Բուլղարիա

Արարատ Միրզոյանն իր բուլղարացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը

Արարատ Միրզոյանն իր բուլղարացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը

Պաշտոնական այցով Սոֆիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Թեոդորա Գենչովսկայի հետ, որը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:  Արարատ Միրզոյանը և Թեոդորա Գենչովսկան բարձր են գնահատել դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-բուլղարական միջպետական հարաբերությունների առկա մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով  առավել ակտիվացնելու երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը։ Ընդգծվել է բարձրաստիճան մակարդակներում պաշտոնական փոխայցելությունների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների իրականացման կարևորությունը։ Կողմերն անդրադարձել են առևտրաշրջանառության և ներդրումների ծավալների ավելացման հնարավորություններին և կարևորել այս ոլորտներում առկա զգալի ներուժի իրացումը։ Այս համատեքստում շեշտվել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեության, գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման նշանակությունը: Երկուստեք կարևորվել է նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև  կրթության և մշակույթի ոլորտներում կապերին: Այս առումով նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, և երկկողմ  միջկառավարական ծրագրի շրջանակներում Բուլղարիայի համալսարաններում Հայաստանի քաղաքացիների ուսումնառությունը  կազմակերպելու համար: Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցեր։ Նախարար Միրզոյանն իր բուլղարացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։  Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում։ Այս առումով Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բուլղարիայի դիրքորոշումը: Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ։ Նա իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև այն փաստին, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։  Առանձնահատուկ կարևորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի կողմից համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող հայկական կոթողների ինքնության խեղաթյուրման և ոչնչացման հետևողական քաղաքականության կանխումը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության հստակ և հասցեական արձագանքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կառույցների ներգրավվածության, հատկապես՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անարգել  իրականացման հրատապությունը։ Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ ՀՀ ԱԳ նախարարի այցի շրջանակներում Բուլղարիայի ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի և Բուլղարիայի  Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև մշակույթի բնագավառում 2022-2025թթ․ համագործակցության մասին ծրագրի ստորագրման արարողությունը։ Հայկական կողմից ծրագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, բուլղարական կողմից՝ Բուլղարիայի մշակույթի նախարար Աթանաս Աթանասովը։
16:45 - 14 հունիսի, 2022
Արարատ Միրզոյանը Բուլղարիայի նախագահին ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը

Արարատ Միրզոյանը Բուլղարիայի նախագահին ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ:  Շնորհավորելով միմյանց Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ կողմերը նշել են, որ երեք տասնամյակների ընթացքում երկու երկների միջև համագործակցությունը զարգացել է փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա:  Արարատ Միրզոյանը և Ռումեն Ռադևն անդրադարձել են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով խորացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթական ոլորտներում համագործակցությունը։  Զրուցակիցները համակարծիք էին, որ փոխայցելությունները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում, կնպաստեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող  ոլորտներում համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացմանը: Կարևորվել է նաև Բուլղարիայի հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրներն իրար կապող կարևոր կամրջի։ Անդրադառնալով տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում միջազգային համագործակցության հեռանկարներին՝ զրուցակիցները կարևորել են «Պարսից ծոց-Սև ծով»  տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքների իրականացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի:  Նախարար Միրզոյանը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:   Երկուստեք շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Այս առումով նախարար Միրզոյանը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերն` ուղղված ԼՂ հակամարտության տևական լուծմանը, և բարձր գնահատել Բուլղարիայի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ի թիվս այլ հրատապ լուծում պահանջող  հումանիտար հարցերի՝ շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրեդադարձման, Արցախում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը:  Հայաստանի ԱԳ նախարարը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը:
14:21 - 14 հունիսի, 2022
Բուլղարիայի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարները հրաժարական են տվել

Բուլղարիայի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարները հրաժարական են տվել

Բուլղարիայի արտգործնախարար Թեոդորա Գենչովսկան ու էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նիկոլովը հրաժարական են տվել այն բանից հետո, երբ նրանց «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությունը նախորդ շաբաթ լքել է իշխող կոալիցիան՝ խորացնելով քաղաքական ճգնաժամը երկրում, գրում է Reuters-ը։ Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ փորձելու է պահպանել փոքրամասնության կառավարությունը։ Սակայն վերլուծաբանները կարծում են, որ աշնանը նոր ընտրություններ են սպասվում։ «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությունը լքել է չորս կուսակցություններից բաղկացած կոալիցիան դրա ձևավորումից վեց ամիս անց՝ այս քայլը հիմնավորելով քաղաքական տարաձայնություններով։ Կուսակցության մյուս երկու անդամները, որոնք գլխավորում էին տարածաշրջանային զարգացման և սպորտի նախարարությունները, հրաժարական են տվել նախորդ շաբաթ։   Նորա Վանյան
16:21 - 13 հունիսի, 2022
ՀՀ նախագահը համատեղության կարգով դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահը համատեղության կարգով դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը համատեղության կարգով դեսպաններ է նշանակել Մակեդոնիայում, Լիխտենշտեյնում, Լատվիայում։ Մասնավորապես, Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանին  համատեղության կարգով նշանակել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին համատեղության կարգով նշանակել է Լիխտենշտայնի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)։ Իսկ Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին համատեղության կարգով նշանակել է Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)։
13:52 - 11 հունիսի, 2022
Ադրբեջանը պատրաստվում է Բուլղարիային գազ մատակարարել 25 տարի |news.am|

Ադրբեջանը պատրաստվում է Բուլղարիային գազ մատակարարել 25 տարի |news.am|

news.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուլղարիայի արտգործնախարար Թեոդորա Գենչովսկայայի հետ հանդիպումից հետո ասել է, որ Բուլղարիան շուտով կսկսի ադրբեջանական գազ ստանալ Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատարով (IGB), հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Ադրբեջանը Բուլղարիային գազ կմատակարարի 25 տարի, ինչպես ավելի վաղ համաձայնեցվել էր երկու երկրների միջեւ։ Այսօր Բուլղարիան Եվրոպայում ադրբեջանական գազ ստացող երեք երկրներից մեկն է։ Համոզված ենք, որ Հունաստանի հետ փոխկապակցման գծի շինարարությունը կավարտվի մոտ ապագայում, եւ Բուլղարիան կսկսի ադրբեջանական գազ ստանալ դրա միջոցով։ Սա մեծ ներդրում կլինի Բուլղարիայի էներգետիկ անվտանգության մեջ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։ Նշենք, որ ավելի վաղ Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել էր, թե երկիրը հուլիսի 1-ից կկարողանա գազը ամբողջ ծավալով ստանալ Ադրբեջանից՝ անկախ Հունաստանի հետ միջհամակարգային գազատարի կառուցումից։
17:55 - 31 մայիսի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր

Մայիսի 27-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բուլղարականը՝ Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովան: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-բուլղարական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Խորհրդակցությունների ավարտին Իրենա Դիմիտրովային ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանը, մասնավորապես, տնտեսական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև՝ բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը։ Հայկական կողմը կարևորել է Բուլղարիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի: Նույն օրը բուլղարական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
17:38 - 27 մայիսի, 2022
ԱԽ քարտուղարը Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ԱԽ քարտուղարը Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բուլղարական երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների զարգացման ընթացքը: Քննարկելով հայ-բուլղարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծել են երկկողմ հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: Բուլղարիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ տիկին Իրենա Դիմիտրովան ողջունել է Հայաստանի ջանքերն ու տարածաշրջանային անվտանգային միջավայրի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են կեղծ տեղեկատվության ռիսկերն` որպես մերօրյա լուրջ մարտահրավեր, ինչի շրջանակներում անդրադարձ է կատարվել երկկողմ հետագա համագործակցությանը:
19:32 - 26 մայիսի, 2022
Բուլղարիան ԱՄՆ-ից ավելի էժան գնով գազ կներկրի, քան մատակարարում էր «Գազպրոմ»-ը
 |hetq.am|

Բուլղարիան ԱՄՆ-ից ավելի էժան գնով գազ կներկրի, քան մատակարարում էր «Գազպրոմ»-ը |hetq.am|

hetq.am: Բուլղարիան պայմանավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ձեռքբերել սեղմված բնական գազ ավելի ցածր գնով, քան մինչ այդ ձեռք էր բերում «Գազպրոմից»-ից։ Այդ մասին նշվում է Բուլղարիայի կառավարության պաշտոնական կայք էջում։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մատակարարման մասին պայմանավորվել են Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Գազի առաջին մատակարարումը կսկսվի հունիսին։ Ապրիլի վերջին Բուլղարիան հրաժարվել էր ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։ Դրանից հետո «Газпром»-ը դադարեցրել էր այդ երկիր սեղմված բնական գազի արտահանումը։  Մարտի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, համաձայն որի սկսած 2022 թվականի ապրիլի 1-ից ռուսական գազի համար ԵՄ անդամ երկրները պետք է վճարեն ռուսական ռուբլով։  Լուսանկարը՝ theusaprint.com-ից      
21:00 - 11 մայիսի, 2022
ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի մատակարարման հետ կապված խնդիրները

ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի մատակարարման հետ կապված խնդիրները

Բրյուսելում այսօր կկայանա Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումը։ Նրանք պետք է միասնական դիրքորոշում մշակեն՝ քննարկելով ընթացիկ իրավիճակը, որն առաջացել է Լեհաստանին և Բուլղարիային ռուսական գազի մատակարարումների դադարեցման առնչությամբ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այս երկրները հրաժարվել են գազի դիմաց ռուբլով վճարել, ինչպես Ռուսաստանն է պահանջում, գրում է Euronews-ը։ Կապույտ վառելիքի մատակարարման դիմաց վճարումների ընթացակարգի փոփոխման վերաբերյալ «Գազպրոմ» ընկերության պահանջները կապված են Մոսկվայի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու ձգտման հետ։ Նախկին սխեմայով վճարումներն իրականացնելուց Ռուսաստանի հրաժարումը ԵՄ-ն «շանտաժ» է անվանել։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր վերջերս տված հարցազրույցում հայտարարել է, որ, գազի վաճառքից ստացված միջոցներն արգելափակելով, արևմտյան երկրները Ռուսաստանից «գողացել են» ավելի քան 300 մլրդ դոլար։ Գազի գների կտրուկ աճը Եվրամիությանը սպառնում է էներգետիկ ճգնաժամով։ Ռուսական գազի մատակարարման դադարեցման հեռանկարը կարող է լրջորեն ազդել Գերմանիայի տնտեսության վրա, որի գազի պահանջարկի 55%-ն ապահովում են մատակարարումները Ռուսաստանից։ ԵՄ մի շարք այլ երկրներ գազի առումով նույնպես մեծապես կախված են Մոսկվայից։   Նորա Վանյան  
15:34 - 02 մայիսի, 2022
Լեհաստանն ու Բուլղարիան Ռուսաստանին մեղադրել են գազով շանտաժ անելու համար

Լեհաստանն ու Բուլղարիան Ռուսաստանին մեղադրել են գազով շանտաժ անելու համար

Լեհաստանի և Բուլղարիայի առաջնորդները Մոսկվային մեղադրել են իրենց երկրների դեմ բնական գազը՝ որպես շանտաժի միջոց օգտագործելու համար այն բանից հետո, երբ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է գազի մատակարարումները եվրոպական այս երկրներին, գրում է Associated Press-ը։ Գազի մատակարարման դադարեցման հիմքն այն է, որ նախորդ ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «ոչ բարեկամ երկրները» պետք է գազի դիմաց ռուբլով վճարեն, ինչը Բուլղարիան ու Լեհաստանը հրաժարվել են անել։ Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ հսկան իր հայտարարությունում նշել է, որ ապրիլի մեկից Լեհաստանից և Բուլղարիայից ոչ մի վճարում չի ստացել, հետևաբար՝ դադարեցնում է գազի մատակարարումը։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին երկրի խորհրդարանում հայտարարել է, որ գազի մատակարարումների դադարեցումը վրեժ է համարում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար, որոնք Վարվաշան սահմանել է ուկրաինական պատերազմի առնչությամբ։   Նորա Վանյան
16:00 - 27 ապրիլի, 2022
Բուլղարիան արգելում է ռուսական նավերին իր նավահանգիստներ մտնել

Բուլղարիան արգելում է ռուսական նավերին իր նավահանգիստներ մտնել

Ապրիլի 16-ից Բուլղարիան փակում է իր ծովային և գետային նավահանգիստները ռուսական նավերի, ինչպես նաև այն նավերի համար, որոնք ռուսական դրոշը փոխել են Ուկրաիայում հակամարտության մեկնարկից հետո։ «2022 թ-ի ապրիլի 16-ին ժամը 00:00-ից արգելվում է բուլղարական և գետային նավահանգիստների մուտքը բոլոր նավերի համար, որոնք ռուսական դրոշի ներքո են գրանցված և այն նավերի համար, որոնք փոխել են ռուսական դրոշը կամ դրոշի ներքո գրանցումը կամ որոնց ռեեստրն այլ երկիրն է 2022 թ-ի փետրվարի 24-ից», - ասված է Բուլղարիայի ծովային վարչակազմի հայտարարությունում, գրում է «Կոմերսանտը»։ Արգելքը սահմանվում է ԵՄ Կանոնակարգում արված փոփոխությունների հիման վրա, որոնց համաձայն՝ սահմանափակումներ են գործում Ռուսաստանի գործողությունների պատճառով, որոնք ապակայունացնում են իրավիճակն Ուկրաինայում, ասված է փաստաթղթում։ Ապրիլի 16-ին նույնպիսի որոշում է կայացրել Իտալիան։ Բելգիայի և Ռումինիայի իշխանությունները նույնպես ռուսական նավերին արգելել են իրենց նավահանգիստներ մտնել։ Այս միջոցները ձեռնարկվում են ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակում, որն արգելում է ռուսական նավերի մուտքը ԵՄ նավահանգիստներ։   Նորա Վանյան
14:35 - 17 ապրիլի, 2022
Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովն ազատ է արձակվել կալանքից |news.am|

Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովն ազատ է արձակվել կալանքից |news.am|

news.am: Բուլղարիայի նախկին վարչապետ և ընդդիմադիր ԳԵՐԲ կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը մարտի 18-ի գիշերն ազատ է արձակվել կալանքից մոտ մեկ օր անց իր և իր նախկին կառավարության երկու գործիչների ձերբակալությունից հետո, գրում է Sofia Globe-ը։ Միջոցառման ժամանակ, որը ցուցադրվել է ազգային հեռուստաալիքների ուղիղ եթերում, Բորիսովը հայտնվել է կուսակցության հավաքված աջակիցների մեջ՝ իր կալանավորումը որպես «դաժան, զզվելի» բնութագրելով և հավելելով, որ «նրանք վերադարձրին մեզ կոմունիզմը»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ միջոցները չարաշահելու կասկածանքով կալանավորվել է Բուլղարիայի նախկին վարչապետը։ Սակայն նա, ինչպես և ֆինանսների նախկին նախարար Վլադիսլավ Գորանովը և Բորիսովի կառավարության նախկին մամուլի քարտուղար Սևդալինա Առնաուդովան, առանց մեղադրանքի առաջադրման, ազատ արձակվեցին: Բուլղարական օրենսդրությամբ թույլատրված 24-ժամյա ոստիկանական կալանքից հետո նրանց կալանքի տակ պահելը դատախազի հրաման կպահանջեր՝ կալանքը մինչև 72 ժամ երկարացնելու համար, որն իր հերթին կարող է երկարաձգվել դատարանի պահանջով: «Ես անհանգստանում եմ, որ հաջորդ անգամ նրանք կարող են ինձ սպանել»,- լրագրողներին ասել է Բորիսովը։ Իր հերթին Բորիսովի փաստաբան Մենկո Մենկովը լրագրողներին ասել է, որ որևէ մեղադրանք չի առաջադրվել, կալանավորման համար որպես հիմք ծառայել էր շորթումը, սակայն նշված չէր, թե ով էր այդ շորթման օբյեկտը, երբ, ինչպես և ինչ պատճառներով էր այն կատարվել:
11:11 - 19 մարտի, 2022