Փաստաբանները հասան ԱԺ․ նրանք «Իմ քայլից» 5 պատգամավորի հորդորեցին դուրս գալ խմբակցությունից |news.am|

13:12 - 22 դեկտեմբերի, 2020

news.am: Երթով շարժվող փաստաբանները քիչ առաջ հասան Ազգային ժողովի շենքի դիմաց, որտեղ նրանք երկու պահանջ ներկայացրեցին մեկն ուղղված ԱԺ նախագահին, մյուսն այն պատգամավորներին, որոնք կասեցրել են իրենց փաստաբանական արտոնագիրը՝ պայմանավորված պատգամավորական մանդատով։

Փաստաբանների պալատի նախագահը ընթերցեց «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանի, Սուրեն Գրիգորյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Աննա Կարապետյանի եւ Արթուր Դավթյանի անունները եւ կոչ արեց նրանց չդառնալ հայրենադավ գործընթացի մաս, կանգնել քաղաքացու եւ պետականության կողքին, նպաստել գերիների վերադարձմանը, ՀՀ սահմանների պաշտպանությանը, դրսեւորել բարձր քաղաքացիական գիտակցություն՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից, բայց  պահպանել մանդատը, որպեսզի հետագայում հնարավորություն ունենան քվեարկել հայանպաստ որոշումների օգտին։

«Մենք հիշելու ենք ձեզ եւ բնականաբար ձեր վարքագիծը»,-դիմելով այդ պատգամավորներին  շեշտեց Արա Զոհրաբյանը։

Մյուս պահանջն ուղղված էր Ազգային ժողովի նախագահին եւ բոլոր պատգամավորներին, որպեսզի վերացվի ռազմական դրությունը, եւ հնարավորություն տրվի անվստահություն հայտնել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Այսօր անհարկի ռազմական դրություն է հայտարարված եւ  մենք պահանջում ենք դա վերացնել»,- ասաց Զոհրաբյանը։

Պահանջները ներկայացնելուց հետո, փաստաբանները երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն, որպեսզի  հանցագործության մասին հաղորդում ներկայացնեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել