Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Հայաստանի և Արցախի խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել

Հայաստանի և Արցախի խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել

Մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն:Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այցի շրջանակում Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը առանձնազրույց է ունեցել ՀՀ Ազգային ժողովի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ:   ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է պատվիրակության այցը և ընդգծել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացման անհրաժեշտությունը Երևանում։«Հայկական հանրապետությունների հարաբերությունների ողջ համատեքստում հանձնաժողովի գործունեությունը առանձնակի կարևորություն ունի»,- նշել է Արարատ Միրզոյանը։Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել Հայաստան-Արցախ կապերի շրջանակում խորհրդարանականների հարաբերությունների առանձնահատուկ դերը, ինչի մասին են վկայում վերջին ամիսներին ՀՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ընդլայնված կազմով այցելությունները Արցախ:«Ամեն մի փոխայցելություն մերձեցնում է թե՛ գործնական, թե՛ ընկերական հարաբերությունները և հիմք հանդիսանում համահայկական օրակարգի հարցերի արդյունավետ լուծումները գտնելու համար։ Կան բոլոր նախադրյալները ՀՀ 7-րդ գումարման ԱԺ հետ հարաբերությունները որակապես նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, և վստահ եմ՝ համատեղ ներուժով կապահովենք դա՝ առկա ռեսուրսները կառուցողական հուն ուղղորդելու և խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը թարմացնելու միջոցով»,- ասել է Աշոտ Ղուլյանը։
09:13 - 15 մայիսի, 2019
Արարատ Միրզոյանը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ քննարկել է երկկողմ օրակարգի խնդիրները

Արարատ Միրզոյանը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ քննարկել է երկկողմ օրակարգի խնդիրները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները եւ ծրագրերի արդյունավետ իրականացման ուղիները: Արարատ Միրզոյանը կարեւորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելությունը Հայաստանում՝ բարձր գնահատելով կառույցի հետ ձեւավորված համագործակցության մակարդակը: Նրա խոսքով՝ ավելի քան քսան տարի Հայաստանում տարբեր ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացված աջակցության ծրագրերը շոշափելի արդյունքներ են գրանցել: ԱԺ նախագահը հիշատակել է արդյունավետ փոխգործակցությունը Հայաստանում անցկացված ընտրությունների, այժմ էլ՝ խորհրդարանին աջակցության ծրագրերի շրջանակում: Օրենսդիր մարմնի ղեկավարը ներկայացրել է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ փոխգործակցության իր տեսլականը, մասնավորապես անդրադարձել Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI), Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եւ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից Հայաստանի Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերին: Այս համատեքստում նա կարեւորել է ծրագրերի կատարումը՝ հիմնված Ազգային ժողովի կողմից իրականացված կարիքների գնահատման վրա: Դեբորա Գրիզերը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը՝ նշելով, որ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերը ճկուն են եւ հնարավորություն են ընձեռում դրանք համապատասխանեցնել ԱԺ-ի կողմից նախանշված կարիքներին: ԱՄՆ Միջազգային գործակալության տնօրենը նաեւ կարեւորել է միջազգային գործընկերների ջանքերի համակարգման հարցում Ազգային ժողովի նախագահի նախաձեռնողականությունն ու առաջնորդությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել երկկողմ օրակարգի խնդիրները եւ այս առումով ինտենսիվացնել կողմերի միջեւ հանդիպումները:
14:42 - 14 մայիսի, 2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Արարատ Միրզոյանն ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ՝ ընդգծելով, որ Երեւանում ԵԽ գրասենյակի հետ համագործակցությունը լավ հիմքերի վրա է դրված: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին. նրա խոսքով՝ գոհացուցիչ է նաեւ երկկողմ օրակարգի դինամիկան: «Մեզ համար չափազանց կարեւոր են թավշյա հեղափոխության վերաբերյալ ԵԽ-ի դրական գնահատականները: Ուրախալի է լսել հայտարարություններ այն մասին, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է բարեփոխումների այս ճանապարհն անցնել հայ ժողովրդի հետ»,-նշել է ԱԺ նախագահը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները, անդրադարձել Հայաստան-ԵԽ գործընկերության 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին: Օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ կարվեն անհրաժեշտ բոլոր քայլերը գործողությունների ծրագրի ամբողջական իրականացման ուղղությամբ: Արարատ Միրզոյանը Նատալյա Վուտովային հրավիրել է մասնակցելու մայիսի 24-ին կայանալիք «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներին: Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարն ընդգծել է ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել մեր երկրում իրականացվող բարեփոխումներին ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին: Հյուրն անդրադարձել է Քրեական եւ Քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների օրենսգրքերում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտությանը եւ այդ բարեփոխումների գործընթացում ընդգծել խորհրդարանի առանցքային դերակատարությունը: Այս համատեքստում նա կարեւորել է Հայաստանի կողմից Ստամբուլի եւ Լանցառոտի կոնվենցիաների վավերացումը: Բացի այդ, Նատալյա Վուտովան Ազգային ժողովի նախագահին է փոխանցել ԵԽ հանձնառությունը փորձագիտական աջակցություն ցուցաբերել անցումային արդարադատության իրականացմանն ուղղված քայլերին: Կողմերը համաձայնել են նաեւ, որ տարբեր ոլորտների օրենսդրության կատարելագործման ուղղությամբ ծրագրավորվող եւ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների հաջող իրականացման հարցում կարեւոր նշանակություն ունեն հանրության իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները:
11:26 - 14 մայիսի, 2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկում է ընդլայնել խմբակցությունների լիազորությունները

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկում է ընդլայնել խմբակցությունների լիազորությունները

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փոփոխություններ է առաջարկում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում՝ փորձելով ընդլայնել խմբակցությունների լիազորությունները։ ԱԺ խոսնակն առաջարկում է օրենքով ամրագրել, որ խմբակցությունն իրավունք ունի օրենքով նախատեսված դեպքերում ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրել։ Առաջարկվում է նաև ամրագրել, որ եթե ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն օրենքով վերապահված է Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը, իսկ Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավել են, ապա Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները ինքնավար մարմնի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված՝ մեկ միասնական թեկնածու: Այն դեպքում, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը: ԱԺ նախագահն առաջարկում է նաև փոփոխություններ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում, երկուսում էլ համապատասխանաբար ամրագրելով, որ դրանք ինքնավար մարմիններ են։ Ըստ այդմ՝ փոփոխություններն ընդունվելու դեպքում խմբակցությունները կարող են առաջադրել թե ՏՄՊՊՀ նախագահի կամ անդամի թափուր տեղում թեկնածու, թե Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր տեղի թեկնածու, և բոլոր այն մարմիններում, որոնք նախատեսված կարգով համարվում են ինքնավար։
07:28 - 11 մայիսի, 2019
Կարեւորվել է հայ-չեխական միջխորհրդարանական կապերի զարգացումը. հանդիպում հանձնաժողովում

Կարեւորվել է հայ-չեխական միջխորհրդարանական կապերի զարգացումը. հանդիպում հանձնաժողովում

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանն ու հանձնաժողովի անդամներն ապրիլի 29-ին հանդիպել են Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի Սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով չեխ խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Աննա Կարապետյանը կարեւորել է երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացումը: Պատգամավորը նշել է, որ վերջին տարիներին երկուստեք գործակցության արդյունքում հայ-չեխական կապերը հասել են բարձր մակարդակի: Հանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է Մարեկ Բենդայի դերը Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման գործում: Կարեւոր է համարվել նաեւ բարեկամական խմբերի փոխայցերը, որոնք նպաստում են միջխորհրդարանական կապերի զարգացմանը, փորձի փոխանակմանը: Աննա Կարապետյանն անդրադարձել է հանձնաժողովի օրենսդրական գործունեությանը: Մարեկ Բենդան հետքրքրվել է թավշյա հեղափոխությունից հետո ընտրական համակարգում, ինչպես նաեւ տնտեսական, քաղաքական, իրավական ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքով, ձեռնարկվող քայլերով: Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխում՝ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, ինչի մասին հայտարարությամբ հանդես է եկել խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը: Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են խոսքի ազատությանը, կարեւորել մեզ մոտ եվրոպական իրավաքաղաքական մշակույթի ներդնումը, ժողովրդավարական կառույցների կատարելագործումը:
10:52 - 29 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանը հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ է տեսնում

Արարատ Միրզոյանը հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ է տեսնում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով դեսպանին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ բարեկամական հարաբերություններ: Դրանց հետագա խորացման ու ընդլայնման առումով Արարատ Միրզոյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների, ինչպես նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ում վերջերս ձեւավորվել է Մերձբալթյան երկրների հետ պատգամավորական բարեկամական խումբը` հույս հայտնելով, որ համանման խումբ կձեւավորվի նաեւ Էստոնիայի օրենսդիր մարմնում: Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար` վստահություն արտահայտելով, որ այն էապես նոր որակ կհաղորդի ինչպես Եվրոպական միության հետ, այնպես էլ Հայաստան-Էստոնիա համագործակցությանը: Արարատ Միրզոյանը խորհրդանշական է համարել, որ Կաի Կաարելսոնի Երեւան ժամանումը համընկել է այն օրերի հետ, երբ հայ ժողովուրդը նշում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության տարելիցը, մի իրողություն, որը ճանաչվել է բազմաթիվ երկրների օրենսդիր մարմինների կողմից: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Էստոնիան եւս կհամալրի այդ երկրների շարքը: Իր հերթին ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, պատգամավորական շփումները, փորձի եւ տեղեկատվական փոխանակումները: Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ կբացի երկու երկրների միջեւ գործակցության համար: Կողմերն անդրադարձել են այն ուղղություններին, որոնք առաջիկայում կարող են լինել համագործակցության օրակարգում` խորհրդարանական կառավարման համակարգի փորձառություն, իշխանության մարմինների գործունեության էլեկտրոնային կառավարման եղանակ, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: «Բազմաթիվ են հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները»,-նշել է Արարատ Միրզոյանը:
13:41 - 25 ապրիլի, 2019
Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ․ Արարատ Միրզոյան

Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ․ Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Դուռը փակեք, մնում ենք բանտում կամ Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ Գուցե տարօրինակ հնչի, բայց ողջ Շարժման ամենահանգիստ կամ երևի ավելի ճիշտ միակ հանգիստ օրն իմ համար Էրեբունիում Ձերբակալվածների Պահման Վայրում գտնված ընթացքն էր։ Երբ ապրիլի 22-ի երեկոյան Շենգավիթից ինձ ու Սասունին բերեցին այստեղ, մի անասելի հանգստություն իջավ վրաս։ Բոլոր զգայարաններս անջատվել էին կարծես։ Մեզնից վերցրեցին գոտիներս և կոշիկներիս կապիչները, մնացածը Շենգավիթում ՀՔԾ քննիչներն էին վերցրել։ Խնդրեցի մի կապիչը երկու կես անել, որ գոնե փոքրիկ կապ կարողանամ անել վերևի անցքերով, որ կարողանամ քայլել։ Համաձայնեցին։ Տարան տարբեր խցեր։ Արդեն հետո պիտի իմանայինք, որ նույն վայրում են Ավինյանը, Արմեն Գրիգորյանը, մյուս ընկերներից շատերը։Պառկեցի։ Երբեմն-երբեմն ջեռուցման խողովակով որոշակի տակտով հարվածներ էին լսվում։ Դժվար էր շփոթել տակտը՝ քայլ արա մերժիր սերժին։ Նույնն էինք պատասխանում։ Չգիտեմ, թե ինչքան անցավ, բայց դուռը բացվեց, և խցիս մյուս տղային կարգադրեցին դուրս գալ, ինչից հետո մի բարձրաստիճան պաշտոնյա ներս մտավ։ Հետագա ժամերի ընթացքում սա կրկնվեց նորից ու նորից ու նորից ու նորից։ Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ գալիս էին տեսակցելու և բանակցելու։ Բոլորին ասում էի՝ գնացեք Սերժին ասեք թող հրաժարական տա՝ ձեզ էլ, երկիրն էլ իր հետ անդունդն է տանում, դրանից հետո կգաք կբանակցենք։ ՄԻՊ Արման Թաթոյանի այցից հետո ինձ մի ռադիոընդունիչ բերեցին։ Վերջապես տեղեկություն ստացա, թե ինչ է կատարվում դրսում։ Նիկոլի տեղն առաջվա պես անհայտ էր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հետ մի քանի տոպրակ սնունդ էր բերել։ Հսկիչներին խնդրեցի մաս-մաս անել և բաժանել բոլոր ձերբակալվածներին։ Առավոտյան նույնը։ Շըխկ-շըխկ, ճըռռ, բարև ձեզ, տղա ջան դու դուրս արի։ Քիչ անց ներս մտավ Կարեն Կարապետյանը։ Երկուսս էլ վառեցինք սիգարետները։ Նույն մեսիջները երկու կողմից։ Խոսակցությունն էլի փակուղի մտավ։ - Հավատում ե՞ս, որ ես Հայաստանի լավն եմ ուզում,- ասեց։- Իհարկե,- պատասխանեցի։ Չէի խաբում։- Դե գնանք բոլորով միասին խոսենք։ Ուղեկցեցին մի այլ խուց։ Նիկոլն էր նստած։ Փաթաթվեցինք, իրար որպիսություն հարցրեցինք։ Պատմեց, որ տարել են Սևան ու անմիջապես հետ բերել Երևան։ Սասունին էլ բերեցին։ Կարեն Կարապետյանը կարգադրեց մեզ սուրճ տալ։ Հասկացա, որ ողջ ընթացքում բանակցել են երեքիս հետ էլ առանձին-առանձին, փորձել են թույլ տեղ գտնել։ Երեքս էլ բոլորին նույնն ենք ասել՝ միայն հրաժարական։ Նիկոլն էլ վերջում ասել էր, որ մեզ էլ կանչեն, որ միասին պայմանները քննարկենք։ Փոխանցեց աշնանը Ֆրանկոֆոնիայից հետո հրաժարական տալու պատրաստակամությունը։ Բնականաբար ժպիտով մերժեցինք։ Գնաց, խոսեց, եկավ, կարծեմ ինչ-որ մայիսոտ-հունիսոտ մի օր առաջարկեց։ Ասեցինք՝ բացառվում է։ Գնաց, խոսեց, եկավ, առաջարկեց ապրիլի 25-ը։ Խնդրեցինք մենակ թողնել մեզ։ Խոսեցինք, միաձայն ու միակամ որոշեցինք, փոխանցեցինք՝ չէ։ Կատակեցի՝ մենք մնում ենք բանտում, դուռը փակեք։ Առաջարկեց նույն օրը՝ ապրիլի 23-ի ուշ երեկոն։ Ասեցինք՝ չէ։ Մեկ-երկու ժամվա մեջ,- ասեց Նիկոլը։ Կարեն Կարապետյանը գնաց, խոսեց, եկավ, ասեց՝ պայմանավորվեցինք, երկու ժամվա մեջ կլինի։ - Դե միասին գնանք Հրապարակ,- ասեց։ Նորից մենակ մնացինք։ Որոշեցինք մերժել։ Պայմանավորվեցինք իր հետ լուսանկարվել ելքի մոտ։ Գնացինք լվացվելու և հարդարվելու։ Դուրս եկանք։ Տիգրան Մեծ պողոտայի կեսերից ստիպված եղանք մեքենայից իջնել ու ոտքով շարունակել։ Մարդիկ մեզ գրկում, համբուրում, օդ էին թռցնում։ Համատարած ցնծություն էր։ Ինքս հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել։ Անգամ մինչև հիմա։ Միայն գիտեմ, որ ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ»։    
11:33 - 23 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանը՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ընդունած նախագծի մասին. «Որպես ԱԺ նախագահ ՍԴ կայացրած վճիռը չեմ վիճարկում» |hetq.am|

Արարատ Միրզոյանը՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ընդունած նախագծի մասին. «Որպես ԱԺ նախագահ ՍԴ կայացրած վճիռը չեմ վիճարկում» |hetq.am|

hetq.am: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ որպես քաղաքական գործիչ, կարող է որոշակի վերաբերմունք ունենալ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ, բայց որպես ԱԺ խոսնակ՝ չի կարող վիճարկել այն։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով մեր այն հարցին, թե ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ անելու նախագիծը, որն, իշխող ուժի վստահեցմամբ, հակասահմանադրական և հակահեղափոխական նախագիծ էր, ստացվում է՝ իշխանության համար սկզբունքի հարց էր այդ նախագծի ընդունումից հետո խորհրդարանի արձակումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ «Համաձայն չեմ այն դիտարկման հետ, որ այդ նախագծի շնորհիվ կարողացանք արձակել խորհրդարանը, որովհետև դեռ հեղափոխության օրերին հայտարարված էր, որ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կառավարությունն էլ ձևավորվելուց հետո ասել էր, որ մեկ տարվա ընթացքում պետք է լինեն արտահերթ ընտրություններ, ինչը և եղավ։ Այդ նախագիծը մեր քաղաքական ուժի վրդովմունքը առաջացրել էր, և քաղաքացիներն էին դուրս եկել, մտել ԱԺ բակ»,- ասաց Միրզոյանը։ ԱԺ խոսնակի վստահեցմամբ՝ ՍԴ-ն հենց դրանով է ՍԴ, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կայացնի որոշումներ։ «ՍԴ-ն կայացրել է վճիռը, ես՝ որպես քաղաքական գործիչ, դրա հետ կապված կարող եմ ունենալ վերաբերմունք, համարել լավ կամ վատ, բայց որպես ԱԺ նախագահ՝ ՍԴ կայացրած վճիռը չեմ վիճարկում»,- ասաց նա։ Ճշտող հարցին՝ փաստորեն ՀՀԿ-ն ճիշտ էր, դուք սխա՞լ, Միրզոյանն ասաց, որ իր ասածից նման հետևություն չէր անի, իր ասածն այն է, որ վճիռն իրեն կարող է դուր գալ կամ չգալ, բայց դա ՍԴ-ի վճիռ է։
09:12 - 22 ապրիլի, 2019
ԱՊՀ ՄԽՎ-ն արդյունավետ հարթակ է անդամ երկրների խորհրդարանների համագործակցության զարգացման համար. Արարատ Միրզոյան

ԱՊՀ ՄԽՎ-ն արդյունավետ հարթակ է անդամ երկրների խորհրդարանների համագործակցության զարգացման համար. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին: ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունները քննարկել եւ հաստատել են նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք մոդելային օրենքների եւ օրենսգրքերի նախագծեր: ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսական հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը` որպես հիմնական զեկուցող, վեհաժողովի հաստատմանն է ներկայացրել Հարկային վարչարարության մասին, Ներքին ջրային տրանսպորտին եւ գնագոյացմանն առնչվող մոդելային օրենքների նախագծերը: Լիագումար նիստի ավարտին Ազգային ժողովի նախագահը մասնակցել է անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսին: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջին անգամ է մասնակցում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին եւ կարող է վստահորեն համոզմունք հայտնել, որ գոհ է նիստի աշխատանքներից: Ըստ խորհրդարանի ղեկավարի` ԱՊՀ ՄԽՎ-ն շատ արդյունավետ հարթակ է անդամ երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման համար, մի հարթակ, որտեղ կարելի է քննարկել եւ որոշումներ կայացնել քաղաքական, հումանիտար, տնտեսական եւ այլ հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ հայ պատգամավորներն ակտիվ մասնակցություն են ունենում ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներին եւ իրենց ներդրումն են բերում կառույցի զարգացմանը, մասնավորապես մոդելային օրենսդրության մշակման գործընթացին: Անդամ պետություններում տեղի ունեցող ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ ՄԽՎ առաքելությունների աշխատանքին վերաբերող հարցին ի պատասխան` Արարատ Միրզոյանը նշել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկվել են մեծաթիվ միջազգային հեղինակավոր դիտորդական առաքելությունների կողմից եւ գնահատվել լիակատար ազատ, արդար եւ թափանցիկ: Ըստ օրենսդիր մարմնի ղեկավարի` միջազգային դիտորդական առաքելությունների թվում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խումբը կատարել է շատ գնահատելի ու կարեւոր աշխատանք: Արարատ Միրզոյանի խոսքով` անդամ պետություններն իրենց ուշադրության կենտրոնում պետք է պահեն գործընկեր պետություններում տեղի ունեցող ընտրական գործընթացները:
18:09 - 19 ապրիլի, 2019
ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների

ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում են եղել թե՛ դեմոկրատներ, թե՛ հանրապետականներ: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել միջխորհրդարանական կապերի դերն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների մակարդակներով, արժեւորել խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությունը: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ կոնգրեսականների ներկա այցը, ինչպես նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունն իրենց նպաստը կունենան հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: ԱԺ նախագահն ամերիկացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները, դրանց հաջորդած տարբեր ոլորտներին առընչվող ընդգրկուն բարեփոխումները: «Արտահերթ ընտրությունները, որոնք անցկացվեցին հեղափոխության արդյունքում` ամենանախանձախնդիր դիտորդական առաքելությունների կողմից գնահատվեցին որպես ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավար»,-նշել է Արարատ Միրզոյանը` ընդգծելով, որ զարգացման ժողովրդավարական ուղին, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանությանունն այլեւս անշրջելի են: Այս համատեքստում նա նշել է, որ հայաստանյան երիտասարդ ժողովրդավարությունն ունի միջազգային բոլոր այն ուժերի ու կառույցների աջակցությունը, որոնց համար թանկ են ժողովրդավարական արժեքները: Ազգային ժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք առկա են խորհրդարանական կառավարման համակարգին անցած երկրի օրենսդիր մարմնի օրակարգում` օրենսդրական դաշտի կատարելագործում, վերահսկողական գործառույթի իրականացում, ընտրական համակարգի բարեփոխում, խորհրդարանի կորողությունների հզորացում, անկախ փորձագիտական, վերլուծական հմտությունների զարգացում: Դրանց կյանքի կոչման համար Արարատ Միրզոյանն ընդգծել է փորձի փոխանակման, փոխայցերի, միջխորհրդարանական գործակցության այլ ձեւաչափերի դերը: Անդրադառնալով մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգին` խորհրդարանի ղեկավարը կոնգրեսականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի` բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում լուծելու Հայաստանի դիրքորոշումը: Նա կոնգրեսականների ուշադրությունը հրավիրել է ԱՄՆ կողմից ԼՂ-ին ցուցաբերվող ֆինանսական աջակցությանը, ինչպես նաեւ այն գործողություններին օժանդակմանը, որոնք կոչված են նպաստելու խաղաղ բանակցային գործընթացի առաջխաղացմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ ներկայացնելով պատվիրկությանը, որի կազմում ընդգրկված կոնդրեսականները Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամներ են, ԺԳՀ համանախագահ Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ, Հս. Կարոլինա) նշել է, որ իրենք հետեւել են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ ողջունում են իրականացվող ժողովրդավարական ու բարեփոխումների գործընթացները: Նա իր գործընկերների անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք կներկայացվեն հայ գործընկերների կողմից: ԺԳՀ մյուս համանախագահը` Վերն Բուքանանը (հանրապետական, Ֆլորիդա), նշել է, որ ներկայում ստեղծված են նպաստավոր պայմաններ երկկողմ հարաբերությունների առավել խորացման ու ընդլայնման համար: Այս համատեքստում նա արժեւորել է ամերիկահայ համայնքի դերակատարությունը, ովքեր, նրա խոսքով, զգալի ներդրում ունեն ԱՄՆ կյանքի ամենատարբեր ոլորտներում: Կոնգրեսականն առանձնակի ընդգծել է տնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ներդրումային արդյունավետ քաղաքականության իրականացումը: Հայ պատգամավորներին իրենց հետքրքրող հարցերն են ուղղել կոնգրեսականներ Մայքլ Քոնավեյը (հանրապետական, Տեխաս), Գերրի Քոնոլին (դեմոկրատ, Վիրջինիա), Ադրիան Սմիթը (հանրապետական, Նեբրասկա), Բարբարա Լին (դեմոկրատ, Կալիֆորնիա) եւ Թերրի Սյուելը (դեմոկրատ, Ալաբամա): Հանգամանալի անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտությանը, ժողովրդավարական գործընթացներին, ընտրական համակարգին, տնտեսական բարեփոխումներին, ներդրումային քաղաքականությանը, փախստականների ու կանանց հիմնախնդիրներին եւ այլ ոլորտներին վերաբերող հարցերին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Մխիթար Հայրապետյանը, Բաբկեն Թունյանը, Մանե Թանդիլյանը:          
17:31 - 17 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին՝ շնորհակալություն հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար․ «Հարգելի պարոն նախագահ, Թույլ տվեք ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար: Վստահ եմ, որ Պատգամավորների պալատի այդ քայլն իր կարեւոր նպաստը կունենա մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում: Իտալիայի Պատգամավորների պալատը եւս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային այն բարձր արժեքներին, որոնք դավանում է Իտալիսյի ժողովուրդը: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»:
14:13 - 13 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության նախագահին ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանյան փոփոխությունները

Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության նախագահին ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանյան փոփոխությունները

Դոհայում ընթացող Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է կազմակերպության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ:Քննարկման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրված զարգացումները: Օրենսդիր մարմնի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոր գումարման Ազգային ժողովը ակտիվորեն ներգրավվելու է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, մասնավորապես Միջխորհրդարանական միության աշխատանքներին: Կողմերը քննարկել են առավել սերտ համագործակցության օրակարգի ձեւավորման հարցը, որը կարող է ներառել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների, խորհրդարանների ինստիտուցիոնալ զարգացման եւ համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:
11:21 - 10 ապրիլի, 2019