Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության նախկին պետ։

Ծնվել է 1973 թվականին, Ստեփանակերտում։

1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար, 2000-2001 թվականներին ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ, 2001 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը։

2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հունվար աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում, 2005 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի սեպտեմբեր աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական, 2007 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը։

2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը, իսկ նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ:

2021 թվականի հունվարին նշանակվել է ԱԳ նախարար։

Դեմ չենք, որ ՀՀ-ն-ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, բայց առանց Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու․ Արցախի ԱԳ նախարար
 |tert.am|

Դեմ չենք, որ ՀՀ-ն-ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, բայց առանց Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու․ Արցախի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Արցախի պատվիրակությունը 2-3 օր է, ինչ Երևանում է, հանդիպումներ են եղել ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ «Երեկ հանդիպել ենք ԱԽ քարտուղարի հետ, այսօր ԱԺ նախագահի հետ, նախատեսված է նաև հանդիպում ՀՀ նախագահի հետ, վաղը կհանդիպենք ԱԳ նախարարի և վարչապետի հետ։ Եկել ենք այստեղ՝ անկեղծ քննարկումներ իրականացնելու համար, ոչ միայն արցահայությունը, այլև ողջ հայությունը գտնվում է յուրահատուկ իրավիճակում, այսօր հայտնվել ենք գոյաբանական մարտահրավերների առաջ, շատ կարևոր է, որ ստանանք մի շարք հարցերի պատասխաններ և տեղեկանանք տարբեր գործընթացների մասին։ Ազնիվ ձևով քննարկել են նույնիսկ ամենաբարդ հարցերը, մեզ համար կարևոր է, որ Արցախի հարցում ունենանք հստակ դիրքորոշում»,- ասաց Բաբայանը։ Անդրադառնալով Պրահայի քառակողմ հանդիպմանը և ՀՀ-ի ու Ադբեջանի միջև փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությանը՝ Բաբայանը ասաց․ «Մենք դեմ չենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն պետք է հասկանանք, որ Արցախի և նաև ողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մի մաս։ Այս հանդիպումների ընթացքում եղան պարզաբանումներ այն մասին, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»։ Հոկտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Հոկտեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Երևանում հանդիպեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ: Ըստ ԱԽ հաղորդագրության՝ հանդիպմանը Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից, այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Հանդիպման մասին հաղորդագրություն տարածեց նաև Արցախի ԱԺ-ն, նշելով, որ ԱՀ պատվիրակությունն ընդգծել է՝ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում՝ շեշտելով, որ Արցախը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը' պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ։
13:03 - 14 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելուն պատրաստ ենք, բայց անհրաժեշտ է հակամարտության համապարփակ կարգավորում՝ բոլոր կողմերի ներգրավմամբ. Բաբայան |armenpress.am|

Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելուն պատրաստ ենք, բայց անհրաժեշտ է հակամարտության համապարփակ կարգավորում՝ բոլոր կողմերի ներգրավմամբ. Բաբայան |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությանը: Բաբայանն ընդգծեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ձևաչափ կա, որն  ընդունվել է ԵԱՀԿ-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ՝  1994 թվականին։ «Խնդիրը նրանում է, որ պետք է պահպանել այդ ձևաչափը, որով Արցախը ճանաչված է որպես և՛ բանակցությունների, և՛ հակամարտության կողմ ։ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելուն, իհարկե,  պատրաստ ենք, բայց անհրաժեշտ է հակամարտության համապարփակ կարգավորում՝ այդ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի, Արցախի  և Հայաստանի ներգրավմամբ։ Ուղիղ բանակցությունները  կարող ենք ընկալել տարբեր ձևերով, բայց եթե քաղաքական հարցի մասին ենք խոսում, ապա  Ադրբեջանը պետք է ընդունի մեր սուբյեկտայնությունը և Արցախը՝ որպես հակամարտության լիիրավ կողմ, այնուհետև հավասարը հավասարի հետ կարող ենք բանակցել»,- ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով ՝ բնական է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ խուսափի, չհանդիպի Արցախի ներկայացուցիչների  հետ, չքննարկի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հետևաբար պետք է ձգտել լիարժեք ձևաչափի վերականգնմանը։  «Կան  շփումներ, որ  անհրաժեշտ են: Օրինակ, եթե նրանց կողմը հովիվ է անցել, ապա նրան վերադարձնելու,  մեր զոհվածների մասունքների որոնման համար պետք են,  չէ,՞ ինչ-որ շփումներ, բնական է, ռուս խաղաղապահների հետ միասին։ Այսինքն՝ ուզած- չուզած պետք են շփումներ, ինչը, սակայն,  կոչել  բանակցություններ արտաքին քաղաքական հարցերի շուրջ, բնականաբար, ճիշտ չէ»,- մանրամասնեց Բաբայանը։ Դավիթ Բաբայանն անդրադարձել է նաև հարցին, թե Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա Ադրբեջանի վերջին հարձակման համատեքստում ինչ առաջնահերթ անելիքներ կան և որոնք են օրակարգային հարցերը դիվանագիտական ճակատում՝ հաշվի առնելով անվտանգային մարտահրավերները: Նրա գնահատմամբ՝ պետք է շատ ճիշտ և  իմաստուն արտաքին քաղաքականություն վարել ՝ հասկանալով, որ Արցախի անվտանգությունը, Արցախի ժողովրդի  հուսալի ու արժանապատիվ ապագան անհնարին է ապահովել առանց դրա։  «Անհրաժեշտ է զերծ մնալ արկածախնդրությունից: Մենք ունենք բնական դաշնակիցներ, եղբայրական երկրներ։ Ընդհանրապես, հայ ժողովուրդը, ինչպես հրեաները, այն եզակիներից է, որ  ի վիճակի է շատ ու շատ երկրիների հետ նորմալ հարաբերություններ ունենալ. նույնիսկ այն երկրների, որոնք մեկը մյուսի հետ վատ հարաբերություններ ունեն:  Մենք ունենք Սփյուռք և պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ  բոլոր երկրների հետ, որտեղ կա  հայկական համայնք:  Սա մեր շահերից է բխում, ինչը  չի նշանակում, որ մեկը մյուսի հաշվին պիտի իրականացվի:Ես դա անթույլատրելի եմ համարում: Այն պարագայում, որ Ռուսաստանում 3 մլն հայ է ապրում, ինչո՞ւ պետք  է հակառուսական լինենք, հատկապես, երբ դրանից է կախված ապագան:  Եթե չլինեն  ռուս խաղաղապահները, չի լինի Արցախը։ Սա  չի նշանակում, որ պետք է Արևմուտքի հետ թշնամի դառնանք, բնավ, որովհետև 2 մլն հայ կա ԱՄՆ-ում։  Արևմտամետ լինելու միակ չափանիշը պետք է լինի ռուսատյացությու՞նը. սա  նորմալ  երևույթ  չէ։ Մենք պարտավոր ենք մեր բնական դաշնակցի  հետ ունենալ  լավ հարաբերություններ , որոնք ձևավորվել են օբյեկտիվորեն, երկար ժամանակի  ընթացքում։  Ընդհանրապես,  ցանկացած քաղաքակրթություն պետք է ուսումնասիրել  և  հարգել, պետք է մտածել, թե ինչ կարելի է այնտեղից ընդօրինակել, որը կարող է մեզ օգտակար լինել:   Կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
16:13 - 05 հոկտեմբերի, 2022
Դավիթ Բաբայանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին

Դավիթ Բաբայանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 30-ին  մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:    Նիստի ընթացքում շոշափվել են Լոս Անջելես-Արցախ կապերի զարգացման հեռանկարներին, հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգովորմանն առնչվող հարցեր։Նախարար Բաբայանը կարևորել է Արցախի Հանրապետության կապերը Լոս Անջելես քաղաքի հետ՝ ընդգծելով, որ Արցախում բարձր են գնահատում մեգապոլիսի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը՝ այն որակելով որպես կարևոր բարոյական, քաղաքական և մարդասիրական օրինակելի որոշում։Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Արցախի ԱԳ նախարարը ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արտգործնախարարը կարևորել է նաև բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։Նիստին ներկա են գտնվել նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
12:53 - 01 հոկտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարը Էնթոնի Պորտանտինոյի և Ադրին Նազարյանի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակին առնչվող հարցեր

Արցախի ԱԳ նախարարը Էնթոնի Պորտանտինոյի և Ադրին Նազարյանի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 29-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Պորտանտինոյի և Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Արցախ-Կալիֆորնիա հարաբերություններին և Արցախում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։Նախարարը երախտագիտություն է հայտնել Էնթոնի Պորտանտինոյին և Ադրին Նազարյանին տարիներ շարունակ սկզբունքային և օբյեկտիվ դիրքորոշում ունենալու և համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու համար։Հանդիպմանը մասնակցել են  նաև Գլենդեյլի քաղաքապետ Արտաշես Քասախյանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և ս­պորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՄՆ-ում ու Կանադայում  Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Հայ Դատի ներկայացուցիչներ։
12:32 - 30 սեպտեմբերի, 2022
Դավիթ Բաբայանը մասնակցել է Մարտունի և Գլենդեյլ քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման արարողությանը

Դավիթ Բաբայանը մասնակցել է Մարտունի և Գլենդեյլ քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման արարողությանը

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Գլենդեյլի քաղաքապետ Արտաշես Քասախյանի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։ Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Բաբայանը երախտագիտություն է հայտնել Գլենդեյլի բնակչությանը և քաղաքային իշխանություններին Արցախը մշտապես ուշադրության  կենտրոնում պահելու համար և ընդգծել, որ դա բարձր է գնահատվում արցախցիների կողմից։ Նույն օրը նախարար Բաբայանը մասնակցել է Մարտունի և Գլենդեյլ քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Դավիթ Բաբայանը կարևորել է Մարտունու և Գլենդեյլի միջև համագործակցությունը՝ սոցիալ-տնտեսական, մարդասիրական և բարոյական տեսանկյուններից։ Նախարարը հավելել է, որ Գլենդեյլի հետ փոխգործակցությունը, միանշանակ, դրական ազդեցություն կունենա շրջկենտրոն Մարտունու զարգացման գործում։ Հանդիպմանն ու հռչակագրի ստորագրման արարողությանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
11:02 - 29 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարը հյուրընկալվել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարանում

Արցախի ԱԳ նախարարը հյուրընկալվել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարանում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 26-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան, հանդիպել ազգային, կենտրոնական ու թեմական վարչության անդամների, համահայկական խորհրդի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ներհայկական կապերի զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր։Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։  
11:53 - 27 սեպտեմբերի, 2022
Դավիթ Բաբայանն ու Ադամ Շիֆը քննարկել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Դավիթ Բաբայանն ու Ադամ Շիֆը քննարկել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 25-ին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։ Քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Արցախի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադամ Շիֆին՝ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած բարեկամական վերաբերմունքի, ինչպես նաև Արցախին մշտապես սատարելու համար և ընգծել, որ Արցախում բարձր են գնահատում կոնգրեսական Շիֆի և նրա գործընկերների անձնվեր պայքարը հանուն արցախահայության օրինական իրավունքների պաշտպանության։ Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։  
11:30 - 26 սեպտեմբերի, 2022
Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան, ակնհայտ է, թե ինչպիսի ճակատագիր կունենա մեր Սփյուռքը․ Դավիթ Բաբայան

Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան, ակնհայտ է, թե ինչպիսի ճակատագիր կունենա մեր Սփյուռքը․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Արցախին նվիրված համաժողովին և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։ Նախարարը ներկայացրել է Արցախի ներկա իրավիճակը, պետության ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները, մատնանշել դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ հարցերի։ «Մենք պետք է շատ ազնիվ և համարձակ լինենք, որպեսզի տեսնենք իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա։ Սակայն պետք է շատ ավելի համարձակ, ազնիվ և համբերատար լինենք, որպեսզի կարողանանք հաղթահարել այդ դժվարությունները»,- ելույթում ընդգծել է Դավիթ Բաբայանը։ Խոսելով պետականաշինության ոլորտում հետագա անելիքների մասին՝ նախարար Բաբայանը նշել է, որ իրավունք չունենք թևաթափ լինել ու մոռանալ մեր պատմությունն ու զոհերին. պետք է ոտքի կանգնենք և շարունակենք պայքարը հանուն մեր անցյալի և ապագայի։ «Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան, ակնհայտ է, թե ինչպիսի ճակատագիր կունենա մեր Սփյուռքը։ Այս իրավիճակում Արցախի փրկությունը պետք է դառնա Սփյուռքի թիվ մեկ խնդիրը։ Արցախակենտրոնությունը պետք է լինի համայն հայության համար առաջնահերթություն»,-նշել է ԱԳ նախարարը, հավելելով, որ կան Արցախը փրկելու, ժողովրդի ինքնավստահությունը վերականգնելու և արժանապատիվ ապագա ապահովելու բոլոր հնարավորությունները։ Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Հայ Դատի Արևմտյան շրջանի հանձնախմբին, ղեկավար Նորա Հովսեփյանին՝ միջոցառման կազմակերպման համար՝ շեշտելով, որ Հայ Դատը կարևոր դերակատարություն ունի համազգային խնդիրների լուծման գործում։ Համաժողովին մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
18:52 - 25 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսություն

Արցախի ԱԳ նախարարն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) հյուպատոսություն: Արցախի ԱԳ նախարարությունից հայտնում են, որ նա հանդիպել է հյուպատոսության աշխատակազմի հետ։ Դավիթ Բաբայանը կարևորել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության դերը հայրենիք-սփյուռք փոխգործակցության ամրապնդման գործում՝ այդ համատեքստում ընդգծելով հայաշատ վայրերի հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
11:33 - 24 սեպտեմբերի, 2022