Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Հայաստանը րոպե առաջ պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը. Արման Թաթոյան

Հայաստանը րոպե առաջ պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը. Արման Թաթոյան

Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը: Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Ադրբեջանի նախագահին, հատուկ ծառայությունների ու բանակի ղեկավարներին [առաջնահերթ] պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի: Սրանց միջազգային քրեական հետապնդումը կունենա այս շարունակվող ցեղասպան քաղաքականության համար կանխարգելող նշանակություն: Քանի որ հարցը հիմա հրատապ է, այս պահին կարող ենք ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, հետագայում կարող ենք նաև վավերացնել դատարանի կանոնադրությունունը` լուծելով անհրաժեշտ պայմանները: Դատարանի իրավազորությունը կարող ենք նաև ճանաչել ժամանակավորապես, բայց դա պետք է անել անհապաղ: Սրա համար կան բոլոր հիմքերը և դատարանի կանոնադրությունն էլ տալիս է այդ հնարավորությունը», - նշել է Թաթոյանը։
10:47 - 14 սեպտեմբերի, 2022
Պետք է ոչ թե նոր ջոկատներ կազմավորվեն, այլ համալրվեն զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները․ Տիգրան Աբրահամյան

Պետք է ոչ թե նոր ջոկատներ կազմավորվեն, այլ համալրվեն զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները․ Տիգրան Աբրահամյան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջնագծում իրադրությունը չի հանգուցալուծվել և մոտ ապագայում կարող է մոբիլիզացիայի անհրաժեշտություն առաջանալ, հարկ եմ համարում ընդգծել, որ դա պետք է արվի ոչ թե 44-օրյա պատերազմի օրինակով՝ 30 հոգանոց ջոկատներ կազմավորելու, զրահաբաճկոն և սաղավարտ ճարելու ճանապարհով, այլ այնպես ինչպես նախատեսված է համապատասխան փաստաթղթերում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջնագծում իրադրությունը չի հանգուցալուծվել և մոտ ապագայում կարող է մոբիլիզացիայի անհրաժեշտություն առաջանալ, հարկ եմ համարում ընդգծել, որ դա պետք է արվի ոչ թե 44-օրյա պատերազմի օրինակով՝ 30 հոգանոց ջոկատներ կազմավորելու, զրահաբաճկոն և սաղավարտ ճարելու ճանապարհով, այլ այնպես ինչպես նախատեսված է համապատասխան փաստաթղթերում։ Զինված ուժերի համալրումը, առաջնագծում գտնվող մեր զինծառայողների մարտական խնդիրը կատարելու հրամայականն իրացնելիս մոբիլիզացիան պետք է իրականացվի պատշաճ ձևով՝ կցագրված անձնակազմի, համալրումների, լրահամալրումների միջոցով։ Պետք է ոչ թե նոր ջոկատներ կազմավորվեն, այլ համալրվեն զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները։ Սա է ճանապարհը և սա է հնարավորությունը եղած պայմաններում կառավարման, կապի, զորքերի ներդաշնակության նվազագույն խնդիրները լուծելու համար։ Իսկ ինստիտուցիոնալ գործընթաց անցած կամավորական կազմակերպությունների դեպքում պետք է առաջնորդվել փորձված և ԶՈՒ-ի հետ առավելագույնս ներդաշնակեցված սխեմաներով», - գրել է նա։
10:22 - 14 սեպտեմբերի, 2022
«Դժվար է խոսել սահմանի խախտման մասին»․Ղազախստանի ԱԳ նախարար
 |mediamax.am|

«Դժվար է խոսել սահմանի խախտման մասին»․Ղազախստանի ԱԳ նախարար |mediamax.am|

mediamax.am: Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին ասել է, որ Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց չի քննարկվում։ «Հարցն այդպես դրված չէ։ Երեկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Հայաստանի վարչապետը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի մասին։ Մենք ուզում էինք օբյեկտիվ պատկեր ստանալ, քանի որ երկու կողմից տարբեր տեղեկություններ են գալիս։ Ուստի պետությունների ղեկավարները որոշեցին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի այնտեղ, այնուհետեւ կտեղեկացնի պետությունների ղեկավարներին», - Թլեուբերդիի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: Ղազախստանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը սահմանազատված չէ, եւ այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որեւէ խախտման մասին»։
10:11 - 14 սեպտեմբերի, 2022
Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ․ Դենիս Գոչար |armtimes.com|

Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ․ Դենիս Գոչար |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։ «Բաքվի և Երևանի հետ սերտ շփումների մեջ ենք։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ նպաստելու իրադրության հնարավորինս արագ կարգավորմանը»,- ասել է նա։ Միաժամանակ պաշտոնյան մեղադրել է Եվրամիությանը Ռուսաստանին Հարավային Կովկասի իրադրությունից դուրս մղելու փորձեր իրականացնելու մեջ՝ ընդգծելով, որ ԵՄ-ն ակնհայտորեն փորձում է միջամտել ՌԴ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ աշխատանքներին։ «Ուշագրավ է, որ Հարավային Կովկասի հարցով Բրյուսելի ակտիվացումը տեղի ունեցավ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների և ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով համատեղ աշխատանքների դադարեցման ֆոնին»,- հայտարարել է Գոնչարը։
09:44 - 14 սեպտեմբերի, 2022
Պուտինը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամներին Ռուսաստանի քայլերի մասին` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը

Պուտինը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամներին Ռուսաստանի քայլերի մասին` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի ռազմական հարձակման հարցով նիստի ընթացքում տեղեկացրել է գործընկերներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։ Այդ մասին նիստի արդյունքներով հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՀԱՊԿ քարտուղարության մամուլի հաղորդագրությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը», - հայտնել է ՀԱՊԿ քարտուղարությունը։ Սեպտեմբերի 13-ին Հայաստանի դիմումի հիման վրա տեսակոնֆերանսի ձևաչափով գումարվել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը` նվիրված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի գիշերը հարձակման էին անցել հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
09:30 - 14 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ-ն զգալի ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը և վնասում ենթակառուցվածքները. պետդեպ

 |armenpress.am|

ԱՄՆ-ն զգալի ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը և վնասում ենթակառուցվածքները. պետդեպ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ այն փաստի, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը։ Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։ «Ինչպես արդեն ասացինք՝ պետքարտուղար Բլինկենի հայտարարության մեջ նա կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում... Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Սակայն ամենակարևորը մեզ համար այն է, որ երկու կողմերն էլ հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում ապաէսկալացմանը»,- նշեց Փրայսը։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերում այն փաստին, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ միջամտելու հակամարտությանը՝ պետդեպի խոսնակը հայտարարեց. «Մենք կոչ ենք արել տարածաշրջանի բոլոր երկրներին՝ օգտագործել իրենց ազդեցությունը և կառուցողական քայլեր ձեռնարկել՝ հասնելու ռազմական գործողությունների դադարեցմանն ու ապաէսկալացմանը։ Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես հակամարտության մեկ կողմից օտար ուժերի ներգրավումը կարող է ծառայել այդ նպատակին, բայց կրկին պետք է նշեմ, որ մեր շեշտը բռնություններին վերջ դնելու վրա է»։ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ: 
02:23 - 14 սեպտեմբերի, 2022
Սա Ադրբեջանի կողմից հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ սուվերեն երկրի վրա. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն Al Jazeera-ին |armenpress.am|

Սա Ադրբեջանի կողմից հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ սուվերեն երկրի վրա. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն Al Jazeera-ին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Al Jazeera English հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ հստակ շեշտել է, որ դա հարձակում է սուվերեն երկրի վրա, հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա:   Հարցազրույցում Գևորգյանը, մասնավորապես, նշել է. «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր կեսգիշերին, Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական հարձակում է, որը նախաձեռնել է Հայաստանի սահմանին, նաև Հայաստանի տարածքում։ Ադրբեջանը հրադադարը խախտում է ոչ միայն սահմանի երկայնքով, այլ նաև թիրախավորում է հայկական դիրքերը, նաև քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի ներսում: Սա հստակ հարձակում է սուվերեն երկրի վրա, հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա»: Փոխնախարարը ընդգծել է, որ Հայաստանը միշտ շահագրգռված է եղել Ադրբեջանի հետ սահմանին անվտանգության ապահովմամբ, մի քանի անգամ առաջարկել է աշխատել միասին, դեէսկալացնել իրավիճակը, անվտանգության և վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ չեն տա խախտել հրադադարը: Բայց այն, ինչ Ադրբեջանն անում է, միանագամայն հակառակն է:  Նա հիշեցրել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանն ավելի վաղ` 2021-ի նոյեմբերին  համաձայնության էին եկել՝ սահմանին անվտանգության ապահովման առումով: Բայց Ադրբեջանը հրաժարվում է ձեռնարկել այդ անվտանգության ապահովման միջոցառումները: «Նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունը հստակ ընդգծել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կառուցեն անվտանգություն, քայլեր ձեռնարկեն՝ նվազեցնելու լարվածությունը սահմանին: Բայց Ադրբեջանը հրաժարվում է իրագործել այդ եռակողմ հայտարարությունը»,-նշել է Գևորգյանը:  Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:  Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:
22:00 - 13 սեպտեմբերի, 2022
Սենատոր Փիթերսը կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին

 |armenpress.am|

Սենատոր Փիթերսը կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսը դատապարտել է Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգների աջակցությունը այդ երկրին։ Սենատոր Փիթերսը այդ մասին գրել է Թվիթերի իր միկրոբլոգում: «Ծայրաստիճան մտահոգված եմ Հայաստանի վրա Ադրբեջանի չհրահրված հարձակման մասին հաղորդումներով: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարելու և այս անընդունելի հարձակումների համար: Դա պետք է ներառի Ադրբեջանին Միացյալ Նահանգների աջակցության անհապաղ դադարեցումը», - հայտարարել է ամերիկացի սենատորը:Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ:
21:46 - 13 սեպտեմբերի, 2022
Եվրախորհրդից Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում հետ կանգնել իրավիճակը վատթարացնող հետագա քայլերից

 |armenpress.am|

Եվրախորհրդից Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում հետ կանգնել իրավիճակը վատթարացնող հետագա քայլերից |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահողը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների առնչությամբ կոչ են անում թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի մամուլի հաղորդագրությունից։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական հարձակման առնչությամբ Իռլանդիայի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Սայմոն Քովենին և ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը մասնավորապես հայտարարել են, որ ռազմական ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է Եվրախորհրդի անդամ պետությունների միջև վեճերը լուծելու հարցում: «Ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին հետ կանգնել ցանկացած հետագա քայլից, որը կարող է վատթարացնել իրավիճակը, հարգել միջազգային համաձայնագրերը և անհապաղ ներգրավվել խաղաղ բանակցություններում: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի անդամ երկու պետություններին կատարել իրենց պարտավորությունները, որոնք ստանձնել են անդամակցության ժամանակ, մասնավորապես՝ հակամարտությունը կարգավորելու խաղաղ ճանապարհով։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել նրանց այդ ջանքերում», - ասված է Քովենիի և Քոքսի համատեղ հայտարարության մեջ:
20:52 - 13 սեպտեմբերի, 2022
ԿԽՄԿ-ն հիշեցնում է ռազմական գործողությունների ժամանակ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման պարտավորության մասին

 |armenpress.am|

ԿԽՄԿ-ն հիշեցնում է ռազմական գործողությունների ժամանակ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման պարտավորության մասին |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին  սեպտեմբերի 13-ից ռազմական գործողությունների սրացման և հարակից հումանիտար հետևանքների առնչությամբ։ Ռազմական գործողությունները վտանգում են սահմանամերձ շրջանների բնակչության կյանքն ու անվտանգությունը՝ խաթարելով կենսական ենթակառուցվածքներին հասանելիությունը։ Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունից «Ռազմական գործողություններ վարելիս անհրաժեշտ է մշտապես ձեռնարկել նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները՝ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման ուղղությամբ։ Դա Ժնևի կոնվենցիաները ստորագրած բոլոր կողմերի պարտավորությունն է», - ասել է ԿԽՄԿ գործառնությունների գծով ղեկավար Մարտին Շյուպը։ - Մենք վերահաստատում ենք ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց աջակցելու մեր հանձնառությունը։ Միևնույն ժամանակ պատրաստ ենք հանդես գալու որպես չեզոք միջնորդ, մասնավորապես՝ այցելել ազատազրկված անձանց, եթե այդպիսիք կան, իսկ կողմերի փոխհամաձայնության և ցանկության դեպքում՝ նաև նպաստել նրանց հայրենադարձմանը։ Բացի այդ, պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների աճյունների որոնման և դուրսբերման հարցում»։ ԿԽՄԿ-ն հիշեցնում է կողմերին քաղաքացիական և ռազմական գործողություններին մասնակցող անձանց տարբերակման անհրաժեշտության մասին։ Կողմերը պետք է անեն ամեն հնարավորը՝ խնայելու քաղաքացիական ենթակառուցվածքներն, այդ թվում՝ առողջապահական հաստատությունները և բուժանձնակազմը։ ԿԽՄԿ-ն նաև գնահատում է առկա հումանիտար իրավիճակը՝ տուժած բնակչության հրատապ կարիքներին արագ արձագանքելու նպատակով։
20:34 - 13 սեպտեմբերի, 2022