«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Ընդդիմությունը բոյկոտեց նախագահի ընտրության նիստը |hetq.am|

Ընդդիմությունը բոյկոտեց նախագահի ընտրության նիստը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է հանրապետության նախագահի ընտրության հարցը: Քննարկումն անցնում է առանց ընդդիմության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նիստի սկզբում լքեցին դահլիճը: «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: Խաչատուրյանն այժմ անկուսակցական է: Նախկինում «Հայ ազգային կոնգրեսի» վարչության անդամ էր: «Իր անցած ճանապարհով ապացուցել է, որ կարող է և արժանի է զբաղեցնելու նախագահի բարձր պաշտոնը: Իր քաղաքական խոհեմությամբ ու լայնախոհությամբ Վահագն Խաչատուրյանը միանշանակ կարող է այս կարևոր առաքելությունը նման պատմական ժամանակներում իրագործել: Եւ ահա այս հիմքերն են հանդիսացել պատճառ, որ ՔՊ-ն առաջադրել է Խաչատուրյանի թեկնածությունը»,-ասաց պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Նրա խոսքով` քաղաքական մեծամասնության պատգամավորները միաձայն ընտրելու են Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում:
11:11 - 02 մարտի, 2022
Խաչատուր Սուքիասյանը մաքսային տերմինալ չի կառուցում․ խոսնակը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները |armtimes.com|

Խաչատուր Սուքիասյանը մաքսային տերմինալ չի կառուցում․ խոսնակը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները |armtimes.com|

armtimes.com: «Խաչատուր Սուքիասյանը որևէ մաքսային տերմինալ չի կառուցում, տեղեկությունը սուտ է։ Մենք սովոր ենք, որ ամեն անգամ շահարկում են Խաչատուր Սուքիասյանի անունը»: Այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե Մեղրիում Սուքիասյանը նոր տերմինալ է կառուցվում:  Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկատվություն, թե Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի ընտանիքին պատկանող Մեղրիի մաքսային «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ի փակվելուց հետո այնտեղ Խաչատուր Սուքիասյանը նոր տերմինալ է կառուցվում:
13:44 - 16 փետրվարի, 2022
Թուրքիայի նպատակն է ոչնչացնել քուրդ ժողովրդին. բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց |armenpress.am|

Թուրքիայի նպատակն է ոչնչացնել քուրդ ժողովրդին. բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները  բողոքի ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց` պահանջելով ՄԱԿ-ին հատուկ նիստ հրավիրել քննարկելու Քուրդիստանի աշխատավորական կուսակցության համահիմնադիր, քաղբանտարկյալ Աբդուլլահ Օջալանի ազատ արձակելու հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ իրենց առաջնորդը Թուրքիայի Իմրալի բանտում 23 տարի է ենթարկվում է խոշտանգումների, սակայն միջազգային հանրությունը լուռ դիտորդի դեր է ստանձնել: «Թուրքական իշխանությունը ցույց է տալիս, որ իրենց նպատակն է ոչնչացնել և քրդական առաջնորդին, և քուրդ ժողովրդին: Թուրքիայում ապրող 25 միլիոն քրդերին մինչև այսօր Սահմանադրությամբ չեն ճանաչում որպես ազգ, լեզուն չեն ճանաչում: Մեր երեխաները այդ տարածքում կրթություն չեն ստանում և ենթարկվում են ճնշումների: Արդեն 12 տարի է՝ Թուրքիայի հովանու ներքո իսլամական խմբավորումները Սիրիայի 4-5 միլիոն քրդերի ենթարկում են ցեղասպանության: Թուրքական իշխանությունները արդեն զավթել են Ռոջավայի 3-4 քաղաք և ժողովրդին հանել են իրենց բնակավայրից: Սա ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունները անում են ամեն ինչ վերացնելու և ձուլելու քուրդ ժողովրդին»,- ընդգծեց Հասանովը: Հասանովը կոչ է անում միջազգային հանրությանը Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ հատուկ միջոցներ ձեռնարկել: «Այդ քայլերը պետք է անեն նախևառաջ գերտերությունները, բայց, ցավոք, այսօր յուրաքանչյուր գերտերություն ունի իր շահերը և, ելնելով դրանից, անտեսում են և քրդերին, և հայերին, և բոլոր ճնշված ժողովուրդների իրավունքները»,- ընդգծեց Հասանովը: Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցեցին նամակ, որում ներկայացված են իրենց պահանջները միջազգային հանրությանը:
15:07 - 15 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանի խորհրդականը` ԿԲ խորհրդի անդամի թեկնածու |hetq.am|

Ալեն Սիմոնյանի խորհրդականը` ԿԲ խորհրդի անդամի թեկնածու |hetq.am|

hetq.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Ալեն Սիմոնյանի խորհրդական Լևոն Սահակյանի թեկնածությունը: Սահակյանի թեկնածությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Լևոն Սահակյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունի, դոցենտ է: 2019 թվականից աշխատում է խորհրդարանում` նախ որպես պատգամավորի օգնական, ապա աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, այժմ ԱԺ նախագահի խորհրդականն է: Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՔՊ-ին` իր թեկնածությունն առաջադրելու համար` համոզմումք հայտնելով, որ մասնագիտական փորձառությունը կարող է լավագույնս իրացնել ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում: Սահակյանի թեկնածությունը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
16:11 - 14 փետրվարի, 2022
Միայն ՔՊ-ից պիտի լինես, որ Թուրքիայից եկող դրական ազդակներ նկատես, սարսափում եմ ինչ է լինելու վերջում․ Հայկ Մամիջանյան |tert.am|

Միայն ՔՊ-ից պիտի լինես, որ Թուրքիայից եկող դրական ազդակներ նկատես, սարսափում եմ ինչ է լինելու վերջում․ Հայկ Մամիջանյան |tert.am|

tert.am: Միայն ՔՊ-ից պետք է լինես, որ նկատես Թուրքիայից եկող դրական ազդակներ, փորձը ցույց է տալիս, որ երբ Նիկոլ Փաշինյանը որևէ երկրից դրական ազդակ է տեսնում, հողային, մարդկային շատ լուրջ կորուստներ ենք ունենում այդ երկրի հետ հարաբերություններում: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։Պատգամավորը հավելեց, որ ինքը Թուրքիայից դրական ազդակներ չի տեսել, հակառակը՝ Թուրքիայի կողմից հնչում են հայտարարություններ՝ ընդհուպ մինչև Զանգեզուրի միջանցքային տրամաբանության մասին: «Սարսափում եմ պատկերացնել, թե ինչ է լինելու այս ազդակաների վերջում»,-ասաց նա:Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ  հայտարարություններին, ապա պատգամավորն ասաց, որ միայն խենթերը խաղաղություն կարող են չցանկանալ, բայց խաղաղությունն ունի արժեք: Շարունակությունը՝ tert.am-ում
13:37 - 10 փետրվարի, 2022
Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է փոխանցել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին |armenpress.am|

Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է փոխանցել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է վերադարձել Արցախյան առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին, առաջիկա օրերին կփոխանցի ևս 2 մարմին: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին անդրադառնալով ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ օրերս Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հեռավար հանդիպումը: Նա խնդրեց տեղեկացնել, թե արդյոք այդ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ գերիների և անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ: ՀՀ վարչապետը պատասխանեց, որ, բնականաբար, քննարկվող կարևոր հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը՝ հիշեցնելով, որ այդ հանդիպումից հետո 8 հայ գերի վերադարձել է Հայաստան: Փաշինյանն իր գնահատանքի խոսքը հնչեցրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի գործադրած ջանքերի առիթով: «Մենք խոսել ենք նաև առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի և 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրի մասին: Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորած: Ուզում եմ ընդգծել, որ սակայն հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական թվերով 777 անհետ կորած ունենք: Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այդ հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել: Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 1 տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին: Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մինչև այժմ ՀՀ-ն չի հրապարակել, որ այդքան մարմիններ է վերադարձրել, քանի որ համարում է, որ դա հումանիտար հարց է, միջազգային դիվիդենտներ հավաքելու հարց չկա: Հայկական կողմը 108 մարմինները վերադարձրել է առանց նախապայմանների: «Որովհետև մենք ճիշտ չենք համարում, որ դա դառնա ինչ-որ սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն: Նույնպես վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների հետ՝ վերադարձնելով առանց պայմանի, որ դա չդառնա սակարկության առարկա: Որովհետև մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը վստահեցրեց, որ այս թեմայով Հայաստանն աշխատանքը սկսել է դեռևս 2020-ի մեկնարկին, երբ Անվտանգության խորհրդի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ քննարկել են, և ինքը հանձնարարականներ է տվել, որ այդ հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն: «Եվ մենք ակնկալում ենք, որ ոչ միայն ղարաբաղյան 1-ին պատերազմի, այլ նաև 44-օրյա պատերազմի մեր անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում նույնպես մեզ կհաջողվի համագործակցություն հաստատել: Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք գտնվելու վայրը անհայտ 217 անձ: Եվ այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով համագործակցել»,-ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ադրբեջանական կողմն էլ կոնկրետ քայլեր կանի այդ հարցում: Նա հիշեցրեց ԵԽԽՎ-ի հստակ դիրքորոշումը, որ գերեվարված անձինք պետք է վերադարձվեն:
17:34 - 09 փետրվարի, 2022
Փաշինյանը դարձյալ ներկայացրեց՝ ինչ է հայելային հետքաշումը |1lurer.am|

Փաշինյանը դարձյալ ներկայացրեց՝ ինչ է հայելային հետքաշումը |1lurer.am|

1lurer.am: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման համար հայկական կողմը հանդես է եկել զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչ է նշանակում «հայելային հետքաշում»: «Տեղյակ եք, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրված է ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ կողմից, արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ, և գործը տանել դեպի դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում: Այս առումով քանի որ շահագրգռված ենք և պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, առաջարկ ենք արել, և մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն: Դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների, և արդյունքում պետք է հընթացս տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով»,- ասաց Փաշինյանը: Արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի՞ պետական սահման: Փաշինյանի խոսքով՝ այս հարցի պատասխանը միանշանակ դրական է, քանի որ դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել: «1991 թվականի Անկախ պետությունների համագործակցության կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են: Հետևաբար, մենք կարծում ենք, որ այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հայկական կողմը պատրաստ է լսել նաև այլ առաջարկներ: «Մեր խնդիրն է, որ միջազգային հանրությունը, հայ հանրությունը տեղեկանան, թե ինչի մասին է խոսքը, քանի որ այս թեմայով կան բազմաթիվ անհիմն շահարկումներ այն մասին, որ գյուղեր անպաշտպան են մնալու և այլն: Չկա նման բան: Բայց պետք է նաև խոստովանել, որ այդ առաջարկը, որ անում ենք, այնպես չէ, որ 100 տոկոսով համապատասխանում է կամ կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ Ադրբեջանի համար»,- ասաց Փաշինյանը: Վարչապետն արձանագրեց, որ սա չի կանխորոշում հետագա դեմարկացիայի արդյունքները: Դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա:
17:19 - 09 փետրվարի, 2022
Ուզում եմ հարցնել միջազգային գործընկերներին` ո՞ւմ են նրանք ուղղում 2,1 միլիարդ դոլարը․ Սոնա Ղազարյան |hetq.am|

Ուզում եմ հարցնել միջազգային գործընկերներին` ո՞ւմ են նրանք ուղղում 2,1 միլիարդ դոլարը․ Սոնա Ղազարյան |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձավ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը և մասնավորապես Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությանը` հայկական մշակութային ժառանգության հետքերը մաքրելու վերաբերյալ: «Ուզում եմ միջազգային հանրությանը դիմել և ասել, որ Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021-ի դեկտեմբերի 7-ին ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը: Ինչպես նաև հիշեցնեմ, որ 2,1 միլիարդ դոլար է ուղղվում մի երկրի, որը ոչ միայն աչքի է ընկնում ավտորիտար ռեժիմով, այլև հարևանների հանդեպ վարվող վանդալիզմի և պատմամշակութային հուշարձաններն ավիրելու քաղաքականությամբ»,-ասաց նա: Ղազարյանը նշեց, որ ԵԽԽՎ-ում նույնպես ընդունվել են բանաձևեր, որտեղ խոսվում է հայկական պատմամշակութային հուշարձանները կեղծ ալբանական հուշարձաններով փոխարինելու փորձի մասին: Պատգամավորը հիշեցրեց արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու երկու անգամ ռմբակոծվելը` ասելով, որ դա պատականություն չի եղել: «Ինչպես նշում է ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչը, դա հստակ մարտավարություն է հայկական հետքերը մաքրելու: Եւ ես ուզում եմ հարցնել մեր միջազգային գործընկերներին` ում են նրանք ուղղում այդ միլիարդները և ինչ նպատակներով են դրանք օգտագործվելու»,-ասաց պատգամավորը:
15:25 - 08 փետրվարի, 2022
Պապոյանն առաջարկում է նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը քննարկել 2023 թվականի բյուջեի համատեքստում |armenpress.am|

Պապոյանն առաջարկում է նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը քննարկել 2023 թվականի բյուջեի համատեքստում |armenpress.am|

armenpress.am: 68 հազար դրամ ամսական նվազագույն ամսական աշխատավարձը երազանքի թիվը չէ, բայց պետք է հաշտվել որոշակի իրողությունների հետ։ Ազգային ժողովում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: «Այդ իրողություններից մեկը նա է, որ մեր նախընտրական խոստման մեջ նշել ենք, որ նվազագույն աշխատավարձը դարձնելու ենք 85 հազար դրամ մինչև մեր ժամկետի ավարտը, բայց դա նվազագույնի մասին է խոսքը։ Բնականաբար, տնտեսական լավ ցուցանիշների առկայության պարագայում շատ ավելի արագ է աճելու նվազագույն աշխատավարձը»,- ասաց Պապոյանը։ Պատգամավորը առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման հարցը քննարկել 2023 թվականի պետական բյուջեի համատեքստում։ «Բյուջեի քննարկման ընթացքում զուգահեռ կհասկանանք, թե ինչպիսի ֆինանսական միջոցներ ունենք, կարող է և շատ ավելին կամ քիչ կարողանանք բարձրացնել նվազագույն աշխատավարձը, քան նախագծում է նշված։ Կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ ավելի ճիշտ է: Հաջորդը՝ սկզբից առաջարկում եք 100 հազար դրամ, հետո համաձայնվում եք իջեցնել  85-80 հազար դրամ։ Սա նշանակում է, որ թվային խորքային վերլուծություն չկա։ Եթե այդպես էր՝ առաջարկեիք 200 հազար դրամ բարձրացնել։ Շատ ավելի ճիշտ կլինի այս հարցի քննարկումը տեղափոխել բյուջեի հարցի համատեքստ, և, ըստ այդմ, շարժվենք առաջ»,- եզրափակեց Պապոյանը։
12:49 - 08 փետրվարի, 2022
ՔՊ-ն ծավալուն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին Սերժ Սարգսյանի հարցազրույցին

ՔՊ-ն ծավալուն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին Սերժ Սարգսյանի հարցազրույցին

 ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ անդրադարձել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցազրույցին։ Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ։ «1. 2022 թվականի հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը ասում է, որ միայն փաստաթուղթ կարդալով հնարավոր չէ տիրապետել բանակցային բովանդակությանը: Նույն հարցազրույցում ասում է, որ ոչ մի բանավոր պայմանավորվածություն իր պաշտոնավարման ընթացքում չի եղել: Եթե բանավոր պայմանավորվածություններ չեն եղել, ուրեմն միայն փաստաթղթեր կարդալով հնարավոր է տիրապետել ողջ բանակցային բովանդակությանը: Ի դեպ, փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ ոչ միայն համանախագահների առաջարկությունները, այլև երկկողմ մակարդակներով տեղի ունեցած նամակագրությունները, արձանագրությունները: Եթե միայն փաստաթղթերով հնարավոր չէ տիրապետել բանակցային գործընթացին, ուրեմն եղել են նաև բանավոր պայմանավորվածություններ: Բանակցային բովանդակության մասին գաղափար կազմելու համար ամենևին էլ երկրորդական չեն հրապարակային արված հայտարարությունները, որոնցից երեքին կանդրադառնամ և որոնք փաստաթղթերի հետ փոխկապակցվածության մեջ ամբողջություն են ձևավորում: Սերժ Սարգսյանն ասում է, որ ԼՂ հարցի կարգավորման 2016-ի առաջարկությունները համանախագահների կողմից ներկայացվել են ապրիլյան պատերազմից հետո: Սա իրականությանը չի համապատասխանում և այս դրվագը ունի սկզբունքային նշանակություն: Այս է պատճառը, որ Սերժ Սարգսյանը չի ընդունում, որ առաջարկություն եղել է նաև ապրիլյան պատերազմից առաջ, մասնավորապես՝ 2016 թվականի հունվարին: Եթե Սարգսյանը ընդուներ այս փաստը, պիտի ընդուներ նաև, որ 2016 թվականի հունվարին համանախագահների ներկայացրած առաջարկը Հայաստանի կողմից մերժելն է եղել ապրիլյան պատերազմի պատճառը: Այս դրվագը, պարզաբանում է նաև ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական գնահատականի հարցը: Վարչապետ Փաշինյանը արդեն նշել է, որ 2016թ. ապրիլից առաջ և հետո ներկայացված երեք առաջարկներում բացակայել է «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը: Բայց փաստաթղթում տեղի է ունեցել նաև շատ էական այլ փոփոխություններ՝ այդ թվում վերնագրային փոփոխություն: Եթե Կազանի փաստաթուղթը վերնագրված էր «Լեռնային Ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքները», 2016 թվականի հունվարին ներկայացված փաստաթուղթը կոչվում էր «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի մասին», երկրորդ փաստաթուղթը «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղյան կարգավորման մասին», երրորդ փաստաթուղթը «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին»: Այս վերնագիրն ինքնին ցույց է տալիս, որ 2016 թվականին ԼՂ հարցի կարգավորումը վերստին թևակոխել է փուլային բանաձևերի տիրույթ, մինչդեռ 2022 թվականի հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը փորձ է անում ներկայացնել, թե իր կողմից բանակցված թղթերը փաթեթային լուծում են ենթադրել. «Բայց հենց դրա համար եմ ասում, որ խնդրի կարգավորման միակ տարբերակը փաթեթային լուծումն է»,- ասում է նա հարցազրույցում, այսպիսով փորձելով հետահայաց արդարացնել 1998 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափախությունը, երբ Տեր-Պետրոսյանը «փուլային» տարբերակի կողմնակից էր, ինքը և Ռ. Քոչարյանը «փաթեթային»: Իսկ 2016 թվականի իրադարձությունների վերը նշված ժամանակագրությունը կարևոր է հասկանալու համար, թե ինչպես է գործարկվել ռազմական ուժի (սպառնալիքի) կիրառմամբ բանակցային բովանդակություն պարտադրելու մեխանիզմը: Բանակցություններում հայտնվել է կողմ, որը կարող է ասել «ոչ» և սպառնալ հարցը լուծել ռազմական ճանապարհով: Սա երևում է Կազանից-ապրիլյան պատերազմ ընկած ժամանակահատվածի վերլուծությունից: 2011 թվականին Կազանում Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել համաձայնեցված փաստաթուղթը, որից հետո սկսեց ծավալել ռազմական էսկալացիա: 2015 թվականի աննախադեպ ռազմական էսկալացիայից հետո 2016 թվականի հունվարին միջնորդների կողմից ներկայացվում է արդեն վերը նշված հունվարյան առաջարկը: Հայկական կողմը կտրուկ նեգատիվ վերաբերմունք է արտահայտում դրան, որին հաջորդում է ապրիլյան պատերազմը, որից հետո կրկին ներկայացվում են հունվարյան տրամաբանությանը համապատասխանող և հետո ավելի վատ առաջարկներ: Այս նախադեպից հետո Ադրբեջանն արդեն ավելի համակարգային առաջնորդվում է «ընդունեք իմ պահանջները, հակառակ դեպքում հարցը պատերազմով կլուծեմ» քաղաքականությամբ: Սերժ Սարգսյանը ասում է, որ բանակցային գործընթացում միշտ էլ եղել է ըմբռնում, որ հարցի կարգավորումը պետք է անցնի ՄԱԿ-ի ԱԽ-ով: Ճիշտ է ասում: Բայց ի տարբերություն 2016-ի օգոստոսի առաջարկի նախկին բոլոր փաստաթղթերում ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է հաստատեր Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Հռչակագիրը և ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման որոշում պիտի կայացներ: Ուրիշ ոչինչ: 2016 թվականի փաթեթով, արդեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ կարգավիճակը պիտի որոշեր և ԼՂ ներքին կյանքի կազմակերպման խնդիրներ պիտի լուծեր: Նման բան նախկինում երբեք չի եղել: Իսկ ԼՂ կարգավիճակը որոշելիս ՄԱԿ-ի ԱԽ-ն չէր կարող չհենվել իր իսկ ընդունած բանաձևերի վրա: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ի նախկինում այս թեմայով ընդունված բանաձևերի դրույթները կանխատեսելի են դարձնում, թե ինչ որոշում պիտի կայացներ: Պիտի արձանագրեր ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի կազմում և պիտի արձանագրեր ԼՂ ադրբեջանցիների իրավունքների իրացման՝ վերադարձի և ԼՂ իշխանության մարմիններում ընդգրկվելու մեխանիզմներ: Բանակցային գործընթացում առաջին անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ն ԼՂ հարցով նախկինում իր ընդունած բանաձևերն ի կատար ածելու հնարավորություն է ստանում՝ կանխատեսելի ելքով: Նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանը պնդում է, թե մինչև ԼՂ-ում իշխանության հարցը չլուծվեր, ադրբեջանցիները Ղարաբաղ չպիտի վերադառնային: Նա փորձում է զարգացնել այն թեզը, թե ադրբեջանցիների Ղարաբաղ վերադառնալը կարող էր տեղի ունենալ միայն ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումից հետո: Հենց այստեղ է հարցը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելու հետ կապված խնդրի էությունը, որովհետև մինչև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ըստ էության պետք է լուծեր Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության ապահովման իրավական և գործնական հարցերը, որոնք վերաբերում են մասնավորապես ԼՂ-ում իշխանության մարմինների գործունեությանը: Ըստ այդմ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն այլոց շարքում պետք է լուծեր նաև ԼՂ իշխանությունների կառուցվածքի և գործունեության սկզբունքների հարցը, որտեղ անխուսափելիորեն պետք է սահմանվեին նաև ադրբեջանական քվոտաներ՝ ԼՂ օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում: Սերժ Սարգսյանը ասում է՝ մենք հո ֆաշիստ չե՞նք, որ ասենք՝ օրինակ ԼՂ օրենսդիր մարմնում միայն հայեր պետք է լինեն: Իհարկե, ֆաշիստ չենք: Բայց պիտի արձանագրենք, որ այստեղ սկզբունքային է, թե ԼՂ օրենսդիր մարմնի քանի՞ տոկոսը պիտի լիներ ադրբեջանցի, նույնը վերաբերվում է գործադիր, դատական, ՏԻՄ մարմիններին: Եթե ադրբեջանցիները ԼՂ իշխանության բոլոր օղակներում ունեն քվոտաներ, նրանք այդ քվոտաները զբաղեցնելու հնարավորություն պետք է ունենան: Պիտի ունենան նաև ԼՂ-ում բնակվելու իրավունք: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեի ժամկետները առնվազն չէին լինելու մոտակա, այս ամենը նշանակելու էր ԼՂ ժողովրդագրական կազմի փոփոխություն՝ ասենք առաջիկա 50-100 տարվա ընթացքում: Իսկ ինչի՞ վրա է հիմնվում պնդումը, թե ՄԱԿ-ի ԱԽ-ն ԼՂ իշխանություններում ադրբեջանցիների ներգրավման քվոտա էր սահմանելու: Պարզ տրամաբանության. Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք փաստաթղթում գրված է, որ մինչև վերջնական կարգավիճակի հաստատումը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի լիարժեք կենսագործունեությունը: Իսկ թե դա ինչպե՞ս պետք է տեղի ունենա, որոշելու է ՄԱԿ-ի ԱԽ-ն համանախագահող երկրների, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, Ադրբեջանի և Հայաստանի հետ խորհրդակցելու արդյունքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ձևավորած առաջարկների հիման վրա: Եթե առաջին փաստաթղթի ձևակերպումով ամեն ինչ ավարտվեր, կարող էինք արձանագրել, որ գործելու է ԼՂ-ում առկա ստատուս քվոն: Բայց եթե այդ նախադասությունը բավարար չէ և խնդրի լուծումը ՄԱԿ-ի ԱԽ-ն է տալու, ուրեմն լինելու է ստատուս քվոյի փոփոխություն: Իսկ այդ փոփոխությունը ադրբեջանցիների լիարժեք ներգրավվածությունն է ԼՂ կյանքին: Ու այստեղ է, որ սկզբունքային կարևորություն է ստանում ԼՂ բնակչության ազգային կազմի հարցը: Սերժ Սարգսյանը ասում է, որ հանրաքվեի մանրամասների հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր պետք է լուծվեին Հռչակագրի (բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի) ստորագրումից հետո, Հայաստան-Ադրբեջան միջկառավարական համաձայնագրի բանակցություններին, որին պետք է մասնակցեին ԼՂ ներկայացուցիչներ: Նա չի ասում, որ որպես ԼՂ ներկայացուցիչներ բանակցություններին մասնակցելու էին ոչ միայն ԼՂՀ իշխանությունների, այլև ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ: Այս նպատակով է Ադրբեջանում ստեղծվել «ԼՂ ադրբեջանական համայնք» անունով կազմակերպությունը: Ասում է բանակցային փաթեթներում ադրբեջանցիների ԼՂ վերադառնալու մասին ակնարկ չկա: Եթե ասվում է, որ ԼՂ բնակչություն ասելով պետք է հասկանալ նաև ԼՂ ադրբեջանցիներին, ինչպես կարող է սա «ակնարկ» չպարունակել այն մասին, որ բնակիչը պետք է ապրի բնակավայրում: Կամ ԼՂ ադրբեջանական համայնքը ինչի՞ համար էր գալու բանակցություններին մասնակցելու. իհարկե, Շուշիի և այլ բնակավայրերի հարց բարձրացնելու: Իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը պնդում է նաև, թե ԼՂ բնակչության ազգային համամասնությունների հարցը բանակցային փաստաթղթերից երբեք չի անհետացել: Ճիշտ չի ասում, որովհետև Կազանի փաստաթղթում կա նման հստակ ձևակերպում, իսկ 2016-ի փաստաթղթերում չկա: 2022թ. հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը ակնարկում է, թե 2016-ի բանակցային թղթերում կա հղում ԵԱՀԿ դեպոզիտարիա հանձնված կազանյան փաստաթղթին ու դա բավարար է այս հարցի համատեքստում: Եթե այդպես է, ինչու՞ է ինքը 2016-ին միջնորդներին նամակ գրել, պնդելով, թե կենսական է ազգային համամասնությունների դրույթը հստակ արձանագրել Հռչակագրի նախագծում: Թող նման հարց չբարձրացներ և բավարարվեր դեպոզիտարիա հանձնված փասթաթղթի վրա հղումով: Սերժ Սարգսյանը պնդում է, թե այսպես կոչված լավրովյան պլան չի եղել և այս անունը կպցրել են այսօրվա իշխանությունները: Այստեղ էլ անկեղծ չէ, որովհետև դեռևս 2016 թվականի օգոստոսին միջնորդներին իր հղած նամակում Սարգսյանը գրել է. «ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից ներկայացված վերջին գաղափարներին»: Նույն տեքստում ավելի ուշ Սարգսյանը օգտագործում է «Լավրովի գաղափարների իրականացումը» բառակապակցությունը: Այսինքն՝ «Լավրովի պլան» արտահայտության համահեղինակ է առնվազն. «Լավրովի գաղափարներ»-«Լավրովի պլան». երկու արտահայտությունների միջև գտեք էական տարբերություններ: Այսինքն՝ «Լավրովի պլան» արտահայտությունը ստեղծել են իր իշխանության օրոք: Սերժ Սարգսյանը անլուրջ է համարում այն պնդումը, թե Հայաստանը և Ադրբեջանը 1991 թվականի՝ «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Մինչդեռ, այդ համաձայնագիրը 1992 թվականի փետրվարի 18-ին վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից և ՀՀ օրենսդրության անբաժանելի մաս է: Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված այդ փաստաթղթում ասվում է. «Պայմանավորվող Բարձր կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և (Անկախ պետությունների) համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»: Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են ԽՍՀՄ փլուզման պահին իրենց միջև գոյություն ունեցած սահմանները: Սերժ Սարգսյանն ասում է, թե 2016-ի առաջարկները հայկական կողմի կարմիր գծերը չեն հատել: Սա այն պարագան է, որ դրվագը կարելի է վերնագրել «Սերժ Սարգսյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի», որովհետև 2016 թվականին միջնորդներին ուղղված մի փաստաթղթերում Սերժ Սարգսյանը այդ առաջարկներին տվել է բացասական գնահատական: Ի դեպ, Սարգսյանը հարցազրույցում այս նրբությունն էլ ճիշտ չի ներկայացնում, ասելով, թե 2016թ. առաջարկներին Հայաստանը ոչ դրական է արձագանքել, ոչ բացասական: Այդ առաջարկները Հայաստանի կողմից գնահատվել են որպես անընդունելի՝ փորձելով բանակցային թղթերում վերականգնել «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը: Եթե հենվենք 2021, 2022 թվականներին Սերժ Սարգսյանի կողմից ծավալվող այն տրամաբանության վրա, թե համանախագահների ասածներին հակադրվելը բերում է վատ հետևանքների, պիտի ուրեմն արձանագրենք, որ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը բանակցային փաթեթներում վերականգնելու փորձերն են հանգեցնել նրան, որ 2018 թվականի հունվարի 18-ին, Կրակովում համանախագահները արել են երկու առաջարկ. վերադարձնել «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը և ամրագրել Քելբաջարի շրջանի միջանկյալ հանձնման, այսինքն՝ ԵԱՀԿ մոնիտորինգի տակ թողնելու գաղափարը: Այս առաջարկությունից երեք ամիս անց, 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է. ա) «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»: բ) «Այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»: Նման արձագանքի պատճառը մեկն է. «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը վերականգնել չի հաջողվել, Քելբաջարի միջանկյալ հանձնման գաղափար է ի հայտ եկել (որի մոդիֆիկացված տարբերակը գոյություն է ունեցել նաև Մադրիդյան սկզբունքներում), որը այլևս դարձել է բանակցային ժառանգություն: և ի դեպ, 2019 թվականին համանախագահները ոչ մի նոր բանակցային թուղթ չեն ներկայացրել կողմերին, այլ ներկայացրել են 2016-ի օգոստոսի փաստաթղթի մոդիֆիկացիան: 2019-ի թղթում նույնպես արտահայտված չէ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը, բայց արձանագրված է Քելբաջարի ու Լաչինի միջանկյալ հանձնման դրույթը: Ի դեպ, 2019-ին ներկայացված փաստաթուղթը սկսվում է «Մենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական հանրապետության նախագահներս» արտահայտությամբ: 2019 թվականի դրությամբ Հայաստանի նախագահը վաղուց արդեն բանակցող չէր և համանախագահները չէին կարող նոր փաստաթուղթ կազմելիս մոռանալ այս նրբության մասին: Հին փաստաթղթի վրա արվել են նշումներ, ենթադրաբար՝ հիմք ընդունելով նաև բանավոր խոսակցությունները: Այդ բանավոր խոսակցություններից մեկի մասին կարող ենք պատկերացում կազմել Սերժ Սարգսյանի 2016 թվականի աշնանը «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված մի հարցազրույցից, որտեղ նա ասում է (մեջբերում). «Մենք մի քանի անգամ մոտ էինք ստորագրելու փաստաթուղթը, որտեղ բոլոր այդ սկզբունքները հստակ արտացոլված էին։ Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք ներկայումս զբաղեցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, որ դրանք օկուպացված են՝ անվանում են բռնազավթված, ադրբեջանական 7 շրջանները։ Թողնում ենք տարածքները, հեռանում: Այսինքն դա տարածքային ամբողջականության սկզբունք է: Բայց առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Այնուհետև գրված էր՝ ով է մասնակցելու, ինչպիսի օրակարգ է և ամենը: Լրագրող – Այսինքն հանրաքվե: Սերժ Սարգսյան - Այո հանրաքվե: Հենց դա եղել է ինքնորոշման սկզբունքի մարմնավորումը, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում»։ (մեջբերման ավարտ) Ի դեպ, Հայաստանի կառավարությունը 2019-ին և երբեք չի համաձայնվել տվյալ փաթեթը ընդունել որպես բանակցությունների հիմք: ՀՀ ներկայացուցիչները 2018-ից հետո քննարկել են Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը հաղթահարելու հնարավորությունները: Տվյալ համատեքստում պետք է նշել, որ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը և ընդհանրապես «միջանկյալ կարգավիճակ» հասկացությունը 2016 թվականի աշնան դրությամբ կորցրել է իր երբեմնի նշանակությունը, որովհետև այն թե ինչ է դա նշանակում պիտի այլևս որոշեր ՄԱԿ-ի ԱԽ-ն: Կարգավիճակի հարցը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից ՄԱԿ տեղափոխելը Ադրբեջանի վաղեմի ցանկությունն էր: Բանակցային իր ժառանգության մասին խոսելիս Սերժ Սարգսյանը պատմում է՝ հարցը այսպես պետք է կարգավորվեր, այնպես պետք է կարգավորվեր: Է շատ լավ, թող կարգավորվեր: Ինչու՞ «կառուցողական բանակցող» Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ հարցի կարգավորման չի հասել: Եթե 2016-ի թղթերը ընդունելի էին, ինչու՞ չի ստորագրել: Նա ասում է, որ 2018 թվականին ԱԺ ամբիոնից իր հնչեցված մտքերը, որ մեջբերված են սույն տեքստի 8-րդ կետում, կոնտեքստից կտրված են: 2018 թվականի ապրիլի 17-ի հայտարարությունները ազատ շրջանառվում են համացանցում, ամբողջական հարցուպատասխանները առկա են. որևէ բան կոնտեքստից կտրված չէ: Կոնտեքստից կտրված չէ նաև 2016 թվականի աշնան հարցազրույցը, որը կրկին մեջբերված է 8-րդ կետում: Ուզում են տպավորություն ստեղծել, թե Սերժ Սարգսյանը պատրաստվում էր կարգավորման փաստաթուղթ ստորագրել 2018 թվականին վարչապետ դառնալուց հետո: 2017 թվականի հուլիսի 16-ին էլ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասում է. «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, և դա հասկանալի դառավ բոլորին։ (…) Ադրբեջանի դիրքորոշումն էլ է պարզ․ նա ասում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն՝ ԼՂ-ն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է և այդպիսին պետք է շարունակի մնալ»։ Այսինքն՝ սա՞ էր պատրաստվում ստորագրել 2018 թվականին ՀՀ վարչապետ դառնալուց հետո, թե պատրաստվում էր բավարարել Ադրբեջանի անընդունելի ակնկալինքերը: 2022 թվականի հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը զարմանում է. իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի կարծիքները կարգավորման հարցում կամ Մադրիդյան սկզբունքների մեկնաբանության հարցում պետք է համընկնեին: Կներեք, բայց տրամաբանությունն է ասում, որովհետև բանակցությունների նպատակը, եթե ուզում ես հարցը կարգավորել, մի այնպիսի թուղթ ստանալն է, որի տակ երկու կողմերը կհամաձայնվեն ստորագրել: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ԼՂ հարցի կարգավորման մի փաստաթուղթ էր պատրաստվում ստորագրել, Իլհամ Ալիևը ուրի՞շ: Մինչև իր հրաժարականի օրը՝ 2018 թվականի ապրիլի 23-ը, Սերժ Սարգսյանը ոչ մի ազդակ չի տվել, թե ինքը պատրաստվում է ԼՂ հարցի կարգավորման թուղթ ստորագրել: Նրա բոլոր ազդակները եղել են բանակցությունների փակուղային վիճակի մասին: Տես վերը բերված երեք հրապարակային հայտարարությունները: Բանակցային գործընթացում 1992-2018թթ. ի հայտ եկած անբարենպաստ փաստերի մասին խոսակցությունը Սերժ Սարգսյանը համարում է պրոադրբեջանական խոսակցություն: Իսկ գործող իշխանության մեղքը ո՞րն է, որ այդ իրողությունները կան: Թե՞ կոնկրետ իրողությունները չնկատելն է ճիշտ մոտեցումը: Հենց իրողությունները չնկատելու քաղաքականությունն է, որ դիսոնանս է ստեղծել հանրային ընկալումների, բանակցային գործընթացի և 30-ամյա զրկանքների միջև: Այդ հանգամանքների հետ առերեսումը չի նշանակում հրաժարում Արցախի իրավունքներից, այդ հանգամանքների հետ առերեսումը նշանակում է խնդրի ճիշտ ախտորոշում և հետևաբար արդյունավետ դեղատոմսերի փնտրտուք: Մի հարցում Սերժ Սարգսյանի ասածի հետ, իհարկե, համաձայն ենք: ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեք վերականգնելու հնարավորություններ կան, և քաղաքական մեծամասնության քաղաքականությունը հենց սա է: Այս համատեքստում քաղաքական մեծամասնություն չի մերժել, չի մերժում և չի մերժելու որևէ առաջարկի, գաղափարի, պլանի քննարկում»:  
12:06 - 06 փետրվարի, 2022
Առաջարկվում է ընդլայնել զինծառայողի զոհվելու դեպքում հատուցում ստացող շահառուների ցանկը

Առաջարկվում է ընդլայնել զինծառայողի զոհվելու դեպքում հատուցում ստացող շահառուների ցանկը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:Հեղինակն առաջարկում է ամրագրել, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված այն զինծառայողների, որոնք չունեն ծնողներ, կին կամ զավակներ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նախատեսված ֆինանսական հատուցումը հավասարաչափ պետք է բաշխվի զինծառայողի հարազատ եղբոր և քրոջ միջև: Եթե կան եղբայրներ կամ քույրեր, այս դեպքում նույնպես հատուցումը պետք է տեղի ունենա հավասարաչափ: Հատուցում է նախատեսված նաև այն անձի համար, որը զոհված զինծառայողի հետ համատեղ ունի զավակ: Համատեղ զավակ ունեցող, սակայն ամուսնալուծված կինը չի կարող համարվել շահառու:Կառավարության ներկայացրած որոշ առաջարկներ հեղինակն ընդունել է:Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
16:50 - 03 փետրվարի, 2022
Բողոքի ցույց՝ Բերդաշենում․ ՔՊ-ականները հրաժարվում են  համայնքապետարանի փաստաթղթերը հանձնել Ամասիայի նորընտիր համայնքապետին |factor.am|

Բողոքի ցույց՝ Բերդաշենում․ ՔՊ-ականները հրաժարվում են համայնքապետարանի փաստաթղթերը հանձնել Ամասիայի նորընտիր համայնքապետին |factor.am|

factor.am: Շիրակի մարզի Արփի համայնքի նախկին վարչական կենտրոնում՝ Բերդաշենում, այս պահին բողոքի ցույց է տեղի ունենում։ ՔՊ-ականներն ու նրանց համակիրները պահանջում են նոր ընտրություններ։ Նրանք դիմել են  նաև դատարան և հրաժարվում են համայնքապետարանի փաստաթղթերը հանձնել Ամասիայի նորընտիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանի ներկայացուցիչներին։ «Մենք չենք թողնի փաստաթղթերը հանձնեն, Արփիում ՔՊ-ն 90 տոկոսով ձայն տարավ, ինչի՞ պիտի փաստաթղթղերը հանձնենք։ Մենք ո՛չ մարզպետ ունենք, ո՛չ էլ դեպուտատ, էն ժամանակ, երբ որ ձայն էր պետք, նույն մարզպետը, նույն դեպուտատը կաղաչեին մեզ։ Էսօր մենք են մեր տերը։ Ջեմմա Հարությունյանը չի մոտենալու շենքին ու վերջ»,- ասսում էին բողոքավորները։ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանը, որը Արփիի նախկին համայնքապետն էր, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի հանձնել փաստաթղթերը, քանի որ Արփի համայնքի բնակչությունը թույլ չի տալիս։ Նա նաև նշեց, որ ընդունող-հանձնող հանձաժողովի ներկայացուցիչները եկել են Արփի՝ առանց Ջեմմա Հարությունյանի։ «Նրանք ներս են մտել, մենք ասինք՝ ժողովրդի պահանջն է, չենք հանձնում թղթերը,  90 տոկոսը մեր օգտին է քվեարկել։ Թողեցին, հեռացան»,-ասաց Մերգել Ղարիբյանը։
15:43 - 03 փետրվարի, 2022