Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

«Համաս»-ն Իսրայելին է փոխանցել չորս պատանդների դիերը |azatutyun.am|

«Համաս»-ն Իսրայելին է փոխանցել չորս պատանդների դիերը |azatutyun.am|

azatutyun.am: Պաղեստինյան «Համաս» խմբավորումն Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է փոխանցել չորս իսրայելցի պատանդների դիերը, հայտնում է The Times of Israel-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ Կարմիր Խաչի միջնորդությամբ նաև սկսվել է 625 բանտարկյալների տեղափոխումը պաղեստինյան կողմ։ Բանտարկյալների մի մասն ավտոբուսով տեղափոխվել է Գազայի հատված, ենթադրվում է, որ նրանց թիվը մոտ 400 է։ Եվս 97 բանտարկյալ հանձնվել է Եգիպտոսին։ Իսրայելցի փորձագետները պետք է չորս պատադների մարմինների նույնականացում իրականացնեն։ Reuters-ը հայտնում է, որ Իսրայելը պաղեստինյան կողմին կհանձնի այն կնոջ մարմինը, որին ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը Իսրայելին էր փոխանցել սպանված պատանդ Շիրի Բիբասի փոխարեն։ Փաստորեն, դա Գազայի հատվածի մահացած բնակիչ էր։ Նախօրեին հաղորդվեց, որ «Համաս»-ն Իսրայելին կհանձնի չորս պատանդների մարմինները՝ հանգստյան օրերին չազատված պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Հունվարի 15-ին կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն, Իսրայելը պետք է փետրվարի 22-ին 602 պաղեստինցիների ազատեր բանտից իսրայելցի 6 պատանդների դիմաց։ Սակայն Թել Ավիվը հետաձգեց՝ պատճառաբանելով, որ ծայրահեղական «Համաս»-ը «պատանդների արժանապատվությունը նսեմացնող քարոզչական արարողություններ» է անցկացնում և պահանջեց «դադարեցնել այդ նվաստատցուցիչ արարողությունները»։
10:02 - 27 փետրվարի, 2025
Իսրայելը պնդում է, որ «Համաս»-ի վերադարձրած մարմինը Շիրի Բիբասինը չէ
 |azatutyun.am|

Իսրայելը պնդում է, որ «Համաս»-ի վերադարձրած մարմինը Շիրի Բիբասինը չէ |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի ռազմական գերատեսչությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի վերադարձրած մարմիններից մեկը Գազայում պահվող պատանդներից որևի մեկի հետ չի նույնականացվել: Իսրայելը ծայրահեղական խմբավորմանը մեղադրել է առանց այն էլ փխրուն հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: «Համաս»-ը երեկ վերադարձրել է նորածին Կֆիր Բիբասի և նրա չորսամյա եղբայր Արիելի դիերը, մինչդեռ երրորդ մարմինը, որը ենթադրաբար պատկանում էր նրանց մորը՝ Շիրիին, չի նույնականացվել: «Համաս»-ը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը: Ամբողջ ընտանիքը զինյալների կողմից առևանգվել էր Իսրայելի Նիր Օզ բնավայրից։ Հայրը այս ամսվա սկզբին ազատ էր արձակվել, ավելի ուշ պարզվեց, որ կինն ու երեխաները սպանված են: «Համաս»-ը մարմինները փոխանցելուց առաջ պնդել է, որ մայրը և երեխաները մահացել են գերեվարվելուց հետո՝ իսրայելական ավիահարվածի հետևանքով։
11:28 - 21 փետրվարի, 2025
Պաղեստինը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Էր Ռիադում բանակցությունները |shantnews.am|

Պաղեստինը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Էր Ռիադում բանակցությունները |shantnews.am|

shantnews.am: Պաղեստինի իշխանությունները ողջունել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցությունները։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի վարչակազմը նշել է, որ ռուս-ամերիկյան հանդիպումը համարում է «իմաստուն քաղաքականության գագաթնակետ, որը իրականացվում է Սաուդյան Արաբիայի Թագավորության ղեկավարության կողմից՝ թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի և թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի գլխավորությամբ, ինչը նպաստում է տարածաշրջանային և միջազգային կայունությանը և վերահաստատում է Էր Ռիադի հավատարմությունը խաղաղության և անվտանգության հասնելու գործում արդյունավետ դերին»: Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները փետրվարի 18-ին Էր Ռիադում բանակցություններ են վարել, որոնք տևել են մոտ 4,5 ժամ։
10:16 - 19 փետրվարի, 2025
«Համասը» պետք է արմատախիլ արվի. Ռուբիո |amerikayidzayn.com|

«Համասը» պետք է արմատախիլ արվի. Ռուբիո |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե «Համասը» պետք է արմատախիլ արվի։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկնել է նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը Գազան «Համասի» ազդեցությունից զերծ պահելու մասին: «Համասն» ազատ է արձակել ևս երեք պատանդների, որոնք ավելի քան 15 ամիս տևած գերությունից հետո վերադարձել են Իսրայել։ Պատանդների ազատ արձակումը Իսրայելի հետ կնքված հրադադարի մասն է, ըստ որի երկու կողմերը համաձայնել են վայր դնել զենքերը՝ պատանդների և գերիների փոխանակման ժամանակ: «Համասի» կողմից ազատ արձակվածների թվում էր ամերիկյան ու իսրայելական քաղաքացիություններ ունեցող՝ երկքաղաքացի Սագուի Դեկել-Չենը։ Նա, վերջապես, կարողացավ տեսնել իր կնոջն ու երկու դուստրերին, որոնք 2023 թվականի հոկտեմբերի 7-ի արյունալի հարձակումների ժամանակ թաքստոցում էին: Մերձավորարևելյան շրջագայությունը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սկսել է Իսրայելից: ««Համասը» չի կարող մնալ որպես ռազմական կամ կառավարող ուժ։ Քանի դեռ այն հանդես է գալիս որպես ուժ, որը կարող է կառավարել կամ կարող է սպառնալ՝ բռնության կիրառմամբ, խաղաղությունն անհնար է: Այն պետք է արմատախիլ արվի»,-ասել է Ռուբիոն։ Ե՛ վ Ռուբիոն, և՛ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոսել են տարածաշրջանում Իրանի ազդեցության դեմ միասնաբար հանդես գալու մասին: «Այսօր պետքարտուղար Ռուբիոն և ես շատ արդյունավետ քննարկում ունեցանք մեր աշխատակազմերի հետ՝ մի շարք հարցերի շուրջ, որոնցից ամենակարևորն Իրանն է։ Իսրայելն ու Ամերիկան կողք-կողքի են կանգնած Իրանից բխող սպառնալիքը դիմակայելու հարցում։ Մենք համաձայն ենք, որ այաթոլլաները չպետք է միջուկային զենք ունենան։ Մենք նաև համաձայն ենք, որ Իրանի ագրեսիան տարածաշրջանում պետք է հետ մղվի»,- ասել է Նեթանյահուն։ «Համասի» հետ հրադադարի շրջանակում Իսրայելն ազատ է արձակել 369 պաղեստինցի բանտարկյալների։ Նրանցից 36-ը ցմահ դատապարտյալներ էին։ Իսրայելն այդ մարդկանց ահաբեկիչներ է անվանում, պաղեստինցիները՝ ազատամարտիկներ։ Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցած շաբաթ կրկնեց, թե Միացյալ Նահանգները պետք է իր վերահսկողությունը հաստատի Գազայի նկատմամբ՝ զարգացնելով այն: «Մենք կստատանք այն և կպահպանենք։ Կանենք այնպես, որ խաղաղություն լինի: Եվ ոչ մի խնդիր չի լինի, և ոչ ոք կասկածի տակ չի առնի այդ, և մենք շատ ճիշտ կերպով այդ կկառավարենք: Ի վերջո, կունենանք տնտեսական զարգացում շատ մեծ մասշտաբով, գուցե ամենամեծ մասշտաբով այդ շրջանում»,- ասել է Թրամփը։ Նորություն չէ, որ ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածի մեծ մասը հողին է հավասարեցվել: Իսրայելի ներկայացմամբ՝ իր թիրախում ահաբեկիչներն են: Պաղեստինցիները պնդում են, թե ռումբերի տակ է նաև խաղաղ բնակչությունը։ Հայտնի է ԱՄՆ նախագահի ցանկությունը, թե Եգիպտոսը և Հորդանանը պետք է ընդունեն մոտ 2,3 միլիոն պաղեստինցիներին:
10:20 - 18 փետրվարի, 2025
Հորդանանի թագավորը դեմ է պաղեստինցիների վերաբնակեցմանը
 |1lurer.am|

Հորդանանի թագավորը դեմ է պաղեստինցիների վերաբնակեցմանը |1lurer.am|

1lurer.am: Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ կրկին դեմ է արտահայտվել Գազայի հատվածից և Հորդանան գետի Արևմտյան ափից պաղեստինցիների վերաբնակեցմանը Հորդանան և հարևան արաբական երկրներ։ «Սա արաբական երկրների միասնական դիրքորոշումն է»,- ընդգծել է թագավորը։ Մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ծրագրերը Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ՝ Աբդալլահ Երկրորդ թագավորը նշել է, որ տարածաշրջանում կայունության ապահովման միակ ճանապարհն, իր կարծիքով, «արդար խաղաղությունն է՝ հիմնված երկու պետության լուծման վրա»: Նա  ընդգծել է, որ իր համար «առաջնահերթությունը Հորդանանն է, նրա կայունությունը և հորդանանցիների բարեկեցությունը» ու հավելել, որ «մենք պետք է հաշվի առնենք Միացյալ Նահանգների, տարածաշրջանի մարդկանց, հատկապես իմ ժողովրդի՝ Հորդանանի ժողովրդի լավագույն շահերը»: NBC-ի փոխանցմամբ՝ թագավորը Թրամփին ասել է, որ կարող է Գազայից 2000 պաղեստինցի երեխայի ընդունել, որոնք ծանր հիվանդ են։ Թրամփն ավելի վաղ առաջարկել էր Գազայի հատվածի, նրա բնորոշմամբ «քանդման հարթակի» բնակչությանը վերաբնակեցնել այլ երկրներ, այդ թվում՝ Հորդանան և Եգիպտոս:
11:51 - 12 փետրվարի, 2025
Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Պաղեստինի հարցը |armenpress.am|

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Պաղեստինի հարցը |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Թուրքիայի նրա պաշտոնակից Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են անցկացրել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Պաղեստինի շուրջ վերջին զարգացումներին, ինչպես նաև Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերություններին։ Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Իրանի ԱԳ նախարարը, նշելով, որ երկրները կտրականապես դեմ են Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանմանը, նման «դավադրությունը» որակել է որպես «պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանության քաղաքականության շարունակություն»։ Նա ընդգծել է տեղահանման սպառնալիքին դիմակայելու համար իսլամական պետությունների կողմից հաստատուն և միասնական դիրքորոշման կարևորությունը` հորդորելով Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների անհապաղ հանդիպում անցկացնել` լուծելու այս խնդիրը: Արաղչին, վկայակոչելով հիանալի երկկողմ հարաբերությունները, նշանակալից և արդյունավետ քայլ է համարել Իրանի և Թուրքիայի միջև վերջերս կայացած քաղաքական խորհրդակցական հանդիպումը, որը գլխավորել են երկու երկրների արտաքին գործերի փոխնախարարները։ Նա ընդգծել է երկու երկրների միջև կանոնավոր երկխոսության պահպանման կարևորությունը տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման և զարգացման համար: Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացման կապակցությամբ` ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Նա նաև նշել է բոլոր իսլամական երկրների կողմից Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը շարունակելու անհրաժեշտությունը և ողջունել Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստ հրավիրելու՝ Իրանի արտգործնախարարի առաջարկը։
12:21 - 10 փետրվարի, 2025
Եգիպտոսն Արաբական արտակարգ գագաթնաժողով է հրավիրում
 |azatutyun.am|

Եգիպտոսն Արաբական արտակարգ գագաթնաժողով է հրավիրում |azatutyun.am|

azatutyun.am: Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, որը հրապարակվել է կիրակի օրը, Կահիրեն փետրվարի 27-ին Արաբական արտակարգ գագաթնաժողով է հրավիրում: Ըստ հաղորդագրության՝ նպատակն է քննարկել «լուրջ իրադարձությունները» պաղեստինցիների համար: Գագաթնաժողովն անցկացվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Գազայի հատվածը վերցնելու» և «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» ստեղծելու առաջարկի, ինչպես նաև պաղեստինցիներին այլ վայրեր տեղափոխելու տարածաշրջանային և գլոբալ քննարկման ֆոնին: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածը կփոխանցի Միացյալ Նահանգներին ռազմական գործողությունների ավարտից հետո, իսկ այդ ընթացքում Գազայի բնակչությունը կտեղափոխվի այլ վայրեր: Սա նշանակում է, նրա խոսքով, ԱՄՆ-ը ներկա չի լինի Գազայի հատվածում իրադարձություններին այս փուլում։ Գազայի հատվածի բնակչությանը վերաբնակեցնելու և այն շքեղ ու բարգավաճ տարածաշրջանի վերածելու մասին Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունից ընդամենը մեկ օր անց Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը բանակին հրամայել է ծրագիր պատրաստել, որը պաղեստինցիներին թույլ կտա ինքնակամ լքել Գազան: Արաբական երկրները մերժում են այս գաղափարը:Լուսանկարում՝ համատարած ավերածությունները Գազայում/AP
15:15 - 09 փետրվարի, 2025
Սպիտակ տունը պարզաբանում է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը |amerikayidzayn.com|

Սպիտակ տունը պարզաբանում է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ օգտագործել ամերիկյան ռազմուժը՝ Գազայի հատվածը «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» դարձնելու իր ծրագիրն իրականացնելու համար, և պաղեստինցիների տեղափոխումը ժամանակավոր է լինելու: Թրամփի հայտարարությունը աշխարհում հակազդեցության է արժանացել։ Ավելի քան հինգ հարյուր հազար պաղեստինցիներ՝ Գազայի հատվածի բնակչության գրեթե մեկ քառորդը, վերադարձել են շրջանի հյուսիս: Այս օրերին Գազայում բուռն քննարկման առարկա է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Վաշինգտոնը մտադիր է իր վերահսկողության ներքո վերցնել պաղեստինյան այդ շրջանը: Պաղեստինցի Սամիհա Զահերն ասում է․ «Թրամփը կարող է երազել։ Նա կարծում է, թե կարող է մեզ տեղահանել կամ վտարել»։ Երեքշաբթի Թրամփին հարցրել էին՝ արդյո՞ք ամերիկյան զորքեր կուղարկի Գազայի հատվածը գրավելու համար։ «Ինչ վերաբերում է Գազային, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է: Եթե անհրաժեշտ լինի, մենք այդ կանենք։ Պատրաստվում ենք վերցնել այդ կտորը»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը չորեքշաբթի պարզաբանել է Թրամփի հայտարարությունը. «[Ասվածը] չի նշանակում, որ ամերիկացի հարկատուները կֆինանսավորեն այդ ջանքերը: Այն նշանակում է, որ Դոնալդ Թրամփը, որը մոլորակի լավագույն գործարք կնքողն է, պատրաստվում է գործարք կնքել տարածաշրջանում մեր գործընկերների հետ»։ Սակայն ԱՄՆ մերձավորարևելյան գործընկերները դատապարտել են գաղափարը, ներառյալ՝ Հորդանանը և Եգիպտոսը, երկու հարևան երկրներ, որոնց Թրամփը հորդորել է ընդունել պաղեստինցիներին: Հորդանանի թագավոր Աբդալլահը չորեքշաբթի Ամմանում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին։ Նույն օրը Պաղեստինի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են Եգիպտոսի արտգործնախարարին՝ Կահիրեում: Բոլորը ընդգծել են, որ հակամարտությանը վերջ տալու համար անհրաժեշտ է և՛ հրեական, և՛ պաղեստինյան պետությունների գոյությունը։ Նույն տրամաբանության մեջ էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը: «Կենսական է հավատարիմ մնալ միջազգային իրավունքի հիմքերին: Էական է խուսափել էթնիկ զտումների ցանկացած ձևից»,- հայտարարել է նա։ Սաուդյան Արաբիան՝ արաբական աշխարհի առաջատար երկիրը, հայտարարել է, որ իր աջակցությունը Պաղեստինի պետականության ստեղծմանը «հաստատուն և անսասան է»: Փաստորեն, Ռիյադի նշված հայտարարությունը հակասում է երեքշաբթի Թրամփի հնչեցրած խոսքերին, թե սաուդցիները չեն պահանջում պաղեստինյան պետականության հիմնում: «Սաուդյան Արաբիան շատ օգտակար է լինելու, և նրանք շատ օգտակար են եղել: Նրանք խաղաղություն են ուզում Մերձավոր Արևելքում»,- ասել է Թրամփը: Մերձավորարևելյան հակամարտության հանգուցալուծման հարցով սաուդցիները բանակցում էին Բայդենի վարչակազմի հետ, սակայն այդ բանակցությունները դադարեցվեցին՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» հարձակման պատճառով։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր Մադավի ալ-Ռաշիդն ասում է. «[Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն] Մուհամեդ բեն Սալմանը այս պահին ոչ մի անմիջական օգուտ չի տեսնում իր համար՝ իրականացնելու նախագահ Թրամփի ծրագիրը, որն, ի դեպ, վրդովեցուցիչ է, և ամբողջ աշխարհը, կարծես, դեմ է դրան»: «Նրանց պետք է թույլ տան տուն վերադառնալ: Նրանց պետք է թույլ տալ վերակառուցել, և մենք պետք է նրանց հետ լինենք այդ գործում՝ երկու պետությունների լուծման ճանապարհին»,- իր հերթին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Սպիտակ տունն ընդգծում է՝ Թրամփի ծրագրի համաձայն՝ նախատեսվում է միայն ժամանակավորապես տեղափոխել պաղեստինցիներին: «[Այդ տարածքը] որևէ մեկի համար բնակելի վայր չէ: Կարծում եմ, իրականում, դաժան բան է առաջարկել, թե մարդիկ պետք է ապրեն նման ծանր պայմաններում»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: Լևիթը հավելել է, որ Թրամփը առաջիկա օրերին կխոսի տարածաշրջանի առաջնորդների հետ: Այս ամենի ֆոնին՝ Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են ծագել Գազայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունների պատճառով։
09:50 - 07 փետրվարի, 2025
«Գազան կարող է դառնալ Մերձավոր Արևելքի Ռիվիերան». ինչ են խոսել Թրամփն ու Նեթանյահուն |civilnet.am|

«Գազան կարող է դառնալ Մերձավոր Արևելքի Ռիվիերան». ինչ են խոսել Թրամփն ու Նեթանյահուն |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ փետրվարի 4-ի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը և այնտեղ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծել։ «ԱՄՆ-ը վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք այնտեղ աշխատանքներ կիրականացնենք։ Մենք պատասխանատու ենք լինելու տարածքում գտնվող բոլոր վտանգավոր չպայթած ռումբերն ու այլ զինատեսակներն ապամոնտաժելու, տարածքը հարթեցնելու և ավերված շենքերից ազատվելու համար: Տարածաշրջանի մարդկանց համար կստեղծենք տնտեսական զարգացում, անսահմանափակ աշխատատեղեր և բնակարաններ», – ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ Գազան կարող է դառնալ «Մերձավոր Արևելքի Ռիվիերան, վերածվել «մի հրաշալի տեղի»։ Նա Գազայի հատվածն անվանել է «քանդման ենթակա տարածք»։ Ելույթ ունենալով Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ՝ Թրամփը Գազայի բնակիչներին առաջարկել է տեղափոխվել Մերձավոր Արևելքի պետությունների կողմից տրամադրված նոր տարածք կամ տարածքներ: ԱՄՆ նախագահը մասնավորապես մատնանշել է Եգիպտոսն ու Հորդանանը։ Թրամփի խոսքով՝ իրենք կարող են հոգալ նաև համապատասխան ծախսերը։ Արաբական երկրները դեմ են Թրամփի ծրագրին Դեռ հունվարի վերջին Թրամփն արաբական երկրներին կոչ էր արել ավելի շատ փախստականներ ընդունել Գազայի հատվածից՝ ասելով, որ նրանք պետք է պաղեստինցի արաբների համար բնակարաններ կառուցեն գոտուց դուրս, «որտեղ նրանք, հավանաբար, կարող են խաղաղ ապրել»: Փետրվարի 1-ին Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ Եգիպտոսի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Կատարի արտգործնախարարները մերժել են Թրամփի առաջարկը Գազայի հատվածի բնակիչներին արաբական այլ երկրներ տեղափոխելու վերաբերյալ։ Համատեղ հայտարարության մեջ արտգործնախարարները դեմ էին արտահայտվել «պաղեստինցիների տեղահանմանը կամ իրենց հողերից վտարմանը»: «Համաս» խմբավորումը դատապարտել է Պաղեստինյան «Համաս» խմբավորումը դատապարտել է Թրամփի առաջարկը՝ որակելով այն «տարածաշրջանում քաոս և լարվածություն ստեղծելու բանաձև»։ «Գազայի հատվածում մեր ժողովուրդը թույլ չի տա, որ այդ ծրագրերն իրականանան», – ասված է խմբավորման հայտարարության մեջ: Ըստ Al-Jazeera-ի, Թրամփի և Նեթանյահուի հանդիպմանը զուգահեռ հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Սպիտակ տան մոտ՝ «Պաղեստինը չի վաճառվում» կարգախոսով։
12:11 - 05 փետրվարի, 2025
ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է հանձնել ևս 8 պատանդի, սակայն Իսրայելը հետաձգել է 110 պաղեստինցի բանտարկյալների ազատումը
 |tert.am|

ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է հանձնել ևս 8 պատանդի, սակայն Իսրայելը հետաձգել է 110 պաղեստինցի բանտարկյալների ազատումը |tert.am|

tert.am: ՀԱՄԱՍ-ը Գազայի Կարմիր Խաչին է հանձնել ևս 8 պատանդի՝ 3 իսրայելցու և Թաիլանդի հինգ քաղաքացու, որոնք ազատ են արձակվել խմբավորման և Իսրայելի միջև կնքված հրադադարի շրջանակում: Ըստ իսրայելական կողմի՝ նրանք արդեն գտնվում են Իսրայելի տարածքում։ Այս մասին գրում է bbc.com-ը: 8 պատանդների դիմաց նախատեսվում էր ազատ արձակել 110 պաղեստինցի բանտարկյալների։ Սակայն հինգշաբթի կեսօրին Իսրայելը հրամայել է պաղեստինցի բանտարկյալներով բեռնված ավտոբուսներին վերադառնալ բանտեր «մինչև հետագա ծանուցումը»։ Հետաձգման պատճառը դեռ հայտնի չէ։ ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդների այսօրվա ազատ արձակումը տեղի է ունեցել քաոսային վիճակում, թղթակիցները հայտնել են Խան Յունիսում հրմշտոցի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Խան Յունիսում տեղի ունեցած տեսարանները «ապշեցնող» է որակել։
17:50 - 30 հունվարի, 2025
Գրեթե 400 000 պաղեստինցի վերադարձել է Գազայի հյուսիս. ՄԱԿ |armenpress.am|

Գրեթե 400 000 պաղեստինցի վերադարձել է Գազայի հյուսիս. ՄԱԿ |armenpress.am|

armenpress.am: Վերջին մի քանի օրվա ընթացքում մոտ 400 000 պաղեստինցի վերադարձել է Գազայի հատվածի հյուսիսային շրջաններ: Այդ մասին իր զեկույցում հայտարարել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: Ըստ հաղորդագրության՝ ավելի քան 375 000 մարդ է անցել Գազայի հատվածի հարավից հյուսիս հունվարի 27-ին ափամերձ ճանապարհի և «Սալահ էդ Դին» ճանապարհի բացումից ի վեր։ Բացի այդ, ՄԱԿ-ի վարչությունը նշում է, որ հունվարի 28-ին Գազայի հատված է մտել 836 բեռնատար՝ հումանիտար օգնությամբ։  Իսրայելի բանակը պաղեստինցիներին թույլ է տվել վերադառնալ անկլավի հյուսիս այն բանից հետո, երբ հունվարի լույս 27-ի գիշերը հրեական պետության իշխանությունները հաստատում են ստացել, որ իսրայելցի կին պատանդներից Արբել Յեհուդը, որին պաղեստինյան ​ՀԱՄԱՍ արմատական ​շարժումը պետք է գործարքի պայմաններին համապատասխան հունվարի 25-ին ազատ արձակեր պատանդների երկրորդ խմբի հետ, ողջ է: Սպասվում է, որ նա հայրենիք կվերադառնա հունվարի 30-ին՝ կին զինծառայող Ագամ Բերգերի և «ևս մեկ այլ առևանգվածի» հետ, որի անունն առայժմ չի հաղորդվում: Հունվարի 15-ին Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի շնորհիվ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայում պահվող պատանդների ազատ արձակման և պաղեստինյան անկլավում հրադադարի ռեժիմի սահմանման շուրջ։ Առաջին փուլի ընթացքում, որը կտևի 42 օր, ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի 33 պատանդի՝ Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Հունվարի 25-ին Գազայից հայրենիք է վերադարձել անկլավում պահվող չորս կին պատանդ, որոնք ժամկետային ծառայություն էին անցնում Իսրայելի բանակում։  Իսրայելն իր հերթին ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալի. նրանցից 114-ը ժամանել է Հորդանան գետի արևմտյան ափ, 16-ը վերադարձել է Գազա, իսկ մնացած 70-ն արտաքսվել է Եգիպտոս, որտեղ նրանց դիմավորել են ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ներկայացուցիչները։
12:31 - 29 հունվարի, 2025
Թրամփը ցանկանում է Գազայի հատվածում ապրող ավելի քան 1 մլն պաղեստինցու «ժամանակավորապես» բնակեցնել Հորդանանում և Եգիպտոսում
 |tert.am|

Թրամփը ցանկանում է Գազայի հատվածում ապրող ավելի քան 1 մլն պաղեստինցու «ժամանակավորապես» բնակեցնել Հորդանանում և Եգիպտոսում |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ խոսել է Հորդանանի թագավորի հետ՝ քննարկելով Գազայի հատվածից ավելի քան 1 մլն պաղեստինցիների հարևան երկրներ տեղափոխելու և այնտեղ նրանց համար բնակարաններ կառուցելու հնարավորությունը: Այս մասին գրում է CNN-ը: Թրամփի խոսքով՝ ինքը Հորդանանի միապետ Աբդալլահ Երկրորդին՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի առանցքային գործընկերոջը, խնդրել է ընդունել ավելի շատ պաղեստինցիների: «Ես ասացի նրան, որ կցանկանայի, որ ավելի շատ (պաղեստինցիների) ընդունեին, քանի որ ես հիմա նայում եմ ամբողջ Գազայի հատվածին, և այնտեղ խառնաշփոթ է, իսկական խառնաշփոթ», - ասել է Թրամփը լրագրողներին: ԱՄՆ նախագահի խոսքով՝  ինքը կցանկանար, որ և՛ Հորդանանը, և՛ Եգիպտոսը, որը սահմանակից է անկլավին, ընդունեն պաղեստինցիներին: Նա հավելել է, որ կիրակի կխոսի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ այդ հարցի շուրջ: «Խոսքը 1,5 միլիոն մարդու մասին է, և մենք պարզապես մաքրում ենք այդ ամբողջը... Ես չգիտեմ, ինչ-որ բան պետք է արվի. հիմա այնտեղ (Գազայի հատվածում) փլատակներ են: Գրեթե ամեն ինչ քանդված է, մարդիկ մահանում են: Ես կցանկանայի՝ արաբական որոշ պետություններում կառուցվեին բնակարաններ, որտեղ, կարծում եմ, պաղեստինցիները կարող էին խաղաղ ապրել», - ասել է ԱՄՆ նախագահը: Թրամփն ընդգծել է, որ հարևան երկրներում պաղեստինցրիների բնակեցումը «կարող է լինել ժամանակավոր կամ երկարաժամկետ»:
16:24 - 26 հունվարի, 2025
Գազայի հատվածում հրադադարից հետո ավերված տների փլատակներից դուրս է բերվել 212 դի. Al Jazeera |shantnews.am|

Գազայի հատվածում հրադադարից հետո ավերված տների փլատակներից դուրս է բերվել 212 դի. Al Jazeera |shantnews.am|

shantnews.am: v class="news_text"> Գազայի հատվածում հրադադարից հետո որոնողափրկարարական խմբերը ավերված տների փլատակներից դուրս են բերել 212 դի։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ անկլավում անհետ կորած է համարվում ավելի քան 14200 մարդ, որոնցից մոտ 5000-ը՝ կանայք և երեխաներ։ Զոհվածների հարազատները սկսել են վերադառնալ Գազա՝ հուղարկավորելու նրանց մարմինները։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինված աջակիցների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել էր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով և պատանդներ վերցնելով։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց անկլավում՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և քաղաքական կառույցները և ազատել բոլոր առևանգվածներին։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ այս ընթացքում ավելի քան 47 հազար մարդ է զոհվել։
11:29 - 23 հունվարի, 2025
Իսրայելը 90 պաղեստինցու է ազատ արձակել ռազմական բանտից

Իսրայելը 90 պաղեստինցու է ազատ արձակել ռազմական բանտից

Իսրայելի իշխանությունները 90 պաղեստինցու են ազատ արձակել ռազմական բանտից. նրանց թվում նաև մեկ քաղաքական գործիչ և մեկ լրագրող կա: Al Jazeera-ն հայտնում է, որ ազատ արձակված պաղեստինցիներից մի քանիսը պատմել են իսրայելական բանտերում ծանր պայմանների մասին:  Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության համաձայն՝ Իսրայելն ու Համասը պետք է 2025թ. հունվարի 19-ին՝ Երևանի ժամանակով ժամը 10։30-ից առաջին փուլում 42 օր դադարեցնեին ռազմական գործողությունները Գազայի հատվածում, գերիները ու պատանդները պետք է փոխանակվեին, տեղահանված պաղեստինցիներն էլ պետք է վերադառնային Գազա։ Հունվարի 19-ի առավոտյան, սակայն, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հրադադարը չի լինի, մինչև «Համաս»-ը չհայտնի այն գերիների անունները, որոնք ազատ են արձակվելու: «Համաս»-ը, տեխնիկական պատճառներ առաջ բերելով, մոտ 2 ժամ անց փոխանցել էր անունները. այդ ընթացքում Իսրայելը շարունակել էր հարվածներ հասցնել Գազային: Արդեն հունվարի 19-ին՝ ժամը 13:15-ին, Գազայի հրադադարը հաստատվել է:
09:44 - 20 հունվարի, 2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի |armenpress.am|

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին՝ ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի ու Գազայում հրադադարի պայմանավորվածության պատճառով: Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: Բացի այդ, հայտարարվել է նաև նրա ղեկավարած «Հրեական ուժ» կուսակցության՝ իշխող կոալիցիայից դուրս գալու մասին:  Գազայի հատվածում հրադադար է հայտարարվել։ Զինադադարը սկսվել է ժամը 13:15-ին: Այն հետաձգվել էր գրեթե երեք ժամով այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հայտարարեց, որ «տեխնիկական» ուշացում կա երեք պատանդների անունները հանձնելու հարցում, որոնք պետք է ազատ արձակվեն: Ավելի ուշ, «Համաս»-ը 3 իսրայելցի գերու անուն է հրապարակել, որոնք ազատ են արձակվելու այսօր։ 
15:51 - 19 հունվարի, 2025
«Համաս»-ը հրապարակել է իսրայելցի գերիների անուններ, որոնք պետք է ազատ արձակվեն այսօր

«Համաս»-ը հրապարակել է իսրայելցի գերիների անուններ, որոնք պետք է ազատ արձակվեն այսօր

«Համաս»-ը 3 իսրայելցի գերու անուն է հրապարակել, որոնք ազատ են արձակվելու այսօր. այն փոխանցվել է միջնորդներին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է «Համաս»-ի խոսնակը։ Հիշեցնենք, որ սա հրադադարի մեկնարկի պայմանն էր Իսրայելի կողմից։ Այսպիսով շարժումը ճանապարհ է հարթում Գազայում հրադադարի հաստատման համաձայնագրի իրականացման համար։ Ըստ խոսնակի՝ ազատ են արձակվելու Ռոմի Գոնենը, 24 տարեկան, Էմիլի Դամարին, 28 տարեկան և Դորոն Շտանբերը, 21 տարեկան։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության համաձայն՝ Իսրայելն ու Համասը պետք է այսօր Երևանի ժամանակով ժամը 10։30-ից առաջին փուլում 42 օր դադարեցնեին ռազմական գործողությունները Գազայի հատվածում, և գերիները ու պատանդները պետք է փոխանակվեին, տեղահանված պաղեստինցիներն էլ պետք է վերադառնային Գազա։ Այսօր առավոտյան, սակայն, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարը չի լինի, մինչև «Համաս»-ը չհայտնի այն գերիների անունները, որոնք ազատ են արձակվելու: «Համաս»-ը հայտնել էր, որ գերիների անունների տրամադրումը դեռևս տեղի չի ունեցել տեխնիկական պատճառներով, և իրենք հավատարիմ են հրադադարի համաձայնագրին։ Լուսանկարը՝ Գազայի հյուսիսային հատվածն այսօր իսրայելական հարվածների ժամանակ
12:54 - 19 հունվարի, 2025