Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելուն պատրաստ ենք, բայց անհրաժեշտ է հակամարտության համապարփակ կարգավորում՝ բոլոր կողմերի ներգրավմամբ. Բաբայան |armenpress.am|
16:13 - 05 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելուն պատրաստ ենք, բայց անհրաժեշտ է հակամարտության համապարփակ կարգավորում՝ բոլոր կողմերի ներգրավմամբ. Բաբայան |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությանը: Բաբայանն ընդգծեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ձևաչափ կա, որն  ընդունվել է ԵԱՀԿ-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ՝  1994 թվականին։ «Խնդիրը նրանում է, որ պետք է պահպանել այդ ձևաչափը, որով Արցախը ճանաչված է որպես և՛ բանակցությունների, և՛ հակամարտության կողմ ։ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելուն, իհարկե,  պատրաստ ենք, բայց անհրաժեշտ է հակամարտության համապարփակ կարգավորում՝ այդ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի, Արցախի  և Հայաստանի ներգրավմամբ։ Ուղիղ բանակցությունները  կարող ենք ընկալել տարբեր ձևերով, բայց եթե քաղաքական հարցի մասին ենք խոսում, ապա  Ադրբեջանը պետք է ընդունի մեր սուբյեկտայնությունը և Արցախը՝ որպես հակամարտության լիիրավ կողմ, այնուհետև հավասարը հավասարի հետ կարող ենք բանակցել»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով ՝ բնական է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ խուսափի, չհանդիպի Արցախի ներկայացուցիչների  հետ, չքննարկի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հետևաբար պետք է ձգտել լիարժեք ձևաչափի վերականգնմանը։  «Կան  շփումներ, որ  անհրաժեշտ են: Օրինակ, եթե նրանց կողմը հովիվ է անցել, ապա նրան վերադարձնելու,  մեր զոհվածների մասունքների որոնման համար պետք են,  չէ,՞ ինչ-որ շփումներ, բնական է, ռուս խաղաղապահների հետ միասին։ Այսինքն՝ ուզած- չուզած պետք են շփումներ, ինչը, սակայն,  կոչել  բանակցություններ արտաքին քաղաքական հարցերի շուրջ, բնականաբար, ճիշտ չէ»,- մանրամասնեց Բաբայանը։

Դավիթ Բաբայանն անդրադարձել է նաև հարցին, թե Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա Ադրբեջանի վերջին հարձակման համատեքստում ինչ առաջնահերթ անելիքներ կան և որոնք են օրակարգային հարցերը դիվանագիտական ճակատում՝ հաշվի առնելով անվտանգային մարտահրավերները:

Նրա գնահատմամբ՝ պետք է շատ ճիշտ և  իմաստուն արտաքին քաղաքականություն վարել ՝ հասկանալով, որ Արցախի անվտանգությունը, Արցախի ժողովրդի  հուսալի ու արժանապատիվ ապագան անհնարին է ապահովել առանց դրա։  «Անհրաժեշտ է զերծ մնալ արկածախնդրությունից: Մենք ունենք բնական դաշնակիցներ, եղբայրական երկրներ։ Ընդհանրապես, հայ ժողովուրդը, ինչպես հրեաները, այն եզակիներից է, որ  ի վիճակի է շատ ու շատ երկրիների հետ նորմալ հարաբերություններ ունենալ. նույնիսկ այն երկրների, որոնք մեկը մյուսի հետ վատ հարաբերություններ ունեն:  Մենք ունենք Սփյուռք և պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ  բոլոր երկրների հետ, որտեղ կա  հայկական համայնք:  Սա մեր շահերից է բխում, ինչը  չի նշանակում, որ մեկը մյուսի հաշվին պիտի իրականացվի:Ես դա անթույլատրելի եմ համարում: Այն պարագայում, որ Ռուսաստանում 3 մլն հայ է ապրում, ինչո՞ւ պետք  է հակառուսական լինենք, հատկապես, երբ դրանից է կախված ապագան:  Եթե չլինեն  ռուս խաղաղապահները, չի լինի Արցախը։ Սա  չի նշանակում, որ պետք է Արևմուտքի հետ թշնամի դառնանք, բնավ, որովհետև 2 մլն հայ կա ԱՄՆ-ում։  Արևմտամետ լինելու միակ չափանիշը պետք է լինի ռուսատյացությու՞նը. սա  նորմալ  երևույթ  չէ։ Մենք պարտավոր ենք մեր բնական դաշնակցի  հետ ունենալ  լավ հարաբերություններ , որոնք ձևավորվել են օբյեկտիվորեն, երկար ժամանակի  ընթացքում։  Ընդհանրապես,  ցանկացած քաղաքակրթություն պետք է ուսումնասիրել  և  հարգել, պետք է մտածել, թե ինչ կարելի է այնտեղից ընդօրինակել, որը կարող է մեզ օգտակար լինել:   Կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել