Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Կիրականացվեն ծրագրեր՝ Արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների զբաղվածության ապահովման համար

Կիրականացվեն ծրագրեր՝ Արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների զբաղվածության ապահովման համար

Տեխնոլոգիական ոլորտում աշխատանք փնտրող մասնագետների և գործատուների միջև ծանոթության և համագործակցության հաստատման նպատակով՝ այսօր մեկնարկել է «HRmeetUp. հանդիպենք աշխատանքային վերելքի համար» խորագրով միջոցառումը, որին մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) տնօրեն Ամալյա Եղոյանը։ Միջոցառման ընթացքում ստորագրվել է համագործակցության հուշագիր՝  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԳՏՏԿ-ի միջև, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ ծրագրեր՝ ուղղված 2020 թվականի արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների մասնագիտական ուսուցմանն ու վերապատրաստմանն, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը և կայուն զբաղվածության ապահովմանը։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։  «Նախարարության համար առաջնային է մեր հայրենակիցների, և մասնավորապես՝ պատերազմի մասնակիցների կայուն զբաղվածության ապահովումն, այդ նպատակով ակտիվ համագործակցում ենք մի շարք ընկերությունների հետ, որպեսզի համատեղ ջանքերն ուղղենք վերջիններիս մասնագիտական ուսուցմանն ու աշխատանքով ապահովմանը։ Այս համատեքստում կարևորում եմ նաև այս հուշագրի կնքումը, որը հնարավորություն կտա ծրագրավորման դասընթացները հաջողությամբ ավարտած անձանց ներգրավել զբաղվածության ծրագրերում և աջակցել աշխատանք գտնելու հարցում»,-նշել է նախարարը։ ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը ևս շեշտել է համագործակցության կարևորությունն՝ ընդգծելով, որ հուշագիրը հնարավորություն կտա ստեղծել հարթակ պատերազմի մասնակիցների և գործատուների միջև կապ հաստատելու համար։ Անդրադառնալով «HRmeetUp. հանդիպենք աշխատանքային վերելքի համար» միջոցառմանը՝ վերջինս նշել է, որ կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ բուհերի նորավարտ երիտասարդները տարբեր տեխնոընկերություններում աշխատանքի անցնելիս ոչ միայն վերապատրաստման կարիք են ունենում, այլև երբեմն ոչ լիարժեք պատկերացում են ունենում աշխատանքի ընդունվելու գործընթացի մասին․ «Լինում են դեպքեր, երբ աշխատանք փնտրողի ակնկալիքները չեն համապատասխանում գործատուի պահանջներին: Սա ի նկատի ունենալով՝ մենք հրավիրել ենք տեխնոլոգիական ոլորտի մարդկային ռեսուրների կառավարիչներին, որոնք հարցազրույցներ են վարում աշխատանքի ընդունվողների հետ, որպեսզի անձամբ ներկայացնեն տեխնոլոգիական ոլորտում աշխատանք գտնելու բոլորը փուլերը։ Սա մասնակիցներին հնարավորություն կտա դառնալ ավելի պատրաստված, ճիշտ ռեալիզացնել հմտությունները»։ Հուշագրի կնքումից հետո տեխնոոլորտի մասնագետները միջոցառման մասնակիցներին ներկայացրել են ցանկալի աշխատանք գտնելու եղանակները, մանրամասնել անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։ 
22:56 - 15 հոկտեմբերի, 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է հավատարիմ մնա իր անվանը. Նարեկ Մկրտչյան |armenpress.am|

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է հավատարիմ մնա իր անվանը. Նարեկ Մկրտչյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկզբունք է որդեգրել՝ ուշադրություն դարձնել զբաղվածության ծրագրերին և փորձել դրանցով սահմանել զարգացման ուղենիշեր։ Գերատեսչության նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանը, ով մինչ նախարար նշանակվելը մի քանի ամիս փոխնախարարի պարտականություններն է կատարել, ընդգծեց, որ այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ ոլորտում առկա մարտահրավերներին։ «Բավական ժամանակ եմ ունեցել ծանոթանալու ոլորտի մի շարք խնդիրներին և արդեն կարող եմ նախանշել դրանց լուծումները։ Մեր մարտահրավերներից մեկն այս պահին Միասնական սոցիալական ծառայության կայացումն է։ Ապրիլին ստեղծվել է նոր մարմին, որն իր մեջ ներառում է 4 ծառայություն՝ բժշկասոցիալական փորձաքննության, սոցիալական աջակցության, սոցիալական ապահովության, աշխատանքի և զբաղվածության։ Մեզ համար շատ կարևոր է այդ կառույցի կայացումը, որը հանրապետության ամենատարբեր քաղաքներում տարածքային այդ կենտրոնները դարձնում է համայնքների կարևոր կենդանի օրգանիզմներ։ Բնական է, որ յուրաքանչյուր նոր ռեֆորմ իր հետ բերում է մի շարք մարտահրավերներ, խնդիրներ, որոնց համար պետք է հարիր պատասխաններ մշակվեն, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- նշեց Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի խոսքով՝ սոցիալական ոլորտին առնչվող մի շարք զգայուն ու խոցելի ճյուղեր կան, որոնք համապատասխան անդրադարձ ու մոտեցում են պահանջում։ Մատնանշելով համակարգի դրական կողմերը՝ նորանշանակ նախարարը շեշտեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ ծանրագույն ժամանակաշրջանում, իրենց կառույցը ստանձնել է մի կարևոր դերակատարություն՝ մշակել ծրագրեր, որոնք հնարավորինս թույլ կտան հաղթահարել հետպատերազմյան ներքին ճգնաժամը։ Շարունակությունը՝ armenpress.am-ում։
09:18 - 16 սեպտեմբերի, 2021
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոնի բացման արարողությանը

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոնի բացման արարողությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ այսօր այցելել է Հացիկ համայնք, ներկա գտնվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ֆինանսավորմամբ Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոնի (ԵԸԾ) բացմանը:   ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի ուղեկցությամբ նախարարը և մարզպետը շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու նախատեսվող ծառայություններին։   Նարեկ Մկրտչյանը ողջունել է Հացիկում նման կենտրոն հիմնելու նախաձեռնությունը, հաջող ընթացք մաղթել կենտրոնի գործունեությանն ու նշել, որ նախարարությունը մեծ տեղ է հատկացնում համայնքահեն ծառայությունների միջոցով սոցիալական խնդիրներին լուծում տալու մոտեցմանը։   Նախարարի խոսքով՝ հանրապետության տարբեր համայնքներում նման կենտրոնների առկայությունն ու սոցիալական աշխատողների հետ համագործակցությունն էականորեն կբարելավեն նմանօրինակ ծառայությունների կարիք ունեցող շահառուների կյանքի որակը։   Անդրադառնալով մարզպետարան-հիմնադրամ-համայնքապետարան եռակողմ հուշագրի ստորագրմամբ Հացիկ համայնքում հանրապետությունում 1-ին ԵԸԾ կենտրոնի բացմանը՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այն համարել է շարունակվող արդյունավետ համագործակցության խոսուն ապացույց:  
22:21 - 10 սեպտեմբերի, 2021
Կառավարության նախագծով կփոխատուցվեն սոցիալական բնակֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ ծախսերը

Կառավարության նախագծով կփոխատուցվեն սոցիալական բնակֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ ծախսերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նախագիծ, որով առաջարկում է ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին իրենց սպառած գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց վարձավճարների փոխհատուցում տրամադրել։ Այս մասին տեղեկանում ենք e-draft` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։  Նախագծի ընդունումը նպատակ ունի մեղմել սոցիալական տներում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական անապահով վիճակը։ Որոշման նախագծի ընդունման արդյունքում կոմունալ ծառայությունների դիմաց փոխհատուցում կստանա սոցիալական տներում բնակվող 90 միայնակ կենսաթոշակառու, ինչը, ըստ կառավարության հիմնավորման, էապես կմեղմի նրանց սոցիալական վիճակը, մասամբ կբարելավի նաև կյանքի որակը։ Շահառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալը 2022 թվականի համար յուրաքանչյուր կենսաթոշակառուի հաշվարկով ամսական 12․000 դրամ։
14:58 - 09 սեպտեմբերի, 2021
Կառավարությունը ծնելիությունն ու բազմազավակությունը խթանող ծրագիրը կներդնի հունվարի 1-ից

Կառավարությունը ծնելիությունն ու բազմազավակությունը խթանող ծրագիրը կներդնի հունվարի 1-ից

Կառավարությունը նախատեսում է 2022 թվականի հունվարի 1-ից ներդնել ծնելիությունն ու բազմազավակությունը խթանող հաջորդ ծրագիրը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: «Ծրագրի շահառու դառնալու հիմնական պայմանն է լինելու 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի ծնունդը։ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծնվելուց հետո կառավարությունը ամսական կտրվածքով կհատկացնի 50 հազար դրամ՝ մինչև երեխայի 6 տարեկանը։ Մասնավորապես, եթե առնվազն 2 երեխա ունեցող ընտանիքում 2022 թ-ից հետո կծնվի մեկից ավել երեխա, ապա շահառու ընտանիքն ամսական կստանա 50 հազարական դրամ՝ ամեն նոր ծնված երեխայի համար»,- գրել է Խաչատրյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը արձանագրել է, որ կառավարության՝ ծնելիությունը խթանող ծրագրերը դրականորեն են ազդում ծնելիության ցուցանիշի վրա։ «2014 թվականից ի վեր ծնելիության պարբերաբար անկում գրանցող ցուցանիշն առաջին անգամ աճ գրանցեց 2020 թվականին, իսկ 2021թ-ի 1-ին կիսամյակի ծնունդների բացարձակ թիվն աճեց 1.413-ով կամ շուրջ 9 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Վերջին ժամանակաշրջանի գրանցած աճի տեմպերի պահպանումը, ըստ էության, կարող է շոշափելի ազդեցություն թողնել Հայաստանի դեմոգրաֆիկական պատկերի վրա»,- գրել է Խաչատրյանը:
21:38 - 19 օգոստոսի, 2021
Մարդու սոցիալական պաշտպանության լավագույն ձևն արժանապատիվ աշխատանքն է. վարչապետը ներկայացրել է ԱՍՀ նորանշանակ նախարարին

Մարդու սոցիալական պաշտպանության լավագույն ձևն արժանապատիվ աշխատանքն է. վարչապետը ներկայացրել է ԱՍՀ նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս գործընթացը ֆորմալ է, որովհետև արդեն բավականին երկար ժամանակ Նարեկ Մկրտչյանը դե-ֆակտո այդպիսի կարգավիճակում է գտնվում՝ զբաղեցնելով նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Վարչապետը շնորհավորել է Նարեկ Մկրտչյանին և մաղթել հաջողություններ պատասխանատու աշխատանքում: «Նաև ուզում եմ մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել, որ, այսպես ասած, անցումային և վակուումային շրջանում ապահովել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բնականոն աշխատանքը: Մենք, համենայնդեպս՝ ես որևէ ահազանգ չեմ ստացել, որ այդտեղ  համակարգային խնդիրներ են առաջացել, և դա շատ բարձր եմ գնահատում: Նախարարությունը շատ կարևոր առաքելություն ունի: Ուզում եմ երկու հարցի վրա շեշտադրում անել: Առաջինը՝ դեռևս նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկը վերաբերում էր հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների սոցիալական աջակցությանը, որպեսզի նրանք հնարավորինս վերադառնան բնականոն կյանքի: Խոսքը վերաբերում է, այդ թվում՝ պրոթեզավորման գործընթացին: Իհարկե, հաշմանդամություն ստացած զինծառայողների, զոհվածների հարազատների, ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների որոշակի համակարգ ձևավորված է: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գործում է, որը նախարարության տիրույթից մի փոքր դուրս է: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս ոլորտում էլ կառավարությունն ունի որոշակի անելիքներ: Շատ կարևոր եմ համարում, որ հիմնադրամի շահառուների շրջանակից դուրս գտնվող երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող, բայց պատերազմով անցած մեր զինծառայողները զգան մեր աջակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Այս հանգրվանային իրավիճակում ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա՝ նախարարությունը կոչվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ընդ որում՝ դա նորություն չէ, շատ վաղուցվանից է այդպես կոչվում: Եվ այդ անվանումը պահպանելով մենք դրել ենք որոշակի փիլիսոփայություն: Գիտեք՝ իմ համոզմունքն  այն է, որ մարդու սոցիալական պաշտպանությունն ապահովելու լավագույն ձևն արժանապատիվ աշխատանքն է: Այսինքն՝ մարդը լավագույնս սոցիալապես պաշտպանված է, երբ ունի պատշաճ աշխատանք: Եվ հենց սա պետք է լինի մեր նպատակադրման ուղղությունը: Իհարկե, մենք ունենք որոշակի խմբեր, մասնավորապես, կենսաթոշակառուների և այլն: Բայց ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ կենսաթոշակի փիլիսոփայությունը նույնպես հենված է աշխատանքի տրամաբանության վրա: Հետևաբար, ինչպես նախկինում հայեցակարգային-գաղափարական մակարդակում ընդգծել ենք, հիմա առավել ևս ուզում եմ ընդգծել, որ սոցիալական իրադրության, իրավիճակի փոփոխության մեր ընկալումը պետք է լինի քաղաքացիների համար աշխատանքի պատշաճ պայմաններ ստեղծելը: Ընդ որում՝ ես ուզում եմ էլի մեր ուշադրությունը հրավիրել, որ արդեն 21-րդ դարում աշխատունակություն հասկացությունն էլ իր սահմանները որոշակի փոխել է: Որովհետև այսօր ի հայտ են եկել այնպիսի մասնագիտություններ, այնպիսի հնարավորություններ, որ հենց այսօր Հայաստանի Հանրապետությունում շատ ծանր հաշմանդամության վիճակ ունեցող մարդիկ կարող են ունենալ լավ վարձատրվող աշխատանք»: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ  աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին խիստ պատասխանատու և զգայուն ոլորտի կառավարումը իրեն վստահելու համար: Մկրտչյանը նշել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում հնարավորություն են ունեցել թիմային ամենօրյա աշխատանքի շնորհիվ վեր հանել մի շարք խնդիրներ և մարտահրավերներ: Նորանշանակ նախարարը վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չի խնայելու՝ գտնելու ծառացած խնդիրների լուծումները, որոնք,իր ընկալմամբ, ունեն ինչպես կարճաժամկետ և միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածք: «Մի շարք բարեփոխումներ արդեն իսկ ընթացքի մեջ են և մենք շարունակում ենք ամեն ինչ անել, որպեսզի դրանք հասնեն իրենց տրամաբանական ավարտին: Ինչ վերաբերում է հաշմանդամների պրոթեզավորման գործընթացին, ապա այն պատշաճ կերպով իրականացվում է: Այժմ հասել ենք վերջնական, ավարտական փուլին, և մեկնարկել է վերին վերջույթներն ամպուտացված զինվորների պրոթեզավորման գործընթացը: Կարող ենք արձանագրել, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի համար առաջին անգամ նման բարձր տեխնոլոգիաներով գերժամանակակից պրոթեզավորման գործընթաց է տեղի ունենում Հայաստանում: Բայց մենք դրան զուգահեռ նաև հաշմանդամություն ունեցող այլ անձանց համար էլ նոր աջակցող միջոցների ձեռքբերման և նոր հմտություններ ու գիտելիքներ տրամադրելու գործընթաց ենք սկսել: Հենց այս պահին էլ մեր միջազգային փորձագետներն ավելի քան 70 մասնագետների վերապատրաստում են նոր գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանին ներկայացնելու ուղղությամբ»,- ասել է Նարեկ Մկրտչյանը: Ըստ աղբյուրի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախարարության սերտ համագործակցությունն Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի հետ: Վարչապետի խոսքով՝ քաղաքական որոշումները սաղմնային մակարդակից պետք է քննարկվեն խորհրդարանական գործընկերների հետ, որովհետև ի վերջո ամենակարևոր որոշումները հասնում են Ազգային ժողով: «Պետք է այս հարցում շատ սկզբունքային լինել, ընդ որում՝ սա վերաբերում է բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին, որպեսզի, այսպես ասած, միջգերատեսչական որևէ խզում մենք չունենանք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իրականացնել նախորդ երեք տարիների սոցիալական ծրագրերի գնահատում՝ արդյունավետությունը վերլուծելու և դրանք լավարկելու կամ փոփոխությունների ենթարկելու համար:
19:19 - 03 օգոստոսի, 2021
Պատերազմում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոն» աջակցող միջոցի օգնությամբ

Պատերազմում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոն» աջակցող միջոցի օգնությամբ

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոն» աջակցող միջոցի օգնությամբ․ նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: «Էկզոսկելետոնը» ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժումն ապահովելու նորագույն աջակցող միջոցներից է, որը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության վերականգնմանը, հնարավորություն կտա ինքնուրույն քայլել։ Այն կլինի առավել արդյունավետ, եթե հենաշարժողական խնդրի ի հայտ գալուց հետո երկարատև ժամանակ չի անցել. այս դեպքում վերականգնման հավանականությունն առավել մեծ է: Հավատարիմ մնալով սահմանած առաջնահերթություններին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ քայլ է կատարում հայրենիքի պաշտպանության համար առողջությունը վտանգած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց կյանքի որակի բարելավման համար։ Աջակցող միջոցի ձեռքբերումը նպատակ ունի բարձրացնել զինծառայողների կարիքին համապատասխան ծառայությունների մատուցման որակը։ Աջակցող միջոցն այս փուլում կտրամադրվի վերականգնողական կենտրոններից մեկին՝ զինծառայողների լիարժեք վերականգնումն ապահովելու նպատակով: Գրանցած արդյունքների ուսումնասիրությունից հետո կդիտարկվի նաև անհատական օգտագործման տրամադրելու հնարավորությունը:
16:57 - 29 հուլիսի, 2021
Ընտանեկան և սոցիալական նպաստը, ինչպես նաև հրատապ օգնությունն այսուհետ հնարավոր կլինի ստանալ նաև անկանխիկ

Ընտանեկան և սոցիալական նպաստը, ինչպես նաև հրատապ օգնությունն այսուհետ հնարավոր կլինի ստանալ նաև անկանխիկ

2021 թվականի հուլիսի 1-ից ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիները հնարավորություն ունեն ընտանեկան և սոցիալական նպաստը, ինչպես նաև՝ հրատապ օգնությունը, ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով՝ իրենց ցանկությամբ, այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Նպաստը կամ հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն,  ներկայացնի գրավոր դիմում՝ ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, իսկ հաշիվը բացվի դիմողի անունով:  Ի դեպ, քաղաքացին իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու տարածքային կենտրոն` նպաստը կամ հրատապ օգնությունը ստանալու եղանակը կամ բանկը փոխելու համար:
11:34 - 20 հուլիսի, 2021
Արցախցիները հունիսի համար ևս կստանան 68-հազարական դրամ |armenpress.am|

Արցախցիները հունիսի համար ևս կստանան 68-հազարական դրամ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, որի նպատակն է 44-օրյա պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովելը հունիս ամսվա համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ կառավարության 2021 թվականի  փետրվարի 12-ի որոշմամբ հաստատվել է Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը։ Միջոցառման շրջանակում դրամական օգնությունները շահառուներին արդեն իսկ վճարվել են մարտ-մայիս ամիսների համար։ «Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով ՀՀ 2021 թվականի պետական բյուջեից միջոցներ են հատկացվում խնդրո առարկա միջոցառման շրջանակում շահառուներին վերջին՝ հունիս ամսվա, իսկ դրամական օգնության իրավունքը առաջին անգամ հունիս ամսին ձեռք բերած անձանց՝ նաև նախորդ ամիսների դրամական օգնությունը տրամադրելու համար»,- ասաց Նարեկ Մկրտչյանը՝ ավելացնելով, որ խոսքը 68-հազարական դրամի մասին է: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ պահանջվող գումարը կազմում է 7 մլրդ 744 մլն դրամ, որից պետական բյուջեից հատկացվող գումարը կազմում 5 մլրդ 864 մլն դրամ, իսկ պահուստային ֆոնդից պահանջվող գումարը՝ 2 մլրդ 200 մլն է, մնացած 3 մլրդ 684 մլն դրամը կտրվի նախարարության միջոցով իրականացվող միջոցառումների հաշվին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է Արցախում կամաց-կամաց աջակցության ծրագրերից անցում կատարել զարգացման ծրագրերին, տնտեսության ակտիվությունը խթանող ծրագրերին:  Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ միայն սոցիալական բլոկով կառավարությունը ծախսել է 61,8 մլրդ դրամ, որը հասնելու է 80 մլրդ դրամի: «Արցախցիներին բնակարաններով ապահովելու համար «Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ պետք է մոբիլիզացնենք 104 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ երեք տարվա կտրվածքով կառավարության ծախսը կկազմի 52 մլրդ դրամ»,- ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը:
14:08 - 15 հուլիսի, 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարողն ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի տնօրենին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարողն ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի տնօրենին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերին:    Բարձր գնահատելով միջազգային փորձագիտական աշխատանքների դերը սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է GIZ կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված և նախատեսվող ծրագրերը։ Վերջինս ընդգծել է՝ որոշ դեպքերում փորձի փոխանակումն ու փորձագիտական աշխատանքները կարող են առավել օգտակար և արդյունավետ լինել, քան որևէ այլ աջակցություն․   «Որքան պրոֆեսիոնալ ու կայացած լինի Միասնական սոցիալական ծառայության համակարգը, այնքան ավելի մատչելի ու արդյունավետ կլինեն պետական ծրագրերն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։ Ուստի, Միասնական սոցիալական ծառայության 5-ամյա ռազմավարության մշակման գործում կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև GIZ-ի փորձագիտական աջակցությունը»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։  
17:24 - 13 հուլիսի, 2021
Երևանում, Գյումրիում, Վանաձորում կենսաթոշակները, խնամքի նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով |armenpress.am|

Երևանում, Գյումրիում, Վանաձորում կենսաթոշակները, խնամքի նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով |armenpress.am|

armenpress.am: Երևանում, Գյումրիում, Վանաձորում հուլիսի 1-ից շահառուները կենսաթոշակները, խնամքի նպաստները կստանան բացառապես անկանխիկ եղանակով: Օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, և կենսաթոշակները, խնամքի նպաստներն անկանխիկ ստանալը կլինի պարտադիր նշված քաղաքներում որոշ խմբի շահառուների համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշեց, որ խոսքը մինչև 75 տարեկան շահառուների մասին է, որոնք չունեն 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն:  «Փոփոխության համաձայն, Երևանում, Գյումրիում, Վանաձորում նշված խմբի շահառուներն այլևս չեն կարող ընտրել թոշակի, նպաստի վճարման եղանակը՝ կանխիկ, թե անկանխիկ: Վճարումը լինելու է բացառապես անկանխիկ: Շահառուները կարող են ընտրել միայն վճարող կազմակերպությունը: Այն կարող է լինել որևէ բանկ: Բանկերին հուլիսի 1-ից միանում է նաև «Հայփոստը»,-ասաց Անահիտ Գալստյանը: Այս փոփոխությունն առնչվում է շուրջ 56 հազար շահառուի, որոնք մինչև հուլիսի 1-ը պետք է դիմեն նախարարության սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ դիմում գրելու համար: Անահիտ Գալստյանը նշեց, որ քաղաքացին կարող է դիմել ցանկացած տարածքային բաժին: Օրինակ, եթե գրանցված է Գյումրիում, սակայն ապրում է Երևանում, ապա կարող է դիմել մայրաքաղաքի տարածքային բաժիններ: Եթե ամեն դեպքում քաղաքացին ինչ-ինչ պատճառներով չի իմացել, չի հասցրել դիմել, ապա համակարգն իր փոխարեն կընտրի թոշակ վճարող կազմակերպությունը: Անահիտ Գալստյանն ընդգծեց, որ այստեղ նույնպես անհանգստանալու խնդիր չկա, քաղաքացին հետագայում կարող է իր ցանկությամբ փոխել վճարող կազմակերպությունը՝ բանկը,  ընտրել այն, ինչ ցանկանում է: «Ամեն դեպքում, որպեսզի խնդիրներ չլինեն, ամսվա սկզբին քաղաքացին չիմանա, թե որ բանկն է իր կենսաթոշակը վճարելու, սկսվեն տեղատարափ զանգերը նախարարություն, թեպետ մենք դրան պատրաստ ենք, հետևաբար, հորդորում ենք մեր քաղաքացիներին անպայման դիմել տարածքային բաժիններ և դիմում գրել: Որևէ բարդ գործընթաց չկա, դիմումի ձևն էլ պատրաստ է, մնում է միայն բանկի անունը լրացնել կամ «Հայփոստը» նշել, եթե դա են ընտրում»,-Անահիտ Գալստյանը: Հանրապետությունում թոշակի, նպաստի անկանխիկ վճարման համակարգի ներդրումը կատարվելու է փուլային եղանակով: Հետագայում այս մոտեցումը կիրառվելու է այլ քաղաքներում, համայնքներում ևս: Ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում կենսաթոշակների, նպաստների վճարումն ամբողջությամբ անկանխիկ կատարելու դեպքում պետությունը կխնայի 1 մլրդ 300 մլն դրամ: Քաղաքացիներն էլ ստիպված չեն լինի հերթեր կանգնել, թոշակը կամ նպաստը տուն բերող փոստատարի այցին սպասել: Բանկից ավելի հեշտացված տարբերակով կարող են ստանալ իրենց թոշակներն ու նպաստները: 
13:37 - 18 հունիսի, 2021
Անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած փաստաթղթի մասին

Անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած փաստաթղթի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություննը հայտարարություն է տարածել անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած փաստաթղթի մասին, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ Կառավարության որոշմամբ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ամսական 300,000 դրամ աջակցության «Կամուրջ» ծրագրի շահառուների տվյալները հրապարակված են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքում`անհայտ կորածների անվանական ցանկով։ Հետևաբար, փաստաթուղթը հանրամատչելի է և որևէ գաղտնիություն չի պարունակում։ «Կամուրջ» ծրագիրն իրականացվում է նախորդ տարվա դեկտեմբերից, և այդ պահի դրությամբ՝ անհայտ կորած զինծառայողների հարազատներն սկսել են ստանալ աջակցություն՝ մինչև վերջնական շահառու դառնալու որոշման կայացումը։ Այնուհետ՝ աճյունների գտնվելուց և նույնականացվելուց հետո, շահառուներն ստացել են զոհված անձի համար նախատեսված աջակցությունն, իսկ մյուսների վերջնական շահառու դառնալու հարցը կորոշվի սահմանված կարգով։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս գտնվել և նույնականացվել է շուրջ 700 աճյուն, հետևաբար, տարածվող` անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը»։ Նշենք, որ ավելի վաղ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել էր փաստաթուղթ, որին կից գրել էր. «Անհայտ կորածների թիվը 1064 է, այս ստահակը ԱԺ-ում հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է, hիմա սրան ի՞նչ ասես»:
09:44 - 17 հունիսի, 2021
Հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով

Հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով

2021 թ․ հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում խնամքի նպաստը ևս կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի՝ Հայփոստի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Բացառություն կկազմեն հետևյալ խմբերում ընդգրկված շահառուները՝    – 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ծնողը, ում նշանակված խնամքի նպաստը վճարվելու է իր ընտրությամբ՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով.    – լիազորագրով խնամքի նպաստ ստացողները, որոնց նպաստը կվճարվի բացառապես  կանխիկ եղանակով:     Այսպիսով՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կանխիկ եղանակով ստացող և բացառությունների խմբում չներառված քաղաքացիները, պետք է՝ • կա՛մ մինչև 2021թ․ հունիսի 30-ը դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ ընտրելով անկանխիկ եղանակով խնամքի նպաստը վճարող կազմակերպություն (որևէ բանկ կամ Հայփոստ)։ Ընդ որում, եթե անձը որպես նպաստը վճարող կազմակերպություն ընտրի Հայփոստն, ապա դիմումին կից պետք է ներկայացնի նաև Հայփոստի հետ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքած լինելու վերաբերյալ հավաստող տեղեկանքը (այն տրամադրվում է Հայփոստի կողմից)։ Բանկ ընտրելու դեպքում, քաղաքացին լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ • կա՛մ մինչև 2021 թվականի հունիսի 21-ը դիմեն բանկ կամ Հայփոստ: Այս դեպքում, հուլիս ամսվա նպաստի վճարման ցուցակները ձևավորելու համար բանկը կամ Հայփոստը նպաստի վճարման եղանակը փոխելու դիմումն իրեն ներկայացրած քաղաքացիների տվյալները կտրամադրի Միասնական սոցիալական ծառայությանը։ Եթե խնամքի նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացին մինչև 2021թ․ հունիսի 30-ը չդիմի վճարման եղանակը փոխելու համար, ապա Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում հուլիս ամսվա խնամքի նպաստի վճարումը կկատարվի ծրագրային մոդուլի կիրառմամբ, որի արդյունքում ինքնաշխատ եղանակով կընտրվի որևէ վճարող կազմակերպություն։ 3 աշխատանքային օրվա ընթացքում ընտրված կազմակերպության մասին քաղաքացին կտեղեկանա հետադարձ կապի միջոցով՝ բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ստանալով։
13:18 - 15 հունիսի, 2021