և միջազգային ճանաչման հեռանկարը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Արձանագրելով, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր՝ ավելի քան մեկ ամիս, ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի փակումը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և ցեղասպան գործողությունների հերթական դրսևորումն է, Խորապես անհանգստացած լինելով Արցախում օրեցօր ավելի նկատելի դարձող հումանիտար ճգնաժամի, կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ կապի, էներգամատակարարման և հաղորդակցության միտումնավոր խափանումների ծանր հետևանքներով, Համոզված լինելով կեղծ բնապահպանական ձեռնարկման անվան տակ Արցախի բնակչության նկատմամբ բարոյահոգեբանական ճնշումներ գործադրելու և հայրենազրկելու՝ Ադրբեջանի սանձազերծած քաղաքականության մեջ,  Արձանագրելով, որ ստեղծված իրավիճակը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ այն ստորագրած կողմերի ստանձնած պարտավորությունների չկատարման հետևանք է, Ողջունելով Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիրը տնօրինելու, Ադրբեջանի կազմից դուրս ազատ ապրելու և միջազգայնորեն սահմանված իր ինքնորոշման իրավունքն իրացնելու վճռական կամքն ու պատրաստակամությունը, Դատապարտելով Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունների կրավորական կեցվածքը և արցախահայության ճակատագրի հանդեպ Հայաստանի ստանձնած պատասխանատվությունից խուսափելու քաղաքականությունը, Կարևորելով ՌԴ խաղաղարար կոնտինգենտի կողմից իրականացվող առաքելությունը, Խորապես մտահոգված լինելով Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի՝ Հայաստանի անվտանգային համակարգն ու նրա կարևոր բաղադրիչ հանդիսացող հայ-ռուսական հարաբերությունները վնասող անմիտ քաղաքականությամբ և վնասարար հայտարարություններով. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 1. Իր անվերապահ սատարումն ու քաղաքական-քաղաքացիական աջակցությունն է հայտնում Արցախի ժողովրդին:  Դիմելով այս օրերին անասելի դժվարությունների ու զրկանքների միջով անցնող Արցախի մեր հայրենակիցներին՝ ցանկանում ենք ընդգծել, որ.Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որպես Հայաստանի անկախության և Արցախյան ազատամարտի պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժ, անվերապահորեն և հետևողականորեն սատարում է ձեզ՝ պատմական հայրենիքում ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացման համար պայքարի ճանապարհին: Այդ պայքարը եղել և մնում է համայն հայության պայքարը՝ անկախ օրվա իշխանությունների դիրքորոշումից ու գործելաոճից:Վստահեցնում ենք, որ մենք ոչ մի դեպքում չենք շեղվելու այն ուղուց, որ որդեգրել ենք ավելի քան երեք տասնամյակ առաջ և հավատարիմ ենք Հայաստանի ժողովրդի միասնական կամքն արտահայտող ՀՀ Անկախության հռչակագրի տառին ու ոգուն, ինչպես նաև ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշմանը, որ ի թիվս կարևոր մի շարք դրույթների, սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: 2. Անթույլատրելի է որակում աշխարհաքաղաքական սակարկությունները, Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգերի դեմ իրականացվող նպատակաուղղված քաղաքական արկածախնդրությունները:  3. Շնորհակալություն է հայտնում ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ ծառայության համար, միաժամանակ՝ ընդգծում, որ խնդրի շուտափույթ հանգուցալուծման համար ակնկալում է իրավիճակից բխող վճռական որոշումներ և հստակ գործողություններ՝ ապահովելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետերի անվերապահ կատարումը, 4. Կտրականապես դեմ է ցանկացած պայմանավորվածությունների՝ գրավոր, թե բանավոր, որոնք կանտեսեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և միջազգային ճանաչման հեռանկարը,  5. Հորդորում է ՀՀ դե ֆակտո իշխանություններին՝ դադարեցնել Հայաստանի ու Արցախի շահերը աշխարհաքաղաքական ներկայիս լարված իրավիճակում գերտերությունների միջև ծավալված պայքարում արկածախնդրորեն վտանգի ենթարկելու, այլևայլ շահերի ծառայեցնելու և այդկերպ սեփական խղճուկ իշխանությունը պահելու ազգադավ քաղաքականությունը,  6. Պահանջում է Նիկոլ Փաշինյանից հրապարակել բոլոր այն կարևոր սկզբունքային պայմանավորվածություններն ու խոստումները, որոնք տրվել են Հայաստանի և Արցախի ժողովրդի անունից 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, 7. Վստահեցնում է, որ շարունակելու է աշխատանքներն իր միջազգային գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և Արցախի հարցի շուրջ լիարժեք, օբյեկտիվ տեղեկություններ հաղորդելով, ինչպես նաև խրախուսելով համապատասխան միջազգային ինստիտուտներում Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դատապարտումը, 8. Պահանջում է, որպեսզի գործող իշխանությունները լիարժեք իրականացնեն Արցախի անվտանգության երաշխավոր լինելու Հայաստանի Հանրապետության պարտականությունը:  9. Անթույլատրելի է համարում Արցախի առկա անվտանգային մեխանիզմների սողացող ապամոնտաժումը կամ հարվածի տակ դնելը` մինչև Արցախի հարցի վերջնական կարգավորումը: 10.Կարևորում է ԵԱՀԿ ՄԽ ինստիտուտի վերագործարկման անհրաժեշտությունը և համանախագահ երկրների առավել արդյունավետ ներգրավվումը առկա ճգնաժամի հանգուցալուծման գործում»։
21:43 - 13 հունվարի, 2023
Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։ Լուրը հաստատել են ՀՀԿ-ից։ Գալուստ Սահակյանը ծնվել էր 1948 կամ ապրիլի 8-ին։ ՀՀ պետական և քաղաքական գործիչը Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ էր,  2014-2017 թվականներին եղել է ՀՀ ԱԺ նախագահը։ Նա ծանր հիվանդություն ուներ։ Քաղաքական գործունեությունը 1992-1996 թթ. - Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա առաջին տեղակալ։1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք)։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։1999-2003 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար։2003-2007 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։2007-2012 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ 2007 թ. հունիսի 19-ից 2008 թ. նոյեմբերի 17-ը - Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2008 թ. նոյեմբերի 11-ից 2012 թ. մայիսի 31-ը - ՀՀԿ խմբակցության ղեկավար։2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։2014 թ. ապրիլի 29-ին ձայների կողմ 101, դեմ 3 հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ։2014-2017 թվականներին՝ ՀՀ ԱԺ նախագահ։
18:44 - 18 դեկտեմբերի, 2022
Կառավարության շենքի մոտ տեղի է ունենում ՀՀԿ-ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման

Կառավարության շենքի մոտ տեղի է ունենում ՀՀԿ-ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման

Կառավարության շենքի մոտ տեղի է ունենում ՀՀԿ-ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։ Հավաքին ներկա է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։  «Տեղի է ունենում հումանիտար բլոկադա, երեկվանից արցախցին չունի գազ, այսօր կամ վաղը միգուցե չունենա լույս, իսկ այդ ամբողջ ընթացքում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ էն մարդիկ, որոնք պիտի զբաղվեին էս ամեն ինչը թույլ չտալով, ապա, եթե եղել էր, խնդիրների լուծման մասին մտածելով, զբաղված են ոչնչով կամ հենց ադրբեջանցիների օրակարգը սպասարկելով։ Էս ամեն ինչը մեզ համար պարզ էր դեռ 2018-ից, որ էս շենքը զավթած բորենիների ոհմակը ամեն ինչ արել է, որ էս օրը մոտենա, իր բոլոր գործողություններով, անգործություններով արեն են հնարավորը, որ էս օրում հայտնվենք ու անելու են։  Այսօր ժողովուրը չի մտածում ավելի լավ ապրելու մասին, այլ ապրելու իրավունք ունենալու մասին, որովհետեւ սրանք հասցրել են նրան, որ մենք ոչ մի հեռանկար, կանխատեսելիություն, նմանատիպ ոչ մի բան չունենք»,- ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ում հռետորական հարց էր հնչեցրել, թե ինչու է ընդդիմությունը ցույց իրականացնում կառավարության շենքի դիմաց․ «Մեր կառավարությո՞ւնն է փակել Լաչինի միջանցքը․ իմաստը որն ա գնալ Կառավարության մոտ միտինգի․ ասաց Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում», ,- ասել էր պատգամավորը, ինչին անդրադարձավ Նարեկ Սամսոնյանը ու նշեց․ «Ցույց ենք անում, որովհետեւ ձեր պատճառով է էս ամեն ինչը եղել, որովհետեւ դուք եք հասցրել երկիրը այստեղ»։  
17:42 - 14 դեկտեմբերի, 2022
Արցախի ժողովրդի կենսական իրավունքները կրկին վտանգված են․ ՀՀԿ-ն վաղը հավաք կիրականացնի

Արցախի ժողովրդի կենսական իրավունքները կրկին վտանգված են․ ՀՀԿ-ն վաղը հավաք կիրականացնի

Արցախի ժողովրդի կենսական իրավունքները կրկին վտանգված են։ Մեր հայրենակիցները ադրբեջանական սադրանքների պատճառով հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: Ստեղծված իրավիճակը ադրբեջանական հայատյաց եւ ցեղասպան քաղաքականության հերթական դրսեւորումն է, ինչը գործող վարչախմբի պարտվողական կեցվածքի, ապիկար արտաքին եւ անբարո ներքին քաղաքականության հետեւանք է։ Արցախի հայության ապրելու խնդիրը նաեւ քոնն է, յուրաքանչյուր հայինն է, մերն է։ Վաղը ժամը 16:30-ին բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության Հրապարակ միասնության հրատապ հավաքի, անկախ քաղաքական պատկանելությունից եւ մեզ տարանջատող այլ երկրորդական գործոններից։ Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ ի ցույց եւ ի գործ դնենք արցախցի քույրերին եւ եղբայրներին մեր անվերապահ աջակցությունը։ Լաչինի միջանցքը նաեւ քո կյանքի ճանապարհն է։ Արցախը տեր ունի՝ արցախցին է։ Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է։ Հայ ժողովուրդն էլ ինքն իր տերն է։ Տիրոջ իրավունքով վաղը 16:30-ին արի Հանրապետության Հրապարակ»,- ասված է հաղորդագրության մեջ:
20:27 - 13 դեկտեմբերի, 2022
Հրապակարակվել է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի գործով դատավճիռը |factor.am|

Հրապակարակվել է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի գործով դատավճիռը |factor.am|

factor.am: «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում հրապարակվել է Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լևոն Սարգսյանի գործով դատավճիռը։ Այստեղ մանրամասն նկարագրվում է, թե, ըստ դատարանի, ինչ հանգամանքներ են հաստատված համարվել, ինչպես է տեղի ունեցել Մաքային պետական ծառայության նախին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակումը, ով ինչ դերակատարում է ունեցել դրանում։ Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի՝ Լևոն Սարգսյանը, մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը: Այս գործով Արա Կարապետյանը, Արմեն Նիկողոսյանը և այլ անձինք 2010 թվականին մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 2018 թվականի հեղափոխությունից հետո քրեական հետապնդում է սկսվել նաև Լևոն Սարգսյանի ու վերջինիս փեսայի՝ Սուրեն Ղազարյանի նկատմամբ։ Վերջիններս 2022 թվականի մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել։ Այս որոշման դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան, որտեղ այժմ, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, կազմով դատավորներ Արմեն Բեկթաշյանի և Արշակ Վարդանյանի, քննվում է։ Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հաստատված է համարել հետևյալ հանգամանքները․ Ամբաստանյալ Լևոն Սարգսյանը, նախկինում մտերիմ հարաբերությունների մեջ է եղել գործով տուժող, ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի հետ, սակայն 2008 թվականին վերջիններիս հարաբերությունները լարվել են, ինչի պատճառով Լևոն Սարգսյանը որոշել է պատժել Արմեն Ավետիսյանին և ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակել Արմեն Ավետիսյանի տնից: Լևոն Սարգսյանն Արա Կարապետյանին հայտնել է Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակում կատարելու մտադրության մասին, և Արա Կարապետյանի միջոցով ծանոթ լինելով Արմեն Նիկողոսյանի հետ, իմանալով նրա և Արա Կարապետյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցության անդամների կողմից «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառից ամիսներ առաջ կատարված ավազակային հարձակման մասին, որոշել է Ավետիյանի տան վրա ավազակային հարձակումն իրականացնել նշված հանցավոր խմբի ուժերով: Ամբաստանյալ Լևոն Սարգսյանի քրոջ ամուսին, ամբաստանյալ Սուրեն Ղազարյանը, տեղեկանալով վերը նշված հանցավոր մտադրության մասին, իր համաձայնությունն է տվել օժանդակել այդ հանցագործության կատարմանը, և նախկինում լինելով Արմեն Ավետիսյանի օգնականը և այդ հանգամանքի բերումով այցելած լինելով Արմեն Ավետիսյանի առանձնատուն, իմանալով դրա կառուցվածքը և այլ մանրամասներ, պատրաստակամություն է հայտնել տեղեկություններ տրամադրել և այդ կերպ ավազակային հարձակումը և այդ ընթացքում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելն առավել դյուրին և առանց խոչընդոտների իրականացնելու նպատակով մանրամասն նկարագրել է Արմեն Ավետիսյանի առանձնատան կառուցվածքը և չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը։ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի կողմից ստեղծած հանցավոր համագործակցության անդամների ուժերով այդ մտահղացումն իրականացնելու նպատակով Լևոն Սարգսյանն Արա Կարապետյանին առաջարկել է կազմակերպել Սուրեն Ղազարյանի և Արմեն Նիկողոսյանի հանդիպումը՝ հարձակման մանրամասները քննարկելու համար, ինչին Արմեն Նիկողոսյանը համաձայնել է: 2008 թվականի հոկտեմբերի սկզբին Արա Կարապետյանի կողմից կազմակերպվել է վերջիններիս հանդիպումը, և Սուրեն Ղազարյանը Արա Կարապետյանին պատկանող Կոշիկի աշխարհ խանութի հանգստի սենյակում հանդիպել է Արմեն Նիկողոսյանին, նրան տրամադրել է Արմեն Ավետիսյանի առանձնատան մանրամասն գծագիրը, մանրամասն նկարագրել է առանձնատան կառուցվածքը և չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը: Այնուհետև, Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գործող բիլիարդ խաղի համար նախատեսված սրահում Լևոն Սարգսյանը Սուրեն Ղազարյանի և Արա Կարապետյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ վերահաստատել է Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակում կատարելու վճռականությունը։ Ըստ պայմանավորվածության՝ Արա Կարապետյանը որոշել է հանցագործությանը մասնակից դարձնել իր վստահելի անձանց՝ կազմակերպված խմբի անդամներ Արշակ Գրիգորյանին, Հովհաննես Նազարյանին և Սուրեն Մելքոնյանին, իսկ Արմեն Նիկողոսյանը՝ Արսեն և Բագրատ Սողոմոնյաններին, Հայկ Մելքոնյանին, ինչպես նաև կազմակերպված խմբում որպես նոր անդամներ ընդգրկված Նիկոլայ Խաչիկյանին և Աշոտ Խաչատրյանին։ Կազմակերպված խմբի ղեկավարների կողմից հանցագործությանը մասնակից յուրաքանչյուր անդամին խոստացվել է հանցագործության բարեհաջող ավարտից հետո վճարել 100․ 000-ական ԱՄՆ դոլար։ Իսպանիայում գտնվող Բագրատ Սողոմոնյանի ՀՀ վերադառնալու, ինչպես նաև հանցագործության նախապատրաստման այլ ծախսերը հոգալու՝ զինվորական հատուկ մարտական ջոկատի հանդերձանք և ավտոմեքենաների վառելանյութ ձեռք բերելու համար, Արմեն Նիկողոսյանն Արսեն Սողոմոնյանին է տվել 5․000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև հրազեն հանդիսացող «ՊՄ» տեսակի ատրճանակ՝ իր պահունակով և ռազմամթերք հանդիսացող՝ 9 մմ տրամաչափի թվով 8 փամփուշտներով, որոնք Արսեն Սողոմոնյանը տվել է Հայկ Մելքոնյանին։ Արմեն Նիկողոսյանի կողմից Հայկ Մելքոնյանին է տրվել նաև Արմեն Ավետիսյանի առանձնատան, սենյակների դասավորվածության, առանձնատան հարակից տարածքի վերաբերյալ կազմված գծագիրը։ Տրամադրված գումարների հաշվին Բագրատ Սողոմոնյանը վերադարձել է Իսպանիայից, իսկ Արսեն Սողոմոնյանի կողմից ձեռք է բերվել 5 անձի համար նախատեսված զինվորական հանդերձանք։ Հագուստը հանցավոր խմբի անդամների կողմից ներկվել է սև գույնով, համազգեստների վերին, մեջքի մասում կատարվել է ռուսերեն «սպեցնազ» գրառումը՝ բնակարան մուտք կատարելու գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով։ Պլանավորված հանցագործությունն իրականացնելու համար հանցավոր խմբի անդամները` Արսեն և Բագրատ Սողոմոնյանները, Հայկ Մելքոնյանը, Հովհաննես Նազարյանը, Նիկոլայ Խաչիկյանը, Աշոտ Խաչատրյանը և Արշակ Գրիգորյանը 2008 թվականի հոկտեմբերի 26-ին՝ երեկոյան հավաքվել են վերջինիս կողմից Երևանի Չարբախ թաղամասում վարձակալված բնակարանում, ուսումնասիրել Արմեն Ավետիսյանին պատկանող առանձնատան, դրա շրջակա տարածքի, սենյակների դասավորվածությամբ գծագիրը, յուրաքանչյուրը ստացել է նախապես ձեռք բերված` իրավապահ մարմինների հատուկ ջոկատների համար նախատեսված հանդերձանքը, համազգեստներ և դիմակներ, ինչպես նաև մարտական, գազային և օդամղիչ ատրճանակները, որոշվել է յուրաքանչյուր մասնակցի կոնկրետ դերն իրականացվելիք հանցագործությունում։ Մասնավորապես` Բագրատ Սողոմոնյանին հանձնարարվել է զինաթափել և վնասազերծել տան տարածքում անվտանգություն ապահովող անձին, Աշոտ Խաչատրյանին և Արսեն Սողոմոնյանին՝ վարել վերջինիս և Նիկոլայ Խաչիկյանի տրամադրության տակ գտնվող, համապատասխանաբար՝ «Նիվա» և «ԳԱԶ-31» մակնիշների ավտոմեքենաները, ինչպես նաև՝ հանցագործության կատարման ընթացքում մնալ ավտոմեքենաների մեջ և վերահաս վտանգի առաջացման դեպքում ահազանգել բնակարան մուտք գործած մյուս մասնակիցներին, իսկ մյուսներին՝ Բագրատ Սողոմոնյանի հետևից, պարսպի դարպասներից թռչել տան հարակից տարածք, մուտք գործել բնակարան և ատրճանակների գործադրման սպառնալիքով կպչուն ժապավենով կապել տանը գտնվող անդամների ձեռքերն ու ոտքերը, սենյակներում փնտրել ոսկյա զարդեր, արժեքավոր իրեր և գումար, դրանք տեղավորել իրենց հետ վերցվող պայուսակում, որից հետո դուրս գալ տնից և հեռանալ։ Աշոտ Խաչատրյանի և Նիկոլայ Խաչիկյանի նախաձեռնությամբ վերջիններս մեկնել են Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի նրբանցքի 6-րդ շենքի մոտ և այնտեղ տեղակայված կիսակառույց ավտոտնակում կայանված, որպես «ՍԱՐ-ՍԵՐ ՍՊԸ» սեփականություն հաշվառված, սակայն փաստացի Արմենակ Մայիլյանին պատկանող «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայից նախնական համաձայնությամբ գաղտնի հափշտակել են 252ՍԼ65 սերիայի 2 պետհամարանիշները, դրանք տեղադրել են վերը նշված «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Հանցավոր համագործակցության ղեկավարների կողմից որոշվել է ավազակային հարձակումն իրականացնել 2008 թվականի հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ինչի մասին Արմեն Նիկողոսյանը հանդիպման ժամանակ հայտնել է Լևոն Սարգսյանին։ Շարունակությունը՝ factor.am-ում
12:55 - 28 նոյեմբերի, 2022
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում. Սերժ Սարգսյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում. Սերժ Սարգսյան

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին:   Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր։   Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հանրապետական կուսակցության դիրքորոշումները նշված հարցերի վերաբերյալ։   Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում։
17:08 - 22 հոկտեմբերի, 2022
ՀՀԿ–ն պահանջում է օրենքով սահմանված ողջ խստությամբ պատժել ոչ միայն Էդգար Ղազարյանի դեմ բռնություն իրագործողներին, այլև կազմակերպիչներին և պատվիրատուներին․ ՀՀԿ Գործադիր մարմին

ՀՀԿ–ն պահանջում է օրենքով սահմանված ողջ խստությամբ պատժել ոչ միայն Էդգար Ղազարյանի դեմ բռնություն իրագործողներին, այլև կազմակերպիչներին և պատվիրատուներին․ ՀՀԿ Գործադիր մարմին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Էդգար Ղազարյանի նկատմամբ այսօր տեղի ունեցած բռնության առիթով։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀՀԿ Գործադիր մարմին»-ը։ «Խորապես համոզված ենք, որ տվյալ վայրագությունն ուղղակիորեն շաղկապված է Էդգար Ղազարյանի հասարակական-քաղաքական գործունեության հետ։ Այն ազատ խոսքը լռեցնելու, քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, երկրում վախի մթնոլորտ սերմանելու ցինիկ, բայց ապարդյուն փորձ է։   Հայաստանի գործող վարչախմբից պահանջում ենք անհապաղ բացահայտել այդ հանցագործությունն ու օրենքով սահմանված ողջ խստությամբ պատժել ոչ միայն իրագործողներին, այլեւ կազմակերպիչներին եւ պատվիրատուներին։   Էդգար Ղազարյանին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրության մեջ։    Հիշեցնենք, որ ծեծի է ենթարկվել ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ «Վստահ եմ, որ բացառապես քաղաքական պահանջներով է: Սա իշխանության պատվեր է՝ ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ»,- ասել էր Ղազարյանը:  
16:48 - 18 հոկտեմբերի, 2022
Մարգարիտ Եսայան vs Հակոբ Ասլանյան․ ո՞վ է ավելի ակտիվ գործունեություն ծավալել

Մարգարիտ Եսայան vs Հակոբ Ասլանյան․ ո՞վ է ավելի ակտիվ գործունեություն ծավալել

Մի քանի օր առաջ՝ «24TV»-ին տված հարցազրույցում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն, անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, գնահատական տվեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի գործունեությանը։ «Անցյալ օրը, նախկին ՀՀԿ-ական 5-րդ և 6-րդ գումարման պատգամավորուհի կար, որը իր ամբողջ [գործունեության] ընթացքում բացարձակապես ոչինչ չի արել, ես չեմ տեսել մի ելույթ նրա։ Մարգարիտ Եսայան․ ես անուն եմ տալիս։ Այնպես է հոխորտում, այնպես է խոսում։ Գոնե, ա՛յ տիկին, գնա մի հատ հայելու մեջ նայի, մի հատ տես՝ դու ով ես։ Երկու գումարումների պատգամավոր ես եղել, ի՞նչ ես արել հայրենիքի համար՝ բացի թալանելուց»,- նշեց Հակոբ Ասլանյանը։ «Infocom»-ն ուսումնասիրել է Ազգային ժողովում առկա տվյալները՝ հասկանալու՝ Մարգարիտ Եսայա՞նն է պատգամավորական ավելի ակտիվ գործունեություն ծավալել, թե՞ Հակոբ Ասլանյանը։ Ուսումնասիրվել է ԱԺ նիստերի սղագրությունների բաժինը, որտեղից առաձնացվել են երկու պատգամավորների բոլոր ելույթները, ինչպես նաև նախագծերի բաժինը, հասկանալու համար, թե նրանցից ով քանի նախագիծ է հեղինակել։ Մարգարիտ Եսայանը եղել է ԱԺ 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ։ 5-րդ գումարման ընթացքում (2012-2017 թթ․) Մարգարիտ Եսայանն ունեցել է առնվազն 50 ելույթ։ 6-րդ գումարման ընթացքում (2017-2018) նա ունեցել է 9 ելույթ։ Փաստորեն, իր պատգամավորական ողջ գործունեության ընթացքում՝ 2012-2018 թթ․, Եսայանը տարեկան ունեցել է միջինում 8 ելույթ։ Հակոբ Ասանյանն ԱԺ պատգամավոր է 2020-ի դեկտեմբերից։ Իր պատգամավորական գործունեության ավելի քան մեկուկես տարվա ընթացքում նա ելույթ է ունեցել երկու անգամ։ Նախագծերի մասով ևս Մարգարիտ Եսայանն առջևում է։ 5-րդ գումարման ԱԺ-ում նա համահեղինակել է օրենքի 7 նախագիծ, որոնցից 3-ն ընդունվել է։ 6-դ գումարման ԱԺ-ում պատգամավորը համահեղինակել է 2 նախագիծ, որոնցից 1-ն է ընդունվել։ Հիշեցնենք, որ 6-րդ գումարման ԱԺ-ն գործել է մինչև 2018-ի դեկտեմբերի արտահերթ ընտրությունները։ Իսկ Հակոբ Ասլանյայնն իր պատգամավորական գործունեության ողջ ընթացքում չի հեղինակել կամ համահեղինակել օրենքի ոչ մի նախագիծ։ Այպիսով, ՔՊ-ական պատգամավորը Մարգարիտ Եսայանին մեղադրում է պասիվության համար, մինչդեռ վերջինս իր պատգամավորական գործունեության ընթացքում ելույթների և նախագծերի մասով ավելի ակտիվ գործունեություն է ծավալել, քան Ասլանյանը։ Աննա Սահակյան  
18:56 - 09 օգոստոսի, 2022
Վերջին զարգացումներն ապացուցում են, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» մանիպուլատիվ փուչիկ էր, որ հրամցվում էր հայ ժողովրդին․ ՀՀԿ

Վերջին զարգացումներն ապացուցում են, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» մանիպուլատիվ փուչիկ էր, որ հրամցվում էր հայ ժողովրդին․ ՀՀԿ

Հայաստանի և Արցախի շուրջ վերջին զարգացումները կրկին ապացուցում են, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլատիվ փուչիկն էր, որ հրամցվում էր հայ ժողովրդին: Այս մասին ասված է ՀՀԿ գորրծադիր մարմնի տարածած հայտարարության մեջ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի և Արցախի շուրջ վերջին զարգացումները կրկին ապացուցում են, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլատիվ փուչիկն էր, որ հրամցվում էր հայ ժողովրդին: Այս էլ որերրորդ անգամ ակնհայտ է դառնում Հայաստանի գործող վարչակազմի վարած արտաքին քաղաքականության ողջ սնանկությունը` խարսխված արկածախնդրության, անպատասխանատվության և հայրենադավության վրա: Դատապարտելի է այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության, Եվրոպական միության և այլ միջազգային դերակատարների կողմից իրականացված բոլոր միջնորդական ջանքերն այս կառավարիչների անմեղսունակության արդյունքում չեն բերել Արցախում և Հայաստանում իրավիճակի կայունացմանը, ռազմական գործողություններից զերծ մնալուն և խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգների չեզոքացմանը: Կրկնակի պարսավելի է, որ հայ ժողովուրդն իրականում տեղեկացված չէ այն անդրկուլիսյան պայմանավորվածությունների մասին, որ իր թիկունքում ձեռք են բերել ՀՀ կառավարության կապիտուլյանտ ղեկավարն ու նրա վարչախումբը: Հայաստանի «ժողովրդավարական բարեփոխումները» գովերգող միջազգային դերակատարները ցանկություն չունեն զսպելու ադրբեջանական ագրեսիայի դրսևորումները, իսկ ռազմավարական դաշնակցի հետ խառնիճաղանջ հարաբերությունները, որոնք սկիզբ են առել 2018-ի իշխանազավթումից հետո, նպաստել և նպաստում են ստեղծված իրավիճակին: Ադրբեջանական վայրագությունների հերթական առիթ հանդիսացող խնդիրը, այն է՝ Բերձորի միջանցքի հարցը, Հայաստանի իշխանությունների ապիկար, հայրենադավ քաղաքականության ապացույցներից մեկն է: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պարտավորվել էին 3 տարվա ընթացքում ընդամենը նախագծել Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհ և ոչ թե այդ միջանցքից աշխարհագրորեն դուրս գտնվող երթուղու կառուցման պարտավորություն ստանձնել:Հարց է առաջանում. ո՞ւմ հավանությամբ է Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ ամիսներ շարունակ կառուցվել այդ երթուղու մի հատվածը:Ամեն գնով խաղաղություն մուրացող կապիտուլյանտների իշխանությունը, տեղի ունեցածի վրա տևական ժամանակ աչք փակելուց հետո, հանկարծ որոշել է ձայն հանել, և այդ ուշացած արձագանքը ոչ ոքի այլևս հետաքրքիր չէ:Ստեղծված իրավիճակը ոչ միայն 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևանքն է, այլև գործող դավադիր իշխանությունների վերարտադրմանն ուղղված ջանքերի, որոնք կիզակետին են հասել 2021թ.-ի հունիսի 20-ի ընտրություններին:Պարտվողական քաղաքականության ակնբախ դրսևորում են Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ հանցավոր անգործությունը, Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից հրաժարվելը, Արցախի զինաթափմանն ուղղված քայլերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին և հայտարարություններին զուգահեռ։«Արցախը հանձնենք, որ լավ ապրենք» դավաճանական աշխարհայացքը բերեց հերթական կորուստների, կրկին ապացուցելով, որ «Արցախը հանձնենք, չենք ապրի» մոտեցումն է իրականում հայ ժողովրդի անվտանգության գրավականը։Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վշտակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին, ընտանիքներին, բարեկամներին, առողջություն մաղթում վերջին մարտերի ընթացքում վիրավորումներ ստացած մեր հայրենակիցներին:Ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները, վերսկսել բանակցային գործընթացը` վերահաստատելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը ռազմավարական դաշնակցի և գործընկերների մոտ»։
11:17 - 05 օգոստոսի, 2022
Հայտարարել են, թե ՀՀԿ անդամ են, հալածանքների են ենթարկվում և 20-26 հազար դոլար վճարի դիմաց կեղծ փաստաթղթերով մեկնել. ԱԱԾ

Հայտարարել են, թե ՀՀԿ անդամ են, հալածանքների են ենթարկվում և 20-26 հազար դոլար վճարի դիմաց կեղծ փաստաթղթերով մեկնել. ԱԱԾ

ԱԱԾ-ի կողմից իրականացված մեծածավալ  գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք,  նախնական համաձայնության գալով Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալության ղեկավար կազմի հետ, յուրաքանչյուր անձի հաշվարկով 20.000-26.000 ԱՄՆ դոլարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումը օտարերկրյա պետություններ և Շենգենյան համաձայնության երկրներ: Այդ նպատակով մեկնող անձանց անվամբ պատրաստել են աշխատանք ունենալու, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, անշարժ ու շարժական գույքերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ-ում և արտերկրում գտնվող իրավասու մարմիններին: ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակարաններում, ավտոմեքենաներում, ինչպես նաև տուրիստական գործակալությունում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծ կնիքներ, դրոշմներ, փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, օտարերկրյա պետություններ  անօրինական մուտքի թույլտվություն ստացած մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից վճարված առանձնապես խոշոր չափերով գումարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, էլեկտրոնային կրիչներ: Հատկանշանական է նաև այն, որ հանցավոր խմբի անդամներն իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար չեն խորշել նույնիսկ պետության հեղինակությունն ու միջազգային վարկանիշն էապես խաթարող այնպիսի կեղծ տեղեկություններ ներկայացնելուց, ինչպիսիք են քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անձանց որոշ խմբերի նկատմամբ ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվելու, իշխանությունների կողմից բռնաճնշումներ գործադրելու և այլ մտացածին նույնաբնույթ հանգամանքների վերաբերյալ: Մասնավորապես` վարույթում առկա փաստական տվյալներով հաստատվել է, որ խմբի անդամները մի շարք անձանց տրամադրել են նախապես մշակված տեքստեր այն մասին, թե իբր ՀՀ-ում 2018 թվականից հետո գործող իշխանությունների կողմից քաղաքական ճնշումներ են սկսվել Հանրապետական կուսակցության անդամների և նրանց աջակիցների նկատմամբ, որի արդյունքում չեն դիմացել հալածանքներին, հետապնդումներին և հարկադրված լքել են հայրենիքը, ինչի կապակցությամբ հրահանգավորումներ են կատարել և հորդորել քաղաքացիներին՝ նույնությամբ չկրկնել տեքստի բովանդակությունը: Ավելին, խմբի անդամները նախապես մշակված տեքստերում հատուկ շեշտադրումներ են կատարել այն մասին, որ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ հիշյալ անձանց կյանքին ու ազատությանը վտանգ է սպառնում, նրանք կորցրել են իրենց բիզնեսը և այլ մտացածին կեղծ տեղեկություններ՝ հայցելով օտարերկրյա կառավարությանը՝ քաղաքական ապաստան տրամադրել իրենց: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամներից 6-ի նկատմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր, կնիքներ պատրաստելու և օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ կիրառվել է գրավ, իսկ 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար: Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում այսուհետ ևս համարժեք միջոցներ է ձեռնարկելու` ՀՀ քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ մուտքն ապօրինի ճանապարհով կազմակերպող հանցավոր խմբերի բացահայտման ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, միաժամանակ տեղեկացնում, որ նշված հանցավոր արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 4-8 տարի ժամկետով:   
10:43 - 19 հուլիսի, 2022