Հնդկաստան

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապով քննարկում է անցկացրել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունը, նախարարը ողջունել է Ռաջ Կումար Սինգհին և ընդգծել, որ հատկապես վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններն արագ տեմպերով զարգանում են։  Նախարարը կարևորել է նաև օրերս Հայաստանի՝ Միջազգային արևային դաշինքին միանալու փաստը և հույս է հայտնել, որ այդ շրջանակներում ևս հարաբերությունները նույն տեմպով կզարգանան։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է հնդկական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման, արդիականացման նախագծերում։ Կարևորվել է նաև համապատասխան մասնագիտական խմբերի փոխադարձ այցերը Հայաստան և Հնդկաստան՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նպատակով։
11:59 - 23 նոյեմբերի, 2023
Հայաստանը Հնդկաստանից կստանա MArG 155 տեսակի անվավոր ինքնագնաց հաուբիցներ
 |armenpress.am|

Հայաստանը Հնդկաստանից կստանա MArG 155 տեսակի անվավոր ինքնագնաց հաուբիցներ |armenpress.am|

armenpress.am: Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Այս մասին հաղորդում է հնդկական IDRW (Indian Defence Research Wing) հարթակը՝ նշելով, որ սա լուրջ ձեռքբերում է Հնդկաստանի համար, որը ջանքեր է գործադրում տեղական արտադրության պաշտպանական սպառազինությունը միջազգային գործընկերներին արտահանելու ուղղությամբ: «Հայաստանի հետ գործարքը հիմնված է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության վրա, որի արդյունքում Հնդկաստանը պաշտպանական սպառազինության առանցքային մատակարար է դարձել Հայաստանի համար: 2020 թվականին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել 4 միավոր Swathi շարժական ռադարներ, իսկ 2022 թվականի սեպտեմբերին ստորագրվել է Pinaka բազմափող հրթիռային կայանների, հակատանկայի հրթիռների և տարբեր տեսակի զինամթերքի ձեռքբերման 245 միլիոն դոլարի պայմանագիր», - գրում է պարբերականը: «MArG 155-ը արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: Սարքավորված լինելով 155 մմ-անոց 39 տրամաչափի թնդանոթով և քարշակող 4 անիվներով, այն բացառիկ մանևրականություն է ապահովում ցանկացած տեղանքում: Մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, ինչպես նաև «կրակել և փախչելու» կարողություններն այն դարձնում են ճկուն և ահեղ զենք մարտական ժամանակակից իրավիճակներում», - հավելում է հարթակը։
12:48 - 20 նոյեմբերի, 2023
Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև. Մնացական Սաֆարյանը հնդիկ գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև. Մնացական Սաֆարյանը հնդիկ գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նոյեմբերի 18-ին Նյու Դելիում կայացել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական 10-րդ հերթական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար-տեղակալ Սանջայ Վերմայի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ավանդական բարեկամության և քաղաքակրթական կապերի վրա խարսխված, վերջին շրջանում դինամիկ կերպով զարգացող փոխգործակցությանը, երկկողմ քաղաքական բարձր մակարդակի շփումներին և երկխոսության օրակարգին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, հաղորդակցային ուղիների տարբեր ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև բազմակողմ մի շարք հարթակներում փոխշահավետ համագործակցությանը: Մնացական Սաֆարյանը փոխանցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ողջույններն ուղղված Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով դրա առավելությունները՝ և՛ տնտեսական և՛ տարածաշրջանի երկրների համար խաղաղության երաշխիք հանդիսանալու համատեքստում: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերին: Մնացական Սաֆարյանը գործընկերոջը ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ փախստականներին Հայաստանում պատշաճ ընդունելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարևորելով նաև միջազգային գործընկերների աջակցությունը: Երկկողմ կրթամշակութային նախանշված ծրագրերի իրականացման և հնարավոր այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության շուրջ մտքեր են փոխանակվել նաև Հնդկաստանի Հանրապետության ԱԳ և մշակույթի պետնախարար Մինակշի Լեկհիի հետ: Ընդգծվել է Հարավային Կովկասում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը:
13:57 - 19 նոյեմբերի, 2023
Այն, ինչ այսօր կատարվում է, դրական եմ գնահատում. Սեյրան Օհանյանը՝ Հնդկաստանից եւ Ֆրանսիայից զենք գնելու մասին |news.am|

Այն, ինչ այսօր կատարվում է, դրական եմ գնահատում. Սեյրան Օհանյանը՝ Հնդկաստանից եւ Ֆրանսիայից զենք գնելու մասին |news.am|

news.am: ՀՀ զինված ուժերում գոյություն ունի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր, որով որոշվում է, թե որ երկրից ինչ սպառազինություն ձեռք բերեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ֆրանսիային եւ Հնդկաստանից ձեռք բերվող սռապազինությանը: Նրա խոսքով, ձեռք բերված սպառազինություն ու ռազմական տեխնիկան պետք է շարք կանգնեցնել, ինչը նշանակում է այն գոյություն ունեցող համակարգում պետք է ներդնել. «Այն, ինչի մասին խոսում են, զրահագնացների ձեռքբերումը մեկ նպատակ ունի՝ առաջինը բարձրացնել ԶՈՒ հատկապես հատուկնշանակության ստորաբաժնումների շարժունակության, մանեւրելու, խուսանավելու մակարդակը եւ բարձրացնել նաեւ անձնակազմի անվտանգության ապահովման խնդիրները»: Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ռազմական ոլորտում համագործակցությունը Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մենք ունեցել ենք սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման մի քանի ծրագրեր. ՌԴ-ի հետ ունեցել ենք նաեւ զարգացման ծրագիր, որը հնարավորություն է տվել էժան գներով ներմուծելու, համատեղ ձեռնարկություններ ձեւավորելու: Բայց այն ժամանակ էլ մեր պետության հնարավորությունների շրջանակում այլ պետություններից սպառազինություն  ձեռք բերելն արգելված չի եղել: Միգուցե ոչ այդքան մեծ չափի, միգուցե փոքր  տրամաչափի սպառազինության տեսակներ մենք ձեռք ենք բերել նաեւ այլ պետություններից: Ընդ որում, եւ նախկին ԽՍՀՄ երկրներից եւ նաեւ եվրոպական հարթակից, Չինաստանից»: Նա դրական գնահատեց Ֆրանսիայից եւ Հնդկաստանից սպառազինություն գնելու քայլերը. «Այն, ինչ այսօր կատարվում է, ես դրական եմ գնահատում: Միայն պետք է ԶՈՒ ղեկավարությունը հասկանա այդ սպառազինության նպատակները, դերն ու նշանակությունը, դրանց համադրելը այն համակարգերին, որոնք կան այսօր ԶՈՒ-ում եւ նաեւ առաջնահերթությունները: Որովհետեւ մենք ձեռք ենք բերում սպառազինություն, որոնք իրենց չափերով շատ մեծ են, հանկարծ վաղը խնդիր չառաջանա դրանց խոցման հետ կապված հարցերում: Այսինքն պետք է նաեւ  հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի եւ նաեւ այլ ծառայությունների հետ համադրված աշխատանք կատարվի»,-ընդգծեց նա:
13:40 - 15 նոյեմբերի, 2023
Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ չվերթերը կարող են մեկնարկել 2024 թվականին. ԱԳՆ
 |armeniasputnik.am|

Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ չվերթերը կարող են մեկնարկել 2024 թվականին. ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ չվերթերը կարող են մեկնարկել 2024 թվականին։ Այս մասին The Economic Times պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական և հնդկական ավիաընկերությունները հետաքրքրված են Երևան-Դելի ուղղությամբ ուղիղ չվերթեր իրականացնելու հարցում։ «Մենք նաև բանակցություններ ենք վարում Հնդկաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթերի մեկնարկի վերաբերյալ, և հուսով եմ, որ թռիչքները կարող են մեկնարկել հաջորդ տարի»,-ասել է Սաֆարյանը: Հիշեցնենք, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում դեռևս 2023 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ աշխատանքներ են տարվում Հնդկաստանից և Չինաստանից ուղիղ չվերթեր իրականացնելու ուղղությամբ։ Հնդկաստանի հարցում կողմերն արդեն մոտենում են հարցի լուծմանը։
12:22 - 09 նոյեմբերի, 2023
Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգ է գնում․ Eurasian Times |armenpress.am|

Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգ է գնում․ Eurasian Times |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ։   Այս մասին գրում է Eurasian Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի կողմից մշակված Zen հակադրոնային համակարգ գնելու շուրջ։ Պայմանագրի արժեքը կազմում է 41,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Դրա մեջ ներառված են ինչպես հակադրոնային համակարգը, այնպես էլ զինվորների վերապատրաստումը։ Ըստ հրապարակման՝ Zen Technologies ընկերության կողմից մշակված հակադրոնային համակարգը տեղորոշում է և դասակարգում ԱԹՍ-ները, հայտնաբերում է դրանց կողմից իրականացվող պասիվ հետախուզությունը, ինչպես նաև վերացնում է սպառնալիքը՝ խափանելով ԱԹՍ-ների կապի համակարգը։ Zen Technologies-ը հայտարարել է, որ 2023 թ․ հոկտեմբերի 28-ին կայացած խորհրդի հանդիպման ընթացքում հավանություն է տրվել Հայաստանում մասնաճյուղի բացմանը։ Պարբերականը հիշեցնում է, որ 2022 թ․ Հնդկաստանը Հայաստանի հետ պայմանագիր է կնքել 250 միլիոն ԱՄՆ դոլարի «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, հակատանկային զինամթերքի և այլ ռազմամթերքի մատակարարման շուրջ։
15:17 - 08 նոյեմբերի, 2023
ԱԺ փոխխոսնակը Հնդկաստանի պատվիրակության պատգամավորներին է ներկայացրել ՀՀ-ի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

ԱԺ փոխխոսնակը Հնդկաստանի պատվիրակության պատգամավորներին է ներկայացրել ՀՀ-ի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Հնդկաստանի պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը բազմակողմ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումն է Հնդկաստանի հետ, որն աշխարհի խոշորագույն և ամենադինամիկ զարգացող ժողովրդավար պետություններից մեկն է։ Փոխխոսնակը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա, և առանցքային դեր է խաղում մեր պետությունների միջև համագործակցության զարգացման գործում: «Ազգային ժողովում գործող Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը ես պատիվ ունեմ ղեկավարելու, ավանդաբար ամենամեծ խմբերից մեկն է: Ես լիահույս եմ Հայաստանի հետ բարեկամության խմբի ստեղծմանը նաև Հնդկաստանի խորհրդարանում, ինչը հիանալի հնարավորություն կընձեռի ակտիվ համագործակցության համար»,- նշել է Հակոբ Արշակյանը: «Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, այդ թվում՝ պաշտպանության, մշակույթի, գիտության և կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը: Հնդկաստանի պատվիրակության պատգամավորներն ընդգծել են, որ Հայաստանը Հնդկաստանի համար առանցքային գործընկեր է՝ նշելով, որ կողմերի հարաբերություններն այսօր արտացոլում են հնդիկ և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Հնդիկ պատգամավորները նշել են, որ Մադրասում և Կալկաթայում են գտնվում հայկական եկեղեցիներ և կրթօջախներ: Առաջին հայկական տպագրությունն իրականացվել է Հնդկաստանում, նույնիսկ հնդկական առաջին ձայնային սկավառակի ձայնագրությունն իրագործվել է հայազգի դասական երգչուհու կատարմամբ: Կողմերը կարևորել են նաև Հնդկաստանի ԱԳ նախարարի՝ պատմության մեջ առաջին անգամ այցն անկախ Հայաստան: Հնդկաստանի պատվիրակության պատգամավորները շնորհակալություն են հայտնել 4000-ից ավելի հնդիկ ուսանողների համար Հայաստանում կրթության հնարավորության կապակցությամբ: Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել հարաբերությունների զարգացման համար: Հայկական պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը: 
16:34 - 27 հոկտեմբերի, 2023
Հնդկաստանը մտադիր է ավելի շատ զենք մատակարարել Հայաստան |civilnet.am|

Հնդկաստանը մտադիր է ավելի շատ զենք մատակարարել Հայաստան |civilnet.am|

civilnet.am: Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը, գրում է հնդկական The Economic Times պարբերականը։ «Հայ բարձրաստիճան պաշտոնյան վերջերս այցելեց Դելի և քննարկումներ անցկացրեց հարցի շուրջ։ Հնդկաստանը համարվում է որպես զենքի հուսալի մատակարար, որը կարող է բավարարել Հայաստանի պահանջները։ Դեռևս հայտնի չեն նոր մատակարարումների մանրամասները, սակայն խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք ուղղված են Պակիստանի և Թուրքիայի աջակցությամբ՝ Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը»,- գրում է կայքը։ Հնդկաստանի նախորդ խմբաքանակը Հայաստան ներառում էր Pinaka hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք: Հաղորդվում է, որ զենքի մատակարարումն իրականացվել է Իրանի տարածքով։ «Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումն է հիմնական պատճառը, որ Հայաստանը գնում Pinaka համակարգը, քանի որ դրա «կրակել և տեղաշարժվել» հնարավորությունը թույլ է տալիս խուսափել հակառակորդի մարտկոցների կրակից: Դրա ցածր արժեքը և օգտագործման պարզությունը նաև այն դարձնում են իդեալական սպառազինության համակարգ Հայաստանի համար»,- գրում է The Economic Times-ը։ Պարբերականը նշում է, որ հայկական բանակը հեշտությամբ կարող է օգտագործել Pinaka-ն, քանի որ այն նաև նման է ռուսական արտադրության «Գրադ» համակարգին: Լրատվամիջոցը մեջբերում է Հայաստանի ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքերը, որը հայտարարել է, որ Հայաստան բերված նոր զինատեսակները ներկայումս փորձարկվում են հայ զինվորականների կողմից, և արդյունքները «շատ գոհացուցիչ են»։
10:59 - 27 հոկտեմբերի, 2023
«Հայաստանին զինելն անընդունելի է»․ Ադրբեջանի վարչապետը՝ Հնդկաստանի նախարարին

 |factor.am|

«Հայաստանին զինելն անընդունելի է»․ Ադրբեջանի վարչապետը՝ Հնդկաստանի նախարարին |factor.am|

factor.am: Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նախօրեին Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության պետնախարար Անուպրիա Պատելի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանին զենք վաճառելու թեմային։ Ասադովը նշել է, թե «հայկական կողմն ակտիվորեն զինվում է, ինչը լուրջ հարված է խաղաղության գործընթացին»։ Նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը Հնդկաստանից զենքի ամենամեծ գնորդն է ։ «Մենք անհանգստացած ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար նոր սպառնալիքների ի հայտ գալով։ Մենք ողջունում ենք Հնդկաստանի հայտարարությունները մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և երկխոսության վերաբերյալ։ Բայց միևնույն ժամանակ մենք Հնդկաստանից ակնկալում ենք այդ հայտարարություններին համապատասխան քայլեր։ Ներկայիս զգայուն պահին, երբ մեծ հույսեր են կապվում խաղաղության համաձայնագրի հետ, Հայաստանին զինելը անընդունելի է»,- ասել է Ադրբեջանի վարչապետը։ Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն էլ Բաքվում  Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հետ հանդիպմանն էր կոչ արել Հայաստանին զենք չվաճառել։  Իսկ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր Հնդկաստանի դեսպանին բողոքել Հայաստանին զենքի վաճառքից։
13:20 - 26 հոկտեմբերի, 2023
Քննարկվել է Մումբայի նավահանգստով բեռնափոխադրումների հնարավորությունը. էկոնոմիկայի փոխնախարարը Հնդկաստանում է

Քննարկվել է Մումբայի նավահանգստով բեռնափոխադրումների հնարավորությունը. էկոնոմիկայի փոխնախարարը Հնդկաստանում է

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Մումբայ քաղաքում, Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 18-ին հանդիպել է Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի Մումբայ նավահանգստի տնօրեն Ռաջիվ Ջալոտայի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։   Հանդիպման ընթացքում Ռաջիվ Ջալոտան ներկայացրել է նավահանգստի հնարավորությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ գործնական քայլերի, ինչպես նաև հնարավոր եռակողմ ձևաչափով գործակցության շուրջ։
13:34 - 18 հոկտեմբերի, 2023