Արարատ Միրզոյանի տեղեկություններով Քիշնևում Ալիևը առարկություն չի հայտնել 1975թ․ քարտեզի վերաբերյալ
12:25 - 05 հունիսի, 2023

Արարատ Միրզոյանի տեղեկություններով Քիշնևում Ալիևը առարկություն չի հայտնել 1975թ․ քարտեզի վերաբերյալ

Դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա՝ որ քարտեզով պետք է իրականացվեն դելիմիտացիայի, սահմանազատման աշխատանքները, բայց կա պարտավորություն և հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել Ալմաթիի հռչակագրին համահունչ։ Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ պատասխանելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։

«Պրահայում սրա շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Որքանով ինձ հայտնի է, Քիշնևում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահը առարկություն չի հայտնել 1975թ․ քարտեզի վերաբերյալ։ Խոսքը այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում ու պատրաստակամություն կա շարունակելու աշխատանքները ողջ միջազգային հանրության և ՀՀ-ի կողմից։ Մենք կարծում ենք՝ 1975թ․-ի քարտեզով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և էդ հիմքով սկսել դելիմիտացիայի աշխատանքները ընդունելի լուծում է Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց Միրզոյանը։

Ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց, որ բնական է, որ Ալիևը կողմ պետք է լինի, քանի որ դա ձեռնտու է Ադրբեջանին։

Միրզոյանն էլ ասաց, որ ինչքանով ինքը հասկացավ, ընդդիմադիրը կարծում է, որ սահմանազատումը չի բխում ՀՀ շահերից։ Նրա խոսքով Ադրբեջանը, շարունակաբար ներխուժելով ՀՀ տարածք, որոշ դեպքերում փորձում է դա մեկնաբանել սահմանազատման բացակայությամբ, մյուս կողմից ՌԴ-ն էր շատ համառորեն խորհուրդ տալիս շուտ սկսել սահմանազատումը, ինչպես նաև միջազգային ողջ հանրությունը։ 

Միրզոյանի խոսքով այս համատեքստում հենց ՀՀ շահերից է բխում սահմանազատում իրականացնելը։

«Առնվազն հստակեցնել քարտեզները, որոնց հիմքով պետք է լինեն աշխատանքները։ Ինչ վերաբերում է կոնկրետ քարտեզի՝ Ադրբեջանի շահերից բխելուն։ Մենք էստեղ կարող են առաջնորդվել հետևյալով, և սա է, որ մենք խորհուրդ ենք տալիս Ադրբեջանի գործընկերներին․ սահմանազատման հիմք պետք է լինեն աչ թե փաստաթղթեր, քարտեզներ, որոնք ձեռնտու են այս կողմին, այն կողմին կամ որևէ երրորդ կողմին, այլ նրանք, որոնք իրավական հիմքի առումով հնարավորինս ամենաանխոցելին են։ Եթե դա 75թ․ քարտեզն է, ուրեմն՝ 75թ․ քարտեզն է, որովհետև հակառակ պարագայում բոլոր կողմերը ունեն իրենց պատկերացումներն իրենց ձեռնտու քարտեզներ մասին՝ այդ թվում նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս Ադրբեջանը իրեն համարում է մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը, որը բոլորովին այլ պատկերացումներ ուներ իր սահմանների մասին»,- պատասխանեց Միրզոյանը։

Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանը մինչ այս առարկել է 1975թ․ քարտեզով սահմանազատում սկսելու գործընթացը, բայց Ալիևը վերջին հանդիպման ժամանակ ասել է, որ դեմ չէ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ «Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք»՝ նշելով՝ Պրահայի և Սոչիի հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել