Փաստաբանների պալատ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն է: Փաստաբանների պալատի մարմիններն են․
- փաստաբանների ընդհանուր ժողովը,
- փաստաբանների պալատի խորհուրդը, որը կազմված է 12 անդամից եւ նախագահից.
- որակավորման հանձնաժողովը, որը կազմված է 8 անդամից:

2020թ. փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են 2138 փաստաբան:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահն է Արա Գագիկի Զոհրաբյանը, որն այդ պաշտոնում ընտրվել է 2013 թվականին, ապա 2017-ին՝ վերընտրվել։
Փաստաբանների պալատի նախագահը ուղերձ է հղել Փաստաբանության օրվա առթիվ

Փաստաբանների պալատի նախագահը ուղերձ է հղել Փաստաբանության օրվա առթիվ

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Փաստաբանության օրվա առթիվ․ «Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական օրվա և փաստաբանության ձևավորման 104-րդ ամյակի առթիվ: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ բոլոր փաստաբաններին՝ փաստաբանի դժվարին առաքելությունը հանձն առնելու և մեր համայնքի համբավն ու հեղինակությունը բարձր պահելու համար: Անխոս, յուրաքանչյուր փաստաբանի հաջողությունը համայնքի հաջողությունն է: Հպարտորեն կարող եմ արձանագրել, որ փաստաբանական համայնքը, հավատարիմ մնալով փաստաբանի վարքագծի կանոններին և փաստաբանական էթիկայի սկզբունքներին, բարձր հեղինակությամբ ու իրավական համակարգում շարունակաբար ամրապդնվող պրոֆեսիոնալ ազդեցությամբ նպաստում է մեր երկրում արդարադատության հաստատմանը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս: Շարունակե՛ք առաջնորդվել անկախությամբ, պարկեշտությամբ, բարեխղճությամբ և մասնագիտական պատվախնդրությամբ, թող բոլորիս գերնպատակը լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը»։
13:06 - 06 դեկտեմբերի, 2022
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հարցով հրատապ կարգով կհրավիրվի հանձնաժողովի նիստ․ ՓՊ

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հարցով հրատապ կարգով կհրավիրվի հանձնաժողովի նիստ․ ՓՊ

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացը գտնվում է ՀՀ փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատը։ «Էրիկ Ալեքսանյանի կալանավորումից անմիջապես հետո ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպվել է քննարկում վերջինիս փաստաբանական խմբի հետ: Պաշտպանական խմբի հաղորդմամբ՝ Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է իր մասնագիտական գործունեության շրջանակներում՝ փաստաբանի կատարած օրինական գործողությունների համար: Այդ մասին հայտարարել է նաև Էրիկ Ալեքսանյանը զանգվածային լրատվության միջոցների հետ շփումների ընթացքում: Այս կապակցությամբ, ՀՀ փաստաբանների պալատը, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել է, դատապարտում է փաստաբանի նկատմամբ իրականացվող որևէ հետապնդում, առավել ևս՝ քրեական, որը կարող է պայմանավորված լինել վերջինիս կողմից իրականացվող օրինական մասնագիտական գործունեությամբ: Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ փաստաբանի անկախությունը վերջինիս մասնագիտական գործունեության առանցքային հիմքերից է: Այն անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարական հասարակության մեջ երաշխավորելու անձանց իրավունքների պաշտպանությունը: Միաժամանակ, փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրա վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը: Տեղեկացնում ենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանական խմբի հետ քննարկման արդյունքներով, այսօր արդեն դիմում է մուտքագրվել Փաստաբանների պալատ՝ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովում հարցը քննարկելու համար: Դիմումի կապակցությամբ հրատապ կարգով կհրավիրվի հանձնաժողովի նիստ: Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման մասին տեղեկանալուն պես Պալատի նախագահը և Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբի համակարգողն հրատապ այցելել էին վերջինիս և քննարկել նրա պաշտպանության հետ կապված հարցեր»,- նշված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Թե ինչ քրեական գործով են անցնում փաստաբանն ու դատավորը, պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը այս փուլում հրաժարվել են մեկնաբանություն տալ։
16:37 - 20 հոկտեմբերի, 2022
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորման հարցով դիմել եմ ՓՊ նախագահին․ Զորայր Հարությունյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորման հարցով դիմել եմ ՓՊ նախագահին․ Զորայր Հարությունյան

Փաստաբան Զորայր Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառվելու կապակցությամբ դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահին։ «Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառվելու կապակցությամբ դիմել եմ ՀՀ փաստաբանների պալատի նախագահին, նկատի ունենալով, որ իրականացվող քրեական հետապնդմամբ քրեաիրավական գնահատական է տրվել բուն փաստաբանական գործունեության իրականացմանը: Իբրև հանցանք է գնահատվել Է. Ալեքսանյանի կողմից Երևան քաղաքի դատարան իր պաշտպանյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդություն ներկայացնելը: Այս խնդիրը վեր է Է. Ալեքսանյանի անձից ու վերաբերում է բոլոր փաստաբաններին: Նման իրավիճակում կարող ենք հայտնվել բոլորս: Քրեական վարույթի առկայությունը ինքնին չի վախեցնում, վստահաբար այն Է.Ալեքսանյանի մասով կարճվելու է արդարացնող հիմքով: Սակայն Է. Ալեքսանյանի ազատության սահմանափակումը անընդունելի անհամաչափ ու անտրամաբանական է։ Հուսով եմ` ՀՀ ՓՊ միջամտությունը որոշակի սթափեցնող ազդեցություն կունենա քրեական հետապնդման մարմնիններ վրա»,- նշել է Զորայր Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։  Փաստաբանը ձերբակալվել էր հոկտեմբերի 17-ի կեսօրին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Այդ ընթացքում, մինչ դատարանը քննում էր նրա կալանավորման միջնորդությունը, ձերբակալման առավելագույն ժամկետը լրացել էր, եւ Ալեքսանյանն ազատ էր արձակվել։ Այն բանից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, նույն հոդվածի հիման վրա ձերբակալվել է նաեւ Արուսյակ Ալեքսանյանը։ Մինչ դատարանի որոշման հրապարակումը Ալեքսանյանը եւս ազատ էր արձակվել։ Թե ինչ քրեական գործով են անցնում փաստաբանն ու դատավորը, պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը այս փուլում հրաժարվել են մեկնաբանություն տալ։
12:18 - 20 հոկտեմբերի, 2022
Փաստաբանների Պալատի նախագահը այցելել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին

Փաստաբանների Պալատի նախագահը այցելել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին

Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի գործընկերներ, Փաստաբանների պալատը տեղեկացվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին, որի կապակցությամբ Պալատի նախագահը այցելել է փաստաբանին: Էրիկ Ալեքսանյանի հետ քննարկվել է պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցեր, վերջինս հայտնել է, որ այն կիրականացվի իր կողմից ընտրված փաստաբանների միջոցով: Նկատի ունենալով, որ առաջադրված մեղադրանքն առնչվում է Էրիկ Ալեքսանյանի մասնագիտական գործունեությանը՝ քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում»: Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։Նույն քրեական գործի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով։ 
18:33 - 17 հոկտեմբերի, 2022
Կառավարությունը նախատեսում է ընդլայնել և զարգացնել փաստաբանների պալատի ներքին կառուցվածքը և կառավարման համակարգը |1lurer.am|

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել և զարգացնել փաստաբանների պալատի ներքին կառուցվածքը և կառավարման համակարգը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն է տվել ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել և զարգացնել փաստաբանների պալատի ներքին կառուցվածքը և կառավարման համակարգը՝ այն ավելի համահունչ դարձնելով ինքնակառավարման սկզբունքին և կոլեգիալության տրամաբանությանը: Կատարվող փոփոխությունների և լրացումների արդյունքում ակնկալվում է ավելի արդյունավետ դարձնել փաստաբանների կարգապահական պատասխանատվության վարույթի իրականացումը: Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է նաև զարգացնել փաստաբանական ուսուցման, որակավորման քննությունների անցկացման և փաստաբանի արտոնագրման կարգը՝ թույլատրելով որոշակի չափանիշներին համապատասխանող անձանց առանց փաստաբանական դպրոցում պարտադիր ուսուցման անմիջապես մասնակցել որակավորման քննություններին: Միևնույն ժամանակ, փոփոխությունների արդյունքում նպատակ է հետապնդվում թեթևացնել հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը՝ թե՛ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նոր հնարավորությունների, թե՛ դրա այլընտրանքների հստակ մեխանիզմների նախատեսման միջոցով: ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է վերանայել պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանների պալատի գործադիր կառավարման որոշ հարաբերություննեում` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը` որպես փաստաբանության գործունեության ինքնակառավարման սկզբունքի արտահայտում, փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերը և ներքին կառավարման իրականացման կարգը, մասնավորապես, նախատեսել նոր մասնագիտացված մարմին` կարգապահական հանձնաժողովը և ընդլայնել խորհրդի լիազորությունների շրջանակը: Փաստաբանության, դրա մասնագիտական կազմավորման ապաքաղաքականացվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել պալատի նախագահի և խորհրդի անդամների` քաղաքական չեզոքություն ու զսպվածություն դրսևորելու պահանջները։ Առաջարկվում է վերանայել պալատի նախագահի դերակատարությունը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմի ձևավորման առումով: Օրինագծով նախատեսվում է վերանայել պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանական դպրոցի ղեկավարման գործունեությունում: Օրինագծով առաջարկվում է նաև ընդլայնել անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակը: Նախատեսվել են մեխանիզմներ, որպեսզի հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով, կամավոր անհատույց օգնության վերաբերյալ կարգավորումներ՝ սահմանելով կամավոր անհատույց օգնություն տրամադրող անձանց շրջանակը, կամավոր անհատույց օգնության տրամադրման եղանակները և շրջանակները, երաշխավորելով կամավոր անհատույց օգնության խրախուսումը:
17:27 - 13 մայիսի, 2022
Փաստաբանների պալատի խորհուրդը կոչով դիմել է ոստիկանության ծառայողներին

Փաստաբանների պալատի խորհուրդը կոչով դիմել է ոստիկանության ծառայողներին

Փաստաբանների պալատի խորհուրդը հայտարարություն է տարածել ոստիկանության ծառայողների կողմից խաղաղ հավաքների եւ քաղաքացիական ակցիաների մասնակիցների նկատմամբ կիրառվող անհամաչափ ուժի եւ ապօրինությունների վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ՝ Պալատ) խորհուրդը, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիրչյանի, Ռուբեն Հակոբյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի եւ Մարինե Ֆարմանյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Մանե Կարապետյանի, 2022 թվականի մայիսի 8-ին, ուսումնասիրելով փաստաբանների, լրագրողների եւ այլ քաղաքացիների հրապարակային ահազանգերը, պարզել է, որ վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող խաղաղ հավաքների եւ քաղաքացիական ակցիաների ընթացքում ի հայտ են եկել Սահմանադրությամբ ամրագրված, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների աննախադեպ եւ համատարած խախտման ու ոտնահարման դեպքեր, որոնք ուղեկցվել են Ոստիկանության ծառայողների կողմից առերեւույթ ոչ իրավաչափ գործողություններով: ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը արձանագրել է հետեւյալը. Մասնավորապես, այս օրերին ծավալվող հավաքների, բողոքի ակցիաների եւ երթերի մասնակիցների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից «հասարակական կարգի պահպանության» անվան տակ իրականացվում են անհիմն եւ անօրինական գործողություններ, այդ թվում՝ առանց տարբերանշանների ոստիկանության ծառայողների ներգրավմամբ. առանց հիմքի քաղաքացիներին վարչական ձերբակալման ենթարկելով. առանց հիմքի տրանսպորտային միջոցներն առգրավելով եւ անհիմն պահելով, ոստիկանության ծառայողների հայհոյախառն եւ ժարգոնային խոսքերով, ոչ անհրաժեշտ ու չհիմնավորված ֆիզիկական ուժի եւ ձեռնամարտի հնարքների կիրառմամբ, անչափահասների եւ կանանց նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառմամբ: Նշված գործողությունները, ի թիվս այլ քաղաքացիների,  իրականացվել են նաեւ մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների եւ լրագրողների նկատմամբ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն օրեր շարունակ մեծ մտահոգությամբ հետեւում է տեղի ունեցող գործընթացներին։ Անթույլատրելի է խաղաղ ցուցարարների, այդ թվում` անչափահասների նկատմամբ բռնություն կիրառելու եւ բերման ենթարկելու գործելաոճը։ Անընդունելի ենք համարում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանների եւ լրագրողների նկատմամբ կիրառվող բռնության եւ անհանդուրժողականության դեպքերը, որոնք դեմ են ժողովրդավարական արժեքներին եւ իրավական պետության առաջնահերթություններին։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորվում է իրավաբանական օգնության տրամադրումը փաստաբանության միջոցով եւ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը մշտապես կարեւորել է եւ ուշադրության կենտրոնում է պահել մարդու իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության ապահովման հարցը: Վերոգրյալով պայմանավորված, դատապարտելի է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների ցանկացած խախտում կամ ոտնձգության որեւէ փորձ։ Ամփոփելով վերոգրյալը եւ հիմք ընդունելով «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի, ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 2.2. կետի պահանջները, Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է կոչով դիմել՝ Ոստիկանության ծառայողներին՝ զերծ մնալու մարդու իրավունքները եւ ազատությունները խախտող որեւէ ապօրինի գործողությունից. Ոստիկանության ղեկավարությանը՝ լուծելու ապօրինություն դրսեւորած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը»։
15:55 - 08 մայիսի, 2022
Արա Զոհրաբյանը վարչական ձերբակալման է ենթարկվել |hetq.am|

Արա Զոհրաբյանը վարչական ձերբակալման է ենթարկվել |hetq.am|

hetq.am: Փաստաբանների դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանն այսօր Հյուսիսային Պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացվող  ստորագրահավաքի ժամանակ վարչական ձերբակալման է ենթարկել: Փաստաբանների դպրոցի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Արմինե Ֆանյանն ասաց, որ ստորագրահավաքի վայրում դրա մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերաբերող ինչ-որ պաստառ են փակցրել, ոստիկանները պահանջել են պոկել այն, ինչը չի արվել, որից հետո Զոհրաբյանն ու այլ քաղաքացիներ բերվել են ոստիակնություն: Ֆանյանը դիտարկեց, որ նույն վայրում բազմաթիվ այլ գովազդային պաստառներ են փակցված եղել: Ենթադրվում է, որ վարչական իրավախախտումը կկազմվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  Հայաստանի Հանրապետության օրենքի 182-րդ հոդվածով, այսինքն՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը: Վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամը, այսինքն՝ ձերբակալվելուց առավելագույնը երեք ժամ անց քաղաքացիներն ազատ կլինեն: Արաքս Մամուլյան
00:26 - 05 մարտի, 2022
Զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողություններից․ Փաստաբանների պալատը՝ դատավոր Բախշիյանի գործի մասին

Զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողություններից․ Փաստաբանների պալատը՝ դատավոր Բախշիյանի գործի մասին

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի, Պավել Գյուլումյանի,  Ռուբեն Հակոբյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Մարինե Ֆարմանյանի, Լիլիթ Ղազանչյանի և Մանե Կարապետյանի, 02․02․2022 թվականին հրատապ նիստ է անցկացրել և քննարկել է  Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի քրեական հետապնդման ենթարկելու և լիազորությունները կասեցնելու վերաբերյալ հարցը: ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը արձանագրել Է. «Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է: Դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ: Դատարանը օրենքով լիազորված է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումներ կայացնել: Խափանման միջոց ընտրված կալանքի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից:  Խորհուրդը ընդգծել է նաև, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր  իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման լիազորությունն օրենքով վերապահված է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին, ուստի հիշյալ դատական ակտն ակնհայտ ապօրինի լինելու մասին բոլոր դատողությունները սուբյեկտիվ են, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատախազությունն այն չի բողոքարկել։ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի գնահատմամբ խիստ մտահոգիչ են դատախազության կողմից չբողոքարկված ակտի ոչ օրինական լինելու հիմքով դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու, նրան ազատությունից զրկելու և լիազորությունները կասեցնելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, որոնք կարելի է դիտարկել ոչ միայն որպես ուղղակի միջամտություն, այլ նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորի անկախության ոտնահարում: Վերոգրյալով պայմանավորված պալատի խորհուրդը որոշել է կոչով դիմել՝ -     պետական մարմիններին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողություններից, -     դատական իշխանության ներկայացուցիչներին գործել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում: -     ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ՀՀ Սահմանադրությամբ և «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով ապահովել դատարանների և դատավորների անկախությունը»։
15:39 - 03 փետրվարի, 2022
Սիմոն Բաբայանն առաջադրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում

Սիմոն Բաբայանն առաջադրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում

Փաստաբան Սիմոն Բաբայանն առաջադրվել է Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հարգելի գործընկերներ,Այսօր առաջադրվել եմ որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու:2006 թվականից պատիվ ունեմ լինելու փաստաբանական համայնքի անդամ, 2009 թվականից հանդիսացել եմ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, իսկ 2014 թվականից ղեկավարում եմ ՀՀ փաստաբանական դպրոցը:Շուրջ տասներկու տարիների ընթացքում անմիջական մասնակցություն եմ ունեցել մեր ինստիտուտի պահպանման և զարգացման բարդ գործընթացին: Ձեզ հետ միասին հաղթահարել ենք փաստաբանության առջև կանգնած բազում մարտահրավերներ և սպառնալիքներ:Այսօր փաստաբանությունն ակտիվ զարգացման շրջափուլում է: Տարիների ընթացքում Հայաստանում ներդրվել է հանրային պաշտպանության առանձնահատուկ կառուցակարգը, հիմնադրվել է Փաստաբանական դպրոցը, ստեղծվել են փաստաբանական գործունեությանն աջակցող տարբեր ստորաբաժանումներ (փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով, արագ արձագանքման հանձնախումբ, գիտավերլուծական կենտրոն, ակումբ և այլն): Փաստաբանների պալատի ստորաբաժանումների մոդելները միջազգային գործընկերների կողմից դիտարկվել են որպես օրինակելի: Տարիների ընթացքում մեր համայնքում ձևավորվել են ինստիտուտն ամրապնդող ավանդույթներ, մենք ունեցանք մասնագիտության օր:Հասարակությունն օր-օրի ընկալում է փաստաբանի առաքելությունը, նրա դերը իրավունքների պաշտպանության գործում: Հանդիսանալով իրավական պետության արդարադատության համակարգի անփոխարինելի բաղադրիչ՝ փաստաբանական ինստիտուտն ամրագրվել է նաև երկրի Սահմանադրությամբ:Մեր ինստիտուտի առջև ծառացող մարտահրավերներն այսօր էլ քիչ չեն և դրանք անհրաժեշտ է հաղթահարել:Առաջադրվելով որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու՝ նպատակ ունեմ պահպանել ինստիտուտի նախորդ ժամանակահատվածի ձեռքբերումները և ձեզ հետ միասին զարգացնել այն»:
20:00 - 16 օգոստոսի, 2021
Սահմանադրական դատարանը չի խախտել օրենքի նորմը․ Էդգար Ղազարյանը սխալվում է

Սահմանադրական դատարանը չի խախտել օրենքի նորմը․ Էդգար Ղազարյանը սխալվում է

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ՍԴ-ն խախտել է օրենքի նորմը՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը հրապարակելով 2021 թվականի հուլիսի 20-ին՝ Կուրբան Բայրամի օրը, համաձայնեցնելով իրենց որոշումը մուսուլմանական օրացույցին։ ՍԴ նախկին աշխատակիցը խախտված նորմ է համարել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի՝ «Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները հրապարակվում են դատարանի նիստում և կցվում գործին»։  Ղազարյանը, սակայն, սխալվում է։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը ս․թ․ հուլիսի 17-ի երեկոյան դռնբաց նիստում հրապարակել է արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը։ Այնուհետեւ եռօրյա ժամկետում որոշումն ամբողջությամբ հրապարակվել է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում։ ՍԴ մասին օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվելու օրվանից։ Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները պարտադիր հրապարակվում են նաև նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև Սահմանադրական դատարանի տեղեկագրում։»: ՍԴ կայացրած հիշյալ որոշումը հուլիսի 20-ին հրապարակվել է կայքում՝ չնայած օրենքի՝ վերը մեջբերված հոդվածում եռօրյա ժամկետում հրապարակելու ուղղակի պահանջ չկա։ Սակայն նույն օրենքի 65-րդ հոդվածի մեջ էլ նշված է՝ «Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները դրանց ընդունման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, առաքվում են դատավարության կողմերին:»։ Վերը հիշատակած նորմերին համապատասխան՝ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում ՍԴ-ն որոշումը հրապարակել է պաշտոնական կայքում։ Սահմանադրական դատարանն իր բոլոր որոշումներն է հրապարակում եռօրյա ժամկետում, երբեմն՝ հենց երրորդ օրը․ որպես օրինակ՝ Սահմանադրական դատարանն այս տարվա մարտի 26-ին հրապարակեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը, եւ այն ամբողջությամբ տեղադրեց պաշտոնական կայքում մարտի 29-ին։ Այսինքն՝ ՍԴ որոշումը մուսուլմանական տոնի օրը հրապարակելը դիտավորություն համարելն անիմաստ է։ Իսկ ՍԴ մասին օրենքի նորմերը չեն խախտվել, քանի որ որոշումը ե՛ւ ՍԴ նիստերի դահլիճում, ե՛ւ ՍԴ պաշտոնական կայքում հրապարակվել է ՍԴ մասին սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան: Ի դեպ՝ 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՍԴ մասին սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց, հետո ՍԴ բոլոր որոշումները վերոնշյալ նույն կարգով են հրապարակվել: Հայարփի Բաղդասարյան
13:44 - 23 հուլիսի, 2021
Փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց

Փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց

ՀՀ փաստաբանների պալատը 24.06.2021թ. կազմակերպել է խորհրդակցություն Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու արդյունավետության հարցի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Փաստաբանների պալատը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի առաջին տեղակալ Մանե Կարապետյանը, նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, փաստաբաններ Հայկ Ալումյանը և Արա Ղազարյանը: Խորհրդակցությանը ներկա են գտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ներկայացուցչի տեղակալ Լիպարիտ Դրմեյանը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը փաստաբաններին ընդհանուր տեղեկություններ է տրամադրել  հայ ռազմագերիների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի ընթացքի մասին: Փաստաբանները քննարկել են Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու, ինչպես նաև հնարավոր խախտումները բացահայտելու և հիմնավորելու  անհրաժեշտության և արդյունավետության հարցը: Փաստաբանները մտահոգություն են հայտնել առ այն, որ Ադրբեջանը խոչընդոտելու է ՀՀ փաստաբանների կողմից հայ ռազմագերիներին իրավաբանական օգնության տրամադրմանը: Քննարկման արդյունքում, Փաստաբանների պալատը որոշել է դիմել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցներին՝ հայ ռազմագերիներին Հայաստանի Հանրապետության փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, ՀՀ փաստաբանների մուտքը Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցերով: Վերոգրյալը հաշվի առնելով խնդրում ենք մինչև 2021թ. հունիսի 29-ը՝ - Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավական օգնություն ցույց տալու պատրաստակամություն ունեցող քրեաիրավական մասնագիտացման փաստաբաններին՝ [email protected] էլեկտրոնային փոստին գրություն ուղարկելու միջոցով տեղեկացնել այդ մասին: - Հայ ռազմագերիների ընտանիքի անդամներին՝ Ադրբեջանում ՀՀ փաստաբանի միջոցով ներկայացված լինելու ցանկության դեպքում դիմել ՀՀ փաստաբանների պալատ:
18:12 - 24 հունիսի, 2021
Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված հարուցվել է քրեական գործ

Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված հարուցվել է քրեական գործ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված քրեական գործ է հարուցվել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես հիշում եք, 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էինք ներկայացրել: Պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքի հիման վրա ՎԵՐԱՑՐԵԼ Է ՀՔԾ որոշումը և ՀԱՐՈՒՑԵԼ Է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով: Դատախազության որոշման մեջ նշվել է՝ « Վերոգրյալ մեկնաբանությունների լույսի ներքո հարկ է նշել նաև, որ իրավաչափ են բողոքաբերների այն ենթադրությունները, որ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցրել է ոչ թե 2011 թվականին, այլ դրանից հետո և հակառակի վերաբերյալ սույն նյութերով օբյեկտիվ այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում առկա են ողջամիտ կասկածներ տրամադրված տեղեկատվության (դիմումի)՝ իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր»:
15:05 - 03 մայիսի, 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու փաստաբանների ներկայացրած քրեական գործի հարուցման հաղորդումը մերժվել է. Արա Զոհրաբյան |tert.am|

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու փաստաբանների ներկայացրած քրեական գործի հարուցման հաղորդումը մերժվել է. Արա Զոհրաբյան |tert.am|

tert.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու փաստաբանների ներկայացրած քրեական գործի հարուցման հաղորդումը մերժվել է: Այս մասին ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝  քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Նշենք, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ։ Ըստ  այդ ներկայացված հաղորդման՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առնվազն 10 տարվա՝ Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել (2003-2012 թթ.), իսկ ՀՀ նախագահ է ընտրվել 2018 թ.: Այս պարագայում չի ապահովվել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց,  որ պատրաստվում են բողոքարկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։
16:01 - 19 ապրիլի, 2021
Նախագահի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ փաստաբանների հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ |1lurer.am|

Նախագահի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ փաստաբանների հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված փաստաբանների ներկայացրած հաղորդումը գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով: Այդ մասին հարցմանն ի պատասխան հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  Նշենք՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ:  Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012 թթ. առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018 թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը (01.03.2018 — 6 տարի):  
18:05 - 01 ապրիլի, 2021