tert.am: Արցախի պատվիրակությունը 2-3 օր է, ինչ Երևանում է, հանդիպումներ են եղել ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
«Երեկ հանդիպել ենք ԱԽ քարտուղարի հետ, այսօր ԱԺ նախագահի հետ, նախատեսված է նաև հանդիպում ՀՀ նախագահի հետ, վաղը կհանդիպենք ԱԳ նախարարի և վարչապետի հետ։ Եկել ենք այստեղ՝ անկեղծ քննարկումներ իրականացնելու համար, ոչ միայն արցահայությունը, այլև ողջ հայությունը գտնվում է յուրահատուկ իրավիճակում, այսօր հայտնվել ենք գոյաբանական մարտահրավերների առաջ, շատ կարևոր է, որ ստանանք մի շարք հարցերի պատասխաններ և տեղեկանանք տարբեր գործընթացների մասին։ Ազնիվ ձևով քննարկել են նույնիսկ ամենաբարդ հարցերը, մեզ համար կարևոր է, որ Արցախի հարցում ունենանք հստակ դիրքորոշում»,- ասաց Բաբայանը։
Անդրադառնալով Պրահայի քառակողմ հանդիպմանը և ՀՀ-ի ու Ադբեջանի միջև փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությանը՝ Բաբայանը ասաց․
«Մենք դեմ չենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն պետք է հասկանանք, որ Արցախի և նաև ողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մի մաս։ Այս հանդիպումների ընթացքում եղան պարզաբանումներ այն մասին, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»։
Հոկտեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումը:
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Երևանում հանդիպեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ: Ըստ ԱԽ հաղորդագրության՝ հանդիպմանը Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից, այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Հանդիպման մասին հաղորդագրություն տարածեց նաև Արցախի ԱԺ-ն, նշելով, որ ԱՀ պատվիրակությունն ընդգծել է՝ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում՝ շեշտելով, որ Արցախը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը' պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ։
comment.count (0)